Friday, April 6, 2018

Ո՞ւմ ծրագիրն էր իրականացնում Ռ. Քոչարյանը

Երբեմն խոսուն փաստերի «մերկ» ներկայացումն ավելի համոզիչ է, քան դրանք մեկնաբանություններով օժտելը։ Ստորեւ մի քանի փաստաթղթեր են ղարաբաղյան կարգավորման խնդրում «Մեղրիի տարբերակի» մասին՝ նվազագույն ծանոթություններով։
ա) Ադրբեջանի հետ սահման ունենալը շատ վաղուց եղել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերխնդիրը։ Այդ նպատակով նա ժամանակին հինգ անգամ մեծ տարածք զիջեց Իրանին՝ ձեռք բերելով հողի մի փոքրիկ լեզվակ՝ Նախիջեւանի հետ ընդհանուր սահման ունենալու համար։ Բայց չկարողացավ լուծել բուն Ադրբեջանի հետ կապի հարցը։ Հենց այստեղ, Թուրքիայում էլ ծնվեց Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու ծրագիրը։
Ահա Ռուբեն Տեր-Մինասյանի վկայությունը։
1918 թ.
«ՀՅԴ առաջնորդներից Ռուբենը (Տեր-Մինասյան) գրում է. «Արամը, իր նախկին ընկեր` հաղթական Խալիլ փաշայից, որը եկել էր Երևան, պահանջում էր սահմանների ընդարձակում և ապրելու հնարարավորություն: Խալիլ փաշան սկզբունքորեն չէր մերժում Հայաստանի հողերի ընդարձակման պահանջը: Նա կանխավ առաջարկում էր, որ հայերը դատարկեն Զանգեզուրի Մեղրիգավառակը, որպեսզի իրենք անմիջապես կապվեն Բաքվի հետ: Դրա փոխարեն պատրաստ էր Ադրբեջանի հաշվին ընդարձակել Հայաստանի սահմանները դեպի Ջևանշիր ու Վարանդա»: (Տե՛ս
բ) Տասնամյակներ անց, 1990-ականներին, առաջին իսկ հարմար թվացող պահին Թուրքիան կրկին փորձեց շրջանառության մեջ դնել եւ լուծել Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու նույն խնդիրը։

Ստորեւ  հետազոտող Սուրեն Սարգսյանի՝ Վաշինգթոնի արխիվներում հայտնաբերած գաղտնազերծված փաստաթուղթը.
28.04.1992 թ.
 «Գաղտնի սղագրություն 1992 թ։ Թուրքիայի նախագահ Օզալը Ջ․Բուշին համոզում է Արցախը փոխանակել Մեղրիով։
Նախագահ Օզալը՝ Ջորջ Բուշին. «Հիմա անդրադառնամ Լեռնային Ղարաբաղին։ Մի գաղափար ունեմ։ ԼՂ-ն 80% բնակեցված է հայերով և 20% ադրբեջանցիներով։ Նրանք կարող են տարածքների փոխանակում իրականացնել։ ԼՂ-ն կարող է հանձնվել Հայաստանին, փոխարենը Ադրբեջանը տարածք ստանա Հայաստանից, որը կմիացնի Ադրբեջանի երկու տարածքները (նկատի է առնվում Ադրբեջանն ու Նախիջևանը): Ստալինը այստեղ սահմաններ է գծել և այդ հատվածը տվել էր հայերին՝ նրանց սիրաշահելու համար։»
Պետքարտուղար Ջեյմս Բեյքեր. «Ի՞նչ պետք է տեղի ունենա փոխանակվող տարածքի հայկական բնակչության հետ։»
Նախագահ Օզալ. «Մոտ 50.000 մարդ է, որոնք պետք է տեղահանվեն։ Հակառակ պարագայում այս պատերազմը երբեք չի ավարտվի։ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Հայաստանն էլ լավ հարաբերությունների կարիք ունի Թուրքիայի հետ։ Բացի դրանից այլ պատճառ էլ կա, թե ինչու է պետք այդպես անել։ Կենտրոնական Ասիայի պետությունները կարիք ունեն դուրս գալու դեպի Եվրոպա։ Նոր ռուսական իշխանությունները ցանկանում են լինել Ցարական Ռուսաստանի պես։ Նրանք ցանկանում են, որ բոլոր ճանապարհները գնան դեպի Մոսկվա։ Կոմունիստների ժամանակ ամբողջ արտադրանքը գնում էր Մոսկվա։ Այս պետություններին կարող է վտանգ սպառնալ։ Բոլոր խողովակաշարերը գնում են Ռուսաստան կամ Ռուսաստանի տարածքով են անցնում։ Նույնիսկ հիմա թուրքմենական գազը գնում է Ռուսաստանի միջով։ Դրա համար էլ իրենք այժմ ուղիներ են փնտրում Թեհրանի կամ Թուրքիայի միջոցով։ Իմ պլանի օգնությամբ մենք կարող ենք այդ խողովակաշարը Ադրբեջանի միջոցով միացնել Թուրքիային և տանել Եվրոպա։ Այս պետությունները կարիք ունեն դուրս գալու դեպի Եվրոպա ոչ Ռուսաստանի տարածքով։ Այլ տարբերակ է Աֆղանստանով, Պակիստանով, այնուհետ՝ Հնդկական օվկիանոսով։ Կարևոր է, որ այս պետությունները անկախ դառնան Ռուսաստանից՝ ենթակառուցվածքների զարգացման միջոցով»։
Պետքարտուղար Բեյքեր. «Դա այն է, ինչ մենք հիմա արդեն անում ենք։ Բոլորը, բացի տաջիկներից, դրան համաձայն են։ Կարծում եք՝ նրանք զգուշանում են Իրանի՞ց։»
Նախագահ Օզալ. «Չեմ կարծում։ Տաջիկները սունի են, խնդիր չի առաջանա։ Բայց այստեղ կարևորը Ադրբեջանն է։ Նրանք միջանցքի կարիք ունեն, և Ադրբեջանը կարող է դա տրամադրել։ Սա նաև Հայաստանին է ձեռնտու»։
Պետքարտուղար Բեյքեր. «Արդյո՞ք ադրբեջանցիները համաձայն կլինեն դրան։ Խնդրում եմ մեզ տեղեկացնեք։ Մենք կցանկանանք տեղյակ լինել։ Բացի դա, մենք որոշ դեմոգրաֆիկ ուսումնասիրություններ կանենք» (քաղված), որտեղ նաեւ փաստաթղթի բնօրինակի պատճենն է)։
գ) Ծրագիրը նույն՝ 1992 թվականին փորձ արվեց շրջանառության մեջ դնել ամերիկացի փորձագետ-վերլուծաբան Փ. Գոբլի անունով, ինչը, հանդիպելով Հայաստանի իշխանության կոշտ հակազդեցությանը, մոռացության տրվեց։ Այն վերակենդանացավ 1998 թ. Հայաստանում պետական հեղաշրջմամբ կատարված իշխանափոխությունից հետո, Ռ. Քոչարյանի նախաձեռնությամբ։
Ստորեւ՝ քաղվածքներ Մեղրիի հարցով Քոչարյան-Ալիեւ բանակցային խոհանոցին քաջատեղյակ, պաշտոնաթող ամերիկյան դիվանագետ Ֆիլիպ Ռեմլերի՝ 2016 թ. հրապարակած «Կովկասին շղթայված. Խաղաղարար գործընթացը Լեռնային Ղարաբաղում 1987-2012թթ» (Chained to the Caucasus: Peacemaking in Karabakh 1987-2012) աշխատությունից:
1999 թ.
«Հարկ է նշել այն հանգամանքը, որ բանակցությունները շատ ինտենսիվ էին... Քոչարյանն ու Ալիևն արդյունքում մշակեցին բոլորովին նոր լուծում, որն ամբողջությամբ տարբեր էր ԵԱՀԿ նախկինում մշակած բոլոր առաջարկներից: Լուրջ փոխզիջումներ՝ հիմնված լայն տարածքային փոխանակման վրա. Հայաստանը ստանում էր ամբողջական տիրապետություն Ղարաբաղի վրա, ներառյալ Լաչինի միջանցքը, որի դիմաց Արդբեջանի ամբողջական տիրապետության տակ էր անցնում Հայաստանի ամենահարավային շրջանը` Մեղրին, որը Հայաստանը կապում է Իրանի հետ, և որը պետք է դառնար կապող միջանցք Ադրբեջանի և Նախիջևանի միջև...»:
«Սադարակում կայացած չորրորդ հանդիպումից հետո Ալիևն ու Քոչարյանը նախաձեռնեցին ասուլիս, որտեղ երկուսն էլ ակնարկեցին, որ բավականին մոտ են լուծմանը...»։
«Տարածքների փոխանակման ծրագրի աշխարհաքաղաքական հնարավոր հետևանքներն ահռելի էին: Մեղրին ոչ միայն ընկած է Ադրբեջանի և Նախիջևանի միջև, նաև ձևավորում է Հայաստանի ընդհանուր սահմանն Իրանի հետ: Սահման, որը ծրագրի իրականացման պարագայում Հայաստանը կորցնելու էր»:
«Այս հարցերից շատերը դեռ լուծում չէին ստացել Սադարակի հանդիպմանը: Ալիևն իր մոտ հրավիրեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սթենլի Էսկուդերոյին և բացահայտեց իր և Քոչարյանի համատեղ մշակած ծրագիրը: Սա նորություն էր Միացյալ Նահանգների համար։ Ալիևը խնդրեց դեսպանին Մինսկի խմբի անունից այդ բանավոր համաձայնության հիման վրա պատրաստել գրավոր նախագիծ, որն ավարտուն տեսքի կբերեն ինքը և Քոչարյանը: Նա խնդրեց, որ դա արվի անհապաղ»։
«... Չնայած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ և Մինսկի խմբի համանախագահող Սթրոբ Թելբոթը դիտարկում էր Մինսկի գործընթացը` որպես հնարավորություն համագործակցելու Ռուսաստանի հետ, ամերիկյան կողմը, խախտելով նախադեպը, տեղյակ չպահեց համանախագահողներին: Գործելով միակողմանիորեն, ամերիկյան կողմը շտապ սկսեց գրավոր փաստաթղթի պատրաստումը: Սա դեռ չավարտած` Թելբոթը և ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն մեկնեցին Բաքու (հոկտեմբերի 26-ին) և Երևան (հոկտեմբերի 27-ին)` փորձելով վերամշակել Քոչարյան-Ալիև համաձայնությունը: Այդուհանդերձ, Թելբոթը ստիպված էր արագ մեկնել Թբիլիսի հոկտեմբերի 27-ին` զբաղվելու մեկ այլ ճգնաժամով: Մեկնելով Երևանից` ամերիկացիները համոզված էին, որ հակամարտության կարգավորումը վերջապես շատ մոտ է:
Մինչ Թելբոթի ինքնաթիռը դեռ օդում էր, Սադարակի հանդիպումից 16 օր անց, Նաիրի Հունանյան անունով մեկը` չորս ուղեկցողների հետ միասին զինված ներխուժեց Հայաստանի խորհրդարան և սպանեց 8 պաշտոնյայի, նրանց թվում` վարչապետ Վազգեն Սարգսյանին և ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին» (տե՛ս):
* * *
Թերեւս, գիտակցելով քայլի ակնհայտ դավաճանական էությունը, ավելի ուշ, Քոչարյանը եւ նրա գործակից Վ. Օսկանյանը, ի հեճուկս բազմաթիվ փաստերի, փաստաթղթերի եւ տեղեկացված մարդկանց վկայությունների, ամեն կերպ փորձել են հերքել Մեղրիի գործարքը։
«Մեղրիի տարբերակի» քաղաքական տարողությանը իրենց բնույթով համեմատելի են եւս երկու խնդիր՝ անմիջապես կապված Ռ. Քոչարյանի (ու նրա արտգործնախարար Օսկանյանի) անվան եւ գործունեության հետ, որոնք, ի տարբերություն առաջինի, իրականացվել են.
ա) Լեռնային Ղարաբաղին՝ որպես հակամարտության կողմի, միջազգայնորեն ճանաչված մանդատից զրկումը.
բ) Թուրքիային այն հիմքի մատուցումը, որի վրա անխուսափելիորեն պետք է հարուցվեր եւ քաղաքացիություն ստանար Հայոց ցեղասպանության հարցով հայ եւ թուրք պատմաբանների տխրահռչակ հանձնաժողովի խնդիրը։
Սպասենք գաղտնազերծվող նոր փաստաթղթերի, որոնք կբացահայտեն նաեւ այս ծրագրերի ծննդավայրերը, հեղինակներին եւ շահառուներին
։

Ո՞վ է իրականում Առաջին հանրապետության հիմնադիրը

Հոբելյանական տարեթվերը լավագույն առիթն են տվյալ իրադարձություններին կրկին անդրադառնալու, գնահատելու համար։ Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի առիթով առանձնացվում ու շատ է հոլովվում այդ շրջանի դերակատարներից մեկի՝ Արամ Մանուկյանի անունը։ Նրան է շնորհվում Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակի «կազմակերպչի», «Առաջին հանրապետության հիմնադրի», ընդհուպ՝ «Հայաստանի հիմնադրի» պատիվը։ Որպես այդպիսին՝ նրա արձանն են պատրաստվում տեղադրել Երեւանում։
Պատմական իրադարձություններում անհատների դերը խիստ կարեւոր է։ Սակայն ինչպես այդ դերի, ցանկացած նկատառումով, չափազանցումը, այնպես էլ հանիրավի նսեմացումը նշանակում է իրական պատմության կեղծում՝ հավասարապես վտանգավոր տվյալ ժողովրդի, նրա ներկայի ու ապագայի համար։
1918-1920 թթ. իրադարձությունները խորհրդահայ պատմագրությունը շարադրել է վերեւից իջեցված կոմունիստական գաղափարախոսական կաղապարների շրջանակներում։ Այսինքն՝ այն հնարավորինս հեռու է իրականությունից՝ մասնավորապես հենց անհատների դերի նսեմացման առումով։ Հայ պատմագրության մյուս՝ «սփյուռքյան» ճյուղն առաջնորդվել է մեկ այլ՝ «հայդատական» գաղափարախոսության սահմանած կաղապարներով եւ նույն կերպ՝ այս անգամ հակառակ ուղղությամբ է հեռացել իրականությունից։ Երկու դեպքում էլ եղել են, սակայն, պատմաբաններ, որոնք չեն տրվել կամ հնարավորինս չեն տրվել քաղաքական, գաղափարախոսական նկատառումների եւ առավել օբյեկտիվ են ներկայացրել ժամանակաշրջանը։ Եւ հատկապես այն դեպքերում, երբ ուսումնասիրման թեման եղել է նեղ բնագավառային։
Ժամանակին այդպիսի բարձրարժեք մի գործ է ստեղծել պատմաբան եւ զինվորական գործիչ Աշոտ Հարությունյանը (Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918թ. եւ ինքնապաշտպանական կռիվները, Երեւան, 1984, 355 էջ)։
Վերնագիրն արդեն հուշում է, որ այն վերաբերում է ռազմական գործողությունների պատմությանը։ Նման մի գործ կարող էր գրել «մաքուր» պատմաբանը։ Այն անպայման թերի կլիներ հեղինակի՝ ռազմական գործից հեռու լինելու հանգամանքով։ Նման մի գործ կարող էր նախաձեռնել նաեւ «մաքուր» զինվորականը։ Այն անպայման թերի կլիներ հեղինակի՝ պատմաբան գիտնական չլինելու հանգամանքով։ Լավագույնը կլիներ, եթե նույն անձի մեջ մեկտեղվեին գիտնական պատմաբանն ու զինվորական գործի մասնագետը։ Աշոտ Հարությունյանն այս երկուսի մեկտեղումն է՝ մասնագետ պատմաբան (պատմական գիտությունների դոկտոր) եւ բարձրաստիճան կադրային զինվորական (գնդապետ, 1941 թվականից պատերազմի մասնակից, մինչեւ 1963 թվականը գործող զինվորական, գնդի կոմիսար, դիվիզիայի քաղբաժնի պետ)։ Սրան գումարվում է եւս մի բարենպաստ հանգամանք. ավելի քան երեք տասնամյակ նա վարել է Հայաստանի ազգային արխիվի տնօրենի պաշտոնը։
 Բնականաբար, նրա վերոհիշյալ ուսումնասիրության կենտրոնական իրադարձություններից մեկը Սարդարապատի (նաեւ Ապարանի եւ Ղարաքիլիսայի) ճակատամարտերն են՝ նախորդ ամիսների ռազմական իրադարձությունների, նախապատրաստությունների ամենաբծախնդիր եւ մանրամասն նկարագրությամբ։
Աղբյուրների ամենաբծախնդիր ուսումնասիրությամբ նա ամենայն մանրամասնությամբ պարզել ու վերականգնել է թուրքական ինտերվենցիայի շրջանի կազմակերպական աշխատանքների բոլոր մանրամասներն ու դետալները. տեղակայումների ու տեղաշարժերի, ամենափոքր ջոկատից  սկսած՝ զորամիավորումների, նրանց սպառազինության, հրամանատարների, ռազմական գործողությունների նախապատրաստությունների, դրանց ընթացքի ողջ պատկերը։ Եւ ոչ միայն հայկական, այլ նաեւ հակառակորդի։ Եւ այս ամենն այդ շրջանի քաղաքական իրադարձությունների միջազգային եւ տարածաշրջանային անցուդարձի իմացությամբ ու դրանց հետ կապակցված։
Պատմաբան-ռազմագետը, արխիվային գործի մասնագետը ամենահավաստի փաստաթղթերի հիման վրա մանրակրկիտ ներկայացրել է Սարդարապատի ճակատամարտն՝ իր նախապատմությամբ։ Ընդ որում, դա արել է էականորեն դուրս գալով խորհրդային պատմագրությանը թելադրված շրջանակներից։
Հետազոտության արդյունքն այսպիսին է։ Թուրքական ինտերվենցիային դիմակայել է հայկական կանոնավոր բանակը «Հայկական կորպուս» անունով, որը կազմավորվել  էր հայկական կամավորական զորամասերի, ռուսական այլ զորամասերից բերված հայ զինվորների եւ սպաների բազայի վրա դեռ 1917 թ. վերջին՝ գեներալ Նազարբեկովի ընդհանուր հրամանատարությամբ։ Բոլոր զորաշարժերը, ճակատամարտերը նախապես ծրագրված են եղել Կորպուսի հրամանատարության կողմից։ Դեպի Երեւան շարժվող թուրքական զորքերի ընթացքը կասեցնելու գործը Նազարբեկովը հանձնարարել է գեներալ Սիլիկովին։ Գեներալ Սիլիկովն է՝ որպես ռազմական օպերացիա մշակել եւ իրականացրել թուրքական զորքերի ջախջախումը Սարդարապատի տակ։ Նրա հրամանատարությամբ նախապատրաստական եւ ճակատամարտի ընթացքում հիշատակված են տարբեր զինվորական կոչումներ ունեցող շուրջ երկու տասնյակ հրամանատարներ։ Ճակատամարտին նույն սպաների հրամանատարության տակ կռել են նաեւ աշխարհազորային խմբեր, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի փոխել ճակատամարտի՝ որպես ռազմական գործողություն լինելու բնույթը։
Սարդարապատի ճակատամարտի, որպես ռազմական իրադարձության դերակատարներ հիշատակվող ավելի քան երկու տասնյակ անունների շարքում չկա Արամ Մանուկյանի անունը։
Հայտնի է, որ Արամ Մանուկյանը Թիֆլիսի Հայ ազգային խորհրդի կողմից մի քանի ամիս առաջ գործուղվել էր Երեւան՝ որպես լիազոր ներկայացուցիչ։ 1918 թ. մարտին «Երեւանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել էր դիկտատոր»։ Գուցե նա շատ կարեւոր գործ է արել թիկունքային, մատակարարման, այլ ասպարեզում։ Սակայն որքան էլ մեծ լիներ այլ բնագավառում նրա կատարած աշխատանքը, ոչ մի կերպ չի կարող Սարդարապատի նախապատրաստումը եւ հաղթանակը նրան վերագրվել, ինչպես փորձ է արվում անել այս օրերին։ Եթե այդ հաղթանակը պետք է անձնավորել, ապա այստեղ Աշոտ Հարությունյանի գնահատականը որպես հիմք անշրջանցելի է. «Սարդարապատի ճակատամարտի կազմակերպիչը եղել է Հայկական 2-րդ դիվիզիայի հրամանատար գեներալ Սիլիկովը, գրեթե ամեն ինչ կատարվել է նրա հրամանով» (էջ 182)։
 Հիմա գանք Առաջին հանրապետության «հիմնադիր» լինելու հարցին։ Այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է։
Իրողությունները հետեւյալն են.
1918 թ. մայիսի 28-ին (իրականում՝ 30-ին) Թիֆլիսում գործող Հայ ազգային խորհուրդը, Վրաստանի եւ Ադրբեջանի անկախությունների հռչակումից հետո, հայտարարում է «իր իշխանությունը հայկական գավառների» վրա։
1918 թ. հուլիսի 24-ին կազմվել է Հայաստանի հանրապետության առաջին կառավարությունը՝ Հովհաննես Քաջազնունու վարչապետությամբ եւ հինգ նախարարներով։ Արամ Մանուկյանն այդ հինգ նախարարներից մեկն էր՝ ղեկավարում էր ներքին գործերը։ Պաշտոնավարել է 6 ամիս եւ մահացել 1919 թ. հունվարին։
Այսինքն, եթե անձնավորելու լինենք Առաջին հանրապետության հիմնադրումը, ապա այդ պատիվն արժանիորեն պետք է վերագրվի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունուն, բայց ոչ նրան ենթակա հինգ նախարարներից որեւէ մեկին։ Ուստիեւ՝ օբյեկտիվ լինելու դեպքում, Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ ավելի ճիշտ կլիներ տեղադրել Հովհաննես Քաջազնունու արձանը։
Մեր նպատակը չէր որեւէ կերպ նսեմացնել Արամ Մանուկյանի պատմական դերակատարությունը, այլ կանխել նրա դերի անհարկի չափազանցումը, ինչը պատմական կեղծիք լինելով, շատ ավելի մեծ վնաս կարող է բերել հենց նույն Արամ Մանուկյանին։


Thursday, March 15, 2018

Հարութ Սասունյանի անբարո բիզնեսը


 «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը, չարախնդալով հայ-թուրքական արձանագրությունների՝ իր բնորոշմամբ՝ «խայտառակ ջախջախման» առիթով, հարկ է համարում մի քանի «դասեր տալ» «Հայաստանի ղեկավարությանը» (ոչ միայն այսօրվա, այլև՝ ընդհանրապես)։ Մեծահոգաբար վերջինիս իրավասությանը թողնելով «Հայաստանի սահմաններում ապրողներին վերաբերող ներքին խնդիրները» (երեւի՝ գազ, ջուր, հոսանք, տրանսպորտ...)՝ մնացած դեպքերում պահանջում է.
«...նախքան նախաձեռնություններ սկսելը, որոնք ազդում են համայն հայության շահերի վրա, նրանք պետք է լուրջ խորհրդակցություններ անցկացնեն, որպեսզի համոզվեն, որ Հայաստանի և Սփյուռքի հայերի մեծամասնությունը համակարծիք է նրանց որոշումներին»՝՝
մասնավորապես առանձնցնելով երեք խնդիր.
Հայոց ցեղասպանությունը,
Հայաստանի տարածքային պահանջները Թուրքիայից,
Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորումը։
Այսինքն թե՝ Հայաստանը այս հարցերի հետ կապված որեւէ քայլ կատարելիս պետք է ունենա Սփյուռքի «դաբրոն»։ Ընթերցողն անմիջապես պետք է հասկանա, որ այս ամենի հիմքում «ազգային միասնության» գաղափարն է եւ «բուռն հայրենասիրությունը»։
Այս առիթով՝ մի քանի արձանագրումներ եւ հռետորական հարցեր:
Այդպես էլ չիմացանք, թե ինպե՞ս, ի՞նչ մեխանիզմով, ի՞նչ մարմին է ներկայացնում ողջ հայկական Սփյուռքը։ Որպես կանոն՝ նման միտք արտահայտողները նկատի են ունենում անձամբ իրենց, առնվազն՝ նաեւ իրենց։ Այդպես էլ՝ Հարութ Սասունյանը։ Հիշեցնենք, իմիջիայլոց, նման շատ ավելի հին մի «դաս». 1918-1920թթ., Առաջին հանրապետության գործիչների խոստովանությամբ՝ աղետներ բերած արկածախնդրական քայլերը կատարվել են հենց «ազգային միասնության» հիմքով եւ Սփյուռքի «հայրենասիրական» ճնշումներին տեղի տալով։
Ասենք, որ Հայաստանի՝ որպես անկախ պետության, եւ նրանից (որպես ազգային կազմավորումներ) մի մակարդակ ցածր հայկական համայնքների փոխհարաբերությունների եւ իրավունքների մասին 1990 թվականից ի վեր գրվել է բազմիցս, մանրակրկիտ, մանրամասն, հանրամատչելի, հասկանալի։ 
Երեք տասնամյակ շարունակ բացատրվել է, որ, օրինակ, հիշյալ երեք հարցի այս կամ այն կերպ լուծումը անմիջական հետեւանքներ է ենթադրում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր բնակչի համար՝ սկսած նյութականից մինչեւ ապահովության, անվտանգության, ճակատագրի, կյանքի խնդիրներ։ Մինչդեռ այդ երեք հարցերի այս կամ այն կերպ արծարծումը կամ լուծումը մազաչափ անգամ չի ազդելու Կալիֆոռնիայում ապրող Հարութ Սասունյանի եւ Հայաստանից դուրս աշխարհի որեւէ կետում ապրող որեւէ հարութսասունյանի վրա։
Ուստիեւ՝ որեւէ երկրում (այդ թվում եւ Հայաստանում) ապրող այդ երկրի (այդ թվում՝ Հայաստանի) քաղաքացին է ՄԻԱՅՆ, որ իրավասու է իր ճակատագրին առնչվող ցանկացած հարցում երկրի ղեկավարությանը որեւէ պահանջ ներկայացնել։ Մարդ անհարմար է զգում հիշեցնել այս տարրական քաղաքական գիտելիքը։
Իսկ գուցե Սփյուռքը մինչեւ հիմա, հանդես գալով որպես կազմակերպական մի ամբողջություն, հավասարապես կիսե՞լ է Հայաստանի քաղաքացուն բաժին հասած դժվարությունները՝ պատերազմը, էներգետիկ ճգնաժամը, սոցիալական ծանր վիճակը, եւ, դրանով իսկ, Հայաստանի իշխանության նկատմամբ նման պահանջներ դնելու գեթ բարոյական իրավո՞ւնք է ստացել (նույնիսկ նման դեպքում որեւէ ազգի սփյուռք նման իրավունք չպիտի ունենա մայր երկրի ու նրա քաղաքացու նկատմամբ)։
Դիտարկենք դա վերջին եւ ամենաթարմ օրինակի՝ Ղարաբաղի հիմնահարցի վրա։
Հայաստանի ժողովուրդը ամբողջ չորս տարի, նախ՝ դրվագային, ապա՝ լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշվեց հանուն Լեռնային Ղարաբաղի։ Պատերազմի մասնակիցների քանակը 30 հազարից շատ ավելին է։ Զոհերի թիվը՝ շուրջ 6000։ Այդ ժամանակ Սփյուռքի հայությունը գնահատվում էր երկու անգամ ավելի, քան կար Հայաստանում։ Բեռը համամասնորեն կիսած լինելու դեպքում պատերազմի կամավոր մասնակից 30 հազարից 20 հազարը պետք է լիներ Սփյուռքից։ Վազգեն Սարգսյանը պատերազմի ողջ ընթացքում գրպանում սրբորեն պահում էր Սփյուռքից Ղարաբաղում կամավոր կռվելու եկածների 12 հոգանոց ցուցակը... Այս ֆոնին մյուս հարցերից խոսելը պարզապես անիմաստ է դառնում։
Չենք մեղադրում ոչ մեկին, եւ չենք մեղադրել։
Չի՞ հասկանում Հարութ Սասունյանը, որ, մեղմ ասած, անպարկեշտություն է Կալիֆոռնիայում կամ աշխարհի ապահով մի այլ  վայրում նստած՝ Հայաստանի, նրա քաղաքացու կյանքի, անվտանգության  ճակատագրի որոշման հարցերում իրեն իրավունքներ վերապահել։ Չի՞ հասկանում, որ նման հարցադրումներով վիրավորում է Հայաստանը՝ որպես պետություն, ու նրա քաղաքացուն։
Չենք կարծում, թե չի հասկանում. թերթի խմբագիր է, թվում է՝ գրագետ մարդ։
Ո՞րն է, ուրեմն, բացատրությունը։
Աշխարհում կան բիզնեսի տեսակներ, որոնք արգելված են, դրանցով զբաղվելը քրեորեն պատժելի է։ Պատժելի է, եթե դրանք խախտում են մարդու իրավունքները կամ վնաս հասցնում հասարակական բարոյականությանը։ Այդ շարքում չկա կեղծ քաղաքական կատեգորիաների շահարկմամբ եւ կեղծ հայրենասիրության վրա արվող բիզնեսը, որը, սակայն, ոչ թե առանձին մարդկանց կամ մարդկանց խմբերի, այլ ամբողջ մի ժողովրդի համար կարող է ճակատագրական լինել, ուստիեւ՝ իր վնասակարությամբ եւ արգահատելիությամբ գերազանցում է բոլորին։ Չի արգելված՝ Հարութ Սասունյանն էլ զբաղվում է։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ղարաբաղյան կարգավորմանը եւ որեւէ այլ հարցի, ապա, կրկնենք, դրանց առիթով «Հայաստանի ղեկավարության» առջեւ խնդիրներ կարող է դնել կամ պահանջներ ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։
Աշոտ Սարգսյան

Sunday, March 11, 2018

Նիկոյանը ստախոս չէ, շատ ավելին է

Մարտի 1-ի խորհրդարանական լսումներին պաթոսով եւ հուզաթաթավ մի ելույթ ունեցավ նաեւ ժամանակին այս հարցով կազմված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ս. Նիկոյանը։ Խոսեց խղճից ու զգացմունքներից ու... կրկնեց նույն ստերը, ու շատ ավելին, ինչպիսի ստերով ու կեղծիքներով ժամանակին կազմել էր տխրահռչակ 150 էջանոց զեկույցը։ Հիշեցնենք՝ վերջինս այլ բան չէր, քան ստով, կեղծիքով ու ամենաանհեթեթ, ծիծաղելի բացատրություններով մեղքը ընդդիմության վրա բարդելը։ 

Տեսնելով, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային ասպարեզում լիակատար իշխող է դառնում հակառակ՝ իրականությանը համապատասխանող տեսակետը՝ խայտառակ այս փաստաթուղթը հանվեց ԱԺ կայքից (ո՞ր օրենքի ո՞ր կետի համաձայն), ինչի շուրջ մամուլում աղմուկ բարձրացավ։ Հիմա ասում է՝ գնացեք կարդացեք զեկույցը։
Բայց դա մի կողմ։
Ասում է՝ այն ժամանակ ԱԺ հանձնաժողովը Ռ. Քոչարյանին, իբր, հրապարակային այսպիսի հարց է տվել. «Ասում ենք՝ դուք արտակարգ ռեժիմ հայտարարելը հիմնավորեցիք, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետեւից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետեւը: Բոլոր վիրավոր ոստիկաններից պարզվեց, նրանց փաստաթղթերը նայեցինք դատաբժշկական փորձաքննության, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան ձեզ, որի հիման վրա դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող է եւ ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»:
Այսինքն՝ այս ամենը բացահայտվել է մինչեւ զեկույցը գրելը։
Իսկ, ահա, իր զեկույցում Նիկոյանը հիմնավորել է արտակարգ դրություն մտցնելը՝ որպես հիմնական փաստարկ, ըստ էության, կրկնելով Քոչարյանին.
«Նկատի ունենալով, որ... ցուցարարները հարձակումներ են գործել ոստիկանության զորքերի ծառայողների եւ ոստիկանության աշխատակիցների վրա, ապա արտակարգ դրություն մտցնելը անհրաժեշտություն էր»։
Ի՞նչ է ստացվում ըստ Նիկոյանի։
Ստացվում է, որ 2008թ. մարտի 1-ին Ռ. Քոչարյանը այդ ցուցարարների՝ ոստիկանության վրա հարձակումների, հատկապես՝ «ավտոբուսների հետեւից ավտոմատներով ոստիկանների վրա կրակելու» հիմնավորմամբ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիր է ներկայացրել ԱԺ։ Այստեղ հավատալով նրան՝ հաստատել են այդ հրամանագիրը։ Հետո Նիկոյանի հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրություններով պարզել է, որ նման բան չի եղել եւ, անգամ, հրապարակային ամոթանք է տվել Ռ. Քոչարյանին՝ նրան մեղադրելով ստախոսության մեջ։ Բայց իրողությունը պարզելուց ու տված ամոթանքից հետո էլ իր ներկայացրած զեկույցում նույն Նիկոյանը նույն հիմնավորմամբ արդարացրել է Քոչարյանի կողմից արտակարգ դրություն մտցնելու մասին նույն հրամանագրի օրինականությունն ու անհրաժեշտությունը։
Դժվար է պատկերացնել... Սա ստախոսություն չէ, շատ ավելին է։ Թող ընթերցողը բառ ընտրի։
Հ. Գ. Պարզապես՝ Նիկոյանը «առողջ բնազդով» վախենում է. հիշյալ ելույթում ասում է, թե՝ զեկույցը «թողել ենք պատմությանը, ով երբ ուզենա ուսումնասիրել, թող ուսումնասիրի»։
Շատերն են երազում եւ շտապում, որ Մարտի 1-ը դառնա պատմություն։ Մարտի 1-ը ներկա է, հրատապ ներկա, պետականության առաջնային օրակարգային հարց։ Այն պատմություն կդառնա, երբ լիարժեք կբացահայտվեն դրա երեք կարգի հանցագործները՝ ապօրինի հրաման տվողները, այդ հրամանները կատարողները եւ հանցագործությունը պարտակողները։ Նիկոյանը գիտակցում է, որ ինքը այս վերջին կատեգորիայի մեջ առաջիններից մեկն է։ Ահա եւ նրա ելույթի «պաթոսի» ու չքմեղանալու հիմքը։
Աշոտ Սարգսյան

«Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» գրքի շնորհանդես

Գրքի հեղինակի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանում 

Արամ Մանուկյանը ներկայացնում է «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» գիրքը 

Հեղինակը ներայացնում է «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» գիրքը 

Ալեքսան Հակոբյանը ներկայացնում է «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» գիրքը 

Friday, February 2, 2018

Ղարաբաղյան շարժման սկիզբը. փետրվարյան հանրահավաքները

(Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ)

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

1988 թ. պատգամավորների դիմումների հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզխորհուրդն արտահերթ նստաշրջանը նշանակել էր փետրվարի 20-ին՝ ժամը 16-ին։ Չնայած հարուցած արգելքներին, ընդհուպ ճանապարհները փակելուն, մարզխորհրդի պատգամավորները «Կռունկ» կոմիտեի1 ջանքերով կարողացան հասնել Ստեփանակերտ։ Նույն օրը շտապ Ստեփանակերտ եկան Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Կ. Բաղիրովը՝ Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ-ի բյուրոյի անդամների և ԽՄԿԿ ԿԿ-ի հրահանգիչ Վ. Յաշինի հետ2։ Նրանք ամեն ինչ արեցին նստաշրջանի կայացումը խափանելու համար։ Ճիշտ է, չորս ժամ ուշացումով, սակայն նստաշրջանը կայացավ, և կեսգիշերից հետո ընդունվեց հետևյալ հայտնի որոշումը.
«Լսելով և քննարկելով ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ-ի խորհրդի դեպուտատների ելույթները ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ կազմից Հայկական ՍՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ՍՍՀ և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետների առջև միջնորդության մասին, ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է.
Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին՝ խորին ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ՍՍՀՄ Գերագույն սովետի առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցի դրական լուծելու համար»3։
Որոշումը վավերացվեց պատգամավորների ստորագրություններով, քանի որ մարզկոմի քարտուղար Բ. Կևորկովը վերցրել էր մարզխորհրդի կնիքը և ադրբեջանցիների հետ հեռացել Աղդամ4։ Փաստաթուղթը հրապարակվեց փետրվարի 21-ին «Սովետական Ղարաբաղ» թերթում։ Մոսկվայում, կարծես թե, հիմա հասկացան կատարվածի քաղաքական ողջ վտանգավորությունը. Խորհրդային Միության պատմության մեջ առաջին անգամ իշխանության մարմինը «ներքևից», առանց վերադաս խորհրդային կամ կուսակցական մարմնի համաձայնության, նրանց կամքին հակառակ, որոշում էր ընդունել։ Ուստիև անմիջապես՝ նույն օրը, հաջորդեց ԽՄԿԿ կենտկոմի դատապարտող որոշումը, որտեղ Շարժման մասնակիցներին «ծայրահեղականներ», «ազգայնականներ» սուր ու վտանգավոր քաղաքական որակավորումներ էին տրվում, որոնք մեծ հուզում առաջացրեցին և ավելի գրգռեցին բնակչությանը։
Լեռնային Ղարաբաղում նախ Կ. Բաղիրովը, ապա նաև փետրվարի 22-ին այստեղ ժամանած մոսկովյան բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քարտուղար Գ. Ռազումովսկին և ԳԽ-ի նախագահության նախագահի տեղակալ Պ. Դեմիչևը փորձեցին հավանություն ստանալ ԽՄԿԿ ԿԿ-ի վերոհիշյալ որոշմանը։ Ըստ ՏԱՍՍ-ի պաշտոնական հաղորդագրության՝ մարզի կուսակցական ակտիվի ժողովը՝ իբրև լիակատար համաձայնություն էր տվել ԽՄԿԿ ԿԿ-ի՝ փետրվարի 21-ի այս որոշմանը և նրա պարունակած գնահատականներին՝ համարելով, որ այդ ամենը հնարավոր է դարձել «անպատասխանատու անձանց կոչերի, ինչպես նաև ինքնավար մարզի կուսակցական և սովետական մարմինների պասիվ դիրքորոշման շնորհիվ»5։
Հաջորդ օրն իսկ ԽՍԿԿ ԿԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ կուսակցության մարզկոմի պլենում, որտեղ պաշտոնանկ արվեց Բ. Կևորկովը և նրա փոխարեն մարզկոմի առաջին քարտուղար ընտրվեց Հ. Պողոսյանը։ Հանդես գալով հանրահավաքում՝ Պ. Դեմիչևը և Գ. Ռազումովսկին հայտարարեցին, թե իրենք այս այցելությամբ շատ բան հասկացան ու Մոսկվա վերադառնալուն պես ամեն ինչ կհաղորդեն ՝ կոչ անելով դադարեցնել գործադուլները։ Սակայն նրանց կոչը և աշխատանքի վերադառնալու հորդորներն որևէ նշանակություն չունեցան. հանրահավաքներն ու գործադուլները շարունակվեցին։
 Միաժամանակ սկսվեցին ադրբեջանցիների կողմից բռնությունների կիրառման առաջին ակտերը։ Լեռնային Ղարաբաղի հարևանությամբ գտնվող Աղդամ քաղաքից փետրվարի 22-ին կազմակերպվեց բազմահազարանոց երթհարձակում դեպի Ասկերանի շրջան։ Ամբոխը ճանապարհին ավերում ու հրդեհում էր շինությունները, ջարդում արտադրական տեխնիկան և այլն։ Նրանց դիմագրավելու և ավերածությունները կանխելու համար ոտքի ելան Ասկերանի հայ բնակիչները։ Ընդհարման հետևանքով 25 հոգի մարմնական վնասվածքներ ստացան, որոնցից 14-ին տեղափոխեցին հիվանդանոց6։ Հարձակումը կասեցվեց միայն այստեղ տեղակայված զորամասի միջամտությամբ։ Մարզից դուրս գնացող ճանապարհների վրա վերահսկողություն սահմանվեց ադրբեջանական միլիցիայի կողմից, ինչով, փաստորեն, սկիզբ դրվեց Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։ Իսկ Ասկերանի վրա գրոհը նախանշում էր, թե հիմնականում ինչ բնույթի է լինելու Ադրբեջանի կողմից հակազդեցությունը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, որի մասին կրկնեցին նաև կենտրոնական լրատվամիջոցները, ընդհարման ժամանակ զոհվել էր երկու ադրբեջանցի։

* * *
Երևանում նույն օրերին նույնպես անհանգիստ իրավիճակ էր։ Փետրվարի 18-ին հրավիրված հանրահավաքը բնապահպանական թեմաներով էր և վերաբերում էր, մասնավորապես, Աբովյան քաղաքում կառուցվելիք մի գործարանի։ Հանրահավաքը շարժվեց դեպի ՀԿԿ ԿԿ-ի շենք և, փակելով փողոցը, սպասեց այնքան, մինչև տեղ հասան Աբովյան քաղաքի հանրահավաքի մասնակիցները՝ Ի. Մուրադյանի գլխավորությամբ։ Բնապահպանական հանրահավաքի ցուցապաստառների մեծ մասը, սակայն, վերաբերում էին Ղարաբաղին։
Հաջորդ օրերին Թատերական հրապարակում հրավիրված հանրահավաքներն իշխանության կողմից որևէ խոչընդոտի չհանդիպեցին։ Փետրվարի 20-ին տարածված թռուցիկը տեղեկացնում էր՝ այդ օրը կայանալու է ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան, որն «անպայման ընդունելու է ՀՍՍՀ-ի հետ վերամիավորման որոշում» և ժամը 14-ին հրավիրում էր հանրահավաքի7։ Այդտեղ նույնպես հայտարարվեց, որ սպասվում է ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումը։ Կազմակերպչական հարցերը կարգավորելու նպատակով հանրահավաքին ներկայացվեց մի «կազմկոմիտե»՝ Ի. Մուրադյանի նախագահությամբ, որ հաջորդ օրերից սկսեց կոչվել «Ղարաբաղ» կոմիտե։ Դրա մեջ հանրահավաքների նախաձեռնողների հետ միասին ընդգրկված էին նաև մինչ այդ Ղարաբաղի խնդրով այս կամ այն կերպ զբաղված, ակտիվություն ցուցաբերած և կազմակերպիչների կողմից ճանաչված մարդիկ. գնալով այդ կազմը համալրվեց։ «Կազմկոմիտեի» մեջ ընդգրկվեցին՝ Ի. Մուրադյանը, Ս. Ղազարյանը, Մ. Սարգսյանը, Հ. Ուլուբաբյանը, Գ. Սաֆարյանը, Ա. Մանուչարյանը, Հ. Գալստյանը, Ս. Գևորգյանը, Վ. Սիրադեղյանը, Ա. Հակոբյանը, Վ. Մանուկյանը, Ա. Հովհաննիսյանը, Վ. Սարուխանյանը8։
«Կազմկոմիտեն» հետապնդումներից զերծ պահելու, ինչպես նաև հասարակական վստահությունն ու հնչեղությունն ապահովելու համար, ղեկավար մարմնին կից կազմվեց «ավագների խորհուրդ»։ Անկանխատեսելի էր իշխանությունների հակազդեցության բնույթը, և ամենևին չէր բացառվում, որ այն հանրահավաքների կազմակերպիչների ու հռետորների նկատմամբ լիներ շատ կոշտ։ Իշխանական մարմիններում և բարձր պաշտոնյաների մոտ ազատ ելումուտի հնարավորություն ունեցող, հասարակությանը հայտնի մտավորականները նման դեպքերում կարող էին ապահովության որոշակի երաշխիք լինել, ինչպես նաև՝ լրացուցիչ վստահություն ներշնչել ցուցարարներին։ «Ավագների խորհրդում» ընդգրկվեցին ակադեմիկոս, ՀԽՍՀ ԳԱ նախագահ Վ. Համբարձումյանը, ԳԱ թղթակիցանդամ Ռ. Ղազարյանը, բանաստեղծուհի Ս. Կապուտիկյանը, գրողներ Զ. Բալայանը, Ս. Խանզադյանը, խմբավար Հովհ. Չեքիջյանը, ԳԱ ակադեմիկոս Լ. Աղալովյանը, դերասան Ս. Սարգսյանը, նկարիչ Ս. Մուրադյանը և այլն։ Առաջին հանրահավաքները վարում էին Հ. Գալստյանը, Ս. Ղազարյանը, Մ. Սարգսյանը։ Կազմկոմիտեի կոչով հաջորդ օրերին տեղական «Ղարաբաղ» ենթակոմիտեներ ստեղծվեցին բազմաթիվ հիմնարկներում և ձեռնարկություններում։
Փետրվարի 21-ին Երևան հասավ Արցախի պատվիրակությունը՝ ձեռքին ունենալով մարզխորհրդի որոշումը՝ հուսալով ստանալ Հայկական ԽՍՀ իշխանությունների և ժողովրդի աջակցությունն ու պաշտպանությունը։ Հայաստանի Կենտկոմում հրաժարվեցին նրանց ընդունել9։ Եթե իշխանությունների աջակցությունը նրանք չստացան, ապա հանրահավաքի մասնակիցներն որոշման մասին լուրն ընդունեցին բուռն ոգևորությամբ։ Իսկույն ձևավորվեց փետրվարյան հանրահավաքների առաջին և միակ պահանջը. Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրել և անմիջապես դրականորեն արձագանքել ԼՂԻՄ-ի դիմումին10։ «Սեսիա» վանկարկումը դարձավ հանրահավաքների հիմնական պահանջը։ Ի նշան «Վերակառուցման» քաղաքականության հավատարմության, հանրահավաքի մասնակիցները ծածանում էին ԽՍՀՄ պետական դրոշը, Լենինի, Գորբաչովի, քաղբյուրոյի անդամների (բացի Հեյդար Ալիևից) դիմանկարները, վանկարկում «Լենին-պարտիա-Գորբաչով», «Միացում» կարգախոսները։
Հանրահավաքի մասնակիցների թիվն արագորեն աճում էր։ Տասնյակ հազարավոր մարդիկ էին գալիս նաև շրջաններից։ Բազմահազարանոց հանրահավաքների և ցույցերի ժամանակ թույլ չէին տրվում հասարակական կարգի խախտումներ, մարդիկ միմյանց վերաբերվում էին շեշտված հոգատարությամբ՝ որպես միակամության ու համախմբվածության նշան՝ ընդհանուր, համազգային խնդրի շուրջ։
Փետրվարի 22-ի երեկոյան ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կ. Դեմիրճյանը հեռուստատեսային ելույթում արցախյան շարժումը բնութագրեց հետևյալ կերպ. «գոյություն ունեցող ազգային-տերիտորիալ կառուցվածքի վերանայմանն ուղղված գործողություններն ու պահանջները հակասում են Հայկական ՍՍՀ և Ադրբեջանական ՍՍՀ աշխատավորների շահերին»11։ Ակնհայտ էր, որ հանրապետության իշխանությունը դեմ էր Շարժման ծավալմանը և նրանց դիրքորոշումները դույզն ինչ չէին տարբերվում Կենտրոնի դիրքորոշումներից ու գնահատականներից։ Բացատրությունը կարող էր լինել մեկը. եթե, իրոք, Մոսկվայում Ղարաբաղի պատվիրակներին ինչ-որ հույս էին ներշչնել, ապա Հայաստանի իշխանությունները դրանից բխող որևէ հրահանգ չէին ստացել։ Ավելի ճիշտ, ստացել էին հակառակ հրահանգներ և այդ շրջանակներից երբևէ դուրս չեկան։ Ղարաբաղի բարձրացրած հարցը պաշտպանելու համար հանրապետության ոտքի ելած բնակչությունը պետք է դիմագրավեր ոչ միայն Կենտրոնի և Ադրբեջանի, այլև՝ Հայաստանի իշխանությունների դիմադրությունը։
Փետրվարի 22-ին Երևան ժամանեցին ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարներ Վ. Դոլգիխը և Ա. Լուկյանովը, որոնց մասնակցությամբ փետրվարի 23-ին տեղի ունեցավ հանրապետական կուսակցական ակտիվի ժողով։ ԽՄԿԿ կենտկոմի փետրվարի 21-ի դատապարտող որոշման հիմքի վրա ժողովն ընդունեց հետևյալ բանաձևը.
«1. Ակտիվի ժողովը հավանություն է տալիս և ի ղեկավարումն ու անշեղ կատարումն է ընդունում ՍՄԿԿ կենտկոմի 1988 թվականի փետրվարի 21-ի որոշումը՝ որպես ստեղծված պայմաններում միակ ճիշտ որոշումը,
2. ժողովն ընդգծում է ժողովրդի, կուսակցության առջև հանրապետության կուսակցական ակտիվի առանձնահատուկ պատասխանատվությունը և գտնում է, որ կուսակցության քաղկոմները, շրջկոմները ... պետք է ձեռնարկեն վճռական միջոցներ, գլխավորեն ստեղծված իրադրության կարգավորման աշխատանքը, լայն աշխատանք ծավալեն մասսաների մեջ, աշխատավորական կոլեկտիվներում պարզաբանելու ՍՄԿԿ Կենտկոմի որոշումից բխող խնդիրները...,
3. խնդրել ՍՄԿԿ Կենտկոմին ազգային քաղաքականության պրոբլեմներին նվիրված ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը նախապատրաստելիս մյուս պրոբլեմների կոմպլեքսում բազմակողմանիորեն քննության առնել Լեռնային Ղարաբաղի հարցը»12։
Այս որոշումով կառավարող կուսակցության վերնախավն ազդարարեց, որ ինքն աշխատելու է փոթորկուն իրադարձությունները կանխելու ուղղությամբ։ Բանաձևի 3-րդ կետը, որ կարող էր թվալ ծավալված համաժողովրդական պահանջին ընդառաջ արված քայլ, ակնհայտորեն Շարժումը սառեցնելու, ժամանակ շահելու նպատակ ուներ։ Ի պատասխան՝ փետրվարի 23-ին բազմահազարանոց հանրահավաքը բուռն ոգևորությամբ ընդունեց քաղաքական գործադուլի դիմելու կոչը13, ինչպես նաև՝ հանրապետության իշխանության հրաժարականի պահանջը14։ Ողջ գիշեր ավելի քան քսան հազար հոգի քայլարշավով անցան Երևանի փողոցներով՝ գործադուլի կոչով։ Համընդհանուր գործադուլը հաջորդ օրն արդեն իրականություն էր, իսկ հանրահավաքների մասնակիցների թիվը մոտենում էր կես միլիոնի։
Անկեղծ ակնկալիքը, թե հանրապետության իշխանությունը կմիանա ժողովրդական շարժմանը, ակնհայտորեն չէր իրականանում։ Փետրվարի 25-ին կես միլիոնանոց հանրահավաքում փորձեց ելույթ ունենալ ՀԿԿ առաջին քարտուղար Կ. Դեմիրճյանը։ Կոնտակտն ու փոխըմբռնումը ժողովրդի հետ չստացվեց15։
Հանրապետության իշխանության նման պահվածքը պարտադրում էր ժողովրդին իրեն հասու միջոցներով սատար կանգնել Լեռնային Ղարաբաղին՝ թույլ չտալու ադրբեջանական իշխանություններին ուժի միջոցով ճնշել Արցախի բնակչության ընդվզումը։ Ձեռնարկություններում տեղի էին ունենում աշխատավորական կոլեկտիվների ժողովներ, որտեղ դատապարտում էին ԽՍՀՄ, Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ իշխանությունների դիրքորոշումն ազգային հարցերի լուծման նկատմամբ, մասնավորապես, Կենտրոնի կողմից Շարժմանը տրվող գնահատականները։ Դրության կայունացմանը չնպաստեցին ո՛չ փետրվարի 23-ին Կ. Դեմիճյանի, ո՛չ փետրվարի 24-ին Վ. Դոլգիխի հեռուստաելույթները, ո՛չ ԽՍՀՄ ՆԳ մինիստրության ներկայացուցիչների ժամանելը Երևան՝ մինիստրի առաջին տեղակալ Վ. Պ. Տրուշինի գլխավորությամբ և ո՛չ էլ մամուլի ամենօրյա խմբագրականներն ու հոդվածները «ժողովուրդների բարեկամությունը մեր հարստությունն է» խորագրերով։
Հանրահավաքներում հնչում էին Լեռնային Ղարաբաղից ստացվող տեղեկություններ՝ շարունակվող բարոյական ու ֆիզիկական ճնշումների մասին, որոնք մեծացնում էին անհանգստությունը։ ԼՂԻՄ ժամանած ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Ֆ. Կատուսևի ներկայացմամբ (որի հետ հարցազրույցը տպագրվել էր մամուլում փետրվարի 26-ին) իրավիճակը համարվում էր լիովին վերահսկելի, իսկ ստացվող լուրերը բնակչության նկատմամբ կիրառվող բռնությունների մասին՝ ապատեղեկատվություն։ Պաշտոնատար անձանց նման հաղորդումներն ընկալվում էին խոր վերապահությամբ՝ հավատ չընծայելով նրանց անկողմնակալությանը, ուստի ավելի ու ավելի մեծանում էր դեպի հրապարակ բնակչության հոսքը՝ վստահելի տեղեկատվություն ստանալու։
Պաշտոնական տեղեկատվության նկատմամբ անվստահությունը գնալով խորանում էր՝ կենտրոնական մամուլում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ հավասար մեղքի վերագրման, հանրահավաքների անցկացման նկատմամբ բացասական դիրքորոշման և արցախահայության առաջադրած բուն հարցը շրջանցելու կամ լռության մատնելու միտումների պատճառով։ Այսօրինակ անհաշվենկատ հակազդեցությամբ կենտրոնական, տեղական իշխանությունները և լրատվամիջոցները կարծես թե ամեն ինչ արեցին Շարժումն առավելագույնս բորբոքելու համար։ Անշուշտ, սա ոչ միայն նրանց նպատակը չէր, այլև խիստ անցանկալի էր։ Գործողությունների բացատրությունը դարձյալ այլ տեղ չպետք է փնտրել, քան նման ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու անկարողության ու ճկունության պակասի մեջ։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տասը հազարանոց առաջին հանրահավաքն անցավ կես միլիոնի սահմանագիծը։ Հենց առաջին օրերից, հատկապես, ակտիվ էին մտավորականության ավելի մեծ տեսակարար կշիռ ունեցող հիմնարկները։
Փետրվարի 25-ին և 26-ին Երևանի Թատերական հրապարակը, հարակից զբոսայգին ու փողոցները լեցուն էին Երևանի և հանրապետության ողջ տարածքից ժամանած ցուցարարներով։ Մասնակիցների նման ահռելի թվով հանրահավաքներն աննախադեպ երևույթ էին ոչ միայն հայ ժողովրդի, այլ՝ ԽՍՀՄ կյանքում՝ նրա ողջ պատմության ընթացքում։ Նման բռնկում ու ծավալներ, կարելի է չկասկածել, ոչ միայն Կենտրոնը չէր կարող սպասել, ոչ միայն հանրահավաքների կազմակերպիչները, այլև, թերևս, ոչ մեկը։
Հանրահավաքների օրակարգի միակ հարցը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանի հրավիրումը և ԼՂԻՄ-ի դիմումին համաձայնություն տալու պահանջն էր։ Չէր երևում, թե իշխանությունն ուրիշ ինչ պետք է անի ահռելի այդ ուժի առջև՝ բացի նրա պահանջը կատարելուց։ Սակայն դա ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ին կայացրած որոշումից հետո կլիներ երկրորդ՝ տասնապատիկ ծանր հարվածը խորհրդային կայսրության քաղաքական հիմքերին՝ վտանգավոր ու վարակիչ նախադեպ։ Ուստի կենտրոնական իշխանությունը պարտավոր էր վտանգավոր այդ ընթացքը խափանելու միջոց գտնել։
Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանում ծավալված իրադարձությունների մասին լուրերը տարածվել էին աշխարհով մեկ։ Վտանգավոր չափերի և լարման բարձրակետի հասած ժողովրդական շարժման նկատմամբ այդ իրավիճակում ուժի գործադրումը կարող էր պարզապես «խաչ քաշել» «Վերակառուցման» վրա։ Կենտրոնի խնդիրն էր՝ ամեն գնով հանգցնել կամ սահմանափակել, կառավարելի դարձնել ահագնացած «հրդեհը», որն, իրոք, կարող էր սպառնալ տարածվել ողջ երկրով մեկ։ Հաջորդ շաբաթների իրադարձությունները ցույց տվեցին, որ դա հաջողությամբ անելու համար միջոցառումների մի համալիր իրականացվեց։ Հետին թվով դժվար չէ արձանագրել, որ միջոցառումների այդ համալիրը հետևյալ բաղադրիչներն ուներ, որոնք պետք է իրականացվեին ժամանակագրական այս հերթագայությամբ.
ա) խաբեությամբ «հանգցնել հրդեհը»՝ խոստանալ հանրահավաքի պահանջին համարժեք կամ համարյա համարժեք ինչ-որ բան,
բ) լոկալ ահաբեկչական գործողություններով և ուժի ցուցադրում (Սումգայիթ, Երևան զորքեր մտցնելը),
գ) Շարժման քարոզչական վարկաբեկումը, որ սկսվեց «Ղարաբաղ» կոմիտեի «լուծարումով»։

* * *
Իշխանության խնդիրն էր՝ առանց ուժի գործադրման ցրել հանրահավաքը, վերջ տալ գործադուլներին, կոտրել Շարժման թափը։ Դրա համար նախ անհրաժեշտ էր հետքայլ անել, նահանջել Շարժմանը տրված քաղաքական կոշտ գնահատականներից, հանգստացնել կրքերը, նույնիսկ ինչ-որ հույսեր ներշնչել։ Առաջին նման քայլը կատարվեց փետրվարի 24-ին. պաշտոնական հաղորդագրությունը ԽՄԿԿ ԿԿ-ի փետրվարի 24-ի նիստի մասին տեղեկացնում էր, որ այն Հայաստանի և Ադրբեջանի կուսակցական, սովետական մարմիններին համատեղ հանձնարարականներ է տվել, այդ թվում նաև՝ «մշակել և իրականացնել ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական և կուլտուրական հետագա զարգացման միջոցառումներ»16։ Այսինքն՝ Հայաստանին որոշակի գործառույթ-պարտավորություն էր տրվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սա կարևոր, նույնիսկ տպավորիչ զիջում էր։
Հաջորդ քայլը կատարվեց երկու օր անց՝ փետրվարի 26-ին. Հայաստանի և Ադրբեջանի հեռուստատեսությամբ ու լրատվության միջոցներով հաղորդվեց Մ. Գորբաչովի դիմումը «Հայ և ադրբեջանցի ժողովուրդներին»։ Երկրի ղեկավարը դրանում մասնավորապես հայտարարում էր. «Մենք կողմնակից չենք այն բանի, որ խուսափենք տարբեր գաղափարների ու առաջարկությունների բացահայտ քննարկումից, բայց դա հարկավոր է անել հանգիստ, դեմոկրատական պրոցեսի և օրինականության շրջանակներում ... չլուծված պրոբլեմներ շատ կան, բայց երկպառակությունների և միմյանց նկատմամբ ժողովուրդների անվստահության բորբոքումը միայն կխանգարի դրանց լուծմանը»17։ Հայտարարություն-դիմումի արտահայտչաձևն էականորեն տարբերվում էր փետրվարի 21-ի որոշման և հաջորդ օրերի կտրուկ տոնից։ Այստեղ բացակայում էին «էքստրեմիստները», նաև այն միտքը, թե բարձրացված հարցը «դեմ է երկու ժողովուրդների շահերին»։ Ավելին, ակնարկներ կային իրադրությունն ու խնդիրը հասկանալու և ապա շտկելու պատրաստակամության մասին, ինչի համար խնդրվում էր ժամանակ ու հուզական մթնոլորտի հանդարտեցում։ Գլխավոր քարտուղարը խոստանում էր հարցը քննարկել ազգային հարցերին նվիրված առաջիկա պլենումում, իսկ մինչ հարցի ըստ էության քննարկումն առաջարկվում էր հոգ տանել բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ։ Գորբաչովի հայտարարություն-դիմումն իր որոշակի դրական լիցքով ժողովրդի կողմից պետք է ընկալվեր որպես բարձրացված խնդիրը ճանաչելու, այն ամենաբարձր մակարդակով քննարկելու խոստում և երաշխիք։ Բայց դա ևս բավարար չէր մեկշաբաթյա հուժկու հանրահավաքներն ու գործադուլները կասեցնելու համար. պետք է երաշխավորեին, այդ հավատը պետք է ներշնչեին նաև Շարժման՝ այդ օրերի ղեկավարները, ավելի ճիշտ՝ պետք է արվեր հենց նրանց միջոցով։
Այդ դերն իրենց վրա վերցրեցին (կամ այն հանձնարարվեց) գրող Զ. Բալայանին և բանաստեղծուհի Ս. Կապուտիկյանին։ Այն բանից հետո, երբ այլևս չէր երևում կես միլիոնանոց հանրահավաքները դադարեցնելու որևէ տարբերակ, նրանք հրավիրվեցին Մոսկվա, այդտեղից վերադարձան և կարողացան համոզել դադարեցնել հանրահավաքներն ու գործադուլները։ Նրանք պատմեցին Մոսկվա կատարած ուղևորության, Մ. Գորբաչովի կողմից իրենց ընդունելության և այն խոստման մասին, թե ԽՄԿԿ Կենտկոմի առաջիկա պլենումներից մեկը կնվիրվի ազգային խնդիրների քննարկմանը, որտեղ կդրվի նաև Ղարաբաղի հարցը։ Նրանց հաջողվեց համոզել հանրահավաքի 700.000-ից ավելի մասնակիցներին, որ կենտրոնական իշխանությունը ստանձնում է հարցը քննարկելու և լուծելու պարտավորություն։ Փետրվարի 27-ին՝ ուշ երեկոյան, Երևանի ու հանրապետության բնակչությունը դադարեցրեցին հանրահավաքները և գործադուլները18։
Առաջին ձեռքից վկայված որոշ մանրամասներ կարևոր են կատարված դեպքերի և հետագա իրադարձությունների ճակատագրական ընթացքը հասկանալու համար։ Ահա Զ. Բալայանի հուշ-վկայությունը. «Փետրվարի 25-ին ինձ ու Սիլվա Կապուտիկյանին ընդունեց Ա. Յակովլևը, 26-ին՝ Մ. Ս. Գորբաչովը։ Մենք գոհ մնացինք հանդիպումներից։ Հրաժեշտի ժամանակ պաշտոնասենյակի տերն ասաց. «Երկրի համար այսքան բախտորոշ ժամանակ վտանգավոր են անգամ փոքր հրդեհները։ Խնդրում եմ ձեզ հանգցնել այդ կրակը։ Երևանի հրապարակում արդեն մի ամբողջ շաբաթ է, ինչ կես միլիոն մարդ է կանգնած»։ Մենք ասացինք, թե դժվար է բառեր գտնել։ Նա մեր խոսքը հետ մղեց. «Երբ հրդեհը հանգցնում են, ապակիների մասին չեն մտածում»։ Մյուս օրը Թատերական հրապարակում (ըստ ավիոլուսանկարահանումների) գտնվում էր արդեն յոթ հարյուր հազար մարդ։ Երեկոյան ժամը 6-ին ես ելույթ ունեցա յոթ հարյուր հազարանոց «հանձնաժողովում»։ Մեկ միլիոն չորս հարյուր հազար աչքեր ինձ էին նայում։ Մարդիկ հավատում էին գրողին, որը նախորդ օրը եղել էր հենց Գորբաչովի մոտ։ Ես համոզեցի, որ հարկավոր է գնալ տները։ Ես տեսա, թե ինչպես է դանդաղորեն ժողովուրդը թողնում հրապարակը։ Բայց ինձ համար այդ օրը դարձավ ամենասև օրը, իմ կյանքի ամենասև ժամը։ Որովհետև հենց այդ օրը, հենց այդ նույն ժամին սկսվեց «Սումգայիթը»19։
Մ. Գորբաչովից ստացած հստակ հանձնարարականի մասին է խոսում նաև Ս. Կապուտիկյանը. «Գնացեք, և ինչպես էլ լինի՝ հեռուստատեսությամբ թե այլ միջոցներով՝ հանգստացրեք ժողովրդին ... իմացեք, որ դուք պատասխանատու եք դեպքերի հետագա ընթացքի համար»20։ Փետրվարի 27-ին՝ երեկոյան, հեռուստատեսային ելույթով նա համոզում էր, որ «նյութական հաղթանակից շատ ավելի կարևոր հոգևոր հաղթանակը» արդեն կայացել է, և շարունակությունը պետք է վստահել իշխանություններին21։ Կազմկոմիտեն չդիմադրեց, մանավանդ, որ ծանրակշիռ և հուսադրող էին ներկայացվում Մոսկվայից բերված խոստումները։ Բայց նաև, խոհեմաբար, մինչև վերջ չվստահելով Մոսկվայից եկած պատվիրակներին կամ նրանց տրված խոստումների անկեղծությանը, համենայնդեպս, հայտարարվեց հաջորդ հանրահավաքի օրը՝ մարտի 26-ը, մեկ ամսում կատարված իրադարձությունների մասին հաղորդում և տեղեկատվություն տալու պատրվակով։
Հանրահավաքների դադարեցումն այդ պահին եթե ճիշտ չէր, սակայն ինչ-որ տեղ օրինաչափ էր։ Օրինաչափ էր այնքանով, որ, ի տարբերություն զանգվածների, շարունակմանն անպատրաստ էին Շարժման և հանրահավաքների այդ օրերի կազմակերպիչներն ու ղեկավարները։ Անպատրաստ էին քաղաքական իմաստով։ Մասնավորապես կարևոր դեր խաղացող «Ավագների խորհուրդը» պատրաստ չէր շարունակել ղեկավարել մի քանի հարյուրհազարանոց հանրահավաքները, հակադրվել իշխանությանը և գնալ ավելի արմատական, հարկադրանքի քայլերի։ Վճռական դեր խաղաց վերջինիս երկու ներկայացուցիչների՝ Ս. Կապուտիկյանի և Զ. Բալայանի՝ Մոսկվայում ստացած խոստումների չափազանցումը՝ փաստորեն, խաբեությունը, ինչն այդ պահին անհնար էր ստուգել22։ Վերջին հաշվով նրանց նպատակը սահմանափակվում էր նրանով, որ հարցը մտնի կենտրոնական իշխանությունների քաղաքական օրակարգ, մասնավորապես՝ այդ խնդրով բարձր մակարդակի մի հանձնաժողով կազմվի։ Այնպես որ Գորբաչովի տված թեկուզ անորոշ խոստումը նրանց հիմնականում բավարարում էր, իսկ «հրդեհը հանգցնելու» հրահանգը ենթակա էր պարտադիր կատարման։
Ի՞նչ տեղի կունենար, եթե իրականությունը ներկայացվեր չգունազարդված, և մեկ միլոնին մոտեցող հանրահավաքները չցրվեին։
Տեղի չէր ունենա սումգայիթյան սպանդը (ինչում, ինչպես ասվեց, համոզված էին՝ Զ. Բալայանը և Ի. Մուրադյանը)։
Այդ պայմաններում Մոսկվան ոչ մի դեպքում ուժի չէր կարող դիմել։ Ցայտնոտում հայտնված, խուճապի մատնված23 ու նահանջող Կենտրոնի համար վիճակից դուրս գալու միակ տարբերակը մնում էր Ղարաբաղի հարցում գնալ շատ լուրջ զիջումների, որոնք դրական առումով կարող էին ճակատագրական լինել Լեռնային Ղարաբաղի համար։
Եթե որպես հանրահավաքների դադարեցման արդյունք սումգայիթյան սպանդն անհնար էր կանխատեսել, ապա հանրահավաքների շարունակման դեպքում Կենտրոնից շատ կարևոր զիջում պոկելը հնարավոր չէր չտեսնել։ Պարզապես անհրաժեշտ էր հակադրվել Կենտրոնին, հակադրվել համակարգին, ինչին պատրաստ չէին ո՛չ Շարժման տվյալ պահի ղեկավարությունը, ո՛չ առավել ևս մտավորականության՝ Մոսկվա գնացած երկու ներկայացուցիչները։
Եթե չցրվեին երևանյան հուժկու հանրահավաքները, իշխանությունը չէր կարող իրականացնել Շարժման կազմալուծմանն ուղղված հաջորդ քայլերը։ Ամբողջ երեք ամիս պահանջվեց Շարժումը բազմաբնույթ հարվածների ու ճնշումների տակից հանելու, կրկին անհրաժեշտ մակարդակի բարձրացնելու համար։ Իսկ Կենտրոնին ու համակարգին հակադրվելու միջոցով, օրակարգային հիմնական խնդիրը՝ ԼՂԻՄ-ի փետրվարի 20-ի դիմումի՝ ՀՍՍՀ Գերագույն խորհրդին քննարկմանը դնելու և դրական պատասխան ստանալու հարցը լուծվեց միայն Շարժման նոր ղեկավարության՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի ձևավորումից հետո ու նրա ջանքերով։
 
 
1 Այսպես էր կոչվում Լեռնային Ղարաբաղում գործող շարժման ղեկավար մարմինը, որը ստեղծվել էր մարտի 2-ին («Կռունկ»-ը ռուսերեն «Комитет революционного управления Нагорного Карабаха» կապակցության հապավումն է): Ղեկավարն էր Ա. Մանուչարովը, նրա տեղակալներն էին՝ Ռ. Քոչարյանը, Վ. Հակոբյանը, Մ. Միրզոյանը, մյուս հիմնադիր անդամներն էին՝ Գ. Գաբրիելյանը, Հ. Բեգլարյանը, Ժ. Գալստյանը, Հ. Գրիգորյանը, Ա. Կարապետյանը, Վ. Մարությանը, Հ. Հովհաննիսյանը, Յու. Ներսիսյանը, Բ. Օվչյանը [տե՛ս Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (հանրագիտարան), Երևան, 2004, էջ 302]:
2 Տե՛ս В. Б. Арутюнян. События в Нагорном Карабахе, хроника, ч. 1, февраль 1988 г. – январь 1989 г. Ереван, 1990, с. 37.
3 «Սովետական Ղարաբաղ», 21. 02. 1988:
4 Տե՛ս Հ. Գալստյան. Հոդվածներ, հուշագրություններ, հարցազրույցներ, Երևան, 2002, էջ 337:
5 Հաղորդագրություն Լեռնային Ղարաբաղից.– «Սովետական Հայաստան», 25. 02. 1988:
6 Տե՛ս В. Б. Арутюнян.  Նշվ. աշխ., էջ 40:
7 Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահի արխիվ, 15/20. 02. 88: Թռուցիկը ստորագրել էր Գ. Սաֆարյանը:
8 Ավելի ուշ՝ փետրվարի 28-ին, «Ղարաբաղ» կոմիտեի ընդլայնված նիստում Ի. Մուրադյանը հայտարարեց, որ կոմիտեի կազմը համալրվել է Լեռնային Ղարաբաղի վեց ներկայացուցիչներով [տե՛ս Ա. Արշակյան. Արցախյան գոյամարտը (1985–1992 թթ.), Երևան, 2004, էջ 31]:
9 Հետաքրքիր է, որ սա ներկայացվում էր որպես անակնկալ. Ղարաբաղի պատվիրակները եթե երեք անգամ եղել էին Մոսկվայում, զարմանալի է, որ մինչ այդ օրը որևէ կերպ չէին կարողացել նախապես կապ ունենալ Հայաստանի իշխանությունների հետ:
10 Հ. Գալստյանի վկայությամբ այդ պահանջն առաջինը հնչեց իր «էքսպրոմտ» ելույթում, և դա ամենևին դուր չեկավ Ի. Մուրադյանին. վերջինս գտնում էր, որ «հիմարություն է նստաշրջան պահանջելը» (տե՛ս Հ. Գալստյան. նշվ. աշխ., էջ 337): Անհասկանալի է, թե ուրիշ ինչ շարունակություն էր տեսնում Ի. Մուրադյանը:
11 «Սովետական Հայաստան», 23. 02. 1988:
12 Հանրապետական կուսակցական ակտիվի 1988 թ. փետրվարի 23-ին կայացած ժողովի բանաձևը.– «Սովետական Հայաստան», 24. 02. 1988:
13 Գործադուլի կոչն արեց Վ. Մանուկյանը (տե՛ս Հ. Գալստյան. նշվ. աշխ., էջ 351):
14 Նման պահանջ հնչեց Հ. Գալստյանի ելույթում (տե՛ս նույն տեղում, էջ 349):
15 Երեք ամիս հետո Կ. Դեմիրճյանին ազատեցին աշխատանքից: Սակայն, ի պատիվ իրեն, հակառակ Կենտրոնի պահանջների, նա բռնություն չկիրառեց ցուցարարների դեմ: Համոզմունք կար, որ եթե Կ. Դեմիրճյանը, ինչպես այն ժամանակ էին ձևակերպում՝ «տեր կանգներ շարժմանը», ապա շատ ավելի պաշտպանված կլիներ ու նրան չէին համարձակվի ազատել աշխատանքից:
16 Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների շուրջ.– «Սովետական Հայաստան», 25. 02. 1988:
17 Դիմում Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին.– «Սովետական Հայաստան», 27. 02. 1988:
18 Ճիշտ չէ, թե հանրահավաքները դադարեցին Մ. Գորբաչովի հայտարարություն-դիմումի շնորհիվ, որը փետրվարի 26-ին հեռուստատեսությամբ ներկայացրեց Վ. Դոլգիխը (տե՛ս Армения: проблемы независимого развития. М., 1998, с. 489): Ըստ «Արմենպրեսի» հաղորդագրության էլ՝ հանրահավաքի մասնակիցներն սկսեցին ցրվել Մ. Գորբաչովի դիմումը հրապարակելուց և Կ. Դեմիրճյանի ելույթից հետո (տե՛ս «Սովետական Հայաստան», 29. 02. 1988): Իրականում հանրահավաքը դժվարությամբ ցրվեց միայն Թատերական հրապարակում Զ. Բալայանի և հեռուստատեսությամբ Ս. Կապուտիկյանի ելույթներից հետո ու նրանց հորդորով, որոնց նկատմամբ այդ պահին բացարձակ վստահություն կար:
19 «Ավանգարդ», 11. 02. 1990: Զ. Բալայանը, ըստ էության, համարում է, թե հակառակ (հանրահավաքները շարունակվելու) դեպքում կարող է և տեղի չունենար սումգայիթյան սպանդը: Դա տրամաբանական է. համենայնդեպս, նույն համոզման է եղել նաև Ի. Մուրադյանը. «Ջարդը սկսվեց, երբ դադարեց երևանյան ցույցը» (տե՛ս Ս. Շահմուրադյան. Չմոռանալ ոչինչ, Երևան, 2005, էջ 40):
20 Ս. Կապուտիկյան. Էջեր փակ գզրոցներից, Երևան, 1997, էջ 291:
21 Տե՛ս նույն տեղում, էջ 285–292 և 294–299:
22 Հետագայում «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից Ռ. Ղազարյանը (այդ ժամանակ «Ավագների խորհրդի» անդամ) այս առիթով հետաքրքիր բացահայտում է անում. «Գորբաչովի հետ Զորի Բալայանի ու Սիլվա Կապուտիկյանի հանդիպումը, իրենց ներկայացնելով, շատ հուսադրող էր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դա, մեղմ ասած, չափազանցված էր: Սակայն Զորին համոզել էր տիկին Սիլվային՝ ներկայացնել դա լավատեսորեն՝ ժողովրդի թափը չկոտրելու համար» (տե՛ս Ռ. Ղազարյան. Հաշվետու եմ, Երևան, 2003, էջ 144): Կասկածից դուրս է, որ այդ «մեղմ ասած չափազանցնելը» իրականում ոչ թե ժողովրդի թափը չկոտրելու նպատակ ուներ, այլ, կեղծելով իրականությունը, կատարել Գորբաչովի հրահանգը. «հանգցնել հրդեհը՝ առանց ապակիների մասին մտածելու», ինչը և նրանց հաջողվեց:
23 Կենտրոնի ցայտնոտն ու խուճապն արդեն իսկ շատ պարզ երևում է Յակովլևի և Գորբաչովի հետ հանդիպումների մասին Զ. Բալայանի և Ս. Կապուտիկյանի արձանագրած հուշերում. դա այն դեպքում, երբ երկրի ղեկավարներն ամեն կերպ պետք է իրենց ինքնավստահ պահեին: Ավելի պարզ, դրանք արտահայտված են անգամ հանրահավաքների կասեցումից հետո, օրինակ՝ փետրվարի 29-ի ԽՄԿԿ ԿԿ-ի Քաղբյուրոյի նիստի սղագրության մեջ [Центр хранения современной документации (Москва), ф. 89, оп. 42, д. 18, л. 695–715]: