Tuesday, August 25, 2009

ՀԱՐՑԵՐ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

 (1-ին մաս)
Հին աշխարհի պետություններից մեկում այսպիսի մի կարգ կար. թագավորի մահվանից հետո նրա հաջորդը գահ էր բարձրանում 4 օր անց։ Այդ 4 օրվա ընթացքում երկրում դադարում էին գործել բոլոր օրենքները. այդ օրերին կատարված թեկուզ ամենածանր հանցանքը պատժի ենթակա չէր։ Թե յուրաքանչյուրի համար ինչպիսի դժոխքի կվերածվեր այդ օրերին երկիրը, կարելի է միայն պատկերացնել։ Նոր թագավորի գահակալումից հետո օրենքներն սկսում էին աշխատել։ Դաժանագույն այս դասի նպատակը մեկն էր՝ որպեսզի պարբերաբար յուրաքանչյուրն իր մաշկի վրա զգալով՝ համոզվի, թե որքան կարեւոր են նույնիսկ ամենախիստ օրենքը, օրինականությունը, օրինական իշխանությունը։
Հայաստանն արդեն 10 տարի սրընթաց գնում է դեպի անարխիայի այդ դժոխքը՝ ավերածություններ գործելով երկրի ու նրա յուրաքանչյուր բնակչի կյանքում։ Եւ ելքը օրենքների գործադրումն է, որ հնարավոր է օրինական իշխանության հաստատմամբ եւ սահմանադրական կարգի վերականգնմամբ։ Ստորեւ հարցուպատասխանի ժանրով ներկայացնում ենք այդ իրականությունն ու ելքի հրամայականը։

Ի՞նչ հանգամանքներ օգնեցին քաղբանտարկյալների ազատ արձակմանը։

Առաջին եւ ամենակարեւոր հանգամանքը, անշուշտ, Շարժման երկարատեւ, համառ ու գրագետ քաղաքական պայքարն էր՝ հարցին առավելագույն հասարակական ու միջազգային հնչեղություն տալը։ Չմոռանանք, որ ամենասկզբում ձերբակալվածների թիվը շուրջ 150 էր, եւ այսօր այդքան էլ կմնար, կամ կավելանար, եթե չլիներ այդ պայքարը՝ սկսած Հյուսիսային պողոտայի ամենօրյա ակցիաներից մինչեւ յուրաքանչյուր դատավարական նիստի ճշգրիտ մարտավարության մշակումը եւ միջազգային կառույցների հետ աշխատանքը։
Չափազանց կարեւոր դեր խաղաց Երեւանի ավագանու ընտրություններին Հայ Ազգային Կոնգրեսի մասնակցությունը։ Այդ ընտրությունների արդյունքը չի կարելի գնահատել ԿԸՀ-ի հրապարակած կեղծ թվերով, որովհետեւ ընտրություն, ըստ էության, տեղի չունեցավ։ Հրապարակված արդյունքները ոչ մի կապ չունեն ո՛չ մարդկանց մասնակցության, ո՛չ իրական ձայների հետ։ Այն ցույց տվեց, որ ճիշտ պահին բռնատիրության դեմ քաղաքական պայքարի ամեն մի ակտիվ փուլ բերում է ոչ միայն առարկայական, այլ նաեւ որակական արդյունքներ։ Վարչախումբը հասկացավ, որ Երեւանի ընրություններում պարտվելով՝ ինքը կորցնում է ամբողջ իշխանությունը, ուստիեւ ստիպված եղավ գործի դնել ապօրինությունների ու բռնությունների իր ողջ զինանոցը։
Չլիներ Կոնգրեսի վճռական մասնակցությունն ընտրությանը՝ վարչախումբը հեշտությամբ կիրականացներ “փայլուն” մի թատերական ընտրախաղ, միջազգային դիտորդների կողմից կստանար նույնքան “փայլուն” մի գնահատական, իսկ ԵԽԽՎ-ում ոչ թե նոր կոշտ բանաձեւ կստանար, այլ ծափահարություններ։ Այլ խոսքով՝ հիանալի հաղթաթղթեր ընդդիմության դեմ, որոնք կօգտագործվեին նախ եւ առաջ՝ քաղբանտարկյալներին անազատության մեջ պահելու նպատակով։ Մինչդեռ այս դեպքում նա ստիպված եղավ աշխարհի աչքի առաջ կատարել մի նոր, ավելի խայտառակ ընտրական ֆարս։ Որպեսզի դա նրան ներվեր, պետք է համարժեք փոխհատուցում ստանար Կոնգրեսը։ Եւ Եւրոպայի Խորհրդին այս իրավիճակում այլ բան չէր մնում, քան հարկադրել, որ վարչախումբը դրա դիմաց վճարի քաղբանտարկյալների մեծ մասի անհապաղ ազատ արձակմամբ։ Հակառակ դեպքում նման բան չէր լինելու։ Կոնգրեսն ստացավ ավելի քան 30 քաղբանտարկյալների ազատություն, իսկ մյուսների ազատ արձակման խնդիրը Եւրոպայի Խորհրդի կողմից դրվեց ավելի խիստ պահանջի ու վերահսկողության տակ։ Եթե քաղաքական հարցերում կողմնորոշվել հավակնող որեւէ մեկը կարծում է, թե քաղբանտարկյալների ազատ արձակումը կապ չունի այդ ընտրությունների հետ, ապա ավելի լավ է զբաղվի միայն խաչբառ լուծելով։ Իշխանությունը մեծ դժկամությամբ եւ ստիպված գնաց այդ քայլին, նա ինքնավստահության միավորներ կորցրեց, եւ ավելի թուլացան նրա դիրքերը։

Ինչպիսի՞ նշանակություն ունի Համաժողովրդական շարժման - Հայ Ազգային Կոնգրեսի համար քաղբանտարկյալների ազատ արձակումը։

Առաջին. քաղբանտարկյալների մեծագույն մասն անհատականություններ են, որոնք ունակ են իրենց վրա գործնական, կազմակերպչական եւ այլ զգալի ծանրաբեռնվածություն կրել։ Այսինքն՝ նրանց ազատության մեջ լինելը մեծապես նպաստելու է Կոնգրեսի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Երկրորդ. այն բանի գիտակցումը, որ նրանք ազատ արձակվեցին ոչ թե իշխանության ինչ-որ ներողամտության, մարդասիրության, այլ հենց Շարժման համառ պայքարի եւ ուժի (քաղաքական ուժի) ցուցադրման շնորհիվ, մեծացնում է պայքարի մասնակիցների ինքնավստահությունը եւ վստահությունն այն բանի նկատմամբ, որ քայլ առ քայլ հնարավոր է լինելու լուծել նաեւ հիմնական՝ իշխող ավազակապետական ռեժիմի հեռացման եւ երկրում սահմանադրական կարգի վերականգնման մեծ խնդիրը։
Երրորդ. դրանով ապացուցվեց, որ բռնատիրական, ապօրինի իշխանության դեմ ամենաարդյունավետը հենց գրագետ քաղաքական պայքարն է, ինչպես դա սովորաբար կոչում են՝ օրինական, սահմանադրական ճանապարհը, եւ այս դեպքում է, որ վարչախումբը ստիպված է լինում տեղի տալ։
Չորրորդ. հասկանալի է, որ քաղբանտարկյալների կամ պատանդների խնդիրը Կոնգրեսից հսկայական ժամանակ, ջանքեր ու ռեսուրսներ էր խլում։ Նրանց մեծ մասի ազատ արձակմամբ այդ խնդիրը եւս էականորեն թեթեւանում է։
Հինգերերդ. դա ունի ոչ պակաս կարեւոր բարոյական նշանակություն։ Երբ կազմվեց, այսպես կոչված, “7-ի գործը”, դրա վերնագրում թվարկված “մեղադրյալների” ազգանուններից հետո ավելացված էր “եւ մյուսների” անորոշ արտահայտությունը։ Հազարավոր մարդիկ հրապարակավ, մամուլով հայտարարում էին “ես եմ այդ մյուսը”, այսինքն՝ պատրաստակամություն էին հայտնում դատվել նույն գործի շրջանակներում։ Դա նշանակում էր, թե բոլորը արել են նույն բանը՝ օրինական քաղաքական պայքարի են մասնակցել, եւ որ նրանց դեմ հարուցված մեղադրանքները կեղծ են։ Եւ եթե նրանց դատում են դրա համար, ապա նրանց նման հազարավոր ուրիշներն էլ պատրաստ են նրանց հետ դատվել։ Դա այն բարոյական պարտավորվածության արտահայտությունն էր, որ ունի Շարժման մասնակից յուրաքանչյուր ոք իր ընկերոջ նկատմամբ։ Քաղբանտարկյալների մեծ մասի ազատ արձակմամբ եւ մյուսների՝ շուտափույթ ազատման հեռանկարով զգալիորեն լուծվում է նաեւ բարոյական այդ խնդիրը։
Բացի քստմնելի անձնական վրեժխնդրության հիմքից, վարչախմբի պարագլուխները, անշուշտ, շատ լավ են հասկանում այս ամենը, դրա համար էլ աշխատում էին հնարավորինս շատերին ու հնարավորինս երկար պահել բանտերում՝ համարելով, որ դրանով կապում են ընդդիմության ձեռքերը։ Այնպես որ, քաղբանտարկյալների մեծ մասի պարտադրված ազատ արձակումը նաեւ շատ մեծ քաղաքական լիցք է պարունակում՝ հօգուտ Կոնգրեսի եւ ի վնաս վարչախմբի։


Ի՞նչ բան էր “7-ի գործը” եւ քաղաքական իմաստով ի՞նչ է նշանակում այդ գործով անցնող “մեղադրյալների” ազատ արձակումը։

2008 թ. մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ բարբարոսական ջարդ, ապա նաեւ սպանդ կազմակերպելուց հետո վարչախումբը, բնականաբար, ստիպված էր այնպիսի քայլերի դիմել, որ իր վրայից կարողանա հեռացնել ծանրագույն այդ հանցանքը։ Իսկ դրա համար մի ձեւ կար՝ ցուցարարների դեմ հարուցել իշխանության յուրացման, պետական հեղաշրջման ձեռնարկման, այդ նպատակով “զանգվածային անկարգություններ” կազմակերպելու ծանրագույն մեղադրանք, որ ինչ-որ կերպ իրավական, համարժեք, բացատրելի դիտվեն իր հանցավոր գործողությունները։  Ու քանի որ դա որպես անհատական մեղադրանք անհեթեթ կլիներ, ուստի ընտրվեց մի խումբ՝ նրա վրա բարդելով այդ մեղադրանքը։ Թե ինչու հատկապես այդ մարդկանց ընտրեցին, դժվար է ասել. նույն հաջողությամբ կարող էին ընտրել մի այլ խումբ, քանի որ նրանք բոլորն այդ օրերին նույն բանն էին արել։ Նույն բանն էին արել նաեւ նրանց նման հարյուրավոր այլ մարդիկ, այսինքն՝ մասնակցել էին հանրահավաքների, ելույթ էին ունեցել, մասնակցել էին բողոքի շուրջօրյա նստացույցերին, կազմակերպչական աշխատանքներ էին տարել ամեն մեկն իր չափով եւ այլն։ Ահա, նրանց դեմ հարուցված գործը կոչվեց “7-ի” կամ “Մայր գործ”։ Այս “Մայր գործի” մեջ մտցվեցին նաեւ այդ օրվա 10 զոհերը, իբր թե նրանք էլ զոհվել են հենց այդ զանգվածային անկարգությունների հետեւանքով, կազմակերպողների մեղքով։
Ու թեեւ մեղադրանքը ոտքից գլուխ շինծու էր, սակայն ավելի քան 43 հատոր (շուրջ 10.000 էջ) կազմող այս գործը տապալելու համար հսկայական ջանքեր էին պահանջվում, քանի որ, ինչպես գիտենք, իրավապահ մարմինները եւ դատարաններն ամբողջությամբ վերահսկվում են վարչախմբի կողմից եւ պետք է անվերապահ կատարեին նրա պատվերը։ Համաժողովրդական շարժման կամ Հայ  Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը հսկայական ջանքեր գործադրեց դա թույլ չտալու համար։ Հավաքվեց իրենց գործին հմուտ եւ քաղաքացիական դիրքորոշում ունեցող փաստաբանների մի խումբ, որը, Կոնգրեսի գրասենյակի ներկայացուցիչների համակարգմամբ, կարողացավ ճշգրիտ մարտավարություն մշակել եւ հիանալի կազմակերպել նրանց պաշտպանությունը։ Միաժամանակ գրագետ ու արդյունավետ քաղաքական աշխատանք տարվեց միջազգային զանազան կառույցների հետ։ Դատավարությունները մշտապես գտնվեցին Շարժման եւ մամուլի ուշադրության կենտրոնում։ Իշխանության վիճակը բարդացավ նրանով, որ վկաները, որոնցից ժամանակին բռնությունների ու ահաբեկման ենթարկելով կեղծ ցուցմունքներ էին կորզել, զանգվածաբար սկսեցին հրաժարվել իրենց ցուցմունքներից։ Մեծ էր մարտի 1-ին սպանվածների հարազատների օգնությունը, որոնք, շատ լավ իմանալով, թե ովքեր են մեղավոր իրենց հարազատների սպանության մեջ, ոչ մեկ անգամ հայտարարեցին այդ մասին՝ պահանջելով դատարան բերել իրական մեղավորներին։
Այդ ամենի հետեւանքով մեղադրանքը մի քանի ամիս անց փլուզվում էր, եւ եւրոպական կառույցները Շարժման, ինչպես նաեւ բացահայտված անշրջանցելի փաստերի ճնշման տակ ստիպված էին խստացնել քաղբանտարկյալների ազատ արձակման իրենց պահանջը։ Վարչախումբը, մեջքը գետնով չտալու եւ քաղբանտարկյալներին որքան հնարավոր է երկար պահելու համար սկսեց մեղքը գցել օրենքի անկատարության վրա եւ խոստացավ փոփոխել այն հիմնական հոդվածը (հոդվ. 300), որով մեղադրվում էին “7-ի գործով” անցնող քաղբանտարկյալները եւ այդ ճանապարհով նրանց ազատել։ Ճիշտ է՝ նրանց հաջողվեց “խաբել” եւրոպացիներին (վերջիններս էլ հաճույքով “խաբվեցին”) ու չազատել քաղբանտարկյալներին, սակայն վարչախումբը ստիպված եղավ նրանց վրայից հանել իշխանության յուրացման կամ պետական հեղաշրջման ծանր մեղադրանքը։ Այնուհետեւ ընդհանուր գործը բաժանվեց 6 մասի, եւ նրանց առանձին-առանձին սկսեցին մեղադրել միայն “զանգվածային անկարգությունների կազմակերպման” հոդվածով։ Այս փաստերն արդեն նշանակում էին, որ հիմնական մեղադրանքը փլուզվեց։ Դա վարչախմբի համար ծանրագույն պարտություն էր, քանզի իր հերթին նշանակում էր, թե վարչախմբի այն գործողությունները, որ իրականացվեցին 2008 թ. մարտի 1-ին, ոչ մի հիմք ու արդարացում չեն կարող ունենալ, եւ, ինչպես հոկտեմբերի 27-ի ու բազմաթիվ այլ գործեր, օրինական իշխանության պայմաններում առաջիններից մեկն է դառնալու անաչառ դատաքննության առարկա։
“Զանգվածային անկարգությունների” հոդվածով առանձնացված գործերը եւս հնարավոր չեղավ ապացուցել։ Դատավորները, սակայն, ստիպված էին կարդալ իրենց պատվիրված անհիմն դատավճիռները։ Ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ Եւրոպայի Խորհրդի համար (որ, իհարկե, շատ լավ գիտեր իրականությունը) այլեւս դժվար էր լինելու փրկել Հայաստանի ապօրինի իշխանությանը եւ, միաժամանակ, չխայտառակվել սեփական ժողովուրդների աչքում։ Իսկ երբ դրան գումարվեց նաեւ Երեւանի ավագանու ընտրության խայտառակությունը, այլեւս դա դարձավ անհնար։ Վարչախումբը ստիպված եղավ ազատել քաղբանտարկյալների մեծ մասին, ազատել այնքան մարդու, որ ինքը պատժի չարժանանա, իսկ Եւրոպայի Խորհուրդն էլ փրկի իր դեմքը։ Այսինքն՝ քաղբանտարկյալների, մասնավորապես “7-ի գործով” մեղադրվողների ազատ արձակումը նշանակում է, որ վարչախումբը ստիպված եղավ վերջնականապես ընդունել, որ 2008թ. մարտի 1-ին ոչ մի իշխանության յուրացման կամ պետական հեղաշրջման խնդիր չի եղել, ուստիեւ հիմա պետք է պատասխան տան իրենց, մեղմ ասած, ոչ համարժեք գործողությունների, բարբարոսական ջարդի ու սպանդի համար։

(2-րդ մաս)

Իսկ ո՞ւր մնացին մարտի 1-ին սպանվածների գործերը, ովքե՞ր են դրա համար պատասխան տալու։

Այո, դրանով սպանվածների գործերը մնացին “որբ”, եւ Սերժ Սարգսյանի վարչախումբը հայտնվեց շատ ծանր իրավիճակում։ Չնայած նրա գործադրած գերմարդկային ջանքերին, քննության եւ պատասխանատվության կանչված հարյուրավոր մարդկանցից եւ ոչ մեկի որեւէ առնչություն զենքի հետ չհաստատվեց, ոչ մի զենք, զինված ցուցարար չհայտնաբերվեց, ոչ մի ցուցարարի դեմ զենք կրելու մեղադրանք չհարուցվեց։ Դատախազության եւ ոստիկանության առաջին օրերի հայտարարությունները զենքի առկայության ու թմրանյութի օգտագործման մասին մնացին օդից կախված։ Իսկ դա նշանակում է, թե այդ ամենը կեղծիք էր։ Բոլոր սպանությունները կատարվել են հրազենից։ Իսկ զինված եղել են ոստիկանությունը, ապօրինաբար քաղաք մտցված բանակի ստորաբաժանումները, Ղարաբաղից եկած “օգնական” ջոկատը, մի քանի օլիգարխների եւ բարձրաստիճան պաշտոնյաների սափրագլուխների խմբերը։ Բնականաբար, հենց այստեղ էլ պետք է փնտրել մարդասպաններին, եւ մարդասպանության հրաման տվողներին։ Վարչախումբն ինքն է մնում կատարված սպանությունների միակ պատասխանատուն։ Այդ են վկայում նաեւ Փաստահավաք խմբի հրապարակված զեկույցները։

Ինչո՞ւ փակվեց, իր գործունեությունը դադարեցրեց մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խումբը։

Դրա պատասխանը հեշտությամբ կարելի է գտնել՝ ուշադիր կարդալով այն զեկույցները, որոնք ներկայացվեցին այս խմբի կողմից ու հրապարակվեցին մամուլում։ Այս խումբը կազմավորվել էր դարձյալ եւրոպական կառույցների ու մասնավորապես Եւրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համմարբերգի ակտիվ ջանքերի ու պահանջների շնորհիվ։ Սերժ Սարգսյանը 2008 թ. աշնանը ստիպված եղավ տեղի տալ այդ ճնշումներին եւ իր կարգադրությամբ ստեղծել 5 հոգանոց այս խումբը, որտեղ իշխանության երկու ներկայացուցիչների հետ ընդգրկվեցին ընդդիմության երկու ներկայացուցիչ (մեկական՝ Հայ Ազգային Կոնգրեսից եւ “Ժառանգությունից”) եւ մեկ հոգի նշանակեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։ Վարչախումբն առաջին իսկ օրից ամեն ինչ արեց այս խմբի աշխատանքները վիժեցնելու համար, սակայն դա նրան չհաջողվեց։ Ընդամենը մոտ կես տարվա ընթացքում Փաստահավաքի կատարած աշխատանքի արդյունքները ցույց տվեցին, որ նրա գործունեությունը եւս մի քանի ամիս շարունակվելու դեպքում ի հայտ կգա մարտի 1-ին տեղի ունեցածի, այդ թվում նաեւ կատարված սպանությունների հանգամանքների ամբողջ պատկերը։ Սերժ Սարգսյանը եւ վարչախմբի մյուս պարագլուխները, մեղսակից այդ ամենին, բնականաբար, չէին կարող թույլ տալ, որ դա շարունակվի։ Մյուս կողմից էլ դժվար էր որեւէ բանական, համոզիչ հիմք գտնել Փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցնելու համար, քանի դեռ նա չէր ավարտել իր աշխատանքը։
Վարչախմբին օգնության հասավ ոչ այլ ոք, քան... ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ իր ներկայացուցիչ Վահե Ստեփանյանի միջոցով, որ նաեւ Փաստահավաք խմբի ղեկավարն էր։ Փաստահավաք խմբի առաջին զեկույցը հրապարակվելուց քիչ անց նրա ղեկավարը հայտարարեց, թե արձակուրդ է գնում։ Նրան հետեւեցին իշխանության կողմից նշանակված մյուս երկու անդամները։ Խմբի ընդդիմադիր անդամներին դրանից հետո նույնիսկ թույլ չտրվեց մտնել աշխատավայր (աշխատավայրն Ազգային ժողովում էր)։ Երկու շաբաթ հետո, արձակուրդից վերադառնալով, Փաստահավաքի ղեկավարը հիմա էլ հայտարարեց, թե չի ներկայանա աշխատանքի, քանի որ ընդդիմության ներկայացուցիչները “քաղաքականացնում են հարցերը եւ մթնոլորտը”։  Ու դարձյալ նրան հետեւեցին Փաստահավաքի՝ իշխանության կողմից նշանակված մյուս երկու անդամները։ Բնականաբար, Փաստահավաք խմբի ղեկավարն իր բոլոր քայլերն արել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի հրահանգով, որը եւ պաշտպանեց խմբի աշխատանքը բոյկոտելու՝ իր ներկայացուցչի կատարած քայլը։ Բնական է, որ Ա. Հարությունյանն էլ իր հերթին, կատարել էր Սերժ Սարգսյանի խնդրանքը կամ հրահանգը։ Եւ իրոք, քիչ անց էլ Սերժ Սարգսյանն ուժը կորցրած ճանաչեց իր իսկ կարգադրությունը, որի հիման վրա ստեղծվել էր Փաստահավաք խումբը։
Ավելացնենք, որ, օգտվելով ԵԽԽՎ վերջին 1677 բանաձեւի ընձեռած հնարավորությունից, Փաստահավաք խմբի՝ Հայ Ազգային Կոնգրեսը եւ “Ժառանգությունը” ներկայացնող անդամները շարունակում են զեկույցների տեսքով խմբի աշխատանքի արդյունքները ԱԺ հանձնաժողովին ներկայացնել։ Դրանցում արդեն մասնավորապես բացահայտված են հինգ զոհերի մահվան հանգամանքները, շուտով կներկայացվեն հաջորդ զեկույցները։ Փաստահավաք խմբի մյուս երեք՝ իշխանական երկու եւ Մարդու իրավունքների պաշտպանի՝ մեկ անդամները ոչ մի զեկույց չեն ներկայացրել։ Այնպես որ, ցրելով Փաստահավաք խումբը՝ Սերժ Սարգսյանը միայն մասնակիորեն հասավ իր նպատակին, եւ իրականությունը, այնուամենայնիվ, պարզվում է։

Համաներման առիթով իշխանական ճամբարից ոմանք հայտարարեցին իշխանության մարդասիրության դրսեւորման եւ “Մարտի 1-ի էջի փակված լինելու” մասին։ Ինչ-որ հիմք կա՞ դրա տակ։

Մարտի 1-ի էջը փակված լինելու մասին խոսելն առանց մարդասպանների բացահայտման ու դատապարտման՝ սրբապղծություն է զոհվածների հիշատակի հանդեպ եւ բացառիկ ցինիզմի դրսեւորում՝ նրանց հարազատների նկատմամբ։ Դա անբարոյականություն է քաղբանտարկյալների եւ քաղաքական դրդապատճառներով հազարավոր հետապնդվածների ու հետապնդվողների նկատմամբ։ Բայց դրանով հանդերձ՝ դա նաեւ անզորության մի յուրատեսակ դրսեւորում է, ինքնախաբեություն։ Դա նաեւ խաբեություն է՝ զուտ քարոզչական նպատակով ուղղված հասարակության քիչ տեղեկացված շերտերին։ Խոսք լինել չի կարող համաներման որեւէ “մարդասիրական” հիմքի մասին։ Այնպես են խոսում, կարծես խոսքը բնական աղետից տուժածների է վերաբերում, իշխանությունն էլ “մարդասիրաբար” օգնում է նրանց։ Չէ՞ որ իրենք շատ լավ գիտեն, որ բոլորի դեմ մեղադրանք է հարուցվել շինծու հիմքերով, հենց իրենց հրահանգով։ Հարցի ներքին խոհանոցին շատ թե քիչ տեղյակները գիտեն, որ յուրաքանչյուր քաղբանտարկյալի վարչախումբն ազատ է արձակում սրտի կսկիծով, միմիայն ճնշումների տակ. եթե ձեռքին ճար լիներ, բոլորին կպահեր մինչեւ վերջ ու դեռ կկրկնապատկեր նրանց թիվն ու պատժաչափը։ Նիկոլ Փաշինյանի, Խաչատուր Սուքիասյանի, Համլետ Հովհաննիսյանի օրինակները դա են վկայում։
Հայ Ազգային Կոնգրեսը երբեք դեմ չի եղել Մարտի 1-ի էջը փակելուն, ինչը հնարավոր է միայն այդ “էջի” բոլոր իրական հանգամանքները պարզելու եւ դրանից բխող իրավական գործողություններ կատարելու՝ մարդկանց նյութական ու բարոյական վնասները վերականգնելու պայմանով։ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից բազմիցս են հնչել այդ ուղղությամբ երկխոսության առաջարկներ ու ներկայացվել դրան հասնելու մեխանիզմներ։ Խոսքը վերաբերվել է բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը, Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման վստահելի միջազգային հետաքննությանը, տեղեկատվության հավասար հնարավորությանը, հավաքների ազատության ապահովմանը։ Ս՛ա պետք է լիներ Մարտի 1-ի էջը փակելու առաջին քայլը։ Ընդ որում, նույն այս պահանջները կամ հորդորները բազմիցս դրվել են նաեւ միջազգային կառույցների կողմից։ Սրանցից որեւէ մեկը չի իրականացել։
Իսկ Մարտի 1-ի էջը փակելը, իրոք, կենսականորեն անհրաժեշտ է, քանզի դա երկիրն ու պետականությունը քայքայող, կազմալուծող մի հրեշավոր գործոն է։ Այդ էջի բաց մնալն ավելի վտանգավոր է, քան նույնիսկ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Քանզի ի տարբերություն վերջինի, Մարտի 1-ի հետ անմիջականորեն առնչվել են տասնյակ եւ հարյուր հազարավոր մարդիկ եւ հրաշալի գիտեն իրականությունը։ Ոչ մեկը չի ուզի ապրել մի երկրում, որտեղ խաղաղ ցուցարարների վրա կարող է գիշերով զինված ոստիկանական դավադիր հարձակում ու բարբարոսական ջարդ լինել։ Ոչ մեկը չի ուզի ապրել մի երկրում, որի իրավապահ ու դատական համակարգն այն զարհուրելի դեմքն ունեն, ինչը ցուցադրեցին վերջին 1,5 տարում։ Ոչ մեկը չի ցանկանա ապրել վախի ու սարսափի մեջ, անազատ, վտանգված, ստորացված ու ստրկացված, անհեռանկար։ Մարտի 1-ի իրական մեղավորներին, մարդասպաններին, իսկ առաջին հերթին նրանց նման հրահանգ տվողներին հայտնաբերելուց ու պատժելուց, տուժածների իրավունքները վերականգնելուց ու փոխհատուցելուց հետո միայն կարելի է խոսել այդ էջը փակելու մասին։

(3-րդ մաս)

Բայց այդ ամենը հնարավոր է միայն իշխանափոխությունից, Սահմանադրական կարգի վերականգնումից եւ օրինական իշխանություն ունենալուց հետ։ Մինչդեռ այս իշխանությունը երբեք թույլ չի տա նորմալ ընտրություններ։ Ինչո՞ւ է Հայ Ազգային Կոնգրեսը ժխտում հեղափոխական ճանապարհով իշխանության գալու հնարավորությունը։ Այս քննադատությունները հնչում են նույնիսկ Կոնգրեսի ներսում։

Այս անգամ դեռ մի կողմ դնենք այն հանգամանքը, որ դա իշխանափոխության շատ վատ ու վտանգավոր ավանդույթի հիմք կարող է ստեղծել՝ երկիրը 4-5 տարին մեկ դատապարտելով ընդհուպ քաղաքացիական պատերազմի վտանգի։ Մի կողմ դնենք նաեւ այն հանգամանքը, որ ներքաղաքական նմանօրինակ ճգնաժամից հիմար կլինի, եթե չօգտվի Ադրբեջանը՝ ռազմական ճանապարհով լուծելու համար Ղարաբաղի հարցը։
Եթե խնդրին նայենք ընդհանրապես եւ տեսականորեն, ապա այդպիսի ճանապարհը մերժելի չէ միայն մի դեպքում, երբ սպառված են բռնատիրությունից ազատվելու բոլոր միջոցները։ Եթե չեմ սխալվում, նման բան է նախատեսում նաեւ միջազգային իրավունքը։ Բայց դրա համար անհրաժեշտ է ոչ միայն բռնատիրության փաստը եւ փողոց դուրս եկած ժողովուրդ։ Եթե առկա չեն խնդիրը նման ձեւով լուծելու ոչ պակաս կարեւոր եւս մի ամբողջ շարք ներքին եւ արտաքին նպաստավոր հանգամանքներ, ապա չհաշվարկված նման գործողությամբ պարզապես կարող ես մեկ օրում ոչնչացնել, քամուն տալ այն ռեսուրսները, համաժողովրդական այն շարժումը, որ բարձրացել է լուծելու համար սեփական ազատության եւ արժանապատիվ ապրելու իրավունքի խնդիրը։ Վրացական ընդդիմության վերջին չհաշվարկված “վճռական գործողությունները” վառ օրինակ են։ Սկզբում մեզ մոտ էլ շատերը դա մատնացույց էին անում ընդօրինակելու համար։ Վերջում դրանից մնացել է մի քանի վրան, որը, որպես իր երկրում ժողովրդավարության եւ իր հանդուրժողականության մի ցուցանմուշ, Սահակաշվիլին ցույց է տալիս իր պաշտոնական հյուրերին։
Խորհրդային Միության նման հսկա բռնապետական կայսրությունը տապալվեց ոչ թե հեղափոխությունների, այլ առաջին հերթին վարչակարգի դեմ ժողովրդավարական ուժերի մղած քաղաքական պայքարի շնորհիվ։ Ավելին, հաճախ բռնատիրական վարչակարգն ինքն էր փորձում հրահրել նման “հեղափոխական” ընդվզումներ, “վճռականության” դրսեւորումներ, ինչը նրան իրավական հիմք կտար լայնամասշտաբ ուժի գործադրման համար։ Այն ժամանակ մենք բազմիցս բախվեցինք նման իրավիճակների եւ կարողացանք խուսափել դրանից։ Որպես ճարահատ քայլ՝ իր ուզածն ստանալու համար, նա 1990թ. մայիսի 27-ին դիմեց արյունոտ սադրանքի։ Որոշ հանրապետությունների ժողովրդավարական շարժումների չհաջողվեց միշտ մնալ պայքարի քաղաքական դաշտում, օրինակ՝ Վրաստանում, Ադրբեջանում, Մերձբալթյան երկրներում չհաշվարկված “վճռականության” դրսեւորումներն անտեղի կորուստների պատճառ դարձան։ Այն ժամանակ էլ էին Հայկական ժողովրդավարական շարժման դեմ հնչում “անվճռականության” նման մեղադրանքներ, ու նաեւ Շարժման ներսից, սակայն քաղաքական գործընթացների արդյունքները ցույց տվեցին, որ ճիշտ էր առաջին մոտեցումը։
Նույնը վերաբերում է այսօրվան, եւ բազմաթիվ են զուգահեռները։ Թող տարօրինակ չհնչի, բայց ի սկզբանե հենց դա է եղել վարչախմբի երազանքը՝ պայքարը իրավական եւ քաղաքական հարթությունից տեղափոխել բռնության հարթություն։ Վարչախմբի հիմնական խնդիրն է եղել հասնել այն բանին, որ ընդդիմության գործողությունների հիմքում դրվեն ոչ թե հաշվարկները, այլ զգացմունքները՝ զայրույթը, հուսահատությունը, չհաշվարկված ոգեւորությունը եւ այլն։ Այս մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում իշխող վարչախումբն ինքն է երազում իր դեմ ոչ իրավական, ոչ օրինական պայքարի դրսեւորման մասին։ Ոչ միայն երազում է, այլեւ ինքն է բազմիցս փորձել հրահրել այդպիսիք։ Երբ դա չստացվեց, նա ստիպված եղավ դիմել դրա իմիտացիային՝ մարտի 1-ին ինքը փորձեց սադրանքների միջոցով նման մի բան ստանալ։ Չստացվեց։ Բայց իր ստեղծած իմիտացիայով էլ նա կարողացավ հասնել ընդամենը բռնազավթած իշխանության ժամանակավոր պահպանման, բայց ոչ ամրապնդման։ Այսինքն՝ նա վստահ է առայժմ իր ունեցած ներքին եւ արտաքին ռեսուրսների վրա, որ նման դեպքում կարող է մեկընդմիշտ խեղդել Համաժողովրդական շարժումը կամ նրան ծանրագույն հարված հասցնել ու մարսել դա։ Խորհրդային Միությունն էլ էր 1988-91թթ. դրանում համոզված։ Եւ դա իրողություն էր, դրա համար նա էլ ուներ հաշվարկված հիմքեր։ Բայց նաեւ այդ ամբողջ ընթացքում իր դեմ ժողովրդավարական ուժերի մղած քաղաքական պայքարի առջեւ նա նահանջում էր՝ կորցնելով իր ներքին եւ արտաքին քաղաքական ռեսուրսները։ Եւ խարխլվեց ու կործանվեց ոչ թե նույն այդ ժողովրդավարական ուժերի “վճռական գործողությունների”, այլ համբերատար քաղաքական պայքարի շնորհիվ՝ քայլ առ քայլ նահանջելով։ Նույնը տեղի է ունենում Հայաստանում. վարչախումբն օրեցօր նահանջում է, կորցնում է իր գոյատեւման ներքին ու արտաքին ռեսուրսները, եւ շատ թե քիչ քաղաքական տեսողություն ունեցողների, իրողությունների խորքը թափանցողների համար այդ գործընթացը բացահայտ փաստ է։ Իսկ եթե բռնապետական վարչախմբի քայքայման ու թուլացման գործընթացը շարունակվում է, նրա տապալման նույնօրինակ վերջաբանն անխուսեփելի է (ինչը կարող է լինել նաեւ անսպասելի, ինչպես որ շատերի համար անսպասելի էր ԽՍՀՄ փլուզումը)։ Անխուսափելի է՝ Համաժողովրդական շարժման առկայության եւ պայքարի պայմաններում, որի առաջին հարցը եղել եւ մնում է իշխանափոխության միջոցով ապօրինի վարչախմբի հեռացումը, սահմանադրական կարգի վերականգնումը։

Աստիճանաբար ամրապնդվում, թե՞ թուլանում է վարչախումբը։

Ակնհայտորեն թուլանում է, նաեւ՝ նահանջում։ Այդ մասին են վկայում հետեւյալ փաստերը.
ա) Կոնգրեսի բոլոր հանրահավաքների օրերին ճանապարհները փակելը, երթուղային տրանսպորտի աշխատանքը դադարեցնելը, մարդկանց ահաբեկելը, նրանց ազատ տեղաշարժի իրավունքից զրկելը ոչ թե ուժի, այլ թուլության ու վախի ապացույց է։ Նրանք սարսափում են մարդաշատ հանրահավաքներից։
բ) Բոլոր հեռուստաալիքները փակի տակ պահելը վկայում է, որ նրանք սարսափում են ազատ խոսքից եւ իրական տեղեկատվության տարածումից։
գ) Վախենում են բոլոր քաղբանտարկյալներին ազատելու եւ հալածյալներին չձերբակալելու մասին Եւրոպայի Խորհրդի պահանջը կատարելուց։
դ) Վարչախմբի ներսում ոչ միայն չի դադարում, այլեւ ավելի է ուժեղանում միջկլանային պայքարը, ինտրիգները, բոլորը վախենում ու փոխադարձաբար զգուշանում են միմյանցից։ Իշխանական կոռուպցիոն բուրգի ներսում մեծանում է պայթունավտանգ իրավիճակը, կասկածամտության որդն ավերածություններ է գործում։
ե) Իսպառ ձախողվել է մարտի 1-ին տեղի ունեցածի պատասխանատվությունը ընդդիմության վրա բարդելու ծրագիրը, եւ յուրաքանչյուրը մտածում է, թե հետագայում ինչպես պետք է անձամբ դուրս պրծնի դրա համար պատասխան տվողների ցանկից։
զ) Ձախողվել է նաեւ ինչ-որ ծայրահեղ դեպքում ներիշխանական հեղաշրջման միջոցով Ռ. Քոչարյանին իշխանության բերելով վարչախումբը փրկելու ծրագիրը. տասնյակ հազարավոր ստորագրություններով Հաագայի դատարան գնացողի հետ ոչ մեկը չի ուզում առնչվել։ Դրա փոխարեն կազմվում են ներիշխանական հեղաշրջման այլ ծրագրեր՝ “հավասար” մարդկանց գլխավորությամբ, ինչը ամեն պահի կարող է պայթեցնել բուրգը։
է) Ինչ էլ որ ասեն, բոլորն են գիտակցում, որ Սերժ Սարգսյանը խայտառակ ձեւով տանուլ է տվել հայ-թուրքական հարաբերություններում՝ իր, ուստի եւ ողջ վարչախմբի ճակատին դրոշմելով Հայոց ցեղասպանությունն ուրացողի ամոթալի խարանը։
ը) Ինչ էլ որ ասեն, շատերն են կասկածում, որ նա արդեն իսկ Լեռնային Ղարաբաղի խնդրով պարտադրված գաղտնի մի փաստաթուղթ է ստորագրել, որի լուծումները շատ հեռու են ոչ միայն սպասելիք նվազագույնից, այլեւ 1997թ. շրջանառվող տարբերակներից։
թ) Ինչ էլ որ ասեն, բոլորն են հասկանում, որ քաղբանտարկյալների մեծ մասին պարտադրված ազատ արձակելը նահանջ էր, մեղմ ասած՝ “մեջքի վրա ընկնել” եւ ուրիշ ոչինչ։
ժ) Հին Հռոմի աշխարհակալ կայսրությունը կործանվեց ոչ թե արտաքին թշնամիների հարվածներից, այլ պետության ներսում բույն դրած կոռուպցիայից՝ պետական իշխանության ու իշխանավորների ծախվածությունից։ Հռոմ եկած կարթագենցի դեսպանները հենց այդ հիմքի վրա ճշգրիտ կանխատեսեցին արտաքինից հզոր ու սարսափազդու երկրի մոտալուտ վախճանը։ Հայաստանում վարչախումբը կոռումպացված է վերից վար, համակարգված։


(4-րդ մաս)

ը) Այն, ինչ տեղի է ունեցել մարտի 1-ին, դրան ականատես ու մասնակից են եղել տասնյակ հազարավոր մարդիկ։ Դրանից հետո այս մեկուկես տարվա ընթացքում ի հայտ եկե՞լ են լրացուցիչ տեղեկություններ, փաստաթղթեր, այլ նյութեր, որոնց միջոցով հնարավոր կլինի վերականգնել, թե ինչ էր ծրագրված մարտի 1-ի համար ընդդիմության եւ իշխանության կողմից, եւ որքանով դրանք իրականացան։ Այլ խոսքով՝ Մարտի 1-ի ամբողջական եւ իրական պատկերը։

Այո, ի հայտ են եկել շատ կարեւոր փաստաթղթեր, դրանցից մի քանիսը հրապարակվել են, մի քանիսն ուղարկվել Փաստահավաք խմբին։
Թե ինչ էր ծրագրված ընդդիմության կողմից, դա բաց էր բոլորի համար, եւ այդ մասին հրապարակավ ասվում էր։ 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում կատարված ապօրինությունների, զանգվածային կեղծիքների եւ կեղծ արդյունքների հրապարակման դեմ որպես բողոքի նշան Համաժողովրդական շարժումը Ազատության հրապարակում հաջորդ օրվանից շուրջօրյա ցույցեր ու հանրահավաքներ էր անցկացնում՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրության արդյունքները եւ նշանակել երկրորդ փուլ կամ նոր ընտրություններ։ Ընտրական խախտումների եւ այլ ապօրինությունների մասին հավաքված հսկայական նյութը ներկայացված էր Սահմանադրական դատարան, բոլորը սպասում էին այդ դատարանի նիստին։ Հատուկ մարտի 1-ի, ոչ էլ հաջորդ օրերի համար Համաժողովրդական շարժումը որեւէ, այլ օրերից տարբեր, ծրագիր չուներ։ Դա պետք է լիներ նախորդ 9 օրերին հաջորդած հերթական 10-րդ օրը՝ նույն բովանդակությամբ, ամեն ինչով նման նախորդ օրերին՝ հանրահավաքներ, երթեր, ելույթներ եւ այլն։
Ինչ վերաբերում է այդ օրվա համար վարչախմբի կազմած հրեշավոր ծրագրին, ապա իրոք, դրա խոհանոցային մանրամասների ուրվագիծը հայտնի դարձավ հետագայում, աստիճանաբար, ձեռք բերված փաստաթղթերի, հայտնի դարձած փաստերի, ոմանց վկայությունների եւ այլ նյութերի համադրմամբ։ Այստեղ ներկայացնենք ընդամենը մի քանի անհերքելի փաստեր, որոնք արդեն իսկ բավարար են ստորեւ վերականգնված այդ ծրագիրը համոզիչ դարձնելու համար.
ա) Մարտի 1-ին (գուցե նաեւ նախորդ օրերին) նախագահական նստավայրում գործել է հատուկ շտաբ՝ Ռ. Քոչարյանի գլխավորությամբ։ Հայտնի են շտաբի անդամները, այդ մասին գրվել է մամուլում, այդ բանը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում խոստովանել է այդ օրերին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։
բ) Հայտնի է մի փաստաթուղթ (այն Կոնգրեսի գրասենյակից պաշտոնապես ուղարկվել է Փաստահավաք խմբին), որից պարզվում է, որ այդ օրը թվով 9 մարդու անունով (մի մասը հայտնի օլիգարխներ, մի մասը բարձր պաշտոնյաներ) բանակի պահեստներից դուրս է գրվել 950 ձեռք միանման ոչ զինվորական համազգեստ։
գ) Մարտի 1-ին դեպքի վայրում եղել են նաեւ դիպուկահարներ։ Այս մասին եւս գրվեց մամուլում, իսկ իշխանությունները ստիպված եղան խոստովանել։
դ) Օրվա ընթացքում վարվող բանակցությունների ժամանակ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ցուցարարներին առաջարկվում էր շարժվել դեպի Մատենադարան կամ որեւէ այլ տեղ։
Այս եւ այլ, աստիճանաբար ձեռք բերված փաստեր ու տեղեկություններ ձեռքի տակ ունալով՝ այսօր կարելի է խոսել Մարտի 1-ի ոճրագործ այդ ծրագրի մասին, որ կազմված է եղել մի քանի մասերից, մեկը ձախողվելուց հետո նախագահականի շտաբն անմիջապես կազմել եւ գործի է դրել հաջորդը։
Առաջին ծրագիր. Ազատության հրապարակում մարդկանց քանակը ամենաքիչն էր լինում լուսադեմից առաջ, վրանների մեջ քնած եւ խարույկների շուրջ ննջող 2000-3000 մարդ։ Հենց այս ժամն էլ ընտրվել էր հարձակումն իրականացնելու համար։ Առավոտյան ժամը 6-ի շուրջ, մեծ ուժերով, զինված ռետինե մահակներով, վահաններով, արցունքաբեր գազով եւ էլեկտաշոկերով, չորս կողմից սկսվեց հարձակումը։ Երբ ոստիկանական (կամ ոստիկանական համազգեստ հագած) զորքն արդեն շրջափակել էր հրապարակը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ բոլոր օրերին մյուսների հետ գիշերում էր հրապարակում, մոտեցավ խոսափողին, կոչ արեց մարդկանց հավաքվել հարթակի մոտ, զորքի հետ կոնտակտ չունենալ, ասելով՝ “գուցե նրանք ինչ-որ բան ունեն մեզ ասելու”։ Այսինքն՝ նա օպերացիայի պատասխանատուներին հրավիրեց ներկայացնել իրենց գալու նպատակը կամ պահանջը։ Ոչ մեկը խոսափողին չմոտեցավ։ Ավելին, դեռ նրա խոսքը չավարտված, չորս կողմից սկսվեց հարձակումը, ջարդը, հանգեց լուսավորությունը, հրապարակը վերածվեց մի իսկական դժոխքի։ Հարձակվողներն անասելի մի կատաղությամբ ավերում էին հրապարակի վրանային ավանը, անխնա հարվածում մարդկանց։ Ակնհայտորեն նրանց նպատակը ոչ թե հրապարակը մարդկանցից ազատելն էր, այլ այդ բանն անել առավել բարբարոսական ու սարսափազդու մեթոդներով, որքան հնարավոր է՝ շատերին ջարդելով եւ ինչքան հնարավոր է՝ շատ մարդ ձերբակալելով։ Եւ դա այն դեպքում, երբ հրապարակում գիշերողների մեջ մեծ թիվ էին կազմում կանայք, տարեց մարդիկ եւ անչափահասներ։ Շատերն այստեղ գիշերում էին ընտանիքներով։ 10-15 րոպե անց հրապարակում ոչ մարդ կար, ոչ կանգուն վրան։ Փախած ցուցարարներին ոստիկանները մի քանի ժամ դեռ հետապնդում էին մինչեւ մի քանի կիլոմետր հեռու։
Հրապարակն ազատելու առավել բարբարոսական ու սարսափազդու այս ձեւն ընտրվել էր մեկ նպատակով, որպեսզի դրանից հետո այլեւս ոչ մեկը չհամարձակվի տնից դուրս գալ։ Բայց նրանց այս ծրագիրն ու կանխատեսումը չիրականացավ։ Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Կայծակի արագությամբ տարածված լուրը տասնյակ հազարավոր մարդկանց վաղ առավոտյան հանեց փողոց, որոնք աստիճանաբար հավաքվեցին Մյասնիկյանի արձանի մոտ։ Այստեղ էր հասել Ազատության հրապարակից հալածված ցուցարարների ամենամեծ խմբերից մեկը եւ փորձել էր ապաստանել՝ համարելով, որ բաց տարածքը եւ Ֆրանսիական դեսպանատան անմիջական հարեւանությունը կարող են քիչ թե շատ ապահովության երաշխիք լինել։ Ոստիկանական զորքերը մի քանի ժամ ջանքեր գործադրեցին հավաքվածներին դուրս քշելու եւ ցրելու համար, սակայն այդ ջանքերն անցան ապարդյուն։ Նրանք ստիպված էին հեռանալ եւ հավաքված բազմահազար մարդկանց ավելի հեռվից պահել շրջափակման մեջ։ Այսպիսով ժողովրդի հաստատակամության շնորհիվ Շարժումը ջարդելով ու ահաբեկելով խեղդելու ռոբա-սերժական առաջին ծրագիրը ձախողվեց։
Երկրորդ ծրագիր. Այն բանից հետո, երբ Մյասնիկյանի արձանի մոտ մարդկանց հավաքվելն անհնար եղավ կանխել, քոչարյանական շտաբը հղացավ երկրոդ մի ոճրագործ ծրագիր։
Ակնհայտ էր այլեւս, որ Շարժումն այդ օրը առավոտյան ջարդից հետո կարող էր ավելի ահագնանալ։ Դա հնարավոր էր կանխել միմիայն երկրում արտակարգ դրություն մտցնելով, ինչի համար, սակայն, անհրաժեշտ էր դրա համար համապատասխան “իրավական հիմքեր” ստեղծել։ Այսինքն՝ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված 100.000-ից ավելի ցուցարարներին մղել այնպիսի հակաիրավական գործողությունների, որոնք առիթ ու հիմք կտային առավել դաժան հակահարվածի՝ ընդհուպ հրազենի օգտագործմամբ ու մարդկային զոհերով, ինչն էլ իր հերթին հիմք կծառայեցվեր արտակարգ դրություն հայտարարելու համար։
Քաղաքական պայքարի տեւական դպրոց անցած ցուցարարներին դժվար էր մղել նման քայլերի, անգամ Ազատության հրապարակի գիշերային ջարդից հետո, որից, ենթադրաբար, նրանք պետք է զայրացած ու կորցրած լինեին հավասարակշռությունը։ Առանձին սադրիչներ այդ բանն անել չկարողացան, նրանք անմիջապես մեկուսացվում էին հենց ցուցարարների կողմից։ Իշխանության համար խնդիրն ավելի դժվարացավ հատկապես այն բանից հետո, երբ ցուցարարներին հաջողվեց արձանի հարթակում բարձրախոս տեղադրել, ինչից հետո Շարժման ղեկավարների կողմից իրավիճակը շատ ավելի հեշտ էր վերահսկել։ Ուստիեւ՝ նախագահականում գործող շտաբն իր երկրորդ ծրագիրն իրականացնելու համար մտահղացավ հետեւյալ մեխանիզմը։ Առաջին՝  ցուցարարների մեջ մեծ քանակությամբ սադրիչներ ուղարկել ու նրանց միջոցով հակաիրավական լայնածավալ գործողություններ հրահրել՝ ուժի գործադրման, հրազեն օգտագործելու եւ արտակարգ դրություն մտցնելու հիմքեր ստանալու համար։ Երկրորդ՝ միայն սադրիչների խմբերն ու ոստիկանական ուժերը միայնակ կզգուշանային գնալ նման լայնամասշտաբ ու արյունալի գործողության։ Նրանց վստահություն ներշնչելու համար է, որ տարբեր տեղերից սկսվեց բանակային զինված ստորաբաժանումների տեղաշարժը դեպի Երեւան, նրանց առկայությունը քաղաքի փողոցներում։ Այդ բանն արվեց՝ շատ լավ իմանալով, որ դրանով սահմանադրական նորմ է խախտվում. բանակը նույնիսկ արտակարգ դրության ժամանակ չի կարող օգտագործվել ներքին խնդիրներում, էլ ուր մնաց՝ մինչեւ դա։ Պետք չէր, որ բանակը կրակեր, նրա ներկայությունը բավարար էր, որ կրակողներն իրենց վստահ ու պաշտպանված զգային։
Լայնածավալ սադրանքներ կազմակերպելու նպատակով է, որ մի շարք օլիգարխների ու բարձր պաշտոնյաների (9 հոգու) հանձնարարվեց անմիջապես հավաքել իրենց բանդիտական խմբերը, որոնց եւ, թվով 950 հոգի, միատեսակ հանդերձանք տրվեց (միմյանց ճանաչելու համար) Պաշտպանության նախարարության պահեստներից։ Վերջիններս, որպես իբր առավել արմատական տրամադրված զայրացած ցուցարարներ, փոքր խմբերով տարբեր կողմերից խառնվեցին հավաքված ժողովրդին։ Այսպես, ինչ-որ պահի դրանց մի խումբ փորձեց գրոհել հարեւանությամբ գտնվող Երեւանի քաղաքապետարանի շենքը։ Շղթա կազմելով՝ շենքի մուտքը պաշտպանեցին եւ նրանց թույլ չտվեցին ներս խուժել ոչ թե ոստիկանները, այլ հենց նույն ցուցարարները։ Քաղաքապետարանի շենքի գրավումը կարող էր իշխանության համար լայնածավալ զինված հարձակման, հրազենի օգտագործման եւ արտակարգ դրություն հայտարարելու հիանալի առիթ հանդիսանալ։ Նույն կերպ ցուցարարները պաշտպանության տակ առան առանձին հանդիպած ու ծեծվող մի ոստիկանի։ Դժվար էր չափազանց լարված այդ իրավիճակում տարբերակել ու ենթադրել սադրիչների ով լինելը, քանզի ամեն մեկը կարծում էր, թե քաղաքապետարանի շենքը գրոհողները, ոստիկան ծեծողները, մեքենա հրկիզողները եւ այլն, նույն ցուցարարներից են, որոնք պարզապես վաղ առավոտյան Ազատության հրապարակում կատարվածից իրենց կորցրած, նման գործողությունների են դիմում։ Ավելի ուշ միայն, միմյանց պատմելով եւ կատարվածը քննարկելով, նկարահանված կադրերը դիտելով ու, մանավանդ, վերոհիշյալ փաստաթղթի ի հայտ գալուց հետո պարզվեց իրականությունը։ Այսպիսով, հենց տեղում՝ Մյասնիկյանի արձանի մոտ չհաջողվեց այնպիսի մի սադրանք կազմակերպել, որն իշխանությանը լայնամասշտաբ հարձակման եւ ժողովրդի վրա կրակելու (կլինեին բազմաթիվ զոհեր) եւ արտակարգ դրություն հայտարարելու հիմք կտար։ Ցուցարարների զգոնության շնորհիվ ձախողվեց քոչարյանա-սերժական շտաբի մտահղացած երկրորդ ծրագիրը։
Երրորդ ծրագիր.
Դրանից հետո նախագահականի շտաբը փորձեց գործի դնել իր երրորդ՝ ամենասահմռկեցուցիչ ծրագիրը։ Ըստ այդմ՝ պետք է համոզեին ցուցարարներին որեւէ այլ վայր, մասնավորապես՝ Մաշտոցի պողոտայով դեպի Մատենադարան տեղափոխվել։ Ցուցարարներից շատերը, նաեւ ղեկավարներից ոմանք, առաջին պահին դա համարեցին որպես զիջում իշխանության կողմից։ Շատերն էլ դեմ էին։ Մեծ դժվարությամբ հնարավոր եղավ կապվել եւ խորհրդակցել տնային կալանքի ենթարկված եւ մինչեւ ատամները զինված հատուկջոկատայինների չորս կուռ շարքերով իր տանը շրջափակված Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Նա, դրա մեջ ինչ-որ դավադրություն կանխազգալով, կոչ արեց ոչ մի տեղ չշարժվել՝ ամենաապահով տեղը համարելով հենց այդ բաց տարածքը՝ դեսպանատան կողքին։ Այդ պահին որեւէ մեկի համար դժվար էր ենթադրել, թե ինչ տեղի կունենար որեւէ ուղղությամբ շարժվելու դեպքում։ Դա պարզվեց հետագայում։ Իսկ ծրագիրն այսպիսին էր. մոտ 150.000 մարդ շարժվում է Մաշտոցի պողոտայով, եւ երբ ամբողջ պողոտան ծայրից-ծայր լցվում է ցուցարարնեով, նույն այդ 950 սադրիչներն ամբողջ երկարությամբ սկսում են երկու կողմերի խանութների ջարդն ու թալանը, մեքենաների հրկիզումները։ Դրան, բնականաբար, հետեւում էին արդեն պատրաստ զորքի հարձակումը, հրազենի բացահայտ օգտագործումը։ Արդյունքը լինում էին բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ, զարհուրելի ու անկառավարելի մի խառնաշփոթ։ Եւ այդ հիմքի վրա էլ հայտարարվում էր արտակարգ դրություն, ձերբակալվում հազարավոր մարդիկ։
Դարձյալ հետագայում, հնարավոր եղավ պարզել (եւ իշխանությունը ստիպված եղավ խոստովանել), որ իրադարձությունների վայր էին բերվել նաեւ դիպուկահարներ (սնայպերներ)։ Սրանց խնդիրն էլ, ըստ երեւույթին, պետք է լիներ այն, որ երթի ընթացքում, շենքերի տանիքներից, նշանառու կրակով ոչնչացնեին Շարժման ղեկավարներին, որոնք երթերի ժամանակ միշտ քայլում են առջեւից։ Ինչպես ասացինք, այն ժամանակ այս ամենը հայտնի չէր, ամեն ինչ հայտնի դարձավ հետագայում՝ հավաքված տեղեկությունների ու փաստերի պատառիկներից։ Իսկ որեւէ տեղ չշարժվելու որոշումն ընդունվեց ընդամենն ինչ-որ դավի հեռավոր կանխազգացումով եւ այն հաշվարկով, որ ազատ տարածքը՝ դեսպանատան կողքին, այնուամենայնիվ, ավելի ապահով է։
Քոչարյանական շտաբի այս ծրագրի հաշվարկն արված էր երկու բանի վրա. նախ՝ եթե մի տեղում հավաքված բազմահազար ժողովուրդը վերահսկվում էր ցուցարարների ղեկավարների կողմից, ապա ձգված երթի ժամանակ, առանց բարձրախոսի, ղեկավարների համար անհնար պետք է լիներ մարդկային հսկայական զանգվածը վերահսկելը եւ հրահանգներ տալը։ Երկրորդ՝ հույս ունեին, որ զայրացած ցուցարարների մի մասն էլ, պահի ազդեցության տակ, կտրվեր գայթակղությանը եւ ակամա կխառնվեր սադրիչներին ու թալանչիներին։ Եւ, միայն շնորհիվ այն բանի, որ տեղում մնալու որոշում կայացվեց, ոճրագործ այս ծրագիրը նույնպես տապալվեց։
Չորրորդ ծրագիր. Օրվա վերջում, այլեւս ժամանակ չունենալով արտակարգ դրություն հաստատելու իր նպատակի իրականացման համար, քոչարյանական շտաբը որոշեց այդ նախորդ ծրագիրն իրագործել այնքանով, որքանով դա հնարավոր էր տվյալ պայմաններում։ Մասնավորապես, ցուցարարների հիմնական հավաքատեղից 300-400 մ հեռավորության վրա՝ Լուսավորչի, Լեոյի փողոցներում եւ Մաշտոցի պողոտայի սկզբնամասում սկսվեցին կրակոցներ, պայթյուններ, մեքենաների հրկիզումներ, խանութների թալան եւ այն։ Ցուցարարներից անջատված հետաքրքրասեր մարդկանց առանձին մանր “հետախուզական” խմբեր, ինչպես նաեւ այդ վայրերով անցնող պատահական մարդիկ դարձան նրանց թիրախը։ Արտակարգ դրություն հայտարարելու համար որպես հիմք վարչախմբին անհրաժեշտ էին դիակներ, հրկիզված մեքենաներ, խանութների թալան, ինչը եւ կարճ ժամանակում նրանք ստացան։ Սակայն քանի որ ցուցարարների հիմնական զանգվածը՝ 99%-ը մնաց տեղում, դրան չէին կարող շատ լայն մասշտաբներ հաղորդել։
Իհարկե, անմիջապես հայտարարվեց, որ այդ ամենն արել են ցուցարարները, եւ ներկայացվեց որպես արտակարգ դրություն հայտարարելու հիմքերից մեկը։ Այստեղ պետք է նկատի ունենալ մի քանի զարմանալի իրողություն։ Առաջին՝ նույն օրը եւ հետագայում հարյուրավոր ձերբակալվածների մեջ եւ ոչ մի ցուցարար չմեղադրվեց մեքենա հրկիզելու կամ խանութների թալանին մասնակցելու մեջ։ Բայց չէ՞ որ այդ ամենը կատարվել էր ոչ միայն ոստիկանության աչքի առջեւ, այլեւ ամբողջությամբ տեսագրվել էր։ Երկրորդ՝ նույն եւ հաջորդ օրերին հեռուստաալիքներով խանութների թալանի այդ տեսագրությունը ցուցադրելիս մթնեցվում էին թալանողների դեմքերը։ Երրորդ՝ տեսագրություններում երեւացող ոստիկանները միայն անխռով դիտում էին, թե ինչ է տեղի ունենում։ Չորրորդ՝ թալանը որոշ դեպքերում կատարվում էր խանութների ետնամուտքերից, իսկ թալանողների շարժումներում ոչ մի շտապողականություն կամ խռովք չէր նկատվում, ասես խանութի բանվորներ են՝ իրենց գործն են անում։ Հինգերորդ՝ որեւէ դիմադրություն չի արձանագրվել խանութների անվտանգության եւ այլ աշխատողների կողմից։ Եւ բոլոր այս զարմանալի բաները բացատրելի դարձան, երբ խանութների թալանի մեղադրանքով մի քանի ձերբակալվածներ դատարանում խոստովանեցին իրենց ով լինելը (Հանրապետականի անդամ, Սերժ Սարգսյանի վստահված անձ եւ այլն)։ Ավելին՝ տեղեկություններ կան, որ թալանված խանութների տերերը նախապես դուրս էին բերել առավել թանկարժեք ապրանքները, ինչը հետո ձեւակերպվել էր որպես կորուստ։
 Այսինքն՝ հրկիզումները, թալանը, սպանությունները եւ այլն, ինչն արվեց մարտի 1-ի երեկոյան, այդ նույնը ծրագրված էր անել ամբողջ Մաշտոցի պողոտայով մեկ՝ 10, 20, 30 անգամ ավելի մեծ մասշտաբներով, եթե ցուցարարներին հաջողվեր գայթակղել ու շարժել դեպի Մատենադարան կամ որեւէ այլ ուղղությամբ։ Զոհերի թիվը կհասներ հարյուրների, եւ դրանց մեջ անպայման կլինեին նաեւ Շարժման ղեկավարները։ Դրանից հետո, բնականաբար, տասնապատիկ մեծ կլիներ ձերբակալվածների քանակը, Շարժումը կոչնչանար։ Այսինքն՝ նախագահականում նստած շտաբը ստիպված եղավ բավարարվել այս վերջին, չորրորդ ծրագրի իրականացմամբ, որ հիմնականին զիջում էր տասնապատիկ։ Բայց նաեւ դրա արդյունքում մնացին այնպիսի նյութեր, որոնց հիման վրա, իրոք, ամեն մի “ուչաստկովի” կարող է պարզել, որ այս ամենը կատարվել է նույն այն բանդիտական խմբերի կողմից (950 հոգի), որ այդ օրն ուղարկվել էին սադրանքներ կազմակերպելու համար։
Ոչ մի կասկած լինել չի կարող, որ մարտիմեկյան ոճրագործությունը կատարվեց արտակարգ դրություն հայտարարելու ձեւական հիմք ստանալու համար։ Սակայն իրականացված ապօրինություններն ու սպանդը տեսագրությունների եւ այլ նյութերի տեսքով թողեցին հսկայական քանակությամբ ապացույցներ առ այն, որ այդ ամենը ոչ թե ընդդիմության կազմակերպած զանգվածային անկարգությունների եւ պետական հեղաշրջման փորձի մասին են վկայում, այլ վարչախմբի կազմակերպած դիտավորյալ սպանդի՝ Շարժմանը վերջ տալու եւ իշխանությունը բռնությամբ պահելու համար։ Իմիջայլոց, Փաստահավաք խումբը ցրվեց նաեւ այն պատճառով, որ մոտենում էր դրա ամբողջական պատկերը վերականգնելու խնդրի լուծմանը։ Հենց սկզբից այնքան ակնհայտ էր դա, որ հաջորդ օրվանից միջազգային հանրությունը դատապարտեց վարչախմբի գործողությունները՝ պահանջելով ե՛ւ ձերբակալվածների անհապաղ ազատ արձակում, ե՛ւ անկողմնակալ հետաքննություն։ Այլ խնդիր է, որ նույն այդ միջազգային հանրությունը՝ Արեւմուտքը շատ վճռական ու հետեւողական չեղավ իր պահանջներում, ինչը, սակայն, առանձին հարց է։

(5-րդ մաս)

Ինչո՞ւ են եւրոպական կառույցները, Արեւմտյան խոշոր երկրները, որոնք հանդես են գալիս որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ համամարդկային այլ արժեքների նախանձախնդիր պաշտպաններ, սատարում Հայաստանում հաստատված բռնատիրական, ավազակապետական վարչախմբին։

Գնանք բացասման ճանապարհով.
- հաստատ ո՛չ այն բանի համար, որ Հայաստանում այս վարչախմբի օրոք արմատական բարեփոխումներ են արվել. ընդհակառակը՝ ետ են շրջվել ժամանակին արվածները.
- հաստատ ո՛չ այն բանի համար, որ Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ տեղափոխված է ազատ մրցակցային դաշտ, եւ հարգվում է սեփականության իրավունքը. ընդհակառակը՝ ողջ տնտեսությունը մենաշնորհացված է, իսկ սեփականության իրավունքի ոտնահարման հազարավոր փաստեր կան արձանագրված.
- հաստատ ո՛չ այն բանի համար, որ Հայաստանում վերջնականապես արմատավորվել է ժողովրդավարությունը. ընդհակառակը՝ դրանից արդեն փշուրներ անգամ չեն մնացել։
- հաստատ ո՛չ այն բանի համար, որ Հայաստանում առավելագույնս հարգվում են մարդու իրավունքները. ընդհակառակը՝ դրանք ոտնահարվում են ամեն քայլափոխի.
- հաստատ ո՛չ այն բանի համար, որ Հայաստանում ոչնչացման եզրին է հասել կոռուպցիան. ընդհակառակը՝ երկիրը մինչեւ վերջ ընկղմված է կոռուպցիայի մեջ, այն մի ամբողջական համակարգ է՝ երկրի առաջին դեմքի ղեկավարությամբ.
- հաստատ ո՛չ այն բանի համար, որ Հայաստանում օրենքի գերիշխանություն է. ընդհակառակը՝ ամեն օր ոչ միայն օրենքներն են խախտվում, այլեւ Սահմանադրությունը.
- եւ հաստատ ո՛չ Սերժ Սարգսյանի գեղեցիկ աչքերի համար։
Որեւէ մեկի մոտ կասկած չհարուցող այս իրողությունների թվարկումը չշարունակենք եւ հարցին պատասխանելու համար ապավինենք պարզ տրամաբանությանը. ուրեմն՝ Սերժ Սարգսյանը նույն այդ Արեւմուտքին, այս ամենի վրա աչք փակելու համար, վճարում է շատ ավելի մեծ մի արժեքով։ Դա Լեռնային Ղարաբաղն է, նաեւ Հայոց ցեղասպանության ըստ էության ուրացումը։
2009թ. հունիսի 12-ի իր ելույթում հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանգամանալից, շատ խիստ եւ ամփոփիչ գնահատական տվեց Արեւմուտքի վարքագծին ընդհանրապես։ Մեջբերենք մի հատված.
“Ամբողջ խնդիրն այն է, որ երրորդ աշխարհի երկրներին Արեւմուտքը վերաբերվում է ոչ թե այդ երկրների ժողովուրդների շահերի, այլ նրանցում հաստատված ռեժիմների վարքագծի տեսակետից։ Հակառակ հռետորական դատարկաբանություններին, Արեւմուտքի արտաքին քաղաքականության մեջ ժողովուրդ, ազատություն, արդարություն, ժողովրդավարություն հասկացություններ գոյություն չունեն։ Ամեն ինչ ենթարկվում է գեոպոլիտիկայի եւ տնտեսական շահերի տրամաբանությանը։ Երբ ռեժիմներն սպասարկում են այդ տրամաբանությանը, նրանք ստանում են Արեւմուտքի անվերապահ աջակցությունը, անկախ այն բանից, թե ինչպիսի չարիքներ են գործում սեփական երկրներում։ Երբ այդ ռեժիմները խախտում են նշված տրամաբանությունը, նրանք Արեւմուտքի կողմից ենթարկվում են խստագույն պատիժների։ Դժբախտությունն այն է, սակայն, որ երկու դեպքում էլ գլխավորապես տուժում են ժողովուրդները”։
Ինչպես դժվար չէ նկատել, Սերժ Սարգսյանն, ինչպես իր նախորդը, ընտրել է առաջին ճանապարհը. տանուլ է տալիս, զոհաբերում է ազգային շահը (տուժում է ժողովուրդը)՝ բայց դրա փոխարեն Արեւմուտքին ազատելով երկու կարեւոր գլխացավանքից եւ ծառայելով նրա աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերին՝ վայելում է նրա բարեհաճությունը։

Եւ, այնուամենայնիվ, արեւմտյան կառույցները որոշակիորեն ազդեցին Հայաստանի իշխանությունների վրա՝ ինչ-ինչ խնդիրներ լուծելու, ներքին քաղաքականության մեջ բռնապետական ռեժիմը մեղմելու կամ ավելի չխորացնելու իմաստով։

Անշուշտ։ Սակայն միշտ պետք է հիշել, որ նրանց խաղացած դերն այդ խնդիրներում ուղիղ համեմատական է Հայաստանում գործող ընդդիմության, առաջին հերթին՝ Հայ Ազգային Կոնգրեսի ուժի աստիճանին եւ պայքարի թափին։ Այսինքն՝ եթե Շարժումը 2008թ. մարտի 1-ի բարբարոսական ջարդից ու արյունոտ սպանդից հետո մարեր, եթե չլինեին Հյուսիսային պողոտայի՝ նախադեպը չունեցող, անկոտրում վճռականությունը՝ “քաղաքական զբոսանքների” եւ բազմազան միջոցառումների տեսքով, հուժկու հանրահավաքները, երթերը, հարյուրավոր հրապարակային ակցիաները, հարցերին միջազգային հնչեղություն տալը եւ այլն, ոչ մի միջազգային ճնշում ու ԵԽԽՎ բանաձեւ ու պահանջ չէին լինի, իսկ բռնատիրությունն ու իշխանական կամայականությունները կլինեին մի քանի անգամ ավելի շատ, կյանքը կլիներ մի քանի անգամ ավելի անտանելի։
Արեւմտյան կառույցները եւ երկրները, ինչպիսի բարձր առաքելություն էլ իրենց վերագրեն, այնուամենայնիվ, ստեղծված են եւ գործում են այդ կառույցներին մաս կազմող մեծ պետությունների քաղաքական շահերից ելնելով։ Նրանք ստիպված են լինում իրենց հռչակած սկզբունքներին ու առաքելություններին համապատասխան ինչ-որ բան անել Հայաստանի նման երկրների համար, երբ վերջիններս իրենցից ինչ-որ ուժ, քաղաքական գործոն են ներկայացնում։ Տվյալ դեպքում Արեւմուտքի համար քաղաքական գործոն է ոչ թե Հայաստանի իշխանությունը, այլ ընդդիմությունը՝ ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի։ Վերջինս, իր համառ ու գրագետ պայքարով, ժողովրդականությամբ եւ այլն, հաջողեց բարձր հնչեղություն տալ համապատասխան խնդիրներին ոչ միայն երկրի ներսում, այլեւ միջազգային մասշտաբով։ Իսկ Արեւմուտքի համար շատ կարեւոր քաղաքական խնդիր է նաեւ, որ, թեկուզ Հայաստանի նման երկրներում, հակաարեւմտյան տրամադրություններ չտարածվեն, ինչպես նաեւ՝ որ սեփական ժողովուրդների աչքում կարողանա պահպանել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ նմանատիպ այլ հարցերում առաքելություն ունեցողի իր դեմքը։ Ահա այս վերջին երկու վտանգներից խուսափելու համար է, որ արեւմտյան կառույցները ստիպված են լինում նաեւ կատարել իրենց հռչակած առաքելություններից բխող ինչ-ինչ քայլեր։ Վերջին այդպիսի քայլի՝ Արեւմուտքի ճնշման տակ քաղբանտարկյալների մեծ մասն ազատ արձակվեց, իսկ մյուսների ազատման պահանջը խստացավ։ Իսկ ինչո՞ւ Արեւմուտքը չպահանջեց, որ այս պահին ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները։ Նա արեց այնքան, որքան ստիպված էր։ Կրկնակի մեծ լինեին հանրահավաքները՝ արդյունքը կլիներ կրկնակի։
Թող տարօրինակ չհնչի, սակայն Հայաստանի հետ կարեւոր քաղաքական խնդիրներ ունեցող Արեւմուտքին էլ ձեռնտու է այստեղ քաղբանտարկյալների գոյությունը։ Եթե Սերժ Սարգսյանը չի ուզում նրանց բաց թողնել՝ վախենալով Կոնգրեսի հզորացումից, ապա Արեւմուտքի համար այդ փաստը լրացուցիչ մի լծակ է՝ Սերժ Սարգսյանի վրա ներգործելու, նրանից առավելագույնը պոկելու համար։ Մնացած քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ կապված տասնյակ այլ խնդիրներ կլուծվեն միայն այն դեպքում, եթե ընդդիմությունը նույն թափով եւ ավելի հուժկու շարունակի իր պայքարը։ Դրա օրինակները մենք արդեն ունենք։

Իսկ ի՞նչ խնդիրներ ունի Արեւմուտքը Հայաստանի հետ, եւ այդ խնդիրների լուծման համար ինչո՞ւ են նրան ձեռնտու ներկա իշխանությունները։

Արեւմուտքը Հայաստանի հետ ունի երկու մեծ խնդիր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը եւ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը։ Բայց ավելի ճիշտ կլինի ասել, որ սրանք առաջին հերթին հենց Հայաստանի խնդիրներն են, որոնց պետք է լուծում տա միջազգային հանրությունը։ Այսինքն՝ մի դեպքում խնդիրը Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների մասին է, մյուս դեպքում՝ Հայաստան-Թուրքիա։ Բնական է, որ երկու դեպքում էլ կողմերից յուրաքանչյուրը պետք է ձգտի, որ խնդիրների լուծումները լինեն հօգուտ իրեն։ Բայց նման խնդիրները դատարաններում եւ իրավական ճանապարհով չէ, որ լուծվում են, եւ ոչ էլ միջազգային հանրությունը ու նրա կառույցներն անաչառ դատավորներ են։ Նման խնդիրներն ունենում են ոչ թե իրավական, այլ քաղաքական լուծումներ։ Ուստիեւ շատ կարեւոր դեր են խաղում ոչ թե կողմերի իրավական, այլ քաղաքական փաստարկները։ Քաղաքական փաստարկներ ասելով նկատի ունենք այնպիսի հանգամանքներ, ինչպես՝ միջազգային ասպարեզում երկրի տնտեսական ու քաղաքական կշիռը, հզորությունը, ժողովրդավարության մակարդակը, մարդու իրավունքների պաշտպանվածության աստիճանը, իշխանության լեգիտիմության աստիճանը, երկրի ղեկավարի դիվանագիտական եւ այլ հմտությունները, նրա թիմի ինտելեկտուալ կարողությունները եւ այլն։ Այս բոլոր առումներով Հայաստանը, որպես նորանկախ պետություն, մինչեւ 1998 թ. ամենանպաստավոր դիրքում էր մասնավորապես Ադրբեջանի նկատմամբ։ Հաջորդ՝ ռոբասերժական տիրապետության տասնամյակում Հայաստանը կորցրել է բոլոր առումներով։ Մասնավորապես հօգուտ Ադրբեջանի է փոխվել ուժերի հարաբերակցությունը. այն ժամանակ “ժողովրդավարության կղզի” համարվող մեր երկիրն այսօր հայտնի է որպես բռնատիրական ռեժիմ, մարդու իրավունքների պաշտպանվածության ամենացածր, իսկ կոռումպացվածության ամենաբարձր մակարդակ ունեցող երկիր։ 10 տարուց ի վեր Հայաստանն ունի ոչ լեգիտիմ նախագահ եւ իշխանություններ, էլ չխոսենք այդ իշխանության ղեկավարի ու մյուս բարձր պաշտոնյաների մտավոր ունակությունների մասին։ Որքան թույլ է հակամարտող կողմերից մեկը, այնքան ավելի հեշտ է նրան զիջումներ թելադրել եւ հասնել վիճելի խնդիրների կարգավորմանը։ Իսկ թուլությունը պայմանավորված է վերոնշյալ բոլոր հանգամանքներով։ Եւ, ահա, Արեւմուտքի համար Սերժ Սարգսյանը, որպես թույլ եւ խոցելի նախագահ՝ իր ոչ լեգիտիմությամբ, կոռումպացվածությամբ, կատարած հանցանքներով, երկրի ղեկավարին ոչ վայել “հոբիներով” եւ այլն, գանձի նման մի բան է։ Նրանից հնարավոր է պոկել առավելագույն զիջումներ, դրա համար էլ աչք են փակում՝ թքած ունենալով Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների վրա։ Այնպես որ, եթե այս ամենի համար անհանգստացող լինի, ապա դա պետք է լինի նախեւառաջ Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդը, ապա նաեւ ողջ հայությունը։ Թող տարօրինակ չհնչի, սակայն՝ օրինականության, ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրը մենք պետք է լուծենք՝ ոչ միայն սեփական բռնատիրության դեմ պայքարում, այլեւ կոտրելով նույն այդ Արեւմուտքի երեւացող կամ չերեւացող դիմադրությունը։
Կրկնենք, որ ինչպես Հայ-թուրքական հարաբերությունները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կենսական խնդիրներ են նաեւ Հայաստանի համար։ Խնդիրն այն է, սակայն, թե դրան հասնելու համար ինչ եւ ինչքան ես զիջում եւ ինչ եւ ինչքան ես ստանում, որքանով տվածն արժե ստացածին։ Օրինական, անխոցելի իշխանությունից շատ ավելի քիչ կլինեն զիջումներ “պոկելու” Արեւմուտքի հավակնությունները եւ հնարավորությունը։ Սերժ Սարգսյանն առայժմ տալիս է (եւ ստիպված է տալ)՝ ոչինչ չստանալով։ Նա, ըստ էության, ազգային շահերի հաշվին վճարում է իր բազմակողմ խոցելիության գինը։


(6-րդ մաս)
Իշխանական քարոզչամեքենան ամեն օր գովերգում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման խնդրում Սերժ Սարգսյանի հաջողությունները, ո՞րն է իրականությունը։

Սա հենց այն ամենացայտուն դեպքն է, երբ նա ծանր դիվանագիտական պարտություն է կրել, խաբվել երեխայի պես. զիջել է շատ մեծ բան՝ ոչինչ չստանալով։ Սակայն, ամեն ինչ հասկանալի լինելու համար արժե, որ այս հարցը ներկայացվի մի քիչ հեռվից եւ ամբողջական։
Սկսած 1970-ական թվականների կեսերից, մասնավորապես սփյուռքահայության ջանքերով, միջազգային կառույցների եւ առանձին երկրների կողմից սկսվեց 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Նույն պահից Թուրքիայի դիվանագիտության ամենակարեւոր խնդիրներից մեկը դարձավ այդ գործընթացը խոչընդոտելը եւ կանխելը։ Չնայած գործադրած ահռելի ջանքերին՝ այդ բանը նրան ոչ մի կերպ չհաջողվեց. նման հիմք Թուրքիային չտվեցին Խորհդային Միության իշխանությունները, նման հիմք նրան չտվեց անկախացած Հայաստանը։ Նման հիմք նրան տվեց Սերժ Սարգսյանը։
Թուրքիան, շատ լավ հասկանալով շրջափակման եւ տնտեսական ծանր կացության մեջ հայտնված նորանկախ Հայաստանի համար սահմանների բացման կենսական նշանակությունը, փորձ արեց դրա դիմաց ստանալ Ցեղասպանության ճանաչումից ու դրանից բխող պահանջներից Հայաստանի պաշտոնական հրաժարումը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ հռչակել էր բոլոր հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու սկզբունքը, Թուրքիայի այդ հավակնությունը չեզոքացնելու, բայց միաժամանակ նաեւ նրա հետ միջպետական հարաբերություններ հաստատելու ու ճանապարհների բացման խնդիր ուներ։ Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում որդեգրեց հետեւյալ բանաձեւը. Հայաստանի համար անվիճելի է Ցեղասպանության փաստը եւ չի կարող այդ համոզումից հրաժարվել, Թուրքիան տրամագծորեն հակառակ համոզումն ունի եւ այս փուլում ոչ մի կերպ չի կարող ճանաչել այդ փաստը։ Ու որպեսզի հակադիր այդ համոզումները, լուծման չտրվող այդ հանգույցը չխանգարի երկկողմ հարաբերությունների հաստատմանը, հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների։ Այսինքն՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականության հիմքում չի դնում Ցեղասպանության ճանաչման հարցը (պաշտոնապես չի պահանջում Թուրքիայից եւ չի միջնորդում տարբեր երկրների եւ միջազգային կառույցների առջեւ՝ ճանաչել Ցեղասպանությունը), Թուրքիան իր հերթին այդ խնդրի հետ կապված որեւէ պայման չի դնում Հայաստանի առջեւ։ Այս հիմքի վրա երկու երկրների միջեւ նորմալ հարաբերություններ են հաստատվում, բացվում են ճանապարհները։ Առայժմ լուծման չտրվող ու մի կողմ դրած հարցերը քննարկվում են հետագայում, երկկողմ հարաբերությունների հիման վրա, միջպետական մակարդակով։ Անխոցելի այս բանաձեւի դեմ Թուրքիայի համար դժվար էր արտահայտել որեւէ լուրջ առարկություն, իսկ հարաբերությունների հաստատումը եւ ճանապարհների բացումը կփրկեր Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը շնչահեղձ անող տնտեսական շրջափակումից։ Եւ կարգավորման գործընթացը հաջողություններ էր արձանագրում. Թուրքիան ոչ միայն իր օդային սահմանը բացեց, այլեւ ցամաքային ճանապարհները տրամադրեց Հայաստանին հաց մատակարարելու համար Ադրբեջանի հետ պատերազմական մի շրջանում, երբ երկրում հացի պաշարն իջել էր ընդհուպ մեկ օրվա, կես օրվա սահմանագծի։ Այս բանաձեւը մյուս կողմից ամենեւին չէր խանգարում, որ Սփյուռքը նույն կերպ շարունակի իր լոբբիստական գործունեությունը Ցեղասպանության ճանաչման խնդրում։ Ավելին, այդ բանաձեւն ամենեւին չէր խանգարում, որ Հայաստանը, առանց բարձրաձայնելու, նույնպես զբաղվի այդ խնդրով։ Այս բանաձեւը Թուրքիան ոչ մի կերպ չէր կարող որպես խոչընդոտող փաստարկ օգտագործել, երբ որեւէ երկիր պատրաստվում էր ճանաչել Ցեղասպանության փաստը։ Եւ իրոք, Ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն չկանգնեց, այլեւ 1990-98թթ. մի շարք երկրներ, այդ թվում նաեւ Ռուսաստանը, ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առկախվեց բոլորովին այլ պատճառով, Ադրբեջանի ճնշման տակ, երբ հայկական ուժերը զբաղեցրին Քելբաջարի շրջանը։
Հիշեցնենք նաեւ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միակ աշխատող եւ իրատեսական այս բանաձեւի դեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ամբողջ շրջանում, կեղծ-ազգայնական ու կեղծ-հայրենասիրական կարգախոսներով կատաղի պայքար էր մղում նրա ընդդիմությունը, մասնավորապես Դաշնակցությունը։ Նրան մեղադրում էին “թուրքամետության” մեջ, պահանջում էին, որ Ցեղասպանության հարցը պաշտոնապես դրվի արտաքին քաղաքականության հիմքում, համարում էին, որ Թուրքիայի հետ որեւէ հարաբերություն չի կարելի ունենալ, քանի դեռ վերջինս չի ճանաչել Ցեղասպանությունը։ Ասենք, որ “թուրքամետության” այս մեղադրանքը ձգվեց մինչեւ վերջերս, այն վերջին նախագահական ընտրությունների քարոզարշավում լայնորեն ու ամենակեղտոտ ձեւերով օգտագործեց նաեւ Սերժ Սարգսյանը։
1998 թ. փետրվարին իրականացրած պետական հեղաշրջումից, Լեւոն Տեր-Պետրոսյանի հարկադրական հրաժարականից, ու մասնավորապես՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Ռ. Քոչարյանն ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական բոլոր հարցերում 180 աստիճանով փոխեց դիրքորոշումները։ Նա Ցեղասպանության ճանաչման խնդիրը դրեց արտաքին քաղաքականության հիմքում, եւ 1998 թ. սեպտեմբերին այդ մասին ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ամբիոնից։ Հրճվեցին կեղծ-ազգայնական ուժերը եւ էժան հայրենասերները։ Այս նոր քաղաքականությունը ո՛չ օգնեց, ո՛չ էլ խանգարեց տարբեր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Յուրաքանչյուր երկիր դա անում էր այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ էր իր շահերի ու խնդիրների լուծման տեսանկյունից։ Բայց, հենց որ հարցը դրվեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում եւ միջազգային դիվանագիտության սեղանին, Թուրքիան հիմքեր ստացավ ավելի ակտիվ եւ արդյունավետ հակաքայլերի դիմելու։ Այդ հակաքայլերից մեկն էլ այն էր, որ վարչապետ Էրդողանը նամակով դիմեց Ռ. Քոչարյանին. “Դուք Ցեղասպանության ճանաչման հարցը դարձրել եք ձեր արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը. մենք համարում ենք, որ նման բան չի եղել։ Այս վեճին վերջ տալու համար եկեք հայ եւ թուրք պատմաբաններից մի հանձնաժողով ստեղծենք, թող այդ հանձնաժողովն ուսումնասիրի եւ պարզի՝ նման բան եղել է, թե՞ ոչ”։
Սա ցինիկ առաջարկ էր։ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջանում, երբ այս խնդրի համար բոլորովին այլ բանաձեւ էր աշխատում, նման մի առաջարկ անհեթեթ,  ուստիեւ անհնար կլիներ, այն պարզ պատճառով, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական օրակարգում նման հարց չուներ։ Քոչարյանը տվեց այն հիմքը, ինչի վրա էլ հնարավոր դարձավ “պատմաբանների հանձնաժողով” ստեղծելու՝ Թուրքիայի ցինիկ ու վտանգավոր առաջարկը։ Շատ մեծ խելք պետք չէր հասկանալու համար, որ սա նաեւ խորամանկ մի ծուղակ է։ Համաձայնել դրան, կնշանակեր կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը, կնշանակեր ուրանալ այն։ Ռ. Քոչարյանը չարձագանքեց այդ նամակին. իր իշխանությունը պահելու համար նա ստիպված չէր դա անել։ Բայց Թուրքիան որոշակի դիրքային առավելություն ստացավ։ Նման առաջարկի փաստը եւ դրա անարձագանք մնալը (կամ մերժելը) Թուրքիան կարող էր օգտագործել Ցեղասպանությունը ճանաչել պատրաստվող երկրներին ասելու. “Տեսե՛ք, մենք առաջարկել ենք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել պարզելու համար՝ 1915 թ. իրո՞ք ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Եթե Հայաստանը համոզված է, որ եղել է, ինչո՞ւ է վախենում դրանից եւ մեր առաջարկին չի արձագանքում”։ Ճիշտ է՝ սա դեռեւս թույլ փաստարկ եւ թույլ հիմք էր։ Այդ հիմքը կդառնար շատ կարեւոր եւ վճռորոշ, եթե Հայաստանը պաշտոնապես համաձայներ այդ առաջարկին, զարհուրելի մի քայլ, ինչը ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում։ Որքան էլ ժամանակին այն մնաց անարձագանք, այնուամենայնիվ, ինչպես պարզվում է, դա մնաց որպես դանդաղ գործողության մի ական։
Այդ ականը Մոսկվայում պայթեցրեց Սերժ Սարգսյանը։ Եւ դա նաեւ Քոչարյանի տղայական քաղաքականության ու Սերժ Սարգսյանի՝ դրան հավատարիմ մնալու արգասիքն է։ Դրանով նա ընդունեց 1990-ից Թուրքիայի երազած նախապայմանը՝ տվեք Ցեղասպանությունը, բացենք սահմանները։ Ընդունեց եւ... խաբվեց։ Թուրքիան հիմա էլ մի այլ նախապայման է դնում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։

Ի՞նչն էր դրա պատճառը. դիվանագիտական մտքի տկարությո՞ւնը, թե՞ սեփական իշխանությունն ամրացնելու միջոց գտնելը։

Թե՛ մեկը, թե՛ մյուսը։
Մասնավորապես հայ պատմաբանների ուսումնասիրությունների, հասարակական գործիչների տասնամյակների հսկայական ջանքերի շնորհիվ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, որպես պատմական իրողություն, միջազգային մասշտաբով որեւէ կասկածի ենթակա չէ։ Եւ եթե նույն այդ տասնամյակներում թուրքական կողմն ակտիվորեն պայքարել է միջազգային հանրությանը հակառակն ապացուցելու համար, ապա քարոզչական այդ պայքարում նա պարտվել է հայկական կողմին։ Հենց դա է այն հիմքը, որի վրա ավելի քան 30 տարի առաջ սկսվեց եւ շարունակվում էր Ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Ամեն մի երկրի իշխանություն այդ խնդրի հետ կապված գտնվում է երկու ուժերի ճնշման տակ. մի կողմից սեփական երկրի հասարակական կարծիքը (ինչը սովորաբար նախապատրաստվում է հայկական շրջանակների ջանքերով), դրան գումարած՝ ընտրություններում իր երկրի հայերի ձայները վաստակելը, իսկ մյուս կողմից՝ Թուրքիայի հետ հարաբերությունները չվատացնելու խնդիրը։ Թուրքիայի հետ հենց այնպես հարաբերություններ փչացնելը ոչ մեկին պետք չէ։ Բայց ամեն մի իշխանություն կամ քաղաքական ուժ նաեւ մտահոգված է իր երկրի ներսում սեփական վարկանիշի, իմիջի պահպանման ու բարձրացման խնդրով։ Երբ երկրորդն ավելի կարեւոր է դառնում, այդ երկրները ճանաչում են Ցեղասպանությունը։ Ինչպիսի՞ հիմք, փաստարկ էր պետք, որպեսզի քարոզչության մեջ հայկական կողմին պարտված Թուրքիան կանխեր այս բանը։ Պետք էր, որ Հայաստանը պաշտոնապես, եթե ոչ ժխտեր, ապա գեթ կասկածի տակ դներ այդ իրողությունը։
Այս առումով լավագույն օրինակը Միացյալ Նահանգներն են։ Ամեն անգամ նախագահի թեկնածուներն իրենց վարկանիշը բարձրացնելու, ձայներն ավելացնելու համար նախընտրական շրջանում տալիս են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումը։ Ընտրվելուց հետո որեւէ կերպ շրջանցում են դա եւ, ըստ էության, դրժում իրենց խոստումը։ Հասկանալի է, որ դրանով նրանք անհարմար վիճակի մեջ են ընկնում։ Բայց քանի որ ավելի կարեւոր են համարում Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելը, ուստիեւ գնում են անձնապես անհարմար վիճակի մեջ ընկնելու այդ քայլին։ Սակայն դա գնալով ավելի ու ավելի դժվար ու վարկաբեկիչ էր դառնում։ Վերջին նախագահական ընտրություններում նույն վիճակում էր հայտնվել նաեւ Օբաման։ Նախընտրական շրջանում նա հայտարարեց, որ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, հակառակ դեպքում շատ ձայներ կկորցներ։ Բայց նաեւ շատ լավ հասկանում էր, որ եթե նույն բանն ասի Նախագահ ընտրվելուց հետո, ապա կկորցնի Թուրքիայի հետ հարաբերություններում։ Ի՞նչ էր պետք նրան այդ բանը չանելու ու, միաժամանակ, ստախոս, խոստումնազանց դուրս չգալու համար։ Պետք էր այնպիսի մի փաստարկ, որ ասեր. “Ես այդ բանը չեմ անում՝ ելնելով... Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից”։ Երբ Սերժ Սարգսյանը ստորագրեց այն փաստաթուղթը, որտեղ նախատեսվում է նաեւ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծել, Օբաման հենց այդպես էլ արեց՝ որպես հիմք մատնանշելով այս փաստաթուղթը։ Նա ասաց, որ ինքը շարունակում է անձնապես մնալ իր կարծիքին, սակայն այդ մասին պաշտոնապես չի հայտարարում, որպեսզի չխանգարի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը շատ կարեւոր է առաջին հերթին Հայաստանի համար։ Ասել է թե՝ Թուրքիայի համար իրեն հուզող հիմնական խնդիրն արդեն լուծված է։ Հիմա նա յուրաքանչյուր նման երկրի կարող է ասել. “Ինչպե՞ս եք ճանաչում մի բան, որը դեռեւս ապացուցված պատմական իրողություն չէ։ Տեսեք՝ մենք Հայաստանի հետ պայմանավորվածություն ունենք պատմաբանների համատեղ հանձնաժողով կազմելու եւ ուսումնասիրելու խնդիրը (պարզել՝ եղե՞լ է դա, թե՞ ոչ)”։ Եւ բոլոր երկրներն էլ հաճույքով կընդունեն այս փաստարկը ու գոհ կմնան Սերժ Սարգսյանից, որ ազատել է իրենց մի գլխացավանքից։
Դիվանագիտական այս խաղում, Սերժ Սարգսյանը, ինչպես եւ սպասվում էր, խաբվեց երեխայի պես։ Թուրքիան նրանից պոկեց պատմաբանների հանձնաժողովի խոստումը, բայց չբացեց սահմանները։ Այժմ էլ նա հայտարարում է, որ այդ բանը կանի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումից հետո միայն։
Այսինքն, Սերժ Սարգսյանի արածը ոչ միայն դիվանագիտական մտքի տկարության հետեւանք է։ Եթե անգամ Թուրքիան բացեր ճանապարհները, միեւնույն է՝ դա դարձյալ կլիներ չափազանց անբարոյական ու ոչ համարժեք գործարք, կշարունակեր մնալ որպես Ցեղասպանության ուրացում, ազգային դավաճանություն՝ միջազգային ասպարեզում համակրանք շահելու ու դրանով սեփական ոչ լեգիտիմ իշխանությունը պահպանելու համար։

(7-րդ մաս)

Արդեն շուրջ 20 տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջին եւ հիմնական հարցն է։ Այս հարցում ե՞ւս քոչարյանական վարչախումբը 1998-ին 180 աստիճանով փոխեց Հայաստանի դիրքորոշումը, եւ ինչո՞ւմ դա արտահայտվեց։

Շատերին թվում է, թե շատ բարդ է Ղարաբաղի խնդրի ընկալումը։ Մինչդեռ այն շատ պարզ է, եթե մարդը նախատրամադրված չէ եւ չի շահարկում խնդիրն այլ նպատակներով։
1988 թ. փետրվարից Լեռնային Ղարաբաղի խնդիրն իր իսկ բնակչության կողմից բարձրացվեց որպես հայաբնակ այս ինքնավար մարզը Հայաստանին միացնելու հարց։ Քանի դեռ Խորհրդային Միությունը կար, դա այլ բան չէր, քան նույն պետության ներսում, նրա ներքին վարչական սահմանների փոփոխություն։ Մինչ այդ էլ ներքին սահմանների փոփոխության տասնյակ դեպքեր էին եղել Խորհրդային Միության հանրապետությունների շրջանակներում, եւ դա անհնար չէր, մանավանդ, որ խոսքը վերաբերում էր նույն ազգի երկու հատվածների միավորվելուն։ Միջազգային հանրությունն էլ դա պաշտպանում էր՝ այն համարելով ոչ միայն արդարացի, այլեւ ժողովրդավարական մի խնդիր։
Խորհրդային Միության փլուզումից եւ նրա մաս կազմող հանրապետությունների անկախացումից հետո Լեռնային Ղարաբաղի խնդիրը չէր կարելի նույն կերպ հետապնդել, քանի որ այժմ արդեն խոսքը երկու անկախ պետությունների պետական սահմանների մասին էր, ոչ թե մեկ պետության ներսում վարչական սահմանների փոփոխության։ Ուստիեւ, պետք էր դրան նոր ձեւակերպում տալ եւ հետապնդել նոր իրավական դաշտում՝ միջազգային իրավունքի շրջանակներում։ Այդ հնարավորությունը տալիս էր ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի միջազգային իրավունքի նորմը։ Հայաստանը այս՝ միջազգային հանրության համար միակ հասկանալի եւ ընդունելի մոտեցումը դրեց իր արտաքին քաղաքականության հիմքում։ Դրան համապատասխան էլ իր դիվանագիտության թիվ 1 խնդիրը դարձրեց Լեռնային Ղարաբաղը որպես ինքնորոշվող սուբյեկտ՝ հակամարտության եւ բանակցային կողմ դարձնելու հարցը։ Այսինքն՝ ոչ թե Հայաստանն է հողային պահանջներ ներկայացնում Ադրբեջանին (ինչը միջազգային հանրության համար անընդունելի կլիներ ու միանգամից կմերժվեր), այլ Լեռնային Ղարաբաղի բացարձակ մեծամասնությամբ հայ բնակչությունն է ցանկանում ինքնորոշվել, դուրս գալ Ադրբեջանի կազմից (ինչը միջազգային հանրությունը չէր կարող մերժել, քանի որ միջազգային իրավունքն ունի ազգերի ինքնորոշման այդպիսի նորմ)։
Հենց այս մոտեցման հիմքի վրա է, որ հնարավոր եղավ հասնել նաեւ ռազմական հաջողությունների, հասնել Լեռնային Ղարբաղի ազատագրմանը, նրա շուրջ անվտանգության գոտու ստեղծմանը։ Իսկ ամենակարեւոր ձեռքբերումն այն էր, որ, հաղթահարելով Ադրբեջանի  ամենահամառ դիմադրությունը, հայկական դիվանագիտությանը հաջողվեց Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչել տալ որպես հակամարտության եւ բանակցային կողմ։ Սա հայկական դիվանագիտության ամենափայլուն հաղթանակն էր, նույնքան, գուցեեւ ավելի կարեւոր, քան ռազմական հաջողությունները։ Դա ապահով հիմք էր՝ ինքնորոշման սկզբունքը առաջին պլանում պահելու համար եւ վերջնական կարգավորման ժամանակ բացառելու Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ամրագրելուց։ Որքան էլ այս հիմքի վրա ձեռք բերված հաղթանակներն ու հաջողությունները անսակարկելի էին, նույնիսկ անհավատալի, այնուամենայնիվ, այս դեպքում եւս Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդդիմությունը կեղծ-ազգայնական ու կեղծ-հայրենասիրական դիրքերից նրան քննադատում էր, թե իբր նա մենակ է թողել Ղարաբաղին, չի պահանջում մեր պատմական հողերի միացումը Հայաստանին։ Այս քննադատության առաջատարը Դաշնակցությունն էր, ինչը բխում էր նրա կեղծ ազգայնական, պահանջատիրական “գաղափարախոսությունից”, ինչպես նաեւ նրան հարող պատեհապաշտ այլ ուժեր։ Քաղաքական, դիվանագիտական եւ իրատես քաղաքականության առումով սա անգրագիտություն էր, հասարակ ժողովրդին դուր գալու միջոց, պոպուլիզմ։
Ռ. Քոչարյանը, իշխանության գալով, այս հարցում եւս տրամագծորեն փոխեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ այն ըստ էության դնելով Դաշնակցության պահանջատիրական “գաղափարական սկզբունքների” վրա։ Միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին հակադրվե՞լն էր նրա շարժառիթը, ավելի հայրենասեր երեւալու ու շատերին դուր գալու ձգտո՞ւմը։ Մի բան պարզ է, որ այս փոփոխությամբ նա առժամանակ հնարավորություն ստացավ խուսափել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումից եւ խնդրի սառեցումը ծառայեցնել որպես իր ոչ լեգիտիմ իշխանության պահպանման միջոց։ Այդ անելու համար Ռ. Քոչարյանն իր իսկ ձեռքով զրկեց Լեռնային Ղարաբաղին հակամարտության ու բանակցային կողմի կարգավիճակից։ Այսօր այդ մասին բարձրաձայն ասում են նույնիսկ համանախագահները։ Դրանով ոչնչացվեց հայկական դիվանագիտության ամենամեծ ու ամենակարեւոր ձեռքբերումը։ Դա մեծ նվեր էր Ադրբեջանին։ Ամեն ինչ շատ պարզ է. եթե բանակցությունների սեղանին չկա Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության եւ ինքնորոշվող կողմ, ուրեմն չկա ինքնորոշման հարց։ Եթե չկա ինքնորոշման հարց, ուրեմն Լեռնային Ղարաբաղն ընդամենը վիճելի տարածք է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, իսկ եթե վիճելի տարածք է, ուրեմն այդ խնդրի լուծումը պետք է փնտրել ոչ թե ինքնորոշման սկզբունքի, այլ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Ժամանակն սկսեց ավելի արդյունավետ աշխատել հօգուտ Ադրբեջանի։ Եւ հենց դրանից հետո էր, որ Ադրբեջանը հանգիստ կարողացավ հակամարտությունը ներկայացնել ոչ թե Ադրբեջան - Լեռնային Ղարաբաղ, այլ Ադրբեջան - Հայաստան ֆորմատով ու զանազան միջազգային կառույցներից ձեռք բերել իր համար նպաստավոր տասնյակ բանաձեւեր ու այլ փաստաթղթեր։ Եւ, ի տարբերություն 1997 թ.-ի, հիմա Ադրբեջանի փաստաթղթային բազան շատ հարուստ է՝ խնդիրը հօգուտ իրեն եւ ի վնաս Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի լուծելու համար։ Էլ չխոսենք այն մասին, որ այս ընթացքում նաեւ ուժերի հարաբերակցությունն է տնտեսական ու ռազմական առումով էականորեն փոխվել հօգուտ Ադրբեջանի։ Այս ամենը փաստ է։ Եւ եթե սրան էլ այլ բան, քան ազգային դավաճանություն կարելի է ասել, թող ամեն մեկն ինքը որոշի՝ իր խղճի մտոք։

Բայց վերջերս հաճախ է խոսվում Լեռնային Ղարաբաղին որպես հակամարտության կողմ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին։ Դա չի՞ նշանակում, որ Սերժ Սարգսյանը վերադառնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական ուղեգծին։ Այդ պահանջը դնում է նաեւ ԼՂՀ իշխանությունը։

Արտաքնապես՝ այո, ըստ էության՝ ոչ։ Դրա համար անհրաժեշտ էր, որ նա հրապարակավ հայտարարեր, թե 1998 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի հարցում սխալ քաղաքականություն է վարվել, եւ ինքն արմատապես փոխում է այն, հրաժարվում է բանակցություններում ներկայացնել նաեւ Լեռնային Ղարաբաղը ու չի մասնակցի որեւէ բանակցության՝ առանց ԼՂՀ իշխանության ներկայացուցչի։ Այդ բանը նա ոչ միայն չի արել, այլեւ չի էլ անի, քանզի 1998-ից ի վեր Ռ. Քոչարյանի հետ միասին ինքն է եղել այդ քաղաքականության գլխավոր ճարտարապետներից մեկը։ Նման բան ասելու համար մարդուն քաղաքական քաջություն ու արժանապատվություն է պետք, նման բան ասելուց հետո քաղաքական քաջություն ու արժանապատվություն ունեցող գործիչը պետք է հրաժարական տա։
ԼՂՀ իշխանությունների այդ “պահանջն” էլ երեսպաշտություն է։ Այո, Լեռնային Ղարաբաղը կարող էր փոխել իրերի վիճակը։ Դեռ 2007թ. հոկտեմբերի 26-ի իր առաջին հանրահավաքային ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը, կանխատեսելով դեպքերի զարգացման այսօրինակ ընթացքը, մատնանշեց, որ իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է, որ Ղարաբաղը բանակցություններում ներկայանա որպես հակամարտության լիիրավ կողմ։ Նա միաժամանակ զգուշացրեց, որ Սերժ Սարգսյանի ընտրության դեպքում դա տեղի չի ունենալու, նա այս հարցում շարունակելու է քոչարյանական քաղաքականությունը։ Այդպես էլ եղավ։ Ապա 2008թ. դեկտեմբերի 21-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմեց ծայրահեղ քայլի. նա հրապարակավ կոչ արեց Բակո Սահակյանին՝ հայտարարել, որ Հայաստանից ետ է վերցնում միջազգային հանրության կողմից ԼՂՀ-ին տրված հակամարտության կողմ լինելու մանդատը եւ արգելում է Հայաստանի նախագահին իր անունից բանակցություններ վարել։ Բակո Սահակյանը չարեց այդ բանը։ Շատ ուշ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում փորձեցին այդպիսի մի ներկայացում խաղալ, բայց դա ընդամենը թատերական ներկայացում էր, իսկ Բակո Սահակյանն այդպիսի հայտարարություն անելու փոխարեն բավարարվում է մանր-մունր ձեւական փնթփնթոցներով։
Բացի Ռ. Քոչարյանից ու Ս. Սարգսյանից, 1998-ին կործանարար այս քաղաքականության ճարտարապետներից են եղել նաեւ Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանը, այն իրականացնողների մեջ է եղել Վարդան Օսկանյանը, դրան մեղսակից են ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունները, դրանց մաս կազմած հայտնի քաղաքական ուժերը, տասնյակ “քաղաքական” եւ “ազգային գործիչներ”, որոնք փառաբանել են Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին կամ նրանց ձեռքի տակ կեղծ ընդդիմության դեր են խաղացել եւ այլն։ Դրանք բոլորն այսօր կա՛մ լռում են, կա՛մ հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի՝ բանակցությունների կողմ լինելու գյուտարարի դերում, կարծես նման բան երբեւէ չի եղել, եւ հենց իրենք չեն դրա գերեզմանափորները։
Այո, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ նրանց սատարած ու սատարող “քաղաքական” ուժերն ու գործիչներն այդ բանը չեն խոստովանի, քանի որ նրանք չեն էլ մտածում, թե սխալ են վարվել։ Այո՛, դա կործանարար սխալ է, բայց միայն քաղաքական ու պետական մտածողության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների շահերի տեսանկյունից։ Մինչդեռ բոլորովին այլ է եղել եւ այլ է մնում քոչարյանասերժական իշխող խմբակի տեսանկյունը. դա անձնական իշխանության պահպանման, երկիրն ու ժողովրդին թալանելու միջոցով անձնական հարստություն դիզելու տեսանկյունն է՝ մնացած ամեն ինչ դրան ծառայեցնելու, հանուն դրա վատնելու, դրա համար մատաղ անելու նրանց պատկերացումը։ Իր հրաժարականի հայտարարության մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, թե “...իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ”։ Ահա պետականության հիմնադրույթների այդ “այլ պատկերացումների” ու դրանց կիրառման արդյունքն է այսօրվա իրավիճակը նաեւ Ղարաբաղի հարցում։ Այնպես որ, երբ Սերժ Սարգսյանը կամ մյուսները խոսում են Լեռնային Ղարաբաղը բանակցությունների կողմ դարձնելու մասին, դա ընդամենը մի աճպարարություն է, որ մշակված է եղել վաղուց. երբ այլեւս կսպառվեն խնդրի լուծումը ձգձգելու (ու դրանով իսկ իշխանություն պահելու) բոլոր միջոցները, Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը կօգտագործեն որպես նույն՝ ձգձգման նպատակին հասնելու վերջին մի խաղաքարտ։ Ազգադավ այդ ծրագիրը շատ լավ հասկացել ու դրան գնացել են ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը եւ ներկա նախագահ Բ. Սահակյանը։ Իսկ թե ինչ արագությամբ կմաշվի նաեւ այս խաղաքարտը, կերեւա շուտով, կամ արդեն իսկ ակնհայտ է։ Այնպես որ, Ս. Սարգսյանը ուղղագիծ վարում է նույն՝ Ռ. Քոչարյանի քաղաքականությունը եւ միտք անգամ չունի շեղվել դրանից։ Մնացած ամեն ինչ անտեղյակներին ու թույլ ուղեղներին մոլորեցնելու համար է, սուտ, փարիսեցություն, վերջին հաշվով՝ ծանրագույն հանցանք։

(8-րդ մաս)

Մի՞թե առկա է նաեւ պատերազմի սպառնալիքը։

Քանի դեռ ռազմական փուլ ունեցած, զինադադարով ժամանակավորապես սառեցված հակամարտությունը չի ավարտվել խաղաղության պայմանագրի կնքմամբ, պատերազմի վտանգը միշտ էլ մնում է օդի մեջ կախված ու ժամանակի հետ ավելի է ահագնանում։ Մանավանդ որ այդ ժամանակն աշխատել է հօգուտ հակառակորդիդ։ Կար ժամանակ, երբ վարչախմբի պարագլուխները պատերազմից չէին վախենում։ Չէին վախենում ոչ թե այն պատճառով, որ համոզված էին, թե դա չի լինի, կամ՝ որ նորից կհաղթենք։ Ամենեւին ոչ։ Համոզված էին, թե պատերազմի միջոցով (թեկուզ հազարավոր զոհերով), ծայրահեղ դեպքում Ղարաբաղը կորցնելու դեպքում էլ կարող են պահել իրենց իշխանությունը։ Հենց դրա համար էր, որ առաջին գործը եղավ բոլոր հեռուստաալիքները բռի մեջ հավաքելը (որպեսզի ժողովուրդը զրկվի այլընտրանքային եւ իրական տեղակատվությունից), ստեղծեցին կեղծ ու վճարովի ընդդիմության մի ամբողջ համակարգ, ճնշեցին ազատ խոսքը, մեծ տեղ տվեցին կեղծ-հայրենասիրական ու կեղծ-ազգայնական ուժերին ու ճոռոմաբանությանը, հնարավորինս շատ մարդկանց “կապեցին”՝ ներքաշելով կոռուպցիոն համակարգի մեջ, կաշառեցին մտավորականների, ստեղծեցին վախի մթնոլորտ, ամեն կերպ նպաստեցին Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան բնակչության արտագաղթին եւ այլն։ Հնարավոր պատերազմում պարտվելուց հետո պետք էր միայն բարձրացնել կեղծ-հայրենասիրական մի մեծ հիստերիա, ինչը հլու կանեին հեռուստաալիքները, հանցակցությամբ կամ նյութապես իրենց կապված գործիչներն ու մտավորականները, ծախու ընդդիմությունը եւ լռեցնել իրականությանն անտեղյակ ու վախեցած հասարակությանը։ Շատերի համար սա կարող է չափազանցություն թվալ։ Իզուր։ Ժամանակին նույն կերպ չափազանցություն կարող էին թվալ նաեւ Հոկտեմբերի 27-ի եւ Մարտի 1-ի ոճիրները։
Այժմ դա անհնար է անել։ Անհնար է, քանզի տեղի է ունեցել չնախատեսված ու անսպասելի մի բան։ Բարձր գնահատելով հանդերձ 1998 թ.-ից ի վեր վարչախմբի դեմ իրական պայքար մղած ուժերի ու գործիչների վաստակը եւ ժողովրդական ընդվզման բարձրացրած ալիքները՝ այդուամենայնիվ, չի կարելի չարձանագրել, որ 2007թ. աշնանից է, որ Հանրապետության Առաջին նախագահի գլխավորությամբ հասարակական հերթական ընդդիմացման ալիքն էր, որ վերածվեց համաժողովրդական շարժման կենդանի ու կենսունակ օրգանիզմի՝ ձեւավորելով որակապես նոր՝ քաղաքացիական հասարկություն։ Հասարակության գերակշիռ մեծամասնությունը կազմող հսկայական այդ զանգվածն, ահա, ազատված է վախի մթնոլորտից, ունի տեղեկացվածության անհրաժեշտ մակարդակ եւ համախմբված է բռնապետական իշխանության դեմ։ Հայ Ազգային Կոնգրեսի տեսքով այդ շարժումն է, որ ուղեփակոցի նման կանգնած է հանցավոր այդ ծրագրի ճանապարհին։ Ուստիեւ, ի տարբերություն Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանն այժմ սարսափում է պատերազմից՝ քաջ գիտակցելով, որ դա այլեւս իր համար չի կարող փրկության խարիսխ լինել, այլ կլինի իր իշխանության վերջը եւ պատասխան տալու սկիզբը։ Այսինքն՝ Հայ Ազգային Կոնգրես - Համաժողովրդական շարժումն այսօր միակ խոչընդոտն է պատերազմական արկածախնդրության դեմ, եւ որքան այն հզոր լինի, որքան շատ մարդ միանա Շարժմանը, որքան հզոր լինեն հանրահավաքները, այնքան փոքր կլինի արյունոտ արկածախնդրության այդ վտանգը։
Բայց Սերժ Սարգսյանը, նույն պատճառով, պետք է որ սարսափի նաեւ որեւէ վերջնական փաստաթուղթ ստորագրելուց։ Նա, որպես քոչարյանական իշխանության թիվ 2 դերակատար, իսկ հիմա որպես թիվ 1 քաղաքական պատասխանատու, պետք է վերջնական որեւէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ կամ հետո պատասխան տա մի շարք հարցերի.
1.      1998 թ.-ին իրենք իշխանության եկան 8000 քառ. կիլոմետր տարածքով անկախ Լեռնային Ղարաբաղի ծրագիր դեմ տալով։ Որքանո՞վ է իրականանում այդ ծրագիրը։
2.      1998-ին իրենք քամահրանքով էին խոսում պատերազմի վերսկսման հնարավորության մասին, ինչո՞ւ են այսօր խոսում այդ մասին։
3.      Անցած 10 տարվա ընթացքում, խաղաղության պայմաններում Հայաստանից արտագաղթել է կես միլիոն, Արցախից 25.000 մարդ, ինչո՞վ է դա փոխհատուցվում։
4.      Խնդրի սառեցման հետեւանքով շրջափակման մեջ մնացած Հայաստանն ու Ղարաբաղը կորցրեցին զարգացման 10-11 տարի, ի՞նչ են ստանում դրա փոխարեն։
Եթե այսօր նա ստանար 8000 կմ քառ. տարածքով անկախ Լեռնային Ղարաբաղ, այս ամենը գուցե կարելի էր արդարացնել, բայց եթե այսօր նա ստանում է շատ ավելի քիչ, քան դա հնարավոր էր 1998-ին, ի՞նչ պատասխան է տալու։ Շարժման եւ Հայ Ազգային Կոնգրեսի պայքարի շնորհիվ վախը թոթափած, քաղաքացիական գիտակցության եկած եւ իրազեկված հասարակությունը չի համակերպվելու դրան, նրան անհնար է լինելու խաբել, անհնար է լինելու զսպել։
Հիմա այն մարդիկ, ովքեր 1998-ին քամահրանքով էին խոսում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորման դեպքում պատերազմի սպառնալիքի մասին զգուշացման դեմ եւ դատապարտում նրան “պարտվողականության” մեջ, այսօր իրենք են սկսել խոսել այդ վտանգի մասին։ Եւ առաջիկայում, համոզված ենք, այդ վտանգի ցուցադրումը դառնալու է իշխանական լրատվամիջոցների քարոզչության հիմնական առանցքը։ Իհարկե, նրանք երբեք չեն խոստովանելու, թե իրենք ժամանակին սխալվել են։ Այժմ դա պետք է մի բանի համար. ժողովրդին ասել, թե՝ եթե չեք ուզում պատերազմ, սուսուփուս ընդունեք այն լուծումը, որ կստորագրի Սերժ Սարգսյանը։
Դա անբարոյականություն է, քաղաքական արժանապատվության իսպառ բացակայություն։ Դա հանցագործություն է։ Ոմանք կասեն, թե քաղաքականության մեջ բարոյականություն չկա՞։ Բարոյականություն կա բոլոր բնագավառներում, նույնիսկ քրեական աշխարհում։ Պարզապես դրանց նորմերն ու սկզբունքները քրեական են։ Հարյուրավոր օրինակներ կարելի է բերել, երբ քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ, ելնելով քաղաքական բարոյականության սկզբունքից ու արժանապատվության զգացումից, ինքնակամ հրաժարական են տվել սխալ կանխատեսման, ոչ ճիշտ ծրագրի, ինչ-որ գործ ձախողելու, թերանալու պատճառով կամ նույնիսկ այն դեպքում, երբ իրենք ճիշտ են եղել, սակայն այդ ճիշտը չի ընդունվել։ Այնպես որ, 1997-ին “պատերազմ, թե՞ խաղաղաղություն” հարցադրման մասին քամահրանքով խոսող Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանը, նրանց հետ աշխատած ու համագործակցած այլ գործիչներ ու պաշտոնյաներ, նրանց պաշտպանող “մտավորականներ”, վերլուծաբաններ, քաղաքագետներ եւ այլն, այսօր, պատերազմի վտանգից խոսելուց առաջ, նախ պետք է խոստովանեն իրենց սխալը, հանցանքը, դրա՝ այսօր առարկայացող զարհուրելի հետեւանքները։ Եթե գեթ ամենաչնչին չափով Սերժ Սարգսյանի մեջ պետական, քաղաքական գործչի որակ կա, քաղաքական բարոյականության հյուլե, արժանապատվության չնչին զգացում, ապա նա այդ վտանգի մասին խոսելուց առաջ պետք է անհապաղ հրաժարական տա։ Քանզի հենց ինքը եւ վերոհիշյալ մարդիկ են, որ հասունացրին այդ վտանգը։ Ու ոչ մեկը թույլ չպիտի տա, որ նրանք հիմա էլ պատերազմի “բոբոյով” փորձեն վճարել իրենց հանցավոր իշխանության պահպանման դիմաց։

Ինչո՞վ ենք համոզված, որ ստորագրվելիք փաստաթուղթն ավելի վատն է լինելու, քան դա հնարավոր էր 1997-98-ին։ Չէ՞ որ մենք շարունակում ենք մնալ հաղթող կողմ, իսկ կարգավորումը տեղի է ունենալու դարձյալ նույն՝ փոխզիջումների հիման վրա, ինչի մասին ասում էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Դա ամենեւին դժվար չէ կռահել՝ նկատի ունենալով հետեւյալ հանգամանքները.
ա) 1997-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, թե փոխզիջման էությունից բացի կարեւոր է նաեւ փոխզիջման պահը։ Որ դա պետք է անել, երբ ուժեղ ես քո հակառակորդից։ Որ՝ Հայաստանն ու Ղարաբաղը այդ պահին ուժեղ են քան երբեւէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում, շրջափակման պայմաններում աստիճանաբար թուլանալու են։  Հանցավոր ինքնախաբեություն կլինի ասել, թե ուժերի հարաբերակցությունը նույնն է։ Ինչպես եւ կանխատեսվում էր՝ այն բոլոր առումներով, սկսած տնտեսականից մինչեւ միջազգային հանրության մեջ հեղինակության առումով, ակնհայտորեն փոխվել է հօգուտ Ադրբեջանի։ Միայն այն փաստը, որ արդեն Ադրբեջանի ոչ թե պետական, այլ ռազմական բյուջեն է հավասարվել Հայաստանի պետական բյուջեին, բավարար է նույնքան կարեւոր այլ փաստարկներ ու թվեր չբերելու համար։ Իսկ վերջերս նույնիսկ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էլ ասաց, որ 1998-ին Հայաստանի դիրքերն ավելի ուժեղ էին, քան հիմա՝ դրանով իսկ անվերապահորեն հաստատելով ժամանակին Առաջին նախագահի արած կանխատեսում-զգուշացման ճշգրտությունը։ Այնպես որ դրա դեմ վարչախմբի “ամենամարտունակ բանակի” մասին եւ այլ ճարահատ ճոռոմաբանությունները ոչինչ չարժեն։ Իսկ նմանօրինակ խնդիրների քաղաքական կարգավորումը բխելու է առաջին հերթին ուժերի այդ հարաբերակցությունից։
բ) 1997-ին, ինչպես արդեն ասացինք, Լեռնային Ղարաբաղը հակամարտության եւ բանակցային լիարժեք կողմ էր, այսօր նա վարչախմբի նախաձեռնությամբ արդեն 10 տարի է, հեռացված է բանակցային սեղանից։ Սա շատ կարեւոր կորուստ է։ Դրանով բանակցային սեղանին 2։1 հարաբերակցությունը դարձել է 1։1 եւ վերացել է ճկունության հիմքը։ Դա այն առարկայական փաստարկն էր, որի դեպքում առնվազն կարելի էր խոսել ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության միջազգային երկու սկզբունքների հավասարազորության մասին։ Նրա հեռացումից հետո միջազգային կառույցների եւ տարբեր երկրների կողմից բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ են հնչել տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության եւ խնդիրը այս սկզբունքի հիման վրա կարգավորելու մասին։
գ) Մինչեւ 1998 թ. Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները միջազգային փաստաթղթերում ճանաչվում էին որպես “տեղական հայկական կազմավորումների” (այսինքն՝ ղարաբաղցիների) կողմից զբաղեցված։ Այժմ, վաղուց արդեն, դրանց մասին խոսվում է որպես Հայաստանի կողմից օկուպացված եւ օգտագործվում է նույնիսկ “ագրեսոր” որակումը։
դ) Մինչեւ 1998 թ. գոյություն չուներ Հայաստանի ստորագրությամբ այնպիսի փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը ենթադրվեր Ադրբեջանի կազմում։ 1999թ. Ռ. Քոչարյանը ստորագրեց այդպիսի մի փաստաթուղթ՝ Ստամբուլի խարտիան։
Նման, մեղմ ասած՝ ոչ հուսադրող փաստերի այս ցանկը կարելի է շարունակել։ Այստեղ ավելացնենք միայն, որ վերջին շրջանի հանդիպումներից ու բանակցություններից, շրջանառության մեջ գտնվող փաստաթղթերից հայտնի դարձած մի քանի մանրամասներից արդեն իսկ երեւում է, որ հայկական կողմի համար շատ ավելի վատ լուծումներ են նախատեսվում ե՛ւ Լաչինի միջանցքի, ե՛ւ փախստականների վերադարձի, ե՛ւ անվտանգության միջազգային երաշխիքների ու այլ հարցերում։
Եւ վերջապես՝ ամենեւին ոչ երկրորդական մի գործոն. երկրի ղեկավարի անձնական հանգամանքներն ու հատկանիշները. Սերժ Սարգսյանը խոցելի է ոչ միայն որպես ոչ լեգիտիմ եւ իր երկրում հասարկության համատարած ատելությանն արժանացած նախագահ։ Նա նաեւ կոռումպացված է, հսկայական հարստության տեր (ինչի օրինական աղբյուրը դժվար է ցույց տալ), հասարակական կարծիքում կասկածվում է ծանրագույն հանցագործությունների մեղսակից լինելու մեջ, հրապարակավ հաճախ է գրվել խաղատների նկատմամբ նրա թուլությունների մասին եւ այլն։ Իսկ մեծ երկրների հատուկ ծառայություններին, անշուշտ, հայտնի է տասնապատիկ ավելին։ Պատկերացրեք, որ Սերժ Սարգսյանի դիմաց են դրվում նրա հանցավորությանը վերաբերող կամ նրան խիստ վարկաբեկող նյութեր։ Այս ամենը շատ կարեւոր լծակներ են նրա վրա ազդելու համար։ Այսպիսի լծակներ չկային ու չեն կարող լինել Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում։ Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի մտավոր կարողություններին, ապա երկրի ղեկավարի համար դրանց աննախանձելի մակարդակին արդեն ծանոթ է ողջ հանրությունը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համեմատությունը, մեղմ ասած, մեղք է։ Նույնը վերաբերում է մյուս պաշտոնյաներին։

Հնարավոր չէ՞ համաժողովրդական ընդվզմամբ կանխել Սերժ Սարգսյանի կողմից Ղարաբաղի կարգավորման աննպաստ փաստաթղթի ստորագրումը։

Հնարավոր է։ Բայց անհրաժեշտ է, որպեսզի նման շարժում սկսվի Լեռնային Ղարաբաղում հենց տեղի իշխանությունների գլխավորությամբ, իսկ Հայաստանը զորակցի նրան, ինչպես դա եղավ 1988-ին։ Դա քմահաճույք կամ պատրվակ չէ խնդրից խուսափելու համար։ Դա շատ կարեւոր է միջազգային ըմբռնման տեսանկյունից։ Քանզի խնդրո առարկա ինքնորոշվող սուբյեկտը (Ղարաբաղը) եթե լուռ է, իսկ նրա փոխարեն ընդվզում է Հայաստանի ընդդիմությունը, դա միջազգային ասպարեզում ոչ ճիշտ մեկնաբանության հիմք կհանդիսանա, եւ ամենեւին չի օգնի գործին։ Կա նաեւ խնդրի հոգեբանական կողմը. առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ոտքի կանգնելու Հայաստանում դժվար կլինի համաժողովրդական ընդվզման հասնել անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հայ Ազգային Կոնգրեսի ծանրակշիռ հեղինակությամբ։ Իսկ ոչ անհրաժեշտ ուժգնության ակցիաները կօգնեն ոչ թե գործին, այլ վարչախմբին՝ բոլոր ձախողումները ընդդիմության վրա բարդելու եւ իշխանությունը պահելու խնդիրը լուծելու համար։
Վատն այն է, որ Լեռնային Ղարաբաղում էլ ժողովրդական շարժում սկսելու դժվարության խնդիր կա. վերջին 10 տարում Լեռնային Ղարաբաղից քանի՜- քանի մեծ ու փոքր պաշտոնյաներ՝ սկսած ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանից, “կամանդուշչի” Սամվել Բաբայանից, ԱԺ նախագահ Օլեգ Եսայանից, այլ նախկին բարձրաստիճան ու միջին պաշտոնյաներից, տեղափոխվել են Երեւան, նրանց հետեւից՝ հարյուրավոր ու հազարավոր ուրիշներ ու, օգտվելով “իրենց մարդկանց” հովանավորությունից, պաշտոնի ու բիզնեսի տեր դարձել, բարեկեցիկ կյանք դասավորել։ Քանի դեռ նրանք, գումարած՝ Ռ. Քոչարյան, ավելացրած՝ Զորի Բալայան, ավելացրած՝ Ղարաբաղում մեծ ու փոքր պաշտոններ վարած ու ասօր Հայաստանում ծվարած հայտնի եւ ոչ հայտնի այլ մարդիկ, նրանց հետեւից եկած ազգականները չեն տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ՝ մշտական բնակության, տեղի ժողովրդի մեջ ոչ մի վստահություն ու մղում չի կարող առաջանալ։ Ավելին՝ այստեղ մնալով, նրանք ամենապատասխանատու պահին դավաճանում են իրենց ժողովրդին, խուճապարարի դեր ստանձնելով՝ ամենածանր հանցանքը գործում, արտագաղթի ավելացման հիմք տալիս։ Այստեղ նստած՝ նրանք խոսելու, բառ արտասանելու իրավունք չունեն, դա մեծագույն անբարոյականություն է։ Այդ մասին պետք է նրանց ասի հանդիպող յուրաքանչյուր ոք։ Ինչ վատ բան էլ լինի, նրանք Սերժ Սարգսյանի հետ հավասարապես պատասխանտու են լինելու։ Եւ վերջապես՝ քանի դեռ ԼՂՀ իշխանությունը Սերժ Սարգսյանին չի զրկել իրենց անունից հանդես գալու լիազորությունից, ոչինչ չի ստացվի։
Գուցե Հայաստանի՞ց մարդիկ գնան եւ Լեռնային Ղարաբաղում նախաձեռնեն համաժողովրդական շարժում։ Դա անհնար է։ Այդպես չեղավ նույնիսկ 1988-ին։ Իսկ անցած տասնամյակի ընթացքում Լեռնային Ղարաբաղում իշխանությունները, Հայաստանի վարչախմբի օժանդակությամբ զրկել են տեղի բնակչությանը որեւէ իրական տեղեկատվությունից։ Ավելին, նրանց օր ու գիշեր քարոզել են երկու հանցավոր գաղափար, հայաստանցի նախագահը “կտա” Լեռնային Ղարաբաղը, ղարաբաղցին՝ “չի տա”։ Եւ ամենօրյա քարոզչությամբ սա դարձրել են Ղարաբաղի բնակչության մեծագույն մասի թիվ 1 “քաղաքական գիտելիքը”։ Իսկ երկրորդ “քաղաքական գիտելիքն” էլ յուրատեսակ կաշառք է. քանի դեռ Հայաստանում ղարաբաղցի նախագահ է, մենք (ամեն մի ղարաբաղցի) այնտեղ առաջին սորտ ենք եւ իշխող էլիտա։
Այս պայմաններում ելքը մեկն է. բազմապատկել Հայ Ազգային Կոնգրես - Համաժողովրդական շարժման ուժը, հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, վերականգնել սահմանադրական կարգը։ Բանակցություններում հայկական կողմի դիրքերն անհամեմատ կուժեղանան, եթե այն ներկայացնի Հայաստանի լեգիտիմ, անխոցելի, ժողովրդի վստահությունը վայելող, իր դիվանագիտական կարողություններով ու մտավոր ունակություններով տասնապատիկ ուժեղ Նախագահ։ Ըստ այդմ էլ՝ հօգուտ հայկական կողմի հնարավորինս կփոփոխվի փոխզիջումների այն հաշվեկշիռը, որ այսօր պարտադրվում է ոչ լեգիտիմ, թույլ, խոցելի, անկարող Սերժ Սարգսյանին։ Եւ այս խնդրում աշխարհում ոչ մեկը շահագրգռված լինել չի կարող, բացի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներից, ողջ հայությունից։
Ասել է թե՝ Հայ Ազգային Կոնգրեսի սեպտեմբերի 18-ի եւ հետագա հանրահավաքներին մասնակցելով՝ յուրաքանչյուր քաղաքացի անմիջականորեն եւ անձամբ իրեն վերաբերող մի քանի մեծ գործ է անում.
-        կանխում է պատերազմի վտանգը.
-        թույլ չի տալիս Հայաստանի ու Ղարաբաղի համար աննպաստ հիմքերով հակամարտության պարտադրված կարգավորումը.
-        նպաստում է Հայաստանում սահմանադրական կարգի, օրինականության վերականգնմանը, արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծմանը։

Աշոտ Սարգսյան
“ՀԱՅՔ”, 25.08.09-ից շարունակաբար 8 համար
(Հրապարակվել է նաեւ առանձին գրքով՝ «Բանալի» վերնագրով)