Sunday, December 30, 2012

Հարցազրույցը Armenlur-ին

Armenlur

Հարց 1. - ԱԺ ընտրություններից հետո ընդդիմության պարտություն մասին լուրեր հայտարարություններ տարածվեցին՝ մասնավորապես իշխանական քարոզչամիջոցներով։ Հիմա այդ տեսակետը կրկնում են ՀԱԿ գործիչներից նրանք, ովքեր հայտարարում են, թե Կոնգրեսի հետ տարաձայնություններ ունեն ։ Դուք ի՞նչ եք կարծում, պարտվե՞լ է արդյոք ընդդիմությունը՝ մասնակցելով 2012 թ. մայիսի Ազգային ժողովի ընտրություններին։
Պայքարի, պատերազմի ժամանակ շատ մեծ դեր ունի հոգեբանական գործոնը։ Հայրենական պատերազմից ինչքան վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր ենք նայել. չեմ հշում «ինֆորմբյուրոյի» որեւէ հաղորդագրություն, որում օգտագործված լիներ «պարտություն» բառը սեփական զորքերի համար։ Հարյուրավոր բնակավայրեի ու տարածքների հանձնումը, նահանջը ուղեկցվում էր առնվազն «թշնամուն հսկայական կորուստներ պատճառելով» արտահայտությամբ։ Դժվար է գերագնահատել հոգեբանական գործոնի դերը թիկունքում թե ռազմաճակատում։ Այսինքն՝ պատերազմող յուրաքանչյուր կողմ, անկախ հարձակվում է, հաջողություններ ունենում, թե պարտվում ու նահանջում, խոսում է միայն իր հաղթելու, հակառակորդի պարտվելու մասին։ Մեր դեպքում էլ, իշխանական քարոզչամեքենան ի սկզբանե եւ միշտ խոսել է ընդդիմության՝ մեր պարտվելու, թույլ լինելու մասին։ Եւ դա բնական է։ Մենք էլ հակառակն ենք արել։ Եւ ոչ մեկը, ոչ մյուսը չի նշանակում «ժողովրդն խաբել»։ Պարզապես դա է հաղթելու տեխնոլոգան, հաղթանակի ճանապարհը։ Հակառկը՝ դավաճանություն է։ Հակառակը՝ նշանակում է հակառակորդի շարքերը կազմալուծելու փոխարեն դու քո սեփական շարքերն ես կազմալուծում։ Սա պայքարի, այդ թվում նաեւ քաղաքական պայքարի ոսկե կանոնն է։
Հիմա, եթե ընդդմությունից որեւէ մեկը «տարաձայնությունների» թե ինչ հիմքի վրա սկսում է խոսել ընդդմության պարտության մասն, նա այլ բան չի անում, քան, մեղմ ասած, օգնում է հակառակորդ կողմին, տվյալ դեպքում՝ իշխանությանը։ Ավելի ցայտուն պատկերացնելու համար փորձենք այդ վարվելակերպը տեղադրել արդեն ավարտված գործընթացների մեջ։ 1988թ. փետրվարի 20-ից սկսվեց Ղարաբաղյան կամ հայկական ժողովրդավարական շարժումը։ Հիմա. Փետրվարի 27-ն առաջին հանրահավաքիերի դադարեցման, մեկ ամիս անց Երեւանում հատուկ դրություն մտցվեց, ԼՂ դիմումը քններու համար մինչեւ ամառ ԳԽ նիստ չհրավիրվեց, դեկտեմբերն «Ղարաբաղ» կոմտեն ձերբակալվեց. այս եւ բազմաթիվ այլ այսօրնակ առիթներով կարող էին ասել՝ Շարժումը պարտվեց, որովհետեւ չկարողացավ լուծել հռչակած խնդիրը։ Բայց նույն այդ տասնյակ առթներից որեւէ մեկով եթե ասվեր ու տարածվեր, համընդհանուր պատկերացում դառնար Շարժման «պարտված» լինելու գաղափարը, հետո հաստատ չէր լինի ո՛չ 1990-ի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, ո՛չ անկախությունը, ո՛չ հաղթանակները Ղարաբաղում...
Ի՞նչ է նշանակում՝ տարաձայնություններ ունեն։ Տարաձայնություններ ունեն՝ կա՛մ պետք է համոզեն ուրշներին եւ իրենց համոզումը դարձնեն ընդհանուր գիծը, կա՛մ պետք է ենթարկվեն մեծամասնության մոտեցմանը, կա՛մ պետք է դուրս գան գնան եւ փորձեն հասարկական համախմբում ստեղծել սեփական ճշմարտության շուրջ։ Ինչպես ամեն տեղ, քաղաքականության մեջ էլ կա արժանապատվության խնդիր։
Նրանք, ովքեր ասում են, թե խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը պարտվել է, նույն բանը կասեին, եթե ընդդիմությունը կարողանար հասնել ոչ թե 7, այլ ընդհուպ 65 մանդատի ճանաչման, քանի որ 66-ն է կեսից ավելին։
Հարց 2. - Շրջանառության մեջ է դրվել նաև, թե Լևոն Տեր-Պետրոսյանը սխալվել է իր «Քաղաքագիտական վերլուծության» մեջ։ Իրո՞ք այդպես է։
Սա էլ նույն բանն է։ Ինչպես այդ «վերլուծության», այնպես էլ բազմաթվ այլ դեպքերում իշխանական քարոզչամեքենան է, որ պետք է օր ու գիշեր փորձեր մարդկանց համոզել ընդդիմության ու նրա առաջնորդի «սխալ» լինելու մեջ։ Ներսում մնալով հրապարակայնորեն նման բան ասելն այլ բան չի նշանակում, քան օգնել հակառակ կողմին՝ իշխանությանը։ Շատ ցավալի է, եթե կան մարդիկ, ովքեր սա չեն հասկանում։ Շատ ցավալի է, որ կան մարդիկ, ովքեր սեմինարային բազմակարծությունն են հակադրում քաղաքական պայքարի օրենքներն։ Երբ 2007 թ աշնանը Լեւոն Տեր-Պետրոսյանը մտավ պայքարի մեջ իշխանության դեմ, նա որեւէ բառ ասա՞ց այդ պահին քաղաքական հրապարակում գործող ընդդիմադիր ուժերի ու գործիչների, նրանս ճիշտ ու սխալի մասին։ Չասաց ոչ այդ պահին, ոչ էլ հետո։

Հիմա, տվյալ դեպքում, որպես հիշյալ «քաղաքագտական վերլուծության» զրոյական արդյունք կարող էինք ունենալ ԲՀԿ-ն կոալիցիոն իշխանության անդամ։ Որպես դրա առավելագույն՝ 100%-անոց արդյունք կարող էինք ունենալ այս ուժի անվերապահ սատարումը ժողովրդական շարժմանը՝ Հայ Ազգային Կոնգրեսին։ Չունենք ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ունենք միջին մի բան՝ ԲՀԿ-ն անջատված իշխանական կոալիցիայից, ընտրությունները փաստացի բոյկոտող ուժ։ Որքա՞ն է սա, առավելագույն հնարավորի որ՞ տոկոսը։ Քի՞չ է։ Ովքեր կարծում են քիչ է, թող իրենք ձեռք բերեն ավելին։ Ովքեր կարծում են սխալ է, թող գնային իրենց ճիշտ ճանապարհով։ Փառք Աստծո, գնացողներ էլ կան, տեսնում ենք... Քաղաքականությունը սեփական ճշմարտությունը առարկայացնելը, մարմնավորելն է, ոչ թե ուրիշներին «սխալ հանելը» եւ այդ «սխալներից» կախվելը։ 

Saturday, December 22, 2012

ԵԼՈՒՅԹ ՀՀՇ 17-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Չընթերցվեց

Խոսքը համոզիչ է լինում, երբ հենվում է հանրահայտ ճշմարտությունների վրա։ Ահա, այդպիսի մի քանի հազար տարվա հանրահայտ ճշմարտություն է այն, որ ազգի լիակատար զարգացման ու հզորացման համար անկախ պետականություն ունենալը պարտադիր պայման է։ Դրա բացակայությունը, անազատությունը, օտարի տիրապետության տակ ապրելը վտանգում է ազգային գոյությունը։ Եւ հենց դա է պատճառը, որ մարդկության պատմությունը, ըստ էության, այլ բան չէ, քան ազգերի պայքար՝ ազատության ու անկախության համար։ Եւ դա ամենահին շրջանից մինչեւ մեր օրերը։ Ինչպես Արտաշես Առաջինն էր 2200 տարի առաջ պայքարում ազգային անկախություն ձեռք բերելու համար, այնպես էլ 1988-91 թվականներին մեր սերունդն էր պայքարում կորսված ազատությունն ու ազգային անկախությունը վերստին ձեռք բերելու համար։ Նայեք բոլոր ազգերի տոնացույցերը՝ բոլորի մոտ ամենամեծ, ամենակարեւոր տոնը անկախության ձեռք բերման օրն է։
Բայց անկախ պետականությունը նաեւ պատասխանատու փորձություն է, հատկապես, երբ զուրկ կամ համարյա զուրկ ես պետականության ավանդույթներց։ Այդ քննությունը փառավորապես հաջողվեց տալ հետխորհրդային առաջին ժողովրդավարական իշխանությանը՝ Հայոց համազգային Շարժման գլխավորությամբ։ Եթե ընդունում ենք, որ քաղաքական որոշակի շրջափուլը պետք է գնահատել իր արդյունքներով, ապա 1988-98 թվականներին գրանցված արդյունքները անհավատալի են դրա համար օբյեկտիվորեն տրված հնարավորությունների պայմաններում։ Ոչ, այստեղ չեմ խոսի աննախանձելի ռեսուրսների պայմաններում ո՛չ Ղարաբաղի փրկության, ո՛չ պետական կառույցների կայացման, ո՛չ արմատական վերափոխումների մասին։ Նույնքան կարեւոր ձեռքբերում էր այն փաստը, որ մամուլը 90%-ով ընդդիմադիր էր, որ ռադիո եւ հեռուստաեթերից ավելի շատ ընդդիմություն ներկայացնողներն էն օգտվում, քան իշխանությունը։ Ձեռքբերում էր այն, որ Երեւանի պետական համալսարանը ամենաընդդիմադիր օջախն էր՝ ինչպես որ վայել էր նրան եւ ինչպիսին որ եղել էր նույնիսկ խորհրդայն տարիներին։ Ահա սրանք են, կամ նաեւ սրանք են Հայաստանի առաջին ժողովրդավար իշխանության կողմից պետականության քննության գնահատման ամենակարեւոր հիմքերը։
Վերջերս մամուլի տարբեր օրգաններում Երեւանի պետական համալսարնի անունը շատ հաճախ էր բացասական կոնտեքստում հիշատակվում ։ Հիշատակվում էր ոչ թե ուսումնական հաստատության համար բնորոշ հարցադրումներով։ Հիշատակվում էր եզակի, օրիգինալ մի մեղադրանքով, այն է՝ Համալսարանը կեղծել է Հայոց պատմությունը։ Ոչ թե հարեւան թուրքերն ու ադրբեջանցները, այլ Երեւանի պետական համալսարնը կեղծել է մեր պատմությունը։ Խոսքը վերաբերում է հենց նույն՝ անկախության շրջանի՝ 1988-ից մինչեւ մեր օրերի մասին շարադրանքին։ Արդեն շուրջ 40 տարի այդ բնագավառում եմ, եւ չեմ հիշում, թե երբեւէ նման մեղադրանք լսած լինեմ որեւէ հայ պատմաբանի, առավել եւս՝ հայկական գիտական ու կրթական որեւէ հաստատության մասին։ Ընդ որում՝ խոսքը մի հեղանակի տգիտության կամ դիտավորության մասին չէ։ Զազրելի այդ արարքին հեղինակակից են գրող հեղնակը՝ պատմության ֆակուլտետի դեկանը, խմբագիրը՝ հայտնի Հրաչիկ Սիմոնյանը, Համալսարանի ռեկտորը, կրթության եւ գտության նախարարը, եւ վերջապես՝ համալսարանի ամենաբարձր պաշտոնյան՝ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ տեղի է ունեցել խմբակային հանցագործություն, ինչը ծանրացուցիչ հանգամանք է քրեական օրենսգրքում։ Եւ ողջ համալսարանում չգտնվեց մեկը, որ համարձակվի հրապարակավ դատապարտել ամոթալի այս արարքը։ Ավելի ողբալի վիճակում համալսարանը չ եղել երբեք։

Ի՞նչ էի ուզում ցույց տալ այս օրինակի վրա։ Ուզում էի ցույց տալ անկախության շրջանի երկու իշխանությունների հակապատկեր լինելը։ Հանրապետության Հմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դեռ իր հրաժարականի հայտարարության մեջ զգուշացնում էր, որ իշխանության են գալիս «պետականության այլ հիմնադրույթներ» դավանող մարդիկ։ Ահա, պետականության այդ այլ հիմնադրույթներն էին, որոնց վրա առարկայացան կոռուպցոն համակարգը, ավազակապետական ռեժիմը, որը դիմազրկեց մեր ուսումնական հաստատությունները, բարոյազրկեց մտավորականությանը, մայր բուհը դարձրեց պատմության կեղծարար։ Թող տարօրնակ չթվա, որ անկախության պայմաններում ժողովուրդը կարող է կանգնել շատ ավելի ծանր մարտահրավերների առջեւ, քան օտարի իշխանության տակ։ Եւ չկարողանալով հաղթահարել այդ մարտահրավերը՝ կկորցնի անկախությունը։ Վաղուց արդեն այդպսի վիճակում է Հայաստանը։ Հայոց համազգային շարժումը, այդ ողջ ընթացքում որպես ընդդմադիր քաղաքական ուժ, փորձել է կանգնեցնել կործանարար այս ընթացքը։ Եւ օր-օրի նույն ճանապարհի վրա կանգնող ուժեր հետ միասին չի դադարեցնելու իր պայքարը, մինչեւ ավազակապետության կազմաքանդումն ու սահմանադրական կարգի վերականգնումը։

Saturday, November 24, 2012

Հայրենասիրության ընկալումը հայ իրականության մեջ

Հայ ազգային կոնգրեսում պարբերաբար տեղի ունեցող սեմինարների, դասախոսությունների, քննարկումների շարքում երեկ պատմական գիտությունների թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Աշոտ Սարգսյանի «Հայրենասիրության ընկալումը հայ իրականության մեջ» դասախոսություն-քննարկումն էր։ Նկատի ունենալով շուրջ 1500-ամյա շրջան ընդգրկող ընդարձակ այդ նյութի հետաքրքրությունը՝ այն ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողին։
 Հայրենասիրության ընկալումը հայ իրականության մեջ
Հայերեն հնագույն գրավոր աղբյուրներում հայրենիք  հասկացությունն ավելի շատ կիրառվել է ժառանգություն, սեփականություն, նախնիներ  եւ այլ նշանակություններով, բայց դրանց կողքին երբեմն օգտագործվել է նաեւ այսօրվա իմաստով: Ավելի հազվադեպ է օգտագործվել դրանից կազմված «հայրենասեր» բառը: Հայ հին եւ միջնադարյան գրականության մեջ դրա կարծես թե եզակի կիրառությունը, որը նույնպես տվյալ կոնտեքստում ունի մեզ հետաքրքրող ժամանակակից իմաստը, Պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» մեջ է: Դրանով նա պատվել է Հայկից սերված Արամ նահապետին, որն ընդարձակել էր Հայաստանի սահմանները բոլոր կողմերի վրա, եւ որի անունով էլ օտարները մեզ եւ մեր երկիրը ճանաչել եւ անվանակոչել են. «Նա՝ երկիրը շենացնող եւ հայրենասեր, ավելի լավ էր համարում  մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտարածինները ոտնակոխ անում հայրենիքի սահմանները, կամ  իր արյունակից հարազատների վրա իշխում օտար մարդիկ»:
Սակայն հայրենասեր  բառի հաճախակի չհանդիպելն, անշուշտ, չի նշանակում, թե չի եղել հասկացությունը, թե չի եղել հայրենասիրության ըմբռնում, պատկերացում եւ մանավանդ՝ հայրենասիրության քարոզ եւ դաստիարակություն: Այդ ըմբռնումը, ինչպես եւ հիմա, հետեւյալն է. հայրենասերն այն հերոսն է, որը պայքարում է հասարակայնորեն ընդունվածարժեքային համակարգի բարձրագույն արժեքներն անխաթար պահելու, պաշտպանելու, ավելացնելու համար, պատրաստ է դրա համար գնալ զոհողության, ընդհուպ անձնազոհության: Այսինքն՝ բովանդակային առումով հայրենասիրություն երեւույթը կամ դրա մասին պատկերացումները սերտորեն կապված են եւ բխում են տվյալ հանրության, ժողովրդի կողմից ընդունված արժեքային համակարգից: դրսեւորման կամ ձեւի առումով այն ցուցադրում է ընդունված կամ խրախուսվող այն գործողությունները, մեթոդները, որոնց դիմում է կամ պատրաստ է դիմել անհատ-հերոսը՝ դրանով իսկ առարկայացնելով հայրենասերի իր համարումը:
Հայ իրականության մեջ այս հասկացությունը ըմբռնման եւ դրսեւորման ձեւերի առումով կարեւոր փոփոխություններ է կրել`կապված այն բանի հետ, թե ինչպիսի փոփոխություններ է կրել արժեքային համակարգը։ Մյուս կողմից, սակայն, ե՛ւ ըմբռնման, ե՛ւ դրսեւորման ձեւերի համար ստեղծված կաղապարները զարմանալի պահպանողականություն եւ կենսունակություն են ցուցաբերել՝ հասնելով ընդհուպ մեր օրերը:
Որքան էլ որ հայրենասիրությունը, նեղ իմաստով, քաղաքական հասկացություն չէ, հասարակական գիտակցության մեջ այն սերտորեն կապվել է քաղաքական մտքի, դրա կրողների, առաջին հերթին՝ քաղաքական գործիչների հետ, օգտագործվել է որպես վերջիններիս հատկանիշ ու գնահատման չափանիշ: Լինի պատմական, գեղարվեստական, թե այլ ժանրի երկերում՝ հայրենասեր հերոսի կերպարը կոչված է եղել դաստիարակելու այնպիսի անհատ եւ հասարակություն, որն ամրորեն կանգնի տվյալ ժողովրդի ինքնությունը, գոյությունն ու ապագան երաշխավորող կարեւորագույն արժեքների պաշտպանության առաջին շարքում: Եւ ամեն ինչ կախված է եղել նրանից, թե որոնք են համարվել այդ արժեքները, ինչպիսին է եղել արժեքների սանդղակը:  Ըստ այդմ էլ՝ կարելի է նկատել հայրենասիրության ընկալման եւ դրսեւորման ձեւերի հետեւյալ կարեւոր շրջափուլերը:

  1. 1.   Ելակետային շրջան
5-րդ դարից առաջ հայ հասարակության արժեքային համակարգի խնդիրը փոքր-ինչ այլ է՝ կապված դրա համար գրավոր աղբյուրների ոչ հայկական եւ սակավ լինելու հետ: 5-րդ դարից սկսած՝ հարուստ մատենագրական ժառանգությունը առատ նյութ եւ լիակատար հնարավորություն է տալիս պատկերացնելու այս խնդիրը:
Հենց սկզբում կարելի է նկատել արժեքների ընկալման, արժեքային համակարգերի երկու՝ միմյանցից տարբեր սանդղակ:
Առաջինը, այսպես ասենք՝ կառուցված է աշխարհիկ հիմքի վրա, ու առավել ցայտուն եւ ամբողջական ներկայացնում է պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը»։  Երկրորդ արժեքային սանդղակը՝ հոգեւոր հիմքի վրա, որ ներկայացնում է Եղիշեի «Վարդանի եւ Հայոց պատերազմի մասին» երկը:
Ցայտուն արտահայտված այս երկու ելակետերից ծայր առնող որոշակի գծերն են անցնում հետագա պատմության, պատմագրության, քաղաքական մտքի ու հասարակական պատկերացումների միջով, ժամանակի ընթացքում եւ նույն ժամանակի կողմից թելադրված փոխակերպումներով հասնում, փաստորեն, ընդհուպ մեր օրերը: Եւ դրանց հետ միասին, նույն կերպ, որպես դրանց ուղեկից արբանյակ՝ հայրենասիրության ըմբռնումը, արժեւորումը եւ դրսեւորման ձեւերը:
Պատմահայր Մովսես Խորենացու Պատմությամբ ներկայացող արժեքային համակարգի առաջին տեղում, արժեքների սանդղակի ամենաբարձր աստիճանում, որպես գերագույն արժեք, անկախ պետականությունն է: Դա է մյուս արժեքների՝ ժողովրդի ազատության, ազգի գոյատեւման եւ հարատեւության, ինքնության պահպանման, նրա անդամների արժանապատիվ կյանքի ու բնականոն զարգացման երաշխիքը: Մնացած ամեն ինչ եւ, առաջին հերթին՝ հայրենասիրությունը, անմիջականորեն կամ միջնորդավորված, ածանցվում է այս տրամաբանությունից ու ծառայում այդ նպատակին: Եւ հայրենասեր հերոսի առաջին պարտականությունն այս արժեքը պաշտպանելն է, ամրապնդելը, հզորացնելը, եթե այն խաթարված է՝ վերականգնելը: Այս առումով ազգի պատմության նրա էպիկական սկիզբն արդեն իսկ խորհրդանշական է. ազատ ու անկախ ապրելու պայքարի դրվագով է սկսվում Հայկ Նահապետը: Նա ընդդիմանում է, երբ հավասար հսկաներից մեկը՝ Բելը, փորձում է բռնանալ մյուսների վրա: Հայկն ընդդիմանում է, ստիպված ընդունում է պարտադրված պատերազմը, ճակատամարտում սպանում բռնացողին եւ ապահովում իր ընտաիքի (ժողովրդի) ազատությունն ու անկախությունը:
Պետականության խորհրդանիշը, ըստ Պատմահոր, թագավորություն ունենալն է։ Թագավորի՝ երկրի ու պետության ղեկավարի, ժողովրդի պատասխանատուի դերը նրա համար չափազանց մեծ է ու վճռորոշ: Եւ առաջին հերթին նրան՝ թագավորին են ներկայացվում բարձրագույն արժեքի՝ պետականության համար հոգ տանելու, այն պահպանելու, այսինքն՝ հայրենասեր լինելու պահանջները: Երկրի քաղաքական պատասխանատուի՝ թագավորի իդեալական կերպարի համար նա ունի հատկանիշների տասնյակից ավելի պահանջների մի ամբողջ շարք՝ ֆիզիկապես անթերի լինելուց մինչեւ մտավոր ու բարոյական առաքինություններ, քաջությունից ու համարձակությունից մինչեւ հանդուրժողականություն եւ իմաստնություն։ Յուրաքանչյուր թագավորի դեպքում Պատմահայրն ուշադիր արձանագրում է, թե որքանով նա ունի այդ հատկանիշները կամ որքանով է բավարարում այդ պահանջներից յուրաքանչյուրին: Խորենացին ունի նաեւ թագավորի պարտականությունների մի ցանկ, որի մեջ առաջնահերթը երկրի սահմանների պաշտպանությունն է, հնարավորության դեպքում՝ ընդարձակումը, ապա նաեւ՝ բոլոր խավերի համար բարգավաճ, ապահով եւ արժանապատիվ կյանքի ապահովումը, շինարարական գործերը, կարգուկանոնի եւ օրինականության պահպանումը, հասարակական խավերի ներդաշնակ համակեցության ապահովումը եւ այլն: Այս պահանջներն առավելագույնս ապահովողն է Պատմահոր համար իդեալական հայրենասեր թագավորը:
Հայ նահապետների եւ թագավորների երկար շղթայում Խորենացին, որպես իդեալ, առանձնացնում է երեքին՝ Հայկ, Արամ, Տիգրան, որոնք եւ բավարարում են նրա բոլոր պահանջները, ունեն հայրենասեր-թագավոր- հերոսի բոլոր հատկանիշները: Ընդ որում՝ նրանց գործերից կարեւորագույնները նույնանում են՝ երկրի սահմանները պաշտպանելը եւ ընդարձակելը, երկիրը շենացնելը, խաղաղությունն ապահովելը: Եւ եթե  բարձրագույն գնահատականի արժանացած այս երեք հերոսներից մեկի՝ Արամի համար, ինչպես վերեւում ասացինք, Պատմահայրը, որպես որակում, օգտագործում է «հայրենասեր» բառը, ուրեմն այդ նույն կերպ վերաբերվում է նաեւ մյուս երկուսին՝ որպես նրանց նույնատիպ գործունեության գնահատական:
«Ովքե՞ր ենք մենք» հարցադրմանը Խորենացու պատմությունը տալիս է հետեւյալ հստակ պատասխանը. առաջինը եւ վճռորոշը՝ պետության վարչական, աշխարհագրական սահմաններից ներս ապրողներ կամ Հայաստանի թագավորի հպատակներ, այսօրվա հասկացությամբ՝ Հայաստանի քաղաքացիներ: Մյուս հատկանիշները՝ լեզուն, դավանանքը, ընդհանուր սովորություններ եւ այլն՝ ածանցյալ են առաջինից, ավելի ճիշտ՝ առաջինը կոչված է ապահովելու մյուսների անխաթարությունը: Եւ նրա արժեքային համակարգն էլ կառուցված է այս հատկանիշներով առանձնացող հանրությանը ծառայելու համար:  Այդ «մենքի» գոյության եւ ազգային ինքնության պահպանման երաշխիքը թագավորությունը կամ անկախ պետականությունն է՝ առանձնացված, պաշտպանված պետական-վարչական, աշխարհագրական սահմաններով: Այստեղից էլ՝ բնական է, որ Խորենացին ազգի համար ամենամեծ չարիքը, դժբախտությունն ու վտանգը պետք է համարեր գերագույն արժեքի՝ անկախ պետականության, թագավորության կորուստը, ինչից հետո վտանգվում են նաեւ մյուս բոլոր արժեքները: Եւ հենց սա է նրա Պատմության առանցքային գաղափարը:

Նույն 5-րդ դարի պատմիչ Եղիշեի  «Վարդանի եւ Հայոց պատերազմի մասին» գործը ներկայացնում է արժեքային համակարգի երկրորդ՝ հոգեւոր հիմքով սանդղակը: Այստեղ գերագույն արժեքը, ազգի ու նրա ինքնության պահպանման երաշխիքը հավատն է, դավանանքը: Դրա պահպանման համար է, որ պետք է կենաց ու մահու կռվի գնալ: Մնացած ամեն ինչ արդեն ենթարկվում է ա՛յս արժեքի տրամաբանությանը: Հայրենասեր հերոսն այստեղ, առաջին հերթին, պաշտպանում է հավատի, դավանանքի սահմանները, հսկում ժողովրդի հոգեւոր անձեռնմխելիությունը: Պարսիկը թշնամի ու հակառակորդ է ոչ թե նրա համար, որ տիրել է Հայաստանին, հարկեր է դրել, ու պետք է նրանից ազատվել, այլ՝ որովհետեւ նա փորձում է հավատափոխ անել: Ըստ այդմ էլ՝ հայրենասիրության առարկան ոչ թե առարկայական երկիրն է, այլ՝ եկեղեցին, հավատը, իսկ հայրենասիրության դրսեւորումն էլ՝ ոչ թե օտարի լծից ազատվելը, թագավորության տեսքով պետականության վերականգնումը, այլ դավանանքի ազտությունն ապահովելը: Այդպիսին է հիմնական հերոսի՝ Վարդան Մամիկոնյանի առջեւ դրված խնդիրը, այդպիսին են նրա զինակիցները: Եղիշեի մոտ արդեն դրվում են այն հիմքերը, որի հիման վրա «մենք»-ին պատկանելու առաջին հատկանիշը դառնալու է հավատը, իսկ նրա սահմանները դառնալու են ոչ առարկայական, ոչ աշխարհագրական:


                           2. Սրբագործման շրջան
 Դատելով մեզ հասած պատմագրական եւ գրավոր այլ հուշարձաններից՝ հետագա դարերի հայ իրականության մեջ աշխարհիկ եւ հոգեւոր հիմքերով արժեքային համակարգերից երկուսի ազդեցությունն էլ զուգահեռ կարելի է նկատել: Սակայն տիրապետողն ու վճռորոշն, այնուամենայնիվ, աստիճանաբար դառնում է երկրորդը՝ հավատը, դավանանքը՝ որպես բարձրագույն արժեք ունեցող համակարգ: Խնդիրն, անշուշտ, դավանաբանական նեղմտությունը չէր: Թերեւս, պատմական իրադարձությունները, պետականության վերականգնման օբյեկտիվ դժվարություններն ակամա նպաստեցին, որ պետականության փոխարեն՝ դավանական ինքնամեկուսացումը միջոց դառնա ազգի անխաթարությունն ու գոյատեւումն ապահովելու համար: Անշուշտ՝ ոչ նույնքան արդյունավետ միջոց, որքան պետականության գոյությունն է: Բայց ազգը եւ նրա քաղաքական միտքը տեւական ժամանակի մեջ ենթագիտակցորեն կարող էին համակերպվել, հարմարվել, եւ կարծես թե համակերպվեցին, հարմարվեցին այս փոխարինմանը՝  անխուսափելիորեն ինչ-որ տեղ թուլացնելով անկախ պետականության՝ որպես ազատության եւ ազատ զարգացման բնական երաշխիքի ձգտումը: Դավանական հիմքի վրա հենված ընդհանրության զգացողությամբ եւ եկեղեցու հոգեւոր իշխանությամբ միավորվող ժողովուրդի մեջ աստիճանաբար պետք է խամրեր պետական ընդհանրությամբ ապրելու ձգտումը: Այն պետք է ձեռք բերեր համայնքային ինքնագիտակցություն ու մտածողություն, ինչը եւ պետական մտածողության հակոտնյան է:
Եկեղեցական մատենագրությունը ստեղծեց հայրենասեր հերոսների ամբողջ մի շարք, որոնք եւ ծառայում են հենց այս նպատակին: Դրանք վկայաբանական գրականության հերոսներն են: Վկայաբանությունը քրիստոնեական գրականության, հատկապես նրա վաղ շրջանի կարեւորագույն ժանրերից է, որը ծառայել է հատկապես նոր կրոնի տարածման ու ամրապնդման նպատակին: Այլ ժողովուրդների գրականության մեջ այս ժանրով ստեղծվող գործերը որքան ավելի ուշ, այնքան ավելի հազվադեպ են հանդիպում, հայ իրականության մեջ՝ ընդհակառակը, ժամանակի հետ դրանք ավելի հաճախադեպ են դառնում եւ հասնում ընդհուպ մինչեւ 19-րդ դար: Հստակ առանձնանում է երկու շրջան՝ ազնվականական կամ իշխանական (5-11-րդ դարեր), երբ վկայաբանությունների հերոսները ազնվականներ, իշխաններ են, եւ դրան հաջորդող շրջան, երբ այդ հերոսներն ամենատարբեր դասերից են, հիմնականում՝ սովորական ծագում ունեցողներ: 5-11-րդ դարերի հայրենասեր-հերոսները, ինչպես եւ Վարդան Մամիկոնյանը, որպես ազնվականներ, իշխաններ՝ տիրապետում են զինական ուժի եւ ճակատամարտեր են մղում: Նրանց մղած պատերազմները կարելի է դիտել նաեւ որպես դասական ազգային-ազատագրական պայքար: Եւ կարելի է չկասկածել, որ դրանք իրենց ժամանակում հենց այդպես էլ եղել ու համարվել են: Սակայն որպես նրանց կենսագրության եւ գործունեության բարձրակետ՝ եկեղեցական մատենագրությունը ներկայացվում է ոչ թե այդ պայքարի ազգային-ազատագրական լինելու հանգամանքը, այլ այն, որ նրանք նահատակվում են հանուն հավատի, որպես Քրիստոսի վկաներ: Դրա համար է, որ բարձրագույն պատվի են արժանանում եւ եկեղեցու կողմից սրբացվում: Սրանք էին հայրենասեր հերոսների խրախուսվող ու քարոզվող կերպարները: Այսպիսին է վկայաբանություններով եւ պատմագրական հուշարձաններով ներկայացող հայրենասիրության  ըմբռնումը, որ հստակորեն, որպես դաստիարակման, վարքագծի ընդօրինակման առարկա, մեր մատենագրությամբ հասցեագրված են նույն խավին՝ հայ ազնվականությանը: Գործնական իմաստով սա հասկանալի է. հայ ազնվականությունը Հայկական լեռնաշխարհում, թեկուզ անկախության բացակայության պայմաններում, դեռեւս շարունակում էր իրական տնտեսական, ռազմական եւ քաղաքական կշիռ ունենալ: Վերջին հաշվով՝ նրանք էին ժողովրդի անմիջական աշխարհիկ տերերը, եւ վճռորոշ էր նրանց դերակատարությունը:
Բագրատունիների պետության անկումից հետո Հայոց եկեղեցին ավելի ու ավելի է «ստիպված լինում» պետության գործառույթներ ստանձնել, դառնալ ազգի միակ քաղաքական պատասխանատուն: Հոգեւոր «պետության» անվտանգությունն ապահովելու համար հետագա դարերում վերջնականապես լուծվում են համապատասխան խնդիրները: Հասարակական պատկերացումներում «մենք»-ի կամ ազգ-ընդհանրության պետական-վարչական սահմաններին վերջնականապես փոխարինում են աշխարհագրական որոշակիությունից զուրկ՝ դավանական սահմանները, պետական սահմանները հսկող զինվորին փոխարինում է եկեղեցու՝ դավանանքի սահմանները հսկող սպասավորը, որպես հայրենասեր հերոս՝ վերջնականապես դառնում է հավատի նահատակը: Հայ ազգ կոչվող ընդհանրության լիարժեք անդամ համարվելու համար բավարար էր, եթե մարդն ապրում էր իր հավատակիցների մեծ կամ փոքր խմբի (համայնքի) հետ որոշակի բնակավայրում եւ վայելում եկեղեցու հոգեւոր իշխանությունը, իրեն զգում էր որպես հայ եկեղեցու հոգեւոր հոտի, «հոգեւոր պետության» հպատակ-«քաղաքացի»-հարկատու: Եւ որպես այդպիսին էլ վերջինիս նկատմամբ հավասար իրավունքների ու պարտականությունների գիտակցություն էր ձեռք բերում: Որպես ժողովրդի («հոգեւոր հոտի») վրա իշխանություն եւ քաղաքական պատասխանատու՝ եկեղեցին եւս կարծես թե առանձնապես խնդիր չուներ, թե որտեղ են բնակվում իր հպատակները: Աշխարհի ցանկացած ծայրում էլ նրանք կարող են լինել իր հպատակները եւ հարկատուները: Ավելին՝ գաղթօջախներում հաճախ ավելի մեծ տնտեսական հաջողությունների եւ բարեկեցության հասած համայնքներն ու նրա անդամներն ավելի առատաձեռն էին եկեղեցու հանդեպ: Եկեղեցու իշխանությունն անսակարկելի էր, քանի դեռ մարդն իրեն համարում էր այդ դավանանքի հետեւորդը: «Ովքե՞ր ենք մենք» հարցին որպես պատասխան՝ հայ լուսավորչական դավանանքին պատկանելությունը դառնում է ոչ միայն հիմնական, այլեւ սպառիչ: Որպես ազգի ինքնապաշտպանական միջոց՝ Հայ եկեղեցին ավելի ու ավելի էր դառնում ինքնամփոփ եւ պարփակված: Գերագույն արժեքի՝ դավանանքի սահմաններն ամուր պահպանելուն էր ուղղված, անշուշտ, Հայ եկեղեցու խստացող անհանդուրժողականությունը նաեւ ազգի ներսում: Ըստ այդմ՝ քաղկեդոնական հայը այլեւս «վրացի» է համարվում, կաթոլիկ հայը՝ «ֆրանկ», էլ չենք խոսում մահմեդականություն ընդունածների մասին, եթե անգամ սրանք բոլորը շարունակում էին խոսել հայերեն:
Եւ վերջապես, եկեղեցին պետք է շարունակեր իր հասարակությանը՝ «հոգեւոր հոտին» դաստիարակել ընդօրինակելի հերոս-հայրենասերների կերպարներով: Ինչպես արդեն ասացինք, դա արվում էր, առաջին հերթին, վկայաբանական գրականության միջոցով: Բագրատունիների թագավորության անկումին հաջորդած դարերում Հայաստանում սկսվեց եւ արագ խորացավ ազնվականության տնտեսական եւ քաղաքական կշռի աստիճանական վայրէջքը: Եւ հենց այստեղից սկսած ու ընդհուպ մինչեւ 19-րդ դար, հայ մատենագրության մեջ տեսնում ենք վկայաբանության ժանրի ստեղծագործությունների հսկայական առատություն (մոտավորապես՝ 200): Սակայն նախորդ դարերի համեմատությամբ՝ մի էական տարբերությամբ. վկայաբանական այս հուշարձանների հերոս-հայրենասերն արդեն հոգեւոր հոտի սովորական (ոչ ազնվականական) ծագմամբ անդամն է՝ շինական, արհեստավոր, առեւտրական, եկեղեցական եւ այլն:  Վկայաբանությունների կաղապարն էլ հիմնականում նույնն է, ավարտը՝ բազմաթիվ չարչարանքների ենթարկվելուց հետո հերոսի նահատակվելը հանուն հավատի:
Ազգովին միասին ապրելու եւ հարատեւելու բնական ձգտման իրականացման հայտնի միջոցը հայրենի երկրում անկախ պետականություն ունենալն է: Դրա բացակայության պայմաններում Հայ եկեղեցին, դառնալով դրա յուրատեսակ փոխարինիչը, միաժամանակ դարձավ յուրատեսակ «ազգային միասնության» առանցք, իսկ նրա դավանանքն ընկալվեց որպես ազգային պատկանելության հայտանիշ, յուրատեսակ «ազգային գաղափարախոսություն»: Ստացվեց, որ ազգը լիակատար միասնականության զգացողություն է ձեռք բերում ի դեմս հայ եկեղեցու դավանանքի, միասնական իշխանություն ունենալու զգացողություն՝ ի դեմս նույն եկեղեցու կառույցների, ապահովության զգացողություն՝ եթե այդ դավանանքի նկատմամբ ոտնձգություն չկա այն պետության կողմից, որի տիրապետության տակ ապրում են:
Պետականության տեւական բացակայությունն ու անազատության երկար դարերը համատարած էին դարձրել սեփական ուժերով ազատության հասնելու հեռանկարի անհնարինության մասին պատկերացումը: Ուստիեւ՝ ինքնապահպանման բնազդով թելադրված ազատության բնական պահանջը առարկայական ձգտումից վերածվեց վերացական անուրջի:Սեփական ուժերով դրան հասնելու անհնարինությունը  դարձավ տիրապետող պատկերացում,  եւ դրա ամենահին արտահայտությունը, թերեւս, այն էր, որ ժողովուրդն իր ազատության համար պայքարող՝ էպոսի վերջին հայրենասեր հերոսին՝ Փոքր Մհերին, արգելափակեց ժայռի մեջ՝ դուրս գալու համար դնելով անիրականանալի պայմաններ («երբ գարին կդառնա մասուրի չափ...»): Ըստ այդմ էլ՝ թե՛ ժողովրդի պատկերացումներում եւ թե՛ այն դեպքում, երբ ազատության ձգտումը վերածվում էր քաղաքական ծրագրի, հիմքում անպայման ունենում էր երրորդ ուժի  վճռական դերակատարության գաղափարը: Որպես այդպիսին՝ դիտվում էին նախ եվրոպական քրիստոնյա պետությունները, ապա նաեւ Ռուսաստանը: Այսինքն՝ ազատությանը հասնելու գործում ժողովուրդն ավելի շատ դիտվում էր որպես օբյեկտ, որին պետք է ազատագրել, քան որպես սուբյեկտ, որը պետք է լուծի սեփական ազատության հարցը: Հայրենասեր գործիչներն էլ, ըստ այսմ, պետք է ամեն ինչ անեին դրսի այդ օժանդակությունն ստանալու համար։
3. Հեղափոխական շրջան
19-րդ դարի երկրորդ կեսին եւ մանավանդ՝ վերջին տասնամյակներին, մի շարք երեւույթներ ու զարգացումներ անմիջականորեն կամ միջնորդավորված պայմանավորեցին հայ իրականության մեջ քաղաքական նոր պատկերացումների  հանդես գալը: Օսմանյան կայսրությունը քայքայման ակնհայտ նշաններ էր ցույց տալիս: Նրա տիրապետության տակ գտնվող տարբեր ժողովուրդներ ազգային ազատագրության համար ծրագրեր էին կազմում եւ պայքար մղում: Ոմանք նաեւ հաջողություններ էին արձանագրում: Եվրոպական պետությունները եւ Ռուսաստանը Թուրքիային պահում էին ուշադրության կենտրոնում՝ աշխատելով առավելագույն բաժին ստանալ այդ կայսրության քայքայումից: 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված պայմանագրի մեջ մտցվեց Արեւմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու մասին հոդված: Այսպես ծնվեց «Հայկական հարցը»: Հայ եկեղեցին, ի դեմս Կ. Պոլսի պատրիարքարանի, հանդես եկավ որպես «Հայկական հարցի» կողմ: «Ազատության» գաղափարը՝ առարկայացված «Հայկական հարցի» մեջ, ամբողջությամբ բավարարում էր նաեւ հայ քաղաքական մտքի ավանդույթի ամենակարեւոր պահանջը, այն է՝ ազատության իրականացումը կարող է տեղի ունենալ երրորդ ուժի շնորհիվ, որ եվրոպական երկրներն էին եւ Ռուսաստանը: Եւ այսպես՝ «Հայկական հարցը» դարձավ հայ քաղաքական մտքի իդեա-ֆիքսը, դրա համար պայքարը՝ հայրենասիրության դրսեւորման ամենատարածված, եթե չասենք՝ միակ ձեւը:
Միաժամանակ, 19-րդ դարի նույն տասնամյակներում Եվրոպայում եւ Ռուսաստանում հսկայական չափերով ծավալվում էին հեղափոխական գաղափարներ եւ շարժումներ: Դրանցում ակտիվորեն ներգրավվում էր հատկապես ուսանողությունը: Իսկ հայ ուսանողություն կար թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում: Այս հիմքի վրա էլ 80-ականների կեսերից ձեւավորվեցին հայ քաղաքական «հեղափոխական» կազմակերպությունները: Վերջիններս նույնությամբ ու անքննադատ պատճենել էին արեւմտյան եւ ռուսական հեղափոխական կազմակերպությունների, մասնավորապես՝ ռուսական նարոդնիկական շարժման խռովարարական ուղղության գործելակերպը: Իսկ խնդիրն արդեն ձեւակերպված էր՝ ի դեմս «Հայկական հարցի»: Վերջինս, հիշեցնենք, ո՛չ անկախություն էր ենթադրում, ո՛չ անգամ ազգային ինքնավարություն, այլ՝ բարենորոգումներ Թուրքիայի հայկական գավառներում:
Դժվար է ասել, թե ինչպիսին կլինեին արդյունքներն ու հետեւանքները, եթե եկեղեցին նաեւ հետագա տասնամյակներում շարունակեր մնալ որպես արեւմտահայության միակ քաղաքական պատասխանատու: Հեղափոխական կազմակերպություններին չպետք է բավարարեին եւ չբավարարեցին այն միջոցները եւ ձեւերը, ինչով կարող էր եկեղեցին հետապնդել «Հայկական հարցի» լուծումը: Նրանք, բնականաբար, պետք է մրցակցության մեջ մտնեին եկեղեցու հետ եւ փորձեին նրանից խլել քաղաքական պատասխանատուի դերը, ինչը եւ կարճ ժամանակում հաջողվեց: Սա, առաջին հերթին, նշանակում էր Թուրքիայում հայության 600-ամյա համակեցության  քաղաքականությունից անցում առճակատման քաղաքականության՝ առանց դրա համար բավարար հիմքերի ստեղծման:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե շփման կամ նմանության որեւէ եզր չպետք է ունենային հայության քաղաքական պատասխանատուի դերը վիճարկող եկեղեցական եւ «հեղափոխական» կազմակերպությունների գաղափարախոսությունները: Առաջինն ուներ հազարամյա տեղական ավանդույթ, երկրորդը մեխանիկորեն պատճենված էր բոլորովին այլ՝ ժամանակի եվրոպական ու ռուսական հեղափոխական շարժումներից: Թվում է՝ նույնքան տարբեր պետք է լինեին դրանց հիմնագաղափարները եւ դրանց վրա պատկերացվող ու խրախուսվող հերոս-հայրենասերների կերպարները: Հեղափոխական կազմակերպությունները, իրոք, մի կողմ դրեցին արժեքների ավանդական պատկերացումների բովանդակությունը, բայց ամբողջությամբ օգտագործեցին մշակված կաղապարները՝ դրանցում տեղադրելով նոր՝ «հեղափոխական» արժեքային համակարգը: Ըստ այդմ էլ փոխվեցին պատկերացումները հայրենասիրության մասին:
Եւ ստացվեց այսպիսի պատկեր:
 ա) Ազգային միասնություն եւ գաղափարախոսություն
 Եկեղեցու կողմից հասարակությանը մատուցված բարձրագույն արժեքը՝ քրիստոնեական ուսմունքը՝ հայ եկեղեցու դավանաբանության տեսքով, ըստ էության, համարվում էր ազգային գաղափարախոսություն, որը եւ ապահովում էրազգային միասնությունը։ Հեղափոխականի համար բարձրագույն արժեքը հեղափոխական գաղափարախոսությունն էր։ Հեղափոխական կազմակերպությունները նույնպես ենթադրում էին, որ իրենց գաղափարները պետք է դավանի ողջ ազգը, իսկ իրենք, որպես առաջամարտիկներ, պետք է տային դրա օրինակը։ Եթե ազգն ըստ դավանանքի միասնական մի օրգանիզմ է՝ անկախ բնակության վայրից, ապա Հայաստանի ազատագրման ծրագրեր կարող էին գրվել աշխարհի ցանկացած  ծայրում, օրինակ՝ Հնդկաստանում։ Հիմա էլ հեղափոխական գաղափարները ազգային միասնության կաղապարում տեղավորելու արդյունքն էր, որ Արեւմտահայաստանի ազատության խնդիրներով զբաղվող հայրենասիրական կազմակերպությունները առաջացան բացառապես դրսում՝ Մարսելում, Ժնեւում, Լոնդոնում, Թիֆլիսում, Բաքվում, Շուշիում, բայց ոչ երբեք բուն Արեւմտյան Հայաստանում:
բ) Հիմնական գաղափարի վերացականության ապահովումը
Եկեղեցու համար գերնպատակը ուսմունքի անխաթարության միջոցով ժողովրդի հոգեւոր անվտանգության ապահովումն էր: Դրա համար բավարար էր դավանանքի ազատություն ունենալ, թեկուզ օտար իշխանության պայմաններում, իսկ ժողովուրդն էլ հետեւեր միայն մեկ գաղափարի՝ հայ եկեղեցու ուսմունքին: Հիմնական գաղափարի վերացականությունն ապահովում էր, որ սովորական հավատացյալի համար այն լինի անքնին, եւ գաղափարը ներկայանում էր դոգմաների տեսքով:Ազատության գաղափարն  էլ եկեղեցու ու նրա հավատացյալի համար հիմնականում սահմանափակվում էր դավանանքի ազատության հնարավորությամբ: Հեղափոխական կազմակերպությունները, որպես գերնպատակ, որդեգրեցին «Հայկական հարցի» լուծումը, ու երբ դրան ուղղված մի քանի փորձերը չհաջողվեցին, այն,  որպես ազատության հանգրվան, աշխատեցին դարձնել նույնքան վերացական, անհասանելի ու անքնին: Ինքնազոհության գնացող շարքային հեղափոխականի համար «Հայկական հարցը» հասկանալի էր նույնքան, որքան շարքային հավատացյալի համար՝ Քրիստոսի մեկ թե երկու բնություն ունենալը։
գ) Երրորդ ուժի դերակատարությունը
Հեղափոխական կազմակերպությունները ընդօրինակեցին նաեւ հայ եկեղեցական «դիվանագիտության» այն սկզբունքը, ըստ որի՝ ազատության (ինչպես էլ որ այն պատկերացնեին) հնարավոր է հասնել միայն արտաքին ուժի վճռական դերակատարության շնորհիվ: 1878թ. «Հայկական հարցի» նախաձեռնությունը ամբողջությամբ հենվում էր հենց այս հայեցակարգի վրա: Սակայն որպես փաստարկ՝ ժողովրդի թշվառ վիճակն օտարներին պարզ ներկայացնելը, ինչն անում էին հոգեւոր իշխանությունները, չէր կարող բավարարել հեղափոխական կազմակերպություններին: Այս դեպքում էլ, վերցնելով կաղապարը, նրանք դրա մեջ նոր բովանդակություն դրեցին, այն է՝ եվրոպական երկրներին եւ Ռուսաստանին պետք է ոչ թե խնդրել, այլ «ստիպել»,  որ նրանք զբաղվեն «Հայկական հարցով»: Ու քանի որ նրանց անմիջապես ստիպելու լծակներ չկային, ուրեմն պետք էր այնպիսի իրավիճակներ ստեղծել, որ նրանք ստիպված լինեն  զբաղվել դրանով: Ինչպե՞ս։ Համարվում էր, որ նրանք դա կանեն՝ ի տես թափված շատ արյան։ Զանազան «հեղափոխական ակտերը», «ապստամբությունները», ցույցերը, պետական պաշտոնյաների դեմ ահաբեկչական գործողությունները սկսեցին հրամցվել ու դիտվել որպես հայրենասիրության  բարձրագույն դրսեւորումներ։ Ու դրանք չէին դադարում այդպիսին դիտվելուց՝ անկախ այն բանից, որ թուրքական իշխանությունները դրանց պատասխանում էին զանգվածային ջարդերով ու կոտորածներով, եւ դրանք  ոչ մի կերպ չէին ազդում ո՛չ Եվրոպայի, ո՛չ Ռուսաստանի վրա: Թվում է, թե մի քանի անգամ տեսնելով նույն արդյունքը՝ հեղափոխական կազմակերպությունները պետք է դադարեցնեին այդօրինակ «հայրենասիրական» գործողությունները: Սակայն դրանք շարունակվում եւ բորբոքվում էին նոր ուժով: Բանական բացատրություն դժվար էր գտնել։ Միակ բացատրությունն այն էր, որ «հեղափոխական» տրամաբանության դաշտում դա էրերրորդ ուժի  ժառանգված կաղապարն օգտագործելու միակ ձեւը։
դ) Նահատակվելու պատրաստակամություն
Եկեղեցու ավանդական, նահատակվելու պատրաստ հերոս-հայրենասերի կաղապարի մեջ հեշտությամբ տեղավորվեց 19-րդ դարի վերջի հայ շարքային հեղափոխականը: Ճիշտ է՝ իր նախատիպի նկատմամբ նա ուներ էական տարբերություններ: Հավատի համար նահատակության գնացող հայրենասերը բացարձակ ինքնուրույն էր, սեփական խղճի թելադրանքով էր կայացնում իր վճիռը: Նոր հայրենասեր հերոսը նման քայլի գնում էր հեղափոխական ուսմունքի քրմերի՝ «վերեւից» իջեցրած հրամանը կատարելով: Եկեղեցու նահատակ-«հերոսը», գերագույն արժեք գաղափարի համար զոհվելով ՝ կանխում էր  այդ արժեքի նկատմամբ կոնկրետ ոտնձգությունները: Նոր հեղափոխական մարտիկը համարում էր, որ իր տեսակի նկատմամբ արդեն իսկ առկա է այդ վտանգը:
Նախկին «հերոսը», իր գաղափարին հավատարիմ մնալով ու հանուն դրա նահատակվելով, որպես կանոն, ուրիշ որեւէ մեկին չէր վնասում, նրա նահատակությունը իմաստավորվում եւ արդյունավորում էր նրանով, որ իր հավատակիցների մեջ ամրացնում էր նույն գաղափարը, նպաստում իր հավատակիցների դավանանքի ազատությանը, նույնիսկ՝ իր մահով անհավատների դարձի բերում: Այժմ՝ նոր՝ «հեղափոխական հերոսի» գործողության հաջող թե անհաջող ավարտին հետեւում էին նրա ազգակիցների զանգվածային ջարդեր ու ավերածություններ: Եւ դա նույնպես համարվում էր դրական արդյունք:
ե) Մշտական թշնամի
Եկեղեցու «հերոսը» սովորաբար նախահարձակ ու ագրեսիվ չէր, այդպիսին էր հակառակ կողմը՝ «անհավատը», որը եւ հանդես էր գալիս որպես մշտական թշնամի: Վերջինս ինչ-որ պայմաններում նրանից հավատափոխություն էր պահանջում, իսկ «հերոսը» դիմադրում էր, դիմանում բոլոր տանջանքներին եւ նահատակվում: Հեղափոխական դոգմաներ կրող հայրենասերն ինքն էր նախաձեռնող, ակտիվ ու նախահարձակ կողմը: Իսկ մշտական թշնամին՝ Օսմանյան պետությունն էր, որ հրաժարվում էր լուծել «Հայկական հարցը»:
զ) Իշխանության մենաշնորհի արտոնություն
Հաջորդ կաղապարը, որից օգտվեցին հեղափոխական կուսակցությունները, ողջ ժողովրդի (հայության) վրա «ի վերուստ»իշխանության մենաշնորհ  ունենալու իրավունք էր: Այդպես անսակարկելի ու աներկընտրանք էր Հայ եկեղեցու իշխանությունը հայության վրա: Եւ դա հենվում էր այն համոզմունքի վրա, որ եկեղեցու որդեգրած դավանանքն է ազգային պատկանելության հատկանիշը, իսկ եկեղեցին՝ այդ դավանանքի պահապանը: Ըստ այդմ էլ՝ ով այդ դավանանքի հետեւորդը չէ, նա այլեւս հայ չէր համարվում: Նույն կերպ Դաշնակցությունը պիտի սկսեր համարել, որ միայն իրեն է տրված հայ ժողովրդի բախտը տնօրինելու մենաշնորհը եւ կրկնել նույն բանաձեւը՝ «ով դաշնակցան չէ, նա հայ չէ»: Եւ սա էլ հենվում էր այն համոզմունքի վրա, որ որպես հայրենասերների միություն՝ իրենք են ազգի ընտրանին ու պահապանները: Նույն գաղափարները եւ ծրագրերը որդեգրած, նույն նպատակին լծված, նույն գործելակերպից օգտվող, իրենց նույն կերպ հայրենասեր համարող հայկական կուսակցությունները, անգամ ժողովրդի համար ամենաաղետալի պայմաններում, այդպես էլ երբեւէ համագործակցության եզրեր չգտան ո՛չ միմյանց հետ, ո՛չ, առավել եւս, եկեղեցու: Նրանցից յուրաքանչյուրը հավատացած էր, որ ինքն է ժողովրդի՝ «ի վերուստ» որոշված քաղաքական ընտրանին եւ տերը: Ավելին՝ այս հիմքի վրա նրանց միջեւ անպակաս էին նաեւ բախումները:
*  *  *
Կեղծ հայրենասիրական պատկերացումները, որպես ժամանակի հայ քաղաքական մտքի որակներ, իրենց սեւ գործն արեցին նաեւ Առաջին հանրապետության տարիներին ու մեծապես կանխորոշեցին Հայաստանի ճակատագիրը: Հայաստանից դուրս գտնվող գաղութահայությունն, ինչպես միշտ, իր պարտքն ու իրավունքն էր համարում որոշելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը: Եւ ինչպես միշտ՝ նա իր ծրագրերում ու պահանջներում «շատ ավելի հայրենասեր էր», քան Հայաստանում ապրողները։ Գաղութահայության անունից հանդես եկող «Ազգային պատվիրակությունը» Առաջին աշխարհամարտում հաղթած երկրներին էր ներկայացրել «ծովից ծով Հայաստանի» պահանջ եւ չէր ընդունում պետականության գոյությունը Հայաստանում՝ եթե դրա մեջ չեն մտնում բոլոր պատմական հայկական հողերը: Սեւրի պայմանագիրը, որի հիմքում հայկական պահանջների «չափավոր» տարբերակն էր, ստորագրումից օրեր անց դատապարտվեց ձախողման, երբ նախատեսվող «երրորդ ուժը»՝ ԱՄՆ-ը, հրաժարվեց ընդունել Հայաստանի մանդատը՝ խնամակալությունը: Իսկ այդ ընթացքում վերացավ, ի չիք դարձավ պատերազմից անմիջապես հետո դաշնակիցների կողմից առաջարկված իրական եւ իրագործելի, շուրջ 60.000 կմ/քառ. տարածքի վրա անկախ պետություն ունենալու հնարավորությունը, որին նրանք պատրաստ էին ամեն կերպ աջակցել, որի իրականացմանը համաձայնել էր Թուրքիան, եւ որը, նույն «հայրենասիրական մղումներով», մերժել էր Առաջին Հանրապետության կառավարությունը: Ժամանակին ընդունվեր այդ առաջարկը՝ այսօր մենք կունենայինք առնվազն 60.000 կմ/քառ տարածքով երկիր։

4. Խորհրդային տասնամյակների շրջանը Հայաստանում եւ Սփյուռքում
Կոմունիստական իրականությունը եկավ իր բոլորովին նոր գաղափարախոսությամբ,  արժեքային համակարգով եւ հայրենասիրության մասին իր պատկերացումներով։ Նախկին պատկերացումների դեմ կոմունիստական գաղափարախոսության պայքարը միայն «դասակարգային» դիրքերից էր, ու չէր կարող ըստ էության վնասել դրանց կաղապարներին։ Ավելին, ինչ-որ տեղ այդ պայքարը նպաստեց, որ հայրենասիրության ավանդական դոգմաները ոչ միայն պահպանվեն, այլեւ, աննշան սրբագրումներով, սրբագործվեն ու փոխանցվեն հաջորդ սերունդներին։ Քաղաքական կլիմայի փոքր-ինչ մեղմացման պայմաններում կրկին հենց այդ կաղապարների վրա էր հենվում 60-ական թվականների հայ հայրենասերների այլախոհական միտքը։
Նույն շրջանում, սփյուռքի բոլորովին այլ պայմաններում եւս հնարավոր չեղավ, ըստ էության, անդրադառնալ անցած դարձածին ու արդյունքների հիման վրա քարացած պատկերացումները սրբագրելու լուրջ հետեւություններ անել։ Այստեղ տեղափոխված «ավանդական կուսակցությունները», մի քանի տարում շփոթմունքը հաղթահարելուց հետո, իրենց գործունեության հիմնական ոլորտներից մեկը դարձրին սեփական անցյալը գունազարդելու, այն որպես անմնացորդ հայրենասիրական ձեռնարկումների շղթա ներկայացնող պատմագրության ստեղծումը։ Եթե մի քանի գիտնականների ու նախկին գործիչների աշխատություններում ու հուշերում օբյեկտիվ հետեւություններ եղան, ապա այս պայմաններում դրանք լայն տարածում չէին կարող ստանալ։

5. Հայկական ժողովրդավարական շարժման շրջան
1980-ական թվականների հայ  հասարակության արժեքային համակարգը եւ հասարակական պատկերացումները քիչ էին տարբերվում այն ավանդականից, որ գործում էր դարասկզբին: Դրանց կաղապարները խորհրդային տարիներին՝ կոմունիստական գաղափարախոսության պայմաններում, եթե ինչ-որ ձեւախեղման էին ենթարկվել, ապա չէին փոխել իրենց էությունը:
Լեռնային Ղարաբաղի խնդրով սկսված համաժողովրդական հուժկու շարժումը քաղաքական բացառիկ ակտիվություն հաղորդեց ողջ հասարակությանը: Առաջին ամիսների հանրահավաքների ելույթներում ու ծրագրային փաստաթղթերում ավանդական պատկերացումների կողքին հստակ ուրվագծվում էր նաեւ դրանցից հրաժարվելու եւ դրան հակադրվող պատկերացումների միտումը: Դրանք արտահայտվեցին Ղարաբաղյան կամ հայկական ժողովրդավարական Շարժման ղեկավարության՝ «Ղարաբաղ» կոմիտեի կողմից ու 1988թ. օգոստոսի 19-ին հրապարակած Հայոց համազգային շարժման ծրագրում: Պաշտոնապես այն ընդունվեց 1989թ. նոյեմբերի 6-ին՝ Շարժման հիմնադիր համագումարում: Այդ Ծրագիրը հենվում էր բոլորովին այլ արժեքային համակարգի վրա եւ տրամագծորեն հակադրվում հայ քաղաքական մտքի եւ հասարակական պատկերացումների հիմքում դրած հարյուրամյա սրբագործված պատկերացումներին ու դրանց կաղապարներին.
- Որպես գերագույն արժեք՝ ներկայանում էր անկախ պետականությունը, որի պայմաններում եւ որի միջոցով կարելի է լուծել ազգի հարատեւման եւ նրա առջեւ ծառացած խնդիրները:
- Մերժվում էին երրորդ ուժին  ապավինելու եւ քաղաքական կողմնորոշման գաղափարները. «Հայ ժողովուրդն իր ազգային ծրագրերն իրագործելիս պետք է ապավինի իր ուժերին, հույս չդնի ուրիշի հովանավորության վրա: Ամեն մի հակառակ պնդում ժխտվում է պատմական փորձով եւ ծառայում է մեր ժողովրդին հոգեկան ստրկության մեջ պահելու գործին»:
- Մերժվում էր «մշտական բարեկամ»  գաղափարը. «Մենք մերժում ենք անբարոյական եւ մեր ազգի համար անպտուղ այն քաղաքականությունը, որը, մի կողմից, իբրեւ «դիվանագիտություն» ՝ ենթադրում է հավատարմության անտեղի հավաստիացումներ եւ համաժողովրդական քծնանք այլ ժողովուրդների նկատմամբ, մյուս կողմից՝ պահանջում է թշնամություն քարոզել ուրիշ ժողովուրդների կամ կրոնների դեմ:
- Մերժվում էր մշտական թշնամու  գաղափարը. «Մեր Շարժումն ուղղված չէ որեւէ ժողովրդի դեմ: Մեր սկզբունքն է՝ խաղաղ եւ համերաշխ ապրել հարեւան բոլոր ժողովուրդների հետ: Բայց մենք համոզված ենք, որ խաղաղությունը եւ համերաշխությունն ամուր են լինում միայն այն դեպքում, երբ հիմնվում են արդարության վրա, երբ չեն ոտնահարվում որեւէ ժողովրդի իրավունքները»:
Սա մի իրական հեղափոխություն էր հայ քաղաքական մտքի մեջ եւ մարտահրավեր՝ ինչպես կոմունիստական, այնպես էլ ավանդական քաղաքական ռոմանտիզմի քարացած պատկերացումներին: Այն որակապես բոլորովին նոր հիմք էր նաեւ հայրենասիրության ընկալման, հայրենասիրական մղումների բովանդակությունը, ուղղությունը եւ գործադրման ձեւերը որոշելու համար: Իրական արժեքային համակարգի, իրատեսական քաղաքական մտքի եւ իրական հայրենասիրական պատկերացումների համատեղմամբ էր, որ Շարժման եւ դրան հաջորդած տարիներին ձեռք բերվեցին հաղթանակներ, արձանագրվեցին հաջողություններ, որոնք նախապես անհավատալի էին թվում առկա ուժերի, հնարավորությունների եւ իրավիճակի պայմաններում:
Սակայն ավանդական պատկերացումները չէին վերացել: Եւ պատճառը հասարակական լայն շերտերի համոզվածությունը չէր: Պարզապես՝ ժամանակի ընթացքում դրանք յուրատեսակ եկամտաբեր արտադրության, բիզնեսի էին վերածվել «ազգային կուսակցությունների», «ազգային մտավորականների», զանազան կարիերիստների համար: Դրանք ոչ միայն կոնկրետ եկամուտ, այլեւ հասարակական դիրք էին ապահովում մարդկանց համար, որոնք այլ կերպ դրանք չէին կարող ունենալ։ Արտաքնապես գրավիչ, ազգային ինքնասիրությունը շոյող ու ամբիցիաները լիուլի բավարարող պատկերացումները հեշտությամբ են դառնում քաղաքական շահարկումների հիմք: Այնպես որ, ինչպես Շարժման, այնպես էլ անկախ պետականության տարիներին նրանք կատաղի պայքար էին մղում ռեւանշի հասնելու համար: Ռեւանշի հասնելու համար պայքարի հայտնի դրվագներից մեկն էր, օրինակ, «ազգային գաղափարախոսության» եւ «ազգային միասնության» թեմայով 90-ականներին ծավալված բանավեճը։ Եւ 1998թ. փետրվարյան հեղաշրջումն իրականացվեց «ավելի հայրենասերների» կողմից, «ավելի հայրենասիրական» կարգախոսներով ժողովրդին մոլորեցնելով: Այդ հեղաշրջման գաղափարական հիմքում, ըստ էության, դրված էին հին կաղապարները։ Դրան հետեւած մեկուկես տասնամյակը կրկին գլխիվայր շրջեց ողջ արժեքային համակարգը, նաեւ՝ դրանից բխող պատկերացումը հայրենասիրության մասին, ու բերեց այն կործանարար հետեւանքները, որոնք արդեն իսկ համեմատելի են Ցեղասպանության հետեւանքների հետ։
Աշոտ Սարգսյան
http://www.ilur.am/news/view/4060.html

24.11.2012 22:12




Monday, September 24, 2012

Հարցազրույց «7or.am» կայքին


 Հարցազրույց ՀԱԿ ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի հետ

–Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ գնահատական կարող եք տալ անցկացված ՏԻՄ ընտրություններին։ 

Որպես քաղաքական միջոցառում այն դրական իմաստով ոչ մի տարբերություն չդրսեւորեց մինչ այժմ եղած ընտրությունների համեմատ։ Այսինքն՝ իշխանությունն, ի դեմս ՀՀԿ-ի, չհրաժարվեց ընտրախախտումների ու ընտրակեղծարարության իր զինանոցի որեւէ միջոցից։ Ասենք, որ այդ զինանոցը էապես աղքատացել է 4-5 տարա առաջվա համեմատ, օրինակ՝ տեղամասերում մրցակից կողմի ծեծուջարդը, բացահայտ լցոնումները։ Դրա փոխարեն զարգացել ու կատարելագործվել են ավելի նուրբ միջոցները, օրինակ՝ ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի առավել լայնատարած օգտագործումը։ Բայց ՏԻՄ այս ընտրություններում նկատվեց երկու կարեւոր հուսադրող հանգամանք.
Առաջին. որոշ դեպքերում, երբ իշխանությունը մանրամասն հաշվարկից հետո պարզել էր, որ անիմաստ է այսինչ տեղում պայքարը, կամավոր զիջել էր։ Սա, ըստ էության նորություն է, մի նորություն, որ ցուցադրում է ՀՀԿ-ն ստիպված քայլեր է անում, որը բխում է սեփական թուլության գիտակցումից։
Երկրորդ. Ոչ համատարած, սակայն եղել են համայնքներ, որտեղ ՀՀԿ-ի թեկնածուն պարտվել է ոչ այնքան մրցակից թեկնածուի ուժեղ լինելու հանգամանքով, որքան իշխանության հաստատած ընտրական «կարգուկանոնի» դեմ ընտրողների «ապստամբելու»  շնորհիվ։ Այսինքն՝ տեղապտույտ են տվել նաեւ ընտրակեղծարարության այնպիսի մշակված մեխանիզմներ, ինչպիսին է ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսը։

–Շատ է խոսվել ՀՀ նախագահի՝ Կառավարությունում հրավիրած վերջին խորհրդակցության մասին։ Հնչել են տարբեր գնահատականներ, որոնց մեծ մասը թերահավատորեն է մոտենում այդ խորհրդակցության ընթացքում հնչած նախատիքներին ու հավաստիացումներին, թե այսուհետ ամեն ինչ կկարգավորվի։ Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է։

Որքան ես եմ ծանոթ տրված գնահատականներին՝ դրանց մեծ մասը ոչ թե թերահավատություն էին արձանագրում, այլ ծաղրական էին։ Իմ կարծիքով թերահավատություն այստեղ շատ մեղմ բառ է, քանզի այն իր մեջ հավատալու ինչ-որ, թեկուզ չնչին տոկոս է ենթադրում։ Սկսած այն մարդկանցից, ովքեր ներկա էին այդ խորհրդակցությանը, վերջացրած ամենաքիչ տեղեկացված ՀՀ քաղաքացին, լավագույն դեպքում դա պիտի համարեին թատերական մի ներկայացում։
Կառավարական խորհրդակցությանը ներկաների մեջ պատկերացնո՞ւմ եք որեւէ մեկին, որի հիմնական աշխատանքն, ըստ էության, հենց բյուջեի եւ այլ աղբյուրների միջոցներից համապատասխան «ատկատների» ապահովումը չէ։ Եւ ամեն մեկը գիտի չէ՞, թե ուր եւ ում է ուղարկում իր ապահոված «ատկատների» առյուծի բաժինը։ Այդ խորհրդակցությունը իրականում կառավարության անդամների համար չէր։ Դա Հայաստանի ժողովրդի համար էր՝ որպես այդ ժողովրդի նկատմամբ ծաղրի, անպերկեշտ վերաբերմունքի ու ցինիզմի դրսեւորման մի ակցիա։ 2008 թվականին Ս. Սագսյանը ժողովրդին սուտ խոստումներ էր տալիս, 2012-ին սուտ ու կեղծ թվեր էր հրապարակում՝ իբր այդ խոստումները կատարած լինելու մասին։ Սուտ խոսելու ռեսուրսը հավանաբար սպառվել է։ Հիմա նա այդ ժողովրդին ուղղակի ասում է՝ հետո ինչ, որ իմ մասին ամեն ինչ գիտեք, այ այսպես ձեզ ներկայանալու եմ հրեշտակի կերպարով, ուզում եք՝ ընդունեք, չեք ուզում՝ թողեք գնացեք էս երկրից։

Եթե հետևենք անկացված խորհրդարանական ու ՏԻՄ ընտրություններին, դրանց վիճելի արդյունքներին, ըստ Ձեզ, արդյոք ինչ–որ ուղերձ չե՞ն հղում այդ ընտրությունների արդյունքները հայ ժողովրդին՝ առաջիկա նախագահական ընտրությունների ակնկալիքների հետ կապված։

Ձեր ակնարկած ուղերձը հայ ժողովրդին վաղուց են հղել նաեւ նախորդ ընտրությունները։ Ինչ խոսք՝ գնալով այդ ուղերձը դառնում է ավելի ու ավելի առարկայական։ Այդ ուղերձը ժողովրդի համախմբումն է՝ եթե ոչ նույնիսկ ինչ-որ քաղաքական ուժի, եթե ոչ նույնիսկ ինչ- որ գաղափարի շուրջ, այլ, ասենք՝ ընտրակաշառքը մերժելու եւ սեփական համոզմունքով քվեարկելու սկզբունքի շուրջ։ Առաջիկա նախագահական ընտրություններում ավելի քան հնարավոր է ՀՀԿ-ի եւ Ս Սարգսյանի մենատիրական հանցավոր իշխանության տապալումը։ Դրա համար ընդամենն անհրաժեշտ է ուժերի խելամիտ դասավորություն, եւ որ Հայաստանի բնակչությունը գեթ մեկ անգամ, համատարած, ցուցադրի քաղաքացու ու երկրի տիրոջ իր բնավորությունը։

հղումը 
Սեպտեմբեր 24, 2012 19:04

Thursday, September 20, 2012

Ինչպես ծնվեց Հայաստանի անկախությունը


1. Կենսագործելով Անկախության հռչակագրի դրույթները՝ Հայաստանը սկզբից ևեթ օրենսդրական և գործնական քաղաքական քայլերով սկսեց գործել որպես ինքնիշխան պետություն։ Մոսկվայի հետ հարաբերություններում Հայաստանի իշխանությունը մերժեց ինչպես առճակատման գնալու, այնպես էլ ենթակայի վիճակում մնալու քաղաքականությունը։ Հետևողական քաղաքական աշխատանքով, ճկուն դիվանագիտությամբ, նաև բնավորության ցուցադրմամբ նոր իշխանությունն այդ հարաբերությունները տեղափոխեց գործընկերային հարաբերությունների հարթություն։ Հորիզոնական կապեր հաստատվեցին ԽՍՀՄ այն հանրապետությունների հետ, որոնք ընթանում էին ժողովրդավարության և անկախության ճանապարհով։ Ակտիվ դիվանագիտական աշխատանք ծավալվեց այլ երկրների հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Արտաքին քաղաքականության մեջ հաջողությամբ հետապնդվում էր Հայաստանը փաստական և իրավական առումով միջազգային հանրության լիիրավ անդամ դարձնելու խնդիրը։
2. Նոր իշխանությունը ստանձնեց Սահմանադրությամբ իրեն վերապահված բոլոր իրավունքները և լիազորությունները, վերացվեց հանրապետական իշխանության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների վրա կուսակցական մարմինների վերահսկողության խորհրդային պրակտիկան։ Ապահովվեցին ժողովրդավարության արմատավորման կարևոր հիմքերը. հասարակությունն ազատվեց որևէ գաղափարախոսության պարտադրանքից, ապաքաղաքականացվեցին իրավապահ մարմինները և զինված ուժերը։ Հիմնարկներում և կազմակերպություններում արգելվեց կուսակցական կազմակերպությունների գործունեությունը, նրանց թույլատրվեց կազմակերպական կառույցներ ունենալ միայն տարածքային սկզբունքով։ Օրենսդրորեն կարգավորվեց պետական անվտանգության կարևորագույն հիմքերից մեկը՝ երկրի քաղաքական դաշտը և քաղաքական կազմակերպությունների գործունեության ոլորտը։ Արգելվեց պետական կառույցներից և արտասահմանից կուսակցությունների ֆինանսավորումը, նրանց ղեկավար մարմնի՝ հանրապետությունից դուրս գտնվելը, նրանց կազմում օտարերկրյա քաղաքացիներ ունենալը և այլն։ Իշխող քաղաքական ուժը՝ ՀՀՇ-ն, սեփական օրինակով արդեն իսկ մինչ այդ կտրուկ մերժել էր ՀՀ-ի տարածքից դուրս կառույցներ ունենալու գայթակղությունն ու ավանդույթը, թեև ուներ դրա լիակատար հնարավորությունը, և բազմաթիվ էին առաջարկները։ Հաստատված բազմակուսակցական համակարգում քաղաքական ընդդիմությունն ստացավ գործունեության լիակատար ազատություն։ Գործնականում ապահովվեց, ապա նաև օրենսդրորեն կարգավորվեցին խոսքի, մամուլի, խղճի ու կրոնական դավանանքի, քաղաքական գործունեություն ծավալելու և ժողովրդավարական մյուս ազատությունները եւ իրավունքները։
3. Ձևավորվեց նոր իշխանության քաղաքական ընդդիմությունն իր երկու՝ հակաանկախական և «արմատական» թևերով։ Հիմնական՝ անկախության ուղեգծի հարցում, ընդհուպ մինչև հանրաքվե, համառ պայքար էին մղում կոմունիստները և դաշնակցությունը, որոնց ծրագրերի կամ գաղափարախոսությունների հիմքում դրված էր Հայաստանը ԽՍՀՄ-ի (կամ Ռուսաստանի) կազմի մեջ լինելու պարտադիր պայմանը։ Նույն հարցում «արմատականները» (ԱԻՄ-ի գլխավորությամբ) ներկայացնում էին մյուս ծայրահեղությունը՝ պահանջելով ԽՍՀՄ օրենքների անտեսմամբ և Կենտրոնի հետ առճակատմամբ հապշտապ և ցուցադրական քայլեր։ Լեռնային Ղարաբաղի խնդրում «արմատական» քաղաքական ընդդիմությունը հենվում էր պահանջատիրության, պատմական իրավունքի վրա՝ պահանջելով ինչպես Մոսկվայի, այնպես էլ Ադրբեջանի դեմ շարունակել առճակատման քաղաքականությունը։ Ընդդիմության հակաանկախական թևը Ղարաբաղի խնդրի լուծումը կապում էր միութենական պայմանագիրն ստորագրելու եւ անկախությունից հրաժարվելու հետ։ Ժողովրդավարական նորմերի ներդրմանն ու արմատավորմանը, տնտեսական վերափոխումներին ուղղված բարենորոգումների դեմ սոցիալիզմի գաղափարական հիմքերի վրա պայքարում էին կոմունիստները և դաշնակցությունը։ Որոշ դեպքերում ընդդիմության «արմատական» և հակաանկախական թևերը սերտորեն համագործակցում էին։
4. Հայաստանում առաջինն ընդունվեցին սեփականության բոլոր ձևերի իրավահավասարության, ազատ շուկայական հարաբերությունների անցման, համակարգային արմատական վերափոխումների համար հիմք հանդիսացող օրենքները, և կատարեցին առաջին արմատական բարեփոխումները։ Հատկապես համարձակ, բայց, մյուս կողմից՝ լիովին արդարացված էր գյուղատնտեսության բնագավառում իրականացված բարեփոխումը։ Գյուղացիությանը տրվեց հողի նկատմամբ մասնավոր սեփականության իրավունք: Փաստորեն՝ ամբողջ գյուղացիությունն ընդամենը մեկ տարվա ընթացքում իրացրեց հողի սեփականաշնորհման՝ իրեն տրված հնարավորությունը՝ մերժելով կոլտնտեսությունների ու պետական տնտեսությունների առկա համակարգը։ Հողի, գյուղատնտեսական տեխնիկայի և անասնագլխաքանակի սեփականաշնորհումը կանխեց այս ասպարեզի վնասաբերությունը, անվերահսկելի դարձող վատնումները և թալանը, հետագա դժվարին տարիներին հանդիսացավ սննդամթերքի դեֆիցիտը մեղմելու, կարելի է ասել՝ անխուսափելի սովը կանխելու կարևորագույն ներքին ռեսուրս։
5. Նկատի ունենալով նոր իրողությունները, իրավիճակի որակական փոփոխությունները և քաղաքական գործընթացների զարգացման ուղղությունը՝ նոր իշխանությունը Լեռնային Ղարաբաղի խնդրում սկզբից ևեթ որդեգրեց հետագա առճակատումներից խուսափելու և համաձայնությամբ ու փոխզիջումներով հարցը կարգավորելու քաղաքական ուղեգիծ։ Դրա նպատակն էր խնդիրը դուրս բերել փակուղուց, վերականգնել մարզի օրինական հայկական իշխանությունը, ապահովել բնակչության անվտանգության երաշխիքները և թույլ չտալ, որ անկախության գնացող Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար կենտրոնական իշխանությունը Լեռնային Ղարաբաղն օգտագործի որպես հարվածի թիրախ։ Թեև հետևողական ջանքերի շնորհիվ հաջողվեց կանխել կենտրոնական իշխանության և Ադրբեջանի խուսանավումները և ոչ մեկ անգամ հասնել նախնական պայմանավորվածությունների, սակայն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում որոշ ներքին ուժերի, ինչպես նաև Մոսկվայում որոշ պաշտոնյաների հարուցած խոչընդոտների պատճառով այս ծրագիրը հնարավոր չեղավ իրականացնել։ Դա առավել հնարավոր դարձրեց 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Մոսկվայի և Ադրբեջանի բացահայտ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ռազմավարությունն, այսպիսով, որդեգրվել է 1990 թ. օգոստոսից և անխաթար հետապնդվել ՀՀՇ-ի ամբողջ իշխանության շրջանում՝ անկախ այդ ընթացքում պարտադրված պատերազմից:
6. Հայաստանի իշխանությունը հետևողականորեն շարունակեց իրականացնել պետական անկախության ձեռքբերման՝ ՀՀՇ Ծրագրում ամրագրված դրույթը: Այդ ընթացքում նա տեղի չտվեց ո՛չ իր քաղաքական ընդդիմության «արմատական» թևին, որը պահանջում էր անմիջական անկախության հռչակում՝ առանց հաշվի առնելու ԽՍՀՄ օրենքները, ո՛չ էլ հակաանկախական թևին, որը պարտադրում էր հրաժարվել այդ ուղեգծից և ստորագրել նախապատրաստվող միութենական նոր պայմանագիրը։ Անկախության հռչակագրի ընդունումից հետո, հաջորդ քայլով, 1991 թ. մարտին Հայաստանը հրաժարվեց մասնակցել ԽՍՀՄ պահպանման խնդրով կենտրոնական իշխանության կազմակերպած հանրաքվեին և նշանակեց անկախության սեփական հանրաքվեն՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին: Հայաստանը միակ հանրապետությունն էր, որ անկախության իր գործընթացը տանում էր սահմանադրական ճանապարհով՝ կատարելով հենց ԽՍՀՄ համապատասխան օրենքով նախատեսված քայլեր: 
7. Մոսկվայի և Ադրբեջանի համատեղ ռազմական գործողություններով ծրագրված էր Ղարաբաղի հայ բնակչության տեղահանում դեպի Հայաստան։ Ադրբեջանը հույս ուներ այդ կերպ «լուծել» Լեռնային Ղարաբաղի հարցը, Մոսկվայի նպատակն էր այդ միջոցով հանրապետությունում խորացնել սոցիալական լարումը, իշխանությունների նկատմամբ անվստահություն ստեղծել, դրանով հասնել անկախության գործընթացի խափանմանը և ստիպել Հայաստանին ստորագրել միութենական նոր պայմանագիրը։ Այս որոշման կայացման քաղաքական հաշվարկների հիմքում նկատի էր առնվել այն հանգամանքը, որ Հայաստանում կային քաղաքական ուժեր (ինչպես կոմկուսը և ՀՅԴ-ն) և հասարակական շերտեր (ինչպես՝ կուսակցական և մտավորական նախկին նոմենկլատուրան և հայաստանաբնակ ղարաբաղցիների մեծագույն մասը), որոնք իրենց գաղափարախոսությունների կամ պատկերացումների թելադրանքով անվերապահորեն դեմ էին Հայաստանի անկախությանը։
8. 1991թ. ապրիլի վերջերից սկսված, այսպես կոչված՝ «Կոլցո» ռազմական գործողությանը հակադրվեց Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Հայաստանից գործուղված կամավորականների հերոսական ինքնապաշտպանությունը՝ զուգակցված Հայաստանի իշխանության ակտիվ դիվանագիտական աշխատանքի և գրագետ քաղաքական միջոցառումների հետ։ Կենտրոնական իշխանության դրված խնդիրը վերջին հաշվով տապալվեց։ Դրան մեծապես նպաստեց ինչպես Ռուսաստանի և այլ հանրապետությունների ժողովրդավարական ուժերի, այնպես էլ միջազգային հանրության լայն և գործուն օժանդակությունը։ Հայաստանի իշխանությունների քաղաքական ձեռնարկումների և դիվանագիտական աշխատանքի շնորհիվ վերջիններիս հնարավոր էր եղել համոզել, որ այդ գործողություններն իրականում ուղղված են Հայաստանում սկսված արմատական ժողովրդավարական գործընթացները և օրինական ճանապահրով ընթացող նրա անկախության գործընթացը խափանելուն։ Կարևոր նշանակություն ունեցավ նաև այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն ընդունեց առճակատման քաղաքականությունից խուսափելու և խնդիրը փոխզիջումների հիմքի վրա ԽՍՀՄ Սահմանադրության շրջանակներում կարգավորելու՝ իր նախապես մերժած ծրագիրը: Հաջողությամբ հաղթահարվեցին նաև ներքին քաղաքական ընդդիմության հարուցած խոչընդոտները՝ ինչպես հակաանկախական ուժերի, այնպես էլ կեղծ-ազգայնական ու կեղծ-հայրենասիրական պատկերացումների հետևորդների ձեռնարկումները։ Այդ ձեռնարկումների նպատակն էր խաթարել հանրապետության ձեռք բերած ժողովրդավարական վարկանիշը, նրան կանգնեցնել շատ ավելի լայնածավալ պատերազմական գործողությունների փաստի կամ վտանգի առջև, խափանել նշանակված Անկախության հանրաքվեն, ստիպել ստորագրել միութենական պայմանագիրը։ 
9. Հայաստանի քաղաքական իշխանությունը կարողացավ ամուր կանգնած մնալ իրատես-քաղաքականության իր որդեգրած ելակետի վրա։ Նա չտրվեց իրադարձությունների խաբկանքին, կարողացավ Ճիշտ գնահատել ծավալվող քաղաքական գործընթացների ուղղվածությունը և իր մարտավարությունն ու ռազմավարությունը կառուցեց վերջինիս վրա։ Ներքին քաղաքականության մեջ դա արտահայտվում էր ժողովրդավարական սկզբունքների, տնտեսական հարաբերություններում՝ ազատականության և ազատ շուկայական հարաբերությունների ներդրմամբ։ Անկախության գործընթացում իշխանությունը զերծ մնաց գայթակղիչ ցուցադրականությունից, բայց նաև թույլ չտրվեց անկախության ուղեգծից որևէ նահանջ, կատարվեցին ինքնիշխանության ամրապնդման հետևողական քայլեր։ Որպես անկախության գնացող երկիր հակադրվելով հանդերձ կենտրոնական իշխանությանը՝ Հայաստանը կարողացավ հասնել նրա հետ գործընկերային հարաբերությունների հաստատման։ Նույն իրատես քաղաքականության և ճշգրիտ քաղաքական հաշվարկների շնորհիվ հաջողվեց, մի կողմից՝ թույլ չտալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դարձվի Հայաստանի անկախության գործընթացի կասեցման միջոց, մյուս կողմից՝ խափանել ու չեզոքացնել հայկական մարզը բռնագաղթի ենթարկելու՝ Մոսկվայի և Ադրբեջանի համատեղ ծրագրերը: Ի տարբերություն Ադրբեջանի, որը, գայթակղվելով Կենտրոնի հետադիմական ուժերի հետ համագործակցությամբ, կանգնած մնաց կոմունիստական ռեժիմի պահպանման և միութենական պայմանագրի ստորագրման ջատագովի դիրքերում, Հայաստանի ժողովրդավար իշխանությունը քաղաքական հեռատեսությամբ գնաց ճիշտ հակառակ ճանապարհով՝ ապահովելով առաջիկա իրադարձություններում իր հաջողությունների հիմքերը:
10. Մոսկվայում հետադիմական ուժերի կողմից կազմակերպված պետական հեղաշրջման (ԳԵԿԱՉԵՊԵ) վտանգաշատ օրերին Հայաստանի իշխանությունները կարողացան հաջողությամբ լուծել երեք կարևոր խնդիր։ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում չհաստատվեց նախատեսված հատուկ դրության ռեժիմը, չտրվեց պատժիչ գործողությունների դիմելու առիթ, միաժամանակ՝ հնարավոր օժանդակությունը ցուցաբերվեց Ռուսաստանի ժողովրդավարական ուժերին, որոնք և կարողացան ձախողել պետական հեղաշրջման փորձը։ Հայաստանի գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենագործուն ու վճռական անձնական մասնակցությունն ունեցավ կենտրոնական իշխանությանը երկրորդ շնչառություն տալու փորձերը կանխելուն, ԽՍՀՄ փլուզումը կարգավորված ու անվտանգ կազմաքանդման վերածելու կառուցողական գործընթացին՝ դառնալով դրա ճարտարապետներից մեկը։
11. Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, մինչև վերջ հավատարիմ մնալով անկախության ձեռքբերման իր որդեգրած ճանապարհին, ստիպված էր հաղթահարել ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքական ընդդիմության բազմաթիվ խոչընդոտներ: 1991թ. սեպտեմբերի 21-ին իրականացվեց Անկախության համաժողովրդական հանրաքվեն, որը գործնականում միաձայն հաստատեց անկախ պետություն ունենալու՝ Հայաստանի ողջ բնակչության վճռական որոշումը։ ՀՀ գերագույն խորհուրդը հանրաքվեի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն։ Հայաստանը՝ ԽՍՀՄ հանրապետություններից միակը, իր անկախությունը հռչակեց գործող միութենական օրենքների սահմաններում և միջազգային չափանիշներին համապատասխան՝ դրանով իսկ ապահովելով իր անկախության ամենաանխոցելի իրավական հիմքը։
12. Ըստ էության՝ երկրորդ մի հանրաքվեի նշանակություն ունեցավ նաև հոկտեմբերի 16-ին անցկացված նախագահական ընտրությունը։ Չմասնակցելով պաշտոնական նախընտրական արշավին և բավարարվելով բազմիցս իր ներկայացրած քաղաքական ծրագրերին և գործունեությանը հասարակության տեղեկացվածությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահության վեց թեկնածուների մեջ ստացավ ձայների ավելի քան 83%-ը և անվիճելի հաղթանակ տարավ։ Ինչպես անկախության հանրաքվեի, այնպես էլ նախագահական ընտրությունների արդյունքները վկայում էին, որ Հայոց համազգային շարժման և նրա առաջնորդի ծրագրերի ու գործունեության նկատմամբ վստահությունը մնում էր անխաթար։ Սա՝ ինչպես Խորհրդային Միության հանրապետությունների, այնպես էլ Արևելյան Եվրոպայի երկրների մեջ այն եզակի դեպքն էր, երբ կոմկուսին հաղթած ժողովրդավարական ուժն ավելի քան մեկ տարի իշխանություն ունենալուց հետո շարունակում էր հասարակության մեջ պահպանել իր անվիճելի հեղինակությունը և արժանանում անվերապահ վստահության։
13. Ընդունված է ասել, թե բոլոր կայսրությունները դատապարտված են կործանման։ Եւ նույն կերպ սպասվում էր նաև խորհրդային կայսրության կործանումը։ Սակայն բոլոր կայսրությունները կործանվել են հենց այդ կայսրությունների կազմում անազատ և ճնշված վիճակում գտնվող ժողովուրդների ազատագրական պայքարների շնորհիվ։ Այս առումով ԽՍՀՄ փլուզումը ներկայացնել որպես միայն նրա ոչ արդյունավետ տնտեսական և քաղաքական համակարգի հետևանք, որպես ինքն իր մեջ գնացող գործընթաց՝ պատմականորեն սխալ է։ ԽՍՀՄ-ը փլուզվեց ժողովրդավարական շարժումների հզոր հարվածների տակ, և այդ հարվածներից առաջինը նրա հիմքերին հասցրեց Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական Շարժումը։ Ամբողջ կես տարի՝ միայնակ, իսկ այնուհետև՝ ԽՍՀՄ-ում և Արևելյան Եվրոպայում ծայր առած ժողովրդավարական շարժումների առաջատար, նա ամենավճռական դերը խաղաց ԽՍՀՄ փլուզման գործում՝ նվաճելով սեփական անկախությունը և կարևորագույն վաստակ ունենալով մյուս ժողովուրդների անկախությունների ձեռքբերման գործում։ Որպես այդպիսին՝ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ծավալված ժողովրդավարական շարժումը միջազգային չափանիշներով կարևոր գործոնն էր 1988-1991թթ. համաշխարհային պատմության մեջ։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
http://www.ilur.am/news/view/610.html
20.09.2012 21:34

Friday, September 14, 2012

ՈՉ ՕՐԻՆԱԿԱՐԳ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2000 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՒ ԱՅՍՕՐ


Պետականությունը ազգի գոյատեւման եւ զարգացման առաջին երաշխիքն է։ Ուստիեւ՝ ազգերի արտաքին քաղաքական պատմության առանցքային խնդիրը եղել է պայքար անկախ պետականություն ունենալու կամ ունեցածը պահպանելու, հզորացնելու համար։
Պետականության ամրության առաջին երաշխիքը իշխանության օրինակարգությունն  (լեգիտիմությունն) է։ Ուստիեւ՝ ցանկացած ազգի պետականության շրջանի ներքաղաքական պատմության առանցքային խնդիրը եղել է իշխանության օրինակարգության պահպանումը։
Այս երկու անվիճելի բանաձեւերից յուրաքանչյուրի խատումը, խաթարումը ինչպես հազարավոր տարիներ առաջ, հիմա էլ համարվում է հավասարապես ազգակործան, պետական դավաճանության մակարդակի ծանրագույն հանցանք, անփոփոխելի սահմանադրական նորմ։
Անկախության մասին առաջին բանաձեւն ավելի հանրահայտ է բազմաթիվ օրինակներով։ Ստորեւ ներկայացնենք իշխանության ոչ օրինակարգության մասին երկու հազարամյա հնության ուսանելի մի պատմություն ավանդած Մովսես Խորենացու  կողմից՝ այսօրվա իրողությունների հետ դրսեւորած զարմանալի զուգահեռելով ։

Իշխանության մի բռնազավթում

Մահանում է Հայոց Սանատրուկ Արշակունի թագավորը։ Թագավորում է ոմն Երվանդ,- հաղորդում է Խորենացին, իսկ նրա ծագման եւ թագավոր դառնալու հանգամանքների մասին հաղորդում է հետեւյալը. «Արշակունյաց տոհմից մի կին՝ խոշորամարմին, տգեղ ու վավաշոտ, որին ոչ ոք չհամարձակվեց կնության առնել, ապօրինի խառնակությամբ երկու երեխա է ունենում՝ Երվանդ եւ Երվազ: Այս Երվանդը մեծանալով դառնում է մի սրտոտ ու հաղթանդամ մարդ։ Սանատրուկը նրան բազմիցս վերակացուի եւ առաջնորդի պաշտոնների է նշանակում։ Այսպես Երվանդը դարձավ նշանավոր, նախարարների մեջ առաջինը, իսկ իր խոնարհությամբ ու առատաձեռնությամբ քաշեց, իր կողմը գրավեց բոլորին: Եւ երբ Սանատրուկը մեռավ, բոլորը միաբանվելով նրան թագավորեցրին, բայց առանց Բագրատունի տոհմի թագադիրի»։

Թվում է, թե ամեն ինչ նորմալ է. մարդը իր առաքինությունների եւ շնորքի շնորհիվ  վաստակել է ժամանակի քաղաքական էլիտայի բարեհաճությունը ու նրանց համաձայնությամբ նստել թագավորական գահին։ Նորմալ կլիներ, եթե գործող կարգով, «սահմանադրությամբ», թագավորը ընտրովի լիներ։ Բայց այդպես չէր. գործող կարգով թագավորական իշխանությունը խստիվ ժառանգական էր։ Գահը պետք է անցներ մահացած թագավորի որդիներից մեկին։ Նույնիսկ դա բավարար չէր, լրացուցիչ երաշխիք էր սահմանված օրինակարգության համար. թագավորի օրինական ժառանգին էլ պետք է թագադրեր Բագրատունի իշխանը՝ ժամանակի յուրատեսակ «սահմանադրական դատարանը»։ Ուշադրություն դարձնենք բերված ցիտատին՝ բոլորը միաբանվելով թագավորեցնում են Երվանդին, բայց դրան չի մասնակցում Բագրատունի թագադիրը։ Տեղի էր ունեցել իշխանության բռնազնվթում՝ ամենածանր հանցագործությունը, բոլորը դրա հետ համակերպվել են, բացի իշխանության օրինակարգության ապահովման համար պատասխանատու Բագրատունի իշխանից։

Հանցագործի հոգեբանության թելադրանքով

Երվանդը շատ լավ հասկանում էր, որ իր իշխանությունը օրինակարգ  չէ եւ որ ինքը գործել է ամենամեծ հանցանքը։ Ահա դրանից հետո, հանուն իշխանության պահպանման նա պետք է գործեր ու գործում է նորանոր հանցանքներ։ Իր համար ամենամեծ վտանգը համարելով Սանատրուկի մանկահասակ որդիների՝ օրինական ժառանգների գոյությունը, Երվանդը նրանց բոլորրին կոտորում է: Միայն Արտաշես անունով ծծկեր մի մանուկի է հաջողվում ազատել, որին ծծմայրը փախցնում է սարերը՝ հովիվների մոտ եւ այդ մասին տեղյակ պահում թագադիր Բագրատունի Սմբատ իշխանին: Վերջինս ծպտված գալիս, գտնում է թագի օրինավոր ժառանգ երեխային, պահում սարերում, ապա փախցնում Պարսկաստան: Ապօրինի եւ բռնազավթիչ թագավոր Երվանդը հանգիստ չէր կարող լինել, քանի դեռ օրինական գահաժառանգը կենդանի էր. «Նրա սիրտը լիքն էր կասկածանքով, եւ կորցրել էր հանգիստ քունը: Արթուն ժամանակ միշտ այս մասին մտածելով՝ քնի մեջ էլ սարսափելի երազներ էր տեսնում այդ առիթով: Ուստի պատգամախոսների ձեռքով, նվերների միջոցով աշխատում էր համոզել Պարսից թագավորին, որ նա մանուկ թագավորին իր ձեռքը տա»:
Պարսից թագավորը նրան կոպտորեն մերժում է: Այլ խոսքով ասած՝ որպես «միջազգային հանրության» մի մաս հրաժարվում է ճանաչել Երվանդի իշխանությունը ոչ օրինակարգ լինելու պատճառով: Այդ ժամանակ Երվանդը, թագը պահելու համար փորձում է հաճոյանալ ու ճանաչվել մյուս մեծ հարեւանի՝ Հռոմեական կայսրության կողմից, կրկին դիմելով կաշառքի միջոցին: Նա Հռոմեական կայսրությանն է զիջում Հայկական Միջագետքը եւ խոստանում նրան մեծ հարկեր վճարել. “Այդ ժամանակից սկսած Միջագետքի վրայից վերացավ Հայոց իշխանությունը, եւ Հայաստանից էլ ավելի մեծ հարկեր էր վճարում Երվանդը”, - դառնությամբ գրում է Խորենացին:
Սեփական ժողովրդին հաճոյանալու համար էլ Երվանդը զբաղվում է ցուցադրական բուռն շինարարական գործունեությամբ. քաղաքներ է կառուցում, անտառներ հիմնում եւ այլն:

Իշխանագողի վերջը

Թագադիր Սմբատ Բագրատունու խնամքի տակ օրինական թագաժառանգ Արտաշեսը չափահաս է դառնում Պարսկաստանում, եւ միասին շարժվում են դեպի Հայաստան: Երվանդը սարսափած հավաքում է զորքերը, վարձու զորքեր խնդրելով նաեւ հարեւաններից. «Վրաց եւ Կեսարիայի կողմերի զորքերը, նաեւ Միջագետքինը, խնդրելով ու վարձ վճարելով»: Եւ, իհարկե, կրկին դիմում է կաշառքի ուժին. սակայն այս անգամ կաշառքը չի աշխատում։ Պատմահայրը տալիս է դրա հանճարեղ ու ճշգրիտ բացատրությունը. “Իսկ Երվանդն ավելի առատացնում է պարգեւները եւ ամեն մեկին բաժանում իր գանձերը. եւ որքան շատ էր տալիս, այնքան ավելի ատելի էր դառնում, որովհետեւ բոլորը գիտեին, թե առատաձեռնությունից չէ, որ տալիս է, այլ երկյուղից է վատնում: Եւ այնքան սիրելի չէր դարձնում նրանց, որոնց շատ էր տալիս, որքան թշնամի էր դարձնում նրանց, որոնց այդքան առատ չէր տալիս”:
Իսկ երբ օրինական թագաժառանգ Արտաշեսը Սմբատ Բագրատունու հետ հասնում է Հայաստանի սահմանները, նախ սահմանամերձ շրջանների, ապա նաեւ ամբողջ Հայաստանի նախարարներն անցնում են օրինական թագաժառանգի կողմը եւ լքում ապօրինի թագավոր Երվանդին: Վերջինիս լքում են նաեւ հռոմեական զորքերը: Երվանդը միայնակ՝ “«ձիով շատ ասպարեզներ անցնելով եւ իր բանակից մինչեւ քաղաքը հաստատված իջեւաններում նոր-նոր ձիեր հեծնելով, փախչում էր անընդհատ»: Երվանդը պատսպարվում է իր վերջին ամրոցում, սակայն նույնիսկ այստեղ մարդիկ լքում են նրան. «Եւ երբ քաջերն սկսեցին ամրոցի դեմ կռվել, ամրոցի մարդիկ անձնատուր եղան եւ քաղաքի դուռը բացեցին: Զինվորներից մեկը մտնելով՝ վաղրով Երվանդի գլխին խփեց….»:

Ապօրինի թագավորը գտնում է իր արժանի վախճանը: Երկրում կրկին հաստատվում է օրինական իշխանություն, հաղթում է օրենքը, թագավորում է օրինական թագաժառանգ Արտաշեսը՝ թագադրվելով Բագրատունի նահապետի ձեռքով: Որպես օրինակարգ եւ օրինականությանը նախանձախնդիր թագավոր, նա անգամ ամենածանր հանցանք գործած իր հակառակորդի դեմ վարվում է արժանապատվորեն. “Բայց Արտաշեսը հիշելով, թե Երվանդը Արշակունյաց ցեղի խառնուրդ էր, հրամայում է թաղել եւ մահարձան դնել”:

*  *  *
Այս պատմությունը պալատական միջավայրում ավանդաբար պատմվելով, մոտ 500 տարի հետո Խորենացուն հասած քաղաքական մի ավանդություն է։ Դրա նպատակը պետական իշխանության օրինակարգության (լեգիտիմության) կարեւորությունը, անշրջանցելիությունը շեշտելն է, որպես այդպիսին՝ հայ քաղաքական մտքի մի բարձրակետի դրսեւորում, պետականության զգացողության վկայություն 2000 տարի առաջ, որից հետագայում նահանջել, ապա կորցրել, իսկ այսօր դեռ փորձում ենք վերականգնել: Պետական իշխանության օրինակարգության մասին գեղեցիկ այս պատմության հետ հետաքրքիր եւ ուսանելի զուգահեռներ են դրսեւորում այսօրվա իրողությունները.

ա) Ապօրինի ճանապարհով իշխանության հասնելը օրենքով համարվել է ամենածանր հանցանք՝ անկախ այդ բանն անողի արժանիքներից եւ իրականացման ձեւից: Երվանդը ամենաբարձր դիրքի էր հասել ոչ միայն իր ունակությունների, այեւ այն բանի շնորհիվ, որ նրան բարձր պաշտոնների էր նշանակել Սանատրուկ թագավորը։ Այդ դիրքը Սանատրուկի մահից հետո նա օգտագործեց ոչ թե իշխանության ժառանգականությունը եւ օրինակարգությունն ապահովելու, այլ ընդհակառակը, օգտվելով հարմար առիթից, իշխանությանը տիրելու համար։ Թեեւ բոլորի համաձայնությամբ, բայց նա դարձավ ոչ օրինակարգ թագավոր. խախտվել էր ժամանակի «սարմանադրությունը, ըստ որի իշխանությունը պետք է անցներ թագավորի օրինական ժառանգին։
1998թ. ոչ միայն իրենց ունակությունների, այլ Հանրապետության Հիմնադիր-նախագահի կողմից պատասխանատու պաշտոններ ստանալու շնորհիվ բարձր դիրքերի հասած «հայտնի ուժերը», օգտվելով հարմար առիթից, Հայաստանում հեղաշրջում կատարեցին եւ սկիզբ դրին ոչ օրինակարգ իշխանության։ Երեւութապես դա տեղի եղավ մեծ մասի համաձայնությամբ, սակայն կոպտորեն խախտվել էր Սահմանադրությունը. Նախագահ դարձած մարդը առաջադրվելու իրավունք չուներ։
    
բ) Իշխանության զավթման հանցանքը գործած մարդը, շատ լավ գիտակցելով իր կատարածի համար նախատեսված պատժի ահավորությունը, ունակ է դառնում նորանոր ծանրագույն հանցանքների։ Նա կարող է ընդհուպ ոճրագործությունների դիմել՝ իր երեկվա բարերարներից սկսած մինչեւ անմեղ մարդկանց արյուն հեղելով։ Երվանդը սպանել տվեց իր ամենամեծ բարերարի, իրեն վեր բարձրացրած Սանատրուկ թագավորի մանկահասակ որդիներին, որոնք մեծանալով կարող էին օրենքի ուժով վիճարկել նրա իշխանությունը։
1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո  ինքն իրեն «դիտորդ» համարող Ռ. Քոչարյանը, ազատված քաղաքական էլիտայի՝ իր լիակատար իշխանությունը վիճարկող մասից, հաստատեց իր մենիշխանությունը։ Խաղաղ ցուցարարների՝ 2004-ի ապրիլի 12-ի ջարդից հետո չիրականացվեց վստահության հանրաքվե անցացնելու մասին սահմանադրական դատարանի որոշումը։ 2008-ի մարտիմեկյան սպանդի, պետական հեղաշրջման շնորիվ Սերժ Սարգսյանը գրավեց իշխանությունը։ Առաջին դեպքում ոչ օրինակարգ։ Երկրորդ եւ երրորդ դեպքերում հաշվեհարդար տեսնվեց իշխանությունը վիճարկող ժողովրդի հետ, որն այդ իշխանության իրական տերն է գործող Սահմանադրությամբ։

գ) Ոչ լեգիտիմ իշխանությունը միջազգային ասպարեզում երկիրը դարձնում է թույլ եւ խոցելի։ Իշխանության ապօրինի տիրացած անձը ստիպված է լինում իր իշխանությունը պահպանելու համար օտարներին կաշառել ի հաշիվ երկրի ազգային շահերի՝ լինի տարածքներով, լինի երկրի ինքնիշխանության սահմանափակմամբ: Սույն պատմության մեջ Պարսկաստանը (աշխարհի «երկու բեւեռներից մեկը») սկզբունքայնություն ցուցաբերեց ու հրաժարվեց կաշառքից։ Այլ կերպ վարվեց Հռոմեական կայսրությունը (այն ժամանակվա «Արեւմուտքը»)։ Նա ճանաչեց Երվանդի իշխանությունը՝ դրա դիմաց ստանալով Հայկական Միջագետքը։ Խորենացին ցավով է արձանագրում տարածքային այդ կորուստը, քանի որ մի քանի հարյուր տարի արդեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ու անսակարկելի սահմաններից սա առաջին կտորի կորուստն էր։
Մեր օրերում՝ «աշխարհի երկու բեւեռներից» ոչ մեը չհրաժարվեց կաշառքից։ Ոչ օրինակարգ իշխանության պահպանման դիմաց Ռ. Քոչարյանը մեկին տվեց «գույք՝ պարտքի դեմաց», մյուսին հաճոյանալու համար պատրաստվում էր զիջել Մեղրին։ ՍտորագրեցՍտամբուլի խարտիան՝ փակելով Ղարաբաղի իրական ինքնորոշման հնարավորությունը։ Նա եւ Սերժ Սարգսյանը իրենց ոչ օրինակարգ իշխանության դիմաց պարտադրված էին ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները, ուրանալ Հայոց ցեղասպանությունը։ Վերջես «Վիկիլիքսի» հրապարակած գաղտնի փաստաթղթերը հիանալի ցուցադրեցին հանուն իշխանության պահպանման ազգային շահի վաճառքի, աճուրդի խայտառակ այդ խոհանոցի այլանդակ մանրամասներ։

դ) Իշխանության միակ եւ ապահով հիմքը օրենքն է եւ օրինականությունը: Ոչ օրինակարգ իշխանության պայմաններում անխուսափելիորեն ծաղկում է կաշառակերությունը եւ կոռուպցիան դառնում է համատարած: Ընդ որում՝ ամենամեծ կաշառատուն դառնում է հենց առաջին դեմքը՝ օրենքի վրա չհենվող իր իշխանության համար այլ հիմքեր ու մեխանիզմներ չունենալով: Երվանդը փորձեց կաշառել հարեւան Պարսկաստանին, չստացվեց, բայց կարողացավ կաշառել Հռոմին։ Նա կաշառել էր բոլոր նախարարներին, ժողովրդին ըստ էության կաշառում էր ցուցադրական շինարարությամբ։
Կոռումպացվածության մակարդակով Հայաստանն ամեն տարի նոր նվաճումներ է ունենում։ Որ զանազան եվրոչինովնիկներ՝ վերջին դիտորդից սկսած մինչեւ բարձրաստիճանները, քոչարյանասերժական շրջանում Հայստեղից դատարկ ձեռքով չեն գնում՝ հազիվ թե որեւէ մեկը կասկածում է։ Մանաշնորհները ըստ էության այլ բան չեն, քան այսօրվա օլիգարխ-«նախարարներին» տրված կաշառք։ Իսկ վերջին խորհրդարանական ընտրություններում Հայաստանում կաշառվեց 1 միլիոն մարդ՝ Գինեսի գրքում գրվելու արժանի ռեկորդ։

ե) Եթե հասարակության մեջ գտնվում են պետական մտածելակերպի տեր մարդիկ, որոնք ցանկածած զոհողության գնով պահպանում են այն, ինչով հնարավոր կլինի վերականգնել իշխանության օրինակարգությունը, ապա դեռ ամեն ինչ կորսված չէ: Խորենացու պատմության մեջ դա թագադիր Սմբատ Բագրատունին է։
Մեր իրականության մեջ դրանք այն քաղաքական ուժերն ու գործիչներն են եւ հասարակության այն մասը, որը երբեք գործարքի չգնաց ու չհաշտվեց ոչ օրինակարգ իշխանության դեմ։ Դրանք 2003-2004թթ. փողոց դուրս եկած զանգվածներն էին, դրանք 2008թ. փետրվարյան 10-նօրյա նստացույցի ու մի քանի հարյուր հազարանոց հանրահավաքների մասնակիցներն էին, դրանք վերջին խորհրդարանական ընտրություններու չկաշառված առնվազն 107 հազար քաղաքացիներն են։

զ) Ոչ օրինակարգ թագավորն իշխանությունը պահելու համար չի խորշում ոչնչից։ Նա պատրաստ է անգամ օտար զորքեր վարձել սեփական ժողովրդի դեմ։ Երվանդը օրինական թագաժառանգի եւ իր դեմ ապստամբած սեփական ժողովրդի դեմ հրավիրում է հռոմեական եւ այլ զորքեր։
Ինչպես հայտնի է՝ 1998-ին, 2004-ին եւ 2008-ին, չվստահելով հայաստանյան իրավապահ մարմիններին, մի քանի հարյուրի հասնող զինված ջոկատ է բերվել Հայաստան Լեռնային Ղարաբաղից։

է) Ոչ օրինակարգ իշխանության պատճառած ոչ բոլոր վնասներն ու կորուստներն են վերականգնելի: Արտաշեսը հաստատվեց գահին, բայց այլեւս ո՛չ նրա օրոք, ո՛չ էլ հետագայում երբեւէ անհնար եղավ ետ բերել Հայակական Միջագետքը։
1998 թվականից ի վեր անդառնալիորեն շատ բան ենք կորցրել Լեռնային Ղարաբաղի հարցում։ Արտագաղթի հետեւանքով կորցրել ենք մեկ միլիոնի չափ մարդ։ Կորցրել ենք շատ կարեւոր ժամանակ, հարեւանների համեմատ եթե ոչ առաջանցիկ, ապա նրանց հետ գեթ հավասար զարգանալու հնարավորությունը։

Իսկ հիմա ավանդական այս պատմության ամենասկիզբն ու ամենավերջը, որոնք ցուցադրում են հայ հասարակական-քաղաքական մտքի վերաբերմունքը տվյալ երեւույթին։ Ավանդությունը հակահերոսի  համար ներկայացնում է խայտառակ սկիզբ եւ վախճան։Ապագա իշխանագողը ծնվել է ոչ թե օրինական ամուսնությունից, այլ «ապօրինի խառնակությունից», այն էլ՝ մի «խոշորամարմին, տգեղ ու վավաշոտ» կնոջից։ Այսինքն թե՝ իշխանագողության ծանրագույն, սրբապիղծ հանցագործություն կատարողը միայն այդպիսի ծնունդ կարող է լինել։ Նույնը նաեւ նրա վախճանը։ Այդպիսի հանցանք գործած մարդը պետք է ունենա ամենախայտառակ ու անպատվաբեր վախճանը. նա պետք է մեռնի փախուստի մեջ՝ նույնիսկ ոչ թե իրեն հավասարի, այլ հասարակ մի զինվորի ձեռքով։ Երկուսն էլ, ըստ էության, գնահատականներ են։ Հասկանալով ոչ օրինակարգության կործանարարությունը՝ այսքան խիստ է գնահատել հայ հասարակական-քաղաքական միտքը իշխանագողությունը, իշխանության ոչ օրինակարգությունը 2000 տարի առաջ։
Մենք մոտեցել, բայց դեռ չենք հասել այդ մակարդակին։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
14.09.2012.