Wednesday, September 30, 2009

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՒ ԱՆՎՏԱՆԳ


Հայաստան- Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման խնդիրը դարձել է հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական թեման՝ երկրորդ պլան մղելով անգամ Ղարաբաղյան հիմնահարցը։ Իշխանությունն աշխատում է այն ներկայացնել որպես կարեւոր ձեռքբերում՝ ողջ հզորությամբ գործի դնելով իր կողմից ամբողջովին վերահսկվող հեռուստաալիքները եւ մոբիլիզացնելով նյութապես, բարոյապես, հանցակցությամբ կամ այլ կերպ իրեն պարտապան կամ կապված ուժերի, գործիչների, մտավորականների եւ այլն։
Հսկայական ծավալ է կազմում նաեւ քննդատությունը, ինչը կարող է էական դեր խաղալ ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլեւ վերջինիս հետ այլեւս շաղկապված՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ընթացքի վրա։ Արտաքուստ թվում է, թե քննադատությունները նույնական են, քանզի հիմնականում վերաբերում են փաստաթղթի նույն կետերին։ Հենց այս հիմքի վրա ոմանք նույնական են համարում, օրինակ, Դաշնակցության եւ Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումները։ Մինչդեռ դրանք տրամագծորեն տարբեր են ոչ միայն իրենց քաղաքական հիմքերով, այլեւ շարժառիթներով ու նպատակներով։ Ուրեմնեւ՝ հասարակությանը ճիշտ կողմնորոշելու համար կարեւոր է հնչող քննադատությունների հիմքերի, քաղաքական էության տարբերակումն ու ճանաչումը։  

ա) Հայդատական կամ գաղափարախոսական հիմքով քննադատությունները

Հայդատական կամ գաղափարախոսական հիմքով քննադատությունների հեղինակների մեջ բնորոշ է Դաշնակցության օրինակը։ Դյուրընկալ լինելու համար անհրաժեշտ է կարճ մի նախապատմություն-ներկայացում։ Այս կուսակցությունն է հայդատականության կնքահայրը եւ հիմնական կազմակերպված ուժը։ Ըստ Հայ դատի գաղափարախոսության՝ Հայաստանը հողային պահանջներ ունի իր չորս հարեւաններից առնվազն երեքից (հիշենք՝ “Մենք ունենք երեք ճակատ, մեկ հարեւան”)։ Ամենամեծ պահանջը Թուրքիայից է, ինչը հիմնավորվում է ոչ միայն պատմական իրավունքով, այլեւ այդ երկրում 1915-ին իրականացված Ցեղասպանության իրողության հիմքով։ Դա է համարվել Դաշնակցության հավատամքը, կրոնը, աստվածը։ Գերագույն այդ արժեքի դեմ երկրորդական է համարվել ամեն ինչ, ցանկացած այլ գաղափար ու արժեք՝ լինի անկախություն, ազատություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն եւ այլն։ Կրոնի վերածված այս գաղափարախոսության թելադրանքով է, որ 1988-1990թթ. այս կուսակցությունը պայքարում էր Ղարաբաղյան ժողովրդավարական շարժման դեմ՝ սերտորեն համագործակցած ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ։ Նույն հիմքի վրա է, որ 1990-1991-ին նա պայքարում էր Հայաստանի անկախության դեմ։ Պայքարում էր, քանզի ըստ իր “մշակած” ու սրբագործած հայդատական “ծրագրի”, Թուրքիայի նկատմամբ դրված պահանջները կարելի էր իրականացնել միմիայն հզոր մի երկրի ուժերով, եւ որպես այդպիսին ընտրվել էր Խորհրդային Միությունը։
Սակայն ԽՍՀՄ-ը փլուզվեց։ Նորանկախ Հայաստանի առաջին ժողովրդավար իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հայտարարեց բոլոր հարեւանների, այդ թվում նաեւ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին՝ առանց երկուստեք նախապայմանների։ Հայդատականությունը ծառս եղավ՝ առաջ քաշելով մասնավորապես հետեւյալ պահանջները.

ա) Հայաստանը պարտավոր է Ցեղասպանության ճանաչման հարցը դնել իր արտաքին քաղաքականության հիմքում եւ պաշտոնապես հետապնդել այն։
բ) Թուրքիայի հետ որեւէ հարաբերություն հաստատելու համար Հայաստանը պետք է հանդես գա պահանջատիրական դիրքերից ու նախապայման դնի. Թուրքիան կընդունի Ցեղասպանության փաստը, կհատուցի, որից հետո միայն կարող է հարաբերություններ հաստատելու հարց քննարկվել։
1998թ. հեղաշրջմամբ եւ 1999-ի հոկտեմբերի 27-ի շնորհիվ Ռ. Քոչարյանի մենիշխանության հաստատումից հետո Դաշնակցությունը դարձավ իշխանության կարեւր բաղադրիչը։ Ավելին՝ այն արմատական փոփոխությունները, որ կատարվեցին արտաքին քաղաքականության հայեցակարգում, այլ բան չէին, քան Դաշնակցության եւ հայդատական այլ ուժերի գաղափարախոսական պլատֆորմի որդեգրում։ Մասնավորապես՝ Ցեղասպանության ճանաչումը հռչակվեց որպես Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիր։ Աստիճանաբար փոխվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման փիլիսոփայությունը՝ ինքնորոշման հարթությունից տեղափոխվելով հայդատական-պահանջատիրական գաղափարախոսության, պատմական իրավունքի հարթություն։ Ինքնորոշում բառը ձեւականորեն պահելով հանդերձ շրջանառության մեջ՝  Ռ. Քոչարյանի, Վ. Օսկանյանի եւ Ա. Ղուկասյանի նախաձեռնությամբ ու ջանքերով Լեռնային Ղարաբաղը զրկվեց հակամարտության կողմ լինելու միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։ Դա էր պահանջում հայդատական գաղափարախոսության պահանջատիրության տրամաբանությունը։
Այս հիմքի վրա վարած տասնամյա արտաքին քաղաքականության արդյունքն այսօր հետեւյալն է.
ա) Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորվում է Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող, դրա հետագա ճանաչումը արգելափակող հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմամբ, ինչը ներառված է նախաստորագրված արձանագրության մեջ։
բ) Լեռնային Ղարաբաղի հարցը կախման մեջ է դրված հայ-թուրքական հարաբերությունների հաստատումից՝ նրա հետ կազմելով մեկ փաթեթ, ինչը հզոր լծակ է հայկական կողմից նորանոր զիջումներ կորզելու համար։
Ի դեմս հայ թուրքական արձանագրության հայդատական ուժերը բողոքում, քննադատում են այն արդյունքները, որոնք ստացվել են հենց իրենց իսկ դավանած գաղափարախոսության դրույթների գործադրումից։ Երկրորդի դեմ էլ նույն էնտուզիազմով կբողոքեն պոստ-ֆակտում, երբ արդեն ուշ կլինի։ Գիտակցո՞ւմ են նրանք դա, թե՞ ոչ։ Երկու դեպքում էլ որեւէ տարբերություն չկա։ Քանզի նրանց՝ իռացիոնալ, անտիքաղաքական, աղանդավորական մտածելակերպի համար գերագույն արժեքը վերացական կրոն-գաղափարախոսությունն է։ Մնացած ամեն ինչ՝ այսօր պատմաբանների հանձնաժողովի տեսքով Ցեղասպանության փաստական ուրացում եւ նրա հետագա ճանաչման հնարավորության արգելափակում, վաղը՝ Լեռնային Ղարաբաղի կորուստ, այլ բան չեն, քան “գերագույն աստծուն” մատուցված զոհեր։ Իրենց բողոքն էլ յուրատեսակ կրոնական ծես է. որքան մեծ է զոհը, այնքան տպավորիչ պետք է դարձնել ծեսը՝ որ այսօր արտահայտվում է իշխանության համար անվտանգ նստացույցերի, 24-ժամյա էստաֆետային “հացադուլների”, անիմաստ ստորագրահավաքի տեսքով։ Հայդատականության շարքայինների համար դա ապահովում է խաբուսիկ ինքնահաստատում, ինքնության պահպանում, քրմերը՝ փրկում են իրենց դեմքը։

Քաղաքական հիմքով քննադատությունները

Քննադատության երկրորդ հիմքը քաղաքական է։ Այն, ի տարբերություն՝ գաղափարախոսականի՝ ստիպում է որեւէ գործողություն ձեռնարկել միմիայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ ու բավարար ռեսուրսների առկայությամբ, այլապես թե՛ տանուլ կտաս խնդիրը, թե՛ կվատնես, կկորցնես անգամ եղած ռեսուրսները։ Այսինքն՝ այս դեպքում կարեւորը ոչ թե գաղափարն է, այլ գաղափարի առարկան։
Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ցեղասպանության ճանաչման խնդիրը չէր դնում, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, հանդես չէր գալիս պահանջատիրության դիրքերից, դա անում էր շատ պարզ հաշվարկով. եթե ունեցածդ ռեսուրսներն այսօր բավարար չեն օրակարգում դրված խնդիրը հօգուտ քեզ լուծելու համար, այն լուծելու է հակառակորդդ հօգուտ իրեն։ Դու կարող ես հերոսանալ, անձնական փառք վաստակել, բայց տանուլ տալ խնդիրը։
Ճիշտ նույն կերպ, այսօր էլ Հայ Ազգային Կոնգրեսի եւ նրա առաջնորդի քննադատությունները քաղաքական հիմքի, քաղաքական հաշվարկների վրա են։ Այսինքն՝ նպատակ ունեն ժամանակին կանխատեսել ու կանխել հենց առարկայական կորուստները, փրկել այն, ինչը դեռ վերջնականապես կորած չէ։ Սերժ Սարգսյանի “ֆուտբոլային դիվանագիտության” մեկնարկից անմիջապես հետո, 2008թ. սեպտեմբերի 15-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացրեց դրա այն հետեւանքների մասին, որոնք այսօր նույնությամբ արձանագրված են հայ-թուրքական քննադատվող արձանագրությունում։ Այն ժամանակ ոչ մեկը նրան չարձագանքեց։ Հնարավոր կորուստներից խույս տալու նպատակով է, որ դեռ 2007թ. աշնանը Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին հեռանալ քաղաքական թատերաբեմից, չշարունակել իրենց կործանարար ընթացքը, հնարավորություն տալ օրինական, ժողովրդավարական իշխանություն կազմել եւ փրկել այն, ինչը դեռեւս հնարավոր է փրկել։ Նրանք չանսացին այդ հորդորին։ Անսային՝ այսօր չէինք ունենա հիշյալ քննադատվող արձանագրությունը։ Անգամ 2008թ. խայտառակ ընտրություններից եւ Մարտի 1-ից հետո նա կոչ արեց Ս. Սարգսյանին սահմանազատվել անցյալից, արմատապես փոխել ներքին եւ արտաքին քաղաքականությունը, առաջնորդվել ժողովրդի շահերվ եւ, գեթ այդ կերպ լրացնելով իր չունեցած լեգիտիմությունը՝ ձեռք բերել հասարակական վստահություն եւ խուսափել անդառնալի կորուստներից։ Չօգնեց։ Աներ՝ այսօր այդքան խոցելի չէր լինի, ստիպված չէր լինի գնալ այդօրինակ զիջումների։ Հորդորեց ազատել քաղբանտարկյալներին, երկխոսության գնալ ընդդիմության հետ եւ հասարակական միասնության հասնել սպասվող արտաքին մարտահրավերների դեմ։ Չլսեց։ Եւ վերջապես՝ սեպտեմբերի 18-ի հանրահավաքում, կործանարար գործընթացները կանխելու նպատակով, որպես վերջին միջոց՝ հայտարարեց, որ եթե հասարկության բոլոր խավերը, բոլոր քաղաքական ուժերը, մտավորականությունը եւ այլն համախմբվեն եւ հասնեն Սերժ Սարգսյանի հրաժարականին (ինչը արդեն միակ շանսն է առարկայացող կորուստներից խույս տալու համար) ապա ինքը չի դնի իր թեկնածությունը (բացառությամբ այն դեպքի, եթե առաջադրվի Ռ. Քոչարյանը)։

*  *  *
Այսինքն գաղափարախոսական հիմքի վրա քննադատողները պատրաստ են ամեն ինչի՝ ընդհուպ զոհաբերելու բուն խնդիրը, միայն թե փրկեն գաղափարախոսությունը եւ իրենց դեմքը։ Քաղաքական հիմքի վրա քննադատություն հնչեցնողները պատրաստ են հրաժարվել ամեն ինչից, նաեւ իշխանության հավակնությունից, եթե այդ կերպ հնարավոր կլինի փրկել բուն խնդիրը, կանխել աննպաստ լուծումը։ Երկու տարբեր հիմքերի վրա քննադատությունների տրամագծային տարբերությունը շատ լավ է հասկանում նաեւ իշխանությունը, եւ նրանց վերաբերմունքը լակմուսի թղթի նման բացահայտում է իրողությունը։ Գաղափարախոսականը նրա համար ոչ միայն վտանգավոր չէ, այլեւ կարող է մեծապես օգտակար լինել իրեն, ուստիեւ դաշնակների “բողոքի” ակցիաները ազատորեն անց են կացվում Հանրապետության հրապարակում, իսկ նրա մասնակիցները գիշերը պատսպարվում են ԱԳՆ շենքում, որի ղեկավարի հրաժարականը նրանք պահանջում են։ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը չնայած թույլատրվում է, բայց ամբողջ պետական մեքենան մոբիլիզացվում է, հանրապետությունով մեկ տրանսպորտի աշխատանքը կազմալուծվում՝ թույլ չտալու համար մարդկանց մասնակցությունը հանրահավաքին։ Հեռուստատեսությամբ օրը մի քանի անգամ գովազդվում է Հանրապետության հրապարակի նստացույցն ու “հացադուլը”, Կոնգրեսի հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդները հետապնդվում են ու ծեծի ենթարկվում։ Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայկական ժամանակ”, 30.09.09


Friday, September 11, 2009

Հարցազրույց “Ժամանակ Երեւանին”


- Պարոն Սարգսյան, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հրապարակված արձանագրությունների առնչությամբ Հայ Ազգային Կոնգրեսը՝ սեպտեմբերի 1-ին տարածած հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների առիթ հանդիսացավ: Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը քննարկե՞լ է կուսակցությունների հետ հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները եւ ի՞նչ գնահատականներ, կարծիքներ են գերիշխում:

Հայաստանում ըստ էության գոյություն ունի երկու քաղաքական գործոն. ժողովրդին պարտադրված ոչ լեգիտիմ փաստական իշխանությունը եւ Հայ Ազգային Կոնգրես-համաժողովրդական շարժումը՝ երկուսն էլ որպես այդպիսին ճանաչված միջազգայինորեն։ Սա Կոնգրեսի առաջին յուրահատկությունն է՝ իշխանությունից ձեւականորեն կամ ոչ ձեւականորեն դուրս գտնվող այլ ուժերի համեմատությամբ։ Կոնգրեսն ունի նաւ երկրորդ մի մի յուրահատկություն. այն մոտ երկու տասնյակ քաղաքական ուժեր եւ տասնյակ հազարավոր անհատներ ներգրավող քաղաքական միավոր է։ Թե ինչպիսին պետք է լիներ իշխանական ուժերի արձագանքն այդ փաստաթղթերին, կանխատեսելի էր եւ որեւէ մեկի մոտ կասկած չէր առաջացնում։ Եւ բոլորն սպասում էին Կոնգրեսի արձագանքին։ Ելնելով վերոհիշյալ յուրահատկություններից, Կոնգրեսի արձագանքը չէր կարող արդարացնել բոլորի սպասելիքները հավասարապես։ Ի տարբերություն առանձին քաղաքական ուժերի, որոնց գնահատականներն այս հարցում ունեն մեկ հասցեատեր, կամ նույնիսկ հենց իրենք են իրենց հայտարարության հեղինակն ու հասցեատերը, Կոնգրեսի հայտարարությունն ունի մի շարք հասցեատերեր եւ մեկից ավելի հեղինակներ։ Եթե ուրիշների համար այս կամ այն կերպ արձագանքելը բխում է դեմքը փրկելու անհրաժեշտությունից կամ իրեն ցուցադրելու, ինքնահաստատվելու խնդիր է լուծում, ապա Կոնգրեսի համար դա իր հիմնական խնդրի, այն է՝ իր հռչակած քաղաքական սկզբունքներին հավատարիմ մնալու քննություն է, իսկ դրանից առաջ՝ իր հիմնական խնդրին՝ Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանությունից ազատվելու եւ սահմանադրական կարգը վերականգնելու պայքարի շարունակության ապահովում։ Ի տարբերություն ուրիշների՝ այն առարկայական պատասխանատվություն է ենթադրում։ Այնպես որ, մեր հայտարարությունը, մանավանդ այսպիսի մի հարցում, բոլորին չէ, որ հավասարապես պիտի բավարարեր։
Ինչ վերաբերում է Կոնգրեսի մեջ ընդգրկված կուսակցություններին, ապա, ինչպես դա գրված է Հայ Ազգային Կոնգրեսի հռչակագրում, նրանք պահպանում են իրենց լիակատար անկախությունը՝ ընդհուպ մինչեւ առանձին ընտրություններին մասնակցելու ազատությունը։ Այնպես որ՝ նրանցից յուրաքանչյուրն ազատ է առանձին արձագանքելու։

- Կոնգրեսը հրապարակած հայտարարության մեջ անընդունելի է համարել հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը եւ մտագոհություն է հայտնել խորհրդարաններում փաստաթղթերի վավերացման անհրաժեշտությունը: Բացի այս դրույթներից այլ վտանգներ կա՞ն:

Անշուշտ, այդ փաստաթղթերը կարող էին կազմվել այնպես, որ լրացուցիչ մտահոգություններ չառաջացնեին։ Բայց դա հնարավոր էր երկու պայմանի առկայությամբ. եթե Հայաստանն ունենար լեգիտիմ, ոչ խոցելի իշխանության եւ գրագետ, ձեռնհաս դիվանագիտություն։ Երկուսն էլ բացակայում են։ Այս պայմաններում Հայաստանը հավասարազոր վիճակում չի գտնվել մյուս կողմի նկատմամբ, ուստիեւ ուժեղ կողմը կարողացել է թելադրել դրույթներ եւ ձեւակերպումներ, որոնք ամենեւին պարտադիր չեն նման մի փաստաթղթի համար։ Այդ դրույթների ու ձեւակերպումների ենթատեքստում մասնավորապես անուղակիորեն մատնանշվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ Թուրքիայի պետական սահմանների ճանաչումը, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ առաջին դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, անկախացման հեռանկարի, երկրորդ դեպքում՝ հողային պահանջներ ներկայացնելու հնարավորության համար։ Այս խնդիրներով չեմ ուզում ծավալվել։ Ոչ թե նրա համար, որ կարեւոր չեն, այլ որովհետեւ այդ եւ այդօրինակ հնարավոր այլ խնդիրները ածանցյալ են այն երկուսից, որոնք, որպես կարեւորագույն, առանձնացված են Կոնգրեսի հայտարարության մեջ։ Նկատի ունեմ հայ եւ թուրք պատմաբանների (ենթա)հանձնաժողովին տրված անընդունելի գնահատականը (այն արգելապատնեշ է Ցեղասպանության հետագա ճանաչումների ճանապարհին) եւ փաստաթղթերի՝ խորհրդարաններում հաստատվելու մասին կետը, որ գնահատված է որպես մտահոգիչ (դրանով հայ-թուրքական սահմանի բացումը կախման մեջ է դրվում Ղարաբաղի խնդրից)։

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ գնահատական են հնչեցնում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության մեջ տարբերություն չկա կամ Կոնգրեսի եւ իշխանությունների դիրքորոշումները նույնն են... Կցանկանայի համեմատեիք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Երեւան-Անկարա շփումների եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փիլիսոփայության եւ գործող իշխանությունների վարած քաղաքականության միջեւ:

Դա ձեռքը փրփուրներին գցելու նման մի բան է, այն վերջին կեղծ փրկօղակը, որից ուզում են կառչել։ Մի քանի ամիս առաջ էլ այդ միտքը հնչեց։ Դրան ի պատասխան հրապարակվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի “Հայ թուրքական հարաբերությունները” գիրքը, որտեղ ամփոփոփված էր 1989թ. հունիսից առ այսօր այդ թեմայով Առաջին նախագահի բոլոր ելույթները։ Այն հստակ ցույց է տալիս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ս. Սարգսյանի դիրքորոշումները եւ վարած քաղաքականությունները ոչ միայն նույնը չեն, այլեւ տրամագծորեն տարբեր են։ Այդ մասին բազմիցս գրվել է, մեկ անգամ էլ ասենք, որ ինչպես այլ կարեւոր հարցերի, այնպես էլ Հայ-թուրքական հարաբերու­թյուն­ների հետ կապված սկզբունքային մոտեցումները ՀՀ Հիմնադիր-նա­խագահի 20 տարվա գործունեության ընթացքում փոփոխություն չեն կրել եւ արտահայտվել են հետեւյալ դրույթներում.
ա) Պետության ապահովության ու տնտեսական զարգացման ամենա­կարեւոր երաշխիքներից մեկը հարաբերություններն են անմիջական հարե­ւան­ների, այդ թվում Թուրքիայի հետ։
բ) Ըստ այդմ, առանց որեւէ քաղաքական զիջման, պետք է հարա­բե­րու­թյուն­ներ հաստատել նաեւ Թուրքիայի հետ։
գ) Այդ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց երկուս­տեք նախապայմանների։
դ) Թուրքիան չպետք է հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը պայմանավորի երրորդ երկրի՝ Ադրբեջանի հետ կապված հանգա­մանք­ներով, այն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդրով։
 ե) Հայաստանը չպետք է արտաքին քաղաքականության օրակարգում դնի Ցեղասպանության հարցը, քանզի տվյալ պայմաններում միանգամից անհե­ռա­նկա­րայնության կմատնի այդ հարաբերությունների կարգավորման հնարավո­րու­թյունը։
զ) Որպեսզի Ցեղասպանության եւ այլ խնդիրների մասին երկու երկրնե­րի տրամագծորեն հակադիր համոզմունքները դրան չխանգարեն, պետք է գոր­ծադրել “համաձայնություն տարաձայնության” մասին բանաձեւը եւ կարգավորել դրանից դուրս մնացող մյուս խնդիրները։
1998 թվականից խնդրի լուծման այս փիլիսոփայությունը փոխվեց 180 աստիճանով՝ ամփոփվելով հետեւյալ դրույթներում.
ա) Ցեղասպանության հարցը պետք է դնել Հայաստանի արտաքին քա­ղա­քականության հիմքում, դարձնել քաղաքական օրակարգի խնդիր։
բ) Դրանով կսիրաշահենք Սփյուռքին եւ նա ավելի առատաձեռն կգտնվի Հայաստանի հանդեպ։
գ) Այդ դեպքում Թուրքիան տեղի կտա եւ անմիջապես կբացի հայ-թուր­քական սահմանը։
դ) Ցեղասպանության ճանաչման, հողերի վերադարձի, Կարսի պայմա­նա­գիրը չեղյալ հայտարարելու պահանջների ճնշման տակ Թուրքիան նաեւ անկողմնակալ դիրք կգրավի Լեռնային Ղարաբաղի խնդրում եւ ջերմեռանդ չի պաշտպանի Ադրբեջանին։
Եթե այս երկու մոտեցումների մեջ ընդհանուր մի բան կա, ապա դա միայն այն է, որ խոսքը վերաբերում է նույն երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին։ Ակահայտ է նաեւ, որ խնդրո առարկա փաստաթղթերը չէին ծնվի, եթե Ս. Սարգսյանը նախապես ընդունած չլիներ Ցեղասպանության հետ կապված Թուրքիայի նախապայմանը (պատմաբանների հանձնաժողով)։ Սերժ Սարգսյանը նաեւ երբեք չի հայտարարել, թե այս խնդրում փոխում է արտաքին քաղաքական ուղղությունը՝ սխալ համարելով նախորդը՝ քոչարյանականը։
Իսկ թե ինչու են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ “նույնականության” անհեթեթ միտքն արտասանողները հայտնի երկարականջ կենդանու համառությամբ ու անտարբերությամբ շարունակում կրկնել նույնը, հասկանալի է. եթե մի քանի հարյուր, կամ թեկուզ մի քանի տասնյակ անտեղյակ մարդ էլ գտնվի, որ հավատա, “էլի քյար է”։ Իմիջայլոց ճիշտ նույնպիսի համառությամբ նաեւ Վարդան Օսկանյանն է կրկնում, թե Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ բանակցություններից դուրս է մնացել ոչ թե Ռ. Քոչարյանի օրոք եւ նախաձեռնությամբ (ինչի մասին մի քանի անգամ հայտարարել են նաեւ համանախագահողները), այլ 1997-ի մարտին՝ Տեր-Պետրոսյանի օրոք։ Ինչքա՞ն կարելի է ստել, կախվել փրփուրներից՝ ոտնահարելով սեփական արժանապատվության վերջին մնացորդները։

- Պարոն Սարգսյան, իրականում հայ-թուրքական հարաբերությունները որքանո՞վ կարող են բխել Հայաստանի շահերից ընդհանրապես, եւ ի՞նչ ուղղությամբ կարելի է շարժվել այդ հարաբերություններն ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայեցնելու համար:

Երկու հարեւան երկրների հարաբերությունների կարգավորումը միշտ էլ երկուստեք շահավետ են։ Խոսքը վերաբերում է այդ կարգավորման համար տված վճարին։ Այն, ինչ վճարում է Ս. Սարգսյանը, կարելի էր չտալ այլ՝ լեգիտիմ նախագահի, լեգիտիմ իշխանության պայմաններում։ Նա ըստ էության անընդունելի այդ վճարը տալիս է ոչ թե հարաբերությունների կարգավորման, այլ սեփական ոչ լեգիտիմության դիմաց։ Այնպես որ՝ այս դեպքում որեւէ “ուղղության” մասին խոսելն անիմաստ է։


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ամենայն հավանականությամբ նաեւ՝ ՌԴ-ի միջեւ կարծես համաձայնություն կա: Այսինքն՝ կան ակնկալիքներ հայաստանյան իշխանություններից, հետեւաբար այս երկրները գործող իշխանություններին համենայնդեպս ինչ-որ ժամանակ աջակցելու, սատարելու են: Թեեւ Կոնգրեսը երբեւէ չի պայմանավորել իր ռազմավարությունը արտաքին ազդակներով, ամեն դեպքում հնարավո՞ր եք համարում առանց արտաքին ազդակների Հայաստանում ներքաղաքական լուրջ փոփոխություններ, ո՞րն է լինելու Կոնգրեսի հիմնական ռազմավարությունը մոտ ապագայում: Որքան էլ քննարկվում է ընդդիմադիր կուսակցությունների միավորման գաղափարը, ամեն դեպքում, կարծես նման միավորում չի ստացվում, եւ փաստորեն Կոնգրեսը միայնակ է շարունակելու պայքարել: Որո՞նք են լինելու Կոնգրեսի գործողությունները մոտ ապագայում հասարակական անհրաժեշտ մոբիլիզացիա ապահովելու համար:
Արտաքին ազդակների նշանակությունն ինչ որ սահմանագծից այն կողմ չի անցնում եւ չափազանցվում է։ Կոնգրեսի ռազմավարությունը լինելու է հասարակությանը իրականության մատուցմամբ մեծացնել համաժողովրդական շարժման ծավալումը  եւ հասնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով Սահմանադրական կարգի վերականգնմանը։ Այն, ինչին շատերը չէին հավատում կամ չէին ուզում հավատալ, երբ այսօր դառնում է շոշափելի իրողություն, այլեւս չեն կարող չհավատալ։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցությունների ի մի հավաքվելուն, ապա դա վաղուց ըստ էության տեղի է ունեցել՝ ի դեմս Հայ Ազգային Կոնգրես – համաժողովրդական շարժման։ Ընդդիմադիր լինելը հայտարարություն չէ, այլ կեցվածք եւ գործելակերպ։ Տվյալ դեպքում՝ այդ կեցվածքը եւ գործելակերպը չի կարող այլ կերպ արտահայտվել, քան բոլոր չարիքների մայր ոչ լեգիտիմ իշխանության հրաժարականի պահանջով։ Այդպիսիք բոլորը Կոնգրեսի մեջ են։ Կոնգրեսը ինքն արդեն “միայնակ” բառի բացառումն է։ Ինչ վերաբերում է հասարկական անհրաժեշտ մոբիլիզացիա ապահովելուն ուղղված գործողություններին, ապա քաղաքական պայքարի Կոնգրեսի զինանոցը արդեն երկու տարի է բոլորի աչքի առջեւ է։

“Ժամանակ Երեւան”, 11.09.2009