Thursday, May 31, 2012

«Հաջողության սպասման կողքին կային նաև ձախողումների սպասողներ»


Լոնդոնի օլիմպիական խաղերում մեր մարազիկների ելույթներին տարբեր գնահատականներ տրվեցին։ Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանը հարցի վերաբերյալ օրերս ասել էր՝ «եթե երկիրը լիներ վերելքի վրա, ապա օլիմպիադայի արդյունքները կլինեին անհամեմատ ավելի լավը»։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք այս հարցում։
Ի սկզբանե իսկ օլիմպիական խաղերում կատարվածի համար հնչած գնահատականներում եւ սպասելիքի կանխատեսումներում նկատելի էր ինչ-որ անառողջ լարվածություն։ Իմ տպավորությամբ հաջողությունների սպասումների եւ օլիմպիական տոնական մթնոլորտի կողքին հստակ զգացվում էր, որ կան նաեւ ձախողումների սպասողներ։ Արդյունքների ամփոփումից հետո հնչած բացասական գնահատականներն իրենց սրությամբ, կարծում եմ, ամենեւին համարժեք չեն ստացված արդյունքներին։ Նկատելի է, որ այդ գնահատականները բովանդակայինից սկսած ընդհուպ դարձվածաբանական եւ այլ տիպի միօրինակություն են դրսեւորում եւ տարածվում լրատվամիջոցների կողմից, որոնք հայտնի են որպես իշխանության կողմից վերահսկվող։ Այսինքն դրանք ըստ էության քաղաքական մոտիվացիա ունեն։
Անշուշտ, ինչպես տարբեր, այնպես էլ սպորտի բնագավառում հաջողությունները ուղղակի կամ միջնորդավորված կապված են երկրին ներքաղաքական կյանքի, տնտեսական մակարդակի ու զարգացման, այդ բնագավառին հատկացված ռեսուրսների, ընդհուպ՝ հասարակության բարոյահոգեբանական վիճակի հետ։ Ոչ օրինակարգ իշխանության, կոռումպացված իշխանավորների, մարդու իրավունքների ամենօրյա խախտումների, ծախու ու կամակատար դատական համակարգի պայմաններում ո՛չ տնտեսական վերելք կարող է լինել, ո՛չ զարգացում, ոչ անհրաժեշտ ներդրումներ, առավել եւս՝ ո՛չ հասարակության բարոյահոգեբանական բարձր մակարդակ։

7 ՕՐ 31.05.2012

Աշոտ Սարգսյան. 
http://www.7or.am/am/news/view/39720/
Օգոստոս 31, 2012 10:05

Saturday, May 26, 2012

«ԱՐՄՆՅՈՒԶ»-ին. 26.05.2012


Թիֆլիսի Հայ ազգային խորհրդի՝ 1918թ. մայիսի 28-ով թվագրված հայտարարությունը համարվում է Հայաստանի անկախության հռչակման փաստաթուղթ, չնայած այն բանին, որ հիշյալ փաստաթղթում «անկախություն» բառը չի օգտագործված։ Դրանով սկսվեց պատմականորեն կարճ՝ երկուսուկես տարի տեւած փաստական անկախության այն պատմաշրջանը, որն ընդունված է կոչել Առաջին հանրապետության շրջան։
Դա ծանրագույն շրջան էր՝ պատերազմի հետեւանքներով ու Արեւմտահայաստանում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո հարյուր հազարավոր գաղթականության առկայությամբ։ Բայց դա նաեւ քաղաքական պատեհությունների, հնարավորությունների շրջան էր, ինչպիսիք մինչ այդ դժվար էր անգամ երազել։ Այնպես որ, այդ տարիների Հայաստանի իշխանության քաղաքական գնահատականը ոչ միայն սոցիալական ու տնտեսական դժվարությունների հաղթահարման դիտանկյունից պետք է տրվի, այլ նաեւ, առաջին հերթին, քաղաքական պատեհությունների ու հնարավորությունների օգտագործման դիտանկյունից։
Հայ քաղաքական միտքը ի դեմս Հայ ազգային խորհրդի ու նրա ձեւավորված իշխանության մարմինների դրսեւորեց իր տկարությունը։ Միայն այն փաստը, որ Թիֆլիսում ձեւավորված կառավարությունը մտածում էր, թե կարող է Թիֆլիսում մնալով ղեկավարել Հայաստանը, արդեն բավարար է պատկերացնելու համար շատ բան։ Ներքին ու հատկապես արտաքին քաղաքականության ասպարեզում կառավարությունն այդպես էլ շատ հեռու մնաց իրատես քաղաքականության սկզբունքներից։ Նրա գործողությունների հիմքում քաղաքական հաշվարկի փոխարեն հաճախ դրվում էին կամ գերապատվությունը տրվում էր սփյուռքահյության պատկերացումներն ու տրամադրություններն։ Ընդամենը երկու տարում երեք ճակատով պատերազմել չորս հարեւաններից երեքի դեմ՝ ոչ մի հաշվարկի ու քաղաքական տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Մաքսիմալիզմին տուրք չտալու ու իրատեսական քաղաքական հաշվարկերով առաջնորդվելու դեպքում հնարավոր էր ունենալ ու հաջորդ պատմաշրջանին փոխանցել առնվազն 60-65 հազար քառ/կմ տարածքով միջազգայնորեն ճանաչված մի երկիր։ Հաջողվեց պահել դրա կեսից պակասը՝ այն, ինչը դարձավ Խորհրդային Հայաստան եւ որի վրա այսօրվա Հայաստանի Հանրապետությունն է։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

ԿԵՂԾ ԵՒ ԻՐԱԿԱՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ


Որեւէ խնդիր լուծելիս կամ իրողություն գնահատելիս շատ կարեւոր է դիտանկյունը։ Եթե այն սխալ է ընտրված, ապա իրողությունը սխալ կմեկնաբանվի՝ կաշկանդելով քո հետագա քայլերը ու խոչընդոտ դառնալով դեպի նպատակ տանող ճանապարհիդ։ Դրանով դու միայն կօգնես քո թշնամուն, հակառակորդին։ Ուստիեւ՝ Հայ Ազգային Կոնգրեսի՝ վերջին ընտրություններում ստացած արդյունքի ճիշտ դիտանկյունից մեկնաբանությունը հսկայական կարեւորությունը ունի։
Հակամարտությունը
Պատմությունը ամբողջական, ավարտված դրվագների մի շարան է։ Դրանցից ավելի ցայտուն են նրանք, որոնց հիմքում որեւեւէ հակամարտություն է դրված. առաջանում է հակամարտություն, տեղի է ունենում դրա զարգացումը, գալիս է լուծումը, ինչով պատմական տվյալ դրվագն ամբողջանում, ավարտվում է։
2007թ. աշնանից, ՀՀ Հիմնադիր-նախագահի առաջին հրապարակային ելույթներով դրվեց ավազակապետության կազմաքանդման եւ խաթարված սահմանադրական կարգի վերականգնման խնդիր-նպատակ, ինչի շուրջ ձեւավորվեց համաժողովրդական շարժում։ Իշխանությունն, իր հերթին դրեց համաժողովրդական շարժման լիակատար ոչնչացման խնդիր-նպատակ, ինչի միջոցով միայն կարող էր հասնել ռեժիմի վերարտադրմանն ու պահպանմանը։ Սրանով գոյացավ այն հակամարտությունը, որը վերջին չորսուկես տարվա ներքաղաքական կյանքի ոչ միայն առանցքն է, այլ, ըստ էության, ողջ բովանդակությունը։ Այդ հակամարտությունը շարունակվում է առ այսօր եւ դեռ չի գտել իր լուծումը։
2008թ. նախագահական ընտրությունները առաջին ճակատամարտն էր։ Այն կարող էր ավարտվել հաղթանակով ու դրանով կամբողջանար պատմական դրվագ-միավորը։  Բայց եղավ Մարտի 1 իր հայտնի հետեւանքներով։ Ոմանք ասացին՝ վերջ, պատմական դրվագ-միավորն ավարտվեց, ավարտվեց պարտությամբ եւ դա է լուծումը։ Կարող էր եւ այդպես լինել, համենայնդեպս իշխանությունն ամեն ինչ արեց, որ դա դառնա իշխող հասարակական պատկերացում եւ իրողություն։ Բայց վիճարկողները շատ էին ու համառ։ Եղավ շարժման վերակենդանացման, վերականգնման շրջան, նոր հանրահավաքներ, դիրքերի վերականգնում։ Դա հնարավոր եղավ, որովհետեւ ճիշտ էր դիտանկյանը. հակամարտությունը մի ճակատամարտով չլուծվեց, այն վերածվել է պատերազմի եւ մինչեւ վերջնական լուծում, բնական է, որ կլինի դիրքային պայքար, տեղի կունենան մանրումեծ այլ ճակատամարտեր, հարձակումներ, նաեւ մարտավարական նահանջներ (միշտ չէ, որ նահանջը բացասական է)։
Կարելի է հաշվել, թե քանի տասնյակ առիթներով իշխանական ու իշխանասուն քարոզչամեքենան գուժեց թե ավետեց Կոնգրեսի «չկարողանալը», «թուլացումը», «պառակտումը», «քայքայումը», «վախճանը». Կոնգրեսն այս անգամ էլ չկարողացավ հասնել հռչակած վերջնական նպատակին, ուրեմն..., հանրահավաքին մի քանի հոգի պակասեց, ուրեմն... մի քանի հոգի լքեցին, դուրս եկան, ուրեմն...։ Այսօրինակ քարոզչության նպատակն էր հնարավորինս մեծ տարածում տալ այն պատկերացմանը, թե վերոհիշյալ ելակետային հակամարտության հիմքի վրա առաջացած պատմական դրվագ-միավորը դրանով ավարտվել կամ ավարտվում է։ Ու եթե հաջողեր որեւէ պահի, որեւէ առիթով շատերին տեղափոխել իրենց ձեռնտու այդ դիտանկյան վրա, ապա իրոք կավարտվեր պատմական դրվագ-միավորը։ Կավարտվեր իշխանության հաղթանակով։ Վերջին այդպիսի առիթը, ահա, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն էին՝ հերթական ճակատամարտը ավազակապետության դեմ մղվող պատերազմում։ Եւ ինչպես ամեն մի քայլից հետո, արվում են հարցադրումներ երկու, տրամագծորեն տարբեր դիտանկյուններից։
Կեղծ քաղաքական դիտանկյունից
Այս դիտանկյունից արված հարցադրումներից թվարկենք մի քանիսը.
-   2008թ. Կոնգրեսն ուներ 350.000 ձայն, ինչո՞ւ հիմա դարձավ 107.000։
-   Դա չի՞ նշանակում, արդյոք, որ Կոնգրեսը սխալներ է ունեցել, վատ է աշխատել եւ այդքան ձայն է կորցրել։
-   Եթե այսպես շարունակվի, ապա ի՞նչ հույս ու երաշխիք, որ հաջորդ նախագահական ընտրություններում կարող ենք հաջողության հասնել։
-   Ո՞վ է դրա համար մեղավոր եւ այլն։
Ակնհայտ է, որ հիշյալ եւ այսօրինակ հարցադրուները եթե գերակշռող դառնան, ապա չորսուկես տարի առաջացած հակամարտությունը որպես պատմական դրվագ միավոր ավարտվելու է զրոյացմամբ եւ ավազակապետական ռեժիմի ամրապնդմամբ։ Հարցադրումներ անողները միայն իշխանական եւ իշխանասուն «չեզոք» քարոզչամիջոցները չեն, որոնք ամեն ինչ անում են դրանց ավելի լայն քաղաքացիություն տալու համար։ Արտաքուստ տրամաբանական թվալով, նման հարցադրումներ անում են նաեւ ուրիշները։ Անշուշտ, այս եւ բազմաթիվ այլ հարցադրումներ ունեն իրենց պարզ պատասխանները։ Օրինակ, ասենք՝ որ ո՛չ 2008թ. 350.000, ո՛չ էլ 2012թ. 107.000 ձայները Կոնգրեսի իրական ձայները չեն։ Եթե ընտրությունները ծայրեծայր կեղծվել են, ինչպե՞ս կարելի է նրանց կեղծ արդյունքների վրա վերլուծություն ու եզրակացություն անել։ Կամ, որ՝ տարբեր են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող յուրահատկությունը եւ հասարակական ընկալումը։ Կամ, որ՝ 2008թ. ընտրակեղծիքների մեքենան հարմարեցված էր բոլորովին այլ տիպի իրավիճակի, մինչդեռ հաջորդ 4 տարվա ընթացքում այն մանրակրկիտ «վերապրոֆիլավորվել» է եւ այլն։ Բայց այսօրինակ պատասխանները, ըստ էության, չեն բավարարում ու չեն մխիթարում հարցադրում անողներին։
Դիտանկյունը սխալ է, քաղաքական իմաստով խաբուսիկ, իրողությունները չբացահայտող, հետագա քայլերն ու գործողությունները կաշկանդող, ուստիեւ՝ հակառակ կողմին ձեռնտու։ Պետք է այս ամենին նայել ճիշտ դիտանկյունից։
Իրական քաղաքական դիտանկյունից
Որպես հարցադրուների ելակետ ընդունենք հետեւյալ փաստ-իրողությունները. Ա) այս հակամարտության մի կողմը եղել է Հայ Ազգային Կոնգրեսը, մյուս կողմը՝ ավազակապետական ռեժիմի եւ աշխարհի թիվ մեկ  1 գերտերության (ավելի ճիշտ՝ ողջ Արեւմուտի) կազմած դաշինքը։ Եւ սա ոչ պատկերավոր խոսք է, ոչ էլ առասպել ու չափազանցություն։ Այս դաշինքի նպատակն էլ եղել (եւ առ այսօր մնում է) Կոնգրեսի, որպես քաղաքական գործոնի  ոչնչացումը։ Չխոսենք ակնհայտորեն ու արմատապես կեղծված ընտրություններին Արեւմուտքի տված գնահատականների մասին։ Այդ դաշինքի գործողությունները մենք մասամբ տեսել ենք մեր աչքով, զգացել մեր մաշկի վրա։ Առաջին անգամ դա շատ կոշտ դրսեւորվեց 2010թ. գարնանը, երբ փորձ արվեց Հայոց համազգային շարժումը դուրս բերել Կոնգրեսից։ Իսկ այդ դաշինքի՝ Հայ Ազգային Կոնգրեսի ոչնչացմանն ուղղված ծրագրերի ու գործողությունների ամբողջական պատկերը բացահայտվեց մի դիպվածով, երբ՝ նույն գերտերության հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակվեցին հայտնի «Վիկիլիքս» կայքում։
Հիմա, ընթերցողին խնդրելով վերոընդգծյալն ընդունելով որպես անսակարկելի փաստական հիմք՝ պատասխանել հետեւյալ հարցադրումներին.
1.      2008թ. մարտի 1-ին տեղի ունեցավ ջարդ ու սպանդ, ապա նաեւ ձերբակալվեցին 100-ավոր մարդիկ, առաջին հերթին շարժման տասնյակ ղեկավարներ։ Հազարավոր ակտիվիստներ ենթարկվեցին հալածանքների ու հետապնդումների, Շարժումն, ըստ էության, հասավ զրոյական մակարդակի։ Բռնությունների, ապօրինությունների եւ ահաբեկչության շարունակվող մթնոլորտում ովքե՞ր եւ ինչպե՞ս կարողացան վերակենդանացնել Շարժումը, ստիպել, որ իշխանությունը նախ համակերպվի չարտոնված հանրահավաքների ու երթերի հետ, ապա նաեւ արտոնի դրանք։
2.      Ովքե՞ ր եւ ինչպես՞ կարողացան չեզոքացնել Մարտի 1-ի՝ սպանություններից սկսած ամեն ինչի պատասխանատվությունը Շարժման վրա դնելու իշխանական վարկածը, ստիպել, որ ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային ասպարեզում քաղաքացիություն ստանա հակառակ՝ ամեն ինչում իշխանության մեղավորության վարկածը։ Ընդ որում՝ դրան հնարավոր եղավ հասմնել տեղեկատվական խուլ շրջափակման մեջ։
3.      Ովքե՞ր եւ ինչպե՞ս կարողացան հասնել նրան, որ շինծու քրեական մեղադրանքներով բոլոր ձերբակալվածները ինչպես հասարակական ընկալումներում, այնպես էլ միջազգային ասպարեզում քաղբանտարկյալներ ճանաչվեն, ապա ստիպել, որ նրանք ազատ արձակվեն։
4.      Ովքե՞ր եւ ինչպե՞ս կարողացան ստիպել, որ հանրահավաքների համար բացվի Ազատության հրապարակը։
5.      Ովքե՞ր եւ ինչպես կարողացան ստիպել, որ  «Մարտի 1-ի էջը փակված» համարած Ս. Սարգսյանը հրապարակավ հանձնարարի այն վերաքննել՝ դրանով իսկ խոստովանելով, որ այդ գործն իրական քննություն չի անցել։
6.      Ովքե՞ր եւ ինչպե՞ս կարողացան ստիպել նույն՝ «Մարտի 1-ի էջը փակված» հռչակած եվրոկառույցներին նորից ու նորից այդ խնդիրը դնել Ս. Սարգսյանի առջեւ։
7.      Ովքե՞ր եւ իչպե՞ս կարողացան ստիպել իշխանությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ, որտեղից քիչ անց պարզապես փախավ՝ դրանով իսկ ողջ աշխարհի առջեւ խոստովանելով, որ անզոր են պատասխանել իրենց ներկայացված ահռելի մեղադրանքներին։
8.      Տեղեկատվական խուլ շրջափակման մեջ գտնվող երկրում ովքե՞ր եւ ինչպե՞ս կարողացան, արդեն չորսուկես տարի հսկայկան համաժողովրդական շարժումը պահել ամենօրյա պայքարի ռեժիմով՝ ունենալով միջին հաշվով ամսական ավելի քան 1 համահանրապետական բազմահազարանոց հանրահավաք, հազարի հասնող այլ ակցիաներ՝ եզակի դեպք քաղաքական պայքարի համաշխարհային պատմության մեջ։
9.      Այդ ինչպե՞ս եղավ, որ ռեժիմը ստիպված եղավ համակերպվել, որ իր կողմից չորս տարի շարունակ բանտերի ու հալածանքների դատապարտված քաղաքական ուժը ներկայություն ունենա իշխանության օրենսդիր մարմնում, բանտերից տեղափոխվի խորհրդարան։
Այս ամենն իր ահռելիությամբ անհավատալի է թվում։ Բայց թվարկվածը ոչ միայն չափազանցված չէ, այլ նույնիսկ ամբողջը չէ։ Չափազանցություն չէ մեր կողմից հատուկ կրկնված «ստիպված» բառը՝ նկատի ունենալով, թե ինչպիսի ուժեր են աշխատել եւ աշխատում Կոնգրեսի դեմ։ Այդպես լինում է. 1989 թ. աշխարհի ամենահզոր պետություն ԽՍՀՄ-ը ստիպված եղավ բանտերից ազատ արձակել «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, իսկ մի քանի ամիս անց ստիպված եղավ համակերպվել, որ նրանք պետք է մտնեն խորհրդարան։ Ու դրա դեմ այսօր ոչ մեկը չի կարող վիճել, այն ժամանակ կարող էր տարբեր կերպ մեկնաբանվել։
Այս ամենից պարզ չէ՞, թե 2008-ի մարտից առ այսօր հակամարտության նժարներից որն է ծանրանում եւ որը՝ թեթեւանում։ Այս ամենի հանդիման որեւէ մեկը պիտի պնդի, թե Կոնգրեսն անընդհատ տանո՞ւլ է տալիս։ Ուրեմն նա կա՛մ խնդիր ունի տեսողության, կա՛մ զգացողության, կա՛մ տարրական տրամաբանության հետ։ Կամ՝ պարզապես որպես փաստ ներկայցնում է սեփական ցանկությունը։
Վերեւում բերված հարցադրումներում կրկնված «Ովքե՞ր կարողացան» հարցի պատասխանն էլ ակնհայտորեն այսպիսին է. Կոնգրեսի առաջնորդից, քաղաքական ղեկավարությունից սկսած մինչեւ ամենօրյա «քաղաքական զբոսանքի» եւ հանրահավաքի յուրաքանչյուր շարքային մասնակիցը։ Գուցե դրանց թիվը 107 հազա՞ր է, գուցե 700.հազա՞ր, գուցե ավելի՞ն։ Նույն հարցադրումներում կրկնված «ինչպե՞ս» հարցի պատասխանն էլ, նույնքան ակնհայտորեն սա է. այս ամենը հնարավոր է դարձել, քանզի կատարվածը նրանց բոլորի կողմից մեկնաբանվել ու գնահատվել է իրական քաղաքական դիտանկյունից, այն է՝ սա հակամարտություն է, պատերազմ, որը կավարտվի, երբ կլուծվի դրա հիմնական խնդիրը։ Իսկ ընթացքը ցույց է տալիս, որ այն անպայման կավարտվի հաղթանակով, եթե չփոխվի անցածի եւ ներկայի գնահատման դիտանկյունը։ Մայիսի 6-ի ընտրությունները այդ նպատակին տանող հերթական ճակատամարտերից մեկն է, որը, չի բացառվում, կդառնա ու կգնահատվի ամենակարեւորը, երբ հաջողությամբ կավարտվի պատմության այս դրվագ-միավորը։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ» 26.05.2012

Tuesday, May 15, 2012

ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ


1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո մի քանի ամսում լուծելով դրա՝ իր համար վտանգավոր զարգացումների հարցը՝ Քոչարյանը ձեռնամուխ եղավ այն ռեժիմի կառուցմանը, որը գործում է առ այսօր։ Շատ խելք պետք չէր գիտակցելու համար, որ առաջին քայլերից մեկը պետք է լինի զանգվածային տեղեկատվության միջոցները լիակատար վերահսկողության տակ վերցնելը, հասարակությանը տեղեկատվական շրջափակման ենթարկելը։ Մեկ-երկու հեռուստաընկերություններ, որոնք չմտան նախագահականի վերահսկողության տակ՝ անմիջապես փակվեցին։  Դրանով Հայաստանի բնակչության առնվազն 95%-ը, ըստ էության, ենթարկեց տեղեկատվական խուլ շրջափակման։ Տպագիր մամուլի միջոցով ընդդիմության ձայնը լսելու, այլընտրանքային տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունեցող 1-2 տասնյակ հազարը ոչ մի վտանգ չէր ներկայացնում ռեժիմի համար։ Ճիշտ է՝ այն ամբողջությամբ չարհամարհվեց, սակայն, տարբեր ժամանակներում եւ իրավիճակներում այն տարբեր աստիճանի հետաքրքրություն է ներկայացրել ռեժիմի համար։
Հետո տեղի ունեցան կարեւոր փոփոխություններ։ Տարածվեց ինտերնետը՝ նույն տպագիր մամուլի նյութերը մատչելի դարձնելով ավելի լայն լսարանի։ 2007 թ. աշնանից համաժողովրդական շարժումը չմարեց իշխանական հետընտրական մարտիմեկյան արյունոտ ուժային օպերացիայով։ Ձեւավորվեց քաղաքացիական հասարակության ու քաղաքական շարժման ակտիվ ու չմաշվող մի կորիզ, որը կարող էր հասարակական անընդհատ աճող դժգոհության պայմաններում պայթուցիչի դեր խաղալ։ Իսկ հասարակական այդ կորիզի տեղեկատվության աղբյուրը հենց ամենօրյա մամուլն էր։ Դրանով իսկ, սահմանափակ, մի քանի տասնյակ հազար լսարան ունեցող մամուլը ռեժիմի համար դարձավ չափազանց վտանգավոր։ Դրան զուգահեռ, բնականաբար, մեծացավ տպագիր մամուլի նկատմամբ իշխնության ուշադրությունը։ Իշխանությունը նույնպես ուներ տպագիր մամուլի իր հայտնի միջոցները։ Սակայն փոփոխվող պայմաններում ավանդաբար իշխանական ճանաչված, իրենց աչառությամբ վաղուց վարկաբեկված ու արհամարհված մամուլի միջոցներն անկարող էին հակակշիռ լինել, հասարակության ակտիվացած մասի վրա ադեցություն գործել, հաջողության հասնել։ Մյուս կողմից՝ չէր կարելի փակել վերջին ընդդիմադիր կամ անկախ թերթը, քանզի այդ քայլը հեռուստաեթերի դեպքում, դեռ դժվարությամբ էր մարսվում, եւ Ա1+-ի խնդիրը ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպաներում շարունակում էր ծխալ։ Միակ աշխատող միջոցը ռեժիմի համար կարող էր լինել այն, ինչը հաջողությամբ փորձարկվել ու կիրառվում էր քաղաքական դաշտում՝ հայտնի կեղծ ընդդիմադիր ուժերի տեսքով։
Իրապես անկախ մամուլի օրգանների կողքին հիմնեցին թերթեր, արդեն եղածների մի մասն առնվեց իշխանական հովանավորության ու թելադրանքի տակ։ Ձեւավորվեց կեղծ անկախ թերթերի մի շարք։ Ինչպես քաղաքական ուժերի դեպքում, նրանց թույլ տրվեց իշխանության ցանկացած տեսակի քննադատություն, խրախուսվեց ցանկացած ընդդիմադիր գործչի հանդես գալը նրանց էջերում։ Խնդիրը մեկն էր՝ մամուլի ոչ մեծ լսարանի, բայց նաեւ հասարակության տեղեկացված ու քաղաքականապես ամենաակտիվ շերտի մեջ  ցանկացած գնով ձեռք բերել ընդդիմադիր կամ անկախ լրատվամիջոցի համբավ ու համարում։ Իսկ վճռական պահին կատարել նախագահականից իջած թանկարժեք պատվերը՝ նպատակ ունենալով տարակուսանք, հիսթափություն, անվստահություն առաջացնել հասարակության հենց այդ՝ ամենավտանգավոր, ամենաակտիվ խավի մեջ։
Վերջին չորս-չորսուկես տարվա ընթացքում, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքի թիվ մեկ գործոնը ռեժիմի դեմ ծառացած Համաժողովրդական շարժումն է, Հայ Ազգային Կոնգրեսը, դժվար չէ տեսնել, որ հենց սա է եղել «անկախ» համարումով մի շարք թերթերի վարքագիծն ու գործառույթը։ Ներքին մի չգրված կանոնով թերթերը դժկամությամբ են ընդունում, երբ իրենց տպագրելիք հոդվածում այլ լրատվամիջոցի անուն է հիշատակվում։ Ամբողջությամբ չհասկանալով, բայց հարգելով այդ կանոնը՝ ստորեւ բերված մեջբերումներում կխուսափենք ուղղակի հղումներից, սակայն դրանցից ամենացայտուն օրինակը՝ «ժամանակ (Երեւան)»  որ չհիշատակենք էլ, ընթերցողը անմիջապես կնույնականացնի որպես նշված շարքի ամենացայտուն հատանմուշ։
Այժմ այս ֆոնի վրա ու ընդամենը մեկ օրինակով տեսնենք «անկախ» մամուլի ու նույնքան անկախ «վերլուծագանգերի» ֆունկցիոնալ «առաքելության» կատարումը՝ այլ տեղի ու ժամանակի թողնելով խնդրի ամբողջական ուսումնասիրումը ու ներկայացումը վերջին 5 տարվա ընթացքում։ Իսկ որպես օրինակ դիտարկենք նրանց արձագանքն ու գնահատականները Հայ Ազգային Կոնգրեսի՝ վերջին ընտրություններում ստացած արդյունքի մասին։
Ընտրախախտումների ողջ սպեկտրը նրանց ոչ միայն հայտնի է, այլեւ հաճախ հիանալի արձանագրած ու ներկայացված. ընտրողների ցուցակների ուռճացում, անձնագրերի դրոշմակնիքի թանաքի անմիջապես անհետացում, բացահայտ ու համատարած ընտրակաշառք, կարուսել, բամակի ու հարկադրական բաց քվեարկություններ, ընտրողների ուղղորդում, ահաբեկումներ, վարչական ռեսուրսի չարաշահում եւ այլն։ Այս ամենի հետ նաեւ քվեարկության օրը կատարված տասնյակ հազարավոր քրեական օրինախոխտումների նկատմամբ իրավապահների բացարձակ անտարբերություն։ Ոչ մեկը դրա դեմ չի վիճում։ Բայց այս ամենն արձանագրվում է այնպես, ինչպես կարձանագրվեր շատ սովորական, բնական մի բան, ասենք՝ այդ օրվա եղանակային փոփոխությունները։ Այդ ամենի մեջ ոչ մի ցնցող ու էքստրեմալ բան չկա. «Մայիսի 6-ին իշխանության պահվածքը շատ պարզ էր ու սպասելի, այստեղ արդեն հասարակությունը որեւէ քննելու բան չունի»։  Ասել է թե՝ այդ ամենը իշխանության՝ օրենքից ու սահմանադրությունից վեր բնական իրավունքն է։
Ավելին՝ այս ընտրությունները մի քանի քայլ առաջ էին նախորդների համեմատ, քանզի իշխանությունը նույն մասշտաբի կեղծիքներ կարողացավ իրականացնել անաղմուկ, առանց ծեծ ու ջարդի, առանց մարդասպանության ու մարդակերության։ Ներքին ոգեւորությունը վերլուծաբանին ստիպում է անգամ անկեղծ գովեստի խոսքեր ասել. «Իշխանությունը շատ լուրջ էր վերաբերել այս ընտրություններին ու տիտանական աշխատանք կատարել»։ Իսկ «տիտանական այդ աշխատանքն» էլ, խոստովանում է, որ այլ բան չէ, քան վերեւում թվարկած օրինախախտումները խնամքով նախապատրաստելը եւ քվեարկության օրը համատարած, արդյունավետ ու հնարավորինս անաղմուկ իրականացնելը։ Ենթագիտակցության թելադրանքով արվում է նաեւ հաջորդ քայլը. «Այս ընտրություններում անակնկալներ չեղան, ամեն ինչ տրամաբանության շրջանակներում է եւ բացատրելի... Մարդուն շատ պարզ ընտրություն առաջարկվեց՝ նպաստ ստանալ, աշխատանք ունենալ, մի քիչ փող աշխատել եւ այլն կամ ընտրել անորոշ ու անհեռանկար, չձեւակերպված ապագան՝ հանձին ընդդիմության տված անզեն աչքով անգամ անիրականանալի խոստումների»։ Ճիշտ է՝ «ուռճացված են ՀՀԿ-ի ձայները», բայց դա ել այն պատճառով, որ մի պահ խուճապի մեջ գտնվելով՝ մի քիչ «պերեստարալիս»։ Համեմատության մյուս եզրն, իհարկե, Հայ Ագային Կոնգրեսն է, որ ՀՀԿ-ին հակառակ՝ անփույթ է վերաբերվել ընտրությունների խնդրին, ժողովրդի հետ խոսել է ոչ թե նրա համար գերադասելի «կիսագրագետ, բայց հասկանալի», այլ՝ «ոլոր-մոլոր դիվանագիտական ու քաղաքական վերլուծությունների լեզվով»։ Ու հենց այդ պատճառով էլ վստահության չի արժանացել։ Ժողովուրդը, պարզապես, «ընտրել է չարյաց փոքրագույնը»։
Եւ այնուամենայնիվ, պե՞տք է, արդյոք, ինչ-որ բան միմյանցից առանձնացնել, ինչպես ասում են՝ սեւ ու սպիտակի խնդիր դնել։ Ո՛չ, իշխանության վրա իրենց փեշերն են փռում «անկախ» թերթերը. Եթե նա վատն է՝ ոչ մեկը նրանից ավելի լավը չէ. «Իշխանությունը գնեց ամեն ինչ՝ ձայնից մինչեւ բարոյականություն։ Եւ թույլ տվեց մյուսներին գնել այնքան, որքան կարելի է։ Մեկին թույլ տվեց գնել փողով, մյուսներին՝ մարդկանց խաբելով, իմիտացիմայով։ Բայց իրավիճակի ողջ նրբություն այն է, որ իշխանությունը դա արեց բոլորի հետ միասին՝ ամենաարմատականներից մինչեւ ամենակառուցողական ընդդիմության հետ միասին։ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից  մնացած բոլոր ուժերը խորհրդարան անցան բացառապես իշխանության բարեհաճության շնորհիվ։ Իսկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ փողի եւ իշխանական ռեսուրսների... Խորհրդարան անցած բոլոր 6 ուժերը մասնակից են այն գործընթացին, որը բեմադրեց իշխանությունը»։ Վերջ։ Եթե բոլորը հավասար են, նույն սանրի կտավը, էլ ի՞նչ իմաստ ունի որեւէ իշխանափոխություն։ Էլ ի՞նչ իմաստ ունի քննարկել, թե ինչպես են անցել ընտրությունները։ Իսկ կատարված ընտրախախտումները որպես փաստ, իրենց նշանակությամբ այլ բան չեն, քան այդ օրվա անցուդարձի խրոնիկա ու արձանագրում։
Այժմ երկու հարցի, որոնց՝ հիշյալ լրատվամիջոցների տված պատասխանով էլ ապացուցվում է մեղադրական մեր թեզի իրավացիությունը։
Մայիսի 6-ին Հայաստանում կայացե՞լ է, արդյոք, ընտրություն։
Հենց իրենց՝ «անկախ» լրատվամիջոցների էջերում՝ ընտրախախտումներին ու դրանց ծավալին վերաբերող նյութերն ի մի հավաքելով, այս հարցը այլ պատասխան չի ենթեդրում, քան՝ «բնականաբար ոչ»։ Ու, թերեւս, հենց այդպես էլ նրանք կպատասխանեն։ Սակայն այս հարցին նրանց տված իրական պատասխանը ոչ թե այս նյութերի մեջ է ու դրանց հիման վրա, այլ հետեւյալ հարցադրմանը նրանց տված հստակ պատասխանում։
Ինչպե՞ս պետք է գնահատել Հայ Ազգային Կոնգրեսի ստացած արդյունքը։
Նույն լրատվամիջոցները այս հարցին տալիս են համերաշխ պատասխան՝ մոռանալով իրենց իսկ հրապարակած նյութերից բխող տրամաբանական՝ «բնականաբար ոչ»  պատասխանը եւ որպես անսասան ելակետ ունենալով հրապարակված պաշտոնական արդյունքները։ Ահա դրանցից մի քանիսը. «Խորհրդարանական ընտրության պաշտոնական արդյունքներով անհաջողության մատնված քաղաքական ուժ», «Ընդդիմադիր այս դաշինքին հաջողվեց կորցնել իր համակիրներին այնքան, որ այսօր հազիվ հաղթահարի 7%-ի արգելքը»։  «Այսքանից հետո պարզ է, որ Հայ Ազգային Կոնգրեսը որպես միասնական կառույց այլեւս գոյություն չունի եւ ճիշտ կլինի, որ դրա մասին հայտարարվի հրապարակայնորեն», «Հայ Ազգային Կոնգրեսը հաստատ դադարել է լինել իշխանափոխության գործիք»,  «Հայաստանի խորհրդարանի ընտրությունը վկայեց ոչ թե երկրում օրինականության եւ սահմանադրականության ճգնաժամի, այլ ընդդիմության ճգնաժամի մասին»։ Այսինքն՝ առաջին հարցին նրանց տված իրական պատասխանը դրական է. «Այո, Հայաստանում  մայիսի 6-ին տեղի են ունեցել իրական ընտրություններ»։  Հակառակ դեպքում անհեթեթ կլիներ գնահատել Հայ Ազգային Կոնգրեսի եւ որեւէ այլ ուժի հավաքած ձայները, դրա հիման վրա քաղաքական գնահատականներ տալ ու եզրահանգումներ անել։
Հենց այս դրական պատասխան էլ ամենամեծ ծառայությունն է Սերժ Սարգսյանին։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայկական ժամանակ», 15.05.2012

Saturday, May 12, 2012

ԻՆՉՊԵՍ Է ԿԱԶՄՎԵԼ ԿՈՆԳՐԵՍԻ ՑՈՒՑԱԿԸ


Երկու ամիս առաջ, երբ կազմվում էր Հայ Ազգային Կոնգրեսի համամասնական ցուցակը, այն բուռն քննադատությունների արժանացավ։ Որոշ «անկախ» լրատվամիջոցներ ու «վերլուծաբաններ» շահարկում էին այն փաստը, թե իբր հակաժողովրդավարական է այն, որ այդ ցուցակը կազմել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այսօր էլ, չարամտորեն խեղաթյուրելով իրականությունը, այդ քննադատությունը շարունակվում է (տես «Ժամանանակ», 11.05.2012) եւ դա այն դեպքում, երբ ինչպես երկու ամիս առաջ, այնպես էլ հիմա, բավարար չափով հայտնի է, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Իսկ այն, ինչ տեղի է ունեցել, ճիշտ հակառակ եզրահանգումների հիմք է ըստ էության։
Չարամիտների ու ավելորդ ջանացողների եռանդը զսպելու համար, որպես  մասնակից եւ ականատես, անհրաժեշտ ենք համարում սպառիչ ներկայացնել Կոնգրեսի համամասնական ցուցակը կազմելու ողջ պատմությունը։
Ինչպես եւ բնական էր, այդ ցուցակի վրա աշխատանքներն սկսվեցին Կոնգրեսի Քաղաքական խորհրդում այն բանից հետո, երբ այս մարմինը մինչ այդ արդեն համաձայնությամբ կայացրել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումը։ Երկու շաբաթից ավելի, գիշեր-ցերեկ, Քաղաքական խորհուրդը քննարկեց ցուցակի կազմման սկզբունքների, ապա բուն ցուցակի հարցը։ Որոշ սկզբունքների շուրջ ձեռք բերվեցին համաձայնություններ, այլ սկբունքներ, ինչպես նաեւ բուն ցուցակի կազմումը, սակայն, հանդիպեց անհաղթահարելի տարակարծությունների։ Երբ այլեւս ակնհայտ էր, որ Քաղխորհրդում կոնսենսուս չի կայանալու, իսկ ժամկետներն այլեւս հնարավորություն չէին տալիս երկարաձգել, որոշվել է հրավիրել Կոնգրեսի ողջ ակտիվի նիստ։ Այդ նիստին մասնակցում էին Կոնգրեսի Քաղաքական խորհրդի եւ Կենտրոնական գրասենյակի անդամները, տարածքային կառույցների ղեկավարներ, քաղբանտարկյալների մության ներկայացուցիչներ։ Նիստում քննարկվել է համամասնական ցուցակի կազմելու երեք հնարավոր տարբերակ.
1.      Քաղաքական խորհուրդը շարունակի աշխատել եւ որոշակի կարճ ժամկետում ավարտին հասցնի գործը։ Ելույթ ունեցողները, եւ առաջին հերթին հենց Քաղխորհրդի բոլոր անդամները միահամուռ դեմ արտահայտվեցին այդ տարբերակին՝ մատնանշելով այդ ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքի ու ջանքերի անարդյունավետությունը։
2.      Առաջարկված երկրորդ տարբերակը հետեւյալն էր. համամասնական ցուցակի կազմելու գործը հանձնարարվի Քաղաքական խորհրդի կողմից ընտրված մամնի՝ հետեւյալ կազմով. ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյան, եւ, որպես ոչ կուսակցականների ներկայացուցիչ, «Այլընտրանքից»՝ Դավիթ Մաթեւոսյան։ Այս տարբերակը նույնպես ոչ մի պաշտպան չգտավ, այս դեպքում եւս դրան դեմ էին նաեւ իրենք՝ այս խմբի մեջ առաջադրվածները։
3.      Երկու տարբերակների միահամուռ մերժումից հետո ժողովը եւ առաջին հերթին Քաղաքական խորհրդի բոլոր անդամները առաջարկեցին ցուցակը կազմելու իրավասությունը պատվիրակել, հանձնարարել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հաշվի առնելով Քաղխորհրդի կողմից մշակված այն չափորոշիչներն ու առաջարկները, որոնք ընդունվել էին համաձայնությամբ։
Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ վերջին այս տարբերակի ամենաջերմեռանդ պաշտպաններից էին Արամ Սարգսյանը եւ Դավիթ Շահնազարյանը։ Ընդունվեց համապատասխան որոշում, որը ստորագրեցին Քաղխորհրդի հիշյալ նիստին մասնակից բոլոր 14 անդամները։
 Հիմա առաջարկում ենք բոլոր այն լրատվամիջոցներին ու վերլուծաբաններին, ովքեր խոսել ու խոսում են Կոնգրեսի համամասնական ցուցակի կազմման ոչ ժողովրդավարական եղանակի մասին, ցույց տալ, թե տվյալ դեպքում որտե՞ղ եւ ինչպե՞ս է խախտվել ժողովրդավարությունը։ Նաեւ ցույց տալ, թե Հայաստանում ո՞ր քաղաքական ուժի համամասնական ցուցակն է կազմվել ավելի ժողովրդավարական սկզբունքներով, այն դեպքում, երբ, ի տարբերություն «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի, նրանք, որպես գրանցված կուսակցություններ, ունեցել են կանոնադրական լուծումներ։ Ուրիշ ինչպիսի՞ ժողովրդավարական լուծում կարելի էր գտնել տվյալ դեպքում, որն անտեսվել կամ շրջանցվել է։ Միակ այդպիսի լուծումը, թերեւս, կլիներ այդպես էլ մինչեւ վերջ ցուցակ չունենալը, ուստիեւ՝ ընտրություններին մասնակցելը ձախողելը։ Ուրիշի ճաշի մեջ մազ փնտրողները գուցե հենց այդ էլ ուզո՞ւմ էին։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ», 12.05.2012


Thursday, May 3, 2012

Ելույթ 03.05.2012 հանրահավաքում


Այն ճշմարտությունները, որոնք այլեւս անվիճելի են դառնում, բոլորի կողմից ընդունելի, բյուրեղանում են ասացվածքի, առածի, առակի նաեւ՝ անեկդոտի տեսքով։ Մայիսի 6-ի ընտրությունների հետ կապված նման մի անեկդոտ է շրջում.
-        Ո՞ւմ ես ձայն տալու։
-        Հանրապետականին։
-        Դե լավ, չես ուզում՝ մի ասա։
Այսինքն՝ Հայ Ազգային Կոնգրեսի «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսը որպես ճշմարտություն, արդեն ընդհանուրի սեփականությունն է։
Քարոզարշավի վերջին շրջագայության ժամանակ մեր համակիրներից մեկը պնդում էր, որ Հանրապետականի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի մեջ կոդ է դրված՝ մեջտեղում չորս տառ, որոք հանելուց հետո ստացվում է՝ «հավատափոխենք» ՝ հավատափոխ անենք։ Այսինքն՝ այն, ինչ մեզ հետ չեն կարողացել անել օտարները 1500 տարի շարունակ։ Կոդը մի կողմ, բայց, եթե հավատափոխ բառի տակ հասկանանք ոչ թե դրա կրոնական արտաքինը, այլ ՝ բովանդակությունը՝ որպես արժեքային համակարգ, ապա ամեն ինչ ճիշտ է։ Իշխող ռեժիմը Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու անձնական օրինակով ջարդում է 1500-ամյա մեր արժեքային համակարգը, իրոք հավատափոխ անելու նպատակ ունի.
Այսպես՝ մեր հավատի հիմքում դրված արժեքային համակարգն ասում է՝
-        Մի՛ գողացիր, - սրանք գողանում են եւ իշխանությունը եւ մեր ունեցվածքը,
-        Մի՛ սպանիր, - սրանք Մարտի 1 են իրականացնում եւ պարտակում Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որ սպանության է հավասար,
-        Մի՛ ուրացիր, - սրանք ուրանում են Հայոց Ցեղասպանությունը,
-        Մի՛ դավաճանիր, - սարանք դավաճանում են Լեռնային Ղարաբաղին՝ այն լքելով ու նրան զրկելով հակամարտության կողմ լինելու միջազգային մանդատից,
-        Սուտ մի՛ խոսիր, - սրանց ողջ գործունեությունը հենված է հրապարակային անամոթ ստի ու խաբեության վրա։
Ցանկը կարել է  շարունակել։ Բայս կարճ անդրադառնանք դրանցից ամենաանմեղ թվացող՝ սուտ խոսելու երեւույթին։
Սերժ Սարգսյանն իր գլխավորած կուսակցության վերջին համագումարի ընդարձակ ելույթում սուտ խոսելու յուրահատուկ ռեկորդ սահմանեց։ Մոտ 20 էջանոց նրա ելույթի տնտեսական մասում Հրանտ Բագրատյանն արձանագրեց մի քանի տասնյակ սուտ ու կեղծիք եւ ընդամենը մեկ իրական փաստ։ Նույն ելույթի քաղաքական մասում մեզ չհաջողվեց գտնել իրականությանը համապատասխանող գեթ մեկ փաստ, 20 էջ սուտ։
Երեխան մինչեւ չորս տարեկան դառնալը, երբ սուտ է խոսում, ծնողներն ուրախանում են, դա համարում նրա խելքի արտահայտություն։ Չորս տարեկանից հետո, սակայն երախային նախ տանը, ապա նաեւ դպրոցում ասում են, որ սուտ խոսելը վատ բան է։
Եթե մարդը սուտ է խոսում նեղ ընտանեկան միջավայրում, դա իր եւ ընտանիքի խնդիրն է։ Երբ նույն մարդը, օրինական թե ոչ, նաեւ երկրի ղեկավարի է, եւ նույն բանն անում է հրապարակայնորեն, դա չափազանց վտանգավոր է։ Քազնի երկրի ղեկավարը, իր կարգավիճակի բերումով, նաեւ թիվ 1 ընդօրինակման առարկան է՝ նախ իշխանական համակարգում, ապա նաեւ դրանից դուրս։
Ունենալ եւ հանդուրժել գող, սպանող, ուրացող, դավաճանող, ստախոս իշխանություն, նշանակում է վտանգի ենթարկել դարերով մեր պահպանած արժեքային համակարգը,  այո, ժողովրդին մատնել  իրական հավատափոխության վտանգի, ոչնչացնել ազգը որպես այդպիսին։ Դրա դեմ մենք պայքարել ենք 1500 տարի։ Ուստիեւ՝ Հայ Ազգային Կոնգրեսի կարգախոսն այսօր  թելադրում է միակ համարժեք վարվելակերպը՝ «Ո՛Չ ՄԻ ՁԱՅՆ ՀԱՆՑԱՎՈՐ ՌԵԺԻՄԻՆ»։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ


Wednesday, May 2, 2012

ԱԲԴՈՒԼ ՀԱՄԻԴ, Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ, Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


Նախընտրական նյութեր սպասող ընթերցողը թող չհիասթափվի, որ սկսելու եմ Տիգրան Մեծից։ Այս հոդվածն ամբողջությամբ վերաբերում է մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին։
Տիգրան Բ Մեծ
Իր թագավորության առաջին տարիներին Տիգրան Բ-ն դաշինք կնքեց Պոնտոսի թագավոր Միհրդատի հետ՝ միասին գրավելու համար իրենց հարեւան մի այլ երկիր՝ Կապադովկիան։ Դաշինքն այսպիսի մի հետաքրքիր պայման ուներ. Կապադովկիան գրավելուց հետո այն ինչ կարող էր տեղաշարժվել,այսինքն՝ ողջ բնակչությունն իր շարժական գույքով անցնում էր Տիգրանին, այն ինչ հնարավոր չէր շարժել, այսինքն՝ ամբողջ երկիրը, դառնում էր Միհրդատի սեփականությունը։ Պատերազմը հաջողությամբ ավարտելուց հետո Տիգրանը Հայաստան է տեղափոխում 300.000 մարդ։ Անգամ մեր ժամանակների խոշոր պատմաբաններից ոմանք այս փաստը մեկնաբանել են այնպես, թե դրանից Միհրդատը շահել է, ուստիեւ ենթադրել են, թե Տիգրանը եղել է այս դաշինքի թույլ կողմը ։ Պատմաբան լինելուց զատ նաեւ մի փոքր քաղաքական հոտառություն ունեցող գիտնականները, սակայն, նկատել են, որ նման պայմանից Տիգրանը ոչ թե կորցրել, այլ շահել է։ Նման եզրահանգման օգնել է գալ նաեւ դեպքերի հետագա ընթացքը, մասնավորապես՝ Տիգրանի օրոք Հայաստանի աշխարհակալ պետություն դառնալը։ Այնպես որ, շատ ավելի հավանական է, որ հիշյալ դաշինքը կնքելիս թելադրող կողմը եղել է հենց Տիգրանը։
Հիշյալ պայմանագրում, կարծում ենք, առարկայացած է ժամանակի հայ քաղաքական մտքի նվաճած բարձրակետերից մեկը՝ որպես երկրի հորացման հիմք՝ժողովրդագրությանը տված բացառիկ նշանակությունը։ Դա հաստատվում է Տիգրան Մեծի մասին նաեւ այլ վկայություններով, մասնավորապես, որ նա նաեւ այլ երկրներից է մեծ քանակությամբ ներգաղթ է կամակերպել ու բնակեցրել Հայաստանում։ Ընդ որում՝ ոչ որպես ստրուկներ, այլ որպես քաղաքացիներ։ Բացի վերոհիշյալ շուրջ 300.000 կապադովկացիներից, հիշատակություն կա Պաղեստինից ավելի մեծ թվով հրեաների Հայաստան տեղափոխելու մասին։ Ամենահամեստ հաշվարկներով Տիգրանը կարճ ժամանակում Հայաստանի բնակչությունը ներգաղթի հաշվին ավելացրել է շուրջ մեկ միլիոնով՝ այն ժամանակվա համար հսկայական մի թիվ։ Կարելի է չկասկածել, որ հենց երկրի բնակչության, որպես ռեսուրսի, կտրուկ ավելացումն է, որ դարձել է Տիգրանի հետագա հաջողությունների ամենակարեւոր հիմքերից մեկը։
Ո՞րն էր դեպի իր երկիր ներգաղթ կամակերպելու՝ Տիգրան Մեծի շարժառիթն ու նպատակը. որպեսի ծաղկեցնի ու հորացնի Հայաստանը։
Մոնղոլ Աբու Սեյիդ խան
Թաթար-մոնղոլական լուծը նվաճված ժողովուրդների համար իրավացիորեն համարվել է ամենածանրերից մեկը։ Նրանց հաստատած ռեժիմն իր յուրահատկությամբ առանձնանում է մնացած բոլոր նվաճողների հաստատած ռեժիմներից։ Ընդ որում՝ այդ յուրահատկության մեջ է մտնում նաեւ առանձնակի դաժանությունը։ Այնպես որ «մոնղոլ- թաթարական համակարգ» բնորոշումը պատմագիտության մեջ հատուկ գիտական հասկացություն է, ռեժիմի մի տեսակ, որով կարող են բնորոշվել նաեւ մոնղոլների հետ բոլորովին կապ չունեցող այլ ռեժիմներ։ Հենց սրա մասին է, որ իր 2007թ. դեկտեմբերի 8-ի իր ելույթում մանրամասն խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ բազմաթիվ զուգահեռներ մատնանշելով իշխանության իրականացման այդ ձեւի եւ քոչարյանասերժական այսօրվա ռեժիմի միջեւ։
Սակայն հիմա կներկայացնենք այդ ամենադաժան ռեժիմի շրջանում կատարված մի փաստ, որ մեզ է հասել ծավալուն արաբատառ արձանագրությամբ։ Հայաստանում իշխող մոնղոլ կառավարիչներից մեկը՝ Աբու Սեյիդ անունով, ասում է հետեւյալը. Անի քաղաքի եւ շրջակա տարածքների բնակչությունը տնտեսական  վիճակի վատթարացման պատճառով թողնում են իրենց երկիրն ու արտագաղթում։ Այդ արտագաղթը կանխելու համար նա Անիի եւ հարակից տարածքների բնակչությանն ազատում է ծանր հարկատեսակներից։
Ո՞րն էր  մոնղոլ խանի՝ Անիի եւ հարակից  հայկական տարածքների բնակչության հարկերը թեթեւացնելու շարժառիթն ու նպատակը. որպեսզի կանխի այդ՝  իրեն ենթակա տարածքներից բնակչության արտագաղթը։
Պարսից շահ Աբաս
17-րդ դարի սկզբին Թուրքիայի դեմ պատերազմում դեպի իր երկիրը նահանջող պարսից շահ Աբաս 1-ը Թուրքիայի հայկական շրջաններից մոտ 300.000 հայություն տեղափոխեց Պարսկաստան։ Այդ թվում նաեւ առեւտրականներով ու արհեստավորներով հայտնի Ջուղայի բնակչությանը։ Ջուղայի հայ առեւտրականները, որ առեւտուր էին անում աշխարհի ամենահեռավոր անկյուններում եւ ամենակարեւոր առեւտրական ուղիների վրա, այլեւս պիտի զարգացնեին պարսկական արտաքին առեւտուրը։
Ո՞րն էր պարսից շահ Աբասի կողմից  Հայաստանից  դեպի իր երկիր հսկայական ներգաղթ կազմակերպելու շարժառիթն ու նպատակը. որպեսի զարգացնի իր երկրի տնտեսությունն ու առեւտուրը։
Ռուսական ցարիզմ
1826-27թթ. տեղի ունեցավ ռուս-պարսկական պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ Թուրքմենչայի պայմանագրով այսօրվա Հայաստանն անցավ Ռուսական տիրապետության տակ։ Սակայն հաշտության պայմանագրով միայն տարածքների հարց չէր լուծվում։ Դրա կետերից մեկը նախատեսում էր պարսկական այլ նահանգներից քրիստոնյա (հայ) բնակչության տեղափոխման հնարավորություն դեպի ռուսական տիրապետության տակ անցած հողեր։ 1828թ. պարսկական շրջաններից ռուսական տիրապետության տակ անցած հողեր տեղափոխվեց 45.000 հայ։
1928-29 թթ. տեղի ունեցավ ռուս-թուրքական հերթական պատերազմը։ Այն նույնպես ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ Ու դարձյալ՝ հաշտության համապատասխան պայմանագրով առանձին մի հոդվածով Ռուսաստանն իրավունք էր ստանում թուրքապատկան տարածքներից հայ բնակչության ներգաղթ կամակերպել դեպի իրեն միացած հայկական հողեր։ Ներգաղթողների թիվը կազմեց շուրջ 100.000 մարդ։
Ո՞րն էր գրաված նոր հողերը՝  Արեւելյան Հայաստանը Պարսկաստանից եւ Թուրքիայից կամակերպված ներգաղթի միջոցով բնակեցնելու շարժառիթն ու նպատակը. նոր գրաված տարածքները տնտեսապես արագ զարգացնելը։
Խորհրդային շրջան
Խորհրդային դարձած Հասայտանը ներգաղթ կամակերպեց արդեն անմիջապես՝ 20-ական թվականներին։ Երկրորդ ներգաղթը կամակերպվեց Հայրենական պատերազմից անմիջապես հետո՝ 1946-48 թվականներին։ Ներգաղթողների թիվը՝ 100.000-ից ավելի էր։
Ո՞րն էր խորհրդային իշխանության շարժառիթն ու նպատակը. երկու դեպքում էլ, դժվար չէ նկատել, որ ներգաղթը կազմակերպվել է երկրի համար տնտեսապես ամենածանր շրջանում ու դիտվել է որպես երկրի կենսունակությունը բարձրացնող, տնտեսական զարգացման կարեւոր ռեսուրս։
(Միջանկյալ եզրահանգում)
Բնականաբար, պատմական փաստերով բերված այս օրինակները կարելի է տասնապատկել ինչպես մեր եւ հարեւան ժողողովուրդների, այնպես էլ այլ ժողովուրդների պատմության դրվագներով։ Այսինքն՝ 2000 տարուց ավելի տվյալ երկրի իշխանությունը, ղեկավարը, տերը մի անհերքելի, բանական ճշմարտությամբ է առաջնորդվել, այն է՝ մարդը, քաղաքացին ամենաթանկ, անգամ հողից թանկ կապիտալն է։ Այս սկզբունքով են առաջնորդվել ոչ միայն տեղական, այլեւ օտար, մեր երկիրը նվաճած իշխանությունները։ Իսկ դա նշանակում է, որ ժողովրդագրության հարցերը լուծելով, լուծվում են նաեւ երկրի տնտեսական զարգացման ու հզորացման հարցերը։ Դա նշանակում է՝ վաղուց է գիտակցվել, որ արտագաղթը ազգն արյունաքամ անող, երկիրը վտանգող ամենամեծ չարիքն է։ Ուստիեւ՝ իշխանությունը, լինի տեղական թե օտար, եթե ժողովրդագրության հետ կապված ծրագիր է կազմել կամ իրականացրել, ապա միայն մեկ ՝ իր իշխանության տակ գտնվող երկիր ներգաղթ իրականացնելու, բնակչության քանակը ավելացնելու ուղղությամբ ։ Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով (բնական կամ ոչ բնական աղետ եւ այլն) իր երկրից է զանգվածային արտագաղթ սկսվել՝ ձեռնարկել է արտակարգ միջոցառումներ այն դադարեցնելու համար։ Տիգրան Մեծի, կամ Հին Հռոմի ժամանակներից ի վեր  մինչեւ այսօր, այս կանոնին հակադրվող միայն երկու բացառություն կա։ Առաջինը տեւել է մոտ 40 տարի, երկրորդը՝ արդեն մոտ 12 տարի։
Աբդուլ Համիդ եւ երիտթուրքեր
Հայաստանի վրա թուրքական շուրջ 600-ամյա  իշխանության շրջանում վերոհիշյալ կանոնն, ըստ էության, չի խատվել։ Համենայնդեպս թուրքական տիրապետության շրջանում մեզ հայտնի չէ հայությանն իր երկրից, առավել եւս Թուրքիայի սահմաններից դուրս մղելու քաղաքական ինչ-որ ծրագիր (վատ պայմաններից արտագաղթ միշտ էլ եղել է, խոսքը՝ ծրագրի մասին է)։ Առաջին անգամ նման խնդիր է առաջանում, երբ 1878թ. որպես միջազգային դիվանագիտության խնդիր ձեւակերպվում է «Հայկական հարցը», իսկ քիչ անց սկսվում է հայկական «հեղափոխական» կուսակցությունների գործունեությունը։
Մեր պամության այդ ավելի քան երկու հազարամյակի կտրվածքով մի բացառություն կա՝ ընդամենը 4 տասնամյակ տեւողությամբ։ Դա Թուրքիայում 19-րդ դարի վերջում եւ 20-ի սկզբում սուլթան Աբդուլ Համիդի եւ նրան հաջորդած Երիտթուրքերի իշխանության շրջանն է։ Այս ընթացքում է մշակվել եւ իրականացվել Հայաստանը հայ բնակչությունից մաքրելու ծրագիրը։
Ո՞րն է եղել Աբդուլ համիդի եւ երիտթուրքերի շարժառիթը, նպատակը. հասունացող «Հայկական հեղափոխությունը» կանխելը, այլ խոսքով՝ հայ ագային-ազատագրական պայքարը խոչընդոտելը։
Ռ. Քոչարյան եւ Ս. Սարգսյան
Հայաստանի Հանրապետությունից խաղաղ պայմաններում արտագաղթն ահագնացել է 2000 թվականից։ Միայն պաշտոնական վիճակագրությամբ այդ թիվը հասնում է 260,000-ի։ Իսկ նկատի ունենալով այն հանրահայտ փաստը, որ նույն այս ընթացքում դպրոցականների թիվը կրճատվել է երկու անգամ, ապա արտագաղթի իրական թիվը պետք է գնահատել մեկ միլոնի չափ։ Եւ դա այն դեպքում, երբ այդ ընթացքում ոչ պատերազմ է եղել, ոչ խոշոր չափի բնական աղետ։ Ընդհակառակը իշխանությունն ամեն տարի ներկայացրել է տնտեսական աճի երկնիշ ցուցանիշներ։
Իրականում Ռ. Քոչարյանը Հոկտեմբերի 27-ից հետո հաստատելով այսօր գոյություն ունեցող ավազակապետական ռեժիմը՝ ծրագրված ամեն ինչ արել է երկրից բնակչության արտագաղթը խթանելու, խրախուսելու համար։ Այդ ծրագիրը գործում է առ այսօր։ Առանց այդօրինակ հատուկ ծրագրի անհնար էր այսպիսի ռեկորդային արդյունքների հասնել։
Ո՞րն է եղել շարժառիթը, նպատակը. այն հստակ խոստովանել է ռեժիմի վարչապետ Տ. Սարգսյանը. «թողնենք մնան, որ հեղափոխությո՞ւն անեն»։
Այն, ինչպես տեսնում ենք, բառացի համընկնում է համիդյան շարժառիթին։ Այս երկու ծրագրեը, հավասարապես հրեշավոր լինելով, ունեն, սակայն մի էական տարբերություն։ Աբդուլ Համիդն ու երիտթուրքերը դրանով հետապնդում էին իրենց երկիրի տարածքային ամբողջականությունը պահպանելու, սրանք՝ դրանով հետապնդում են ընդամենը ժողովրդից թալանած միլիարդները չկորցնելու նպատակ։
Այսպիսով՝2000-ամյա պատմությունն իր անբեկանելի փաստերով մի շարքում է դնում Աբդուլ Համիդին, երիտթուրքերին, Ռ. Քոչարյանին, Ս. Սարգսյանին եւ երկուհազարամյա իմաստությամբ ասում է՝ ձայն տալ Սերժ Սարգսյանին, Հանրապետական կուսակցությանը՝ նշանակում է մերժել նույն պատմության տրամաբանությունը, նշանակում է ձայն տալ Աբդուլ Համիդին ու երիտթուրքերին։ Սա ողբալի փաստ է, մղձավանջային իրողություն։ Ու դրանից դուրս գալու ձեւը մեկն է՝ մայիսի 6-ին Ո՛Չ ՄԻ ՁԱՅՆ ՀԱՆՑԱՎՈՐ ՌԵԺԻՄԻՆ։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ» 02.05.2012