Saturday, November 21, 2009

ՌԵՊԼԻԿ

“Ժամանակի” ուրբաթ օրվա համարում ներկայացվել են “Համագործակցություն հանուն ժողովրդավարության” Հ/Կ-ի նախագահ Ս. Դանիելյանի տեսակետները Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթների մասին։ Ցավալի է, որ թերթի զրուցակիցը, ապավինելով միայն հիշողությանը, աղավաղված է ներկայացրել Առաջին նախագահի խոսքը ու դրա վրա էլ կառուցել է իր “մեղադրանքները”։ Նրա խոսքով՝ “Երբ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ինքը նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը միայն մի դեպքում, եթե Քոչարյանը եւս առաջադրվի, դա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանը խնդիրներ ունի ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ միայն Քոչարյանի հետ”։ Հղված՝ սեպտեմբերի 18-ի ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը իրականում ասել է հետեւյալը. Հայաստանը տանուլ է տալիս հայ-թուրքական եւ հատկնպաս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմության պատճառով։ Դա կանխելու միակ տարբերակը այս փուլում արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականն է եւ լեգիտիմ իշխանության հաստատումը։ Դրան միայն Կոնգրեսի ուժերով հնարավոր չէ հասնել, անհրաժեշտ է հասարակության բոլոր շերտերի եւ խավերի համախմբում այս պահանջի շուրջ։ Եւ որպեսզի ցրի ոմանց այն հնարավոր մտավախությունը (ինչը, այդուամենայնիվ արտահայտվեց այդ ելույթից հետ), թե այդ կերպ նա ճանապարհ է հարթում իր՝ Նախագահ դառնալու համար, ասաց, որ այդ դեպքում (այսինքն՝ եթե բոլորը միավորվեն եւ հասնեն հրաժարականի) ինքը չի առաջադրվի, բացառությամբ այն դեպքի, եթե առաջադրվի նաեւ Ռ. Քոչարյանը։ Իսկ սա բոլորովին այլ բան է, եւ դրա վրա անհնար է գալ այն եզրահանգման, ինչին եկել է Ս. Դանիելյանը։ Լավ չէ, երբ մամուլով հասարկության հետ խոսել հավակնող մարդիկ չեն կարողանում հիշել կամ ընկալել ուրիշի խոսքն անհրաժեշտ կոնտեքստով եւ աղավաղում են այն։ Նման դեպքում գեթ լրագրողը պարտավոր էր նրան հիշեցնել։
Վերջին ելույթի կոնտեքստից դուրս է հասկացվել նաեւ արդեն հայտնի Այնթապցու օրինակը, որ, բնականաբար, բերել է նույնպիսի սխալ եզրահանգման, ինչը բացառապես կապ չունի Տեր-Պետրոսյանի ո՛չ ասելիքի, ո՛չ, առավել եւս, մտադրությունների հետ։ Բայց դա անհատական ընկալման խնդիր է, այս մասին արդեն շատ է գրվել։
Ես դեմ չեմ հրապարակավ կարծիք արտահայտելու ազատությանն ու բազմակարծությանը։ Խնդիրը (կարեւոր չէ՝ դիտավորյալ, թե չիմացությամբ) ուրիշի խոսքի ակնհայտ խեղաթյուրումների, խիստ մակերեսային “վերլուծությունների” մասին է, ինչը “Ժամանակի” ընթերցողը սովոր չէ տեսնել իր նախընտրած թերթի էջերում։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
 “ժամանակ” Երեւան 21-23՞.11.09

Monday, November 16, 2009

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ “ժԱՄԱՆԱԿ” ԹԵՐԹԻՆ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 11-ի ելույթը բազմաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձավ: Մեղադրանքներ, հարցադրումներ են հնչում, թե մի կողմից նա “քննադատում է իշխանություններին, մյուս կողմից, պաշտպանում է Սերժ Սարգսյանին”, կամ՝ “Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջը Կոնգրեսի համար այլեւս երկրորդական է”, կամ՝ Տեր-Պետրոսյանը “գործարք է առաջարկել” իշխանություններին, կամ՝ ելույթի մեջ տեսնում են՝ “իշխանություններին հանդուրժելու բանաձեի սահմանում տալու փորձ”, կամ նշում են, թե՝ “ոչ ոք այդպես լավ չի արդարացրել Ս.Սարգսյանին, ինչպես Տեր-Պետրոսյանն այդ ելույթում”…

Նախ ասենք, որ ընկալումները մեծի մասամբ եղել են ճիշտ եւ ըստ էության։ տրվել են բարձր գնահատականներ։ Առաջին նախագահի ելույթները պետք է ուշադիր կարդալ։ Եւ ոչ մեկ անգամ։ Բայց դա էլ բավարար չէ։ Նաեւ չի կարելի նրա առանձին մտքեր կտրել ընդհանուր կոնտեքստից եւ միայն դրա մասին դատողություններ անել։ Ավելին՝ չի կարելի նրա որեւէ ելույթ կամ միտք դիտել կամ փորձել հասկանալ մյուս բոլոր ելույթների ու քաղաքական գործունեության ընդհանուր կոնտեքստից դուրս։ Եւ վերջապես՝, չսխալվելու համար, պետք է նաեւ բավարար չափով տեղեկացված լինել իրողություններից ու իրադարձություններից եւ հնարավորինս զերծ՝ զգացմունքայնությունից։ Հասկանում եմ, որ դժվար է այս ամենը մեկտեղել, բայց պետք չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներին “թիթեռնիկի ռեակցիա” տալ։
Ինչ վերաբերում է Ձեր թվարկած հարցադրումների ու մեկնաբանությունների հեղինակներին, ապա նրանց, ըստ դրդապատճառների, կարելի է բաժանել հետեւյալ խմբերի.
ա) Մի մեծ մասի հիմքը անկեղծ անհանգստությունն է՝ “հանկարծ այդպես չլինի”։ Եւ դա բխում է նրանց սրտացավությունից երկրի ճակատագրի հանդեպ։
բ) Մյուս մասը մարդիկ են, որոնք նրա ելույթն ի սկզբանե կարդում են դրանում “խոցելի” տեղեր գտնելու, առանձին մտքեր ու բառեր առանձնացնելով չարամտորեն խեղաթյուրելու, իրենց ձեռնտու ու իրենց համար ցանկալի ենթադրություններ անելու համար։ Դա էլ այն քաջ ծանոթ խեղճուկրակ միակ մեթոդն է, որից միշտ էլ օգտվել են իշխանական քարոզչամեքենան ու նրա խոսափողերը՝ հասարակության գոնե ինչ-որ մասին ապակողմնորոշելու համար։
գ) Լեւոն Տեր-Պետրասյանի խոսքը լրագրողական ու “վերլուծական” աշխատանքով զբաղվողների մի շերտի համար գայթակղության քար է՝ սեփական էրուդիցիան ցուցադրելու, ինքնահաստատվելու համար (“տեսեք՝ ում քննադատեցի”, “տեսեք՝ ում խոսքում հակասություն գտա”, “տեսեք՝ ոնց գլխի ընկա”)։ Սրանք կարծում են, թե նրա ելույթի առիթով որեւէ մեկանաբանություն չանելով “բացակա կստանան”, ու դուրս կմնան ինչ-որ մրցակցությունից։  
դ) եւ վերջապես չորրորդ խումբը՝ ողջ կյանքում գրասեղանին կպած, սպիտակ օձիքով կամ “բաբչկայով” պրոֆեսինալ “ճառ ասողներ” են, որոնք փողոց են իջնում միայն խանութ գնալու համար եւ իրենց գործը համարում են միմիայն “զանգ կախողներին” քննադատելն ու սովորեցնելը։
Որքան էլ տխուր, բայց այս ամենը, գուցեեւ, բնական է, սակայն ոչ մի կապ չունի Լեւոն Տեր-Պետրոսյանի ո՛չ ելույթի, ո՛չ գործի, ո՛չ քաղաքական մտադրությունների հետ։ Կան տարբեր տեքստեր. հեքիաթի, վեպի, բանաստեղծության... Կա նաեւ քաղաքական տեքստ՝ բավականին յուրահատուկ, որը կարդալու ու հասկանալու համար մի քիչ այլ ունակություններ ու պատրաստություն է պետք։ Կարող եմ միայն ասել, որ այս ելույթը նրա՝ քաղաքական առումով ամենաաշխատված եւ ամենաբազմաշերտ ելույթներից մեկն է։ Եւ ո՛չ “վերլուծական” լավաշների հեղինակ ինքնահռչակ “քաղաքական վերլուծաբան”, ո՛չ պատգամավոր կամ այլ պաշտոնյա, ո՛չ լրագրող ու թերթի խմբագիր լինելը իրենց հետ ինքնաբերաբար նման հմտությամբ չեն օժտում մարդուն։ Ուստիեւ նրանք, ովքեր վստահորեն շտապում են “հակասություններ” գտնել Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքում կամ քաղաքական վարքագծում, պետք է շատ զգույշ լինեն՝ հիշելով, որ շատերն այդ գայթակղությանը տրվելով, հետո ափսոսացել են դրա համար, եթե, իհարկե, նրանց նպատակը անտեղյակ մարդկանց, թեկուզեւ կարճ մի ժամանակով, մոլորեցնելը չի եղել։
Ամենեւին մտադիր չեմ մեկնաբանել Նախագահի ելույթը՝ հերքելու համար ինձ ուղղված հարցի մեջ չակերտված “հարցադրումներն” ու “մեղադրանքները”։ Շատ կարճ ժամանակում կերեւա դրանց սնանկությունը։ Ասեմ միայն երկու բան։ Առաջին՝ “գործարքի” մասին. գործարքի տեխնոլոգիան ենթադրում է, որ առաջարկը արվում եւ գործարքը կնքվում է գաղտնի, իսկ հրապարակայնորեն հռչակվում կամ ցույց է տրվում ճիշտ հակառակը՝ ապահովելու համար դրա կայացումը մինչեւ բացահայտվելը։ Դասական ու ամենաթարմ օրինակը Դաշնակցության գործարքն է Սերժ Սարգսյանի հետ, ինչը արդեն բացահայտված լինելով, որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը հրապարակային է, բաց՝ անհարիր գործարքի տեխնոլոգիային։
Երկրորդ՝ բոլոր կարգի անհանգստացողներին հանգստացնելու համար կարող եմ առաջարկել պարզ մի թեստ. եթե  արված վերագրումները գեթ փոքրիշատե համապատասխանեին իրականությանը, ապա, նույն օրվանից սկսած, իշխանական հեռուստաալիքները օրը մի քանի անգամ ամբողջությամբ կցուցադրեին այդ ելույթը։ Այապես որ՝ անհանգստանալու ոչ մի հիմք չկա։

Լ.Տեր-Պետրոսյանի կողմից Այնթապցու եւ Ս.Սարգսյանի միջեւ զուգահեռներ տանելու փաստը նույնպես տարբեր գնահատականների արժանացավ: Այնթապցին ու Ս. Սարգսյանն ի՞նչ նմանություններ ունեն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ի տարբերություն Ս. Սարգսյանի Այնթապցին գահակա­լեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնում՝ գոնե կանխելով Հայոց եկեղեցուն սպառ­նացող վտանգը: Ըստ Կոնգրեսի ներկայացուցիչների պնդումների՝ Ս.Սարգսյանը իշխանավարման ողջ ընթացքում գործել է բազմաթիվ սխալներ, զիջումների է գնացել՝ ապացուցելով, որ իր համար ցանկալի լեգիտիմությունը սեփական ժողովրդից չի էլ ակնկալում: Պարոն Սարգսյան, ո՞րն էր այնուամենայնիվ, Կոնգրեսի առաջնորդի հիմնական ուղերձը գործող իշխանություններին եւ հասարակությանը:

Անարդար բան եղավ. Հայոց երեւի ամենադժգույն, ամենաանարժան ու մոռացված կաթողիկոսներից մեկի անունը, այս ելույթով դարձավ ամենաճանաչվածը մեր 133 կաթողիկոսների շարքում։ Սա, իհարկե, կատակով։
Այս երկու տարվա մեջ առաջին անգամը չէ, որ Հանրապետության Հիմնադիր-նախագահը, մանրակրկիտ ու համոզիչ ներկայացնելով հնարավոր կորուստների վտանգը, նաեւ, ըստ իրավիճակի, ուղիներ է մատնանշում դրանից խուսափելու համար։
2007-ի հոկտեմբերի 26-ին նա Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին առաջարկեց ինքնակամ հեռանալ քաղաքական ասպարեզից՝ հավաստելով, որ այդ դեպքում նրանց “անունները ըստ արժանվույն կարձանագրվեն Հայ ժողովրդի պատմության մեջ”։
2008-ի հուլիսի 4-ի եւ հոկտեմբերի 17-ի հանրահավաքում նա հորդորում էր Ս. Սարգսյանին՝ սեփական լեգիտիմությունը չփնտրել Արեւմուտքում՝ վաճառքի հանելով Հայաստանի պետական շահը, այլ փորձել այն գտնել երկրի ներսում՝ կատարելով քայլեր (եւ թվարկում է, թե ինչ քայլեր), որոնք իրեն կօժտեն ներքին լեգիտիմությամբ ու կվերացնեն նրա (փաստորեն՝ Հայաստանի) խոցելիությունը արտաքին հարաբերություններում։
Նույն հանրահավաքում նա հայտարարեց հանրահավաքների տեւական ընդմիջման մասին՝ այն մտավախությամբ, որ դրանք կարող են թուլացնել Հայաստանի դիրքերը Լեռնային Ղարաբաղի խնդրով ինտենսիվացած գործընթացներում։
Այս տարվա սեպտեմբերի 18-ին նա կոչ արեց հասարակության բոլոր շերտերին համախմբվել եւ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ խոստանալով այդ դեպքում արտահերթ նախագահական ընտրություններում չառաջադրել իր թեկնածությունը (եթե ոմանց դա կարող էր անհանգստացնել)։
Եթե բերվածը դիտենք որպես պարզ տեքստ, կթվա, թե դրանց մեջ տրամագծային հակասություններ կան։ Բայց այս ամենն ունեն ընդհանուր հայտարար հանդիսացող հստակ քաղաքական շարժառիթ. վերացնել Հայաստանի արտաքին խոցելիությունը ու դրա պատճառով չկորցնել Լեռնային Ղարաբաղը, ստիպված չլինել ուրանալ Ցեղասպանությունը։ 2007-ի աշնանից սկսած, դրանցից յուրաքանչյուրը քաղաքական տվյալ պահի համար տրված բանալի է՝ անդառնալի կորուստներից խուսափելու համար։ Այս դեպքում, ահա, վերանում է թվացյալ ամեն մի հակասություն, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Այս համատեքստում էլ նրա վերջին ելույթում բերված՝ կաթողիկոսի օրինակը քաղաքական նույն գծի շարունակությունն է, հարազատ՝ ՀՀ Հիմնադիր-նախագահի, պետական գործչի քաղաքական էությանն ու անթեք վարքագծին։ Եւ ոչ թե 2, այլ անգամ 20 տարվա կտրվածքով։
Բերված օրինակն ընդամենը մեկ բան է ասում. գիտակցաբար, թե ակամա եթե անգամ եկել հասել ես դավաճանության եզրագծին, մի մտածիր, թե ետդարձի ճանապարհ չկա, եւ միակ ելքը սխալը մինչեւ վերջ տանելն է։ Նժարին շատ մեծ ազգային արժեք է դրված, որի տերը ժողովուրդն է։ Եւ այդ արժեքի տեր ժողովուրդը, նույն այդ արժեքը պահպանելու հնարավոր բոլոր միջոցներն սպառելուց հետո, իր իմաստությամբ կարող է անել վերջին մի քայլ. “Ուզածդ իշխանություն է, դրա լեգիտիմության ճանաչումը, ետ դարձիր, դա էլ քեզ կտանք, միայն թե մի ծախիր մեր ունեցածն օտարին”։ Տխո՞ւր է ու ճնշո՞ղ։ Անշուշտ։ Ճիշտ կլիներ ժամանակին եւ այլ մեթոդներով կանխել իրերի նման ընթացքը եւ չհասնել նման վերջաբանի։ Եւ դա տեղի կունենար, եթե երկու տարի առաջ ավելի մեծ լիներ ժողովրդի համախմբվածության աստիճանը, եթե ստվար մի զանգված իր ձայնը 5000 դրամով, “ընդդիմադիր” քաղաքական ուժեր իրենց “բրենդը” 30 արծաթով չծախեին։ Եթե անգամ վերջում, երբ ամեն ինչ հստակ էր, անսային Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ սեպտեմբերի 18-ի կոչին եւ համաժողովրդական ընդվզմամբ հասնեինք Ս. Սարգսյանի հրաժարականին։ Բայց, եթե արդեն իսկ, ում մեղքով էլ լինի, բանը եկել հասել է այստեղ, ապա նման քայլը ոչ թե ժողովրդի մեղկության ու խեղճության, այլ, զգացմունքների զսպման, քաղաքական հազվագյուտ լայնախոհության ու արժանապատվության դրսեւորման փաստ է։ Սա թույլի գործա՞րք է սեփական խղճի հետ։ Եթե գործարք է, ապա ճիշտ այնպիսի, ինչպես երկու կանանց հայտնի վեճը լուծելիս երեխային կիսելու մասին Սողոմոնի հայտնի վճռի դեպքում, երբ իրական մայրը “գործարքի գնաց”՝ հրաժարվեց երեխայից նրա կյանքը փրկելու համար։ Եթե որեւէ մեկը դրա համար դատապարտում է այդ կնոջը, դա այլ հարց է։ Հիշյալ կաթողիկոսի հետ կապված պատմական փաստի վկայակոչմամբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ դեռ տեսականորեն պահպանվում է Ղարաբաղը փրկելու եւ Ցեղասպանության ուրացումից խուսափելու վերջին մի միջոց։ Այլ հարցէ, թե որքանո՞վ է այն գործնականում իրագործելի։

Պարոն Սարգսյան, ի՞նչ եք կարծում, ԼՂ հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները որքանո՞վ են անշրջելի, Ս. Սարգսյանը կարո՞ղ է հետ կանգնել այլեւս իր “նախաձեռնողականության” շրջանակներից դուրս գտնվող պրոցեսներից: Եթե նա չի կարող հետ կանգնել այդ երկու գործընթացներից, եթե միջազգային հանրությունը չի հանդուրժելու Արձանագրությունների վավերցման վիժեցումը եւ ԼՂ-ի խնդրի շուրջ նոր ստատուս - քվոյի սահմանումը, եւ դրանք անշրջելի գործընթացներ են, ապա ի՞նչ կարող է փոխվել դրական իմաստով այս երկու գործընթացներում, եթե Ս. Սարգսյանը ցանկալի լեգիտիմությունը խնդրի սեփական ժողովրդից:

Չպետք է պատկերացնել, թե խնդրո առարկա հարցերը լուծվում են միայն ուժերի հարաբերակցության դիրքերից։ Այդ դեպքում միջազգային հանրություն-Հայաստան ուժերի հարաբերակցությունը գուցե ավելին է քան հազարը մեկին, եւ ամենեւին կարիք չէր լինի համբերատար ու հետեւողականորեն աճեցնել հենց այդպիսի՝ ոչ լեգիտիմ, խոցելի նախագահ՝ հարցերն իրենց ուզած ձեւով լուծելու համար։ Անշուշտ, եթե նախորդ նախագահական ընտրությունները անցնեին նորմալ եւ Հայաստանն ունենար լեգիտիմ եւ ուժեղ նախագահ, վերջինս կարիք չէր ունենա Ցեղասպանության ուրացման քայլ կատարելու, իսկ Լեռնային Ղարաբաղի խնդրում, հաստատ, կարող էր ձեռք բերել հնարավոր առավելագույնը։ Ի՞նչ է հնարավոր փրկել հիմա՞, եթե հրաշքով նման բան տեղի ունենա։ Դժվար է թվաբանական ճշգրտությամբ ասել, բայց, որ, եթե ոչ ամբողջը, ապա շատ բան կարելի է փրկել, կասկածից վեր է։ Ափսոս, որ խոսքը, ըստ էության, հրաշքի մասին է։
(Հարցազրույցը է.ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ)

Saturday, November 7, 2009

ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

3.
ՀՀՇ համագումարի նկատմամբ վերաբերմունքը եւ արձագանքները հանրապետությունում

Չնայած գործադրած բոլոր ջանքերին, ՀՀՇ հիմնադիր համագումարը հնարավոր չեղավ վիժեցնել, եւ վերջինս կարողացավ իր հիմնական փաստաթղթերում վավերացնել հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումներին հակադրվող գաղափարական սկզբունքները, դրանց վրա հենվող ծրագրերը, մասնավորապես՝ անկախ պետականության ստեղծման համար պայքարի ուղենիշը։ Հանրապետության լրատվամիջոցները հնարավորինս շրջանցեցին համագումարի թեման՝ բավարարվելով չեզոք ու համառոտ մի տեղեկատվությամբ։ Պաշտոնական քարոզչությունը եւ մամուլը, ինչպես միշտ, ձեռնպահ մնաց արձագանքներից, հրապարակային քննադատությունից՝ խույս տալով գաղափարական պայքարից։ ՀՀՇ-ի հաղթարշավին հակադրվելու ու տպավորությունը ցրելու համար փորձ չարվեց նաեւ դիմել այնպիսի մի խոշորամասշտաբ միջոցառման, ինչպես երկու ամիս առաջ “Հայ մտավորականության համաժողովն” էր։ Սակայն անհամեմատ համեստ մի միջոցառում, այնուամենայնիվ, կազմակերպվեց նոյեմբերի 17-ին՝ Երեւանի պետական համալսարանի դասախոսական կազմի եւ վարչատնտեսական մասի մի ժողովի տեսքով։ Ժողովի օրակարգի 6 հարցերից մեկը հենց այդպես էլ կոչվում էր՝ “ՀՀՇ-ի համագումարը”։ Ժողովի համար նախապատրաստված որոշման ընդարձակ նախագիծի հիմնական դրույթներն այլ բան չէին, քան այն ծանոթ արգումենտացիան, ինչը, բացահայտ կամ քողարկված, պարբերաբար ներկայացվում էր որպես Շարժման դեմ մեղադրանքների հիմք ու գաղափարական այլընտրանք։ Որոշման այդ նախագծում տարանջատվում եւ միմյանց են հակադրվում ՀՀՇ ծրագիրը եւ “Հայ մտավորականության առաջին համաժողովի “Հռչակագրի” դրույթները։ Երկրորդը համարելով “միանգամայն ճիշտ”, դրա հիման վրա էլ անհրաժեշտ էր համարում “համազգային ծրագրի” մշակում, իսկ նման ծրագիր մշակելու համար էլ առաջ է քաշվում “համահայկական համաշխարհային կոնգրես” հրավիրելու գաղափարը։ Առաջարկվում էր հանրապետության կառավարությանը կից ստեղծել “ամենալայն լիազորություններով օժտված ազգային փրկության կոմիտե”, Լեռնային ղարաբաղի հարցը հետապնդել ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի, այլեւ “Հայ դատի” ու պահանջատիրության հիմքի վրա, իսկ Հայաստանի հեռանկարի մասին խոսելիս, իհարկե, չի օգտագործվում “անկախություն” բառը։ Փաստաթղթում անհամաձայնություն է հայտնվում ՀՀՇ Ծրագրի՝ Ղարաբաղի խնդիրը “Հայկական հարցի” ընդհանուր կոնտեքստից կտրելով միայն ազգի ինքնորոշման իրավունքին հանգեցնելու”, “Թուրքիայից ակնկալություններ ունենալու”, “հայ ազգի քայլերն իր ուժին եւ հզորությանը համապատասխանեցնելու” ծրագրային դրույթներին։ “Ղարաբաղ” կոմիտեն ու ՀՀՇ-ն մեղադրվում են այն բանի համար, որ՝ “Կոմիտեի եւ հայ մտավորականության համագործակցությունն առայժմ անբավարար է”, ապա համարում էին, որ “ՀՀՇ հիմնադիր համագումարի անցկացման եղանակը եւ ղեկավար մարմինների ընտրությունը հեռու էին դեմոկրատական լինելուց”, որ՝ “համագումարը փաստորեն չստեղծեց համազգային շարժում, այլ ձեւակերպեց մի կազմակերպություն, որը չհիմնավորված կերպով կրում է ՀՀՇ անունը” եւ այլն։ Համագումարի քաղաքական նշանակությունը ստվերելու կոչված այս նախաձեռնությունը, սակայն, որեւէ արձագանք չգտավ։

Սփյուռքի վերաբերմունքը ՀՀՇ համագումարին

Ի տարբերություն Հայաստանի կոմունիստական մամուլի չեզոք եւ համառոտ հաղորդագրության, սփյուռքահայ մամուլը եւ քաղաքական համարվող շրջանակները լայնորեն անդրադարձան ՀՀՇ հիմնադիր համագումարին։ Արձագանքների եւ տրված գնահատականների մասին ընդհանուր պատկերացում են տալիս դրանց ուշադիր հետեւող ՊԱԿ-ի զեկուցագրերը, որոնց հիման վրա էլ ստորեւ ներկայացնենք այդ պատկերը (փակագծերում հղվում են համապատասխան արխիվային փաստաթղթերը)։ Ըստ այդ փաստաթղթերի՝ համագումարը մեծ արձագանք է ունեցել եւ տեւական ժամանակ աշխույժ քննարկման նյութ է հանդիսացել։ Գնահատականները եղել են ոչ միանշանակ, իսկ արձագանքող սուբյեկտները բաժանվում են երեք խմբի. ա) “ծայրահեղական թեւի ներկայացուցիչներ”, բ) “առաջադիմական թեւ”, գ) Դաշնակցություն։
Թե ինչ ուժեր կամ կազմակերպություններ են մտնում “ծայրահեղական” կոչվող թեւի մեջ, զեկուցագրերում չի մասնավորեցվում։ Այլ առիթներով զեկուցագրերում այս շրջանակները կոչվում են “չեզոք”՝ նկատի ունենալով Սփյուռքում կուսակցական անմիջական վերահսկողությունից դուրս գտնվող կազմակերպություններ եւ անհատներ։ Իսկ վերջիններիս “ծայրահեղականության” դրսեւորումը կայացել է նրանում, որ դրական են արձագանքել ՀՀՇ համագումարի մասին։ Օրինակ ԱՄՆ-ում այդ թեւի կարծիքն այսպիսին էր. “ՀՀՇ համագումարը հայ ազգային-ազատագրական շարժման զարգացման պատմության մեջ դարձավ կարեւոր փուլ, Հայոց պետականության իրական վերածնման սկիզբ” (ՀՔԿՊԿԱ,1. 87.34, թ. 78)։ Դա նշանակում է, որ Սփյուռքում քիչ չէին նույն գաղափարներն ամբողջությամբ կիսող մարդիկ ու կազմակերպություններ, որոնք եւ շատ բարձր քաղաքական գնահատական էին տվել ՀՀՇ համագումարին:

“Առաջադիմական” թեւի (ռամկավարներ, հնչակներ, կոմունիստներ) դիրքորոշումը բացասակն է եղել։ Հետաքրքիր է, որ վերջիններիս միավորող ընդհանուր անհանգստությունը առաջին հերթին բխել է ոչ թե այստեղ քննարկված հարցերի եւ ընդունած որոշումների էությունից, այլ այն հանգամնքից, որ “ՀՀՇ համագումարի պատվիրակները բացահայտ համակրանք դրսեւորեցին դաշնակցության նկատմամբ” (ՀՔԿՊԿԱ,1. 87.34, թ. 78)։ Սիրիայում, օրինակ, “առաջադիմականները” դժգոհություն են հայտնում, որ “Ղարաբաղ” կոմիտեն եւ մի քանի այլ ոչ պաշտոնական կազմակերպություններ գիտակցաբար բարձրացնում են դաշնակների դերն ու հեղինակությունը։ Նրանց հատկապես անհանգստացրել է Հայկական ԽՍՀ-ի տարածքում այս կուսակցության լեգալ կառույցների ստեղծման հնարավորությունը։ Այդ բանը թույլ չտալու համար ահա “առաջադիմական” կազմակերպությունները միավորվում են՝ միասնական ճակատով թույլ չտալու, որ Դաշնակցությունը կուսակցական աշխատանք սկսի Հայաստանի տարածքում։ Նրանք նաեւ “դատապարտում են Հայաստանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու ամեն մի կոչ (այստեղ արդեն նկատի ունի ՀՀՇ-ի Ծրագիրը - Ա.Ս), համարում, որ հայ ժողովրդի ծաղկումը հնարավոր է միայն ԽՍՀ Միության մեջ” (ՀՔԿՊԿԱ, 1. 87.34, թ. 70)։ Մի այլ փաստաթղթից տեղեկանում ենք, որ, օրինակ, ԱՄՆ-ի հայկական համայնքի “առաջադիմական թեւի” ներկայացուցիչներին եւս խիստ անհանգստացրել է ՀՀՇ համագումարի պատվիրակների բացահայտ համակրանքը ՀՅԴ-ի հանդեպ։ Իսկ այն հանգամանքը, որ դաշնակցության ներկայացուցիչները այստեղ ելույթ չունեցան, նրանք մեկնաբանել են ոչ այլ կերպ, քան՝ որպես նրանց կողմից ՀՀՇ-ի հետ “անդրկուլիսյան զրույցների վրա շեշտը դնելու տակտիկական քայլ, որի ընթացքում կարեւոր կապեր են հաստատել “հանրապետության ապագա ղեկավարների հետ”։ “Առաջադիմականների” երկրորդ անհանգստությունն արդեն վերաբերում է անկախության ձգտման գաղափարներին ու ծրագրերին։ Բոլոր դեպքերում, Սփյուռքի այլ կազմակերպությունների թվում նաեւ ռամկավարները եւ հնչակները ընդունել էին համագումարին մասնակցելու հրավերը համագումարի ընթացքում ողջույնի խոսքեր ասացին։

“Առաջադիմականների” գեթ երկու մտահոգություններն անհիմն էին. նախ՝ դաշնակցությունը բացահայտ դեմ էր անկախական որեւէ կոչի ու ծրագրի, եւ, նա, ի տարբերություն ուրիշների, իր այս դիրքորոշման մեջ հետեւողական գտնվեց նաեւ հետագայում։ Երկրորդ՝ ճիշտ է, ՀՀՇ-ն բարյացակամ էր տրամադրված եւ որեւէ խնդիր չուներ դաշնացության հետ (համագումարը հոտնկայս ծափահարեց, երբ տրվեց այդ կուսակցության անունը), բայց դրա փոխարեն վերջինս ինքը լուրջ խնդիր ուներ ՀՀՇ-ի հետ. հրավիրվածների մեջ Դաշնակցությունը միակն էր, որ չէր ընդունել հրավերը։ Ավելին՝ Բյուրոն նախապես գաղտնի մի շրջաբերական էր ուղարկել իր բոլոր կառույցներին, որով արգելում էր որեւէ կարգավիճակով իր անդամներից որեւէ մեկի մասնակցությունը ՀՀՇ հիմնադիր համագումարին եւ որեւէ համագործակցություն նրա հետ։ ՊԱԿ-ի զեկուցագրերում հիմնականում արտահայտված է այն բացասական վերաբերմունքն ու դիրքորոշումը ՀՀՇ-ի, նրա հիմնադիր համագումարի եւ ծրագրերի նկատմամբ, ինչ ՀՅԴ-ն արտացոլում էր նաեւ իր պաշտոնական մամուլում։   
 Դաշնակցության գնահատականները, բնականաբար, պետք է բխեին իր արդեն հայտնի դիրքորոշումներից՝ Ղարաբաղի խնդրի, անկախության, ԽՍՀՄ-ի եւ խորհրդային իշխանության, սեփական բացառիկության եւ մենաշնորհների մասին պատկերացումներից։ Այսպես՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված ՀՀՇ-ի ջանքերի ու ծրագրերի հետ կապված՝ Դաշնակցության դիրքորոշումը տրամագծորեն հակառակն էր. “Իրենք դաշնակները... հիասթափված են համագումարի արդյունքներից. ամերիկյան դաշնակների մեծ մասը գտնում է, որ ներկայումս “չի կարելի կենտրոնանալ միայն Լեռնային Ղարաբաղի առիթով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության վրա”։ Նրանց կարծիքով ջանքերը հիմնականում պետք է կենտրոնացնել հանրապետության՝ երկրաշարժից ավերված տնտեսության վերականգնմանը, Սփյուռքի ռեսուրսներն օգտագործել դրա վրա եւ ուղիներ փնտրել արեւմտյան կապիտալի ներգրավման համար։ Իսկ այդ նպատակով անհրաժեշտ է “ժամանակավորապես սառեցնել ղարաբաղյան խնդիրը”՝ թողնելով միայն մեկ պահանջ՝ մարզի ենթարկումը անմիջապես միութենական իշխանություններին”։ Եւ միայն 3-5 տարվա ընթացքում ճգնաժամից դուրս գալուց հետո “կարելի է վերադառնալ “հայկական հողերի խնդրին”, բայց արդեն ավելի լայն ընդգրկումով” (ՀՔԿՊԿԱ, 1.87.34, թ. 78-89) ։ ՀՀՇ հիմնադիր համագումարը նույնպիսի արձագանքի էր արժանացել նաեւ Իրանի դաշնակցականների կողմից։
ՀՀՇ հիմնադիր համագումարին, ինչպես եւ սպասելի էր, դաշնակցության պաշտոնական արձագանքը խիստ օպերատիվ էր եւ, իհարկե, խիստ բացասական։ Այդ արձագանքը հնչեց ընդամենը հինգ օր անց, հենց այդ առիթով հրավիրված “ՀՅԴ մամլո ներկայացուցիչների խորհրդաժողովի” ընդարձակ մի “Հայտարարագրի” եւ մի շարք հոդվածների տեսքով։
Այսինքն՝ որպեսզի հնարավոր գտներ իր մասնակցությունը ՀՀՇ համագումարին, ՀՅԴ-ն երկու պայման ուներ։ Առաջին՝ գաղափարական առումով ՀՀՇ Ծրագրում ամբողջությամբ կրկնված տեսներ իր ծրագիրն ու պատկերացումները։ Երկրորդ՝ նա լուրջ առարկություններ ուներ կազմակերպական իմաստով։  Իր գաղափարախոսներից մեկի բերանով այդ առարկությունը հնչում է հետեւյալ կերպ. “Համագումարի համար ոչ մեկ տարբերություն չկար հնչակեանի, ռամկավարի, դաշնակցականի եւ այլ կազմակերպությունների միջեւ։ Նրանք բոլորը Սփյուռքի հավասար կազմակերպություններ էին... “Ղարաբաղ” կոմիտեն... չուզեց, կամ չհասկացավ դաշնակցության դերը այդ շարժման մեջ”(“Դրօշակ, 06.12.89, էջ 12”,։ Այսինքն՝ դաշնակցությունը վիրավորված էր առանձնաշնորհի չարժանանալու համար, եւ չէր կարող իրեն թույլ տալ նույն դահլիճում հավասար կարգավիճակով նստել ռամկավարների եւ հնչակյանների հետ։
Դաշնակցական մամուլի վերլուծություններում ամենից հաճախ կրկնվող միտքն այն էր, թե Հայաստանում եւ Սփյուռքում ժողովրդի լայն շրջանակները խոր “հուսախաբություն” ապրեցն։ Թե Սփյուռքում գործնական ինչ հետեւանքներ ունեցավ այդ “հուսախաբությունը”, մեզ հայտնի չէ, իսկ Հայաստանում դրա արդյունքը մի քանի ամիս հետո եղավ համաժողովրդական լայն պաշտպանությամբ ՀՀՇ-ի անկասելի ու համոզիչ հաղթանակը Գերագույն խորհրդի ընտրություններում։

Աշոտ Սարգսյան
“Հայք” 7. 11.2009

Friday, November 6, 2009

ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

2.
Համագումարի պատվիրակները
Հայոց Համազգային Շարժման 1988 թ. օգոստոսին հրապարակված ծրագրային փաստաթղթի “կազմակերպական ձեւերը” բաժնում նախատեսված էր, որ կազմակերպության կարելի էր անդամակցել միայն որպես կոլեկտիվ անդամ՝ ըստ հիմնարկների, ձեռնարկությունների, բնակավայրերի։ Կոլեկտիվ անդամ դառնալու հայտ կարող էին ներկայացնել նաեւ հասարակական եւ ոչ պաշտոնական կազմակերպությունները։ Որեւ մեկի հայտը մերժելու հիմք կամ մեխանիզմ չէր նախատեսված։ Բնական է, որ Շարժման եւ նրա հիմնական քաղաքական նպատակների դեմ պայքարող ուժերը պետք է ամեն կերպ աշխատեին օգտագործել այս հիանալի հնարավորությունը։ Ընդ որում՝ նրանք կարող էին հանդես գալ եւ՛ “ավելի հայրենասիրական”, եւ՛ “ավելի ազգային”, ե՛ւ ավելի արմատական կարգախոսներով ու կոչերով, կարող էին լինել միաժամանակ ե՛ւ ՀՀՇ-ի ե՛ւ կոմկուսի ե՛ւ ցանկացած այլ կազմակերպության անդամ եւ այլն։ Ըստ այդմ՝ կարող էր հավաքվել պատվիրակների այնպիսի կազմ, որը մեծամասնությամբ մերժեր հիմնական փաստաթղթերի ընդունումը։ Արդեն իսկ շրջանային կոնֆերանսներում պատվիրակների ընտրության ժամանակ այդ վտանգն ակնհայտ էր։ Շարժման իրական ավանդ ունեցող մասնակիցների զգալի մի մասը զրկվեց համագումարի մանդատից։ Պատվիրակների ձեւավորված կազմը հուշում էր, որ համագումարում կարող են նաեւ տհաճ անակնկալներ լինել։ Օրինակ՝ կարող էր ձախողվել Ծրագրի եւ Կանոնադրության ընդունումը, կամ՝ ղեկավար մարմնում մածամասնություն կարող էին կազմել նրանք, ովքեր իրականում դեմ էին Շարժման հռչակած հիմնական սկզբունքներին եւ նպատակներին։
Եւս մի հանգամնք. առաջին անգամն էր, որ Շարժումն իր կարեւոր միջոցառումն անց էր կացնում “չորս պատերի մեջ”, որտեղ, բնականաբար, տեղը սահմանափակ պետք է լիներ։ Լուրջ խնդիր առաջացավ հրավիրվածների հարցում. 1400 պատվիրակներից բացի դահլիճում հրավիրվածների համար ֆիզիկապես հնարավոր 300 տեղի պայմաններում ներկայացված էր հրավիրատոմս ստանալու մոտ 10.000 հայտ։  Եւ առաջին անգամ բոլոր արժանիները, առավել եւս ցանկացողները, չէին կարողանալու մասնակցել երկար սպասված կարեւոր այդ միջոցառմանը։

Համագումարի ընթացքը եւ ընդունած բանաձեւերը
Հայոց համազգային շարժման առաջին համագումարը, աշխատանքներն սկսեց նոյեմբերի 4-ին Ստ. Շահումյանի անունով կոչվող  պալատում (այժմ Ամերիկյան համալսարանի շենք)։ Նույն օրը հրատարակվեց եւ բաժանվեց Շարժման “Հայք” թերթի առաջին համարը՝ պարունակելով նաեւ կազմակերպության Ծրագրի եւ կանոնադրության վերամշակված նախագիծը, որը պետք է քննարկվեր ու հաստատվեր համագումարում։
Համագումարին մասնակցելու պաշտոնական հրավեր էին ստացել խորհրդային  հանրապետությունների, Մոսկվայի եւ Լենինգրադի ժողովրդական ճակատները, ժողովրդավար հայտնի գործիչներ, ներքին եւ արտաքին Սփյուռքի մշակութային եւ բարեգործական կազմակերպություններ, հայ համայնքներ, կուսակցությունները  եւ այլն։ Հետաքրքրությունը, ինչպես եւ սպասվում էր, չափազանց մեծ էր Խորհրդային Միության մեջ փաստորեն առաջին, ամենահուժկու, ամենազանգվածային, ամենակազմակերպված, ամենահեղինակավոր ժողովրդավարական շարժման առաջին համագումարի նկատմամբ, եւ շատերն էին եկել դրան մասնակցելու։ Համագումարին հրավիրված էր նաեւ հանրապետության ղեկավարությունը։ Համագումարը ողջունեցին Լատվիայի, Հունգարիայի, Ֆրանսիայի, Լենինգրադի ներկայացուցիչները։
Համագումարը երեք հարց ուներ լուծելու. Ծրագրի եւ Կանոնադրության ընդունում, ղեկավար մարմնի ընտրություն, բանաձեւերի ընդունում։ Հիմնական ելույթը Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լեւոն Տեր-Պետրոսյանին էր։ Այն վերլուծում էր հայկական ժողովրդավարական շարժման անցած ուղին, ԽՍՀՄ ժողովրդավարական շարժումների եւ գործընթացների ետնախորքում գնահատում նրա տեղը եւ ամփոփում ձեռք բերված արդյունքները։
Շարժման առաջին համաժողովին խնդիրների շատ լայն շրջանակ էր հետաքրքրում, ուստիեւ՝ լիագումար նիստից հետո այն իր աշխատանքները շարունակեց 12 հանձնախմբերում։ Հանձնաժողովների աշխատանքների արդյունքում ստեղծվեցին համապատասխան բանաձեւեր, որոնք եւ ընդունվեցին համագումարում։

ՀՀՇ քաղաքական Ծրագիրը
 Հիմնական հարցն, իհարկե, Ծրագրի եւ Կանոնադրության քննարկման եւ ընդունման խնդիրն էր։ Ծրագիրը 1988-ի օգոստոսի 19-ի համամատությամբ փոփոխությունների էր ենթարկվել, բայց ոչ ըստ էության, այլ՝ ելնելով ավելի քան մեկ տարի հետո ստեղծված նոր իրավիճակից ու դրա ընձեռած հնարավորություններից։ “Մոտակա խնդիրները” բաժնում առաջին տեղում շարունակում էր մնալ Լեռնային Ղարաբաղի հարցը իր ածանցյալներով։ Ծրագրի առանցքային գաղափարը Անկախության խնդիրն էր, ինչը այժմ արդեն ոչ միայն բացահայտ էր եւ առավելագույնս մանրամասնած, այլեւ ներկայանում էր որպես մնացած բոլոր խնդիրների լուծման պայման ու հիմք։
Հիմնական՝ անկախության խնդրի մատուցման նախապատրաստությունն արված էր մուտքում, հետեւյալ ելակետային դրույթով. “Երբ ազգն իր խնդիրները լուծելիս ապավինում է արտաքին ուժի, ապա, ինչպես ցույց է տալիս մեր պատմական փորձը, դա ոչ միայն հաջողություն չի բերում, այլեւ ամեն մի անհաջողություն ու հարված թուլացնում է ազգի վճռականությունը, խարխլում հավատը արդարության նկատմամբ, հանգեցնում ճակատագրով դատապարտված լինելու գաղափարին եւ ի վերջո կազմալուծում ազգը.... Արդարությունը չեն մուրում, արդարությունը նվաճում են”։ Եւ սրան անմիջապես հաջորդում է. “Շարժման ընթացքում մեր ժողովուրդն սկսեց գիտակցել, որ ազգային շատ խնդիրների լուծումը հնարավոր է միայն անկախ պետականության պայմաններում։ Հայ ազգն այժմ աստիճանաբար ազատվում է տասնամյակների ընթացքում իրեն պարտադրված ստրկամտությունից”։ Այսպիսով՝ ժողովրդավարական խնդիրների վրա խարսխված անկախության հարցը, դրվելով որպես հիմնական նպատակ, ներկայանում էր նաեւ որպես միջոց, բանալի՝ բոլոր խնդիրների, այդ թվում նաեւ Ղարաբաղի խնդրի, լուծման համար։
Այնուհետեւ անկախության գաղափարը մտցված է “գաղափարական սկզբունքները” բաժնում. “Հայ ժողովուրդը լավագույն ձեւով կարող է դրսեւորել իր ընդունակությունները եւ կարողությունները, լուծել ազգի առջեւ ծառացած խնդիրները եւ նպաստել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը՝ վերականգնելով իր ազգային անկախ պետականությունը։ Ունենալով իր անկախ պետականությունը, ապրելով առանց արտաքին ճնշման...”։
Հռչակումից եւ համապատասխան գաղափարական սկզբունքի ներկայացումից հետո, որպես երրորդ քայլ, “մոտակա նպատակները” բաժնում արդեն ներկայացվում է այն խնդիրների մանրամասն ցանկը, որոնք ընկած են դեպի անկախություն տանող ճանապարհին.
ա) Հայաստանում  պետական իշխանության եւ կառավարության մարմինների կառուցվածքի ընտրության եւ գործունեության ինքնուրույնություն.
բ) ԽՍՀՄ կազմում մնալու եւ նրանից դուրս գալու ՀԽՍՀ-ի լիակատար իրավունքի ճանաչում՝ դրա գործնական կիրառման եղանակի նշումով.
գ) հայ ազգային զորամիավորումների վերականգնում.
դ) տնտեսական քաղաքականության լիակատար ինքնուրույնության, ներառյալ արտաքին առեւտուրը.
ե) այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման իրավունք.
զ) միջազգային կազմակերպություններին անդամակցելու իրավունք.
է) ԽՍՀՄ ֆեդերալ իշխանությունները չպետք է միջամտեն հանրապետության ներքին գործերին։ Հանրապետության տարածքում կարող են գործել միայն միութենական այն օրենքներն ու որոշումները, որոնք վավերացնում է հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը։
Դժվար չէ նկատել, որ այս խնդիրների լուծումը համարժեք կլիներ փաստական անկախության, որից հետո, ունենալով ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու իրավունքի՝ պայմանագրով վավերացված “գործնական կիրառման եղանակը”, կամ համապատասխան միութենական օրենքը, ցանկացած ժամանակ անկախությունը կարելի էր արձանագրել նաեւ իրավականորեն։ Այսինքն՝ ՀՀՇ Ծրագիրը դնում էր խնդիրներ եւ ուղենշում ճանապարհ, որոնց միջոցով Հայաստանը պատրաստ էր լինում թե՛ ԽՍՀՄ-ը առժամանակ գոյատեւման, թե՛ նրա անակնկալ փլուզման դեպքերում հնարավորինս նախապատրաստված, հնարավոր նվազագույն կորուստներով եւ նվազագույն ռիսկների դիմելով լուծել անկախ պետականության հաստատման հարցը։ Սրանով ՀՀՇ-ի անկախության ծրագիրն այնքան տարածված քաղաքական պոպուլիզմը մերժելու, հնարավոր բոլոր իրավիճակներին նախապատրաստված լինելու քաղաքական իրատեսության եւ պատասխանատվության, ժողովրդին արկածախնդրությունից ու վտանգներից հեռու պահելու մտահոգության, մարդակենտրոն արժեքային համակարգ դավանելու խոսուն ապացույց է:
Ծրագրում հստակ ուրվագծվում էր նաեւ ապագա անկախ պետության քաղաքական եւ տնտեսական հիմքը։ Դա արտահայտված էր “գաղափարական սկզբունքները” բաժնում։ Ժողովրդավարական հիմնական նորմերի թվարկումը՝ իշխանությունների ձեւավորումը ազատ ժողովրդավարական ընտրությունների միջոցով, խոսքի, մամուլի, խղճի ազատությունը, բազմակուսակցական համակարգը, ազատ արհմիությունների գործունեության հնարավորությունը եւ այլն մատնանշում էին, որ ստեղծվելիք պետությունը պետք է լիներ միջազգային չափանիշներով ժողովրդավարության սկզբունքների հիմքի վրա։ Ինչ վերաբերում է նրա տնտեսական համակարգին, ապա՝ այնպիսի հասկացությունների օգտագործումն, ինչպես՝ “սեփականության ձեւերի բազմազանությունը”, “ազատ ձեռներեցությունը”, “հողը ժառանգական օգտագործման իրավունքով գյուղացուն տալը” վկայում էին, որ ապագա պետության տնտեսակարգը լինելու է շուկայական հարաբերությունների վրա հիմնված ազատական տնտեսություն եւ մերժվելու է խորհրդային սոցիալիստականը։ Դրանք ըստ էության “մոտակա նպատակների” իրականացումից՝ անկախության ձեռքբերումից հետո  եկող խնդիրներ էին, ուստի Ծրագրում առայժմ ավելի շատ ներկայացնում էին որպես ուրվագիծ։
Հանված էր այն դրույթը, ըստ որի կազմակերպության անդամ կարող են լինել Հայաստանից դուրս ապրող, ՀԽՍՀ քաղաքացի չհանդիսացող հայերը, թեեւ դրա փոխարեն դեռեւս չէր դրվել այդ բանն արգելող նորմը։ Նոր ձեւակերպմամբ՝ կազմակերպության անդամ կարելի էր դառնալ “անկախ ազգային պատկանելությունից, կրոնական համոզմունքներից, այլ կազմակերպությունների հարելուց”։ Չնայած իր ունեցած մեծ հնարավորություններին, այդ եւ հետագա տարիներին օրենսդրական արգելքների բացակայությանը, ՀՀՇ-ն ի սկզբանե սկզբունքորեն մերժեց իր կառույցները նաեւ հանրապետության սահմաններից դուրս եւ ազգային հատկանիշի հիման վրա ստեղծելու ավանդական գայթակղությունը։ Հասարակական ավանդական պատկերացումներին, նաեւ հենց սեփական այսօրեական շահերին դեմ արված այս քայլը հայ քաղաքական մտքի պատմության մեջ արձանագրված աննախադեպ եւ որակապես նոր աստիճան էր, որ, բնականաբար, պետք է բախվեր կարծրացած ավանդականի ծանր իներցիային։
Աշոտ Սարգսյան
“Հայք” 6. 11.2009

Thursday, November 5, 2009

ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

1.
Նախապատրաստական շրջան եւ միջոցառումներ
Հայոց Համազգային շարժման հիմնադիր համագումարը, թերեւս, կարող էր կայանալ մեկ տարի ավելի շուտ, 1988-ի աշնանը, այն բանից հետո, երբ “Ղարաբաղ” կոմիտեն օգոստոսի 19-ին հրապարակեց Հայոց Համազգային Շարժման ծրագրային փաստաթուղթը եւ դրա հիման վրա բազմաթիվ հիմնարկներում, ձեռնարկություններում ու բնակավայրերում ստեղծվել էին տեղական կազմակերպություններ։ Սակայն նախ՝ հրապարակված ծրագրային փաստաթղթի քննարկման համար անհրաժեշտ էր որոշակի ժամանակ հատկացնել։ Մյուս կողմից՝ Շարժումը հետագա ամիսներին բուռն վերելք էր ապրում. միմյանց էին հաջորդում կարեւոր իրադարձություններ, ծագում էին բազմաթիվ օրախնդիր հրատապ հարցեր, որոնցով անմիջապես ստիպված էր զբաղվել “Ղարաբաղ” կոմիտեն, որը միաժամանակ նաեւ հանդես էր գալիս որպես Հայոց Համազգային Շարժման նախաձեռնող խումբ։ Համագումարին գործնական նախապատրաստվելն եւ անցկացուը էական ժամանակ եւ ուժեր էր պահանջում, ինչը այդ իրավիճակում կարող էր շռայլություն լինել։ Բոլոր դեպքերում՝ 1988-ին դա տեղի չունեցավ։ Բացի այդ՝ փաստորեն բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, բնակավայրերում ստեղծված “Ղարաբաղ” ենթակոմիտեների ցանցն ըստ էության փակում էր Հայաստանի ողջ տարածքը։ Ինքնաբուխ ստեղծված այս կառույցները, որոնք վերածվեցին ՀՀՇ տեղական կազմակերպություների, “Ղարաբաղ” կոմիտեին ճանաչում էին որպես բացարձակ հեղինակություն, որպես ղեկավար մարմին։ Այսինքն՝ Շարժման կազմակերպական կառույցը փաստորեն կար եւ հստակ գործում էր։ Խնդիրը իրավական կարգավիճակն էր։ Ստեղծված փաստական երկիշխանության պայմաններում, սակայն, որպես գրանցված կազմակերպություն պաշտոնապես ճանաչված չլինելը քիչ էր խանգարում Շարժման գործունեությանը։ Այնքան հզոր էր նրա ուժն ու հեղինակությունը, որ կարողացավ թափուր ընտրատարածքներում իր թեկնածուներին պատգամավոր դարձնել եւ սեփական նախաձեռնությամբ իրականացնել նույնիսկ այնպիսի մի աննախադեպ միջոցառում, ինչպիսին Օպերային թատրոնի շենքում Գերագույն խորհրդի նոյեմբերի 24-ի նիստն էր՝ որն ընդունեց Շարժման կողմից պատրաստված օրինագծերը եւ որոշումները։
1988-ի դեկտեմբերյան երկրաշարժը, որին անմիջապես հաջորդեց “Ղարաբաղ” կոմիտեի անդամների ձերբակալությունը, շատ բան փոխեց։ Սակայն ՀՀՇ համագումարի հրավիրման ու պաշտոնական ճանաչման հարցը մնաց Շարժման օրակարգում։ Այս ուղղությամբ Կոմիտեի փոխարինող կազմը որոշակի ջանքեր գործադրեց 1989-ի գարնանը, սակայն հաջողության չհասավ։ Համագումարի նախապատրաստումը եւ հրավիրումը հնարավոր չէր նաեւ Կոմիտեի անդամների ազատ արձակումից հետո առաջին ամիսներին։ Բանտային ծանր պայմանններից հետո նրանք եւ՛ ֆիզիկական, եւ՛ հոգեբանական առումով լուրջ կազդուրման եւ վերականգնման, ինչպես նաեւ նոր իրավիճակին ծանոթանալու եւ այն տիրապետելու կարիք ունեին ։ Եւ այնուամենայնիվ, ամռանից սկսած ձեռնարկվեցին եւ իրականացվեցին մի շարք նախապատրաստական աշխատանքներ։ Հունիսի 17-ին Համալսարանի մեծ դահլիճում կայացավ ՀՀՇ հիմնադիր ժողովը շուրջ 1000 պատվիրակների մասնակցությամբ։ Այստեղ ընտրված կազմկոմիտեին հանձնարարվեց նախապատրաստել կազմակերպության հիմնադիր համագումարը։ Վերջինս ձեռնարկեց Շարժման Ծրագրի վերամշակմանը՝ նկատի ունենալով դրանում արձանագրված խնդիրների մի մասի լուծված լինելը, իրավիճակում կատարված որակական փոփոխությունները։ Քիչ անց, հունիսի 25-ին Գերագույն խորհրդի կողմից ՀՀՇ-ի պաշտոնական ճանաչվեց եւ հանձնարարվեց ԳԽ նախագահությանը՝ գրանցել նրա ծրագիրը եւ կանոնադրությունը։ Սակայն վերջինս դա հնարավորինս ձգեց եւ արեց միայն 1989-ի նոյեմբերի 1-ին, հիմնադիր համագումարի նախօրյակին։
Եւ այնուամենայնիվ, “Ղարաբաղ” կոմիտեի անդամները հետագայում պետք է խոստովանեին, որ համագումարին չկարողացան պատշաճ կերպով նախապատրաստվել։ Հայաստանի սահմանամերձ շրջաններում լարված, փաստորեն կիսապատերազմական վիճակը, փախստականների հսկայական զանգվածի հոգսը ամենօրյա եւ ամենաբազմաբնույթ պրոբլեմներ էին առաջացնում։ “Ղարաբաղ” կոմիտեն Շարժման գործիչներից ստեղծած իր հանձնախմբերով ստիպված էր զբաղվել բոլոր հարցերով, քանզի բոլորն էին դիմում այստեղ։ Մասնավորապես Ղարաբաղին ամենաբազմատեսակ օգնություն եւ օժանդակություն էր անհրաժեշտ ապահովել՝ սկսած յուրաքանչյուր բնակավայրի մանր, կենցաղային խնդիրներից, մինչեւ քաղաքական, պաշտպանական, տնտեսական հարցերը։ Այս ամենից, եւ մասնավորապես Ղարաբաղի հետ կապված հարցերից դուրս (կամ դուրս թվացող)՝ Կոմիտեի որեւէ միջոցառում, որեւէ զբաղում իսկույն նրա աչալուրջ “քննադատների” կողմից մատուցվում եւ թմբկահարվում էր որպես Ղարաբաղը “մոռանալու”, “այլ նպատակներ” ունենալու մեղադրանք։

Համագումարի քաղաքական իմաստը եւ այն վիժեցնելու ջանքերը: Հայկական “ինտերֆրոնտ”

Դժվար է ասել՝ “Ղարաբաղ” կոմիտեն եւ Շարժման մյուս ղեկավարնե՞րն էին ավելի շատ ջանք ու եռանդ ներդրել համագումարը նախապատրաստելու եւ հաջողությամբ անցկացնելու գործում, թե՞ այն ուժերն ու կազմակերպությունները, ովքեր նպատակադրված էին այն տապալել։ Առաջինները, համենայնդեպս, որպես փաստական իշխանություն, դրան զուգահեռ ստիպված էին ավելի շատ զբաղվել ամենօրյա օպերատիվ կարգավորում պահանջող հարցերով։ Հակառակ կողմը, նման խնդիրներ չունենալով, ամբողջությամբ կարող էր նվիրվել սպասվող համագումարը տապալելու գործին։ Պահը ճակատագրական էր այնքանով, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ կողմի համար հստակ էր, որ հաջող ընթացքի եւ ավարտի դեպքում համագումարն ունենալու էր հետեւյալ արդյունքները.
ա) ՀՀՇ-ն դառնալու էր ոչ թե մյուս կազմակերպությունների համար ձեւական հովանոց (ինչ հանուն “ազգային միասնության” նրանից ակնկալում ու պահանջում էին նրա գաղափարական հակառակորդները), այլ որոշակի քաղաքական ծրագրով, տարբերակաիչ հատկանիշներով եւ հստակ կառույցներով ինքնատիպ եւ հզոր քաղաքական միավոր՝ օժտված նաեւ իրավական ստատուսով։
բ) “Ղարաբաղ” կոմիտեն եւ Շարժման ղեկավարների երկրորդ դասը դառնալու էին այդ ուժի ղեկավար մարմինը, եւ Շարժման ողջ ներուժը, այժմ ավելի արդյունավետ, ուղղվելու էր հաստատված ծրագրային նպատակների իրականացմանը։
գ) ՀՀՇ-ն ձգտելու է վերցնել իշխանությունը եւ իրականացնել ժողովրդավարության խորացման միջոցով դեպի անկախություն տանող ծրագրում նախանշված հստակ քայլերը։
դ) Միշտ օրինականության շրջանակներում պայքարելու իր սկզբունքով, բայց դրա հետ մեկտեղ նաեւ իր առջեւ դրված խնդիրները լուծելու համար նույն այդ օրինականության շրջանակներն ընդարձակելու իր կարողությամբ նա լինելու էր դժվար խոցելի ու անկասելի, իսկ անկախության եւ ժողովրդավարության տանող ճանապարհին նրա հաջողությունները շարունակելու էին վտանգավոր օրինակ ծառայել մյուս հանրապետությունների համար։
Այս ամենը դեպքերի ընթացքին ուշադիր հետեւողների համար (իսկ ուշադիր հետեւողներ կային եւ՛ ի պաշտոնե, եւ՛ սեփական շահերից ելնելով) պարզ էր արդեն համագումարից մի քանի ամիս առաջ։ Ըստ այսմ՝ դժվար չէ ենթադրել, թե ինչ ուժեր եւ ինչ հիմքի վրա պետք է ամեն ինչ անեին համագումարը տապալելու համար։ Դա կնշանակեր տապալումը մի մեկնարկի, որն սպառնում էր՝
ա) Մոսկվային, կայսերապետական ուժերին, խորհրդային համակարգին.
բ) Հայաստանում իշխող կոմունիստական կուսակցությունը եւ ողջ կոմունիստական նոմենկլատուրային.
գ) այն ուժերին, որոնք համոզված էին ազգը ներկայացնելու եւ նրա խնդիրները տնօրինելու իրենց մենաշնորհի մեջ, եւ որոնց ծրագրերը կառուցված էին Հայաստանի՝ ԽՍՀՄ-ի մեջ մնալու պարտադիր պայմանի վրա.
 դ) հասարակության այն շերտին, որը կոմունիստական իշխանության պայմաններում այս կամ այն կերպ հայտնվել էր էլիտար խավի մեջ եւ օգտվում էր որոշակի արտոնություններից.
ե) խորհրդային հասարակարգում ձեւավորված եւ իշխանության ու պաշտոնեության հետ անմիջական կամ միջնորդավորված կապի մեջ գտնվող քաղքենիական խավին, որի անդորրը խաթարվելու էր։
Ուժը, ինչպես տեսնում ենք, փոքր չէր, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ նրանց ձեռքին էին իշխանության բոլոր լծակները, զանգվածային լրատվության միջոցները եւ այլն։ Եւ եթե Շարժումը, որքան էլ հզոր ու զանգվածային, սակայն կազմակերպական իմաստով բաց էր ամբողջությամբ, ապա նրան հակառակ ուժերն ունեին գուցե փոքրաքանակ, բայց ամուր եւ կարգապահ կառույցներ։ Նրանք կարող էին գործել ե՛ւ բացահայտ, ե՛ւ թափանցելով Շարժման մեջ, ե՛ւ քողարկված՝ “ավելի ազգային”՝ ժողովրդահաճ անունների, կարգախոսների ու ծրագրերի տակ։ Այսինքն՝ նրանց բոլորի պայքարը չէ, որ Շարժման դեմ լինելու էր բացահայտ ու ճակատային:
Խորհրդային Միության մյուս բոլոր այն հանրապետություններում, որտեղ անկախության հարց էր հարուցվում, դրա հետ մեկտեղ եւ դրա դեմ ստեղծվում էին հայտնի “ինտերֆրոնտները”։ Վերջիններս ստեղծվում էին տվյալ հանրապետություններում առկա ռուսալեզու բնակչության հիմքի վրա, հասկանալի է՝ Կենտրոնի, մասնավորապես ՊԱԿ-ի նախաձեռնությամբ։ Հայաստանում էթնիկական այդ հիմքը չկար (ռուս բնակչության տոկոսը չափազանց փոքր էր), բայց իշխանության համար կար նույն խնդիրը՝ “ինտերֆրոնտի” գործառույթով ինչ որ բան ստեցծելու նույնքան սուր անհրաժեշտությունը։ Հայկական “ինտերֆրոնտը”, բնականաբար, պետք է ձեւավորվեր այլ՝ ոչ էթնիկական հիմքի վրա։ Դարձյալ բնականաբար՝ նրա պայքարը անկախության դեմ չէր կարող նույնքան եւ նույն կերպ բացահայտ եւ ուղղագիծ լինել, ինչպես ասենք՝ Բալթյան հանրապետություններում։ Այն պետք է էական յուրահատկություն ունենար եւ՛ գործունեության ձեւի, եւ՛ փաստարկների առումով։
Հայկական “ինտերֆրոնտի” խնդիրը պետք է լիներ ոչ թե տրամագծորեն հակադրվել Շարժմանը (ինչը նրանց համար կնշանակեր արագ ձախողում), այլ՝ կա՛մ պառակտել այն, կա՛մ փորձել գլխավորել եւ տանել իրեն ցանկալի ուղղությամբ։ Այսինքն՝ գեթ համագումարում այս ուժի բերած փաստարկներն ու կարգախոսները պետք է բխեին նույն “ազգային խնդիրների” ավանդական ընկալումներից եւ մատուցվեին որպես ազգի լավագույն ապագայի համար մտահոգություն։ Քննարկվող հիմնադիր փաստաթուղթն, օրինակ, նրանց կողմից պետք է քննադատվեր ոչ թե անմիջապես հակաանկախականության, այլ, քաղաքական մտքի ավանդույթով եկած պատկերացումների դիրքերից, պետք է մեղադրեին, որ այն չի նպաստում “ազգային միասնությանը”, չի հենվում “ազգային գաղափարախոսության” վրա, անտեսում է “պանթուրքիզմի վտանգը”, ազգային վրեժխնդրության դերը, ազգային չէ եւ այլն։ Վերջին հաշվով, այդ պայքարը հենվում էր հայդատական, պահանջատիրական գաղափարախոսական ֆրազների՝ որպես “համազգային խնդիրների” եւ Հայաստանի ժողովրդի անկախության քաղաքական խնդրի մեջ հակադրություն տեսնելու դեմագոգիայի վրա։ Առաջինը համարվում էր գերագույն արժեք, երկրորդը կարող էր լինել միայն նրա սպասարկուն։ 
ՀՀՇ հիմնադիր համագումարն իրականում դարձավ այն փորձաքարը, որի շնորհիվ ավելի հստակ ուրվագծվեցին քողարկված հայկական “ինտերֆրոնտն” ու նրա բաղկացուցիչները։ Դա արտահայտվեց ոչ միայն համագումարից առաջ եւ նրա ընթացքում, այլ նաեւ դրանից հետո նրանց վերաբերմունքում, գործողություններում եւ գնահատականներում։

“Հայք” 5, 11.2009