Tuesday, January 28, 2014

Այլ կերպ անհնար է վերջ դնել պետական գրպանահատությանը


Դժվար չէր ենթադրել, որ Սահմանադրական դատարանը, ինչպես միշտ՝ նման դեպքերում, կկայացնի տարտամ մի որոշում։ Եթե ինչ-որ բան երեւում է այդ որոշումից, ապա միայն մի բան. այն ցուցադրում է իշխանության ինքնավստահության աստիճանը։ Երբ ռեժիմը վստահ է բնակչության կողոպուտին ուղղված իր որեւէ քայլի վրա՝ անվարան կատարում է այդ քայլը։ Այդպիսիք տասնյակներ են, վերջիններից հիշենք՝ արագաչափերը, տեսախցիկները, կարմիր գծանշումներով վճարովի կանգառները, գազի ու հոսանքի գնի բարձրացումը։ Երբ ռեժիմն իր ուժերին վստահ չէ՝ չի անում։ Հենց այդպես նա ձեռնպահ մնաց նախապես հայտարարված ժամկետներում  տրանսպորտի ուղեվարձի բարձրացումից եւ կուտակայինի պարտադիր բաղադրիչի կիրարկումից։ Երկու դեպքում էլ նրան չբավարարեց ինքնավստահությունը։
Ինչո՞ւ հապաղեց իշխանությունը։
Գազի ու էլեկտրականության անհիմն թանկացման հետեւանքով յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեում ձմռան հետ կապված ծախսերը 30-50% ավելացան։ Հասարակությունից կատարված նշանակալի այս կողոպուտը ձմռան ընթացքում դեռ կուլ տալու ու մարսելու խնդիր կար։ Հենց դա էր պատճառը, որ քաղաքական որոշում կայացվեց այդ դժգոհությանը չգումարել ամառվանից ու աշնանից հետաձգված՝ տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը։ Հետաձգե՛ց, ոչ թե ձեռ քաշեց դրանից։ Նույն կերպ ու նույն պատճառով վտանգավոր համարվեց կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչի կիրարկումը՝ ավելի լավ համարելով առայժմ (գոնե երկու ամիս) «պարտադիր կուտակայինի» հարցը լղոզել։ Լղոզե՛լ, ոչ թե ձեռ քաշել դրանից։
Ո՞րն էր այդ վտանգը։
Դա հետեւյալ երեք գործոնների առկայությունն էր։
Առաջին գործոնը խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի համատեղ նախաձեռնությունն էր «կուտակայինի» պարտադիր բաղադրիչի դեմ։ Անկախ այն բանից, թե ինչ բնույթի խնդրի շուրջ է տեղի ունենում այդ միավորումը, միեւնույն է, որպես այդպիսին՝ այն դող է առաջացնում քաղաքական դաշտում միայնակ մնացող ՀՀԿ-ի ծնկներում։
Երկրորդ գործոնը հունվարի 18-ի հանրահավաքի մարդաշատությունն էր։ Վերջինս պայմանավորված էր, մի կողմից՝ խնդրի մեջ չորս քաղաքական ուժերի միասնական ներգրավվածության հասարակական ռեզոնանսով, մյուս կողմից՝ պետական այդ գրպանահատության առաջացրած քաղաքացիական դժգոհության որոշակի ներքին կազմակերպվածության աստիճանով։
Եւ վերջապես, երրորդ՝ ամենակարեւոր գործոնը՝ հենց, ինչպես ընդունված է ասել, քաղաքականի ու քաղաքացիականի համաձայնեցված, ներդաշնակ աշխատանքն էր։ Ինչպես սրան նախորդած տասնյակ դեպքերում, այս անգամ իշխանական քարոզչամեքենային չհաջողվեց անցկացնել «քաղաքացիականի» ու «քաղաքականի» հակադրության, «հարցը չքաղաքականացնելու» անգրագետ իր թեզերը։ Այս երեք գործոններն էին, որ հրապարակ էին բերել նաեւ գազի, հոսանքի եւ այլ թանկացումներից դժգոհող բազմաթիվ մարդկանց, թեեւ նրանց հուզող հարցերը «հանրահավաքի օրակարգում» չկային։
Սահմանադրական դատարանի կայացրած ճապաղ որոշումը հիմնականում ճիշտ գնահատվեց ինչպես համապատասխան հայցը ներկայացրած քաղաքական ուժերի, այնպես էլ «կուտակայինի» թիրախ հասարակական խավի ու նրա ակտիվիստների կողմից։ Ոչ մեկը չի կասկածում, որ իշխանության դեմ ճնշումը չբազմապատկելու դեպքում Սահմանադրական դատարանը կանաչ լույս է վառելու  օրենքի կիրարկման առջեւ։ Նույնիսկ Սահմանադրականի հաջորդ նիստի ժամկետը, կարծես թե,  հաշվարկված է ըստ այդմ. մարտի վերջին մարդիկ արդեն ազատված կլինեն ձմեռային ամիսների ծանր վճարներից, ինչով, ըստ իշխանության հաշվարկների, համեմատաբար կմեղմանա ընդհանուր սոցիալական դժգոհությունը, եւ կվերանա «կուտակայինի» խնդիրը գլորվող ձնագնդիի վերածվելու այսօր առկա վտանգը։ Ակնհայտ է՝ հենց որ իշխանությունն զգա, որ կարող է կուլ տալ կողոպուտի հերթական այս պատառը, դա անելու է։
Հիշենք միայն Ս. Սարգսյանի իշխանավարման տարիներին իշխանական կողոպտիչ մեքենայի շահատակումների դեմ ուղղված զանազան քաղաքացիական բողոքներ, ընդվզումներ ու «շարժումներ». Բուզանդի եւ հարակից փողոցների բնակիչներ, ոսկերիչներ,  տաքսիների վարորդներ, վրացական համարանիշեր, տոնավաճառների առեւտրականներ, բացօթյա առեւտուր, կրպակատերեր, Դալմայի այգիներ, Մաշտոցի պուրակ, Փակ շուկա, արագաչափեր, տեսախցիկներ, կարմիր գծանշումներով վճարովի կանգառներ, ջրի, գազի եւ հոսանքի թանկացումներ եւ այլն։ Սրանցից ոչ մեկը բողոքող կողմի համար հաջողությամբ չավարտվեց։ Ճիշտ նույնպիսի խնդիրներ են նաեւ այսօր դեռ օդում կախված տրանսպորտի ուղեվարձը եւ «պարտադիր կուտակայինը»։
Հնարավո՞ր է հասնել հասարակության մի մասին կամ շերտին  հուզող այսօրինակ լոկալ  խնդրի լուծման՝ առանց դրա «քաղաքականացման»։
Ընդհանրապես՝ հնարավոր է։ Եթե որեւէ մեկը պատրաստվում է այլ երկրների փորձից օրինակներ գտնել, նա անպայման կգտնի այդպիսիք։ Բայց կգտնի այնպիսի երկրներում, որոնցում առկա են առնվազն երկու բան՝ կայացած ու հզոր արհմիություններ եւ անկախ դատական համակարգ։ Իսկ այդ երկուսը ենթադրում են իրական ժողովրդավարության որոշակի աստիճան։ Հայաստանում դրանք չկան, գոյություն չունեն։ Հայաստանում բռնապետություն է՝ դրա վատագույն՝ ավազակապետության տարբերակով։ Եւ միակ բանը, որ կարող է փոխարինել չեղած արհմիություններին ու անկախ դատարանին՝ «լոկալ» որեւէ հարց լուծելու համար, այլ բան չէ, քան քաղաքական ուժերի պաշտպանությունն ու ներգրավվածությունը։ Սակայն դա էլ կարող է բավարար չլինել։
Ի՞նչ է սպասվում լավագույն դեպքում։
Պատկերացնենք, թե երկու ամիս անց, քաղաքական ուժերի ու քաղաքացիական նախաձեռնության տիտանական ջանքերի շնորհիվ, ինչ-որ կերպ հնարավոր է լինում ստիպել իշխանությանը հրաժարվել (ժամանակավոր կամ վերջնական) կուտակայինի «պարտադիր բաղադրիչից»։ Անշուշտ, դա հաղթանակ կլինի ու կունենա որոշակի նշանակություն։ Բայց, ըստ էության, դա կլինի խաբուսիկ հաղթանակ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դրանով քաղաքացին ընդամենը բռնում ու իր գրպանից հանում է գողի, գրպանահատի ձեռքը։ Բայց դրանից նրա (ձեռքի տիրոջ) էությունն ու սովորությունները չեն փոխվում։ Նա հիմա էլ մյուս ձեռքով կամ ավելի նուրբ ձեւով է փորձելու մտնել քաղաքացու մյուս գրպանը։ Ինչպես արդեն արել է տասնյակ անգամներ։
Ուրեմն՝ ո՞րն է իրական խնդիրը ու դրա իրական քաղաքականացումը։
Նմանատիպ դեպքերի համար առաջին անգամ իշխող է դառնում այն մոտեցումը, որ «խնդիրը պետք է քաղաքականացնել»։ Սա արդեն առաջընթաց քայլ է, որի տակ, սակայն, առայժմ նկատի է ունեցվում շահագրգիռ քաղաքացիների եւ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի ջանքերի համատեղումը։ Բայց արդյո՞ք միայն մեխանիկական այս համատեղումն է մեր պայմաններում խնդրի քաղաքականացումը։ Խնդիրն իրոք քաղաքական ու դրանով իսկ՝ լուծելի դարձնելու համար նախ պետք է հստակեցնել ու ճանաչել իշխանության հետապնդած հիմնական քաղաքական խնդիրըորի լուծման համար է, որ նա, ի թիվս մինչ այժմ գործած տասնյակ ապօրինությունների, դիմել է նաեւ «կուտակային» գրպանահատությանը։ Իշխանության հիմնական քաղաքական խնդիրն էլ վաղուց արձանագրված է. ռեժիմի պարագլուխ Ս. Սարգսյանն իր իշխանության պահպանման ու վերարտադրման հիմնական երաշխիքը տեսնում է հասարակության, նրա բոլոր շերտերի կողոպուտի եւ ունեզրկման մեջ։ Դրանով նա ապահովական երկու խնդիր է լուծում. առաջին՝ անձնական հարստության կուտակում այնքան, որ մրցակից չունենա («մեկ օլիգարխի տնտեսություն»), երկրորդ՝ որքան հնարավոր է՝ շատերին ստիպի լքել երկիրը (ըստ Տ. Սարգսյանի՝ «մնան, որ հեղափոխությո՞ւն անեն)։ Պարտադիր կուտակայինն, ահա, հատկապես ուղղված է հասարակության՝ տարիքային իմաստով ամենաակտիվ, ուստիեւ՝ ամենավտանգավոր համարվող մասի դեմ։ 
Արդ, այս իրողությունից մեկնելով՝ հնարավո՞ր է, որ Ս. Սարգսյանն իր գլխավորած վարչախմբով որեւէ առիթով դադարի հետապնդել ինքնապահպանման քաղաքական խնդիրը։ Բնականաբար՝ ո՛չ։ Քանզի դա կլինի ինքնասպանության որոշում։ Ուրեմն եւ՝ ինչպես «կուտակայինի», այնպես էլ ցանկացած այլ հարցի իրոք քաղաքականացումն ու իրական լուծումն այլ բան չէ, քան Ս. Սարգսյանի ու նրա ռեժիմի հեռացումն ու սահմանադրական կարգի վերականգնումը։ Երբ սա դառնա տիրապետող համոզում, երբ այս դրոշի տակ համախմբվի ողջ հասարակությունն իր քաղաքական ու քաղաքացիական բաղադրիչներով՝ վերջ կդրվի ինչպես պետական գրպանահատությանը, այնպես էլ կլուծվեն հասարակությանը հուզող հարյուրավոր հարցերը։ Մինչ այդ մենք միայն խաբվելու ու կորուստներ ենք կրելու, այդ թվում՝ նաեւ անդառնալի։

 http://www.ilur.am/news/view/24052.html



Tuesday, January 21, 2014

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի պաշտպանում իր վարչապետին


Իշխող ռեժիմի ներսում, ինչպես ասում են, «կենացները քաղցրանում են»։
Հայկական կինոսերիալի վերածվող բանավեճն էլ (որ իրականում Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի միջև է) սովորականներից չէ։ Դրանում «ճիշտ» ու «սխալ» որոշելու տեսանկյունից անցյալին կամ ներկային վերաբերող տնտեսական, առավել եւս՝ քաղաքական ինչ-որ հարցերի ռացիոնալ քննարկում փնտրելն իզուր է։ Բանավիճող կողմերից որեւէ մեկը կարիք չունի մյուսին քննադատել չարած սխալների ու հանցանքների համար։ Գործած սխալներն այնքան շատ են, որ երկու կողմերն էլ օբյեկտիվորեն կարող են ճիշտ լինել միմյանց հասցեին մեղադրանքներում։ Անհեթեթ է մտնել այդ բանավեճերի մեջ՝ ճիշտն ու սխալը, իրավացին ու անիրավացին պարզելու, առավել եւս՝ որեւէ մեկին պաշտպանելու համար։
Տվյալ դեպքում՝ կարեւորը սա չէ, այլ ծավալվող բանավեճի հետ կապված մի քանի հանգամանքներ եւ յուրահատկություններ։
Բանավիճող կողմերից յուրաքանչյուրը նույն ռեժիմի երկու հիմնական հենասյուներից մեկն է  ի սկզբանե եւ առ այսօր։ Ավազակապետական ռեժիմի ներքին տրամաբանությունից ելնելով՝ այդքան կարեւոր չէ, թե ֆորմալ առումով ով ինչ պաշտոն, դիրք է զբաղեցնում դրանում, այլ այն, թե ում բիզնեսի ու հարստությունը բազմապատկելու հնարավորություններն ու պայմաններն ինչպիսին են։ Այս առումով Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը ամենաարտոնյալն են։
Թիրախ դարձնելով վարչապետին ու կառավարությանը՝ Ռ. Քոչարյանը, որպես ռեժիմի ճարտարապետ, անշուշտ, շատ լավ է հասկանում, որ իր ասածների իրական հասցեատերը Ս. Սարգսյանն է։ Սակայն նրա անունը չի տալիս։ Ոմանք դա բացատրում են վախով։ Կարեւորը բացատրելը չէ, այլ արձանագրումն այն բանի, որ այս դեպքում (երբ առաջին պատասխանատուի՝ Ս. Սարգսյանի անունը չես տալիս) որեւէ խոսք զրկվում է քաղաքական բովանդակությունից։ Ուստիեւ՝ անիմաստ է դառնում քաղաքական հարթության վրա դրա քննարկումը, քաղաքական հետեւանքներ ակնկալելը։
Յուրահատկություններն ավելի ցցուն են Ս. Սարգսյանի դեպքում։
Երբ որեւէ նախարար սուր քննադատության է ենթարկվում ու մեղադրվում, վարչապետը, որպես նրա գործունեության համար պատասխանատու անձ, պարտավոր է պաշտպանել նրան։ Վարչապետը հավասարապես պատասխանատու է իր նախարարների գործունեության համար։ Նույն կերպ եւ առավել եւս՝ երբ սուր քննադատության է ենթարկվում վարչապետը, երկրի նախագահը պետք է նրան պաշտպանի։ Սա ամբողջ աշխարհում ընդունված կանոն է, քաղաքական էթիկետի նորմ։ Այդպես վարվեց Օբաման՝ պաշտպանելով իր առողջապահության նախարարին, Շիրակը՝ պաշտպանելով իր վարչապետին՝ Քեմերոնը՝ պաշտպանելով իր նախարարին։ Եթե նախագահը այդ կերպ չի վարվում, հարձակումներից չի պաշտպանում իր վարչապետին, նա օբյեկտիվորեն բարոյազրկվում է, նրա լռությունը դառնում է սրիկայություն։ Եթե վարչապետն իրոք վատ է աշխատել, այդ մասին ուրիշներից շատ ավելի շուտ պետք է իմանար ինքը եւ մտածեր նրան փոխարինելու մասին։ Եթե դա չի արել, ուրեմն՝ գոհ է նրա աշխատանքից, եւ «կողքից» եկած քննադատության դեմ պետք է նրան պաշտպանի։ Սա ոչ միայն քաղաքական, այլ նաեւ բարոյականության հարց է։ Այլապես կստացվի, թե իր վարչապետը այդքան վատ է աշխատել, իսկ ինքը չի նկատել դա, եւ ահա, ուրիշներից է իմանում։ Սա խայտառակություն կլինի իր համար։
Շուտով կլրանա ներռեժիմային բանավեճի մեկ ամիսը, որի թիրախը Տ. Սարգսյանն է, իսկ Ս. Սարգսյանը համառորեն լռում է։ Տարօրինակ այս երեւույթը կարող է ունենալ երեք բացատրություն.
1. Ս. Սարգսյանը խնդիրներ ունի բարոյականության հետ։
2. Ս. Սարգսյանն ինքն էլ գիտի, որ Տ. Սարգսյանը հանցագործ է։
3. Ինքն էլ հավասարապես նույն հանցանքների մեղսակիցը եւ սխալների կրողն է։
Բոլոր դեպքերում՝ այն, ինչ տեղի է ունենում ռեժիմի ներսում, քաղաքական որակից ու բովանդակությունից զուրկ գզվռտոց է, նոր մի ճաքի առաջացում։ Քաղաքական իմաստով դա կարող է օգտակար լինել այնքանով, որքանով ավելի խորանա, եւ «կողմերը» տնտեսական հարցերից անցում կատարեն նաեւ այլ բնույթի՝ քրեական պատասխանատվություն ենթադրող հարցերի շրջանակ։ Քանզի ավազակապետական այս ռեժիմի տապալման համար որքան կարեւոր է նրա դեմ ծառացած հասարակական ու քաղաքական ուժերի համախմբումը, նույնքան կարեւոր է նաեւ ռեժիմի ներսում ճաքերի ու խլրտումների առաջացումը։
- See more at: http://www.ilur.am/news/view/23762.html#sthash.99YKh6KS.dpuf
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի պաշտպանում իր վարչապետին
Իշխող ռեժիմի ներսում, ինչպես ասում են, «կենացները քաղցրանում են»։
Հայկական կինոսերիալի վերածվող բանավեճն էլ (որ իրականում Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի մեջ է) սովորականներից չէ։ Իզուր է դրանում «ճիշտ» ու «սխալ» որոշելու տեսանկյունից անցյալին կամ ներկային վերաբերող տնտեսական, առավել եւս քաղաքական ինչ-որ հարցերի ռացիոնալ քննարկում փնտրել։ Բանավիճող կողմերից որեւէ մեկը կարիք չունի մյուսին քննադատել չարած սխալների ու հանցանքների համար։ Գործած սխալներն այնքան շատ են, որ երկու կողմն էլ օբյեկտիվորեն կարող են ճիշտ լինել միմյանց հասցեին մեղադրանքներում։ Անհեթեթ է մտնել այդ բանավեճերի մեջ՝ ճիշտն ու սխալը, իրավացին ու անիրավացին պարզելու, առավել եւս որեւէ մեկին պաշտպանելու համար։
Տվյալ դեպքում կարեւորը սա չէ, այլ ծավալվող բանավեճի հետ կապված մի քանի հանգամանքներ եւ յուրահատկություններ։
Բանավիճող կողմերից յուրաքանչյուրը նույն ռեժիմի երկու հիմնական հենասյուներն են ի սկզբանե եւ առ այսօր։ Ավազակապետական ռեժիմի ներքին տրամաբանությունից ելնելով՝ այդքան կարեւոր չէ, թե ֆորմալ ով ինչ պեշտոն, դիրք է զբաղեցնում դրանում, այլ այն, թե ում բիզնեսի ու հարստությունը բազմապատկելու հնարավորություններն ու պայմաններն ինչպիսին են։ Այս առումով Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը ամենաարտոնյալն են։
Թիրախ դարձնելով վարչապետին ու կառավարությանը, Ռ. Քոչարյանը, որպես ռեժիմի ճարտարապետ, անշուշտ, շատ լավ է հասկանում, որ իր ասածների իրական հասցեատերը Ս. Սարգսյանն է։ Սակայն նրա անունը չի տալիս։ Ոմանք դա բացատրում են վախով։ Կարեւորը բացատրելը չէ, այլ արձանագրումն այն բանի, որ այս դեպքում (երբ առաջին պատասխանատուի՝ Ս. Սարգսյանի անունը չես տալիս) որեւէ խոսք զրկվում է քաղաքական բովանդակությունից։ Ուստիեւ՝ անիմաստ է դառնում քաղաքական հարթության վրա դրա քննարկումը, քաղաքական հետեւանքներ ակնկալելը։
Յուրահատկություններն ավելի ցցուն են Ս. Սարգսյանի դեպքում։
Երբ որեւէ նախարար սուր քննադատության է ենթարկվում ու մեղադրվում, վարչապետը, որպես նրա գործունեության համար պատասխանատու անձ, պարտավոր է պաշտպանել նրան։ Վարչապետը հավասարապես պատասխանատու է իր նախարարների գործունեության համար։ Նույն կերպ եւ առավել եւս՝ երբ սուր քննադատության է ենթարկվում վարչապետը, երկրի նախագահը պետք է նրան պաշտպանի։ Եթե վարչապետն իրոք վատ է աշխատել, այդ մասին ուրիշներից շատ ավելի շուտ պետք է իմանար ինքը եւ մտածեր նրան փոխարինելու մասին։ Եթե դա չի արել, ուրեմն գոհ է նրա աշխատանքից եւ «կողքից» եկած քննադատության դեմ պետք է նրան պաշտպանի։ Սա ոչ միայն քաղաքական, այլ նաեւ նաեւ բարոյականության հարց է։ Այլապես կստացվի, թե իր վարչապետը այդքան վատ է աշխատել, իսկ ինքը չի նկատել դա, եւ ահա, ուրիշներից է իմանում։ Սա խայտառակություն կլինի իր համար։
Շուտով կլրանա ներռեժիմային բանավեճի մեկ ամիսը, որի թիրախը Տ. Սարգսյանն է, իսկ Ս. Սարգսյանը համառորեն լռում է։ Տարօրինակ այս երեւույթը կարող է ունենալ երեք բացատրություն.
1.   Ս. Սարգսյանը խնդիրներ ունի բարոյականության հետ։
2.   Ս. Սարգսյանն ինքն էլ գիտի, որ Տ. Սարգսյանը հանցագործ է։
3.   Ինքն էլ հավասարապես նույն հանցանքների մեղսակիցը եւ սխալների կրողն է։

Բոլոր դեպքերում, այն ինչ տեղի է ունենում ռեժիմի ներսում, քաղաքական որակից ու բովանդակությունից զուրկ գզվռտոց է, նոր մի ճաքի առաջացում։ Քաղաքական իմաստով դա կարող է օգտակար լինել այնքանով, որքանով ավելի խորանա եւ «կողմերը» տնտեսական հարցերից անցում կատարեն նաեւ այլ բնույթի՝ քրեական պատասխանատվություն ենթադրող հարցերի շրջանակ։ Քանզի ավազակապետական այս ռեժիմի տապալման համար որքան կարեւոր է նրա դեմ ծառացած հասարակական ու քաղաքական ուժերի համախմբումը, նույնքան կարեւոր է նաեւ ռեժիմի ներսում ճաքերի ու խլրտումների առաջացումը։

http://www.ilur.am/news/view/23762.html