Բարձրաստիճան պաշտոնյաների թեկուզ լեզվական
մի սայթաքում նորմալ հասարակություններում կարող է դառնալ օրվա կամ շաբաթվա սենսացիա։
Դա մեզ մոտ վաղուց անցած էտապ է։ Ավելին՝ մեզ մոտ դժվար է որեւէ բարձր պաշտոնյայի խոսքում
գտնել մաքուր ու անսխալ հայերենով կազմված պարզ մի նախադասություն։ Նորմալ հասարակություններում
իր ղեկավարած բնագավառի հետ կապված հարցում պաշտոնյայի անգրագիտությունն ու տգիտությունը
մատնող որեւէ խոսք կարող է ընդհուպ նրա հրաժարականի կամ պաշտոնանկման պատճառ դառնալ։
Այս դեպքում էլ, իհարկե, մեզ մոտ ուրիշ է. նախարարն, օրինակ, կարող է իր ղեկավարած
ոլորտի ամենապարզ հարցերում սեփական անգրագիտությունը մատնող այնպիսի բացահայտումներ
անել, որ մարդու մազերը բիզ-բիզ կանգնեն։ Իսկ հետեւանքը... ընդամենը մեկ-երկու արձանագրում,
գուցե նաեւ այդ առիթով մի քանի “շուլուխ” եւ ամեն ինչ մոռացվում է։ Այլ կերպ չի էլ
կարող լինել մի իշխանության մեջ, որի գոյատեւման կարեոր հիմքերից մեկը, որքան էլ դա
տարօրինակ ու անբնական թվա, հենց տգիտությունն է։
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի
բախտը, այս առումով չի բերում։ Չի բերում հատկապես համաներման խնդրի հետ կապված։ Անցած
տարի նոյեմբերին համաներման թեմայով խոսելիս նա արդարադատության նախարարի եւ իրավաբան
մասնագետի իր “բարձրունքից” մասնավորապես սովորեցնում էր, թե՝ “Համաներում շնորհվում
է այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան եզրակացնելու, որ տվյալ անձը, դատապարտյալը
կամ դատական վարույթով անցնող անձը, մեղադրյալը ուղղվել է, ընդունում է իրեն մեղսագրվող
արարքը եւ նրա հետագա պատժի կրումը ուղղակի անհիմն է, այսինքն, նպատակահարմար չէ”։
Նաեւ ավելացնում էր, թե քաղբանտարկյալների նկատմամբ համաներումը կիրառելի չէ, քանի
որ նրանք չեն ընդունում իրենց մեղքը։ Այսինքն՝ չէր տարբերում երկու՝ ներման եւ համաներման
ակտերը, որ միմյանց հետ ոչ մի կապ չունեն, ինչը իմանալու համար պետք չէ նույնիսկ իրավաբան
լինել։ Իմիջայլոց, հիմա էլ, երբ նույն այդ քաղբանտարկյալների մեծ մասի վրա, ահա, ի
հեճուկս Գ. Դանիելյանի մասնագիտական տեսակետի, համաներում է տարածվում առանց նրանց
կողմից “իրենց մեղսագրված արարքը ընդունելու”, նախարարը չի հիշում կես տարի առաջվա
իր իրավաբանական մտքի փայլատակումը։
Մի քանի օր առաջ էլ, համաներման ակտի նախագիծը
քննարկելիս նա իրավաբանական մտքի մի այլ գոհար է դրել սեղանին՝ հայտարարելով, թե համաներումը
չի կարող տարածվել Սասուն Միքայելյանի վրա, այն դեպքում, երբ այդ պահին վերջինիս դատավճիռը
դեռ հրապարակված չէր։ Լրավգրողներն, իհարկե, անմիջապես որսացել են դա՝ արձանագրելով,
որ դրանով Դանիելյանը հաստատել է այն փաստը, որ Հայաստանում դատավճիռները կայացնում
են ոչ թե դատարանները՝ համապատասխան գործի քննության արդյունքում, այլ այն պատրաստի
ստանում են նախագահական նստավայրից որպես հրահանգ եւ քննվող գործը հարմարեցնում այդ
հրահանգին։ Ինչպես երեւում է, նմանօրինակ հրահանգները դատարաններին փոխանցող օղակը
հենց Արդարադատության նախարարն է։ Եւ ահա, Գ. Դանիելյանը վստահաբար ասել է, թե համաներումը
չի տարածվի Սասուն Միքայելյանի վրա, քանի որ արդեն իսկ իմացել է, թե ինչպիսի հրահանգ,
ինչպիսի պատվեր է իր իսկ միջոցով իջեցվել համապատասխան դատարանին։ Այլ դեպքում դժվար
է ենթադրել նման ինքնավստահություն։ Իսկ նման գործառույթ կատարելու համար էլ, ինչպես
հասկանում եք, ոչ մի մասնագիտական գիտելիք պետք չէ, ուստիեւ մենք իզուր ենք զարմանում
նախարարի մասնագիտական պատրաստության ցածրագույն մակարդակի վրա։ Դրա համար պետք են
ընդամենը ցածրագույն որակներ, մասնագիտական, մարդկային ու պաշտոնեական ինքնասիրության
ու արժանապատվության իսպառ բացակայոթյուն։
Իշխանության քննադատություններում ու գնահատականներում
ընդդիմությունը կարող է նաեւ իրեն թույլ տալ որոշ չափազանցություններ, եւ դա բնական
է։ Սակայն, երբ իշխանությունն իր գործողություններով անցնում է ամեն մի չափ ու սահման,
արդեն ցանկացած գնահատական կարող է նույնիսկ հետ մնալ այդ գործողությունը ճշգրիտ գնահատելուց։
Արդարադատության նախարարն իր այս վկայությամբ լիակատար հիմնավորում է այն գնահատականը,
որ Հայաստանում իրոք դատարան ու արդարադատություն գոյություն չունեն, դրանք ամբողջությամբ
եւ մինչեւ վերջ վարչախմբի ձեռքին դարձել են քաղաքական հաշվեհարդարի մի գործիք, նրա
ամենաստոր ու ճղճիմ ցանկությունները ու մանր վրեժխնդրություններն իրականացնող միջոց։
Իսկ ինքն էլ այս ամենի մեջ այլ բան չէ, քան պարզ մի հրահանգիչ։
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայք”,
23.06.09