Thursday, December 23, 2010

2011 ԹՎԱԿԱՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է 10-ԱՄՅԱ ՄՂՁԱՎԱՆՋԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՏԱՐԻ


23.12.2010

Հարցազրույց ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի հետ
Եթե 1998-ին հաջորդած տարիներըկարելի է բնորոշել որպես ահաբեկչությունների եւ բռնությունների տարիներ, 2007 թ.՝ նոր հույսերի տարի, 2008թ.՝ պայքարի եւ զարթոնքի տարի, երբ ժողովրդի հաղթանակը խեղդեցին արյան ծովի մեջ, իսկ 2009-2010թթ.՝ բռնաճնշումների, հանուն քաղբանտարկյալների ազատ արձակման պայքարի տարիներ, ինչպիսի՞ն էր 2010-ը։
- Երեւի, 2007-ից ա վեր այդ բոլոր որակումները կարելի է նաեւ միացնել ու օգտագործել բոլոր տարիների համար։ Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձենք յուրքանչյուր տարվա համար ավելի բնորոշիչ մի յուրահատկություն գտնել, ապա 2010 թվականի որակական առանձնահատկությունը համաժողովրդական շարժման առջեւ վարչախմբի նահանջի, ավազակապետության, որպես այդպիսին միջազգային ճանաչման, ապա նաեւ խարխլման ու մոտալուտ փլուզման նշանների երեւալու տարի էր։
Նահանջի ամենաառարկայական դրսեւորումներից մեկը քաղբանտարկյալների մի մասի ազատ արձակման փաստն է։ Հազիվ թե որեւէ մեկը կասկածում է, որ Ս. Սարգսյանն ի սկզբանե նրանց դիտում էր (եւ դիտում է) որպես Կոնգրեսի գործողությունների եւ նրա կողմնակիցների լրացուցիչ ոգեւորության մի զսպաշապիկ։ Ավելին՝ նա քաղբանտարկյալներին բանտում պահելը նաեւ դիտում էր որպես սեփական թիմակիցների մոտ իր ուժի ու կարողության մի ապացույց։ Եւ դա ինչ-որ ժամանակ, իրոք, աշխատեց։ Բայց նա սխալվեց մի բանում. թերագնահատեց Կոնգրեսի ուժը, նրա համակիրների հաստատակամությունը։ Դժվարին, բայց արդյունավետ պայքարի արդյունքը եղավ այն, որ նույն այդ քաղբանտարկյլաների խնդիրը դարձավ նրա Աքիլլեսյան գարշապարը։ Հիմա, ինչպես բաց ասում են վարչախմբի ներկայացուցիչները, նրանցից «արժանապատվորեն» ազատվելու «իրավական միջոցներ» են մտմտում։
Երեւի հայ ժողովուրդը պարտական է նաեւ դեպքերի զարգացման ընթացքին, որը հրապարակ հանեց այս ռեժիմի քրեապետական էությունը, նկատի ունեմ ե՛ւ «Պզոյի գործը», ե՛ւ լուժկովյան պատմություններին «մերոնց» քրեական առնչությունները, ե՛ւ միջազգային հնչեղություն ստացած մի քանի այլ աղմկոտ բացահայտումներ։  
Ավազակապետության միջազգային ճանաչման մասին։ Այստեղ «ճանաչում» բառն օգտագործում եմ որպես քաղաքական տերմին, ինչպես, օրինակ դա օգտագործվում է որեւէ երկրի անկախության կամ իշխանության ճանաճման դեպքում։ Անշուշտ, աշխարհի գեթ մեծ տերությունները, որոնք նաեւ ինչ-որ շահաեր ունեն այս տարածաշրջանում, վաղուց, գուցե նաեւ մեզնից մանրամասն, գիտեին Հայաստանում 2000 թվականից ի վեր հաստատված այս վարչախմբի էության ու որակների մասին։ Ինչո՞վ արտահայտվեց այդ միջազգային հրապարակային, պաշտոնական ճանաչումը։ Առաջինը դա արեց Ռուսաստանը, որտեղ հրապարակվեցին Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի եւ ավազակապետական բուրգի մոտ երկու տասնյակ ներկայացուցիչների հսկայկան հարստության, ունեցվածքի ցուցակը՝ հստակ արձանագրելով, որ դրա ծագման աղբյուրը կոռուպցիան է, թալանն ու կողոպուտը։ Ապա Լուժկովի գործը, ԱՄՆ-ում՝ «Պզոյի», գործը, «Ուրանի գործը»։ Եւ այս բոլորով, ամնածանր ու ամենահնչեղ հանցագործությունների՝ փողերի լվացման, մարդավաճառության, նարկոբիզնեսի, միջազգային հաբեկչության աջակցման մեղադրանքներով հիշատակվեցին նույն իշխանական էլիտայի մի քանի տասնյակ նույն ներկայացուցիչների անունները։ Փոքր, վերահսկելի դոզաներով հայաստանյան ավազակապետությանը վերաբերող «կոմպրոմատների» հրապարակումը, անշուշտ, նպատակ ուներ ուժեղացնել իրենց ձեռքում եղած լծակները Հայաստանի վրա։ Բայց ամեն ինչ դարձավ անվերահսկելի, երբ ի հայտ եկավ «Վիկիլիքսը»։ Հայաստանին վերաբերող ավելի քան 2000 փաստաթղթերից մեկ-երկուսն է հրապարակվել, մինչդեռ արդեն հայտնի է դարձել, որ անձամբ Սերժ Սարգսյանը, որպես գլխավոր գործող անձ, մասնակից է զենքի ապօրինի վաճառքի սկանդալային մի գործարքի։
Ի՞նչ զարգացումներ կարող են հետեւել այդ մերկացումներին։
Թե ինչ է լինում նման դեպքերում՝ լավագույն օրինկը տալիս է հիշածս՝զենքի ապօրինի վաճառքի գործը։ Երբ այն 2009թ. հունվարին ամբողջությամբ բացահայտվել է, Սերժ Սարգսյանին «համագործակցելու» հրավեր (ըստ էության՝ գործարք) է առաջարկվել։ Դատելով հետագա իրադարձություններից, դժվար չէ ենթադրել այդ գործարքի բովանդակությունը. ԱՄՆ-ը ընթացք չտվեց գործին, դրա փոխարեն Սերժ Սարգսյանը  նույն թվականի ապրիլի 23-ին ստորագրեց այն հայտնի «ճանապարհաին քարտեզը», որով հնարավորություն տվեց նախագահ Օբամային դուրս գալ Հայոց ցեղասպանության ճանաչման նախընտրական խոստման տակից։ Իսկ նույն թվականի աշնան էլ ստիպված եղավ ստորագրել հայ-թուրքական հայտնի արձանագրությունները՝ վերջնականապես ուրանալով Ցեղասպանությունը։ Այսինքն՝ բարձր իշխանավորի կատարած հանցանքը, եթե այն չի պատժվում, փոխհատուցվում է ազգի, երկրի, մեզնից յուրաքանչյուրի հաշվին։ Իհարկե, դա չի նշանակում, թե դրանով տվյալ գործը «մարվել է»։ Ցանկացած պահի այն դեմ տալով կարող են նոր զիջումներ կորզել։ Նույն էլ «Պզոյի» գործի եւ , կարելի է չկասկածել, մեզ անհայտ, հավանաբար տասնյակ այսօրինակ գործերի դեպքում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ այդ գործով անցնում են իշխանական էլիտայի երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ Ս. Սարգսյանի եղբայրը, որ նույնն է՝ թե ինքը։ Եւ չեմ կարծում, թե սա ԱՄՆ-ի ձեռքին ամենածանրակշիռ լծակն է Ս. Սարգսյանի վրա։ Մի բան ակնհայտ է, եթե այս եւ մյուս գործերը ընթացք չստանան, ուրեմն փոխարենը վճարվել է ազգային շահերի հաշվին, վճարել ենք ես, դու, մյուսները, բոլորս։
Մի՞թե իշխանություններն այնքան պարզունակ են, որ մտածում են, թե «համարյա իշխանափոխություն» անելով՝ կխորացնեն համատարած հուսալքումը։ Իրո՞ք չեն հասկանում, որ այսպես շարունակել այլեւս չի կարող։ Այս վիճակը արդեն ոչ թե իշխանությունների, նույնիսկ ոչ պետականության, այլ բուն ազգային կեցության հիմքերին վերաբերող խնդիր է։ Եւ ժողովրդին այլ բան չի մնում, քան ոտքի կանգնել եւ մի քանի տասնյակ հղփացած ընտանիքներից հնարավոր ամեն եղանակով ետ խլել սերունդների ապագան։ ուղղակի նախ հարկավոր է հաղթահարել ներկայումս, ցավոք, հաստատված կոնֆորմիզմը եւ վերականգնել հավատը, որ անխորտակելի ռեժիմներ չկան։
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ ամենը հենց այն մոտալուտ փլուզման նախանշաններն են, ինչի մասին ասացի վերեւում։ Բռնապետությունների վերջին շանսն է՝ դիմել ինչ-որ արմատկան փոփոխությունների, խոստումների, կադրային անակնկալ տեղաշարժերի իմիտացիայի։ Իրականում դա ոչ թե փրկության շանս է, անգամ ոչ «ձեռքը փրփուրին գցելու» փորձ, այլ վերջի ախտանշան։ Ամենափայլուն ու հիշվող օրինակը ԽՍՀՄ-ի վերջին 5-6 տարիներն են. այն ամեն «արմատական միջոցառումները», որ այդ տարիներին արվեցին համակարգը փրկելու համար, ըստ էության հենց ծառայեց նույն այդ համակարգի կործանմանը։ Բայց դա ամենեւին չի նշանակում, թե նստենք սպասենք եւ արդեն կանխորոշված օրը «հիվանդի» հոգին կվերաթեւի ի Վերին Երուսաղեմ։ ԽՍՀՄ-ը մինչեւ այսօր էլ կգոյատեւեր, եթե չլինեին ժողովրդավարական հուժկու շարժումները բոլոր հանրապետություններում։ Այս փոքրիկ բռնապետություն-ավազակապետությունն էլ իր վերջնագծին չէր հասնի, եթե նրա դեմ չլիներ անընդհատ պայքարը՝ նրա գոյության ամբողջ ընթացքում եւ մասնավորապես վերջին համաժողովրդական շարժումը։ Արտահերթ նախագահական, ապա խորհրդարանական ընտրությունները վիճակը փրկելու լավագույն, ամենաքիչ ցավագին ու ամենաքիչ վնասաբեր ձեւն է։ Բոլորի համար...
Սերժ Սարգսյանի վերջին ելույթի մեջ երկու շերտ կար. Արտաքնապես այն միտված էր հայ հասարակությանը նոր, բարի եւ ժողովրդավար ելեւալու նպատակին, իսկ ավելի խորքում նշմարվում էին բարդույթներն ու վախերը ժողովրդական ընդվզման հնարավորությունից եւ այն գլխավորելու պատրաստ ընդդիմությունից։ Թերեւս, այսպես կարելի է բացատրել տպավորությունը, թե Սերժը, ըստ էության, ՀՀԿ ընտրանուն եւ մնացած ընտրանուն իր ելույթով ասաց՝ էս ի՞նչ ենք անում, ամոթ մեզ, տղերք, թուք ու նախատինք։
Եթե այդ ելույթում ինչ-որ «տարօրինակություն», «նոր բան» կա, ապա դրա բացատրությունը ինձ համար նույն՝ համակարգի հոգեվարքի ախտանշանների տիրույթում է։ Նրա խոսքի ընդդիմությանը վերաբերող հատվածում խառնաշփոթ կա։ Նա ընդդիմությանը բաժանում է երեք մասի։ Առաջինը՝ «անհատների» մասին է, ոչ քաղաքական ուժերի։ Երկրորդը՝ հստակ նկատի ունի Հայ Ազգային Կոնգրեսին։ Երրորդը՝ դարձյալ անհատների մասին է, ովքեր Կոնգրեսից ավելի վատն են, եւ եթե ինչ-որ կապեր ունեն քաղաքական ուժի հետ, ապա դա էլի Կոնգրեսն է։ Հետո մի քանի տող՝ ընդդիմության կարեւորության մասին որպես երկրի «հարստություն»։ Ակնհայտորեն այդ «գովեստն» ու «գնահատանքը» չի վերաբերում երկրորդ եւ երերորդ խմբին, իսկ առաջինում ոչ թե քաղաքական ուժերի մասին է խոսում, այլ «մտահոգ անհատների»։ Ո՞վ է ուրեմն այդ՝ «մեր երկրի քաղաքական դաշտի հարստությունը»։  Ոմանք ասում են՝ Դաշնակցությունն ու Ժառանգությունը։ Բայց նրանք Ս. Սարգսյանի՝ ընդդիմության սպառիչ «ստորաբաժանումնման» երեք մասերից եւ ոչ մեկում չեն արտահայտվում։ Գուցե այստեղ ենթագիտակցությո՞ւն է դեր խաղացել։
Եւ վերջում ուզում եմ հարցնել՝ ի՞նչ տարի է սպասվում հայ ժողովրդին։
Արտահերթ ընտրությունների միջոցով օրինական իշխանության հաստատման եւ տասնամյա մղձավանջից վերջնական ու անվերադարձ ազատվելու տարի։
Շնորհավոր այդ նոր տարին։
Հարցազրույցը՝ Աստղիկ Սարգսյանի
«ՉԻ» 23.12.2010


Wednesday, December 22, 2010

ԻՆՉ ՈՐ ԲԱՆ ԱՅՆՊԵՍ ՉԷ...

22.12.2010

Հանրապետական կուսակցության 20-ամյակի առիթով Սերժ Սարգսյանի ընդարձակ ելույթը կարդալիս տարբեր զգացողություններ ես ունենում, որոնց ընդհանուր հատարար-բացատրությունը, կարծես թե մեկն է. «Դանիական թագավորությունում ինչ-որ բան այնպես չէ»։ Անդրադառնանք նրա ելույթի «մեխերից» միայն մեկ-երկուսին։
«Դու ասացիր»
«Ասելիքի բացակայությունը մի կողմից, «ամեն ինչ վատ է» սկզբունքը մյուս կողմից, հանգեցրին նրան, որ Գարեգին Նժդեհի դավանած ցեղակրոնությունը հռչակվեց ոչ ավել ոչ պեկաս՝ «ռասիզմ»։ Եթե պետք է ցեխ շպրտել Հանրապետական կուսակցության վրա, իսկ հանրապետականները տալիս են Նժդեհի անունը, ուրեմն պետք է անպայման ցեխ շպրտել Գարեգին Նժդեհի երեսին։ Ա՛յ այսպիսի պարզունակ տրամաբանական շղթա։ Բայց մենք Հովհաննես Թումանյանի անունն էլ ենք տալիս... Նաեւ շատ ու շատ մեր մեծերի անունն էլ ենք տալիս։ Մենք այսուհետեւ եւս շարունակելու ենք հետեւել հայոց մեծերին ՝ առանց վախենալու, թե հաջորդ միտինգի ժամանակ ինչ հրեշավոր պիտակ կփակցվի նրանց լուսավոր կերպարին»։
Սերժ Սարգսյանն ակնարկում է Լեոն Տեր-Պետրոսյանի 2010թ. նոյեմբերի 9-ի ելույթի հետեւյալ հատվածը. «Այնուամենայնիվ, ինչպես էլ վերաբերվենք Սարգսյանի ելույթին, հարկ է արժանին մատուցել նրա հեղինակին, որը լինելով արդի նժդեհականության հայրը, առաջին անգամ այսպես հստակ ներկայացրեց իր կուսակցության ցեղապաշտական կամ ցեղակրոնական գաղափարախոսությունը։ Միայն թե ի գիտություն անտեղյակների նշենք, որ ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ «ռասիզմ» բառի հայերեն թարգմանությունը։ Հետեւությունները թողնում եմ ձեզ»։
Այն, որ ի սկզբանե, սկսած դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման առաջին իսկ տարիներից, նրան ինչ որ բանում մեղադրելու կամ քննադատելու համար շարքային քաղաքական աճպարաներ ստիպված էին նրա խոսքը խեղաթյուրել, վաղուց հայտնի փաստ է՝ տասնյակ օրինակներով։ Բայց որ իրեն թուլ է տալիս այդ մակարդակին իջնել հանրապետության բարձրագույն պաշտոնը զբաղեցնող անձը, իրոք, զավեշտալի է։ Ի՞նչ պարտադիր էր անպայման «պատասխանել», եթե պատասխանելու բան չունես։ Թե՞ միակ հույսն ու հաշվարկն այն է, որ բոլոր հեռուստաալիքների վրա վերահսկողություն սահմանած լինելով՝ գիտի, որ իր ակամա լսարանը հարյուր անգամ ավելի մեծ է, ուստիեւ լսողների մեծագույն մասը չի կարողանալու համեմատել երկուսի խոսքը՝ հասկանալու համար, որ Սերժ Սարգսյանը անճարակաբար ստում է։ Ինչպես դժվար չէ տեսնել, Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդամենը արձանագրում է այն իրողությունը, որ, Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության գաղափարական հիմքը Նժդեհի ցեղապաշտական կամ ցեղակրոն ուսմունքն է, եւ «անտեղյակների համար» ասում, որ ցաղապաշտությունը կամ ցեղակրոնությունը (սրանք համարժեքներ են) միջազգային տերմինալոգիայում հայտնի «ռասիզմն» է հայերեն թարգմանությամբ։ Սերժ Սարգսյանը չի՞ կարողանում տարբերել բառի թարգմանությունը «հրեշավոր պիտակ կպցնելուց»։ Սերժ Սարգսյանը, որպես բանասեր, թող ինքնուրույն քրքրի բառարանները կամ, եթե դա անել չի կարող, թող համապատասխան հումանիտար ինստիտուտներին հանձնարարի պարզել, որ «ռասիզմ» բառը հայերն այլ համարժեք, թարգմանություն ունի։ Կրկնենք. Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ թե ցաղապաշտությունը կամ ցեղակրոնությունը «հռչակում է» ռասիզմ, այլ հիշեցնում է, որ այն հայտնի միջազգային հայտնի բառի թարգմանությունն է, հայերեն բառարանային համարժեքը։ Իսկ եթե Ս. Սարգսյանը համարում է, որ դա նշանակում է «ցեխ շպրտել» Նժդեհի ու Հանրապետականի վրա, ապա դա, արդեն, իր խնդիրն է։ Աստվածաշնչային խոսքով՝ «Դու ասացիր»։ Կամ, եթե դա համարում է «հրեշավոր պիտակ», առիթ է, թող կարդա Նժդեհի գործերից մի քանիսը (դրանք շատ չեն) եւ՝ Հանրապետականի Ծրագիրը։
Իմիջայլոց, շա՜տ հետաքրքիր է Ս. Սարգսյանի խոսքում «Հանրապետականները տալիս են Նժդեհի անունը» ձեւակերպումը։ Թումանյանը եւ մյուս մեծերն, իհարկե, այստեղ գործ չունեն։ Խոսքը անունը տալու մասին չէ. խոսքն այն մասին է, որ Հանրապետականների ծրագրում է Նժդեհի ուսմունքը հիշատակվում որպես այդ կուսակցության գաղափարախոսության հիմք։ Եւ Ս. Սարգսյանի կիրառած «անունը տալիս են» ցրողական «մեղմասացաությունը» ու Թումանյանին ու մյուս մեծերին այդ ցրողականության համար օգտագործելը շատ նման է, որ Ս.Սարգսյանը Հայոց ցեղասպանությունն ուրանալուց հետո նաեւ իր գաղափարական նախահորը ուրանալու քայլ է անում, նման է՝ որ ուրանալը նրա համար դառնում է բնավորության կայուն գիծ ու գործելակերպ, եւ ոչ միայն ազգային ու քաղաքական հարցերում։
Կաշառակերություն եւ կոռուպցիա
«Այսօր մեր առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան։ Դրանց պատճառների եւ նախադրյալների մասին կարելի է ժամերով խոսել, բայց մեր խնդիրն այսօր դրանց հաղթահարումն է»։
Շատ լավ։ Հայաստանում, վերից վար, չկա մի չափահաս մարդ, որը չիմանա ու չհամարի, որ այդ նույն կոռուպցիայի ու կաշառակերության ներկայացուցիչները իշխանական բուրգի ներկայացուցիչներն են՝ դարձյալ վերից վար։ Սերժ Սարգսյանն այնպես է խոսում, կարծես ինքը դրա հետ ոչ մի կապ չունի։ Բայց պայմանականորեն համարենք, թե մեր ասվածը պարզ, անապացույց մի հայտարարություն է։ Այդ դեպքում պետք է պատասխանել բազմաթիվ հարցերից, օրինակ, այս մեկին։ Ռուսական «Վերսիա» եւ «Վեկ» հեղինակավոր պարբերականները հրապարակեցին Հայաստանի մեծահարուստ իշխանավորների՝ միլիարդավոր դոլարներով չափվող ունեցվածքի ցանկը՝ հստակ արձանագրելով, որ դա կոռուպցիայի, թալանի, կողոպուտի արդյունք է։ Մեծահարուստ իշխանավորների այդ ցանկում Ս. Սարգսյանը երկրորդ տեղում էր Ռ. Քոչարյանից հետո։ Այդ ինֆորմացիան խայտառակություն էր ամեն մի իշխանավորի համար, որը պաշտոնապես երբեւէ բիզնեսով չի զբաղվել։ Ուստիեւ հսկայական այդ կարողությունների ձեռքբերման միակ աղբյուրը պետք է ենթադրել պաշտոնական դիրքի չարաշահումը՝ նույն կաշառքն ու կոռուպցիան։ Ի՞նչ պետք էր անել, եթե այդ ամենը զրպարտություն էր եւ չէր համապատասխանում իրականությանը։ Իհարկե, պետք էր դատի տալ համապատասխան պարբերականներին՝ նման մի մահացու մեղադրանքի, իրենց «անունն ու բարի համբավը» ոչ թե արատավորելու, այլ ոչնչացնելու համար։ Այդ բանը չարեց ոչ մեկը։ Անգամ պաշտոնական հերքում չտրվեց։ Ուրեմն նման բան ասելու իրավունք ունեալու համար Ս. Սարգսյանը կա՛մ պետք է դատի տա հիշյալ նյութը հրապարակողին ու ապացուցի հակառակը, կա՛մ այն ամենը, ինչ այնտեղ գրված է, հրապարակայնորեն վերադարձնի ժողովրդին։ Ապա պետք է ստիպի, որ նույն բանն անեն Ռ. Քոչարյանը եւ մյուսները։ Այլապես ցանկացած խոսք այդ մասին «հովվերգության ժանրին կպատկանի»։
Ընդդիմություն
«Երկրորդ խմբում (ընդդիմության) մարդիկ են, ովքեր Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ ծառացած բոլոր խնդիրների լուծումը տեսնում են միայն իշխանափոխության մեջ։ Նրանք ասում են. հենց որ Սերժ Սարգսյանի փոխարեն մենք լինենք հանրապետության ղեկին, ամեն ինչ լավ կլինի։ Քան դեռ նա է, ամեն ինչ վատ է, ու վատ է լինելու։ Այս պարզ բանաձեւն արդեն տարիներ շարունակ թմբկահարվում է»։
Վերագրումն արված է Հայ Ազգային Կոնգրեսին։, որ դարձյալ սուտ է, խեղաթյուրում։ Խոսքը երբեք Սերժ Սարգսյանին չի վերաբերել որպես որոշակի ֆիզիկական, բարոյական, ինտելեկտուալ ու հոգեւոր ամբողջություն ներկայացնող անձ-անհատի։ Խոսքը միշտ վերաբերել է Հանրապետության նախագահի լեգիտիմության խնդրին։ Խոսքը նույն կերպ վերաբերելու էր ցանկացած մեկին, որը եթե անգամ թվարկված հատկանիշներով տասն անգամ գերազանցեր Սերժ Սարգսյանին, բայց իշխանության գար ընտրությունները ոտքից գլուխ կեղծելով, ջարդով ու սպանդով, այլ խոսքով՝ բռնազավթեր Սահմանադրությամբ ժողովրդին պատկանող իշխանությունը։ Սերժ Սարգսյանն, ահա, ոչ մի կերպ չի կարողանում կամ չի ուզում հասկանալ այս շատ պարզ բանաձեւը եւ ուրիշներին մեղադրում «պարզունակ բանաձեւերի» հետեւելու մեջ։ Իսկ իշխանության լեգիտիմության խնդիրն էլ մանկական կապրիզ չէ, այլ սահմանադրական պահանջ, որն ունի իր, դարձյալ շատ պարզ բացատրություն-բանաձեւը. եթե դու իշխանության ես գալիս ժողովրդի կամքով՝ ծառայում ես նրան՝ ընդդեմ կրիմինալի, եթե կրիմինալի միջոցով՝ ծառայում ես կրիմինալին՝ ընդդեմ ժողովրդի։
«Կոալիցիոն գործընկերների մասին»
Այս ենթաբաժնում Ս. Սարգսյանն ասում է «Այստեղ ուզում եմ այն ասեկոսեներին, այն խոսակցություններին... թե իբր ես վերջնագիր եմ ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը... Բոլորիդ հայտնի է, որ ես երբեք, ոչ մեկի հետ վերջնագրով չեմ խոսել, մանավանդ՝ իմ գործընկերների հետ։ Նրանց ասած այդ վերջնագրերը պարզապես իմ պահանջներն են ինչպես իմ կուսակիցների, այնպես էլ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ։ Կարծում եմ, որ սա օրինաչափ է, եւ հակառակը ենթադրել՝ պարզապես անտրամաբանական է»։
Դժվար է պատկերացնել, բայց մարդը սպառիչ հաստատում է այն, ինչը փորձում է սպառիչ հերքել։ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀԿ նախագահ, պահանջներ կարող է ներկայացնել իր ղեկավարած կուսակցությանը։ Ուրիշ կուսակցության, թեկուզ «կոալիցիոն» նա պահանջներ ներկայացնելու իրավունք չունի։ Որպես պետության բարձրագույն պաշտոնատար անձ նա, գուցե, կարող է պահանջներ ներկայացնել պետական պաշտոնյաներին, եւ այն էլ՝ ընդամենը, որ չխախտեն օրենքները կամ պատշաճ կատարեն օրենքով իրենց վրա դրված պարտականությունները։ Եւ այդ դեպքում կուսակցականությունը որեւէ կապ չունի։ Բայց եթե Ս. Սարգսյանը (որպես պետության բարձրագույն պաշտոնատար անձ) պահանջներ է ներկայացնում այլ կուսակցության, ապա դա այլ բան չէ, քան վերջնագիր։ Այնպես որ՝ դա ոչ միայն օրինաչափ ու տրամաբանական չէ, այլ նվաստացուցիչ «կրտսեր» գործընկերոջ նկատմամբ։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայկական ժամանակ», 22.12.2010  

Saturday, December 18, 2010

ԶՈՒՐ ՋԱՆՔԵՐ


Ընդամենը երկու-երկուսուկես տարի առաջ ոչ մեկը չէր էլ կարող ենթադրել, թե Հայաստանում հնարավոր է այնպիսի մի քաղաքական իրավիճակ, որն իր բնութագրիչներով կարող է համեմատվել 1988-90թթ-ի հետ, առավել եւս՝ գերազանցել այն։ Պատճառը ոչ միայն հիմնական՝ ազատության, ժողովրդավարության, օրինականության սոցիալական խնդիրների ավելի պակաս հուզող լինելու հանգամանքն էր՝ համեմատած ղարաբաղյան հնչեղ “ազգային” խնդրի հետ։ Պատճառը նաեւ այն էր, որ նախորդ տասնամյակում, այս խնդիրներով հասարակական ուժերի մոբիլիզացումը վերջնական արդյունք չէր տվել, ու հասարակությունը մատվնել էր հուսալքության ու վերջնական քաղաքական ապատիայի։ 2007-ի աշնան սկզբի ըստ էության զրոյական վիճակից, Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ասպարեզ մտնելով, մի քանի ամսվա ընթացքում գոյացած Համաժողովրդական շարժումը հասավ աներեւակայելի կուլմինացիայի՝ մասնակիցների քանակի ու խանդավառության աստիճանի առումով հավասարվելով 1988-ին։ Մարտիմեկյան ջարդից, սպանդից եւ հետագա աներեւակայելի բռնությունների ծանր պայմաններում, Շարժումը կարողացավ հարատեւել՝ պահպանելով իր ողջ քաղաքական ռեսուրսը՝ ապացուցելով նաեւ իր տոկունությունը։
Թերեւս առաջին անգամ հայ իրականության մեջ ընդդիմությունը դրսեւորեց քաղաքական պատասխանատվության որակներ, որոնք, ըստ մեզանում տարածված պատկերացումների, կարող է ունենալ իշխանությունը, բայց ոչ ընդդիմությունը՝ իշխանության համար պայքարը ստորադասելով երկրի շահերին։ Այս ամենով Հայ Ազգային Կոնգրեսը ոչ միայն ներքաղաքական, այլ նաեւ արտաքին քաղաքական խնդիրներում կարեւորագույն քաղաքական գործոն է՝ պաշտոնական իշխանությանը հավասար կամ ավելի, ինչն, ակնհայտ լինելով, ապացուցելու կամ հիմնավորելու կարիք չի զգում։
Ո՞ւմ պետք է առաջին հերթին անհանգստացնի այս հանգամանքը։
Գործող իշխանությանը - 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից, պետական հեղաշրջումից հետո հաստատված վարչախումբը տասնամյա հետեւողական ու մանրակրկիտ “աշխատանքով” տեսանելի ապագայի համար, կարծես թե, լուծել էր բռնապետական իշխանության հաստատման, պահպանման ու վերարտադրման խնդիրը։ Համաժողովրդական շարժումը տակնուվրա արեց ամեն ինչ։ Ամբողջությամբ բացահայտվեց ու անգործության մատնվեց նրա “քաղաքական” զինանոցը՝ կեղծ ու ձեռնասուն ընդդիմության ինստիտուտը, ինչն այնքա՜ն անհրաժեշտ էր՝ մի կողմից հասարակությանը խաբելու ու ապակողմնորոշելու, մյուս կողմից՝ արտաքին աշխարհի առջեւ ժողովրդավարության քողով դեմքը ծածկելու համար։ Չնայած անլուր բռնություններին՝ տեղի տվեց հուսալքության ու վախի մթնոլորտը։ Չնայած տեղեկատվական շրջափակմանը եւ քարոզչական տեռորին՝ վարչախումբն իր գործողություններին ստիպված եղավ ողջ հասարկությանը ցուցադրել իր իր զազրելի մերկությունը։
Վարչախմբի փորձերը՝ վերականգնել իր ավերված զինանոցը, մասնավորապես կեղծ քաղաքական ընդդիմությունների՝ “երրորդ բեւեռի”, “հայրենասիրական ճակատի”, Դաշնակցությանը ընդդիմադիր դաշտ գործուղելու եւ այլ տարբերակներով, լիակատար ձախողում կրեցին։ Քաղաքական-գաղափարական հրապարակային ճակատային պայքարը, հենց սկզբից արած մի քանի փորձերից հետո, պարզ դարձրեցին, որ, այս ասպարեզում ունենալով ինտելեկտի ու մանավանդ փաստարկների խոր դեֆիցիտ, ակամա դառնում է ընդդիմության գովազդ, վնասաբեր վարչախմբի համար։ Բռնությունների եւ ուժի գործադրումը, այնուամենայնիվ, ինչ-որ սահմաններից դուրս գալ չի կարող։ Դատապարտված լինելու զգացումը, որքան էլ դա արտաքուստ չերեւա, շարունակում է օր-օրի քայքայել վարչախումբը ներսից եւ մեծացնում Կոնգրեսի քաղաքական պոտենցիալը։
Միջազգային հանրությանը կամ՝ Արեւմուտքին - Հայաստանն Արեւմուտքի ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաեւ 1988-90 թվականներին, երբ Ղարաբաղյան կամ հայկական ժողովրդավարական շարժումը ցնցում էր 70 տարի վեր “հակառակ բեւեռ” հանդիսացող խորհրդային բռնատիրության հիմքերը։ Ըստ այդմ՝ վերաբերմունքը խիստ դրական էր։ 1988-90-ին Արեւմուտքն ազատորեն կարող էր հանդես գալ իր հռչակած՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների դիրքերից, նպաստել ԽՍՀՄ, այդ թվում հայկական ժողովրդավարական շարժումներին, քանզի դրանք մոտեցնում էին իր այդ պահի աշխարահաքաղաքական խնդիրների լուծմանը։ Այժմ Հայաստանն Արեւմուտքի ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանզի երկու հիմնական խնդիր՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նրան անհրաժեշտ է՝ լուծելու համար իր այսօրվա կարեւոր աշխարհաքաղաքական կոնկրետ խնդիրները։ Հայաստանի հետ կապված նրա այդ խնդիրները բնույթով բոլորովին այլ են, եւ շատ ավելի հեշտ ու էժան լուծում կստանան ոչ ժողովրդավար, թույլ ու խոցելի իշխանության եւ իներտ հասարկության պայմաններում։
Հենց դրանով պետք է բացատրել վերջին տարիների մի շարք “զարմանալի” իրողություններ՝ Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները գերագույն արժեք, իսկ իրեն՝ դրանց ջատագով ու պաշտպան հռչակած Արեւմուտքի վարքագծում։ Մի կողմից՝ Հայաստանում իշխող վարչախմբի ապօրինությունների առիթով արված հրապարակային դատապարտումներ, պահանջներ, բանաձեւեր, դատավճիռներ, մյուս կողմից՝ ճչացող անհետեւողականություն, նույն վարչախմբի նկատմամբ անհասկանալի ներողամտություն, ընդհուպ՝ վատ սքողված գուրգուրանք։ Բացատրությունը մեկն է. Արեւմուտքը պետք է մի կողմից՝ ժողովրդավարության ու մարդու իրավունքների ջատագովի իր դեմքը պահպանի, մյուս կողմից՝ լուծի Հայաստանում ոչ լեգիտիմ ու խոցելի իշխանություն ունենալու խնդիրը՝ նրա միջոցով թույլ կողմի հաշվին, առավել էժան տարբերակով կարգավորելու համար իր աշխարհաքաղաքական խնդիրները։ Որքան էլ իր ռեսուրսներով ու տնտեսությամբ երկիրը փոքր, սակայն նրան դժվար է հրամայել ու ստիպել, եթե այն օժտված է լեգիտիմ եւ հասարկության վստահությունը վայելող անխոցելի ժողովրդավար իշխանությամբ։ Իր այսօրինակ քաղաքական կշռով Կոնգրեսն ինչ-որ տեղ զսպում է Հայաստանի (եւ Ղարաբաղի) նկատմամբ Արեւմուտքի եւ հարեւանների ախորժակը։ Այս հանգամանքի շնորհիվ է, որ Կոնգրեսն, ըստ էության, ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին քաղաքական կարեոր ու անշրջանցելի գործոն է՝ ոչ պակաս կարեւոր, քան պաշտոնական իշխանությունները։ Ահա, այստեղ է, որ հասարկության մեծագույն մասի վստահությունը վայելող ընդդիմադիր ուժը՝ Հայ Ազգային Կոնգրեսը, որպես երկրում ժողովրդավարական, օրինական ու անխոցելի իշխանության հաստատման պոտենցիալ, չքայքայվող քաղաքական կորիզ ունեցող ուժ, անհանգստացնող է ու անցանկալի Արեւմուտքի համար։

*  *  *
Այսինքն՝ վարչախումբը եւ Արեւմուտքը, տարբեր մոտիվներով, բայց դաշնակիցներ են Հայ Ազգային Կոնգրեսի թուլացման, նրա քաղաքական միջուկի քայքայման խնդրում։ Մեթոդներն են մնացել սահմանափակ։ Իշխանական բռնությունները, ապօրինությունները, կամայականությունները, տոտալ քարոզչությունը՝ վերագրումների, կեղծիքների տարածումը վարչախմբի կողմից վերահսկվող էլեկտրոնային միջոցներով գուցե մի քիչ կարճացրեց Կոնգրեսի “փեշերը”։ Սակայն, որպես քաղաքական գործոն, անխախտ մնաց նրա՝ մի քանի տասնյակ հազարանոց քաղաքական կորիզը։ Ահա այդ չքայքայվող կորիզի մեջ “ցեց գցելն” է հիմնական խնդիրը։ Միակ արդյունավետ ձեւը մնում է այնպիսի կեղծ տեղեկությունների տարածումը, մատից ծծած “վերլուծությունները”, որոնք պետք է նրբորեն ազդեն մարդկանց ենթագիտակցության վրա ու նպաստեն Կոնգրեսի նկատմամբ վստահության անկմանը։ Ահա տարածվող այդպիսի “խոսք ու զրույցի” մի քանի օրինակ.
-        Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից,
-        Կոնգրեսի մեջ պառակտում է սկսվել,
-        Հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այսօրվա իշխանության տեսակետները նույնական են,
-        Կոնգրեսն իրեն սպառել է, անհրաժեշտ է նոր ընդդիմություն եւ նոր ղեկավար,
-        Կոնգրեսը համագործակցում է իշխանության հետ,
-        Կոնգրեսը կարող է, բայց չի կանխում հայ-թուրքական եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման աննպաստ զարգացումնրը, սպասում է, մինչեւ դրանց վրա ձախողվի Սերժ Սարգսյանը եւ այլն։
Սակայն այս ամենի ազդեցությունը կոնգրեսական քաղաքական կորիզի վրա զրոյական է, քանի դեռ այն տարածվում է իշխանական քարոզչամեքենայի կողմից։ Որպեսզի այդ կորիզի մեջ “ցեց ընկնի”, նմանօրինակ մտքերը պետք է հայտնվեն “ընդդիմադիր” ընկալվող լրատվամիջոցներում։ Եւ դրա շահագրգռված պատվիրատուն, բնականաբար, կարող է լինել ինչպես իշխանությունը, այնպես էլ՝ Արեւմուտքը՝ օգտվելով, մասնավորապես, վերջիններիս ֆինանսական խոցելի վիճակից։
Վերջերս նման գիծ է նկատվում “Ժամանակ” (Երեւան) թերթի էջերում։ Բերենք մի քանի օրինակ.
“Վերջին 15 տարում հենց կառավարող էլիտան է շահագրգռված, որ բանավեճ տեղի չունենա (Ղարաբաղի հարցում) եւ ամեն ինչ մնա առուվաճառքի մասին մեղադրանքների մակարդակին, որովհետեւ այդ դեպքում իշխանությունը հայտնվում է շահեկան վիճակում”, “ներքաղաքական հստակ ու լեգիտիմ օրակարգի բացակայությունը, որ իշխանությունը կարողացավ փաթաթել ոչ միայն հասարկությանը, այլեւ ընդդիմությանը”, “լրջորեն վնասվեց ներքաղաքական, ներպետական կյանքում առկա միակ օրգանական գործող կապը՝ հասարակություն-ընդդիմություն կապը”, “ընդդիմության պարագայում հանրությունը գտնվում է որոշակի մոլորված վիճակում”, “այժմ Հայաստանում կարծես թե հերթական անգամ այդօրինակ մի փուլ է, երբ նոր օրակարգի պահանջ է ձեւավորվում, ու առաջանում է անխուսափելի մի հարց՝ ո՞վ է ձեւակերպելու այդ պահանջը եւ տնօրինելու դրա ընթացքը։ Թերւես տվյալ քաղաքական ուժինն էլ լինելու է ապագան, համենայնդեպս, հասարակությունն իր ապագան կապելու է հենց այդ ուժի հետ”, “սարերի հետեւում չէ 2012թ. եւ այդ առումով, կարծես թե ինքնաբերաբար հարց է առաջ գալիս. թե եղած ընդդիմությա՞մբ է քաղաքական դաշտը գնալու այդ, իսկ հետո նաեւ 2013թ. ընտրությանը, ընդդիմությամ՞բ է գնալու, թե՞ գնալու է ընդդիմություններով, Հայաստանի նոր ընտրական փուլին կմասնակցի նախորդին արդեն իսկ մասնակցած ընդդիմությունը։ Լավ է դա, թե՞ վատ”, “Կոնգրեսը գաղափարական առումով որեւէ հակասություն չունի այդ միջազգային կենտրոնների տարածաշրջանային պատկերացումների ու զարգացումների հետ” եւ այլն։
Ոչ միայն Ղարաբաղի հարցում է մեր հակառակորդը միջազգային հանրությունը կամ Արեւմուտքը։ Նրա դիմադրությունը մենք պետք է հաղթահարենք նաեւ երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելու, լեգիտիմ իշխանություն ունենալու հարցում։ Եւ դա լիովին լուծելի խնդիր է։ Իսկ բոլոր նրանք, ովքեր այսօր փորձում են որեւէ կերպ նպաստել այդ խնդիրն իր առջեւ դրած, ժամանակի ծանրագույն մարտահրավերներին դիմակայած Հայ ազգային Կոնգրեսը թուլացնելու գործին, ի վերջո գործում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ի նպաստ ապօրինի վարչախմբի եւ օտարի շահերի։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայկական ժամանակ”, 18.12.09


Wednesday, December 15, 2010

ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՔԱՆԴՈՒՄԸ

15.12.201

Սահմանադրության եւ օրենքի փոխարեն քրեական աշխարհի բարքերով՝ «գողականով» առաջնորդվող, քաղաքականի փոխարեն նյութականի վրա հիմնված, պետական անվտանգության, քաղաքացիների իրավունքների ու բարեկեցության խնդիրի փոխարեն միմիայն սեփական հարստացման մասին մտածող, ի ծնե ապօրինի իշխանությունը կարող է բազում վնասներ, նույնիսկ աղետներ բերել, բայց չի կարող երկար գոյատեւել։ Այն, ինչ տեղի է ունենում վերջերս «հայրենի» ավազակապետության հետ, դրա փայլուն ապացույցն է։
«Մախաթը պարկում չի մնա», - ասում է ժողովրդական իմաստությունը։ Միայն վերջին շրջանում համաշխարհային հնչեղության երեք՝ «Պզոյի», Լուժկովի եւ Ուրանի գործերով ողջ միջազգային հանրությունն արձանագրեց վերջին տասնամյակում Հայաստանի իշխանական «էլիտայի» անմիջական կապն ու ակտիվ դերակատարությունը միջազգային ահաբեկչության, նարկոբիզնեսի, մարդավաճառության, փողերի լվացման բնագավառներում։ Սրան ավելացավ «վիկիլիքսի» շնորհիվ հայտնի դարձած զենքի ապօրինի վաճառքի գործը՝ կապված անձամբ Սերժ Սարգսյանի անվան հետ։
Հայաստանյան ավազակապետությունն այս ամենով պաշտոնապես ճանաչվում է նաեւ միջազգայնորեն։ Իսկ դա անխուսափելիորեն պետք է ունենար առնվազն երկու հետեւանք։ Առաջին. իշխանական բուրգում պիտի սասանվեր այն հավատը, թե առաջին դեմքը կարող է փակել իրենց հանցանքների հետ կապված ցանկացած գործ ոչ միայն ներսում, այլեւ դրսում։ Այս լեգենդի կործանումը հոգեբանական ծանր հարված է յուրաքանչյուրին՝ վերից վար։ Երկրորդ.  նույն այդ միջազգային հանրությունը (ի դեմս խոշոր տերությունների) հրապարակված խայտառակ փաստերի պայմաններում պետք է (պարտավոր է) վերապահությամբ հարաբերվի Հայաստանի իշխանության հետ ու խուսափի նրան աջակցելու վարկաբեկիչ դերից։ Սրանով սասանվում է երկրորդ՝ «դրսի մշտական օգնության» լեգենդը։ Այս շարքին ավելանում է Ղարաբաղի հարցում ձախողումը. ի հեճուկս անտեղյակ զանգվածին ուղղված իշխանական քարոզչության, նույն իշխանության մեջ շատերն, անշուշտ, հասկանում են, որ Ս. Սարգսյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որի առանցքային դրույթի վրա 1996-ին վետո էր կիրառել Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Երկրի ներսում էլ ոչ միայն ընդդիմության հարցերը չեն լուծվում, այլ ստիպված են կատարել նրանց պահանջները։ Այս ամենը շատ լավ հասկանալով կամ, ինչպես ասում են, «ողնուղեղով զգալով» վերահաս վտանգը, ավազակապետական բուրգը պետք է ցնցումներ ապրեր նաեւ ներսից։
Եւ այդ ցնցումը շատ չուշացավ։
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարականի «դիմում գրեց» Սերժ Սարգսյանի պահանջով (պաշտոնապես հենց այդպես էլ ներկայացվեց)։ Նույնպիսի մի պատրվակով պաշտոնանկ արվեց նաեւ արդարադատության նախարարը։ Ըստ ամենահուսալի էքսպերտների գնահատականի՝ Ս. Սարգսյանին իշխանության բերելու եւ այդ իշխանության գոյությունն ապահովող «երախտավորների» մեջ Գ. Բեգլարյանն առաջին տեղում էր։ Ինչո՞ւ Ս. Սարգսյանը զոհաբերեց նրան։ Այն, ինչը պաշտոնապես ներկայացվում է որպես նրա «պաշտոնանկության» պատճառ, մեր իրականության համար ծիծաղելի է։ Նրանից «քաշով» ու մատուցած ծառայությամբ ավելի ցածր մարդիկ ոչ միայն հարյուրավոր այսպիսի հանցանքներ, այլ ընդուպ սպանություններ են գործել ու մարսել Ս. Սարգսյանի օրհնությամբ։ Ո՞րն էր իրական պատճառը։ Այսօր պատմվող տարբերակները շատ են. ներիշխանական գզվռտոց, ընդհուպ՝ պետական հեղաշրջման ծրագրի բացահայտում։ Մի բան ակնհայտ է. Սերժ Սարգսյանը հանկարծ չորոշեց օրինապաշտ լինել։ Այդ դեպքում նա պետք է սկսեր բոլորովին այլ տեղից։ Ակնհայտ է, որ իշխանական բուրգը ներսից ցնցվում է ու խարխլվում։ 
Քրեականների միջոցով ձեւավորված ու քրեական բովանդակություն ունեցող իշխանությունը՝ ավազակապետությունը չի կարող երկար կյանք ունենալ, երբ դրա դեմ ձեւավորվում է համաժողովրդական ընդդիմացում։  Ավազակապետական այս ռեժիմի հետ Հայաստանի ժողովուրդը չի հաշտվել դրա ծննդյան օրվանից, իսկ վերջին երեք տարում դրա դեմ անընդհատ ու հաստատակամ պայքարը ծնեց քաղաքացիական մի հասարակություն, ինչն արմատապես փոխեց երկրի քաղաքական մթնոլորտը։ Թանձրացող այդ մթնոլորտը մահացու է ավազակապետության համար, ուստի դրա խորացումը իր ազատության, ապահովության, մարդկային, նույնիսկ ազգային արժանապատվության համար նախանձախնդիր յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է։
Աշոտ Սարգսյան
«Հայ Ազգային Կոնգրես» 15.12.2010




Saturday, December 4, 2010

Գագիկ Թադեւոսյանը՝ դիդակտիկ նյութ

04.12.2010

Տասնյակ դեպքեր են եղել, երբ ՀՀ Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին «քննադատելու» կամ «պատասխանելու» համար օգտագործվել է նրա խոսքն աղավաղելու էժանագին «տրյուկը»՝ մի ստորակետ, մի բառ փոխելով, խոսքը, միտքը կիսելով, աղճատելով։ Մանր ժուլիկի նույն հնարքն է օգտագործել «Ազգային միաբանություն» կոչվող կուսակցության  (Ա. Գեղամյանի) փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը։
 ՀՀՇ երիտասարդական միության համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում զգուշացրեց երիտասարդությանը՝ չհրապուրվել միայն կուսակցական աշխատանքով ու կարիերայով, եւ ամեն ինչից առաջ մտահոգված լինեն նախ եւ առաջ մասնագիտական պատրաստություն ստանալու խնդրով՝ զգուշացնելով «կոմսոմոլ» երեւույթից։
 Նյութը կառուցված է որպես «Առավոտի» հետ զրույց» եւ մեջբերումը լրագրողի անունից է. «Նախկին խորհրդային կամ սոցիալիստական ճամբարի ամենախայտառակ երեւույթը հենց այդ կոմսոմոլի երեւույթն էր, երբ պատրաստվում էին կիսագրագետ, ֆանատիկ զոմբիներ, որոնք հետագայում պիտի դառնային սիստեմի հենարանը։ Ի դեպ, եթե դուք նայեք Խորհրդային Միության պատմությանը, կուսակցության շարքերում կային ֆանատիկներ։ Բայց կային շատ զարգացած, լուրջ ինտելեկտուալ մարդիկ, որովհետեւ նրանք ստացել էին ցարական կրթություն, դեռ այն ժամանակ էին մասնագիտություն ստացել»։ Ապա լրագրողի անունից ավելացվում է . «Գալով 60-80-ական թվականներին՝ Տեր-Պետրոսյանը Խորհրդային Միության կադրերի մի մասին «կիսագրագետ, գավառամիտ մի խաժամուժ» անվանեց»։
Ահա այս առիթով Գ. Թադեւոսյանը արձագանքում է. «Ես չգիտեմ Տեր-Պետրոսյանն ո՞ւմ նկատի ուներ. վաղամեռիկ Համբարձում Գալստյանի՞ն, ով համալսարանի պատմության ֆակուլտետի կոմսոմոլի քարտուղարն էր, Աշոտ Մանուչարյանի՞ն, ով ֆիզիկայի ֆակուլտետի քարտուղարն էր, նաեւ ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար աշխատեց, թե՞ Դեմիրճյան Ստյոպային, որ Պոլիտեխնիկ ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի անդամ էր, այսօր էլ իր կողքին։ Միգուցե Հրանուշ Հակոբյանի՞ն, ով իր նախագահ եղած ժամանակ կառավարության անդամ էր, կամ՝ իր եղբայր Պետրոս Պետրոսյանին, ով կոմերիտմիության ակտիվիստ էր, հրամանատար»։
Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն ունի շարունակություն, որը չանտեսելու դեպքում բոլորովին այլ կլիներ հարցադրումը եւ, մեղմ ասած, անհեթեթ կհնչեր Գ. Թադեւոսյանի «պատասխանը»։ Դա հետեւյալն է. «Որոշ բացառություն են կազմում կուսակցական այն կադրերը, որոնք գալիս էին արտադրությունից։  Կոմունիստական կուսակցությունն ուներ սնուցման երկու աղբյուր. մեկը կոմսոմոլն էր՝ հիմնականը, մյուսը՝ արտադրությունը։  Եւ արտադրությունից եկած կադրերը էականորեն տարբերվում էին կոմսոմոլից եկած կադրերից»։ Եւ նշումէ երկու օրինակ՝ կենտրոնի մակարդակով՝ Կոսիգինին եւ Հայաստանում՝ Կ. Դեմիրճյանին։
Լեւն Տեր-Պետրոսյանի խոսքը, ինչպես դժվար չէ տեսնել, կոմսոմոլի ճանապարհով կուսակցական աշխատանքի անցնելու մասին է միմիայն։ Ահա, այս դեպքում ժամանակին զոմբիացած Գ. Թադեւոսյանի հռետորական հարցադրումները հօդս են ցնդում. Համբարձում  Գալստյանը եւ Աշոտ Մանուչարյանը «կոմսոմոլով» կուսակցական աշխատանքի չեն անցել, նրանցից մեկը լավ գիտնական էր, մյուսը՝ լավ մանկավարժ։ Ստեփան Դեմիրճյանը նույնպես, չնայած բոլոր հնարավորություններին ու դյուրություններին, նաեւ առաջարկներին՝ գերադասել է արտադրությունը եւ չի անցել կուսակցական աշխատանքի։ Նույնը՝ նաեւ Պետրոս Տեր-Պետրոսյանը։ Այսինքն՝ սրանք բոլորը ճիշտ հակառակ օրինակներն են։ Իսկ Հրանուշ Հակոբյանին հաճույքով նվիրում եմ Գ. Թադեւոսյանին։
Հիմա միայն մեկ հարց Գ. Թադեւոսյանին. ինչո՞ւ իր ցուցակի մեջ չի ներառել ամենացայտուն օրինակները՝ Ռ. Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որոնք, իրոք, «կոմսոմոլով» կուսակցական աշխատանքի էին անցել եւ հետո հայտնվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին՝ նախարարի ու վարչապետի բարձր պաշտոններում։ Որովհետեւ իր կուսակցական «շեֆ» Ա. Գեղամյանն այդ երկուսի հավատարիմ «հաճախո՞րդն» է առ այսօր, եւ ընտրությունից ընտրություն, թեկուզ իր հայտարարածից «տասն անգամ պակաս» (ըստ Ս. Սարգսյանի), բայց ինչ-որ բան ստանո՞ւմ է։
Պետք է ասել, որ օգտակար էր Գ. Թադեւոսյանի այս «ելույթը». դրանով նա հանձինս իրեն ներկայացնում է այն մեկընդմիշտ զոմբիացած կոմսոմոլի խոտելի կերպարը, դառնում լավագույն դիդակտիկ նյութը, որը կհամոզի երիտասարդությունը հեռու մնալ «կոմսոմոլացման» վտանգից, եւ, ամեն ինչից առաջ, որպես առաջին խնդիր, ունենալ մասնագիտական ուսումը, լավ մասնագետ դառնալու նպատակը։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«ԱՌԱՎՈՏ», 04.12.2010

Friday, December 3, 2010

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ


Ինչ-որ տարիքում եւ ինչ-որ պահի, հաստատ, ամեն մեկը երազել է ապրած լինել պատմական այս կամ այն հետաքրքիր կամ բախտորոշ ժամանակաշրջանում։ Ու ամեն մեկը համարել է, որ այդպիսին չէ իր ապրած ժամանակաշրջանը։ Պատմությունը, ինչ-որ իմաստով, մարդուն ավելի շատ է ձգում, քան ապագան, առավել եւս՝ ներկան։ Գուցե այն պատճառով, որ անցյալն, ի տարբերություն ապագայի` արդեն հայտնի է ու, ի տարբերություն ներկայի` զերծ ամենօրյա հոգսերից։ Սակայն, կարելի է չկասկածել, որ պատմության այն դրվագները, որոնք այսօր հետաքրքիր ու հերոսական են ընկալվում, հենց այն շրջաններն են, երբ հասարակական միջին գիտակցությունը առավել կարեւոր ու բախտորոշ է համարել ՆԵՐԿԱՆ, քան հիացել է «հերոսական անցյալով» կամ պայքարել «պայծառ ապագայի» համար։ Այդ շրջաններում են ծնվել հաղթանակները, մշակութային պայթյունները եւ քաղաքական վերելքները, որոնք եւ պարբերաբար կյանք, կենսականություն են ներարկել ազգին ու ապահովել նրա հետագա գոյատեւումը։
Այդպիսին են գնահատվելու ու այդպիսիք են մեր ապրած այս տարիները։ Մեզնից հետո եկողները առանձնացնելու ու երանելի են համարելու 1988-90թթ. Ղարաբաղյան կամ հայկական ժողովրդավարկան շարժման, անկախության ձեռքբերման, պետականության կառուցման, հաղթանակների ու հերոսական մաքառումների տարիները։ Նույն կերպ նախանձելի ու երանելի են համարելու նաեւ նրանց, ովքեր ապրել, պայքարել ու պատվով հաղթահարել են պատմականորեն խայտառակ, ազգի համար ամոթաբեր տասնամյա ավազակապետական այս ռեժիմը, որը որպես ճակատագրի վերջին մի հեգնանք փաթաթվեց հայ ժողովրդի վզին ու որպես խարան դրվեց նրա ճակատին։ Նրանք չեն զգալու այն մենօրյա դժվարություններն ու զոհողությունները, որ այսօր կրում են այդ ամոթն ու խարանը մաքրելու համար պայքարի ելած մարդիկ։ Ազատության մեջ ապրելով՝ նրանք չեն զգալու նաեւ նույն այդ ազատության առարկայականությունն այնպես, ինչպես զգում էին տասնյակ հազարավոր մարդիկ, երբ 2008թ. փետրվարի 20-29-ի օրերին հարակից փողոցից մտնում էին Ազատության հրապարակի տարածք։ Ամենաշքեղ դահլիճում ու ամենապրոֆեսիոնալ կատարմամբ անգամ չեն ըմբոշխնելոււ «Արեգակն արդար, առավոտ լուսոն» այնպես մարմնացած, ինչպես այդ օրերին մարդիկ, խարույկների մոտ, արեւի առաջին ճառագայթների հետ վայելում էին այն որպես որպես աստվածային նախաճաշ։ Չեն զգալու, որովհետեւ այդպես ԱԶԱՏ է լինելու ողջ Հայաստանը։
Ճիշտ չէ մարդու կյանքն օրացուցային տարիներով հաշվել, այլ՝ ապրածի բովանդակությամբ ու հաստությամբ։ Անցած երեք տարում մենք ապրել ենք բազմաթիվ օրեր, որոնցից ամեն մեկն իր տարողությամբ մի ամբողջ տարի արժեր։
Ընդունված է՝ նոր տարվա շեմին, որպես շրջափուլ, անցած տարվա արդյունքներն ամփոփել։ Մեր շրջափուլն էլ օրացուցային տարին չէ, ուստիեւ պարտադիր չէ, որ տարվա հետ ինչ-որ բան ավարտվի ու նոր տարվա հետ մի այլ բան սկսվի։ Չի կարելի ավարտին չհասցնել այս պայքարը, ինչպես որ չի կարելի կիսատ թողնել բժշկական վիրահատական գործողությունը, երբ բարեհաջող հասել ես վերջնագծին։ Չի կարելի դադարեցնել երկունքը, երբ արդեն ծնվում է «Հուր-հեր» Երեխան ։
Եւ այնուամենայնիվ, ՆՈՐ ՏԱՐԻ Է, ուստիեւ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ.
Շնորհավորում ենք մեր հերոս քաղբանտարկյալներին. նրանք իրենց տոկունությամբ, ըստ էության, ռազմաճակատի մի նոր գիծ բացեցին ավազակապետության դեմ ու փայլուն հաթանակ տարան։
Շնորհավորում ենք ներկան անցյալից ու ապագայից կարեւորած մեր հարյուր հազարավոր համակիրներին՝ ազատ երկրի արժանապատիվ քաղաքացու իրենց իրավունքի համար աննկուն պայքարողներին. նրանք կյանքի ու կենսունակության հսկա մի չափաքանակ ներարկեցին ազգին՝ գոյատեւման ու հարատեւման համար։
Շնորհավորում ենք Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող բոլոր քաղաքական ուժերին ու կազմակերպություններին. նրանք ապացուցեցին իրենց հավատամքը։
Շնորհավորում ենք ողջ հայ ժողովրդին. որն արժանի է վերջապես մտնելու իր պատմության այն խաղաղ, ազատ ու արժանապատիվ կյանքի շրջափուլը, որին արժանի է իր պատմությամբ ու այսօրվա որակներով։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
Աշոտ Սարգսյան

«Հայ Ազգային Կոնգրես», թերթւն հ.10, դեկտ.-3