(Ղարաբաղյան
շարժման 30-ամյակի առթիվ)
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
1988 թ. պատգամավորների դիմումների հիման վրա՝
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզխորհուրդն արտահերթ
նստաշրջանը նշանակել էր փետրվարի 20-ին՝ ժամը 16-ին։ Չնայած հարուցած արգելքներին,
ընդհուպ ճանապարհները փակելուն, մարզխորհրդի պատգամավորները «Կռունկ» կոմիտեի1
ջանքերով կարողացան հասնել Ստեփանակերտ։ Նույն օրը շտապ Ստեփանակերտ եկան Ադրբեջանի
կենտկոմի առաջին քարտուղար Կ. Բաղիրովը՝ Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ-ի բյուրոյի անդամների
և ԽՄԿԿ ԿԿ-ի հրահանգիչ Վ. Յաշինի հետ2։ Նրանք ամեն ինչ արեցին նստաշրջանի
կայացումը խափանելու համար։ Ճիշտ է, չորս ժամ ուշացումով, սակայն նստաշրջանը կայացավ,
և կեսգիշերից հետո ընդունվեց հետևյալ հայտնի որոշումը.
«Լսելով և քննարկելով ժողովրդական դեպուտատների
ԼՂԻՄ-ի խորհրդի դեպուտատների ելույթները ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ կազմից Հայկական ՍՍՀ
կազմ հանձնելու համար Ադրբեջանական ՍՍՀ և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետների առջև միջնորդության
մասին, ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի 20-րդ գումարման մարզային խորհրդի
արտահերթ նստաշրջանը որոշում է.
Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին,
խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին՝ խորին
ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը
Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել
ՍՍՀՄ Գերագույն սովետի առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ
հանձնելու հարցի դրական լուծելու համար»3։
Որոշումը վավերացվեց պատգամավորների ստորագրություններով,
քանի որ մարզկոմի քարտուղար Բ. Կևորկովը վերցրել էր մարզխորհրդի կնիքը և ադրբեջանցիների
հետ հեռացել Աղդամ4։ Փաստաթուղթը հրապարակվեց փետրվարի 21-ին «Սովետական
Ղարաբաղ» թերթում։ Մոսկվայում, կարծես թե, հիմա հասկացան կատարվածի քաղաքական ողջ վտանգավորությունը.
Խորհրդային Միության պատմության մեջ առաջին անգամ իշխանության մարմինը «ներքևից», առանց
վերադաս խորհրդային կամ կուսակցական մարմնի համաձայնության, նրանց կամքին հակառակ,
որոշում էր ընդունել։ Ուստիև անմիջապես՝ նույն օրը, հաջորդեց ԽՄԿԿ կենտկոմի դատապարտող
որոշումը, որտեղ Շարժման մասնակիցներին «ծայրահեղականներ», «ազգայնականներ» սուր ու
վտանգավոր քաղաքական որակավորումներ էին տրվում, որոնք մեծ հուզում առաջացրեցին և ավելի
գրգռեցին բնակչությանը։
Լեռնային Ղարաբաղում նախ Կ. Բաղիրովը, ապա նաև
փետրվարի 22-ին այստեղ ժամանած մոսկովյան բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քարտուղար
Գ. Ռազումովսկին և ԳԽ-ի նախագահության նախագահի տեղակալ Պ. Դեմիչևը փորձեցին հավանություն
ստանալ ԽՄԿԿ ԿԿ-ի վերոհիշյալ որոշմանը։ Ըստ ՏԱՍՍ-ի պաշտոնական հաղորդագրության՝ մարզի
կուսակցական ակտիվի ժողովը՝ իբրև լիակատար համաձայնություն էր տվել ԽՄԿԿ ԿԿ-ի՝ փետրվարի
21-ի այս որոշմանը և նրա պարունակած գնահատականներին՝ համարելով, որ այդ ամենը հնարավոր
է դարձել «անպատասխանատու անձանց կոչերի, ինչպես նաև ինքնավար մարզի կուսակցական և
սովետական մարմինների պասիվ դիրքորոշման շնորհիվ»5։
Հաջորդ օրն իսկ ԽՍԿԿ ԿԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ
տեղի ունեցավ կուսակցության մարզկոմի պլենում, որտեղ պաշտոնանկ արվեց Բ. Կևորկովը և
նրա փոխարեն մարզկոմի առաջին քարտուղար ընտրվեց Հ. Պողոսյանը։ Հանդես գալով հանրահավաքում՝
Պ. Դեմիչևը և Գ. Ռազումովսկին հայտարարեցին, թե իրենք այս այցելությամբ շատ բան հասկացան
ու Մոսկվա վերադառնալուն պես ամեն ինչ կհաղորդեն ՝ կոչ անելով դադարեցնել գործադուլները։
Սակայն նրանց կոչը և աշխատանքի վերադառնալու հորդորներն որևէ նշանակություն չունեցան.
հանրահավաքներն ու գործադուլները շարունակվեցին։
Միաժամանակ
սկսվեցին ադրբեջանցիների կողմից բռնությունների կիրառման առաջին ակտերը։ Լեռնային Ղարաբաղի
հարևանությամբ գտնվող Աղդամ քաղաքից փետրվարի 22-ին կազմակերպվեց բազմահազարանոց երթհարձակում
դեպի Ասկերանի շրջան։ Ամբոխը ճանապարհին ավերում ու հրդեհում էր շինությունները, ջարդում
արտադրական տեխնիկան և այլն։ Նրանց դիմագրավելու և ավերածությունները կանխելու համար
ոտքի ելան Ասկերանի հայ բնակիչները։ Ընդհարման հետևանքով 25 հոգի մարմնական վնասվածքներ
ստացան, որոնցից 14-ին տեղափոխեցին հիվանդանոց6։ Հարձակումը կասեցվեց միայն
այստեղ տեղակայված զորամասի միջամտությամբ։ Մարզից դուրս գնացող ճանապարհների վրա վերահսկողություն
սահմանվեց ադրբեջանական միլիցիայի կողմից, ինչով, փաստորեն, սկիզբ դրվեց Լեռնային Ղարաբաղի
շրջափակմանը։ Իսկ Ասկերանի վրա գրոհը նախանշում էր, թե հիմնականում ինչ բնույթի է լինելու
Ադրբեջանի կողմից հակազդեցությունը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, որի մասին կրկնեցին
նաև կենտրոնական լրատվամիջոցները, ընդհարման ժամանակ զոհվել էր երկու ադրբեջանցի։
* * *
Երևանում նույն օրերին նույնպես անհանգիստ իրավիճակ
էր։ Փետրվարի 18-ին հրավիրված հանրահավաքը բնապահպանական թեմաներով էր և վերաբերում
էր, մասնավորապես, Աբովյան քաղաքում կառուցվելիք մի գործարանի։ Հանրահավաքը շարժվեց
դեպի ՀԿԿ ԿԿ-ի շենք և, փակելով փողոցը, սպասեց այնքան, մինչև տեղ հասան Աբովյան քաղաքի
հանրահավաքի մասնակիցները՝ Ի. Մուրադյանի գլխավորությամբ։ Բնապահպանական հանրահավաքի
ցուցապաստառների մեծ մասը, սակայն, վերաբերում էին Ղարաբաղին։
Հաջորդ օրերին Թատերական հրապարակում հրավիրված
հանրահավաքներն իշխանության կողմից որևէ խոչընդոտի չհանդիպեցին։ Փետրվարի 20-ին տարածված
թռուցիկը տեղեկացնում էր՝ այդ օրը կայանալու է ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան,
որն «անպայման ընդունելու է ՀՍՍՀ-ի հետ վերամիավորման որոշում» և ժամը 14-ին հրավիրում
էր հանրահավաքի7։ Այդտեղ նույնպես հայտարարվեց, որ սպասվում է ԼՂԻՄ մարզխորհրդի
որոշումը։ Կազմակերպչական հարցերը կարգավորելու նպատակով հանրահավաքին ներկայացվեց
մի «կազմկոմիտե»՝ Ի. Մուրադյանի նախագահությամբ, որ հաջորդ օրերից սկսեց կոչվել «Ղարաբաղ»
կոմիտե։ Դրա մեջ հանրահավաքների նախաձեռնողների հետ միասին ընդգրկված էին նաև մինչ
այդ Ղարաբաղի խնդրով այս կամ այն կերպ զբաղված, ակտիվություն ցուցաբերած և կազմակերպիչների
կողմից ճանաչված մարդիկ. գնալով այդ կազմը համալրվեց։ «Կազմկոմիտեի» մեջ ընդգրկվեցին՝
Ի. Մուրադյանը, Ս. Ղազարյանը, Մ. Սարգսյանը, Հ. Ուլուբաբյանը, Գ. Սաֆարյանը, Ա. Մանուչարյանը,
Հ. Գալստյանը, Ս. Գևորգյանը, Վ. Սիրադեղյանը, Ա. Հակոբյանը, Վ. Մանուկյանը, Ա. Հովհաննիսյանը,
Վ. Սարուխանյանը8։
«Կազմկոմիտեն» հետապնդումներից զերծ պահելու,
ինչպես նաև հասարակական վստահությունն ու հնչեղությունն ապահովելու համար, ղեկավար
մարմնին կից կազմվեց «ավագների խորհուրդ»։ Անկանխատեսելի էր իշխանությունների հակազդեցության
բնույթը, և ամենևին չէր բացառվում, որ այն հանրահավաքների կազմակերպիչների ու հռետորների
նկատմամբ լիներ շատ կոշտ։ Իշխանական մարմիններում և բարձր պաշտոնյաների մոտ ազատ ելումուտի
հնարավորություն ունեցող, հասարակությանը հայտնի մտավորականները նման դեպքերում կարող
էին ապահովության որոշակի երաշխիք լինել, ինչպես նաև՝ լրացուցիչ վստահություն ներշնչել
ցուցարարներին։ «Ավագների խորհրդում» ընդգրկվեցին ակադեմիկոս, ՀԽՍՀ ԳԱ նախագահ Վ. Համբարձումյանը,
ԳԱ թղթակիցանդամ Ռ. Ղազարյանը, բանաստեղծուհի Ս. Կապուտիկյանը, գրողներ Զ. Բալայանը,
Ս. Խանզադյանը, խմբավար Հովհ. Չեքիջյանը, ԳԱ ակադեմիկոս Լ. Աղալովյանը, դերասան Ս.
Սարգսյանը, նկարիչ Ս. Մուրադյանը և այլն։ Առաջին հանրահավաքները վարում էին Հ. Գալստյանը,
Ս. Ղազարյանը, Մ. Սարգսյանը։ Կազմկոմիտեի կոչով հաջորդ օրերին տեղական «Ղարաբաղ» ենթակոմիտեներ
ստեղծվեցին բազմաթիվ հիմնարկներում և ձեռնարկություններում։
Փետրվարի 21-ին Երևան հասավ Արցախի պատվիրակությունը՝
ձեռքին ունենալով մարզխորհրդի որոշումը՝ հուսալով ստանալ Հայկական ԽՍՀ իշխանությունների
և ժողովրդի աջակցությունն ու պաշտպանությունը։ Հայաստանի Կենտկոմում հրաժարվեցին նրանց
ընդունել9։ Եթե իշխանությունների աջակցությունը նրանք չստացան, ապա հանրահավաքի
մասնակիցներն որոշման մասին լուրն ընդունեցին բուռն ոգևորությամբ։ Իսկույն ձևավորվեց
փետրվարյան հանրահավաքների առաջին և միակ պահանջը. Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան
հրավիրել և անմիջապես դրականորեն արձագանքել ԼՂԻՄ-ի դիմումին10։ «Սեսիա»
վանկարկումը դարձավ հանրահավաքների հիմնական պահանջը։ Ի նշան «Վերակառուցման» քաղաքականության
հավատարմության, հանրահավաքի մասնակիցները ծածանում էին ԽՍՀՄ պետական դրոշը, Լենինի,
Գորբաչովի, քաղբյուրոյի անդամների (բացի Հեյդար Ալիևից) դիմանկարները, վանկարկում
«Լենին-պարտիա-Գորբաչով», «Միացում» կարգախոսները։
Հանրահավաքի մասնակիցների թիվն արագորեն աճում
էր։ Տասնյակ հազարավոր մարդիկ էին գալիս նաև շրջաններից։ Բազմահազարանոց հանրահավաքների
և ցույցերի ժամանակ թույլ չէին տրվում հասարակական կարգի խախտումներ, մարդիկ միմյանց
վերաբերվում էին շեշտված հոգատարությամբ՝ որպես միակամության ու համախմբվածության նշան՝
ընդհանուր, համազգային խնդրի շուրջ։
Փետրվարի 22-ի երեկոյան ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար
Կ. Դեմիրճյանը հեռուստատեսային ելույթում արցախյան շարժումը բնութագրեց հետևյալ կերպ.
«գոյություն ունեցող ազգային-տերիտորիալ կառուցվածքի վերանայմանն ուղղված գործողություններն
ու պահանջները հակասում են Հայկական ՍՍՀ և Ադրբեջանական ՍՍՀ աշխատավորների շահերին»11։
Ակնհայտ էր, որ հանրապետության իշխանությունը դեմ էր Շարժման ծավալմանը և նրանց դիրքորոշումները
դույզն ինչ չէին տարբերվում Կենտրոնի դիրքորոշումներից ու գնահատականներից։ Բացատրությունը
կարող էր լինել մեկը. եթե, իրոք, Մոսկվայում Ղարաբաղի պատվիրակներին ինչ-որ հույս էին
ներշչնել, ապա Հայաստանի իշխանությունները դրանից բխող որևէ հրահանգ չէին ստացել։ Ավելի
ճիշտ, ստացել էին հակառակ հրահանգներ և այդ շրջանակներից երբևէ դուրս չեկան։ Ղարաբաղի
բարձրացրած հարցը պաշտպանելու համար հանրապետության ոտքի ելած բնակչությունը պետք է
դիմագրավեր ոչ միայն Կենտրոնի և Ադրբեջանի, այլև՝ Հայաստանի իշխանությունների դիմադրությունը։
Փետրվարի 22-ին Երևան ժամանեցին ԽՄԿԿ Կենտկոմի
քարտուղարներ Վ. Դոլգիխը և Ա. Լուկյանովը, որոնց մասնակցությամբ փետրվարի 23-ին տեղի
ունեցավ հանրապետական կուսակցական ակտիվի ժողով։ ԽՄԿԿ կենտկոմի փետրվարի 21-ի դատապարտող
որոշման հիմքի վրա ժողովն ընդունեց հետևյալ բանաձևը.
«1. Ակտիվի ժողովը հավանություն է տալիս և ի ղեկավարումն
ու անշեղ կատարումն է ընդունում ՍՄԿԿ կենտկոմի 1988 թվականի փետրվարի 21-ի որոշումը՝
որպես ստեղծված պայմաններում միակ ճիշտ որոշումը,
2. ժողովն ընդգծում է ժողովրդի, կուսակցության
առջև հանրապետության կուսակցական ակտիվի առանձնահատուկ պատասխանատվությունը և գտնում
է, որ կուսակցության քաղկոմները, շրջկոմները ... պետք է ձեռնարկեն վճռական միջոցներ,
գլխավորեն ստեղծված իրադրության կարգավորման աշխատանքը, լայն աշխատանք ծավալեն մասսաների
մեջ, աշխատավորական կոլեկտիվներում պարզաբանելու ՍՄԿԿ Կենտկոմի որոշումից բխող խնդիրները...,
3. խնդրել ՍՄԿԿ Կենտկոմին ազգային քաղաքականության
պրոբլեմներին նվիրված ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը նախապատրաստելիս մյուս պրոբլեմների կոմպլեքսում
բազմակողմանիորեն քննության առնել Լեռնային Ղարաբաղի հարցը»12։
Այս որոշումով կառավարող կուսակցության վերնախավն
ազդարարեց, որ ինքն աշխատելու է փոթորկուն իրադարձությունները կանխելու ուղղությամբ։
Բանաձևի 3-րդ կետը, որ կարող էր թվալ ծավալված համաժողովրդական պահանջին ընդառաջ արված
քայլ, ակնհայտորեն Շարժումը սառեցնելու, ժամանակ շահելու նպատակ ուներ։ Ի պատասխան՝
փետրվարի 23-ին բազմահազարանոց հանրահավաքը բուռն ոգևորությամբ ընդունեց քաղաքական
գործադուլի դիմելու կոչը13, ինչպես նաև՝ հանրապետության իշխանության հրաժարականի պահանջը14։
Ողջ գիշեր ավելի քան քսան հազար հոգի քայլարշավով անցան Երևանի փողոցներով՝ գործադուլի
կոչով։ Համընդհանուր գործադուլը հաջորդ օրն արդեն իրականություն էր, իսկ հանրահավաքների
մասնակիցների թիվը մոտենում էր կես միլիոնի։
Անկեղծ ակնկալիքը, թե հանրապետության իշխանությունը
կմիանա ժողովրդական շարժմանը, ակնհայտորեն չէր իրականանում։ Փետրվարի 25-ին կես միլիոնանոց
հանրահավաքում փորձեց ելույթ ունենալ ՀԿԿ առաջին քարտուղար Կ. Դեմիրճյանը։ Կոնտակտն
ու փոխըմբռնումը ժողովրդի հետ չստացվեց15։
Հանրապետության իշխանության նման պահվածքը պարտադրում
էր ժողովրդին իրեն հասու միջոցներով սատար կանգնել Լեռնային Ղարաբաղին՝ թույլ չտալու
ադրբեջանական իշխանություններին ուժի միջոցով ճնշել Արցախի բնակչության ընդվզումը։
Ձեռնարկություններում տեղի էին ունենում աշխատավորական կոլեկտիվների ժողովներ, որտեղ
դատապարտում էին ԽՍՀՄ, Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ իշխանությունների դիրքորոշումն
ազգային հարցերի լուծման նկատմամբ, մասնավորապես, Կենտրոնի կողմից Շարժմանը տրվող գնահատականները։
Դրության կայունացմանը չնպաստեցին ո՛չ փետրվարի 23-ին Կ. Դեմիճյանի, ո՛չ փետրվարի
24-ին Վ. Դոլգիխի հեռուստաելույթները, ո՛չ ԽՍՀՄ ՆԳ մինիստրության ներկայացուցիչների
ժամանելը Երևան՝ մինիստրի առաջին տեղակալ Վ. Պ. Տրուշինի գլխավորությամբ և ո՛չ էլ մամուլի
ամենօրյա խմբագրականներն ու հոդվածները «ժողովուրդների բարեկամությունը մեր հարստությունն
է» խորագրերով։
Հանրահավաքներում հնչում էին Լեռնային Ղարաբաղից
ստացվող տեղեկություններ՝ շարունակվող բարոյական ու ֆիզիկական ճնշումների մասին, որոնք
մեծացնում էին անհանգստությունը։ ԼՂԻՄ ժամանած ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Ֆ.
Կատուսևի ներկայացմամբ (որի հետ հարցազրույցը տպագրվել էր մամուլում փետրվարի 26-ին)
իրավիճակը համարվում էր լիովին վերահսկելի, իսկ ստացվող լուրերը բնակչության նկատմամբ
կիրառվող բռնությունների մասին՝ ապատեղեկատվություն։ Պաշտոնատար անձանց նման հաղորդումներն
ընկալվում էին խոր վերապահությամբ՝ հավատ չընծայելով նրանց անկողմնակալությանը, ուստի
ավելի ու ավելի մեծանում էր դեպի հրապարակ բնակչության հոսքը՝ վստահելի տեղեկատվություն
ստանալու։
Պաշտոնական տեղեկատվության նկատմամբ անվստահությունը
գնալով խորանում էր՝ կենտրոնական մամուլում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ հավասար
մեղքի վերագրման, հանրահավաքների անցկացման նկատմամբ բացասական դիրքորոշման և արցախահայության
առաջադրած բուն հարցը շրջանցելու կամ լռության մատնելու միտումների պատճառով։ Այսօրինակ
անհաշվենկատ հակազդեցությամբ կենտրոնական, տեղական իշխանությունները և լրատվամիջոցները
կարծես թե ամեն ինչ արեցին Շարժումն առավելագույնս բորբոքելու համար։ Անշուշտ, սա ոչ
միայն նրանց նպատակը չէր, այլև խիստ անցանկալի էր։ Գործողությունների բացատրությունը
դարձյալ այլ տեղ չպետք է փնտրել, քան նման ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու
անկարողության ու ճկունության պակասի մեջ։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տասը հազարանոց
առաջին հանրահավաքն անցավ կես միլիոնի սահմանագիծը։ Հենց առաջին օրերից, հատկապես,
ակտիվ էին մտավորականության ավելի մեծ տեսակարար կշիռ ունեցող հիմնարկները։
Փետրվարի 25-ին և 26-ին Երևանի Թատերական հրապարակը,
հարակից զբոսայգին ու փողոցները լեցուն էին Երևանի և հանրապետության ողջ տարածքից ժամանած
ցուցարարներով։ Մասնակիցների նման ահռելի թվով հանրահավաքներն աննախադեպ երևույթ էին
ոչ միայն հայ ժողովրդի, այլ՝ ԽՍՀՄ կյանքում՝ նրա ողջ պատմության ընթացքում։ Նման բռնկում
ու ծավալներ, կարելի է չկասկածել, ոչ միայն Կենտրոնը չէր կարող սպասել, ոչ միայն հանրահավաքների
կազմակերպիչները, այլև, թերևս, ոչ մեկը։
Հանրահավաքների օրակարգի միակ հարցը ՀԽՍՀ Գերագույն
խորհրդի արտահերթ նստաշրջանի հրավիրումը և ԼՂԻՄ-ի դիմումին համաձայնություն տալու պահանջն
էր։ Չէր երևում, թե իշխանությունն ուրիշ ինչ պետք է անի ահռելի այդ ուժի առջև՝ բացի
նրա պահանջը կատարելուց։ Սակայն դա ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ին կայացրած որոշումից
հետո կլիներ երկրորդ՝ տասնապատիկ ծանր հարվածը խորհրդային կայսրության քաղաքական հիմքերին՝
վտանգավոր ու վարակիչ նախադեպ։ Ուստի կենտրոնական իշխանությունը պարտավոր էր վտանգավոր
այդ ընթացքը խափանելու միջոց գտնել։
Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանում ծավալված
իրադարձությունների մասին լուրերը տարածվել էին աշխարհով մեկ։ Վտանգավոր չափերի և լարման
բարձրակետի հասած ժողովրդական շարժման նկատմամբ այդ իրավիճակում ուժի գործադրումը կարող
էր պարզապես «խաչ քաշել» «Վերակառուցման» վրա։ Կենտրոնի խնդիրն էր՝ ամեն գնով հանգցնել
կամ սահմանափակել, կառավարելի դարձնել ահագնացած «հրդեհը», որն, իրոք, կարող էր սպառնալ
տարածվել ողջ երկրով մեկ։ Հաջորդ շաբաթների իրադարձությունները ցույց տվեցին, որ դա
հաջողությամբ անելու համար միջոցառումների մի համալիր իրականացվեց։ Հետին թվով դժվար
չէ արձանագրել, որ միջոցառումների այդ համալիրը հետևյալ բաղադրիչներն ուներ, որոնք
պետք է իրականացվեին ժամանակագրական այս հերթագայությամբ.
ա) խաբեությամբ «հանգցնել հրդեհը»՝ խոստանալ հանրահավաքի
պահանջին համարժեք կամ համարյա համարժեք ինչ-որ բան,
բ) լոկալ ահաբեկչական գործողություններով և ուժի
ցուցադրում (Սումգայիթ, Երևան զորքեր մտցնելը),
գ) Շարժման քարոզչական վարկաբեկումը, որ սկսվեց
«Ղարաբաղ» կոմիտեի «լուծարումով»։
* * *
Իշխանության խնդիրն էր՝ առանց ուժի գործադրման
ցրել հանրահավաքը, վերջ տալ գործադուլներին, կոտրել Շարժման թափը։ Դրա համար նախ անհրաժեշտ
էր հետքայլ անել, նահանջել Շարժմանը տրված քաղաքական կոշտ գնահատականներից, հանգստացնել
կրքերը, նույնիսկ ինչ-որ հույսեր ներշնչել։ Առաջին նման քայլը կատարվեց փետրվարի
24-ին. պաշտոնական հաղորդագրությունը ԽՄԿԿ ԿԿ-ի փետրվարի 24-ի նիստի մասին տեղեկացնում
էր, որ այն Հայաստանի և Ադրբեջանի կուսակցական, սովետական մարմիններին համատեղ հանձնարարականներ
է տվել, այդ թվում նաև՝ «մշակել և իրականացնել ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական և կուլտուրական
հետագա զարգացման միջոցառումներ»16։ Այսինքն՝ Հայաստանին որոշակի գործառույթ-պարտավորություն
էր տրվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սա կարևոր, նույնիսկ տպավորիչ զիջում էր։
Հաջորդ քայլը կատարվեց երկու օր անց՝ փետրվարի
26-ին. Հայաստանի և Ադրբեջանի հեռուստատեսությամբ ու լրատվության միջոցներով հաղորդվեց
Մ. Գորբաչովի դիմումը «Հայ և ադրբեջանցի ժողովուրդներին»։ Երկրի ղեկավարը դրանում մասնավորապես
հայտարարում էր. «Մենք կողմնակից չենք այն բանի, որ խուսափենք տարբեր գաղափարների ու
առաջարկությունների բացահայտ քննարկումից, բայց դա հարկավոր է անել հանգիստ, դեմոկրատական
պրոցեսի և օրինականության շրջանակներում ... չլուծված պրոբլեմներ շատ կան, բայց երկպառակությունների
և միմյանց նկատմամբ ժողովուրդների անվստահության բորբոքումը միայն կխանգարի դրանց լուծմանը»17։
Հայտարարություն-դիմումի արտահայտչաձևն էականորեն տարբերվում էր փետրվարի 21-ի որոշման
և հաջորդ օրերի կտրուկ տոնից։ Այստեղ բացակայում էին «էքստրեմիստները», նաև այն միտքը,
թե բարձրացված հարցը «դեմ է երկու ժողովուրդների շահերին»։ Ավելին, ակնարկներ կային
իրադրությունն ու խնդիրը հասկանալու և ապա շտկելու պատրաստակամության մասին, ինչի համար
խնդրվում էր ժամանակ ու հուզական մթնոլորտի հանդարտեցում։ Գլխավոր քարտուղարը խոստանում
էր հարցը քննարկել ազգային հարցերին նվիրված առաջիկա պլենումում, իսկ մինչ հարցի ըստ
էության քննարկումն առաջարկվում էր հոգ տանել բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի
բարելավման ուղղությամբ։ Գորբաչովի հայտարարություն-դիմումն իր որոշակի դրական լիցքով
ժողովրդի կողմից պետք է ընկալվեր որպես բարձրացված խնդիրը ճանաչելու, այն ամենաբարձր
մակարդակով քննարկելու խոստում և երաշխիք։ Բայց դա ևս բավարար չէր մեկշաբաթյա հուժկու
հանրահավաքներն ու գործադուլները կասեցնելու համար. պետք է երաշխավորեին, այդ հավատը
պետք է ներշնչեին նաև Շարժման՝ այդ օրերի ղեկավարները, ավելի ճիշտ՝ պետք է արվեր հենց
նրանց միջոցով։
Այդ դերն իրենց վրա վերցրեցին (կամ այն հանձնարարվեց)
գրող Զ. Բալայանին և բանաստեղծուհի Ս. Կապուտիկյանին։ Այն բանից հետո, երբ այլևս չէր
երևում կես միլիոնանոց հանրահավաքները դադարեցնելու որևէ տարբերակ, նրանք հրավիրվեցին
Մոսկվա, այդտեղից վերադարձան և կարողացան համոզել դադարեցնել հանրահավաքներն ու գործադուլները։
Նրանք պատմեցին Մոսկվա կատարած ուղևորության, Մ. Գորբաչովի կողմից իրենց ընդունելության
և այն խոստման մասին, թե ԽՄԿԿ Կենտկոմի առաջիկա պլենումներից մեկը կնվիրվի ազգային
խնդիրների քննարկմանը, որտեղ կդրվի նաև Ղարաբաղի հարցը։ Նրանց հաջողվեց համոզել հանրահավաքի
700.000-ից ավելի մասնակիցներին, որ կենտրոնական իշխանությունը ստանձնում է հարցը քննարկելու
և լուծելու պարտավորություն։ Փետրվարի 27-ին՝ ուշ երեկոյան, Երևանի ու հանրապետության
բնակչությունը դադարեցրեցին հանրահավաքները և գործադուլները18։
Առաջին ձեռքից վկայված որոշ մանրամասներ կարևոր
են կատարված դեպքերի և հետագա իրադարձությունների ճակատագրական ընթացքը հասկանալու
համար։ Ահա Զ. Բալայանի հուշ-վկայությունը. «Փետրվարի 25-ին ինձ ու Սիլվա Կապուտիկյանին
ընդունեց Ա. Յակովլևը, 26-ին՝ Մ. Ս. Գորբաչովը։ Մենք գոհ մնացինք հանդիպումներից։ Հրաժեշտի
ժամանակ պաշտոնասենյակի տերն ասաց. «Երկրի համար այսքան բախտորոշ ժամանակ վտանգավոր
են անգամ փոքր հրդեհները։ Խնդրում եմ ձեզ հանգցնել այդ կրակը։ Երևանի հրապարակում արդեն
մի ամբողջ շաբաթ է, ինչ կես միլիոն մարդ է կանգնած»։ Մենք ասացինք, թե դժվար է բառեր
գտնել։ Նա մեր խոսքը հետ մղեց. «Երբ հրդեհը հանգցնում են, ապակիների մասին չեն մտածում»։
Մյուս օրը Թատերական հրապարակում (ըստ ավիոլուսանկարահանումների) գտնվում էր արդեն
յոթ հարյուր հազար մարդ։ Երեկոյան ժամը 6-ին ես ելույթ ունեցա յոթ հարյուր հազարանոց
«հանձնաժողովում»։ Մեկ միլիոն չորս հարյուր հազար աչքեր ինձ էին նայում։ Մարդիկ հավատում
էին գրողին, որը նախորդ օրը եղել էր հենց Գորբաչովի մոտ։ Ես համոզեցի, որ հարկավոր
է գնալ տները։ Ես տեսա, թե ինչպես է դանդաղորեն ժողովուրդը թողնում հրապարակը։ Բայց
ինձ համար այդ օրը դարձավ ամենասև օրը, իմ կյանքի ամենասև ժամը։ Որովհետև հենց այդ
օրը, հենց այդ նույն ժամին սկսվեց «Սումգայիթը»19։
Մ. Գորբաչովից ստացած հստակ հանձնարարականի մասին
է խոսում նաև Ս. Կապուտիկյանը. «Գնացեք, և ինչպես էլ լինի՝ հեռուստատեսությամբ թե այլ
միջոցներով՝ հանգստացրեք ժողովրդին ... իմացեք, որ դուք պատասխանատու եք դեպքերի հետագա
ընթացքի համար»20։ Փետրվարի 27-ին՝ երեկոյան, հեռուստատեսային ելույթով
նա համոզում էր, որ «նյութական հաղթանակից շատ ավելի կարևոր հոգևոր հաղթանակը» արդեն
կայացել է, և շարունակությունը պետք է վստահել իշխանություններին21։ Կազմկոմիտեն
չդիմադրեց, մանավանդ, որ ծանրակշիռ և հուսադրող էին ներկայացվում Մոսկվայից բերված
խոստումները։ Բայց նաև, խոհեմաբար, մինչև վերջ չվստահելով Մոսկվայից եկած պատվիրակներին
կամ նրանց տրված խոստումների անկեղծությանը, համենայնդեպս, հայտարարվեց հաջորդ հանրահավաքի
օրը՝ մարտի 26-ը, մեկ ամսում կատարված իրադարձությունների մասին հաղորդում և տեղեկատվություն
տալու պատրվակով։
Հանրահավաքների դադարեցումն այդ պահին եթե ճիշտ
չէր, սակայն ինչ-որ տեղ օրինաչափ էր։ Օրինաչափ էր այնքանով, որ, ի տարբերություն զանգվածների,
շարունակմանն անպատրաստ էին Շարժման և հանրահավաքների այդ օրերի կազմակերպիչներն ու
ղեկավարները։ Անպատրաստ էին քաղաքական իմաստով։ Մասնավորապես կարևոր դեր խաղացող «Ավագների
խորհուրդը» պատրաստ չէր շարունակել ղեկավարել մի քանի հարյուրհազարանոց հանրահավաքները,
հակադրվել իշխանությանը և գնալ ավելի արմատական, հարկադրանքի քայլերի։ Վճռական դեր
խաղաց վերջինիս երկու ներկայացուցիչների՝ Ս. Կապուտիկյանի և Զ. Բալայանի՝ Մոսկվայում
ստացած խոստումների չափազանցումը՝ փաստորեն, խաբեությունը, ինչն այդ պահին անհնար էր
ստուգել22։ Վերջին հաշվով նրանց նպատակը սահմանափակվում էր նրանով, որ հարցը
մտնի կենտրոնական իշխանությունների քաղաքական օրակարգ, մասնավորապես՝ այդ խնդրով բարձր
մակարդակի մի հանձնաժողով կազմվի։ Այնպես որ Գորբաչովի տված թեկուզ անորոշ խոստումը
նրանց հիմնականում բավարարում էր, իսկ «հրդեհը հանգցնելու» հրահանգը ենթակա էր պարտադիր
կատարման։
Ի՞նչ տեղի կունենար, եթե իրականությունը ներկայացվեր
չգունազարդված, և մեկ միլոնին մոտեցող հանրահավաքները չցրվեին։
Տեղի չէր ունենա սումգայիթյան սպանդը (ինչում,
ինչպես ասվեց, համոզված էին՝ Զ. Բալայանը և Ի. Մուրադյանը)։
Այդ պայմաններում Մոսկվան ոչ մի դեպքում ուժի
չէր կարող դիմել։ Ցայտնոտում հայտնված, խուճապի մատնված23 ու նահանջող Կենտրոնի
համար վիճակից դուրս գալու միակ տարբերակը մնում էր Ղարաբաղի հարցում գնալ շատ լուրջ
զիջումների, որոնք դրական առումով կարող էին ճակատագրական լինել Լեռնային Ղարաբաղի
համար։
Եթե որպես հանրահավաքների դադարեցման արդյունք
սումգայիթյան սպանդն անհնար էր կանխատեսել, ապա հանրահավաքների շարունակման դեպքում
Կենտրոնից շատ կարևոր զիջում պոկելը հնարավոր չէր չտեսնել։ Պարզապես անհրաժեշտ էր հակադրվել
Կենտրոնին, հակադրվել համակարգին, ինչին պատրաստ չէին ո՛չ Շարժման տվյալ պահի ղեկավարությունը,
ո՛չ առավել ևս մտավորականության՝ Մոսկվա գնացած երկու ներկայացուցիչները։
Եթե չցրվեին երևանյան հուժկու հանրահավաքները,
իշխանությունը չէր կարող իրականացնել Շարժման կազմալուծմանն ուղղված հաջորդ քայլերը։
Ամբողջ երեք ամիս պահանջվեց Շարժումը բազմաբնույթ հարվածների ու ճնշումների տակից հանելու,
կրկին անհրաժեշտ մակարդակի բարձրացնելու համար։ Իսկ Կենտրոնին ու համակարգին հակադրվելու
միջոցով, օրակարգային հիմնական խնդիրը՝ ԼՂԻՄ-ի փետրվարի 20-ի դիմումի՝ ՀՍՍՀ Գերագույն
խորհրդին քննարկմանը դնելու և դրական պատասխան ստանալու հարցը լուծվեց միայն Շարժման
նոր ղեկավարության՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի ձևավորումից հետո ու նրա
ջանքերով։
1 Այսպես էր
կոչվում Լեռնային Ղարաբաղում գործող շարժման ղեկավար մարմինը, որը ստեղծվել էր մարտի
2-ին («Կռունկ»-ը ռուսերեն «Комитет революционного управления Нагорного
Карабаха» կապակցության հապավումն է): Ղեկավարն էր Ա. Մանուչարովը, նրա տեղակալներն
էին՝ Ռ. Քոչարյանը, Վ. Հակոբյանը, Մ. Միրզոյանը, մյուս հիմնադիր անդամներն էին՝ Գ.
Գաբրիելյանը, Հ. Բեգլարյանը, Ժ. Գալստյանը, Հ. Գրիգորյանը, Ա. Կարապետյանը, Վ. Մարությանը,
Հ. Հովհաննիսյանը, Յու. Ներսիսյանը, Բ. Օվչյանը [տե՛ս Ղարաբաղյան ազատագրական պատերազմ
(հանրագիտարան), Երևան, 2004, էջ 302]:
2 Տե՛ս В.
Б. Арутюнян. События в Нагорном Карабахе, хроника, ч. 1, февраль 1988 г. –
январь 1989 г. Ереван, 1990, с. 37.
3 «Սովետական
Ղարաբաղ», 21. 02. 1988:
4 Տե՛ս Հ.
Գալստյան. Հոդվածներ, հուշագրություններ, հարցազրույցներ, Երևան, 2002, էջ 337:
5 Հաղորդագրություն
Լեռնային Ղարաբաղից.– «Սովետական Հայաստան», 25. 02. 1988:
6 Տե՛ս В.
Б. Арутюнян. Նշվ. աշխ., էջ 40:
7 Հայաստանի
Հանրապետության Առաջին նախագահի արխիվ, 15/20. 02. 88: Թռուցիկը ստորագրել էր Գ. Սաֆարյանը:
8 Ավելի ուշ՝
փետրվարի 28-ին, «Ղարաբաղ» կոմիտեի ընդլայնված նիստում Ի. Մուրադյանը հայտարարեց, որ
կոմիտեի կազմը համալրվել է Լեռնային Ղարաբաղի վեց ներկայացուցիչներով [տե՛ս Ա. Արշակյան.
Արցախյան գոյամարտը (1985–1992 թթ.), Երևան, 2004, էջ 31]:
9 Հետաքրքիր
է, որ սա ներկայացվում էր որպես անակնկալ. Ղարաբաղի պատվիրակները եթե երեք անգամ եղել
էին Մոսկվայում, զարմանալի է, որ մինչ այդ օրը որևէ կերպ չէին կարողացել նախապես կապ
ունենալ Հայաստանի իշխանությունների հետ:
10 Հ. Գալստյանի
վկայությամբ այդ պահանջն առաջինը հնչեց իր «էքսպրոմտ» ելույթում, և դա ամենևին դուր
չեկավ Ի. Մուրադյանին. վերջինս գտնում էր, որ «հիմարություն է նստաշրջան պահանջելը»
(տե՛ս Հ. Գալստյան. նշվ. աշխ., էջ 337): Անհասկանալի է, թե ուրիշ ինչ շարունակություն
էր տեսնում Ի. Մուրադյանը:
11 «Սովետական
Հայաստան», 23. 02. 1988:
12 Հանրապետական
կուսակցական ակտիվի 1988 թ. փետրվարի 23-ին կայացած ժողովի բանաձևը.– «Սովետական Հայաստան»,
24. 02. 1988:
13 Գործադուլի
կոչն արեց Վ. Մանուկյանը (տե՛ս Հ. Գալստյան. նշվ. աշխ., էջ 351):
14 Նման պահանջ
հնչեց Հ. Գալստյանի ելույթում (տե՛ս նույն տեղում, էջ 349):
15 Երեք ամիս
հետո Կ. Դեմիրճյանին ազատեցին աշխատանքից: Սակայն, ի պատիվ իրեն, հակառակ Կենտրոնի
պահանջների, նա բռնություն չկիրառեց ցուցարարների դեմ: Համոզմունք կար, որ եթե Կ. Դեմիրճյանը,
ինչպես այն ժամանակ էին ձևակերպում՝ «տեր կանգներ շարժմանը», ապա շատ ավելի պաշտպանված
կլիներ ու նրան չէին համարձակվի ազատել աշխատանքից:
16 Լեռնային
Ղարաբաղի իրադարձությունների շուրջ.– «Սովետական Հայաստան», 25. 02. 1988:
17 Դիմում Ադրբեջանի
և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին.– «Սովետական Հայաստան», 27. 02.
1988:
18 Ճիշտ չէ,
թե հանրահավաքները դադարեցին Մ. Գորբաչովի հայտարարություն-դիմումի շնորհիվ, որը փետրվարի
26-ին հեռուստատեսությամբ ներկայացրեց Վ. Դոլգիխը (տե՛ս Армения: проблемы
независимого развития. М., 1998, с. 489): Ըստ «Արմենպրեսի» հաղորդագրության էլ՝ հանրահավաքի
մասնակիցներն սկսեցին ցրվել Մ. Գորբաչովի դիմումը հրապարակելուց և Կ. Դեմիրճյանի ելույթից
հետո (տե՛ս «Սովետական Հայաստան», 29. 02. 1988): Իրականում հանրահավաքը դժվարությամբ
ցրվեց միայն Թատերական հրապարակում Զ. Բալայանի և հեռուստատեսությամբ Ս. Կապուտիկյանի
ելույթներից հետո ու նրանց հորդորով, որոնց նկատմամբ այդ պահին բացարձակ վստահություն
կար:
19 «Ավանգարդ»,
11. 02. 1990: Զ. Բալայանը, ըստ էության, համարում է, թե հակառակ (հանրահավաքները շարունակվելու)
դեպքում կարող է և տեղի չունենար սումգայիթյան սպանդը: Դա տրամաբանական է. համենայնդեպս,
նույն համոզման է եղել նաև Ի. Մուրադյանը. «Ջարդը սկսվեց, երբ դադարեց երևանյան ցույցը»
(տե՛ս Ս. Շահմուրադյան. Չմոռանալ ոչինչ, Երևան, 2005, էջ 40):
20 Ս. Կապուտիկյան.
Էջեր փակ գզրոցներից, Երևան, 1997, էջ 291:
21 Տե՛ս նույն
տեղում, էջ 285–292 և 294–299:
22 Հետագայում
«Ղարաբաղ» կոմիտեի անդամներից Ռ. Ղազարյանը (այդ ժամանակ «Ավագների խորհրդի» անդամ)
այս առիթով հետաքրքիր բացահայտում է անում. «Գորբաչովի հետ Զորի Բալայանի ու Սիլվա
Կապուտիկյանի հանդիպումը, իրենց ներկայացնելով, շատ հուսադրող էր: Ավելի ուշ հայտնի
դարձավ, որ դա, մեղմ ասած, չափազանցված էր: Սակայն Զորին համոզել էր տիկին Սիլվային՝
ներկայացնել դա լավատեսորեն՝ ժողովրդի թափը չկոտրելու համար» (տե՛ս Ռ. Ղազարյան. Հաշվետու
եմ, Երևան, 2003, էջ 144): Կասկածից դուրս է, որ այդ «մեղմ ասած չափազանցնելը» իրականում
ոչ թե ժողովրդի թափը չկոտրելու նպատակ ուներ, այլ, կեղծելով իրականությունը, կատարել
Գորբաչովի հրահանգը. «հանգցնել հրդեհը՝ առանց ապակիների մասին մտածելու», ինչը և նրանց
հաջողվեց:
23 Կենտրոնի
ցայտնոտն ու խուճապն արդեն իսկ շատ պարզ երևում է Յակովլևի և Գորբաչովի հետ հանդիպումների
մասին Զ. Բալայանի և Ս. Կապուտիկյանի արձանագրած հուշերում. դա այն դեպքում, երբ երկրի
ղեկավարներն ամեն կերպ պետք է իրենց ինքնավստահ պահեին: Ավելի պարզ, դրանք արտահայտված
են անգամ հանրահավաքների կասեցումից հետո, օրինակ՝ փետրվարի 29-ի ԽՄԿԿ ԿԿ-ի Քաղբյուրոյի
նիստի սղագրության մեջ [Центр хранения современной документации (Москва), ф. 89,
оп. 42, д. 18, л. 695–715]:
No comments:
Post a Comment