Monday, July 28, 2014

Սերժ Սարգսյանի վերջին խարդավանքը, կամ՝ ինչպես «Ոսկե ձկնիկի» Պառավը


Այն, որ «Սահմանադրական բարեփոխումները» փորձանք են դառնալու Սերժ Սարգսյանի համար, այլեւս կասկածից դուրս է։ Ավելին՝ հստակ ուրվագծվում է այն հեռանկարը, որ դա ոչ միայն փորձանք, այլեւ նրա իշխանության վերջի (վախճանի) առիթն ու հիմքն է լինելու։
(Դրանում համոզվեցի, երբ մի քանի օր առաջ հանդիպածս Գորիսի 20 բնակիչ ունեցող գյուղից (հիմա այդքան է մնացել 100-ից) ճանապարհի պատահական զրուցակիցս ասաց, թե «սեփական վերլուծությամբ» հասկացել է, որ այդ «բարեփոխումների» նպատակը Ս. Սարգսյանի իշխանության հավերժացումն է։ Ընդ որում՝ պարզեցի, որ մոտ 70-ամյա զրուցակիցս ոչ միայն դուրս է ընդդիմադիր լրատվամիջոցների լսարանից, այլև դրանցից որեւէ մեկի անունն անգամ չի լսել)։
Ինչո՞ւ Ս. Սարգսյանը դիմեց այդ քայլին
Առաջին անգամ նա «սահմանադրական բարեփոխումների» մասին խոսեց 2013թ. սեպտեմբերի 3-ին, նույն օրը, երբ մեկ օրում հրաժարվելով «եւրոասոցացման»՝ 4 տարի թմբկահարվող կուրսից, հանկարծ որոշեց Մաքսային միություն մտնելու «դիմում գրել»։ Գրեց ու հասկացավ, որ՝
1. Դրանով Ռուսաստանն իրեն շատ կոպիտ ստորացնում է (գեթ մի շաբաթ ժամանակ չտալով իր երկրում «նախապատրաստել» այդ քայլը), ուրեմն եւ նրանից պաշտպանության որեւէ հույս այլեւս չի կարող ունենալ։
2. Դրանից հետո, հասկանալի է, նաեւ «քցված» ու հուսախաբված Արեւմուտքում պիտի ամբողջությամբ կորցնի իր վստահելիությունը եւ որեւէ աջակցութուն։
3. Այդ անակնկալը իշխանական համակարգում պիտի ընկալվի որպես իր անկարողության ապացույց, եւ ամեն մեկը պիտի սկսի մտածել «իր գլխի ճարը» տեսնելու մասին։
4. Նման մի անսպասելի կտրուկ քայլը պիտի տասնապատկի իր ձախող քաղաքականության մասին պատկերացումը Հայաստանի ողջ հասարակության մեջ։
Միակ բանը, որից կարելի էր կառչել որպես վերջին փրկօղակ՝ «սահմանադրական բարեփոխումների» գաղափարն էր։ Դա, իհարկե, չէր կարող լուծել 1-ին եւ 2-րդ՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի մոտ վստահության եւ աջակցության վերականգնման հարցերը։ Ս. Սարգսյանը հույս ուներ դրանով լուծել 3-րդ եւ 4-րդ հարցերը։ Այսինքն՝ իր թիմակիցներին ցույց տալ, թե ինքը դեռ «տիրապետում է իրավիճակին», իսկ հասարակությանը մոլորեցնել՝ մինչեւ այժմ եղեծ ամեն տեսակ չարիքներն ու ձախողումները բարդելով գործող Սահմանադրության վրա։ Հենց այս նպատակով է, որ նա ամեն ինչ անում է սահմանադրափոխության գործընթացի մեջ ներքաշելու Քառյակի մեջ մտնող կուսակցություններին կամ նրանցից գոնե մեկին։ Ու քանի որ դա չի հաջողվել, նա արդեն 3 անգամ ձախողման վախից հետաձգել է «բարեփոխումների» հանրային քննարկումների ժամկետը։
Ե՞րբ են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվում։
Սահմանադրությունը երկրի Հիմնական կամ Մայր օրենքն է։ Այն կարգավորում է հասարակության եւ պետության հարաբերությունները, որոշում իշխանական համակարգի կառուցվածքը, դրա բաղադրիչների իրավասություններն ու միմյանց հետ հարաբերությունները։ Աշխարհի փորձն ապացուցում է, որ որքան ավելի կայուն է ու քիչ է փոփոխվում մայր օրենքը, այնքան ավելի կայուն են տվյալ երկրի ներքաղաքական կյանքը եւ զարգացումը։ Սակայն ժամանակի ընթացքում կարող են ի հայտ գալ նոր իրողություններ եւ իրավիճակներ, որ ժամանակին հաշվի չեն առնվել, հակասություններ, որ ժամանակին չեն նկատվել եւ այլն։ Երբ սահմանադրության մեջ նման խնդիր է ի հայտ գալիս, այն նախ արձանագրվում է, տեւական մի շրջան դառնում է հասարակական ու քաղաքական քննարկումների առարկա։
Արդ՝ իր իշխանավարման ավելի քան վեց տարիների ընթացքում Ս. Սարգսյանը երբեւէ, որեւէ առիթով չի արձանագրել գործող Սահմանադրության որեւէ հակասություն, նրա դրույթների որեւէ անհամաձայնություն կամ պակասություն, որը սահմանադրական ճգնաժամ է ստեղծել, խանգարել երկրի կյանքում որեւէ, թեկուզ փոքր մի խնդրի լուծմանը։ Նման արձանագրում չի կատարել նրա որեւէ պաշտոնյա՝ իշխանության երեք ճյուղերում միասին վերցրած։ Նման արձանագրում չի արել անգամ որեւէ քաղաքագետ կամ փորձագետ։ Ըստ այդմ՝ Ս. Սարգսյանի համար «Սահմանադրական բարեփոխումների» հրատապ անհրաժեշտության անակնկալ առաջացումը, ակնհայտորեն, սահմանադրական կարգավորման բարելավման հետ որեւէ կապ չի կարող ունենալ եւ բոլորովին այլ մի նպատակ է ենթադրում։
Քաղաքական իմաստով ի՞նչ է սահմանադրական փոփոխությունը իշխանության համար։
Սահմանադրության ընդունումը կամ դրանում փոփոխությունները նախաձեռնելը չափազանց կարեւոր քաղաքական խնդիրներ են։ Դրա նախաձեռնության իրավունքը Հայաստանում պատկանում է նախագահին եւ Ազգային ժողովին։ Այսինքն՝ նման մի քայլի գնալիս իշխանությունը պետք է լիակատար համոզվածություն ունենա, այնքան, որ պատրաստ լինի կշեռքի նժարին դնել ընդհուպ իր հրաժարականի հարցը։ Եւ եթե այս բանը սահմանադրորեն արձանագրված չէ, ապա միայն՝ որպես աշխարհում վաղուց ընդունված քաղաքական արժանապատվության հանրահայտ բարոյական խնդիր։
Չբերենք օտար օրինակներ, քանզի նման ցայտուն մի օրինակ ունենք մեզանում՝ կապված 1995թ. մեր Սահմանադրության ընդունման հետ։ Սահմանադրության շուրջ բուռն բանավեճերի շրջանում ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց այդպես էլ վարվեց։ Ահա շատերի կողմից մոռացված այդ դրվագը իր իսկ խոսքերով.
«Ես առաջարկում եմ Սահմանադրության ընդունման հետեւյալ կարգը. Սահմանադրական հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո նա-խագիծը ներկայացվելու է խորհրդարան։ Լավագույն լուծումը կլիներ, իհարկե, եթե խորհրդարանը նույնպես հավանություն տար Սահմանադրությանը, որից հետո այն դրվեր հանրաքվեի։
Այս փուլում ես, փաստորեն, տալիս եմ առաջին շանսը քաղաքական ընդդի-մությանը՝ ազատվելու ե՛ւ նախագահական համակարգից, ե՛ւ անձամբ ինձնից։ Այսինքն, եթե հանրաքվեով այս Սահմանադրությունը չի ընդունվում, ես հրաժարական եմ տալիս։ Երկրորդ. ես ընդդիմությանը տալիս եմ հաջորդ շանսը ազատվելու ինձնից, բայց պահպանելով նախագահական համակարգը։ Այսինքն՝ Սահմանադրության ընդունումից հետո անմիջապես անցկացվում են թե՛ Նախագահի եւ թե՛ Ազգային խորհրդի (Այդ պա­հին Սահ­մա­նադ­րու­թյան նա­խագ­ծումայդ­պես էր նա­խա­տես­վում կո­չել օրենս­դիր մար­մի­նը-Ա.Ս.) միաժամանակյա նոր ընտրություններ։ Ավելին, ես տալիս եմ նաեւ երրորդ շանսը։ Անհրաժեշտության դեպքում խորհրդարանը կարող է հանրաքվեի դնել ոչ միայն այս նախագիծը, այլեւ այլընտրանքային տարբերակ, այսինքն՝ պառլամենտական հանրապետության մի Սահմանադրություն։ Այլընտրանքային հանրաքվեի դեպքում էլ, եթե չի ընդունվում Սահմանադրության այն տարբերակը, որը մշակվել է մեր հանձնաժողովի կողմից, ես հրաժարական եմ տալիս (Ելույթ Սահմանադրական հանձնաժողովի նիստում, 27.03.1993, Ընտրանի, էջ 366-367)։
Այսինքն թե՝ իշխանությունը պետք է շատ հստակ դիրքորոշում ունենա Սահմանադրության կամ նրանում առաջարկվող փոփոխության հարցում եւ պատրաստ լինի կշեռքի մյուս նժարին դնել իր հրաժարականի հարցը։
Այս իմաստով՝ ի՞նչ է ասել Ս. Սարգսյանը։ Նա ասել է... ճիշտ հակառակը։ Ասել է՝ մեր երկրի համար ներկա փուլում ճիշտը նախագահական համակարգն է, բայց ես ամեն ինչի պատրաստ եմ սահմանադրական փոփոխությամբ խորհրդարանական համակարգ հաստատելու համար։ Ճիշտ է՝ անհեթեթ է, բայց դա է։ Ահա.
«Ինչ վերաբերում է պետության կառավարման ձեւին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, եւ ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն (նախագահական համակարգը) առավել ընդունելի է...Ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով... եւ հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին» (10.04.2014)։
Ի՞նչ է ստացվում.
- Փոփոխության նախաձեռնողը դու ես, եւ ինքդ էլ դե՞մ ես այդ փոփոխությանը։
- Համզված ես, որ մեր երկրի համար այս փուլում ճիշտը նախագահական համակարգն է, բայց պատրաստ ես ամեն զոհաբերության, որ դրա փոխարեն ա՞յլ համակարգ հաստատվի։ Հանուն ինչի՞։ Գուցե խոստացել են այդ դեպքում Ղարաբաղը մեզ տալ։ Ասա, իմանանք։
- Ի՞նչ կապ ունի հետագայում պետական որեւէ պաշտոնում քո առաջադրվել-չառաջադրվելու հարցը սահմնադրական փոփոխությունների հետ։ Եթե կապ ունի՝ ապա կապ ունի քո այսօրվա պաշտոնը, եւ դա պետք է խաղաթղթի վրա դնես, ոչ թե որեւէ մեկին չհետաքրքրող քո ապագան։
- Ու, եւս մի «փոքր» հարց. իսկ ԱԺ նախագահի պաշտոնից չե՞ս հրաժարվում։
Ուրեմն՝ ի՞նչ է թելադրում նվազագույն քաղաքական արժանապատվությունը նման սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնողին։ Թելադրում է, որ նա հայտարարի հետեւյալ տարբերակներից որեւէ մեկը.
- Ես համոզված եմ, որ մեր երկրի համար ներկա փուլում ճիշտը նախագահական համակարգն է, բայց եթե, հակառակ դրա, Ազգային ժողովի նախաձեռնությամբ սահմանադրական փոփոխություններ կատարվեն, եւ հաստատվի խորհրդարանական համակարգ, ապա ես հրաժարական կտամ։
- Ես համոզված եմ, մեր մեր երկրի համար այս փուլում ճիշտը խորհրդարանական համակարգն է, ուստիեւ ինքս նախաձեռնում եմ նման սահմանադրափոխություն։ Եթե իմ նախաձեռնությունը Ազգային ժողովում կամ հանրաքվեում ձախողվի, ապա ես հրաժարական կտամ։
- Ես եւ Ազգային ժողովում ինձ պաշտպանող մեծամասնությունը համոզված ենք, որ մեր երկրի համար այս փուլում ճիշտը խորհրդարանական համակարգն է, ուստիեւ նախաձեռնում ենք նման սահմանադրափոխություն։ Եթե այն հանրաքվեով չանցնի, ապա անմիջապես կնշանակվեն նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ։
Իսկ այն, ինչ ասել է Ս. սարգսյանը, հենց այն խարդավանքն է, որի մասին բազմիցս է գրվել է, այն խաբեությունը՝ որի շնորհիվ նա վերջին մի փորձն է անում, նախ՝ վերակենդանացնել, ապա՝ հավերժացնել իր իշխանությունը, այս անգամ՝ միանձնյա, որպես իշխող կուսակցության Գլխավոր քարտուղար («գենսեկ»)՝ ինչպես խորհրդային տարիներին։ Իսկ վերջինիս իշխանությունը, ինչպես հիշում ենք, ոչ միայն անսահմանափակ էր, այլեւ դուրս էր սահմանադրական որեւէ վերահսկողությունից։
Հիշո՞ւմ եք ինչպես էր «Ոսկե ձկնիկը» հեքիաթում. Պառավն է՛լ չի ուզում մնալ Ազատ թագուհի, ուզում է դառնալ Ծովի տիրուհի եւ Ոսկե ձկնիկին էլ իր մոտ «ծառա ունենալ»։ Հիմա Ս. Սարգսյան է՝ է՛լ պաշտոն չի ուզում, ուզում է դառնալ ողջ երկրի տերը՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններն իր մոտ ծառա ունենալով։ Իսկ դրա ավարտն էլ, ինչպես հայտնի հեքիաթի Պառավի դեպքում, վաղուց կանխորոշված է։

http://www.ilur.am/news/view/33000.html

Monday, July 21, 2014

Գործ ունենք ռեժիմի հերթական ծանր հանցանքի՝ ԽՈՒՃԱՊԱՐԱՐՈՒԹՅԱՆ հե՞տ


Վերջին շրջանում շատերն են նկատում, որ սոցիալական ցանցերում ինչ-որ հաճախադեպ են դարձել արտագաղթելու մասին հայտարարությունները։ Ու կարծես թե դրանց մեջ հատկապես շատ են զանազան դերասաններ։ Գոնե՝ ինձ հանդիպածների մեջ։ Դրանց արձագանքողներն էլ, որպես կանոն, իրավացիորեն բողոքում են՝ «գնում եք՝ գնացեք, ի՞նչ եք թմբկահարում ձեր գնալը, ի՞նչ եք ուզում ասել մեզ՝ մնացողներիս»։
Արտագաղթելու մասին այսօրինակ հայտարարություններն ու գրառումների բազմացումը ակնհայտորեն կամպանիա են հիշեցնում։ Ասել է թե՝ այն ինչ-որ տեղից հրահանգվել է։ Ինչ-որ տեղից այսօրինակ հրահանգ տալ ու նման արդյունք ստանալ կարող է միայն իշխանությունը։ Ինչո՞ւ ենք այսպես կարծում։
Այդ հայտարարություններում հատկանշական է երկու բան։ Առաջին՝ որ արտագաղթելու մասին իրենց հայտարարություններում հեղինակները, որպես հիմք, նշում են հայտնի հանգամանքները՝ շեշտելով դրանց վերացման, լուծման, որեւէ բան փոխելու «անհնարինությունը»։ Սա արդեն, կամա-ակամա, ուրիշների մոտ հուսահատության առաջացման կամ խորացման նպաստող հանգամանք է։ Երկրորդ՝ գնալու «հիմքերի» մեջ հանդիպում է նաեւ «ընդդիմությունը հուսախաբ արեց» փաստարկը։ Եւ այսպես, ստանում ենք այն բանաձեւերից մեկը, որ մեր որոշ «ազատ ու անկախ» լրատվամիջոցների քարոզչության կենտրոնական գիծն է. «Իշխանությունը վատն է, գող ու ավազակ, ու էս երկրում ոչինչ չի փոխվի, ընդդիմությունն էլ մի բան չի, միայն հուսախաբ արեց ժողովրդին»։ Բանաձեւի երրորդ բաղադրիչը կամ տրամաբանական եզրահանգումը թողնվում է ընթերցողին՝ «ուրեմն՝ որքան շուտ թողնեք գնաք այս երկրից, այնքան լավ»։ Ստացվում է, որ գործ ունենք արտագաղթը խթանելու իշխանական ծրագիրն սպասարկող «գաղափարախոսության» բանաձեւերից մեկի հետ։
Այսինքն՝ չբավարարվելով վերահսկվող «ազատ ու անկախ» մամուլի գործունեության արդյունքներով, ահա, ինչ-որ բանից դրդված՝ փորձ է արվում նույնն անել, արդեն անհատական օրինակների «կենդանի» ու «համոզիչ» ցուցադրմամբ՝ նաեւ շատ ավելի մեծ լսարան ունեցող սոցիալական ցանցերում։ Ընդ որում, ի տարբերություն լրատվամիջոցների քարոզչության՝ այս տարբերակը կարող է ԽՈՒՃԱՊԻ հիմք դառնալ։

Արդյոք չե՞նք չափազանցում՝ ԽՈՒՃԱՊԱՐԱՐՈՒԹՅԱՆ ծանրագույն մեղադրանք ներկայացնելով վարչախմբին։
Ռեժիմն իր գոյության ընթացքում, հանուն իշխանության պահպանման, սեփական ժողովրդի ու ազգային շահերի դեմ արել է քայլեր, որոնք անհավատալի, անպատկերացնելի են եղել յուրաքանչյուր բանական մարդու համար, շատերն այդպես էլ չեն հավատացել։ Կամ հավատացել են շատ ուշ, երբ արդեն բանը բանից անցել է, երբ առարկայացած են եղել դրանց աղետալի արդյունքները՝ անդառնալի կորուստներով։ Օրինակ՝
-         Որեւէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, թե հանուն իշխանության պահպանման՝ կարելի է ուրանալ Ցեղասպանությունը՝ Թուրքիայի համար լուծելով այն խնդիրը, ինչ նա հետապնդում ու չէր կարողանում լուծել  50 տարուց ավելի։ Բայց դա տեղի ունեցավ։
-         Որեւէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, թե հանուն նույն այդ իշխանության պահպանման՝ կարելի էր Լեռնային Ղարաբաղը զրկել հակամարտության եւ բանակցային կողմի՝ միջազգայնորեն ճանաչված մանդատից՝ Արցախի ինքնորոշման իրավունքի առաջնային հիմքից։ Բայց դա նույնպես արձանագրված իրողություն է։
-         Որեւէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, թե 4 տարի զուռնա-դհոլով կարելի էր գնալ «դեպի Եւրոպա», ու մեկ գիշերում, հանուն իշխանության պահպանման, տրամագծորեն հակառակ որոշում կայացնել (նման դեպքերում միակ լուծումը հրաժարականն էր)։
-         Որեւէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, թե, հանուն իշխանության պահպանման, խաղաղ տարիներին Ղարաբաղը բնակեցնելու փոխարեն՝ այն կարելի է դատարկել...
-         Մի քանի տարի առաջ որեւէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, թե Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը ծրագրված նպաստում է երկրից մարդկանց՝ իր իսկ քաղաքացիների արտագաղթին։ Որեւէ մեկը դա չէր կարող պատկերացնել, քանզի ոչ միայն աշխարհում, այլեւ աշխարհի պատմության մեջ նման բան չի եղել։ Մինչեւ որ այդ մասին «լեզվի սայթաքմամբ» ցինիկաբար խոստովանեց Տ. Սարգսյանը, եւ մինչեւ որ սահմռկեցուցիչ այդ իրողությունն առարկայացավ խաղաղ պայմաններում ավելի քան 300.000 արտագաղթով։
Ոչ մեկը չէր կարող պատկերացնել այս ամենը։ Եւ դեռ բոլորը չէ, որ պատկերացնում են։ Ու հենց դրանից էլ օգտվել եւ օգտվում է ռեժիմը՝ անելով նոր «անպատկերացնելի» քայլեր։
Այնպես որ՝ վերեւում արձանագրվածը շատ նման է այն բանին, որ Ս. Սարգսյանի քաղտեխնոլոգները, մարդկային բանականության համար անպատկերացնելի՝ արտագաղթին նպաստող ԽՈՒՃԱՊ առաջացնելու մի ծրագիր են փորձում իրականացնել՝ օգտագործելով սոցիալական ցանցերը։ Այն լրիվ տեղավորվում է «անհավատալիի» շրջանակներում։ Իսկ «անհավատալիի» շրջանակներում է, որովհետեւ սա ծանրագույն հանցագործություն է՝ ըստ էության, նույնքան եւ ավելի ծանր, որքան խուճապարարությունը ռազմաճակատում։
Իսկ ինչո՞ւ հիմա։
Որովհետեւ առջեւում Քառյակի ներկայացրած պահանջների (արդեն ակնհայտորեն չկատարման) առիթով համատեղ հանրահավաքի սպառնալիքն է։ Սրանում չափազանցություն չկա։ Թե որքան է Ս. Սարգսյանը դրանից վախեցած, ցույց է տվել ապրիլի 28-ին Տ. Սարգսյանի հրաժարականի օրակարգով նշանակված հանրահավաքը, որի նշանակումից ընդամենը երկու օր հետո նա բավարարեց այդ պահանջը՝ միայն թե հանրահավաքը չկայանա։
Ոմանք կարող են տրամաբանորեն առարկել. իշխանությունը շտապում է, որ մինչեւ սեպտեմբերի վերջ հնարավորինս շա՞տ մարդիկ արտագաղթեն։ Բայց դա տեխնիկապես հնարավոր չէ։ Այնպես չէ, որ մարդը այսօր կարող է նման որոշում կայացնել ու վաղը նստել ինքնաթիռ ու գնալ։ Նախ՝ դա բոլոր առումներով ծանր որոշում է, եւ որոշումը կայացնելուց հետո մինչեւ դրա իրականացումը տեւական նախապատրաստական աշխատանք է անհրաժեշտ, որ հաստատ շատ ավելի երկար է, քան երկու-երեք ամիսը։ Այս ամենը ճիշտ է։
Ուրեմն՝ ո՞րն է ԽՈՒՃԱՊ հրահրելու իմաստը։
Շատ պարզ։ Խնդիրն այն չէ, թե դրա հետեւանքով մինչեւ աշուն մեկ-երկու տասնյակ ավելի շատ մարդ դուրս կգա Հայաստանից։ Խնդիրն այն է, թե քանի մարդ իր ներսում կկայացնի արտագաղթելու ծանրագույն հոգեբանական որոշումը։ Ա՛յ, դրանք արդեն կարող են լինել տասնյակ հազարներ (եթե, իհարկե, հաջողվի հասարակության մեջ այս կերպ խուճապի տարր մտցնել)։ Իսկ արտագաղթելու վերջնական որոշում կայացրած մարդը մինչեւ հեռանալը միայն ֆիզիկապես է Հայաստանում, բայց ո՛չ որպես երկրում իր այսօրվա ու վաղվա խնդիրներով մտահոգված ու պայքարող քաղաքացի։ Նրա քաղաքացիական, առավել եւս՝ քաղաքական ակտիվությունը, բնականաբար, դադարում է՝ իր ներսում հեռանալու վերջնական որոշման կայացման պահից։ Իսկ դրա համար 2-3 ամիսը ավելի քան բավարար ժամանակ է։ Եւ սա, արդեն, կարող են արդյունք համարել Սերժ Սարգսյանն ու իր քաղտեխնոլոգները։

http://www.ilur.am/news/view/32663.html

Tuesday, July 15, 2014

Թե ինչու է Ս. Սարգսյանը ԱԽՔ-ին գործուղել ընդդիմադիր դաշտ


Շատ լավ հասկանալով, որ իր ապօրինի իշխանությունն անհնար է օրինական ճանապարհով վերարտադրել, վարչախումբն ի սկզբանե դրա համար ստեղծել է երկու գործիք։ Առաջինը քրեական բնույթի է՝ ընտրությունները կեղծելը հնարավոր բոլոր միջոցներով։ Սակայն նկատի ունենալով հասարակական տրամադրություններն ու կայուն ընդդիմացումը՝ հասկացել է, որ միայն այդ գործիքը բավարար չէ երաշխավորված արդյունքի հասնելու համար։ Ուստիեւ ստեղծել է նաեւ մի այլ՝ «ժողովրդավարական» բնույթի գործիք, որ վաղուց հայտնի է «կեղծ ընդդիմություն»անվանումով։ Անաչառ հայացքով նայելու դեպքում շատ դժվար է ասել, թե 1998 թվականից ի վեր նախագահական ընտրություններում այս գործիքներից որն է առավել արդյունավետ աշխատել։ Համենայն դեպս, ոչ մեկը չի կարող ժխտել, որ առանց կեղծ ընդդիմության վճռորոշ դերակատարության՝ անհնար պիտի լիներ միայն ուժով ու ընտրակեղծարարությամբ կանխել 1998-ին՝ Կարեն Դեմիրճյանի, 2003-ին՝ Ստեփան Դեմիրճյանի, 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ 2013-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի տարած հաղթանակների արձանագրումը։
Կեղծ ընդդիմության ամենաակնառու ու թափանցիկ դերակատարումը 2008թ. նախագահական ընտրություններում էր, մասնավորաբար՝ Արթուր Բաղդասարյանի խաղացած դերը։ Նա ոչ միայն կարողացավ մոլորեցնել ընդդիմադիր հասարակության զգալի մի մասին, ապա անակնկալ իշխանութան կողմն անցնելով՝  ծանր հուսախաբության մատնեց նրան, այլեւ դրանով իսկ հնարավոր դարձրեց մարտիմեկյան հեղաշրջումն ու սպանդը։ Ողջ հասարակության համար մինչեւ վերջ ակնհայտ դարձած այս իրողության հանդիման՝ քաղաքական շատ վերլուծաբաններ արձանագրեցին, թե դրանով իշխանության ընտրական այս գործիքը՝ կեղծ ընդդիմությունն այնպես խայտառակվեց, որ այն այլեւս անվերականգնելի ու անօգտագործելի պիտի լինի հետագա ընտրություններում։ Ոչ մեկը չէր պատկերացնում, թե ինչպես այդ խայտառակությունից հետո դրա դերակատարները եւ, առաջին հերթին՝ Ա. Բաղդասարյանը,  կարող են մարդամեջ դուրս գալ թեկուզ ամենահեռավոր գյուղում, մեղմ ասած՝ նախատինքի ու հայհոյանքների չարժանանալով։ Եւ դուրս էլ չեկան. մեկին Ս. Սարգսյանը թաքցրեց Հանրային խորհրդում, մեկին՝ Ազգային ժողովում, իսկ հիմնական դերակատար Ա. Բաղդասարյանին՝ Ազգային անվտանգության խորհրդում։
Հետաքրքիր է, սակայն, այս երեքի նկատմամբ էլ Ս. Սարգսյանի միատեսակ վերաբերմունքն ի սկզբանե, որ պատկերավոր մի խոսքով կարելի է կոչել «մտրակի եւ բլիթի» վերաբերմունք։ Այս մարդկանց առավելագույնն օգտագործելով ու առատ փոխհատուցելով հանդերձ՝ հենց ինքն է նաեւ նրանց (մակ)անվանադիրը, մեկին՝ «Իդիոտ», մեկին՝ «Դատարկ դհոլ» (կրճատ՝ Դհոլ), մեկին՝ «Հաճախորդ» կոչելով։ (Արդարացի լինելու համար փակագծում ասենք, որ առաջին դեպքում նա կրկնապատկված՝ «իդիոտ եւ տականք» ձեւով ետ է ստացել վիրավորանքը)։ Ինչպես հայտնի է՝ մականունները մարդկանց ամուր սոսնձվում-կպչում են այն դեպքում, երբ դրանք, որպես բնութագրիչներ՝ առավելագույնս դիպուկ են, ուստի այս դեպքերում (դարձյալ՝ հանուն արդարության) պետք է ընդունել Ս. Սարգսյանի ճշգրտությունը։ Արձանագրենք նաեւ, որ շատ ավելի պակաս վիրավորական է, երբ մարդն իր վարքագծի կամ ծառայության համար արժանանում է միայն «մտրակի» կամ միայն «բլիթի», քան երկուսը միասին։
Այստեղ ավելացնենք, որ 2008թ. հետո փոխվեց Ա. Բաղդասարյանի՝ մինչ այդ տարածում գտած «Հաճախորդ» մականունը՝ ԱԽՔ-ով։ Կարելի է վստահաբար ասել, որ հայաստանյան մականունավորների համաստեղության մեջ սա ամենահայտնին է ու ամենահանրաճանաչը։ Ավելին՝ այն, արդեն որպես բառարմատ, ամրորեն մտել է մեր լեզվի մեջ իր ոչ միայն գոյականական, այլեւ ածականական, բայական ու մակբայական տասնյակ կիրառումներով։ Անցած տարիներին գրավոր նյութերում այդ բառարմատով արձանագրված բառակազմությունների ոչ լրիվ ցուցակ՝ մի քանի տասնյակ միավոր, անգամ հրապարակվել է։ Ըստ այդմ՝ այսուհետ որեւէ բառարանագիր չի կարող անտեսել այս հանգամանքը եւ ԱԽՔ-ը իր տասնյակ բառակազմություններով չի կարող չմտցնել հայերենի բառարաններ։
Ինչո՞ւ հասարակական-քաղաքական լեքսիկոնում ԱԽՔ-ը հաղթեց ու դուրս մղեց «Հաճախորդին»։ Բացատրությունն ակնհայտ է. 2008թ. Ա. Բաղդասարյանի խաղացած դերից ու դրսեւորած վարքագծից հետո «հաճախորդը», որպես բնորոշում, այլեւս շատ մեղմ էր՝ արտահայտելու համար արգահատական այն վերաբերմունքն ու նողկանքի այն զգացողությունը, որ համատարած առաջացել էր ողջ հասարակության մեջ՝ քաղաքական շրջանակներից սկսած, մինչեւ Հեռվաշեն գյուղի՝ աշխարհի անցուդարձից ամենահեռու վերջին հովիվը։ Մինչդեռ ԱԽՔ-ը հայերենում նողկանք արտահայտող հայտնի ձայնարկութան հետ հնչյունական նույնությամբ արտահայտում էր հենց այդ՝ նողկանքի եւ արգահատանքի համատարած դարձած զգացումը նրա նկատմամբ։
Սույն փաստն, իմիջիայլոց (ամենայն լրջութամբ), հաստատում է գիտական այն պնդումը, որ որեւէ լեզվում նոր բառ չի կարող ստեղծվել, քանի դեռ չկա տվյալ առարկան կամ երեւույթը։ Իսկ երբ առարկան կամ երեւույթը ներմուծվում է դրսից, այն սովորաբար գալիս է իր օտար անվանմամբ։ Այնպես որ, Աճառյանից հետո հայերենի հաջորդ արմատական բառարանի հեղինակը պիտի ունենա այսպիսի բառահոդված. «ԱԽՔ – բնիկ հայ բառ, առաջացել է...» եւ այլն։ Իսկ թե ինչպես պետք է այն թարգմանվի այլ ժողովուրդների լեզուներով, որոնց հասարակական, քաղաքական կյանքում դեռ անծանոթ է այս երեւույթը, դա արդեն իրենց հոգսն է, թող բառը փոխառեն հայերենից։
* * *
Որքան էլ 2008թ. կեղծ ընդդիմությունը լիակատար բացահայտված ու ջախջախված՝ Սերժ Սարգսյանը չէր կարող համակերպվել թանկարժեք ու կենսական այդ գործիքը կորցնելու մտքի հետ։ Եւ նա սկսեց աշխատել երկու ուղղությամբ։ Առաջին՝ գտնել նոր «հաճախորդներ», ու հատկապես՝ հենց այն ուժի շրջանակներից, որից ինքը ջախջախիչ պարտություն էր կրել։ Նրա համառ ու առատաձեռն աշխատանքն այս ուղղությամբ կարծես թե խոստանում է ինչ-որ արդյունքներ տալ (բայց սա այլ թեմա է, թողնենք այլ առիթի)։ Երկրորդ՝ համբերատար վերականգնել կեղծ ընդդիմության՝ 2008-ին ջախջախված մեքենան (այնպիսի մի սրտացավությամբ, ինչպես հայտնի ֆիլմում Ադամն էր վերականգնում իր ջախջախված «Անտիլոպը»)։ Հենց այդ նպատակով, ինչպես արդեն ասացինք, 2008-ի հիմնական դերակատարներին, ըստ իրենց խաղացած դերի, փակեց ապահով պաշտոններում՝ հույս ունենալով, որ ըստ հայտնի ժողովրդական իմաստության՝ «ժամանակը կբուժի վերքերը», շատերի մոտ շատ բան մոռացության կմատնվի։
Եւ ահա, հերթանական անգամ եկել է իր փայփայած «հաճախորդներին» եւս մեկ անգամ գործի դնելու ժամանակը։ ԱԽՔ-ը, իշխանական բարձունքներից, ինչպես 2006թ. Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, այժմ էլ՝ Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնից, գործուղվում է ընդդիմություն։ Մի՞թե Սերժ Սարգսյանը մտածում է, թե նույն մարդու դերակատարությամբ կարելի է նույն դաժան խաղը խաղալ ժողովրդի հետ։ Այս առիթով «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը գյումրեցուն հատուկ պատկերավոր խոսքով դիպուկ նետել է«Ո՞վ է նրան ներշնչել, թե նա իրավունք ունի ծաղրել մեր բանականությունը»։ Բանականություն ունեցող յուրաքանչյուր ոք, անշուշտ, թույլ չի տա այդ ծաղրը։ Ուրեմն, գուցե այս դեպքում խուճապի մեջ հայտնված Ս. Սարգսյանի եւ ԱԽՔ-ի թիրախը հասարակության հատակի այն լղարիկ շե՞րտն է, որ խնդիր ունի թե՛ հիշողության, թե՛ բանականության հետ։ Բայց դա շատ քիչ է։
Խարդավանքների վարպետ Ս. Սարգսյանն այս անգամ շտապ, բոլորովին այլ մի ծրագիր է իրականացնում։ Եւ այդ ծրագիրն, իհարկե, առնչվում է Քառյակին, որի դրած պահանջների ու խոստացած հանրահավաքի վտանգի դեմ նա առայժմ որեւէ հակաթույն չի գտել։ ԱԽՔ-ը այժմ նրան պետք է ոչ թե մարդկանց խաբելու, գայթակղելու, մոլորեցնելու, իր կողմը ձգելու, այլ վանելու համար։ Որպես 2008թ. փետրվարից ի վեր եւ առ այսօր ամենամեծ վանողական ուժ ունեցող արգահատելի կերպար՝ նա գործուղվել է ընդդիմադիր դաշտ՝ Քառյակին որեւէ կերպ քսվելու, նրա հետ որեւէ կերպ առնչվելու, նույն բաները կրկնելու միջոցով միասնական գործելու տպավորություն ստեղծելու, եթե կարողանա՝ Քառյակ մտնելու համար։ Կարելի է միայն պատկերացնել, թե այդ դեպքում սեփական բանականության ու արժանապատվության հարգն իմացող քանի տասնյակ ու հարյուր հազարավոր մարդիկ երես կթեքեն Քառյակից։ Ահա եւ Սերժ Սարգսյանի իրական, խարդավական ծրագիրը, որի գործող անձը հայ իրականության մեջ ուրիշ ոչ ոք լինել չէր կարող, քան ինքը՝ ԱԽՔ-ը։ 


http://www.ilur.am/news/view/32400.html

Tuesday, July 8, 2014

Վիրավորվածությունը՝ որպես արտագաղթի նոր և հիմնական պատճառ


Վերջին շրջանում մամուլում և հատկապես՝ սոցիալական ցանցերում, ակտիվ քննարկման թեմա է արտագաղթի խնդիրը։ Առիթն այն է, որ երկրից հեռացող մարդիկ այդ մասին նախապես հրապարակային հայտարարություններ են անում՝ բացատրելու կամ արդարացնելու համար իրենց քայլը, կամ հայտնելու իրենց դժգոհությունը։
Տարբեր են հեռանալու՝ ներկայացվող շարժառիթները։ Տարբեր են նաև հեռանալու ձևերը. ոմանք դա կարող են անել լուռ, ոմանք ինչ-որ բան ասեն՝ որպես արդարացում, ոմանք՝ թափեն իրենց զայրույթը ճիշտ կամ սխալ հասցեատիրոջ վրա։
Տարբեր են նաև արձագանքները՝ արդարացնելուց սկսած՝ մինչև մեղադրանք՝ հայրենիքին դավաճանելու մեջ։
* * *
Արտագաղթը կանխելու երկու հիմնական ձև կա։ Առաջին՝ խուլ փակում ես սահմաններդ «երկաթե վարագույրով», ինչպես դա արել էր, օրինակ՝ Սովետական Միությունը։ Երկրորդ՝ քո երկրի բնակիչների, քաղաքացիների համար ապահովում ես այնպիսի կենսապայմաններ, որ նրանք գերադասում են մնալ, ոչ թե հեռանալ օտար երկրներ։ Ընդ որում՝ ոչ մեկը, ասենք, սոսկ երկու անգամ ավելի լավ ապրելու հեռանկարով չի լքի իր երկիրը։ Հայրենի երկրից արտագաղթի որոշում կայացնելը ծանրագույն քայլ է՝ թե՛ ռիսկի ու անհայտության, թե՛ զուտ հոգեբանական առումով։ Նման որոշում կայցնելու համար մարդը, որպես կանոն, ունենում է տասնապատիկ լուրջ հիմքեր։ Եւ եթե զգացական հարթությունից տեղափոխվում ենք առարկայական հարթություն, ապա ցանկացած մարդու համար արտագաղթելը ծանր ողբերգություն է նախ իր համար, ուստիև շատ դժվար է որևէ մեկին մեղադրել։
 Բոլոր, ու հատկապես՝ թվով ոչ մեծ ժողովուրդների համար արտագաղթը կործանարար է, երբ անցնում է չափի ինչ-որ սահմանագիծ։ Մեզանում այն վաղուց է անցել այդ սահմանագիծը։
Արտագաղթի երևույթն այն տեսքով ու բովանդակությամբ, ինչպիսին այսօր է Հայաստանում, ազգակործան է՝ առանց դույզն-ինչ չափազանցության։
Արտագաղթի ազգակործան լինելը որոշվում է ոչ միայն նրա ծավալներով, այլ նաև նրա շարժառիթներով, դրդապատճառներով ու միտումներով։
***
Ինչպես ասացինք, Սովետական Միությունը արտագաղթի դեմ պարզապես փակել էր սահմանները։ Խորհրդային տասնամյակներում երկու-երեք անգամ կազմակերպած ներգաղթի շնորհիվ Հայաստանում 1980-ականներին իրենց սերունդներով ապրում էին մի քանի հայրուր հազար ներգաղթյալներ։ Ժամանակին եկել էին՝ ինչ-որ խոստումների հավատալով, ինչ-որ հեռանկարով կամ ճարահատ, ապա բանտարկված մնացել։ Երբ 1980-ականների կեսերից հետո «երկաթի վարագույրը» փոքր-ինչ բարձրացավ, միանգամից բարձրացավ արտագաղթի առաջին մեծ ալիքը։  Ցավալի էր դա, բայց նաև բացատրելի ու ինչ- որ տեղ՝ բնական։
Այս ալիքը դեռ չէր ավարտվել, երբ դրան գումարվեց 1988-ի երկրաշարժի, ապա Ադրբեջանից փախստականության հետևանքով անօթևան ու անաշխատանք մնացած շուրջ կես միլիոն  բնակչությունը։ Դրա, մասնավորապես՝ փախստականության մի մեծ մասը անխուսափելիորեն պիտի բռներ արտագաղթի ճանապարհը։
Արտագաղթի եղած օբյեկտիվ պատճառներին եկան ավելացան ևս երկուսը՝ տնտեսական խուլ շրջափակումն ու պատերազմը։ Ընդ որում՝ պատերազմող երկիրը, հանգամանքների թելադրանքով, երկրում չէր կարող պատերազմական օրենքներ մտցնել։ Այսինքն՝ դեռ կոմունիստական իշխանության վերջին տարիներից սկսած, ապա՝ նրան հաջորդած ժողովրդավարական իշխանության առաջին տարիներին, արտագաղթի պատճառները օբյեկտիվ էին և անշրջանցելի։ Այդ ընթացքում անկախության հռչակումը, պատերազմում տարած հաղթանակները, կատարվող բարեփոխումները և այլն՝ արտագաղթի դեմ աշխատող, այն մեղմացնող գործոններ էին։ Զինադադարի հաստատումից քիչ անց,՝արդեն 1996-ից, արտագաղթը դադարեց, ավելի ճիշտ՝ եկողների թիվը գերազանցեց դուրս գնացողներինը։
1998-ից՝ հաջորդ իշխանության շրջանում, ռեժիմի ստեղծմանը զուգընթաց՝ սկսում են ձևավորվել արտագաղթի՝ այսօր գործող հայտնի հիմքերը, սակայն տարիների կտրվածքով արտագաղթի ցուցանիշները տատանողական են՝ կապված, առաջին հերթին, կոնկրետ ներքաղաքական իրադարձությունների, դեպքերի հետ, որոնք անապահովության զգացում պիտի առաջացնեին։ 1998-ի փետրվարյան պետական հեղաշրջումից հետո նույն տարում այն հասավ 24.000-ի, 1999-ին՝ «Միասնություն» դաշինքի հաղթանակից հետո՝ իջավ մինչև 7000, 2000 թ. (1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո) հասավ 57.500-ի, 2001-ին՝ 60.400-ի, հաջորդ տարիներին թվերն, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազում են։
Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին՝ 2008-ից սկսած՝ արտագաղթի ցուցանիշը կայուն աճողական է և վաղուց հատել է ամենավտանգավորի սահմանագիծը։ Դրան նպաստող օբյեկտիվ այնպիսի հանգամանքներ, ինչպես 90-ակններին, գոյություն չունեն։ Առ այսօր դրան տրված միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ Ս. Սարգսյանի օրոք մշակվել և գործում է արտագաղթին ամեն կերպ նպաստելու ծրագիր և քաղաքականություն։ Բազմիցս նաև նշվել է, որ հենց այդ ծրագրի մասին է ժամանակին բացահայտ հայտարարել նախկին վարչապետ  Տիգրան Սարգսյանը։
Արդ՝ որո՞նք են Ս. Սարգսյանի օրոք արտագաղթի հանգեցնող հիմնական պատճառները։ Դրանց մի մասը՝ ժառանգած 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո հաստատված ռեժիմից, պարզապես ավելի խորացել է.
- Աշխատանքի և կենսապայմանների բացակայություն,
- կողոպուտի ու հարստահարման թիրախ լինելը,
- իրավունքի բացակայություն և ապօրինություններ,
- փակված են ինքնուրյուն տնտեսական գործունեության բոլոր ճանապարհները,
- անապահովություն բանակում,
- հեռանկարի բացակայություն և այլն։
Սերժ Սարգսյանի օրոք, հատկապես՝ վերջին շրջանում, արտագաղթի արդեն հայտնի այս պատճառներին ավելացել է նորը, որ ներգործության իր ուժով դառնում է շատ ավելի հզոր։ Դա ՎԻՐԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈԻՆՆ է (обида)՝ անհատի մարդկային, քաղաքացիական ու ազգային զգացումներին հասցված ծանր վիրավորանքը։
Մարդկանց համար վիրավորական է՝
- որ իրենց երկրի ղեկավարին կարող են ստիպել Ցեղասպանություն ուրանալ կամ 180 աստիճանով արտաքին քաղաքական կուրս փոխել,
- որ իր երկրի՝ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձին միջազգային ասպարեզում կարող են հրապարակայնորեն խայտառակ ստորացումների ենթարկել,
- որ նրա եղբայր Սաշիկը, որտեղ սիրտն ուզի՝ կարող է կարմիր գծեր գծել, արագաչափեր ու տեսախցիկներ դնել ու մարդկանցից փողեր կլպել,
- որ նրա փեսա Միշիկը կարող է միլիարդատեր դառնալ, բնականաբար՝ մեր բոլորի հաշվին,
- որ Գալուստ Սահակյանի, Հովիկ Աբրահամյանի, Շարմազանովի և այլ «դեմքերն» են իր երկրի դեմքը,
- որ բարոյականությունից շա՜տ հեռու այս մարդիկ կարող են, բարոյախոսական քարոզ կարդալով՝ քո գրպանը մտնել, քեզ հիմարի տեղ դնել, թե աշխատավարձիդ մի մասը տանում ենք, որ 40 տարի հետո տանք, դու երջանիկ մեռնես...
Այնպես որ՝ բոլոր, այդ թվում նաև արտագաղթի հարցում պետք է ելնել օբյեկտիվորեն առկա և այլևս անշրջանցելի մի իրողությունից. Ս.Սարգսյանը, չկարողանալով իր համար լուծել «վստահելի և ապահով» իրավահաջորդի հարցը, իշխանությունը պահելու, պատասխանատվությունից խուսափելու համար պատրաստ է ամեն ինչի՝ առանց խտրականության։ Նա՝ բոլորիս անծանոթ մի հոգեվիճակում, բոլորիս անծանոթ մի աշխարհում՝ ունի մեկ հակառակորդ ու թշնամի՝ իրեն երբևէ չընդունած Հայաստանի ժողովուրդը։


http://www.ilur.am/news/view/32120.html

Tuesday, July 1, 2014

Սերժ Սարգսյանը՝ վախերի իր իսկ հյուսած սարդոստայնում


Բժշկագիտությունն արձանագրում է վախի շուրջ 500 տարատեսակ։
Վախը համարվում է բոլոր հույզերից ամենավտանգավորը, որ կարող է ոչ միայն հոգեկան, այլ նաեւ ֆիզիկական ախտահարումների պատճառ դառնալ։ Իսկ ինտենսիվ վախը կարող է հասցնել ընդհուպ մահվան։ Այս բանը վաղուց հայտնի է եղել ժողովրդական բժկությանը, դրա դեմ պայքարել են ամենասովորական կենցաղում. ինչ-որ բանից վախեցածի «վախը բռնում» կամ «վախը չափում էին», որ այն հետեւանքներ չունենա։
Շատ ուժեղ վախը, վերածվելով ֆոբիայի, մեծապես ազդում է մարդու հոգեկան առողջության, վարքագծի վրա եւ կարող է ճակատագրական, կործանարար դեր խաղալ անհատի կյանքում։ Իսկ երբ այդ անհատը, իրերի բերմամբ, նաեւ երկրի, պետության ղեկավար է, այն կարող է նույնպիսի դեր խաղալ նաեւ ողջ ժողովրդի համար։ Եւ եթե այդ պետությունն էլ հզորագույններից մեկն է՝ նաեւ բազմաթիվ այլ ժողովուրդների համար։ Հայտնի է, որ, օրինակ, Ստալինի վարքագծի դրսեւորումների հիմքում դրված հիմնական գործոններից է եղել վախը։ Նա տառապել է մարդկանց մեջ գտնվելու վախով (սոցիոֆոբիա), նա չի վստահել ու վախեցել է բժիշկներից (իատրոֆոբիա), միշտ վախեցել է թունավորումից (իոֆոբիա), նրան թվացել է, թե իրեն միշտ հետապնդում են, վախեցել է քնելուց (սոմնիֆոբիա), վախեցել է դավադրություններից։
Այս ամենը նրա մոտ ձեռքբերովի էր՝ կապված, մի կողմից՝ ինքնաճանաչման, մյուս կողմից՝ իշխանության ձեռքբերման ու պահպանման իր գործադրած մեթոդների հետ։ Ձեռք բերած իշխանությունը պահպանելու, չկորցնելու մտասեւեռումն է եղել նրա ելակետը եւ պայմանավորել, թե ով պետք է լինի իր թիրախը։ Երբ որպես իր իշխանության վտանգ՝ նրա սեւեռուն միտքը տեսել է կուսակցական վերնախավի այն գործիչներին, որոնք իրենց ինտելեկտով, հեղինակությամբ, հռչակվածությամբ կամ այլ հատկանիշով գերազանցել են իրեն, նա ոչնչացրել է այդպիսիներին։ Երբ որպես իր իշխանության համար վտանգավոր տարր՝ նա տեսել է բանակի սպայական կազմը, ոչնչացրել 50.000-ից ավելի հրամանատարների։  Գործած հանցանքները, սակայն, չեն ամոքել եղած ֆոբիաները եւ առաջացրել են նորերը։ Նա վախեցել է ժողովրդից. ըստ կենսագիրների՝ նա վերջին անգամ հանրության մեջ երեւացել է 1931թ.։ Ըստ հոգեբանների՝ «վախը դավադրություններից» եւ «վախը հանրությունից» եղել են այն հիմքը, որը ծնել է 30-ականների «մեծ տեռորը»։
Կյանքի վերջին տարիներին նրա վախերն ավելացել ու խորացել են։ Ու, վերջին հաշվով, հենց վախերի, ֆոբիաների այս կծիկը, սարդոստայնը, քայքայելով նրան ֆիզիկապես ու հոգեպես, հասցրեց մահաբեր կաթվածի։ Սակայն ընդամենը մի մարդու ֆոբիաները նաեւ տասնյակ միլիոնավոր մարդկային կյանքեր խլեցին, տասնյակ միլիոնավոր մարդկանց, եթե չասենք՝ մի ողջ սերնդի ճակատագրեր խեղեցին։
Դժվար է ասել՝ եղե՞լ է ժամանակ, երբ Ստալինի վարքագիծն ու գործողությունները պայմանավորված են եղել գաղափարական ինչ-որ սկզբունքներով, ինչ-որ գերագույն արժեքով, օրինակ՝ համաշխարհային հեղափոխության, սոցիալիզմի կամ կոմունիզմի կառուցման ծրագրերով եւ այլն։ Պայմանականորեն ընդունենք անգամ՝ եղել է։ Սակայն ակնհայտորեն ինչ-որ պահից, արդեն գործած հանցանքների, խաբեությունների եւ պատասխանատվություն ենթադրող այդօրինակ այլ հիմքերով վախից սեփական անձն է դարձել այդ գերագույն արժեքը, ու այդ անձն իրեն, իր կյանքը, ապրելը ոչ մի կերպ չի պատկերացրել առանց իշխանության։ Մնացած ամեն ինչ, բացարձակապես՝ ամե՛ն ինչ, պիտի ծառայեր, անհրաժեշտության դեպքում՝ զոհաբերվեր գերագույն այդ արժեքի ու նրա իշխանության պահպանմանն ու հավերժացմանը։
Սա, ակնհայտորեն, վախի հիմքով հոգեկան հիվանդություն է՝ այս կամ այն չափով հատուկ մեծ ու փոքր շատ բռնապետների, շատ վտանգավոր դրանով տառապող անձի, ու բազմակի վտանգավոր՝ նրանց համար, ովքեր տվյալ անձի իշխանության տակ են։
***
Որքան էլ անձի եւ երկրի առումով մասշտաբները՝ անհամեմատելի, սակայն կարելի է զուգահեռներ տանել այսօրվա հայաստանյան իրականության հետ։ Ավելի շատ են տարբերությունները, ընդհանուր է մի բան՝ իշխանության բարձունքի հասած անհատի վարքագիծն ու գործելակերպը՝ իրեն պատած վախերի, ֆոբիաների թելադրանքով, ու դրա կործանարար հետեւանքները։
Անենք նույն հարցադրումը. եղե՞լ է ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի վարքագիծն ու գործողությունները պայմանավորված են եղել գաղափարական ինչ-որ սկզբունքներով, իր անձից դուրս ինչ-որ գերագույն արժեքով, օրինակ՝ Ղարաբաղի ազտագրման ու Հայաստանին միացման, անկախության եւ այլ գաղափարներով։ Պայմանականորեն ընդունենք, որ եղել է։ Եւ այս դեպքում էլ՝ ինչ-որ պահից՝ արդեն գործած հանցանքների ու խաբեությունների բացահայտման ու դրանց համար պատասխանատվության վախից, առաջին պլան է ելել սեփական անձը՝ որպես գերագույն արժեք, որին կարելի է զոհաբերել ամեն ինչ։ Ո՞րն է եղել այդ պահը. 1998-ի հեղաշրջմանը մասնակցությո՞ւնը, դրանից առաջ պաշտոնավարման տարիներին ինչ-որ դեռ անհայտ հանցավոր փաստե՞ր, ապօրինի կուտակած հարստությո՞ւնը, նախագահական իշխանության հասնելու համար արտաքին աշխարհի հետ ազգային շահերի հաշվին գաղտնի գործարքնե՞րը, 2008-ի ընտրակեղծիքներն ու մարտիմեկյան սպա՞նդը, բանակի ներգրավմամբ պետական հեղաշրջման իրականացո՞ւմը։ Դժվար է ասել։
Ակնհայտ է մի բան։ Վաղուց արդեն մենք գործ ունենք մի մարդու հետ, որը տառապում է բազմաթիվ վախերով, ֆոբիաներով, նրա վարքագիծն ու գործունեությունը բխում են դրանից, եւ հետեւանքները կործանարար են Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Սերժ Սարգսյանի ողջ գործունեությունն ուղղված է սեփական վախերի հարուցիչները, պատճառները վնասազերծելուն, անվտանգ դարձնելուն։ Նրա ֆոբիաների հիմնական տեսակներն են.
Վախ արտաքին աշխարհից
Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում էր եւ հասկանում է, որ դրսում իր իշխանության ոչ օրինակարգ ճանաչումը կործանարար կլինի։ Նկատի ունենալով ուժերի եւ ռեսուրսների անհամեմատելիությունը, նա այս դեպքում գործադրում է ոչ թե վախի հարուցիչին դիմակայելու, նրան ոչնչացնելու, այլ նրան քծնելու, զիջումների ու խոստումների մեթոդը։ Ուժեղին նա պատրաստ է զիջել ամեն ինչ՝ Ցեղասպանության ուրացումից սկսած՝ մինչեւ պետական լեզու, Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից՝ մինչեւ երկրի ռազմավարական ոլորտների վաճառք։ Պատրաստ է Թուրքիայի նախագահին հաճոյանալու համար հրճվել Հայաստանի հավաքականի դարպասը Թուրքիայի հավաքականի խփած գոլով եւ Հայաստանի պետական զինանշանի վրայից հանել Արարատ սարի պատկերը։ Պատրաստ է մեկ գիշերում տրամագծորեն փոխել ամբողջ չորս տարի հետապնդած արտաքին քաղաքական կուրսի վեկտորը։ Պատրաստ է ամեն տեսակ քծնանքի, հանդուրժելու ամեն կարգի ստորացումներ։
Վախ սեփական ժողովրդից.
Ի տերբերություն դրսի՝ նա տրամագծորեն այլ մեթոդներ որդեգրեց երկրի ներսում իր վախերի հարուցիչները չեզոքացնելու համար։ Դրանցից առաջինը Հայաստանի ժողովուրդն էր։ Խնդիրն այն է, որ այդ ժողովուրդը, 1998-ից ի վեր, այդպես էլ չհամակերպվեց ոչ օրինակարգ իշխանության գոյության փաստի հետ։ Հայաստանում չհաջողվեց ստեղծել այնպիսի ռեժիմ, երբ ողջ ժողովուրդը, համոզված, մոլորված թե վախից, զուռնա-դհոլով 99%-ով գնար ընտրությունների եւ նույն 99%-ով ընտրեր միակ թեկնածուին։ 1990-ականներին ջախջախվել էր այդ ավանդույթը ու դրա փոխարեն արմատավորվել էր իրական ընտրությունների քաղաքական ավանդույթը, որ դիմակայեց եւ տեղի չտվեց։ Ուստիեւ՝ իշխանության պահպանման, վերարտադրման համար այլ բան չէր մնում, քան ստեղծել ընտրակեղծիքների այնպիսի մի մեքենա, որը կարողանար ընտական պրոցեսից դուրս բերել ոչ թե ստացված, այլ պատվիրված արդյունքը։
Բայց սա դեռ բավական չէր ժողովրդից ունեցած վախի խնդիրը լուծելու համար։ Այդ ժողովուրդը ոչ մի անգամ չհամակերպվեց նաեւ ընտրակեղծիքների ու կեղծված արդյունքների հետ, ու ամեն անգամ փողոց էր դուրս գալիս այնպիսի թափով ու վճռականությամբ, որ կարող էր մահացու լինել ռեժիմի ու նրա պարագլխի համար։ Այդ ընդվզումն իր գագաթնակետին հասավ 2008թ. ընտրությունների առիթով՝ հետընտրական բողոքի բուռն ակցիաներից վերածվելով ռեժիմի հիմքերը խարխլող տեւական համաժողովրդական շարժման։ Այս իրողության հանդիման՝ Սերժ Սարգսյանը պիտի մտածեր իր իշխանությանն սպառնացող այս վտանգի ֆիզիկական չեզոքացման մասին։
Ժողովրդից իր վախը «բռնելու» համար Ս. Սարգսյանի կողմից մշակվեց ու գործի դրվեց անհավատալի, սահմռկեցուցիչ՝ արտագաղթի մի ծրագիր. դուրս մղելով՝ նվազեցնել երկրի բնակչությունն այն աստիճան, որ այն չբավարարի գոյացնելու համար հեղափոխական իրավիճակ ստեղծելու համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածը, իսկ մնացածներն էլ կորցնեն իրենց քաղաքացիական հատկանիշները եւ դադարեն լինել իշխանության հարցի լուծման գործոն։ Մարդկանց արտագաղթի մղելու լծակներն ու մեթոդները բազմազան են. իրավազրկում, ունեզրկում, թալան, կողոպուտ, գործարար միջավայրի աղճատում եւ ոչնչացում,  տարբեր կարգի հետապնդումներ, հեռանկարի ոչնչացում։ Դրա համար, որպես քարոզչական գործիք, առատ վճարի դիմաց լայնորեն օգտագործվեց «ազատ» մամուլը, որին հանձնարարվեց զարգացնել «էս ազգը ազգ չի», «սրանք մի բան չեն, նախկիններն էլ մի բան չէին, ով էլ գա նույնն է լինելու», «բոլոր չարիքների հիմքերը դրվել են 90-ական թվականներին» եւ հուսահատության ու հուսալքության մղող նմանօրինակ այլ անհեթեթություններ։ Մարդկանց երկրից դուրս քշելու քաղաքականությունը բացահայտ է, դրա արդյունքներն արտագաղթի տեսքով անսակարկելի են, այդ ծրագրի մասին իրեն հատուկ ցինիզմով հրապարակավ հայտարարեց անգամ Ս. Սարգսյանի երկարամյա վարչապետ Տ. Սարգսյանը։
Վախն ընդդիմությունից
Սերժ Սարգսյանի ամենախոր վախի հարուցիչն, անշուշտ, քաղաքական ընդդիմությունն է, որը կարող է հունավորել, ուղղություն տալ, կազմակերպել դժգոհ ժողովրդին։ Այստեղ Ս. Սարգսյանի բախտը չբերեց։ Ի սկզբանե, ազգային շահերի վաճառքի դիմաց ունենալով միջազգային հանրության անվերապահ աջակցությունը՝ նա ամենադաժան հաշվեհարդարը տեսավ 2008թ. ընտրությունների շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված քաղաքական ուժերի եւ համաժողովրդական շարժման դեմ. սպանություններ, հարյուրավոր ձերբակալություններ, քաղբանտարկյալներ, տասնյակ հազարավորների հետապնդումներ։ Եւ չկարողացավ հասնել ցանկալի արդյունքի։ Հայ ազգային կոնգրեսի՝ միայն հանրապետական մասշտաբով շուրջ 7 տասնյակ հանրահավաքներից յուրաքանչյուրը ծանրագույն սթրես է եղել Ս. Սարգսյանի համար, բազմապատկել ու խորացրել նրա վախերը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին ենթական, չկարողանալով հաղթահարել իր մեջ արմատացած բարդույթները, իր համար ամենավտանգավոր պահերին նրա դեմ գործել է ամենաճղճիմ ու, միաժամանակ՝ ամենախղճուկ ձեւերով ՝ չխորշելով օգտվել ամենաստոր մեթոդներից ու ամենավարկաբեկված մարդկանց ծառայություններից։
Վերջին տարիներին տեղի ունեցան քաղաքական գործընթացներ, որոնք բազմապատկեցին Ս. Սարգսյանի վախը քաղաքական ընդդիմությունից։ Շուրջ հինգ տարի Հայ ազգային կոնգրեսի դեմ նրա մղած ամենօրյա պայքարը ցանկալի արդյունքի չհասավ։ Ընդհակառակը. չնայած նա շարունակեց մնալ  իշխանության ղեկին, նրանից աստիճանաբար հեռացան նրա բոլոր դաշնակիցները։ Ավելին՝ նրանք բոլորը հայտնվեցին Հայ ազգային կոնգրեսի հետ նույն ընդդիմադիր միավորման մեջ, նույն քաղաքական պլատֆորմի վրա։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի սթրես ու խուճապ է ապրել Ս. Սարգսյանն այս ամենից, կարելի է պատկերացնել, թե, օրինակ, նա ինչպիսի սթրես է ապրել ս/թ ապրիլի սկզբին, երբ Քառյակը նույն ամսվա 28-ին համատեղ հանրահավաք հայտարարեց։ Իսկ պատկերացնելու համար սթրեսի, խուճապի ու վախի այդ աստիճանը, բավական է այն փաստը, որ հաջորդ իսկ օրը նա ստիպված էր այդ հեռանկարից խուսափելու համար զոհաբերել իր շատ սիրելի վարչապետին։
Վախը գործարարներից
Այն գործողությունը, որը վերջ է տալիս բռնապետություններին եւ հաստատում ժողովրդավարություն, իրավունքի եւ օրենքի գերակայություն, գիտական գրականության մեջ կոչվում է բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն։ Դրա շահառուներն ու շարժիչ ուժերը շահագործվող ու   իրավազրկված ժողովրդական լայն զանգվածներն են եւ գործարարները՝ մեծ թե փոքր։ Այսինքն՝ հիշյալ հեղափոխությունն իրականություն է դառնում հասարակական այս երկու բաղադրիչների մեկտեղմամբ։ Անկախ այն բանից, թե ինքը՝ սերժ Սարգսյանն ինչպես կկոչի դա, նրա համար ակնհայտ է, որ այդ երկու բաղադրիչների «միացումը» վերջ կդնի իր իշխանությանը։ Ուստիեւ՝ նրա հաջորդ վախի աղբյուրը գործարարներն են՝ մեծ, միջին թե փոքր։ Այդ վախից դրդված է, որ նա առավելագույնս խեղճացրեց, ոչնչացրեց մանր ու միջին գործարարությունը՝ հետեւողականորեն աննպաստ ու անտանելի պայմաններ ստեղծելով նրանց համար։ Խոշոր գործարարների նկատմամբ նա առայժմ վարում է նրանց «կապելու» քաղաքականություն։ «Սաշիկի» ու «Միշիկի» դեմքով բոլորի բիզնեսների մեջ «50-50 փայ մտնելու» մասին ամենուր տարածված, ընդհուպ անեկդոտների հիմք դարձած խոսակցությունները ոչ միայն անհիմն չեն, այլեւ հենց դա է Ս. Սարգսյանի հիմնական գործելակերպը։ Այդ կերպ խոշորներին «կապելուց» զատ (որ դեռ նրանցից վախ չունենալու լիակատար երաշխիք չէ)՝ նա լուծում է մի այլ խնդիր, ինչը նույնպես բազմիցս իրավացիորեն արձանագրվել է. Հայաստանում ստեղծել «մեկ օլիգարխի» տնտեսություն։ Նա իրեն լիակատար ապահով կզգա միայն այն ժամանակ, երբ իր ունեցվածքը ավելին կլինի, քան մյուս բոլորինը՝ միասին վերցրած։ Իսկ դրա համար պետք է խլել մյուսներից։ Այսինքն՝ խոշոր գործարարներից յուրաքանչյուրը նրա պոտենցիալ թիրախն է՝ մի հարմար օր մինչեւ վերջ ունեզրկվելու, «բոմժ դառնալու» հեռանկարով։ Ընդ որում՝ որքան խոշոր, այնքան ավելի մեծ է առաջինը թիրախ դառնալու հավանականությունը։ Այլ կերպ այդ խնդիրը չի լուծվի, եւ Ս. Սարգսյանի այս վախը չի փարատվի։
Վախը սեփական քաղաքական թիմից
Այս մասին եւս վերջերս գրվել է՝ կոնկրետ փաստերով ցուցադրելով, որ ինչպես իր գործողություններով, այնպես էլ՝ հատկապես ձեռնասուն «ազատ» լրատվամիջոցների քարոզչական հնարավորությունների օգտագործմամբ, Ս. Սարգսյանը երբեմն «փուռն է տալիս» ինչպես առանձին ՀՀԿ-ականների, այնպես էլ առանձին խմբերի։ Նա շատ լավ հասկանում է, որ ինքը ՀՀԿ-ի մեջ մտավ խիստ գործնական նկատառումով ու նպատակով։ Նա շատ լավ հասկանում է, որ ՀՀԿ-ն առ այսօր «իր թիմն» է այնքանով, որքանով իր իշխանությունը ամուր է համարվում։ Նա շատ լավ հասկանում է, որ իր դիրքերի խարխլման նշանների դեպքում այստեղ կարող են անկանխատեսելի (կամ՝ հե՛նց կանխատեսելի) ու ճակատագրկան շարժեր լինել (ասօր արդեն, Քառյակի հետեւողական ջանքերի շնորհիվ, խորհրդարանում «մազի վրա է» օրենքների դակումը)։ Եւ սարսափում է դրանից։
***
Թե որքանո՞վ է ֆոբիաների, խորը վախերի իր իսկ գործած այս սարդոստայնում ախտահարվել Ս. Սարգսյանը հոգեպես եւ ֆիզիկապես՝ թողնենք մասնագետներին։ Ակնհայտ է, որ նրա վախերը բազմազան են, խորը եւ անշրջանցելի։ Ակնհայտ է նաեւ, որ վաղուց նրա որեւէ նախաձեռնություն ու գործողություն ոչ մի կապ չի ունեցել երկրի ու ժողովրդի շահերի կամ դրանց նկատմամբ մտահոգության դրսեւորման հետ։ Դրանք բացառապես բացատրելի են ունեցած իշխանությունը կորցնելու վախերի հիմքով։ Քաղաքական առումով՝ այստեղ հետեւությունը միակն է. նրա իշխանության ամեն րոպեն օբյեկտիվորեն հղի է անկանխատեսելի վտանգներով ու անդառնալի կորուստներով։ Ուստիեւ, ողջախոհությամբ թելադրված, իշխանությունից նրա շուտափույթ հեռացումը, քաղաքականից սկսած՝ մինչեւ մարդասիրական առումով՝ հրամայական անհրաժեշտություն է։

http://www.ilur.am/news/view/31832.html