Tuesday, October 29, 2013

Տրանսպորտը կթանկանա. դա ռեժիմի ռազմավարական ծրագրի մաս է


Երևանի քաղաքապետարանի մոտ 40 հոգանոց հանձնաժողովում քննարկվել են ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմները։ Հաշվարկը, ինչպես տեղեկացվում է, ներառել է վառելիքի, շարժիչի յուղի և քսանյութերի, տեխնիկական սպասարկման և նորոգման, անվադողերի և մարտկոցի փոխարինման, մաշվածության, աշխատավարձի, հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների ծախսերի բաղադրիչները:
Անիմաստ է մտնել թվերի, հաշվարկների ու հաշվապահության մեջ։ Դա կլինի լավագույն նպաստը ուղեվարձի գնի բարձրացման հարցում։ Ոչ մի կապ չունի, թե անգամ օբյեկտիվ հաշվարկներն ինչ թվի կհանգեցնեն։ Ավտոբուսային «պարկերի» տերերը խնդիր են լուծում, որ իրենց մեքենաներն արդյունավետ աշխատեն, իրենք էլ ստանան ակնկալած նվազագույն (եթե հնարավոր է՝ առավելագույն) շահույթը։
Պարզապես՝ սրան պետք է հակադրել մի այլ հաշվարկ. 25-30 հազար դրամ թոշակ, նվազագույն կամ թեկուզ միջին աշխատավարձ ստացող քաղաքացու բավարար սննդի, հագուստի, ուսման, հանգստի, առողջության պահպանման, նվազագույն գույքի ձեռքբերման, հոգևոր պահանջմունքների բավարարման, ընտանիքի վերարտադրության ապահովման, հոսանքի, գազի, ջրի, աղբահանության, վերելակի և այլ ծախսերը։ Հիմա ստեղծենք, կուզեք՝ 4, կուզեք՝ 40, կուզեք՝ 400 հոգանոց մի հանձնաժողով, հաշվարկենք, ու կտեսնենք, որ թե՛ կենսաթոշակը, թե՛ նվազագույն ու միջին աշխատավարձը մի քանի անգամ պակաս են այս ծախսերը նույնիսկ նվազագույն չափով բավարարելու համար։
Բայց ինչպես մեքենան չի կարող աշխատել առանց վառելիքի, այնպես էլ մարդը չի կարող ապրել առանց լիարժեք սննդի։ Ինչպես մեքենան չի կարող աշխատել առանց անվադողի, այնպես էլ մարդը չի կարող՝ առանց կոշիկի։ Ինչպես մեքենան չի կարելի շահագործել առանց քսայուղերի, այնպես էլ մարդը պետք է հոգ տանի իր առողջության մասին և այլն։ Եւ եթե առանց այդ էլ մարդուն չբավարարող բյուջեից կտրում ես էլի մի քանի հազար դրամ, դու նրան դատապարտում ես ավելի վատթար կենսապայմանների, ըստ էության՝ կյանքի տևողության կրճատման։
Ավտոբուսային «պարկը» տեր ունի, որը և պայքարում է՝ ունենալու դրա ապահով և շահավետ շահագործման համար անհրաժեշտ պայմանները։ Բայց սահմանադրորեն հաստատված տեր ունի նաև ՀՀ քաղաքացիների «պարկը»՝ հոգալու համար նրա կենսագործունեության նվազագույն անհրաժեշտ պայմանները։ Ո՞ւր է այդ «տերը»։ Գուցե մեռե՞լ է։ Եթե մեռել է՝ քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետական կրոն ընդունած ժողովուրդ ենք, քրիստոնեաբար տանենք թաղենք։ Չթողնենք՝ դիակը մնա, դառնա գարշահոտ լեշ։
Հասարակական տրանսպորտի գինն, անշուշտ, կբարձրացնեն։ Կբարձրացնեն ֆինանսա-տնտեսական ինչ-որ ֆորմալ հիմնավորմամբ։ Իրականում, սակայն, դա այլ բան չէ, քան ռեժիմի հիմնական ռազմավարական ծրագրի մի դետալ։ Ռազմավարական այդ ծրագրի դետալներից են եղել Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին գազի, հոսանքի, ջրի, զանազան այլ վճարների, ուսման վարձերի, բժշկական ծառայությունների, առաջին անհրաժեշտության տասնյակ ապրանքների թանկացումները։ Դրա արձանագրված արդյունքը 5 տարում բնակչության աղքատության մակարդակի կրկնապատկումն է՝ ըստ պաշտոնական տվյալների, և եռապատկումը՝ իրականում։ Ռազմավարական այդ ծրագրի շրջանակներում է, որ արհեստական խոչընդոտներ հարուցվեցին սահմանի վրա գյուղատնտեսական մթերքների արտահանման դեմ, ինչի հետևանքով կրկնակի արագացավ գյուղի աղքատացման, քայքայման ու դատարկման պրոցեսը։ Նույն ծրագրի շրջանակներում է, որ որպես բնակչության լրացուցիչ կողոպուտի միջոց ներ՝ դրվեցին արագաչափերը, վճարովի կանգառները, տեսանկարահանող սարքերը՝ որպես միլիարդավոր դրամների կողոպուտի գործիք։ Խոսքը հանցավոր այս ռեժմի՝ սեփական քաղաքացիների արտագաղթը խթանելու ոճրագործ ռազմավարական ծրագրի մասին է։
Ռեժիմը շտապում է ռազմավարական իր այս ծրագրի իրականացման հարցում. թվարկված թանկացումների մեծ մասն ընկնում է վերջին 1-1,5 տարվա վրա։
Շտապողականությունը հատկապես մեծացել է վերջերս՝ վերածվելով իրական խուճապի։ Մինչ ոմանք քննարկում էին, թե ինչ պայմաններ ու վերապահումներ պետք է ունենա Հայաստանը Մաքսային միություն մտելիս, երկու օր առաջ Ս. Սարգսյանը հայտարարեց, թե ինքն էս գլխից անվերապահ ընդունում է բոլոր պայմանները, միայն թե, որքան հնարավոր է՝ շուտ, Հայաստանը ընդունեն Մաքսային միություն։ Դրանից հետո, բնականաբար, նրան այլ բան չէր մնում, քան մուշ-մուշ քնել ԱՊՀ անդամ երկրների խորհրդի նստում։ Մինչդեռ Մաքսային միության անդամները, ըստ հավաստի տեղեկատվության (ռուսաստանյան 1-ին հեռուստաալիք) ասել են, թե հարցը կքննարկեն միայն Ադրբեջանի հետ ունեցած «տարածքային վեճը» լուծելուց հետո։ Ճիշտ նույնը, ինչ նրան ասաց Թուրքիան՝ «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում ստացած հայ-թուրքական արձանագրություններից հետո՝ որպես սահմանները բացելու նախապայման։
Սերժ Սարգսյանը, իրոք՝ խուճապի մեջ, հասկանում է, որ սրընթաց արագությամբ մոտենում է այն «կարմիր գծին», երբ Ղարաբաղի հարցով նրանից հաշիվ պիտի պահանջեր Հայաստանի ողջ ժողովուրդը։ Նա վաղուց գիտեր, որ մի օր անխուսափելիորեն հասնելու է այդ գծին։ Եւ նրա հրեշավոր ռազմավարական ծրագիրն էլ այլ բան չէ, քան այդ «կարմիր գծին» հասնելիս հաշիվ պահանջելու ունակ ժողովուրդ ու հասարակություն չունենալը։ Ճիշտ է՝ այս տարի նա ռեկորդ կսահմանի՝ ունենալով արտագաղթի ամենամեծ թիվը։ Այլ բան է՝ որ դա բավարար չի լինի ռազմավարական խնդիրը լուծված համարելու համար։ Ուստիև պետք է արագորեն գործի գցվեն ծրագրի դեռ չգործարկված մյուս բոլոր բաղադրիչները։ Իսկ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը դրանցից մեկն է ընդամենը։

Tuesday, October 22, 2013

Բնակչության ունեզրկումը ռեժիմի համար առաջնահերթ քաղաքական խնդիր է


Վերնագրում արտահայտված միտքը դժվար հավատալի մի թեզ է թվում։ Քանզի իշխանության պահպանման տեսանկյունից տրամաբանականը հակառակն է. ընդհանուր բարեկեցության բարձրացումը ցանկացած իշխանության ապահովության երաշխիք է։ Եւ այս կանոնը միայն ժողովրդավարական հասարակությունների համար չէ. այն գործել է բոլոր ժամանակներում եւ բոլոր տիպի իշխանությունների դեպքում` սեփական թե օտար։ Նույնիսկ ոչ օրինակարգ իշխանությունները այս կերպ կարող են իրենց նկատմամբ հանդուրժողականության որոշակի մթնոլորտ ստեղծել։
Շատ հին-հին դարերից աշխարհում գործել է եւս մեկ կանոն՝ մարդը արժեք է համարվել: Արժեք է եղել ոչ միայն ազատ քաղաքացի՛ն, գյուղացի՛ն, առեւտրակա՛նը, արհեստավո՛րը, բանվո՛րը։ Արժեք են եղել նաեւ ստրո՛ւկը, ճո՛րտը, դրանց համար պատերազմներ են մղվել։
Հայաստանում 2000 թվականից հաստատված ռեժիմը շեղվում է այս կանոններից եւ գործում դրանց ճիշտ հակառակ։
Երեւանի Ծածկած շուկայի՝ որպես հուշարձանի ավերմամբ ծնունդ առավ եւս մի «Երեւան սիթի» հսկայական խանութ։ Մասնագետների դիտարկմամբ՝ քաղաքի չափերի համեմատ՝ նման սուպերմարկետների թիվը վաղուց գերազանցել է աշխարհում գոյություն ունեցող նորմերը։ Արդեն ոչ թե մասնագետները, այլ ամեն մեկը կարող է արձանագրել, թե յուրաքանչյուր նման նորաբաց սուպերմարկետի շրջակայքում քանի մանր ու միջին խանութներ են մեռնում (կամ դրանք չնչին գներով ձեռք են բերում եւ աշխատեցնում նույն սուպերմարկետների տերերը)։ Հասարակության պատկերացումներում սա օլիգարխի ագահության, ընչաքաղցության դրսեւորում է ընդամենը։ Տարածված պատկերացումն ու գնահատականն այդպիսին է, եթե անգամ համարեն, որ դրանում Սերժը 50% փայ ունի՝ Սաշիկ եղբոր դեմքով։ Գուցե գործարար Սամվել Ալեքսանյանի համար տնտեսական բացատրությունն ընդունելի է։ Սակայն դա չէ իրական բացատրությունը։ Սերժ Սարգսյանի ու նրա ռեժիմի համար առաջնահերթ է դրա քաղաքական շարժառիթը։ Իսկ քաղաքական շարժառիթը միջին դասի ունեզրկումն ու վերացումն է, որ այս ռեժիմի առաջնահերթ նպատակներից է եղել ի սկզբանե։ Որովհետեւ ամսական, ասենք, 1000 եւ ավելի դոլոր եկամուտ ունեցող, ինքնապահովման նվազագույն խնդիրներն ինքնուրույն լուծող մարդը կարող է հավակնել նաեւ իր սահմանադրական ազատությունների եւ իրավունքների իրացմանը, նա դուրս է իշխանության անմիջական թելադրանքի ոլորտից, չի տրվում 5000 դրամ ընտրակաշառքի։
Նույն սխեման է աշխատում նաեւ գյուղում։ Տարիներ առաջ գյուղատնտեսական հիմնական մթերքների հասունացման սեզոնին գյուղերում կյանքը եռում էր։ Միրգը հաճախ ծախված էր դեռ ծառի վրա։ Ե՛ւ արտահանող կազմակերպություններ կային, ե՛ւ իրենք գյուղացիներն էին իրենց բերքը դուրս տանում, ե՛ւ հատկապես հարեւան Վրաստանից էին գնորդները լցվում դաշտերը։ Չգիտեմ՝ ինչ է ասում վիճակագրությունը, բայց աչքով տեսածի եւ մարդկանց պատմածի հիման վրա վստահ կարելի է ասել, որ, օրինակ, ծիրանի բերքից գյուղացին այս տարի կարող էր մի քանի տասնյակ միլիոն դոլար եկամուտ ստանալ, եւ այն կորցրեց։ Կորցրեց, որովհետեւ դրա արտահանումը մենաշնորհի է վերածվել ինչ-որ «Սպայկա» ընկերության համար։ Վերջինս շուկայում մրցակցությունը վերացնելու միջոցով արհեստականորեն իջեցրեց մթերման գները։ Բայց նա չէր կարող մթերել ամբողջը, եւ բերքի մեծագույն մասը պարզապես փչացավ։ Այստեղ էլ հարցը խնդրի տնտեսական բացատրությունը՝ «Սպայկայի» մի քանի հարյուր հազար դոլար շահելը չէ։ Աստեղ էլ առաջնահերթը քաղաքական դրդապատճառն է՝ գյուղացուն զրկել մի քանի տասնյակ միլիոն դոլարի եկամուտից։ Ու քանի որ նույն խոչընդոտները ստեղծվել են նաեւ արտահանման ենթակա մյուս մթերքների դեպքում, ապա այս տարի գյուղացիության կրած վնասները հաստատ անցել են հարյուր միլիոն դոլարի սահմանը։ Պատկերավոր ու ավելի հասկանալի լինելու համար ասենք այսպես. արհեստականորեն ստեղծված մենաշնորհի հետեւանքով առնվազն 30.000 գյուղացիական տնտեսություն զրկվել է, միջին հաշվով, 3000-ից ավելի դոլար եկամուտից։ Ռեժիմի համար սա է կարեւորը, որովհետեւ մի քիչ ունեւոր, ինքնաբավ գյուղացին նույնպես դրսեւորում է այն վարքագիծը, ինչ միջին խավի ներկայացուցիչը։
Եւ այսպես՝ շատ հնուց ի վեր, բոլոր տեսակի իշխանություններին հայտնի է եղել այն կանոնը, որ ժողովրդին ծրագրված կերպով առավելագույնս ունեզրկելը, աղքատության մատնելը չի կարող ծառայել որպես իշխանության պահպանման միջոց։ Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմին դա հաջողվել է բացառապես ազգային շահերը աշխարհի հզորներին ծախելու ու դրա դիմաց ստացած օժանդակության շնորհիվ։ Ու կարծես թե էլ ծախելու բան չունի։ Չհաշված Ղարաբաղը եւ Հայաստանը։



Tuesday, October 15, 2013

Ռեժիմի գոյատևման և վերարտադրման մեխանիզմները խաթարված են


Ինչ-որ պահից Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը համարեցին, որ «անցել են Ռուբիկոնը»,  և ետդարձը, պատկերավոր ասած, մահ է իրենց համար։ Ակնհայտորեն՝ դա Հոկտեմբերի 27-ն էր։ Հիշենք, որ այդ ոճրագործության դատավարությունը, ըստ էության, չավարտվեց։ Հասարակության համար այն առկախ մնաց զոհերի հարազատների ու նրանց փաստաբանների միահամուռ արձանագրմամբ. «Այս իշխանության օրոք Հոկտեմբերի 27-ի գործը չի բացահայտվի»։ Իսկ դա այլ բան չէր, քան ոճրագործությանը մեղսակից լինելու մեջ բարձրագույն իշխանությանը, անձնավորված՝ Ռ. Քոչարյանին և Ս. Սարգսյանին ուղղված անսքող մեղադրանք։ Եւ դա համընդհանուր ընկալում էր։
Հոկտեմբերի 27-ից հետո ետդարձ չկար, իսկ առաջ գնալ՝ կնշանակեր ստեղծել ավազակապետական այն ռեժիմը, որ առկա է առ այսօր։
Երկու տարվա ընթացքում երկու պետական հեղաշրջում իրականացրած Քոչարյան-Սարգսյան զույգը կարողացավ հաղթահարել նաև երկրորդ հեղաշրջման հետ կապված վտանգները։ Դրանից հետո անհրաժեշտ էր ստեղծել նոր տիպի իշխանության պահպանման և վերարտադրման մեխանիզմները։ Հասկանալի պատճառով՝ դա չէր կարող լինել քաղաքացիների մեծամասնության համակրանքն ու վստահությունը շահելը։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է որպես քաղաքականության ելակետ ունենալ երկրի, պետության ու նրա քաղաքացու շահը։ Երբ այդ ելակետը բոլորովին հակառակ բևեռում է, ըստ այդմ՝ անխուսափելիորեն պետք է ստեղծվեին նաև իշխանության վերարտադրման բոլորովին այլ մեխանիզմներ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։
Արտաքին մեխանիզմն այլ բան չէր, քան երկրի ազգային շահերի վաճառք Արևմուտքին և Ռուսաստանին։ Այդ մեխանիզմն աշխատեց, սպառվեց և ջարդուխուրդ եղավ ս/թ սեպտեմբերի 3-ին։
Ի՞նչ են իրենցից ներկայացնում ռեժիմի իշխանության պահպանման հիմնական ներքին մեխանիզմները, ու ի՞նչ վիճակում են դրանք։
Անձնական հարստացումը
Հոկտեմբերի 27-ի վտանգների հաղթահարումից քիչ անց սկսեցին տեղեկություններ շրջել Ռ. Քոչարյանի դեռ ուսանողական տարիքի որդու աննախադեպ «բիզնես հաջողությունների» մասին։ Նման տեղեկությունները ժամանակի հետ աճեցին երկրաչափական պրոգրեսիայով։ Հասարակությունը դրա մասին առարկայական պատկերացում ստացավ, երբ 2010թ. գարնանը ռուսական մամուլը հրապարակեց նրա ու մյուս իշխանավորների ունեցվածքի մանրակրկիտ ցանկը։ Քոչարյանի ունեցածը այդ հրապարակման մեջ գնահատվում էր 4 միլիարդ դոլարի չափ։ Նույն տեղում հրապարակվեց նաև երկրորդ տեղն զբաղեցնող Սերժ Սարգսյանի ունեցվածքի նույնքան տպավորիչ ցանկը։ Այս դեպքում էլ անակնկալ բիզնես տաղանդ էր բացահայտվել Ս. Սարգսյանի «ՊԱԶ»-ի վարորդ եղբոր մոտ։ Հրապարակումը նշանակում էր երկրի բարձրագույն ղեկավարությանը մեղադրել հրեշավոր չափերի ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ մեջ։ Ըստ էության՝ ծանր հանցագործություն հանդիսացող այս մեղադրանքներին չեղավ ոչ մի բողոք ու ոչ մի պատասխան, ոչ մի պատիվ պահանջել կամ դատի տալ։ Քիչ անց նույնը հաստատվեց նաև «Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերով. ԱՄՆ դեսպանատան գաղտնի զեկուցագրերից մեկում Հայաստանը ներկայացվում է որպես երկու ֆինանսական բուրգ՝ ի դեմս Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի, նկատելով, որ առաջանում է նաև երրորդը՝ Հ. Աբրահամյանի գլխավորությամբ։ Հրապարակվեցին նաև միջազգային փորձագիտական գնահատականներ, ըստ որոնց՝ Հայաստանի իշխանական վերնախավի՝ ամեն տարի երկրից թալանած հարստությունը երկու անգամ գերազանցում է տվյալ տարվա պետական բյուջեն։
Այս մեխանիզմը, անշուշտ, իր նպատակին ծառայեց՝ մի քանի անգամ ապահովելով իշխանության վերարտադրությունը։ Բայց դա, միաժամանակ, մի գործընթաց է, որը չէր կարող ինչ-որ պահի դուրս չգալ, և արդե՛ն իսկ իր որոշ դրսևորումներում դուրս է գալիս վերահսկողությունից, իշխանական բուրգի ներսում վերածվում վտանգավոր անարխիկ երևույթների։
Հասարակությանն աղքատացնելը և երկիրը «բեռնաթափելը»
Իշխանության պահպանման և վերարտադրման մյուս մեխանիզմը եղել է բնակչության աղքատացման և արտագաղթի մղելու խնդիրը՝ որպես առանձին մի ծրագիր։ Դեռ մի քանի տարի առաջ նման պնդումը կարող էր ոմանց անհավատալի թվալ, քանզի այն ավելին է, քան ծանրագույն մեղադրանք ազգային դավաճանության մեջ։  
Բնակչության ավելի ու ավելի մեծ տոկոսին աղքատության մատնելը, որպես իշխանությունը պահելու երաշխիք, ակտուալ դարձավ հատկապես 2007 թվականից սկսված Համաժողովրդական շարժման տված դասով։ Հանրահավաքների օրերին դեպի Երևան եկող ճանապարհները փակելը կամ տրանսպորտի աշխատանքը կանգնեցնելը ցանկալի արդյունք չէր տալիս։ Ուստիև, դրան զուգահեռ՝ դրվեց բնակչության աղքատացման, այդ կերպ նրա քաղաքական ակտիվության նվազեցման և տեղաշարժի հնարավորության սահմանափակման խնդիրը։ Ուրիշ ինչպե՞ս, ի՞նչ աղետով, օբյեկտիվ ի՞նչ հանգամանքով բացատրել այն փաստը, որ Ս. Սարգսյանի իշխանության տարիներին կրկնակի աճեց ու խորացավ աղքատության տոկոսը։ Ուրիշ ինչպե՞ս բացատրել, որ ըստ մասնագետների՝ Հայաստանում աղքատության մակարդակի 50-60%-ի դիմաց՝ Վրաստանում այն 9,9% է, ՌԴ-ում՝ 5,4%, Ղազախստանում՝ 5,5%, Ադրբեջանում՝ 4,5% (տե՛ս 168 ժամ, 5-7հոկտ. 2013)։ Այս ծրագրի հրեշավորությունը պատկերացնելու համար ասենք, որ ամենադաժան՝թուրքական 600-ամյա տիրապետությունից հետո, 1915թ., Օսմանյան կայսրությունում ապրող միջին հայը մի քանի անգամ ավելի ունևոր էր միջին օսմանցուց։
Այս ծրագիրը ևս աշխատել է ի նպաստ գործող ռեժիմի։ Սակայն, ինչպես առաջին դեպքում՝ մինչև ինչ-որ պահ։ Այդ ինչ-որ պահից հետո այն, դարձյալ՝ անվերահսկելի ու անկառավարելի, կարող է դառնալ չոր վառոդ իշխանության դեմ քաղաքական պայքարում։
Պետական համակարգի քրեականացումը
Հասարակության որևէ մաս, որևէ խավ չէր կարող դառնալ ու չդարձավ ավազակապետական իշխանության սոցիալական բազան։ Այդ բանը շատ լավ հասկանալով՝ ռեժիմի պարագլուխներն անմիջապես ձեռնամուխ եղան ստեղծելու ընտրակեղծիքների դժոխային մեխանիզմը։
Եւ այնուամենայնիվ, ինչպես ամեն մի իշխանության, սրանց էլ պետք էր սոցիալական բազային փոխարինող՝ մարդկանց ինչ-որ մի քանակ, հավաքականություն՝ թեկուզ ընտրակեղծիքի մեքենան գործի դնելու համար։ Բնականաբար, այդ համախմբումը չէր կարող լինել գաղափարախոսական հիմքի վրա. Նժդեհն ու նրա ուսմունքն ընդամենը քող են, նրան ո՛չ որևէ մեկը կարդացել է, ո՛չ էլ կարդալուց ի վիճակի է բան հասկանալ։ Դա չէր կարող լինել նաև ունեցվածքային, նյութական շահագրգռության հիմքի վրա. ավազակապետական համակարգը որքան գիշատիչ է ողջ հասարակության, նույնքան գիշատիչ է իր անդամներից յուրաքանչյուրի նկատմամբ։
Սոցիալական բազային փոխարինող մարդկային այդ հավաքականությունը պիտի կազմավորվեր այն նույն հիմքով, ինչով Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանն էին «անցել Ռուբիկոնը», այն է՝ հանցավորության հիմքի վրա։ Այսինքն՝ որքան հնարավոր է շատ մարդկանց պետք էր ստիպել, դրդել (ոմանք էլ դա կարող էին իրենք հաճույքով անել) այնպիսի հանցագործության, որի համար դժվար կլինի պատժից խուսափել որևէ այլ իշխանության օրոք։ Ինքնաբերաբար՝ այդպիսին է դառնում չեղած տեղը ապօրինի գործեր թխած դատախազը, ապօրինի վճիռ կայացրած դատավորը, բյուջետային միջոցները «ատկատներով» ետ բերած պետական պաշտոնյան՝ նախարարից մինչև վերջին գյուղապետ և այլն։ Սրանց մի մասը ռեժիմի մահապարտ պաշտպաններ են դառնում՝ կախված գործած հանցանքի ծանրությունից։
Այս մեխանիզմը նույնպես աշխատել է հօգուտ գործող ռեժիմի։ Բայց դարձյալ՝ մինչև ինչ- որ պահ՝ քանի դեռ համոզված է եղել Ս. Սարգսյանի «ամենազորության», «ամենակարող» լինելու մեջ։ Սեպտեմբերի 3-ի կոլապսը խաթարեց այդ հավատը։
Այս պահին ռեժիմի գոյատևման և վերարտադրման մեխանիզմները խաթարված են։ Դրանք  աշխատել են այնքանով, որքանով աշխատել է արտաքին մեխանիզմը։ Իսկ արտաքին մեխանիզմն աշխատել է՝ ռեժիմի կողմից Ղարաբաղին հակամարտության կողմի միջազգային մանդատից զրկելու, հայ-թուրքական արձանագրություններով Հայոց ցեղասպանության ուրացման, Մադրիդյան սկզբունքներով  Ղարաբաղին ինքնորոշման իրավունքից զրկելու գնով։ Հիմա՞ ինչ պիտի ծախի Ս. Սարգսյանը՝ ռեժիմի ապահովության մեխանիզմները վերականգնելու համար. մի՞թե Ղարաբաղը։

Thursday, October 10, 2013

Երրորդ համաներումը՝ նույն շարժառիթով


Հայտարարված համաներումը Ս. Սարգսյանի իշխանավարման հինգուկես տարվա ընթացքում 3-րդն է։ Այսինքն՝ ոչ լրիվ 2 տարին մեկ՝ մի համաներում։
Համաներումն առհասարակ բնութագրվում է երեք տեսանկյունով։ Որպես գործնական խնդիրներ լուծող միջոցառում՝ այն նախ նպատակ ունի լուծել պատիժ իրականացնող պետական հիմնարկների բեռնաթափում։  Երկրորդ՝ այն մարդասիրական քայլ է, եւ անկախ շարժառթից, որպես այդպիսին՝ սովորաբար կատարվում է նշանավոր իրադարձությունների, կարեւոր հոբելյանների առիթով՝ մի տեսակ որպես յուրահատուկ նվեր հասարակությանը, ավելի ճիշտ՝ մեծահոգության դրսեւորում հասարակության այն մասի նկատմամբ, որը պատիժ ենթադրող խնդիրներ է ունեցել օրենքի հետ։ Եւ երրորդ՝ համաներումը կարող է ունենալ զուտ քաղաքական շարժառիթ՝ կատարվել ներքաղաքական ինչ-որ ճգնաժամ մեղմելու, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմի վտանգը կանխելու կամ սկսված պատերազմը կասեցնելու-ավարտելու համար։ Բոլոր դեպքերում՝ համաներումը իրադարձություն է հասարակության կյանքում, անմիջականորեն առնչվում է բազմաթիվ մարդկանց ճակատագրերի, բխում է հասարակության շահերից։
Սերժ Սարգսյանի կատարած համաներումներն այս շարժառիթներից ոչ մեկով չեն հիմնավորվում։ Դրանցից առաջինը՝ պատիժ իրականացնող հիմնարկների բեռնաթափման խնդիրը, հասունանում է հաստա՛տ ոչ երկու տարին մեկ, այլ առնվազն դրա եռապատիկի- քառապատիկի ընթացքում։ Ներկա ռեժիմը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կարծես թե հումանիզմով հիվանդ ու սեփական քաղաքացիների նկատմամբ «սրտից թույլ» այն իշխանությունը չէ, որ երկու տարուց ավելի չկարողանա գիշերները քնել ազատազրկված քաղաքացիների դարդից։ Երրորդ շարժառիթը եւս դժվար է համարել այս երեք համաներումների հիմք։ Դրանց շարժառիթները բոլորովին այլ են։
Ս. Սարգսյանը առաջին համաներումը կատարեց 2009թ. հունիսի 19-ին։ Դա ռեժիմի դեմ ծավալված Համաժողովրդական շարժման, Հայ ազգային կոնգրեսի տեւական ու ջանադիր պայքարի արդյունքներից մեկն էր։ Հիշենք, որ այդ պայքարի շնորհիվ արդեն լիակատար ջախջախվել էր Մարտի 1-ի մասին իշխանական վարկածը եւ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում, քաղաքացիություն էր ստացել Շարժման վարկածը։ Ըստ այդմ՝ ազատազրկվածները համարվում էին քաղբանտարկյալներ։ Շարժման պայքարի շնորհիվ, նաեւ՝ ճնշման տակ՝ ԵՄ նախագահության հայտարարություններում, ԵԽԽՎ բանաձեւերում եւ միջազգային այլ փաստաթղթերում, քաղբանտարկյալներին ազատ արձակելու՝ ռեժիմին ուղղված պահանջներ էին ձեւակերպվել՝ ընդհուպ պատժամիջոցների սպառնալիքով։ Իշխանության վրա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին այդ ճնշումը մեծացավ 2009թ. Կոնգրեսի մարտիմեկյան եւ դրան հաջորդած եւս չորս հզոր հանրահավաքների շնորհիվ։ Միջազգային պատժամիջոցներից խուսափելու, ինչպես նաեւ հասարակական ընդվզման հետագա էսկալացիան թույլ չտալու համար է, որ 2009թ. հունիսի 19-ին Ս. Սարգսյանը ստիպված մտավ ԱԺ՝ համաներման առաջարկով։
Սակայն այդ համաներմամբ նա ազատ արձակեց քաղբանտարկյալների միայն մի մասին, այնքան, որ կանխեր պատժամիջոցների կիրառումը եւ մի փոքր լիցքաթափեր ներքին լարումը։ Կոնգրեսը շարունակեց պայքարն ու ճնշումները՝ որպես իր քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկն ունենալով բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը։ Պայքարի պիկը դարձան 2011թ. գարնանային հինգ հզորագույն հանրահավաքները, որոնցում հասարակական հնչեղություն ունեցող մեկուկես տասնյակ խնդիրներ դրվեցին իշխանության առջեւ՝ դրանցից որպես հրատապ հայտարարելով քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակի ապաշրջափակումը,  Մարտի 1-ի գործի հետաքննությունը շարունակելու մասին իշխանության հրապարակային հավաստիացումը։ Երեք խնդիրներն էլ լիակատար լուծում ստացան։ Մինչեւ վերջին հնարավորությունը դիմադրելով հանդերձ՝ Ս. Սարգսյանը, ճարահատյալ, մայիսի 26-ին համաներում հայտարարեց , եւ ազատ արձակվեցին բոլոր քաղբանտարկյալները։
Երկու դեպքում էլ համաներումները կատարվեցին միայն մի պատճառով. այլեւս անկարող լինելով դիմակայել քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրով ներքին եւ արտաքին ճնշումներին, հայտնված լինելով քաղաքականապես անկայուն վիճակում՝ կիրառվեց նրանց ազատ արձակելու այդ տարբերակը, որպեսզի գեթ երեւութապես այնպես չստացվի, թե իշխանությունն ընկրկում է անմիջապես ընդդիմության ճնշումներից։ Մինչդեռ երկու դեպքում էլ իրականությունն ակնհայտ էր բոլորի համար։ Փակագծում ավելացնենք, որ մինչեւ վերջ կոռումպացված իշխանության համար համաներումը, որ վերաբերում է հազարավոր մարդկանց, նաեւ լրացուցիչ փող աշխատելու (բացառությամբ քաղբանտարկյալների) մեծ դաշտ է ստեղծում։
Հիմա Սերժ Սարգսյանը հայտարարում է երրորդ համաներումը։ Նա երրորդ անգամ է հայտնվել նույնպիսի դժվարին վիճակում, ինչ 2009-ի հունիսին եւ 2011-ի մայիսին։ 2011թ. օգոստոսի 9-ից ի վեր Կոնգրեսի չորս ակտվիստներից մեկի ազատազրկման դեմ, մյուս երեքին այդ վտանգից զերծ պահելու համար Կոնգրեսի անընդմեջ պայքարի արտաքին դրսեւորումը ամեն ուրբաթ բողոքի ակցիաներն են եղել գլխավոր դատախազության առջեւ, որոնք, ըստ էության, վերածվել են փոքրիկ հանրահավաքների։ Հարցը հետապնդվել է նաեւ այլ ձեւերով։ Այդ պայքարի շնորհիվ, հատկապես վերջին ամիսներին, այդ խնդիրը, ակտիվացած քաղաքացիական պայքարի ֆոնին, շատ ավելի մեծ հասարակական հնչեղություն ստացավ։ Բանը հասավ այնտեղ, որ նրանց ազատման պահանջին միացան խորհրդարանական չորս խմբակցություններ, տարբեր բնագավառներից հայտնի մարդիկ, հազարավոր քաղաքացիներ, տասնյակ լրատվամիջոցներ այդ պահանջը առաջին էջում դնում են ամեն օր։ Կոնգրեսի ակտվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումներն արձանագրվեցին, եւ ազատ արձակելու պահանջներ ներկայացվեցին միջազգային կարեւորագույն կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների փաստաթղթերում։ Ինչպես նախորդ դեպքերում, քաղբանտարկյալների խնդիրը Կոնգրեսի համար «գլխացավանք» դարձնելու՝ Սերժ Սարգսյանի ջանքն ավարտվեց նրանով, որ նույն խնդիրը իր համար վերածվեց սուր գլխացավի։ Նրա վիճակն ավելի բարդացավ ու երերուն դարձավ արտաքին քաղաքական արկածախնդրության սեպտեմբերի 3-ի անփառունակ վերջաբանով։ Ահա եւ՝ հերթական անգամ, իր համար ստեղծված երերուն վիճակի հաղթահարմանն ուղղված քայլերից մեկն է Ս. Սարգսյանի երրորդ համաներումը։

Tuesday, October 8, 2013

Սերժ Սարգսյանի զրոյացումը և իշխանական քարոզչամեքենայի տվայտանքները


Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի մատուցած անակնկալը նոկդաունի ազդեցություն ունեցավ առաջին հերթին հենց իշխանական շրջանակներում ու նրա  քարոզչամեքենայի վրա։ Բուն խնդրում ասելիք ու բացատրություն գտնելու անհնարինությունը վերջինիս մղեց մի այլ միջոցի՝ գտնել, ստեղծել թեմաներ, իրավիճակներ, դրանց արհեստական հասարակական հնչեղություն տալ ու դրանով ծածկել, մոռացության մատնել հիմնական քաղաքական թեման։
Բաժակը կիսով չափ լի՞քը, թե՞ կիսով չափ դատարկ
Շահարկման առաջին թեման դարձավ Լևոն Զուրաբյանի մի արտահայտությունը՝ կապված ՀՀ արտաքին քաղաքականության հիմնադրույթների հետ`Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի անունների հիշատակմամբ։ Մանիպուլյացիան ցուցադրելու համար՝ մի փոքր նախաբան։
Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան, ինչպես ժամանակին դիպուկ ասվում էր՝ «սիամական զույգի» նախագծած ավազակապետական-բռնապետական համակարգի ստեղծումը, բնականաբար, մի օրում և մի ակտով չէր կարող ի կատար ածվել։ Դա պիտի լիներ 1990-ական թվականներին կառուցված պետականության բոլոր բնագավառների աստիճանական խաթարման, նենգափոխման մի գործընթաց։
Օրինակ՝ 90-ականներին ընդդիմության համար լիակատար բաց էին բոլոր հեռուստաընկերությունները, իսկ հրատարակվող երեք տասնյակ թերթերից միայն երկուսն էին պաշտպանում իշխանությանը։ Ռ. Քոչարյանը դրեց դրանց նկատմամբ լիակատար վերահսկողության խնդիրը, ինչին, բնականաբար, հնարավոր չէր մեկ օրում հասնել, այլ՝աստիճանաբար։ Նրա օրոք մի քանի տարի դեռ գործում էին 2-3 ազատ հեռուստաընկերություն, 4-5 ընդդիմադիր և մի քանի անկախ թերթեր։ Շարունակելով նույն գիծը՝ Ս. Սարգսյանը առավելագույնի հասցրեց վերահսկողությունը ինչպես էլեկտրոնային ԶԼՄ-ների, այնպես էլ տպագիր մամուլի նկատմամբ, և հիմա կարելի է խոսել ոչ ավելի, քան 1-2 ազատ թերթի ու կայքի մասին։ Ահա, այս իրողությունը, 15 տարվա կտրվածքով, կարելի է ներկայացնել երկու ձևակերպմամբ՝ օգտագործելով կիսով չափ լիքը կամ կիսով չափ դատարկ բաժակի պատկերը.
ա) Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կար խոսքի լիակատար ազատություն, Ռ. Քոչարյանի ժամանակ դա դեռ մասամբ պահպանվում էր («բաժակը դեռ կիսով չափ լիքն էր»), Ս. Սարգսյանի օրոք, ըստ էության, դարձել է զրո.
բ) Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կար խոսքի լիակատար ազատություն, Ռ. Քոչարյանի ժամանակ դա կիսով չափ արդեն ոչնչացվեց («բաժակն արդեն կիսով չափ դատարկվեց»), Ս. Սարգսյանի օրոք, ըստ էության, դարձել է զրո։
Նույն իրողության առաջին ձևակերպումը ավելի շատ, այսպես ասենք, «էքսպերտային» գնահատական է, երկրորդը՝քաղաքական։ Բայց թվաբանորեն երկու դեպքում էլ ճշգրիտ նույն բանն է ասվում (կասկածողները կարող են փորձել ջրով ու բաժակով)։ Եթե նույնն է՝ ինչպե՞ս կարող է մեկը մեկնաբանվել ի վնաս Ռ. Քոչարյանի, մյուսը՝ հօգուտ։
Հիմա, Լևոն Զուրաբյանի մի խոսքը արտաքին քաղաքականության թեմայով արձանագրում էր հետևյալ իրողությունը. 1990-ական թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանի մշակած ու գործադրած արտաքին քաղաքական կոնցեպցիան հավասարակշռությունն էր, այդ հիմքի վրա ընտրության կամ այլընտրանքի հնարավորության պահպանումը։ Նրանից հետոաստիճանաբար այդ կոնցեպցիան խաթարվեց, և 2013-ի սեպտեմբերի 3-ին Ս. Սարգսյանի կողմից արձանագրվեց դրա զրոյական կետը։ Ըստ վերևի սխեմայի՝ դա կարելի էր ասել երկու կերպ.
ա) էքսպերտային ձևակերպմամբ. Ռ. Քոչարյանի ժամանակ այս-այս քայլերով (թվարկում է) կարևոր առարկայական շեղումներ կատարվեցին այդ կոնցեպցիայից, սակայն «զուտ դիվանագիտական առումով» (այսինքն՝ մասամբ)՝ հավասարակշռության դոկտրինը դեռ պահպանվում էր («բաժակը դեռ կիսով չափ լիքն էր»)։ Սերժ Սարգսյանի օրոք արտաքին քաղաքականության այդ դոկտրինը սեպտեմբերի 3-ին զրոյացվեց։
բ) Այս նույն միտքը քաղաքական ձևակերպմամբ կհնչի այսպես. Ռ. Քոչարյանի ժամանակ այս- այս քայլերով կարևոր առարկայական շեղումներ կատարվեցին այդ կոնցեպցիայից, ինչով հավասարակշռության դոկտրինը արդեն իսկ կիսով չափ խաթարվեց և պահպանվում էր միայն «զուտ դիվանագիտական առումով» («բաժակը արդեն կիսով չափ դատարկվեց»։ Սերժ Սարգսյանի օրոք արտաքին քաղաքականության այդ դոկտրինը սեպտեմբերի 3-ին զրոյացվեց։  
Ակնհայտ է, որ բացարձակ նույնական այս միտքը երկրորդ՝ քաղաքական տարբերակով որևէ շահարկման առարկա չէր կարող դառնալ։ Լևոն Զուրոբյանը, որ տվյալ ելույթն ունենում էր ոչ թե քաղաքական, այլ էքսպերտային լսարանում, ընդամենը նախընտրել էր նույն միտքն արտահայտել էքսպերտային ձևակերպմամբ։ Ու սրանից հեռուն գնացող եզրակացություններ անել Ռ. Քոչարյանի նկատմամբ Կոնգրեսի վերաբերմունքի փոփոխության մասին՝ կներեք... Այդ վերաբերմունքն ու գնահատականը 400 էջանոց մեղադրականով առայժմ Հաագայի դատարանում է, և այն ոչ մեկը ետ չի կանչել։
Իշխանության չհաջողված մի օպերացիա
Սեպտեմբերի 3-ին իրոք տեղի ունեցավ ինչպես Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության, այնպես էլ անձամբ իր զրոյացումը, և ոչ միայն ողջ հասարակության աչքում, այլ նաև իշխանական բուրգում։ Վերջինիս ներկայացուցիչները հստակ տեսան, որ այս անգամ «շեֆի» խաղը չստացվեց, և իրենց տերմիններով՝ մեկի առաջ «կզելով», մեկին «քցելով»՝ նա այլևս հեռանկար չունի. ո՞ւմ հետ կապեն իրենց «ապագան»։ Այս խմորումը մեղմելու, փլուզում թույլ չտալու համար Ս. Սարգսյանը, նախ, շրջանառության մեջ դրեց սահմանադրական փոփոխությունների հարցը՝ հասկացնելով, թե ինքը գնացող չէ։ Բայց դա ներիշխանական խնդիր էր լուծում, և այն էլ՝ մասամբ։ Իր զրոյացումը հասարակական ոգևորություն կարող էր առաջացնել և մեծացնել ընդդիմության ռեսուրսն ու շանսը։ Հասարակության հնարավոր այդ ոգևորությունը կանխելու համար էլ պետք էր ցույց տալ, որ նույնպիսի զրոյական վիճակում է նաև ընդդիմությունը։
Գլխավոր դատախազի փակ գաղտնի քվեարկությունը չէր կարող ընդամենը 3-4 դեմ արդյունք գրանցել։ Նախ՝ ոչ մի հիմք չկա կասկածելու դեմ քվեարկելու մասին նախապես արված հայտարարություններին։ Մանավանդ, երբ որպես կանոն՝ հակառակն է լինում. մարդիկ խոստանում են կողմ քվեարկել, բայց փակ գաղտնի քվեարկությամբ դեմ են քվեարկում։ Երկրորդ՝ հենց իշխանության ներսում անզեն աչքով անգամ տեսանելի են տարբեր խմբերի հակասությունները, ինչն արդեն վերածվում է միմյանց նկատմամբ վատ քողարկված թշնամանքի։ Դրա արտահայտություններից մեկն էր, օրինակ, խաղատներում Ս. Սարգսյանի 70 միլիոն եվրո տանուլ տալու մասին հայտնի պատմության հրապարակումը, ըստ լուրերի՝ Տ. Սարգսյանի կողմից վերահսկվող կայքում։ Ներիշխանական հակադիր բևեռները, բնականաբար, պրոյեկտված են նաև խորհրդարանում, և եթե դրանցից մեկը կողմ էր Կոստանյանին, մյուսը դեմ պիտի լիներ։ Կոստանյանն էլ այն «հին գելը» չէր, որ բոլորի հետ հասցրած լիներ լավ հարաբերություններ ունենալ, ոչ էլ այն կերպարն էր, որ ընդունելի լիներ իր հեղինակությամբ։ Այս իրողությունների տրամաբանության թելադրանքով, ինչպես լրատվամիջոցներում, այնպես էլ սոցիալական ցանցերում, գլխավոր դատախազի ստացած ձայների «հանելուկի» լուծումներում աստիճանաբար ավելի ու ավելի տարածվեց ընտրակեղծիքի տարբերակը։ Դրան նպաստեց տեղեկատվական ինչ-որ արտահոսք, քանզի նշվում է հստակ թիվ՝ 27 ձայնի կեղծում։ Իրազեկ աղբյուրները պնդում են, որ հաշվարկի ժամանակ նախապես քվեարկված քվեաթերթկների մի տրցակ մյուսով փոխարինելը դժվար չէ, մանավանդ՝ հանձնաժողովի ջախջախիչ մեծամասնությունը կազմող, ընտրակեղծիքների բնագավառում «պրոֆեսոր» մարդկանց համար։ Եւս մի փոքրիկ տեխնիկական դետալ. հաշվարկման ընթացքում հանձնաժողովի սենյակ է մտել Հովիկ Աբրահամյանը և մի կողմ կանչելով՝ մի քանի րոպե զրուցել հանձնաժողովում ընդդիմադիր անդամ Լյուդմիլա Սարգսյանի հետ։
Հասկանալի է, որ այս ամենը չէր կարող արվել հանուն այն բանի, որ Կոստանյանը համարյա միաձայն դառնար գլխավոր դատախազ։ Դա նախապես մտահղացված մի տրյուկ էր, մի ական, որը պետք է «պայթեցներ» ընդդիմությանը, նրան զրոյացներ՝ ի հակակշիռ Ս. Սարգսյանի զրոյացման։ Եւ առաջին ժամերին, օրերին դա աշխատեց։ Հետաքրքիր է պարզապես, որ այդ ականի պայթուցիչն էլ դարձավ մի «կանխատեսող» պատգամավոր՝ իր նկարած քվեաթերթիկով ու առաջինը բարձրացրած աղմուկով (ի միջի այլոց՝ ընդամենը 5 րոպե է անհրաժեշտ սեփական համակարգչի վրա նման քվեաթերթիկ պատրաստելու, քվեարկելու և նկարելու համար)։
Զարուհի Փոստանջյանի «հարցի» հարցը
Սա քննարկվող երրորդ թեման էր։ Կարծես խոսվել է հնարավոր բոլոր տարբերակների, այդ թվում՝ նախապես կազմակերպված լինելու մասին, արվել են բոլոր մեկնաբանությունները։ Կարծում ենք՝ կատարվածն արժե դիտարկել նաև դրա քաղաքական արդյունքի տեսակետից՝ այդ մեկնակետով փորձելով ճշգրտել շարժառիթը։
Սեպտեմբերի 3-ից հետո առաջին անգամ պիտի հնչեր Ս. Սարգսյանի հրապարակային խոսքը, և այն էլ՝ Եվրոպայի ամենաբարձր ամբիոնից, այն Եվրոպայի, որին նա մեկ ամիս առաջ փառավորապես «քցել էր»։ Հասկանալի էր հետաքրքրությունը և սպասելի, որ բոլորը պիտի քրքրեն Սերժի ելույթի յուրաքանչյուր բառն ու տողատակը։ Իսկ ելույթը շատ ավելի մոտ էր աշակերտական շարադրության, ընդհուպ՝ «սիրված դերասան» Սոս Սարգսյանից ազդու ցիտատով զարդարված, և շատ հեռու էր նման պատասխանատու ամբիոնից երկրի ղեկավարի քաղաքական խոսքի։ Իշխանական քարոզչամեքենան, բնականաբար, պարտավոր էր դրանից հասարակության ուշադրությունը շեղելու ձև մտածել։
Մի կողմ թողնենք բարոյախոսի և էթիկայի դատավորի դերը և կատարվածի շարժառիթը փորձենք պարզել միայն դրա ունեցած քաղաքական հետևանքների մեկնակետից։
Ակնհայտ է, որ Զարուհու հարցով լրագրողական ու մեկնաբանողական աշխարհը գրելու շատ ավելի դյուրամարս, գայթակղիչ, «ընթերցող կապող» նյութ ստացավ, և, որպես իրադարձություն, որպես քննադատության թիրախ՝ հետին պլան մղվեց Ս. Սարգսյանն իր ելույթով։ Բայց միայն սրանով չէ, որ շահեց Ս.Սարգսյանը։ Հայտնի բան է, որ չափազանց սև «փիառը» ավելի շատ հակառակ ազդեցությունն է ունենում, աշխատում է հօգուտ թիրախի։ Եւ իրոք՝ ոչ միայն յուրայինները, այլև «պետության վարկով մտահոգվածներն» սկսեցին պաշտպանել Սերժին՝ որպես «խայտառակ» հարցից տուժածի։ Լրատվամիջոցներն իրավացիորեն արձանագրում են, թե «Զարուհու դեմ հարձակումների ֆոնին անգամ Սերժ Սարգսյանի վարկանիշը սկսել էր բարձրանալ»։ Բայց, մյուս կողմից, յուրատեսակ իր ոճի և «իմիջի» շրջանակներում շահեց նաև Զարուհին՝ ի դեմս այն էլեկտորատի ծափերի, որը Ս. Սարգսյանի նկատմամբ հասկանալի ատելությամբ տոգորված՝ մի լրացուցիչ «սրտի հովացում» ստացավ։ Սրան էլ ավելացնենք այն տեխնիկական դետալը, որ հարց տալու իրավունքը նրան զիջել են հանրապետականները հենց պատվիրակության ղեկավար Դ. Հարությունյանի հորդորով։
Այսինքն, քաղաքական հետևանքների ելակետից դատելով՝ նախապես պայմանավորվածության արդեն շրջանառվող վարկածը, երկուստեք շահավետ լինելով, լրացուցիչ հիմքեր է ստանում։
***
Կարելի է չկասկածել, որ առաջիկայում էլ այսօրինակ հնարքներն են լինելու իշխանական քարոզչամեքենայի հիմնական զենքը։ Հեռահաղորդակցման զարգացման և համացանցի տարածման պայմաններում, սակայն, օբյեկտիվ տեղեկատվությունը դառնում է ավելի ու ավելի հասանելի։ Ըստ այդմ էլ, ի հեճուկս իշխանական քարոզչամեքենայի ջանքերի, այլընտրանքային աղբյուրների շնորհիվ իրողությունների ճիշտ ընկալումը կդառնա որոշիչ գործոն։