Monday, August 25, 2014

Հովիկ Աբրահամյանը նյութված դավի առանցքային դերակատարն է


Աստիճանաբար, նոր տեղեկություններով դետալ առ դետալ առարկայանում, ամբողջանում է այն ծրագիրը, որ մշակվել է Բաղրամյան 26-ի խոհանոցում կամ ուղղակի Սերժ Սարգսյանի ուղեղում՝ ապահովելու համար իր իշխանության հավերժացումը։ Ու այդ ծրագրի ամեն մի նոր դետալ պարզվելիս ավելի ու ավելի խղճուկ ու նողկալի են երեւում Ս. Սարգսյանի ղեկավարած ռեժիմի դեմքն ու էությունը։ Մեկ անգամ չէ, որ խոսվել է այդ «ծրագրի» մասին, որ իրականում այլ բան չէ, քան Հայաստանի ժողովրդի դեմ նյութված մի դավ։ Եւ դա այնքան ավելի ակնառու ու ամբողջական է դառնում, երբ արդեն հրապարակված փաստերին ավելացնում ենք նոր հայտնի դարձածները։
1. Ամբողջ չորս տարի դեպի եվրաասոցացում գնացող Ս. Սարգսյանը երբ 2013թ. սեպտեմբերի 3-ին «մի գիշերում» 180 աստիճան շուռ եկավ ու Մաքսային միություն մտնելու դիմում գրեց, հասկացավ, որ դա իր վերջն է, եթե տեղում ինչ-որ բան չմտածի։ Մտածեց ու գտավ «սահմանադրական բարեփոխումները»՝ որպես իշխանության պահպանման, ապա՝ հավերժացման մի միջոց։ Նրա հույսը, թե «խորհրդարանական կառավարում» գրավչանյութով  կգայթակղի ընդդիմադիր չորս ուժերից երեքին, չարդարացավ։ Քառյակի մաս կազմող ուժերի քաղաքական որակները շատ ավելի հաստատուն էին ու կայուն, քան դա ենթադրել էր Ս. Սարգսյանը։
2. 2014 թ. ապրիլին Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջով Քառյակի հանրահավաք նշանակվեց։ Ս. Սարգսյանը վախից ինքն անմիջապես պաշտոնանկ արեց մինչ այդ «անփոխարինելի» համարվող իր վարչապետին։ Նոր վարչապետի ընտրության ելակետն այլ բան լինել չէր կարող, քան խարխլված սեփական իշխանության պահպանման ու վերարտադրման համար ամենակարեւոր՝ առանցքային ֆիգուր գտնելը։ Եւ քանի որ Ս. Սարգսյանն իր փրկության հույսը տեսնում էր «սահմանադրական բարեփոխումների» մեջ, ուրեմն եւ վարչապետի թեկնածուն պիտի ունենար այդ գործը գլուխ բերելու համար անհրաժեշտ որակները, դառնար այդ գերնպատակին հասնելու հիմնական գործիքը ։
3. Ինչո՞ւ Ս. Սարգսյանի ընտրությունը կանգ առավ Հովիկ Աբրահամյանի վրա։ Բնականաբար՝ ոչ այն պատճառով, որ վերջինս հնարավոր այլ թեկնածուների մեջ ավելի խելոք էր, ավելի գրագետ կամ հասարակության մեջ ավելի բարձր վարկանիշ ուներ։ Այս հատկանիշներով նա ամենավերջում էր։ Սկզբում մասամբ կարելի էր ենթադրել այս ընտրության հիմքերը, հիմա արդեն դրանք որոշակիորեն հայտնի են։ Հ. Աբրահամյանի հետ կապված՝ կար երկու հատուկ հանգամանք։ Առաջինն օբյեկտիվորեն չուներ այլ մեկը. նա Գ. Ծառուկյանի խնամին է։ Երկրորդ՝ ողջ հանրապետության մասշտաբով նա լավագույնս է տիրապետում ընտրակեղծարարության մեքենայի նրբություններին, ինչը մեկ անգամ չէ, որ փայլուն ապացուցել է։ Այստեղ նրա հետ որեւէ մեկը չէր կարող մրցել։ Ահա հենց այս զույգ հիմքերի վրա էլ նրա ու Ս. Սարգսյանի միջև կնքվել է գործարք։ Վարչապետական աթոռի դիմաց Հ. Աբրահամյանը Ս. Սարգսյանին խոստացել է, որպես Գ. Ծառուկյանի խնամի, ազդելով նրա վրա՝ կա՛մ դուրս բերել Քառյակից, կա՛մ մասնակից դարձնել սահմանադրափոխության գործընթացին։ Երկրորդ՝որպես ընտրակեղծիքների թիվ 1 պրոֆեսիոնալ՝ ապահովել սահմանադրական հանրաքվեի դրական արդյունքները։ Առաջինը չհաջողվեց. Գ. Ծառուկյանն արժանապատվորեն կանգնած մնաց իր քաղաքական սկզբունքների վրա՝ հիասթափեցնելով ոչ միայն Հ. Աբրահամյանին ու Ս. Սարգսյանին, այլեւ նախկին շատ «ընդդիմադիր գործիչների»։ Հիմա այդ գործարքը հենված է երկրորդ պայմանի վրա, այն է՝ հանրաքվեն կեղծել, ստանալ անհրաժեշտ արդյունքներ, ինչի դիմաց նա կշարունակի աշխատել վարչապետի պաշտոնում։ Այսինքն՝ Հայաստանի ժողովրդի դեմ նյութված այս դավի իրականացման մեջ Հ. Աբրահամյանին է տրված առանցքային դերը։
4. Հիշեցնենք, որ նման մի գործարք էլ Ս. Սարգսյանը կնքել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ (http://7or.am/am/news/view/72780/)։ Ըստ այդ գործարքի՝ Գ. Հարությունյանն էլ իր վրա պիտի վերցներ «սահմանադրական բարեփոխումների» հանրային քննարկման, քարոզչության ողջ բեռը, ինչի դիմաց ոչ թե պիտի տարիքի բերումով թոշակի գնար 2018 թվականին, այլ ստանար խորհրդարանով ընտրվող ՀՀ նախագահի պաշտոնը։ Նույն տեղում արձանագրված է նաեւ, որ խարդավանքների սովոր Ս. Սարգսյանը անգամ նմանօրինակ գործարքներում ազնիվ չի գտնվել։ Նա, որպես «պահուստային» տարբերակ, նույն՝ ՀՀ նախագահի պաշտոնը առաջարկել է նաեւ այլ մարդկանց։ Այսինքն՝ խնդիրը լուծելուց հետո ավելի հավանական է, որ նա պիտի «քցի» Գ. Հարությունյանին։ Ասենք, որ հիշյալ հոդվածում  հրապարակված փաստերից որեւէ մեկը չհերքվեց։ Իսկ սրան էլ գումարած այն հանգամանքը, որ հոդվածի հրապարակումից անմիջապես հետո դադարեցին Գ. Հարությունյանի «սահմանադրական քարոզարշավները»՝ հենց բերված փաստերի հավաստիության անսակարկելի մի ապացույցն է։
5. Ինչպես Գ. Հարությունյանի դեպքում, Հովիկ Աբրահամյանի հետ կնքած գործարքում էլ Ս. Սարգսյանը ինքն իրեն չի դավաճանում։ Այս դեպքում էլ նա ունի նաեւ գործարքի «պահուստային» տարբերակ, այս անգամ՝ Հ. Աբրահամյանի թիկունքում։ Նա, իրազեկ աղբյուրների հավաստի տվյալներով, վարչապետի պաշտոնը խոստացել է նաեւ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին, որը որոշ շրջանակներում հայտնի է «Թենզոր» ծածկանվամբ։ Վերջինիս հետ Ս. Սարգսյանն ունի շատ սերտ բիզնես կապեր։ Այդ կապերից է, օրինակ՝ ղազախական գազի ներկրման սկանդալային պատմությունը։ Հիշեցնենք, որ ժամանակին այն բացահայտվեց Ղազախստանի պաշտոնական վիճակագրական տվյալների ուսումնասիրման շնորհիվ։ Ըստ այդմ՝ միայն 2006 թ. Հայաստան էր ներկրվել շուրջ 1 միլիարդ 200 միլիոն խորանարդ մետր գազ՝ ավելի քան 157 միլիոն դոլար արժողությամբ, ինչի հետքերը չկային ո՛չ մեր վիճակագրությունում, ո՛չ էլ, բնականաբար, մեր բյուջեում (այս գործարքն առաջին անգամ ներկայացվել է 2007թ. դեկտեմբերի 22-ին Համաժողովրդական շարժման 1-ին կոնգրեսում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում, տես՝ «Վերադարձ», էջ 148)։ Ծանրագույն այս մեղադրանքի մասին իշխանությունն այդ պահից մինչեւ այսօր քար լռություն է պահպանում։
Հասկանալի է, որ Ս. Սարգսյանը իշխանության մնալու իր «ծրագրի» իրականացման դեպքում այս երկու «վարչապետացուներից» մեկին պիտի «քցի»։ Եւ «քցվողը», ակնհայտորեն, լինելու է Հ. Աբրահամյանը։
Ինչո՞ւ։
Հանցավոր կապերը շատ ավելի առարկայական են (երբ երկու կողմերն էլ միմյանց վրա ազդելու լծակներ ունեն), իսկ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես ասացինք, հենց այդպիսին են Ս. Սարգսյանի բիզնես կապերը։ Բացի այդ, Արմեն Սարգսյանը դեռ 2008-ին եղել է Ս. Սարգսյանին իշխանության բերելու համար միջազգային «դաբրոն» ապահովողը ու «Վիկիլիքսից» շատ բան գիտի այդ խոհանոցից։ Այսինքն՝ նրան «քցելը» իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում Ս. Սարգսյանի համար։
Այլ է Հ. Աբրահամյանի դեպքում։ Նա միշտ եղել է Ս. Սարգսյանի «տակ» ու անմռունչ կատարել նրա բոլոր, այդ թվում՝ ամենաստորացուցիչ ու կեղտոտ հրահանգները։ Հանրաքվեի կեղծման կեղտոտագույն ու հանցավոր գործն անելուց հետո Հ. Աբրահամյանի նկատմամբ առանց այդ էլ բացասական հասարակական վերաբերմունքը պիտի շատ ավելի խորանա։ Բնականաբար, Ս. Սարգսյանի համար ավելի հեշտ ու գերադասելի կլինի վարչապետի պաշտոնը տալ Լոնդոնից սպիտակ ձեռնոցներով եկած Արմեն Սարգսյանին, քան ողջ ժողովրդի աչքում մի նոր հսկայածավալ կեղծիք իրականացնելուց հետո ոտքից գլուխ կրկնակի կեղտոտված ու մրոտված Հ. Աբրահամյանին։ Վերջինիս «քցելու» մեջ ամենաչնչին ռիսկ գոյություն չունի Ս. Սարգսյանի համար։ Ավելին՝ հենց այդ պահին Հ. Աբրահամյանին հեռացնելն իշխանությունից կարող է դիտվել նաեւ որպես հասարակական դժգոհությունը փոքր-ինչ մեղմելու մի միջոց։


http://www.ilur.am/news/view/34132.html

Tuesday, August 19, 2014

Սահմանային վերջին միջադեպերը ղարաբաղյան, հայաստանյան և աշնանային քաղաքական կոնտեքստում


Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին աննախադեպ սրացումները շեշտեցին այսօրվա քաղաքական առաջնահերթ խնդիրները ու դրանց հրատապ լուծման անհրաժեշտությունը։
Ղարաբաղյան պատերազմում 1994 թվականին զինադադարը հաստատվեց հայկական կողմի ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական բացառիկ առարկայական հաղթանակների պայմաններում։ Այդ հանգամանքը խորը հոգեբանական բարդույթ պիտի առաջացներ Ադրբեջանի ժողովրդի ու, մասնավորաբար, բանակի մեջ։ Ըստ այդմ էլ, քանի դեռ վերջնական խաղաղությունը չի հաստատվել, Ադրբեջանը, բնականաբար, իր առջև պիտի ունենա սեփական ժողովրդին ու բանակը պարտվածի հոգեբանական բարդույթից ազատելու գերխնդիր։ Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ պիտի լինի հիշյալ երկու` ռազմական ու դիվանագիտական ճակատներում, ըստ էության կամ թեկուզ արտաքուստ փոխել պատկերը, ու դրանով իսկ՝ հասարակական ընկալումները։ Ընդ որում՝ պարտվածի հոգեբանական բարդույթից սեփական ժողովրդին ու բանակն ազատելը հավասարապես անհրաժեշտ ու կարևորագույն գործոն է ինչպես հակամարտության խաղաղ կարգավորման պահին հնարավոր առավելագույնն ստանալու, այնպես էլ՝ պատերազմական շարունակություն ունենալու դեպքում հաջողության հասնելու համար։
Դիվանագիտական ճակատում
1997-98թթ. Հայաստանն ամբողջությամբ պահպանում էր հրադադարի պահին ունեցած շահեկան դիրքային առավելություննները, և լավագույն պահն էր խաղաղության հաստատմամբ հնարավոր առավելագույնը ստանալու համար։ Ինչպես հայտնի է՝ դա տեղի չունեցավ։ Տեղի չունեցավ ոչ թե Ադրբեջանի կամ մի երրորդ ուժի ընդդիմացման, այլ երկրի ներսում, ըստ էության, քաղաքական դավադրությամբ իրականացված պետական հեղաշրջման հետևանքով։
 Ի՞նչ է կորցրել Հայաստանը, ու ի՞նչ է շահել Ադրբեջանը դրանից հետո։
Ա) Ամենածանր կորուստն, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության ու բանակցային լիարժեք կողմի, միջազգայնորեն ճանաչված մանդատն էր։ Այդ մանդատը ձեռք էր բերվել հայկական դիվանագիտության քառամյա ամենանուրբ ու միաժամանակ համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ձեռք էր բերվել՝ հաղթահարելով ոչ միայն Ադրբեջանի համառ դիմադրությունը, այլև միջազգային հանրության չկամությունը։ Ղարաբաղի՝ միջազգայնորեն ճանաչված մանդատի ձեռքբերումը, որպես Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի անշրջանցելի հիմք,  թերևս, մեր արտաքին քաղաքական հաջողությունների պսակն էր։ Ամենացավալին կամ ամոթալին այն է, որ 1998-ից հետո դրա կորուստն էլ պայմանավորված չէր ո՛չ Ադրբեջանի դիվանագիտական ջանքերով, ո՛չ էլ միջազգային հանրության ճնշումներով կամ անբարյացակամությամբ։ Դա ընդամենը նոր իշխանության քաղաքական տկարամտության ու գավառամտության հետևանքն էր։ Ավելի մեծ նվեր Ադրբեջանը չէր կարող երազել, քանզի դրանով էականորեն փոխհատուցվեց 1991-94թթ. նրա դիվանագիտական ծանր պարտությունը։ Չի բացառվում նաև, որ ժամանակին Հայաստանի «նոր իշխանությունը» այդ բանն արեց միջազգային հանրությանը դուր գալու, չունեցած ներքին օրինակարգությունն արտաքին օրինակարգությամբ լրացնելու համար։
Այնքան ակնհայտ է կատարված խայտառակությունը, որ վերջին տարիներին Ս. Սարգսյանը, թեև վախվորած, երբեմն խոսում է Լեռնային Ղարաբաղին՝ որպես հակամարտության կողմ բանակցությունների սեղան վերադարձնելու մասին։ Նույնքան վախվորած` երբեմն դրա մասին խոսում են նաև ԼՂՀ իշխանությունները։ Իրականում երկու դեպքում էլ գործ ունենք կեղծիքի հետ։ Խնդիրն ունի շատ պարզ լուծում, որ մեկ անգամ չէ, որ հրապարակավ նրանց հուշվել, առաջարկվել է։ Լուծումը հետևյալն է. Ս. Սարգսյանը պիտի պաշտոնապես հայտարարի, որ ժամանակին կոպիտ սխալ է կատարվել, և ինքն այլևս բանակցություններում չի ներկայացնելու Լեռնային Ղարաբաղը։ ԼՂՀ նախագահն էլ պիտի հայտարարի, որ ինքը ետ է վերցնում բանակցային գործընթացում իրեն ներկայացնելու՝ Հայաստանին տրամադրած իր մանդատը։ Այդ քայլը, սակայն, Ս. Սարգսյանը չի անի (և թույլ չի տա, որ անի Ղարաբաղը), քանզի դրանով կկորցներ արտաքին աշխարհի որևէ աջակցություն, ինչի վրա մինչև հիմա հենված է  եղել ներքին օրինակարգությունից զուրկ իր իշխանությունը։
Բ) Արտաքին քաղաքական հաջորդ կորուստը նույնպես ո՛չ Ադրբեջանի դիվանագիտական ջանքերի, ո՛չ էլ միջազգային հանրության ճնշումների արդյունք էր, այլ դարձյալ՝ քաղաքական տղայամտության ու գավառականության հետևանք։ Դա` Մեղրիի շրջանը որպես սակարկության առարկա բանակցային սեղանին դնելն էր։ Սա նախ՝ Մեղրիի, բառիս բուն իմաստով կենսական ռազմավարական նշանակությունը չգիտակցելու մասին է, առանց որի աներևակայելի է պարկի մեջ հայտնվող Հայաստանի գոյությունը։ Երկրորդ՝ դրանով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի որևէ տարածք սակարկության առարկա դարձնելը խախտում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը ինքնորոշման հիմքի վրա լուծելու փիլիսոփայությունը ու խնդիրը տանում դեպի տարածքային վեճի հարթություն։ Այսինքն՝ տանում է հենց այնտեղ, որտեղ դեռ 1988 թվականից այս հարցը փորձում է տանել Ադրբեջանը։ Թվում է, թե Մեղրիի հարցը հետագայում փակվեց, սակայն, որպես արդեն մեկ անգամ քննարկված խնդիր, հնարավոր չէ ընդհանրապես ետ վերցնել բանակցային սեղանից, ու սա դեռ` զանազան վարիացիաներով իրեն զգացնել է տալու։ Այս հարցը երկրորդ թանկարժեք նվերն էր Ադրբեջանին։
Փակագծում ավելացնենք, որ Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու «գայթակղիչ» տեսական տարբերակը, որպես հակամարտության կարգավորման ձև, օտարների կողմից առաջարկվել էր նաև 90-ական թվականներին։ Այն ժամանակ շատ կոշտ պատասխան ստանալուց հետո` դա մոռացվել էր։
Գ) Երրորդ ձախողումն այն սկզբունքների մեջ է, որ Մինսկի խմբի շրջանակներում տարիներ շարունակ մշակվում է որպես հակամարտության կարգավորման հիմք։ Այսօր դրանք հայտնի են «Մադրիդյան սկզբունքներ» անունով։ Այստեղ, կարևորագույն ձախողումների ցանկը լրացնելու համար ևս մեկ անգամ ասենք այն, ինչը բազմիցս ասվել է, և հիշեցրել էինք նաև նախորդ անգամ։
Իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը այս առիթով ասաց հետևյալը. «Մենք բանակցությունները վարում ենք Կազանյան փաստաթղթի շուրջ, և դա 2011 թվականի փաստաթուղթն է, որը ստորագրելուց Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: Կազանյան փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և ենթադրում է խնդրի լուծում երեք հիմնական սկզբունքների, այն է̀ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:
Տասնյակ անգամներ ասվել է, որ երբ հակամարտությունների կարգավորման այս երկու սկզբունքները համատեղվում են, դա նշանակում է` հակամարտությունը կարգավորվելու է տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, և այդ շրջանակներում է որոշվելու ինքնորոշման (ինքնավարության) մակարդակը։ Սա այբբենական ճշմարտություն ու տարրական գիտելիք է։ Հենց այդ պատճառով է, որ նման դրույթ պարունակող միջազգային մի փաստաթուղթ հաջողեցնելն է ի սկզբանե եղել Ադրբեջանի նպատակը։ Դա եղել է նաև խնդրով զբաղվող միջազգային ուժերի նպատակը` շատ պարզ պատճառով. որևէ հակամարտության կարգավորում տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա շատ ավելի քիչ ջանքեր ու ռեսուրսներ է պահանջում միջազգային հանրությունից, քան ինքնորոշման հիմքի վրա կարգավորումը։ 1996 թվականին նման փորձ արվեց Լիսաբոնում, ԵԱՀԿ գագաթնաժողովում։ Այն ժամանակ, ըստ էության, դեմ գնալով աշխարհի հզորներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը «վետո» դրեց նման բանաձևի վրա։
Հիմա Սերժ Սարգսյանը պարծենում է, որ ինքը` որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք, հասել է ինքնորոշման «հերն անիծող» այդ սկզբունքի արձանագրմանը։ Իսկ թե ինչու Ադրբեջանը հիմա չի համաձայնում դրան, շատ պարզ պատճառով. այն, ինչը նրա համար երազանք էր 1996-ին, հիմա` իր մյուս ձեռքբերումների ֆոնին շատ քիչ է, և ուզում է ավելին։
Թվարկված երեք դիվանագիտական խայտառակ ձախողումներից ոչ մեկին առ այսօր ռեժիմը որևէ բանական և ընդհանրապե՛ս որևէ բացատրություն չի տվել։
Այսպիսով, Ադրբեջանը դիվանագիտական ասպարեզում փաստացի հասել է այնպիսի արդյունքների, որոնք կարող են փոխհատուցել 1990-ականների իր պարտությունները։ Որպես այդպիսին` դրանք արդեն լիակատար հիմք են այս հարթութան վրա իր հասարակությանը հանելու համար պարտվածի բարդույթի վիճակից։ Սակայն, դիվանագիտական հաջողությունները, ինչպես վերևում ասացինք, խնդրի միայն մի մասն են, որ, շատ կարևոր լինելով հանդերձ, կարող են ազդել նրա հասարակության շատ նեղ՝ քաղաքական շերտի վրա։
Ռազմական ասպարեզում
Ի տարբերություն դիվանագիտական ասպարեզի, ռազմական ասպարեզում Ադրբեջանը դեռ չի կարողացել հասնել այնպիսի էֆեկտների, որոնք նրա հասարակությանն ու բանակը կազատեին պարտվածի հոգեբանական բարդույթից։ Ճիշտ է՝ այս առումով որոշակի դեր կարող են խաղալ Հայաստանի համեմատ նրա տնտեսական հզորացումը, ռազմական բյուջեի տպավորիչ թվերը, մեծաքանակ սպառազինության ձեռքբերումը և այլն, բայց դրանք ևս բավարար չեն։
Սահմանային վերջին, շուրջ մեկամսյա միջադեպերը հենց հոգեբանական պատերազմի շրջանակներում էին, որ աննախադեպ լինելով` նպատակ ունեին լրացնելու այդ բացը։ Սահմանային մանր «հաղթանակները»՝ հաջողված դիվերսիաները, անպատասխան կամ անհամարժեք պատասխան ստացած լոկալ գնդակոծումներն ու հրետակոծումները, հակառակորդին պատճառած վնասները մի կողմից` պետք է բարձրացնեն սեփական զինված ուժերի և ժողովրդի ոգին՝ նրան ազատելով պարտվածի բարդույթից, մյուս կողմից՝ ճնշող ու քայքայող ազդեցություն ունենան հակառակորդի վրա։
Ադրբեջանը զինադադարից հետո պարբերաբար դիմել է այս մեթոդին։ Սակայն, միշտ նրա գործողությունների շրջանակները սահմանափակված են եղել երկու արգելակիչ գործոնով։ Այդ արգելքներից մեկը զինադադարի երաշխավոր միջազգային ուժերն են եղել, մյուսը՝ հայկական կողմի համարժեք պատասխանների հանգամանքը։ Պետք է ասել, որ Ալիևը ճիշտ էր հաշվարկել պահը` ավելի ընդարձակ գործողությունների դիմելու համար։ Դրա համար առաջին նպաստավոր հանգամանք է համարվել Սերժ Սարգսյանի աննախանձելի վիճակը երկրի ներսում, ինչպես նաև՝ նրա վերջնական հեղինակազրկումը, ընդհուպ՝ հրապարակային ստորացումները միջազգային ասպարեզում։ Ակնհայտորեն նպաստավոր հանգամանք է համարվել նաև այն, որ զինադադարի երաշխավոր ուժերի, մասնավորաբար՝ Ռուսաստանի «գլուխը խառն» է այլ, շատ ավելի կարևոր գործերով։
Եւ իրոք՝ տևական մի շրջան ադրբեջանական ոտնձգությունները համարժեք պատասխան չէին ստանում հայկական կողմից, նաև չէին «նկատվում» դրսում, և մանր այդ «հաղթանակները», բնականաբար, ոգևորում էին նրան։ Իրավիճակը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակային քննադատության ենթարկեց երկրի քաղաքական ղեկավարությանը այն բանի համար, որ, չկարողանալով հասկանալ իրավիճակը ու չպատկերացնելով անելիքը, հրահանգել էր բանակին հնարավորինս զուսպ մնալ, դրանով իսկ ոգևորելով Ադրբեջանին։ «Անակնկալ» այս ելույթից անմիջապես հետո բանակը սկսեց կատարել իր բնական պարտականությունները, և ամեն ինչ հաջորդ օրերին շուռ եկավ, շտկվեց։
 Անշուշտ, ինչ-որ պահի (գուցե և նույն ժամկետում) տեղի կունենար Ռուսաստանի միջամտությունը՝ թույլ չտալու համար սահմանային ընդհարումների վերաճումը պատերազմի։ Սակայն, ակնհայտ է, որ մինչ այդ Ադրբեջանը շատ կարևոր մեկ-երկու տասնյակ «հաղթանակներ» արձանագրած կլիներ՝ իր ժողովրդին ու բանակը պարտվածի բարդույթից հանելու համար։ Ակնհայտ է, որ այդ դեպքում մեր կորուստները կլինեին շատ ավելին։ Ակնհայտ է, որ այդ դեպքում Հայաստանում չէր հառնի ոգևորության ու պատրաստակամության այն մթնոլորտը, որ ստեղծվեց հայկական կողմի համարժեք պատասխաններից հետո, այլ տեղի կունենար հակառակը։ Եվ նույնքան ակնհայտ է, որ այդ դեպքում Ս. Սարգսյանը «Սոչի» կգնար բոլորովին այլ տրամադրությամբ ու կարգավիճակով։
2+1 հետևություն
1. Ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի խնդիրը դիվանագիտական հարթության վրա, ըստ էության, տանուլ է տրված։ Ս. Սարգսյանը, ի պաշտոնե որպես արտաքին քաղաքականության պատասխանատու, օբյեկտիվորեն չի կարողանում կողմնորոշվել ամենապարզ խնդիրներում։ Անկախ այն բանից՝ այս ամենը քաղաքական մանկամտության ու գավառամտության արդյունք է, թե հանուն իշխանության պահպանման՝ ազգային շահերի վաճառքի դավաճանական ակտ, երկու դեպքում էլ օր առաջ պետք է ազատվել նրանից։
2. Սերժ Սարգսյանը, ի պաշտոնե, որպես գերագույն գլխավոր հրամանատար, չի կարողանում կողմնորոշվել ռազմաքաղաքական ամենապարզ իրավիճակներում, ինչի հետևանքով, ամեն ինչից զատ, լինում են նաև մարդկային զոհեր և, ինչը, ընդհանրապես, մեծացնում է պատերազմի հավանականությունը։ Անկախ այն բանից, դա քաղաքական անկարողության հետևանք է, թե իշխանությունը կորցնելու վախի հետևանք, երկու դեպքում էլ պետք է օր առաջ ազատվել այդ փորձանքից։
3. Այս երկու փաստերը Ս.Սարգսյանից անվերապահորեն ազատվելու քաղաքական օրակարգը դարձնում են կենսականորեն առաջնահերթ՝ աշնանը սպասվող հանրահավաքներում։

http://www.ilur.am/news/view/33924.html

Tuesday, August 12, 2014

Մի քանի արձանագրումներ վերջին իրադարձությունների առիթով


1. Վերջին շրջանի իրադարձությունները՝ 1994-ին կնքված զինադադարի աննախադեպ խախտումների տեսքով, հասարակության մեջ արթնացրին պատերազմի զգացողությունն իր բոլոր դրսեւորումներով։ Ոմանք՝ ճիշտ այնպես, ինչպես ֆուտբոլի համաշխարհային առաջնության մեկնարկին, երկու շիշ գարեջրով հարմար տեղավորվեցին համակարգիչների առաջ՝ խանդավառությամբ հետեւելու, «հույժ հայրենասիրական» գրառումներով արձագանքելու համար «ռազմաճակատի գծում» տեղի ունեցող դեպքերին։ Ոմանք ոգեւորված կոչ արեցին «կամավորական ջոկատներ» կազմել։ Ոմանք իրոք անհանգստացան ու, բարձրաձայն ոչինչ էլ չասելով, ներքուստ որոշում կայացրին անել այն, ինչ պետք է անել, եթե պատերազմի վտանգն իրական դառնա։ Ինչպես միշտ նման դեպքերում, հասարակության մեջ շարժվեց, սկիզբ առավ ամեն ինչ. սկսած ամենաարգահատելիից՝ «հայրենասիրության բիզնեսից», մինչեւ ամենավեհը՝ իրական հայրենասիրական զգացումների զորաշարժը։ Այս ամենը բնական է վերջին հաշվով։ Այս ամենի մեջ կարեւոր ու արձանագրելու արժանի է մի բան. ժողովրդի, հայաստանյան հասարակության ռեակցիան, ընդհանուր առմամբ, պայմանավորված էր ոչ թե իրեն ունեզրկող, հարստահարող, իրավազրկող ռեժիմի նկատմամբ արմատավորված ատելությամբ, այլ ազգային շահի ու ազգային անվտանգության ըմբռնմամբ։ Սա խիստ կարեւոր ցուցանիշ է ոչ միայն որպես արտաքին վտանգի դեմն առնելու նախապայման, այլ նաեւ ժողովրդի՝ վաղն իրեն վայել օրինակարգ եւ օրինավոր իշխանություն ունենալու գրավական։
2. Արտաքին վտանգի դեմ հասարակության եւ քաղաքական ընդդիմության բանական պահվածքը ինչ-որ անթաքույց ոգեւորություն առաջացրեց իշխանական ճամբարում ու մանավանդ` ՀՀԿ-ական երիտթեւի ներկայացուցիչների մոտ։ Սրանք համարեցին, թե ահա, ի դեմս առարկայացող արտաքին վտանգին տրվող հասարակական հակազդեցության, գտնվել է ընդդիմության՝ աշնանը սպասվող գործողությունների հակաթույնը։ Ու այդ ոգեւորության մեջ չնկատեցին, որ պատերազմի մասին շատ խոսելով` ժամանակային ավելի լայն կտրվածքով անցնում են Սերժ Սարգսյանին հակառակ քաղաքական դիրքորոշման վրա։ Հիշենք, որ 1998-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը փոխզիջմամբ խաղաղության հասնելու իր ծրագրով պնդում եւ հիմնավորում էր, որ «փոխզիջման այլընտրանքը պատերազմն է»։ Այն ժամանակ հայտնի խմբակը, Ս. Սարգսյանի հետ միասին, բացառում էր պատերազմի հեռանկարը՝ դրան հակադրելով ստատուս-քվոյի պահպանման, Սփյուռքի փողերով Հայաստանի առաջանցիկ զարգացման եւ 8000 քառ. կմ տարածքով անկախ Ղարաբաղի «ծրագիր»։ «Առաջանցիկ զարգացմանը» բոլորս ականատես ենք, ոչ թե «փոխզիջումների», այլ զիջումների մասին վաղուց խոսում է Ս. Սարգսյանը, իսկ պատերազմի վտանգի մասին էլ, ահա, այսօր ոգեւորված ու ակամա վկայում են երիտհանրապետականները։
3. Սահմաններում վերջին 1 ամսվա իրադարձությունները ցույց տվեցին արձանագրելի մի այլ, շատ կարեւոր իրողություն, այն է՝ դիզբալանս մի կողմից երկրի քաղաքական ղեկավարության, մյուս կողմից՝ բանակի ունակությունների միջեւ։ Ովքեր մոռացել են՝ հիշեցնենք, որ տեւական մի շրջան սահմանային գոտում հակառակորդի ցինիկ ոտնձգությունները համարժեք պատասխան չէին ստանում, ինչը ոգեւորում էր նրան։ Միայն այն բանից հետո, երբ արձանագրվեց, որ «...հայկական կողմի պասիվությունն ամենեւին բանակի մեղքը չէ, այլ քաղաքական որոշման արդյունք, հետեւաբար` դրա պատասխանատուն իշխանություններն են և ոչ թե զինված ուժերը», եւ որ «հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին» (Տես «Հրատապ հարցազրույց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ», ww.ilur.am/news/view/32661.html), այսինքն հուշվեց, թե ինչ պետք է անել նման դեպքերում, դրանից հետո միայն սահմաններում պատկերը փոխվեց։ Ճիշտ է՝ քանի դեռ չկա վերջնական խաղաղություն, պատերազմի հեռանկարը միշտ կա։ Սակայն, նաեւ պետք է կարողանալ տարբերել ու հասկանալ, թե հակառակորդի ո՛ր գործողություններն են ուղղված պատերազմի վերսկսմանը, եւ որոնք են բոլորովին այլ` «լոկալ» նպատակ հետապնդում։ Ու երկու դեպքում էլ տալ համարժեք պատասխան։
4. Սահմանային միջադեպերի առաջին շաբաթներին դրսեւորած քաղաքական ոչ ադեկվատության, վախեցածի անհարմար վիճակից դուրս գալու համար, Ս. Սարգսյանը հիմա փորձում է խեղաթյուրել ընդամենը 10-15 օր առաջվա իրողությունները։ Սոչիի հանդիպումից հետո իրեն տրված նախապես պայմանավորված հարցին (Փաստորեն՝ անմիջապես Սոչիի հանդիպմանը նախորդեցին սահմանային միջադեպերը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ խնդիր էր փորձում լուծել Ադրբեջանը») նա պատասխանում է. «Չեք կարող հիմա ինձ հիշեցնել մի դեպք, որ յուրաքանչյուր կարևոր հանդիպումից առաջ կամ հետո միջադեպերի ինտենսիվություն չգրանցվի: Իսկ այդպիսի կարևորագույն հանդիպումն, իհարկե, այն գլխից ենթադրում էր այդպիսի մոտեցում»: Սա սուտ է։ Սոչիի հանդիպման Պուտինի նախաձեռնությունը օգոստոսի սկզբին ոչ թե նախորդել է «միջադեպերի ինտենսիվությանը», այլ հաջորդել է դրան ու պայմանավորված է եղել հենց դրանով։
5. Սերժ Սարգսյանն, իրոք, չափազանց վախենում է պատերազմից, ու ինչպես շատ բան, այնպես էլ այս վախը դուրս է գալիս բանականության շրջանակներից՝ հիմք դառնալով իրողությունների ոչ համարժեք ընկալման։ Վախենում է՝ ոչ թե երկրի ու ժողովրդի մասին մտածելով։ Վախենում է, քանզի շատ լավ գիտի, որ ինքն իր ոչ օրինակարգ իշխանությամբ, ունակություններով, իր բացասական վարկանիշով ու հասարակության մեջ ունեցած խայտառակ համարումով ոչ մի կերպ չի կարող բավարարել պատերազմող երկրի ղեկավարին ներկայացվող պահանջները։ Պատերազմի սպառնալիքի շրջանում, բնականաբար, տասնապատիկ սրվում է հասարակության ուշադրությունն այս հարցի նկատմամբ։ Եւ սահմանային սրացումները եւս մեկ անգամ շեշտեցին երկրի՝ օրինակարգ, ունակ եւ կարող ղեկավար ունենալու անհրաժեշտությունը։ Հետաքրքիր է, որ ճիշտ նույն կերպ՝ Ս. Սարգսյանը համոզված է, որ իր իշխանության համար նույնքան վտանգավոր է նաեւ վերջնական խաղաղության հաստատումը։ Նման իշխանության գոյատեւման համար միակ հնարավորը հենց այս՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակն է (ինչը նա` վերոհիշյալ «խմբակի» հետ միասին, հասկացել էր դեռ 1998-ին)։ Հենց դրա համար էլ հիմա ոգեւորված ասում է, թե երբ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է»՝ ընդդիմության պայքարը իշխանության դեմ կարող է «ոգեւորել հակառակորդին»։ Այսինքն, «ստատուս-քվոյի» պահպանում կամ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» բանաձեւը ինչպես ժամանակին եղել է ռեժիմի հաստատման հիմք, այնպես էլ առ այսօր շարունակում է օգտագործվել որպես նրա պահպանման միջոց։ Այն երբեք ոչ մի կապ չի ունեցել ո՛չ «Սփյուռքի փողերով» Հայաստանի գերհզորացման, ո՛չ 8000 քառ. կմ տարածքով անկախ Ղարաբաղ ունենալու հետ։ Այսօր առկա արդյունքները դրա լավագույն ապացույցն են։
6. Իսկ ինչի՞ է հասցրել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը։ Սերժ Սարգսյանը նույն հարցազրույցում մի տեսակ պարծանքով արձանագրում է. «Մենք բանակցությունները վարում ենք Կազանյան փաստաթղթի շուրջ, և դա 2011 թվականի փաստաթուղթն է, որը ստորագրելուց Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: Կազանյան փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և ենթադրում է խնդրի լուծում երեք հիմնական սկզբունքների, այն է̀ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա»: Արդեն քանի անգամ Ս. Սարգսյանը սա ներկայացնում է որպես նվաճում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Եւ արդեն քանի անգամ նրան պետք է հակադարձել. եթե մի տեղում հիշատակվում են «տարածքային ամբողջականության» և «ժողովուրդների ինքնորոշման» սկզբունքները, նշանակում է` երկրորդը ստորադասվում է առաջինին։ Ու արդեն քանի անգամ հիշեցնենք, որ հենց այդ պատճառով` ճիշտ այս ձեւակերպմամբ Ադրբեջանի երազած փաստաթղթի վրա, 1996թ. Լիսաբոնում` ԵԱՀԿ գագաթնաժողովում «վետո» դրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Այն ժամանակ դա Ադրբեջանի համար երազանք էր ու չստացավ, հիմա Ալիեւի համար արդեն դա էլ է քիչ։
7. Բանակի մասին։ Ճիշտ է, որ բանակում չէին կարող չպրոյեկտվել եւ առկա են ռեժիմի արատները։ Ճիշտ է, որ բանակի համար բարոյահոգեբանական հարված էր, երբ այն 2008-ի մարտի 1-ին օգտագործվեց քաղաքական ընդդիմության դեմ ու որպես հեղաշրջման գործիք։ Բայց նույնքան ճիշտ է, որ բանակում եղած թերությունների ու արատների բուռն հասարակական քննադատությունները ստիպել են նաեւ դրանում շատ բան շտկել։ Իսկ այսօր ոչինչ այնքան վտանգավոր չէ բանակի համար, որքան, երբ նրան վիրավորում են՝ սկսած շարքային զինվորից մինչեւ սպայական կազմը։ Այս մասին վերջերս շատ է գրվել։ Վիրավորական է ե՛ւ զինվորի, ե՛ւ սպայի համար, երբ «վերեւից» այստեղ են գալիս բանակում չծառայած (բանակից փախած) ու միայն այդ այցի առիթով առաջին անգամ զինվորական համազգեստ հագած պաշտոնյաներ։ Ասենք՝ Տարոն Մարգարյանի երանելի տեսքով։ Ու, չգիտես ինչու, բարձրաստիճան սպան պատիվ է առնում եւ զեկուցում բանակից փախածին։ Վիրավորական է, երբ նույն զինվորական համազգեստով, նույն «վերեւից» այստեղ տարբեր դիրքերով նկարվելու են գալիս անհասկանալի կանայք, ինչ է թե` նրանք նախարարի կարգավիճակ ունեն։ Վիրավորական է բանակի համար, երբ, ահա, ամեն ինչ հանդարտվելուց հետո, խլելով ուրիշների նախաձեռնությունը, հերոսաբար «ռազմաճակատի գիծ» է սլանում Հովիկ Աբրահամյանը, որ 1990-ի սկզբին, երբ գրեթե ողջ Արարատն ու Արտաշատը Երասխավանի ճակատամարտի զինված կամ անզեն մասնակիցն էր, նա այդպես էլ այնտեղ ոչ մի օր չերեւաց։ Պետք չի վիրավորել բանակին։

http://www.ilur.am/news/view/33685.html

Tuesday, August 5, 2014

Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը հնարավոր է


 «Շատ խելք պետք չէ քաղաքականությամբ զբաղվելու համար»
 (Հովիկ Աբրահամյան)

Մի քանի օր առաջ, հղում կատարելով ռուսական  REX  գործակալությանը, լուր տարածվեց, թե Հովիկ Աբրահամյանին պատրաստվում են պաշտոնանկ անել վարչապետի պաշտոնից:
Իշխանական շրջանակները, բնականաբար, ժխտեցին այդ լուրը։ Ժխտեցին ճիշտ նույն բառերով ու «վճռականությամբ», ինչպես Տիգրան Սարգսյանի մասին նույնպիսի լուրերն էին ժխտում մի քանի ամիս առաջ, ժխտում էին՝ ընդհուպ մինչեւ նրա հրաժարականի (իրականում՝ պաշտոնանկ անելու) նախորդ օրը։
Հետաքրքիր կլինի՝ մեր դատարանները կարողանան ստիպել ռուսական REX գործակալությանը՝ բացահայտելու իր «արտաքին դիվանագիտական աղբյուրները», եւ հանկարծ պարզվի, որ այդ «աղբյուրները» տեղակայված են, ասենք, Երեւան, Բաղրամյան 26-ում։
Բայց սա կարեւոր չէ։
Կարեւոր չէ նաեւ, թե տեղեկատվության աղբյուրն ինչ պատճառներ է մատնանշում նման պաշտոնանկության համար։
Կարեւորն այն է, որ սա բնական, տրամաբանական ու ռեալ հեռանկար է, ուստիեւ հիշյալ տեղեկատվությունը, անկախ իր ծագման տեղից ու հանգամանքներից, դառնում է հավաստիանման ու խիստ հեռանկարային։

Մի պահ հիշենք, թե ինչպես Հ. Աբրահամյանը դարձավ վարչապետ։
Կարծում ենք՝ բոլորը կհամաձայնեն, որ վարչապետ դառնալու նրա վաղեմի երազանքը դրանում որեւէ դեր չի խաղացել։
Հիշենք ապրիլի սկզբի այդ օրերի քաղաքական անցուդարձի բաղադրիչները.
Ա) ՀՀԿ-ն եւ Ս. Սարգսյանն այնպիսի ռեակցիա են տալիս Տ. Սարգսյանի հրաժարականի հարցին, որ հասկանում ես, թե նրան անփոխարինելի ու ցմահ վարչապետ են համարում։
Բ) Հաջորդ օրը Քառյակը հանրահավաք է նշանակում ապրիլի 28-ին՝ «Տ. Սարգսյանի հրաժարականի օրակարգով»։
Գ) Հաջորդ օրը՝ մեռելային լռություն։
Դ) Հաջորդ օրը Տ. Սարգսյանը հրաժարական է տալիս։
Հիմա հիշեք ՀՀԿ-ի ու Ս. Սարգսյանի՝ վարչապետ փնտրելու երկշաբաթյա բուռն տվայտանքները։ Ստում էին, թե Տ. Սարգսյանի հրաժարականը վաղուց ծրագրված է եղել։ Եթե ծրագրված լիներ, ապա վաղուց հայտնի կլիներ նաեւ նոր «վարչապետացուն»։
Ուստիեւ՝ «շատ խելք պետք չէր»՝ հասկանալու համար, որ Ս. Սարգսյանի խնդիրը «վարչապետացու» գտնելը չէր։ Խնդիրն այն էր, որ միջոց կամ լծակ  գտնվի՝ կասեցնելու համար քաղաքական այն գործընթացը կամ զարգացումը, ինչը ստիպեց անակնկալ հրաժարվել Տ. Սարգսյանից։ Իսկ քաղաքական այդ գործընթացը կամ զարգացումը կապված էր Քառյակի գոյության ու գործունեության հետ։ Պետք էր միջոց գտնել վնասազերծելու համար Քառյակը՝ կա՛մ նրան հակակշիռ գտնելու, կա՛մ պառակտելու միջոցով։
Ս. Սարգսյանին նույնպես «շատ խելք պետք չէր»՝ հասկանալու համար, որ նման հակակշիռ կարող է գտնել միայն դրսում, կամ պառակտել՝ դրանից ԲՀԿ-ն պոկելով։ Այդ օրերի գրավոր ու բանավոր լրահոսերից ակնհայտ էր, որ Ս. Սարգսյանը փորձեց ու նման լծակ չգտավ դրսում (Մոսկվայում)։ Գրավոր ու բանավոր նույն լրահոսերից դժվար չէր ենթադրել, որ նա առավելագույնս արեց, պատկերավոր ասած՝ «թագավորության կեսը» խոստացավ ԲՀԿ-ին, բայց չկարողացավ, որպես ակտ, գլուխ բերել նաեւ Քառյակի պառակտումը։ Երրորդ տարբերակն, ահա, եղել է Հովիկ Աբրահամյանը՝ նկատի ունենալով, որ Գ. Ծառուկյանի հետ նրա խնամիական կապով կարող է ինչ-որ արդյունքի հասնել։
Ակնհայտ էր մի բան. Ս. Սարգսյանը չկարողացավ Հ. Աբրահամյանին վարչապետ նշանակել Գ. Ծառուկյանի հետ ինչ-որ պայմանով, ուստիեւ ստիպված էր նշանակել հույսով։ Հիմա արդեն ամեն ինչ կախված է նրանից, թե ժամանակի ընթացքում որքանով կարդարանա այդ հույսը։
Ժամանակն էլ, ինչպես գիտենք, սահմանափակ է։ Քառյակը իր 12 պահանջների կատարման-չկատարման արդյունքներով սեպտեմբերի վերջին քաղաքական եզրահանգման պիտի գա ժողովրդի հետ միասին։
***
Եւս երկու հանգամանք կա, որ խոսում է հօգուտ Հ. Աբրահամյանի մոտալուտ հրաժարականի հնարավորության։
Առաջինը վաղուց նկատված այն փաստն է, որ վարչապետի համար աննպաստ տեղեկություններ ու սուր քննադատություններ են հայտնվում նաեւ այն լրատվամիջոցներում, որոնք ակնհայտորեն Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ են։
Երկրորդ հանգամանքը այն անակնկալն է, որ վերջերս մատուցեց հենց Հ. Աբրահամյանը՝ «թերություններ գտնելով» Որոտանի վաճառքի գործարքում ու կասկածի տակ դնելով դրա բարեհաջող ապագան։ Խնդիրն այն է, որ նա ԱԺ նախագահի պաշտոնում  ոչ մի խոսք չի ասել այդ մասին ամենաբուռն քննարկումների ժամանակ։ Այսինքն՝ այն, ինչ ասում է այսօր, թվում է՝ յուրատեսակ առարկայական պաշտպանական հակազդեցություն է։ Հակազդեցություն՝ ոչ թե իր վարչապետության մոտալուտ ավարտի մասին լրատվական միջոցների ասեկոսեների, այլ իր թիմի «մյուս բեւեռում» եղած իրական մտադրությունների։

http://www.ilur.am/news/view/33372.html