Tuesday, June 8, 2010

ԴՈՒՐՍ ԵԿԵՔ, ԿՈՎԵ՛Ր...


08.06.2010

1960-ական թվականներին, շատ կարեւոր ինչ-որ հոբելյանի թե իրադարձության առիթով, մի տեղ են հավաքված եղել գիտության, արվեստի, գրականության, ռազմական եւ այլ բնագավառներում ամենահայտնի, աշխարհահռչակ հայ մարդիկ՝ ամբողջ աշխարհից։ Միջոցառման կազմակերպիչները, օգտվելով պատեհությունից, հետաքրքիր մի միտք են հղացել. պարզել, թե տվյալ պահի ամենահեղինակավոր առաջին 10 հայ գործիչներն իրենք ո՞ւմ են համարում առաջին 10 ամենանշանավոր ու վաստակաշատ պատմական դեմքեր՝ ամբողջ Հայոց պատմության մեջ։ Ստացծված 10 ցուցակները էապես տարբեր են եղել միմյանցից՝ ե՛ւ անուններով, ե՛ւ, մանավանդ, վարկանիշային հերթագայությամբ։ Դա ինչ-որ տեղ բնական էր. ամեն մեկն ավելի շատ տեղ էր տվել իր բնագավառի պատմական դեմքերին։ Բոլոր ցուցակները, սակայն, համընկել են մի կետում. բոլորը, միմյանցից անկախ, իրենց ցուցակի առաջին տեղում նշել էին նույն անունը՝ Մեսրոպ Մաշտոց։ Ոչ թե հայկական պետականության հիմնադիր Արտաշես Առաջին, ոչ թե աշխարհակալ Տիգրան Մեծ, ոչ թե Գրիգոր Լուսավորիչ եւ այլն, այլ՝ Մեսրոպ Մաշտոց։
Կարելի է չկասկածել, որ նման մի թեստ նույն արդյունքը կտար դրանից 100 տարի առաջ, 500 տարի առաջ, 1000 տարի առաջ։ Ո՞րն է այն ելակետը, չափորոշիչը, որ Մաշտոցին անսակարկելիորեն դնում է առաջին տեղում արվեստից սկսած մինչեւ պետական գործիչների շարքում։ Երբ ասում ենք, թե նա ստեղծեց հայկական այբունենը, դա նրա մեծագործության, այսպես ասենք, համառոտ անվանումն է։ Այբուբենն ստեղծելուց անմիջապես հետո նա ձեռնամուխ եղավ հայկական դպրոցներ հիմնելուն, այսօրվա բառերով ասած՝ հայերենով հանրակրթության ստեղծմանն ու տարածմանը, ինչը եւ դարձավ նրա կյանքի գործը։ Սա էր իրական մեծագործությունը, սա է, որ աներկբա գերազանցում է ամեն ինչին մեր պատմության մեջ, եւ, որպես այդպիսին, երբեւէ «ռեւիզիայի» չի ենթարկվել հայ իրականության մեջ։ Անգամ Հայաստանից դուրս, դարեր շարունակ, երբ աշխարհի որեւէ ծայրում ի մի են եկել, մեկտեղվել մի քանի հայ գաղթական ընտանիք, նրանց առաջին ընդհանուր ծախսը, երեխաների «բերանից կտրելով»՝ եղել է հայկական դպրոց հիմնելը։ Դարեր շարունակ անգամ օտար նվաճողներն իրենց հարյուրամյա տիրապետության ընթացքում չեն համարձակվել ձեռք տալ այս բնագավառին։ Միակ հայտնի փաստը, կարծես թե, 20-րդ դարասկզբին ցարական իշխանության կողմից Արեւելյան Հայաստանում հայկական դպրոցները փակելու փորձն էր։ Ու, չնայած իր խեղճուկրակ վիճակին, դրա դեմ այնպես ընդդիմացավ հայ հանրությունը, որ ցարն ստիպված էր տեղի տալ։ Խորհրդային տարիներին էլ օտարալազու դպրոցները հիմնվել էին ազգային փոքրամասնությունների գոյությունը նկատի ունենալով։ Այլ հարց է, որ դրանցից ռուսականները, հասկանալի պատճառով, աստիճանաբար համարվեցին ու  դարձան «էլիտար» ու սողացող մի ընթացքով տարածվեցին։ Ոչ թե կրթության որակով, այլ, որովհետեւ որպես կարիերայի հիմք դրան գերապատվություն էր տրվում։ Երբ մարդուն դնում ես մի կողմից ազգային ինքնության զգացողության, մյուս կողմից՝ երեխայի կրթության տեսակի ու դրանով իսկ՝ նրա ապագայի խնդիրների անմարդկային երկընտրանքի առջեւ, բոլորը չէ, որ նախընտրում են առաջինը։ Նման երկընտրա՛նք չպիտի լինի, մայրենի լեզվով դպրոցը պետք է տա առավելագույնը, եւ դա հնարավոր է։
1988 թ. Հայկական ժողովրդավարական շարժումը, դեռ անգամ չհասած իշխանության, արդեն մեկ-երկու օրենքի նախագիծ էր սկսել մշակել՝ ամենակարեւորները։ Եւ առաջիններից մեկը Լեզվի մասին օրենքն էր, որը պետք է ողջ հանրակրթությունը ծագումով հայ քաղաքացիների համար ապահովեր պետական՝ մայրենի լեզվով։ Այն, ինչը հասկացվել ու գործադրվել էր դեռ 1500 տարի առաջ ու 1500 տարի շարունակ, չէր կարող չլինել անկախացած Հայաստանի ժողովրդավար իշխանության առաջին խնդիրը։ Ընդ որում, ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա, ոչ մեկը չի վիճարկել հայկական հանրակրթական դպրոցներում ցակացած օտար լեզվի ուսուցման, գերազանց ուսուցման, մայրենիին հավասար իմացություններ տալու խնդիրը։
Այս ֆոնին սահմռկեցուցիչ է «էլիտար» օտարալեզու հանրակրթական դպրոցներ բացելու մասին բարբաջանքը, որ արդեն օրինագիծի է վերածվել ու քննարկվում է խորհրդարանում։ Դրա դեմ նաեւ խոսում են, քննարկում, դժգոհում, քննադատում, հիմնավորում մայրենի լեզվով կրթության կարեւորությունը, խոսում այդ նախաձեռնության վնասների մասին՝ հաճախ թեկուզ ամենախիստ բառերով ու որակումներով։ Ընդ որում՝ այդ բանն անում են նաեւ մարդիկ՝ ովքեր առանց իշխանական սանկցիայի սովորաբար ոչ մի դեպքում նման բան չէին անի։ Եւ այդ ամենը, եթե անգամ անկեղծ, եթե անգամ սրտացավ, մի տեսակ լեգիտիմացնում են խնդիրը։ Ես վիրավորական եմ համարում այսօրվա իմ հայրենակիցներին բացատրել այն, ինչը հասկացվել է դեռ 1500 տարի առաջ ու 1500 տարի շարունակ։ Ուստիեւ՝ դա ինքնին չի կարող քննարկման խնդիր լինել։ Ինչպես որ չի կարող խնդիր, քննարկման, թեկուզ ամենասուր քննադատության առարկա լինել քեզ տրված հայհոյանքը։
 Պետք չէ նաեւ զարմանալ։ Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի միջազգայնորեն ճանաչված մանդատը ոչնչացնելն այս վարչախմբի առաջին պարագլուխ Ռ. Քոչարյանի կողմից, դավաճանություն էր, ու այդպես էլ գնահատվեց։ «Պատմաբանների հանձնաժողովի» ստեղծմանը համաձայնություն տալը նրա իրավահաջորդ Ս. Սարգսյանի կողմից՝ Հայոց ցեղասպանության ուրացում էր, ու այդպես էլ գնահատվեց։ Երկու դեպքում էլ գնահատականները հիմնականում համարժեք են կատարածին, մնում է միայն հասնել դրանց բարոյական, քաղաքական թե իրավական պատասխանատվությանը։ Այլ է այս դեպքում։ Այս դեպքում թե՛ դավաճանություն, թե՛ ուրացում որակումները հեռու են օտարարալեզու «էլիտար» հանրակրթական դպրոցներ հիմնելու նախաձեռնության համար, եւ այն էլ՝ «հայերենը չի ապահովում ժամանակի պահանջները բավարարող կրթություն» պատճառաբանության հիմքի վրա։ Բայց, մյուս կողմից, դրանից այն կողմ էլ տեղ չկա, էլ բառ, դրան արժանի որակում չկա, որ վերաբերմունք արտահայտես։ Եւ մեղավորը հայերենի աղքատությունը չէ այլ լեզուների համեմատ։ Պարզապես հայերենի (եւ ցանկացած լեզվի)՝ նման դեպքերի համար օգտագործելի բառերի ու դարձվածների հարուստ մի զինանոց պատկանում է ժողովրդական բանահյուսության ժանրերից մեկին՝ բազմահարկ հայհոյանքի ժանրին, որ ընդունված չէ օգտագործել գրավոր խոսքում, այլ փողոցում՝ այս տիպի արարքի հեղինակներին հանդիպելիս։ Կան նաեւ համարժեք գործողություններ, դրանցից ամենամեղմը՝ երեսին թքելը։ Բայց միայն վերաբերմունք արտահայտելը քիչ է։ Այն, ինչ այսօր փորձում է անել վարչախումբը, դուրս է անգամ ամենածանր հանցագործության սահմաններից։ Ուստիեւ դրա համար ոչ մի օրենսգիրք չունի նախատեսված պատիժ, եւ ոչ մի դատարան ի զորու չէ համարժեք վճիռ կայացնել։ Նման արարքներն այլ կերպ են պատժվում, եւ պատժվում են անխուսափելի։
Ուրիշ էլ ի՞նչ կարելի էր սպասել մի վարչախմբից, որի առաջին պարագլուխը տվեց դավաճանություն, երկրորդը՝ ուրացման դասական ու առարկայական օրինակ։ Ավազակապետական մի վարչախմբից, որի երկորյակ պարագլուխները պատասխանատու են Հոկտեմբերի 27-ի ոճրի, Ապրիլի 12-ի ջարդի, Մարտի 1-ի սպանդի, տասնյակ սպանությունների, երկրի ավազակային թալանի, հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրի խեղման համար։ Եւ ովքե՞ր են քննարկելու հայոց լեզվի ու դպրոցի ճակատագրին վերեբերող օրինագիծը խորհրդարանում։ Մարդիկ՝ որոնց մի մասը այբուբենի տառերը լրիվ չի ճանաչում։ Մարդիկ՝ ովքեր երկու էշի գարի բաժանել չեն կարող, բայց հայտնվել են պետական մեքենայի ղեկին։ Եւ եթե ինչ-որ բան հասկանում են այդ մեքենայից, ապա միայն այն, թե դրանից ինչը կարելի է քանդել, մասնատել, փախցնել, ծախծխել, տուն տենել։ Ու մեկ էլ՝ եթերից օրնիբուն բարբաջել իրենցից շա՜տ հեռու թեմաներից, ժամանակ առ ժամանակ էլ ցուցադրելով քաղաքական մտքի իրենց «հայրենասիրական» մարգարիտները, օրինակ՝ «թուրքը մնում է թուրք» տափակ աֆորիզմի տեսքով։ Ոչինչ, ու բնական է, որ թուրքը մնում է թուրք։ Վատ է, որ հայը չի մնում հայ։ Վատ է, երբ հայն է դառնում թուրք։ Եւ ա՛յդ դեպքում է, որ անկախ երկրի խորհրդարանում կարող է նման հարց քննարկվել։ Ուրեմն՝ զգուշանալ է պետք թուրքացած հայից, եթե այս բառն այլաբանորեն օգտագործում ես չարիքի նշանակությամբ։
Դեռ 2002-ին Վանո Սիրադեղյանի հանճարեղ գրիչը ասում էր. «Մի մտեք, կովե՛ր, հայոց լեզվի տաճարը»։ Կոչը, պահանջը, բնականաբար, կովերին չէր վերաբերում։ Կովը չի հասկանում, չի ջոկում մսուրը, փարախը տաճարից։ Կմտնի, կաղտոտի։ Կոչը հասարակությանն էր ուղղված, ժողովրդին, նախրապանին՝ որ թույլ չտան։ Թույլ տվեցինք՝ մտան։ Բայց կովերն ավելին անել չեն կարող աղտոտելուց բացի։ Նրանք իրենց այդ գործն արդե՛ն արել են։ Իսկ մեր պարտքն է նրանց քշել արոտավայր, մսուր կամ փարախ ու մաքրել Հայաստանն ու Հայոց լեզու կոչվող տաճարը։
Հայաստանում չե՛ն բացվելու օտարալեզու հանրակրթական դպրոցներ. օտար լեզուներն ամենաբարձր մակարդակով ու հիմնովին ուսուցանվելու են հայկական դպրոցներում։
Հայաստանն ազատվելո՛ւ է անբարո ու բարոյազուրկ ավազակապետությունից. ավելի քան տասնամյա այս չարիքը արմատախիլ է արվելու ու դառնալու է դաս, դրա կրկնությունը առնվազն առաջիկա հազար տարում թույլ չտալու գրավական։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«Ժամանակ» Երեւան 08.06.2010