Հոբելյանական տարեթվերը լավագույն առիթն են տվյալ իրադարձություններին կրկին անդրադառնալու, գնահատելու համար։ Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի առիթով առանձնացվում ու շատ է հոլովվում այդ շրջանի դերակատարներից մեկի՝ Արամ Մանուկյանի անունը։ Նրան է շնորհվում Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակի «կազմակերպչի», «Առաջին հանրապետության հիմնադրի», ընդհուպ՝ «Հայաստանի հիմնադրի» պատիվը։ Որպես այդպիսին՝ նրա արձանն են պատրաստվում տեղադրել Երեւանում։
Պատմական իրադարձություններում անհատների դերը խիստ կարեւոր է։ Սակայն ինչպես այդ դերի, ցանկացած նկատառումով, չափազանցումը, այնպես էլ հանիրավի նսեմացումը նշանակում է իրական պատմության կեղծում՝ հավասարապես վտանգավոր տվյալ ժողովրդի, նրա ներկայի ու ապագայի համար։
1918-1920 թթ. իրադարձությունները խորհրդահայ պատմագրությունը շարադրել է վերեւից իջեցված կոմունիստական գաղափարախոսական կաղապարների շրջանակներում։ Այսինքն՝ այն հնարավորինս հեռու է իրականությունից՝ մասնավորապես հենց անհատների դերի նսեմացման առումով։ Հայ պատմագրության մյուս՝ «սփյուռքյան» ճյուղն առաջնորդվել է մեկ այլ՝ «հայդատական» գաղափարախոսության սահմանած կաղապարներով եւ նույն կերպ՝ այս անգամ հակառակ ուղղությամբ է հեռացել իրականությունից։ Երկու դեպքում էլ եղել են, սակայն, պատմաբաններ, որոնք չեն տրվել կամ հնարավորինս չեն տրվել քաղաքական, գաղափարախոսական նկատառումների եւ առավել օբյեկտիվ են ներկայացրել ժամանակաշրջանը։ Եւ հատկապես այն դեպքերում, երբ ուսումնասիրման թեման եղել է նեղ բնագավառային։
Ժամանակին այդպիսի բարձրարժեք մի գործ է ստեղծել պատմաբան եւ զինվորական գործիչ Աշոտ Հարությունյանը (Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918թ. եւ ինքնապաշտպանական կռիվները, Երեւան, 1984, 355 էջ)։
Վերնագիրն արդեն հուշում է, որ այն վերաբերում է ռազմական գործողությունների պատմությանը։ Նման մի գործ կարող էր գրել «մաքուր» պատմաբանը։ Այն անպայման թերի կլիներ հեղինակի՝ ռազմական գործից հեռու լինելու հանգամանքով։ Նման մի գործ կարող էր նախաձեռնել նաեւ «մաքուր» զինվորականը։ Այն անպայման թերի կլիներ հեղինակի՝ պատմաբան գիտնական չլինելու հանգամանքով։ Լավագույնը կլիներ, եթե նույն անձի մեջ մեկտեղվեին գիտնական պատմաբանն ու զինվորական գործի մասնագետը։ Աշոտ Հարությունյանն այս երկուսի մեկտեղումն է՝ մասնագետ պատմաբան (պատմական գիտությունների դոկտոր) եւ բարձրաստիճան կադրային զինվորական (գնդապետ, 1941 թվականից պատերազմի մասնակից, մինչեւ 1963 թվականը գործող զինվորական, գնդի կոմիսար, դիվիզիայի քաղբաժնի պետ)։ Սրան գումարվում է եւս մի բարենպաստ հանգամանք. ավելի քան երեք տասնամյակ նա վարել է Հայաստանի ազգային արխիվի տնօրենի պաշտոնը։
Բնականաբար, նրա վերոհիշյալ ուսումնասիրության կենտրոնական իրադարձություններից մեկը Սարդարապատի (նաեւ Ապարանի եւ Ղարաքիլիսայի) ճակատամարտերն են՝ նախորդ ամիսների ռազմական իրադարձությունների, նախապատրաստությունների ամենաբծախնդիր եւ մանրամասն նկարագրությամբ։
Աղբյուրների ամենաբծախնդիր ուսումնասիրությամբ նա ամենայն մանրամասնությամբ պարզել ու վերականգնել է թուրքական ինտերվենցիայի շրջանի կազմակերպական աշխատանքների բոլոր մանրամասներն ու դետալները. տեղակայումների ու տեղաշարժերի, ամենափոքր ջոկատից սկսած՝ զորամիավորումների, նրանց սպառազինության, հրամանատարների, ռազմական գործողությունների նախապատրաստությունների, դրանց ընթացքի ողջ պատկերը։ Եւ ոչ միայն հայկական, այլ նաեւ հակառակորդի։ Եւ այս ամենն այդ շրջանի քաղաքական իրադարձությունների միջազգային եւ տարածաշրջանային անցուդարձի իմացությամբ ու դրանց հետ կապակցված։
Պատմաբան-ռազմագետը, արխիվային գործի մասնագետը ամենահավաստի փաստաթղթերի հիման վրա մանրակրկիտ ներկայացրել է Սարդարապատի ճակատամարտն՝ իր նախապատմությամբ։ Ընդ որում, դա արել է էականորեն դուրս գալով խորհրդային պատմագրությանը թելադրված շրջանակներից։
Հետազոտության արդյունքն այսպիսին է։ Թուրքական ինտերվենցիային դիմակայել է հայկական կանոնավոր բանակը «Հայկական կորպուս» անունով, որը կազմավորվել էր հայկական կամավորական զորամասերի, ռուսական այլ զորամասերից բերված հայ զինվորների եւ սպաների բազայի վրա դեռ 1917 թ. վերջին՝ գեներալ Նազարբեկովի ընդհանուր հրամանատարությամբ։ Բոլոր զորաշարժերը, ճակատամարտերը նախապես ծրագրված են եղել Կորպուսի հրամանատարության կողմից։ Դեպի Երեւան շարժվող թուրքական զորքերի ընթացքը կասեցնելու գործը Նազարբեկովը հանձնարարել է գեներալ Սիլիկովին։ Գեներալ Սիլիկովն է՝ որպես ռազմական օպերացիա մշակել եւ իրականացրել թուրքական զորքերի ջախջախումը Սարդարապատի տակ։ Նրա հրամանատարությամբ նախապատրաստական եւ ճակատամարտի ընթացքում հիշատակված են տարբեր զինվորական կոչումներ ունեցող շուրջ երկու տասնյակ հրամանատարներ։ Ճակատամարտին նույն սպաների հրամանատարության տակ կռել են նաեւ աշխարհազորային խմբեր, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի փոխել ճակատամարտի՝ որպես ռազմական գործողություն լինելու բնույթը։
Սարդարապատի ճակատամարտի, որպես ռազմական իրադարձության դերակատարներ հիշատակվող ավելի քան երկու տասնյակ անունների շարքում չկա Արամ Մանուկյանի անունը։
Հայտնի է, որ Արամ Մանուկյանը Թիֆլիսի Հայ ազգային խորհրդի կողմից մի քանի ամիս առաջ գործուղվել էր Երեւան՝ որպես լիազոր ներկայացուցիչ։ 1918 թ. մարտին «Երեւանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել էր դիկտատոր»։ Գուցե նա շատ կարեւոր գործ է արել թիկունքային, մատակարարման, այլ ասպարեզում։ Սակայն որքան էլ մեծ լիներ այլ բնագավառում նրա կատարած աշխատանքը, ոչ մի կերպ չի կարող Սարդարապատի նախապատրաստումը եւ հաղթանակը նրան վերագրվել, ինչպես փորձ է արվում անել այս օրերին։ Եթե այդ հաղթանակը պետք է անձնավորել, ապա այստեղ Աշոտ Հարությունյանի գնահատականը որպես հիմք անշրջանցելի է. «Սարդարապատի ճակատամարտի կազմակերպիչը եղել է Հայկական 2-րդ դիվիզիայի հրամանատար գեներալ Սիլիկովը, գրեթե ամեն ինչ կատարվել է նրա հրամանով» (էջ 182)։
Հիմա գանք Առաջին հանրապետության «հիմնադիր» լինելու հարցին։ Այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է։
Իրողությունները հետեւյալն են.
1918 թ. մայիսի 28-ին (իրականում՝ 30-ին) Թիֆլիսում գործող Հայ ազգային խորհուրդը, Վրաստանի եւ Ադրբեջանի անկախությունների հռչակումից հետո, հայտարարում է «իր իշխանությունը հայկական գավառների» վրա։
1918 թ. հուլիսի 24-ին կազմվել է Հայաստանի հանրապետության առաջին կառավարությունը՝ Հովհաննես Քաջազնունու վարչապետությամբ եւ հինգ նախարարներով։ Արամ Մանուկյանն այդ հինգ նախարարներից մեկն էր՝ ղեկավարում էր ներքին գործերը։ Պաշտոնավարել է 6 ամիս եւ մահացել 1919 թ. հունվարին։
Այսինքն, եթե անձնավորելու լինենք Առաջին հանրապետության հիմնադրումը, ապա այդ պատիվն արժանիորեն պետք է վերագրվի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունուն, բայց ոչ նրան ենթակա հինգ նախարարներից որեւէ մեկին։ Ուստիեւ՝ օբյեկտիվ լինելու դեպքում, Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ ավելի ճիշտ կլիներ տեղադրել Հովհաննես Քաջազնունու արձանը։
Մեր նպատակը չէր որեւէ կերպ նսեմացնել Արամ Մանուկյանի պատմական դերակատարությունը, այլ կանխել նրա դերի անհարկի չափազանցումը, ինչը պատմական կեղծիք լինելով, շատ ավելի մեծ վնաս կարող է բերել հենց նույն Արամ Մանուկյանին։
No comments:
Post a Comment