Հարցազրույց «Ժամանակ Երեւան» թերթին
Պարոն Սարգսյան, հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվեցին դիվանագիտական
հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արաձանագրությունները:
Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ըստ էության հարաբերությունների կարգավորման ֆունդամենտը
դրված է. 2, 5, 10 տարի հետո կհաստատվե՞ն լիակատար հարաբերություններ, կամ՝ ե՞րբ կբացվի
հայ-թուրքական սահմանը՝ էական չէ: Հայաստանը կարո՞ղ է հաշտվել այս իրականության հետ,
հնարավո՞ր եք համարում ֆորսմաժորային իրավիճակների ստեղծում, երբ հասարակությունը պահանջի
փոխել արձանագրությունների ինչ-ինչ դրույթներ, կամ առհասարակ՝ համարվի, որ այդ արձանագրությունները
չեն արտացոլում ՀՀ-ի շահերը: Այս տեսանկյունից՝ Կոնգրեսըը այս արձանագրությունները
դիտարկու՞մ է որպես երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման հիմք,
թե՞ հայտնի դրույթները անընդունելի համարելով՝ Կոնգրեսը-ը չի դիտարկում ստորագրված
արձանագրությունները որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմք:
Համաձայն չեմ, թե
սահմանի երբ բացվելը էական չէ, ցավոք սրտի՝ դա չափազանց էական է։ Օր առաջ սահմանի բացումը
կարեւոր է եղել եւ կարեւոր է մնում Հայաստանի համար։ Ի սկզբանե դա Հայաստանի համար
կենսական խնդիր է։ Այլ հարց է, թե դրա համար ինչ գին ես վճարում։ Այդ գինը կարող է
պայմանավորված լինել նաեւ այն հանգամանքով, թե կողմերից յուրաքանչյուրին դա ինչ է տալիս։
Ի սկզբանե գտնված է եղել նաեւ այն, ինչպես ասում են, “ռեալ” գինը, որ կարելի էր դրա
համար վճարել, ընդ որում երկու կողմն էլ վճարում էր հավասարապես՝ ելնելով իր երկրում
առկա իրողություննից։ Նկատի ունեմ Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի
այն բանաձեւը, որով կարելի էր հասնել հարեւան այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Դա հետեւյալն էր. Հայաստանի հասարակությունը համոզված է, որ 1915-ին Թուրքիայում հայերի
ցեղասպանություն է իրականացվել, Թուրքիայի հասարակությունը համոզված է, որ նման բան
տեղի չի ունեցել։ Ելնելով այդ հարցում ընդհանուր հայտարարի գալու օբյեկտիվ անհնարինությունից,
երկուստեք մի կողմ են դնում այդ ու դրանից ածանցվող մյուս խնդիրները։ Այսինքն՝ Հայաստանն
իր արտաքին քաղաքականության օրակարգում պաշտոնապես չի ներառում Ցեղասպանության միջազգային
ճանաչման խնդիրը, Թուրքիան, այդ հարցում իր հակառակ համոզմունքներից ելնելով, այդ խնդրից
արտածվող լրացուցիչ պահանջներ չի դնում ու լրացուցիչ հավաստիացումներ չի պահանջում
Հայաստանից, մասնավորապես փաստացի գոյություն ունեցող սահմանների հետ կապված։ Այսպես
շրջանցվում էր երկու երկրների հարաբերությունների կարգավորման ճանապարհի օբյեկտիվորեն
գոյություն ունեցող խոչընդոտը։ Այս մոտեցումը գուցե փոքր ինչ սրտնեղություն էր առաջացնում
մասնավորապես ազգայնական շրջանակներում, սակայն փաստ է, որ այն գործնականում ամենեւին
չպիտի խոչընդոտեր եւ չխոչընդոտեց տարբեր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Եւ այդ բանաձեւի դեմ Թուրքիան որեւէ բանական առարկություն չէր կարող ներկայացնել։ Սա
էր, որ կոչվում էր հարաբերությունների հաստատում առանց նախապայմաների։ Այն ժամանակ
շատերը, եւ մասնավորապես Դաշնակցությունը, կոկորդ էին պատռում, թե չի կարելի Թուրքիայի
հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, Հայաստանը պետք է Ցեղասպանության
ճանաչման նախապայման դնի, անվավեր ճանաչի Կարսի պայմանագիրը եւ այլն։ Վերջին 10 տարում
վարվեց հենց դաշնակների երազած քաղաքականությունը։ եւ ահա դրա հետեւանքով, ինչպես նաեւ
իր ոչ լեգիտիմ իշխանությունը պահելու համար որպես վճար, երբ Սերժ Սարգսյանը ուրանում
է Ցեղասպանությունը, նույն դաշնակներն են արդեն դարձել “առանց նախապայմանների” հարաբերություններ
հաստատելու ջատագով։
Իսկ առկա իրականության հետ հաշտվելու կամ չհաշտվելու,
այդ արձանագրությունները կարգավորման հիմք համարել-չհամարելու հարցի հետ կապված, կարող
եմ ասել հետեւյալը։ Այս ամենին պետք է նայել ոչ թե որպես անարդար վճռի, ոչ թե Հայաստանի
նկատմամբ խտրականության, միջազգային դավադրության այլ՝ որ երկրի առաջին դեմքը վճարում
է սեփական ոչ լեգիտիմության եւ բազմակողմ խոցելիության գինը՝ պահպանելու համար բռնազավթած
իշխանությունը։ Ստիպված է տալ՝ տալիս է։ Տալիս է՝ վերցնում են։ Քանի դեռ առկա է այս
հանգամանքը, այլ բնույթի կարգավորում մենք չենք ստանալու։ Քաղաքականությունը արդարադատություն
չէ, որի անարդար վճռի դեմ պետք է ծառանալ։ Ուստիեւ՝ ընթացող գործընթացը կանխելու խնդիր
չէ, որ պետք է դրվի, ոչ էլ դրա հետ հաշտվել չհաշտվելու հարց։ Դրանում ներգրավված միջազգային
ուժերը, նրանց շահագրգռություններն ու վճռականությունը հաշվի առնելով, ինչպես հայ-թուրքական
հարաբերությունների, այնպես էլ դրա հետ այլեւս կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման
խնդրում իրավիճակի շտկման միակ հնարավոր ելքը համաժողովրդական ընդվզմամբ Սերժ Սարգսյանի
հրաժարականն է։ Ինչքան շուտ՝ այնքան լավ, ինչքան շուտ՝ այնքան ավելի շատ բան կկարողանա
շտկել կամ փրկել հաջորդ օրինական, ոչ խոցելի եւ արժանապատիվ իշխանությունը։ Թե չէ՝
պայքարել այս գործընթացների կոնկրետ հետեւանքների դեմ՝ մոռանալով դրանք ծնող պատճառը,
կնշանակի նպաստել հերթական աննպաստ արդյունքների գոյացմանը։
Վերջին շաբաթներին հասարակությանը հատկապես հետաքրքում է Հայ Ազգային Կոնգրեսի
առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը, ավելին՝ շատերը նույնիսկ հանրահավաքների անցկացման
անհրաժեշտություն են տեսնում: Ինչո՞վ է պայմանավորված Կոնգրեսի պասիվությունը պետության
համար այս բախտորոշ օրերին՝ որ արտաքին աշխարհի առջեւ Կոնգրեսը չընկալվի՞ որպես հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորման ընդդիմախոս, թե՞ պարզապես Կոնգրեսը սպասելու է ավելի
հարմար պահի ավելի ակտիվ գործողությունների անցնելու համար:
Ես կասեի հակառակը. Լեւոն Տեր-Պետրոսյանի շատ
հանգամնալից ու ընդարձակ խոսքը, որ հնչել է ընդամենը սեպտեմբերի 18-ի հանրահավաքում,
դեռ մարսվում եւ աշխատում է։ Եւ որքան լավ մարսվի, այնքան ավելի շուտ բարենպաստ հուն
կտեղափոխվեն քաղաքական գործընթացները։ Որակական որեւէ նոր բան, անակնկալ, ըստ էության,
չի եղել։ Այն ինչ եղել է, դրա մասին մանրամասն խոսվել ու գնահատվել է հիշածս ելույթում,
էլ չասեմ, որ կանխատեսվել ու զգուշացվել է մի ամբողջ տարի շարունակ։ Պարզապես շատերը
դրան չէին հավատում, այսօր, փաստի առաջ, ստիպված են հավատալ, մտածել, զգաստանալ, վերակողմնորոշվել։
Ես սա կհամարեի նոր իրավիճակ, որ հաջողությամբ զարգանում է։
Ինչ վերաբերում է “բախտորոշ այս օրերին Կոնգրեսի
պասիվությանը”. ոմանք, իրոք, օրը գալուց հետո են զգում դրա բախտորոշութունը։ Համաժողովրդական
շարժում -Հայ Ազգային Կոնգրեսը Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի
գլխավորությամբ դա կանխատեսել ու ամենաանզիջում ու անձնուրաց պայքար է մղում շուրջ
երկու տարի՝ այդ թվում նաեւ տասնյակ հանրահավաքներով։ Հանրահավաքները Կոնգրեսի համար
երբեք ինքնանպատակ չեն եղել։ Պասիվ չլինել՝ չի նշանակում հանրահավաքներ անել՝ կանխելու
համար արձանագրությունների ստորագրումը, ստորագրումից հետո հանրահավաքներ անել՝ կանխելու
համար դրանց վավերացումը, վավերացումից հետո հանրահավաքներ անել՝ կանխելու համար դրանց
գործադրումը, գործադրումից հետո հանրահավաքներ անել՝ վերացնելու կամ ողբալու համար
գործադրման հետեւանքները։ Այդ գործը միշտ արել եւ հիմա էլ հաջողությմբ անում է “հարատեւ
կռվի” մասնագետ Դաշնակցությունը։ Իսկ դա այսօր ընդամենը նշանակում է մի բան. ազգայնական
հիսթերիայի ֆոն ստեղծելով՝ ապակողմնորոշել հասարակությանը, պայքարի ուղղություն շեղել
կեղծ թիրախների վրա, միջազգային հանրության աչքում հերոսացնել Սերժ Սարգսյանին, փրկել
սեփական դեմքը, լցնել սեփական քաղաքական պարապությունը։ Հայ ազգային Կոնգրեսը նման
խնդիրներ երբեւէ չի ունեցել եւ հիմա էլ չունի։ Մենք միայն չենք հետեւում գործընթացներին,
մենք նաեւ ձեւավորում են գործընթացները, որոնցից գլխավորը Ս. Սարգսյանի հրաժարականի
համատարած հասարակական մթնոլորտի ստեղծումն է՝ չունենալու համար նոր “ճակատագրական
օրեր”։
Կոնգրեսը նաեւ “արտաքին աշխարհի առջեւ” սեթեւեթելու
խնդիր չունի. Արեւմուտքի հասցեին ամենակոշտ քննադատությունները հնչել են հենց Լեւոն
Տեր-Պետրոսյանի ելույթներում։ Կոնգրեսի որեւէ գործողություն ու դիրքորոշում պայմանավորված
է մեկ հանգամանքով. որքանով է դա անմիջապես կամ միջնորդավորված առարկայորեն նպաստելու
Հայաստանի ու նրա քաղաքացիների իրական շահերին, եթե նույնիսկ այդ քայլը կամ դիրքորոշումը
ինչ-որ չափով հակադրվում է հասարակական պատկերացումներին եւ շատերի կողմից տվյալ պահին
կարող է նաեւ ճիշտ չհասկացվել։ Ո՛չ պոպուլիզմը, ո՛չ երեւութական հերոսացումը, առավել
եւս ո՛չ որեւէ մեկին դուր գալ-չգալու խնդիրը երբեք մեր քաղաքական զինանոցում չեն եղել։
Պարոն Սարգսյան, միջազգային հանրությունը կարողացավ հայ-թուրքական հարաբերությունների
կարգավորման գործընթացում արդյունքներ ստանալ: Հնարավո՞ր եք համարում, որ մոտ ապագայում՝
Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին հաջողվի արդյունքներ արձանագրել նաեւ Ղարաբաղյան
կարգավորման գործընթացում եւ ասենք՝ նախաստորագրված մի հայտարություն էլ ԼՂ-ի խնդրի
շուրջ հրապարակվի:
Այդ հնարավորության մասին մեկ անգամ չէ, որ
ահազանգվել է, եւ խոսվում է արդեն ավելի քան մեկ տարի։ Եւ դա այն պահից, երբ Ս. Սարգսյանը
հայտարարեց, որ ինքը պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ՝
ինքը պատրաստ է ընդունել Ցեղասպանության հարցը ուսումնասիրելու համար հայ եւ թուրք
պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մոռացված առաջարկը։ Դրանից անմիջապես հետո Լեւոն
Տեր-Պետրոսյանը 2008թ. իր ելույթում եւ Հայ Ազգային Կոնգրեսն իր հայտարարություններում
զգուշացրել է, որ դա նշանակում է, թե այդ երկու հարցերը լուծվելու են փաթեթով։
Այս շաբաթ Կոնգրեսը քաղխորհրդի նիստ է անցկացրել, ի՞նչ որոշում է կայացվել, երկիրի
ներսում քաղաքական նոր իրավիճակ է կարծես ձեւավորվել, ո՞րն է Կոնգրեսի դիրքորոշումը,
Կոնգրեսի առաջիկա անելիքները հայտնի՞ են:
Կոնգրեսի քաղաքական խորհուրդը որոշումներ չի
կայացնում։ Այն խորհրդակցական մարմին է, որտեղ կայացած քննարկումների արդյունքները
հաշվի են առնվում եւ մեծապես օգնում են Կոնգրեսի կենտրոնական գրասենյակին որոշումներ
կայացնելու համար։
Երկրի ներսում քաղաքական նոր իրավիճակ, փոքր
ինչ դանդաղ, բայց հետեւողականորեն շարունակում է ձեւավորվել. նկատի ունեմ, որ ինչպես
հասարակության մեջ նորանոր մարդիկ անհատապես, այնպես էլ Կոնգրեսից դուրս մի քանի քաղաքական
ուժեր, հանգում են Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջին։ Առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում
հետաքրքրվում են մեր քարոզչանյութերով, մասնավորապես մեծ հետաքրքրություն է առաջացել
Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի նկատմամբ։ Իսկ Կոնգրեսի առաջիկա անելիքները պայմանավորված
են այդ գործընթացներն արագացնելով ու դրանց արդյունավետությունը բարձրացնելով։ Այդ
ուղղությամբ մեր աշխատանքն ամենօրյա է։ Բանական բոլոր ճանապարհները տանում են դեպի
Ս. Սարգսյանի հրաժարականը։
(Հարցազրույցը՝ Է. Գաբրիելյանին)
“Ժամանակ Երեւան” 20.10.2009