Tuesday, January 27, 2009

ԵՒՐՈՊԱՆ ՀԱՐՎԱԾ Է ՀԱՍՑՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ՎԱՐԿԻՆ

  

ԵԽԽՎ-ի 2009թ. ձմեռային նստաշրջանը ընդունեց իր հերթական՝ 1643 բանաձեւը Հայաստանի մասին։ Այն ճիշտ գնահատելու համար պետք է համեմատել
ա) նախորդ 1609 եւ 1620 բանաձեւերի,
բ) 2008թ. դեկտեմբերի 17-ի Մոնիտորինգի կոմիտեի որոշման հետ
եւ նկատի ունենալ որ՝
ա) առաջնային խնդիրը քաղբանտարկյալների ազատման հարցն է,
բ) 1643-ի նախագծում Հայաստանին “ձայնի իրավունքից զրկելը” առաջնային այդ հարցի անխուսափելի ածանցյալն էր, ոչ թե Շարժման կողմից ինքնուրույն հետապնդվող խնդիր։

1643-ը առաջընթաց է 1609-ի եւ 1620-ի համեմատությամբ

Արդ, 1649 բանաձեւը առաջնային՝ քաղբանտարկյալների հարցում ակնհայտ առաջընթաց է նախորդ երկու՝ 1609 եւ 1620 բանաձեւերի համեմատությամբ։
Մարտի 1-ի ջարդի ու սպանդի, դրան հետեւած աննախադեպ հետապնդումների ու ձերբակալությունների նկատմամբ միջազգային հանրության ռեակցիան սկզբից եւեթ մոտ էր կատարվածին համարժեք լինելուն։ Նկատի ունենք մասնավորապես Եւրամիության նախագահության մարտի 5-ի եւ 12-ի հայտարարությունները, ապա նաեւ եւրոպական այլ կառույցների, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների տեսակետն արտահայտող բարձրաստիճան պաշտոնյաների խիստ գնահատականները։ Դրանցում, որպես կանոն, կենտրոնական խնդիրը “իրենց քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին” ազատ արձակելու պահանջն էր։ Ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջը կենտրոնական տեղ էր զբաղեցնում ԵԽԽՎ 1609 ու դրա կատարման ընթացքին վերաբերող հաջորդ՝ 1620 բանաձեւերում։ Այս երկու բանաձեւերում, այլ փաստաթղթերում, հայտարարություններում եւ այլն, ազատազրկվածների մասին թեեւ օգտագործվում է ոչ թե “քաղբանտարկյալ” իրավական տերմինը, այլ “քաղաքական հայացքների համար ձերբակալվածներ” կամ նման այլ նկարագրական ձեւակերպումներ, սակայն ըստ էության նրանք դիտվում են որպես քաղբանտարկյալներ։ Ըստ այդմ էլ՝ եւրոպաշտոնյաները նաեւ ամիսներ շարունակ պարբերաբար սպառնացել են, թե բանաձեւերի պահանջները  չկատարելը (առաջին հերթին քաղբանտարկյալներին ազատ չարձակելը) “աղետալի կլինի Հայաստանի համար”, ընդհուպ կհանգեցնի նրա պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելուն։
ԵԽԽՎ հերթական՝ 1643 բանաձեւը իր հիմնական պահանջներում նախորդների համեմատ ոչ մի մեղմացում չի արձանագրում ո՛չ քաղբանտարկյալների, ո՛չ էլ մյուս հարցերում։ Ավելին, եթե նախապես ձեւակերպված էր միայն նրանց ազատ արձակելու պահանջը՝ ձեւի ընտրությունը թողնելով իշխանությանը, ապա այս բանաձեւում առարկայացված, արձանագրված է նաեւ ձեւը. նրանց ազատել՝ անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելով 300 եւ 225 հոդվածները, ինչպես նաեւ ազատել նրանց, ովքեր ազատազրկված են միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա։ Եւ դրա համար որոշակի ժամկետ է սահմանվել։ Ավելին՝ դրա համար վարչախմբից գրավոր պարտավորություն է վերցվել։ Այսինքն՝ 1643-ը նախորդ բանաձեւերի համեմատ ավելի կոշտ ու արդյունավետ լծակ է՝ ստիպելու համար վարչախմբին լուծել քաղբանտարկյալներին ազատելու խնդիրը։ Ավելի կոշտ ու արդյունավետ, բայց ոչ այն ամենակոշտն ու ամենաարդյունավետը, որ ամբողջությամբ համարժեք կլիներ իրավիճակին՝ արդարության, օրինականության ու մարդու իրավունքների լիակատար վերականգնման տեսակետից, ինչպիսին որ էր նախագիծը՝ Մոնիտորինգի կոմիտեի որոշումը։

1643-ը զիջում է Մոնիտորինգի կոմիտեի որոշմանը   

Շուրջ 10 ամիս ուսումնասիրելով իրողությունները եւ հետեւելով երկրում ծավալվող իրադարձություններին, մասնավորապես ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցի ճնշման տակ, ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի կոմիտեն, Հայաստանի մասին համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի առաջարկով, դեկտեմբերի 17-ի իր որոշմամբ վերջապես արձանագրեց հետեւյալը. Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ազատազրկվածները քաղաքական բանտարկյալներ են, որոնց պետք է անհապաղ ազատ արձակել, իսկ այդ պահանջի չկատարման դեպքում առաջարկելով Վեհաժողովին պատժամիջոց կիրառել՝ Հայաստանի խորհդարանական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Դրանով մարտի 1-ին ու դրանից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին առաջին անգամ տրվեց լիակատար համարժեք գնահատակն, որդեգրվեց համարժեք դիրքորոշում։ Եթե այստեղ կար զարմանալու ինչ-որ բան, դա այն էր, որ Մոնիտորինգի կոմիտեի դեկտեմբերի 17-ի որոշման դրույթները ձեւակերպվել էին հենց նույն Պրեսկոտն ու Կոլոմբիեն, որոնք մինչ այդ վատ համբավ էին ձեռք բերել՝ իրենց ակնհայտ իշխանական կողմնապահությամբ, ԵԽ-ին աղավաղ ու կեղծ տեղեկություններ հաղորդելով։
Թվում էր, թե տրամաբանության ու բանականության շրջանակներում այլեւս նահանջ, ետ քայլ հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ խաշած ձուն ինչ-որ ձեւով ետ եփել։ Որովհետեւ նույն համազեկուցողներն են, որ ամբողջ 10 ամիս իրենց դիտարկման ու ձեռք բերած հիմքերի վրա մարդկանց ճանաչել են քաղբանտարկյալներ։ Այդ ճանաչումից էլ անմիջապես ածանցվում էր Հայաստանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու առաջարկը։ Դրանց հետո մեկ ամսվա ընթացքում նոր փաստ կամ հանգամանք չէր հայտնվել, որը հետ շրջեր ձեւավորած համոզումը, եւ ոչ էլ այդ մեկ ամսում փոփոխվել են մարդուն քաղբանտարկյալ ճանաչելու չափանիշները։ Դա հնարավոր էր փոխել միայն մի դեպքում՝ եթե մինչեւ Վեհաժողովի սկսվելն այլեւս չլինեին քաղբանտարկյալներ, այսինքն՝ նրանք ազատ արձակված լինեին։ Դա էլ չկար։ Եւ այնուամենայնիվ, համազեկուցողները որոշեցին (կամ՝ նրանց հանձնարարվեց, կամ՝ նրանց համոզեցին) մասամբ “ետ եփել” իրենց իսկ խաշած ձուն։

Գործարք վարչախմբի հետ

Վեհաժողովի նախօրեին Հայաստան կատարած այցից հետո համազեկուցողները ներկայացրեցին նոր մի զեկույց, որի հիման վրա որպես Վեհաժողովի բանաձեւի նախագիծ ծառայող՝ Մոնիտորինգի կոմիտեի դեկտեմբերի 17-ի որոշման մեջ կատարվեցին փոփոխություններ։ Հանվեց Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու պահանջը, որ ինչպես ասացինք բխում, ածանցվում էր քաղբանտարկյալների իրավական ճանաչման փաստից։ Եթե հանվեց ածանցյալը, բնականաբար պետք է հանվեր դրա հիմքը՝ քաղբանտարկյալ ճանաչելու հստակ իրավական ձեւակերպումը։ Թերեւս կարելի է այսպես ասել. բանաձեւում դե-յուրե քաղբանտարկյալ արձանագրումը փոխարինվեց նույնի դե-ֆակտո արձանագրմամբ։
Կրկին շեշտենք հետեւյալ ապշեցուցիչ փաստը. նույն մարդիկ՝ Պրեսկոտը եւ Կոլոմբիեն, ձեռքի տակ ունենալով նույն հիմքերը, դեկտեմբերի 17-ի նախագծում ընդունում են Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության փաստը եւ պահանջում նրանց անհապաղ ազատ արձակել՝ հակառակ դեպքում ԵԽԽՎ նստաշրջանին առաջարկելով Հայաստանին զրկել ձայնի իրավունքից։ Ահա այդ նույն մարդիկ ընդամենը 40 օր հետո, հանդես են գալիս ճիշտ հակառակ առաջարկով։
Բանականության շրջանակներում չտեղավորվող այս շրջադարձը, որ ակնհայտորեն բարոյական հսկայական կորուստ է պարունակում, ունի մեկ բացատրություն. այն անպարկեշտ գործարք է ԵԽ բյուրոկրատիայի եւ Հայաստանի հանցավոր իշխանության միջեւ։ Իսկ կնքած գործարքը ունի երեք բաղադրիչ
ա) Համազեկուցողները համաձայնել են նախագծից հանել Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու առաջարկը (եւ, դրա հետ կապված՝ քաղբանտարկյալների հստակ արձանագրումն ու նրանց անհապաղ ազատ արձակման պահանջը)։ Դրա դիմաց վարչախումբը խոստացել է, որ քաղբանտարկյալներն ազատ կթողնի օրենսդրական իրավիճակի, մասնավորապես Քրեկան օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների փոփոխությամբ։
բ) Համազեկուցողները համաձայնել ու Վեհաժողովում որպես “առաջընթաց” են ներկայացրել իբր Մարտի 1-ի հետ կապված 28 ազատազրկվածների ներումը՝ իրենց դիմումների հիման վրա։ Ընդ որում, նրանք քաջատեղյակ են եղել, որ “ներվածների” մի մասը նման դիմում են գրել խոշտանգումների հետեւանքով, մի մասը՝ պայմանական դատապարտված եւ արդեն իսկ ազատության մեջ գտնվողներ են, իսկ մեծ մասը Շարժման հետ որեւէ կապ չունեցող, հենց վարչախմբի կողմից ներդրված սադրիչներ ու քրեականն տարրեր են։ Ցավալի է, բայց համազեկուցողները ակնհայտ կեղծ այս տեղեկատվությամբ ապակողմնորոշել են Վեհաժողովը։
գ) Խախտելով ընդունված ու մինչ այդ անխափան գործող վարվելակարգը, Պրեսկոտը եւ Կոլոմբիեն խախտեցին բալանսը եւ վերջին այցի ընթացքում չհանդիպեցին քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին։ Արդեն դժվար չէ ենթադրել, որ դրա պատճառը նախապես ծրագրված անբարո գործարքն էր վարչախմբի հետ։ Եւ այդուամենայնիվ հայաստանյան վերջին այցի ժամանակ նրանց տրամադրվել են կարեւոր փաստեր ու փաստաթղթեր, որոնք նրանք անտեսել, ավելի շուտ թաքցրել են Վեհաժողովից, քանզի դրանց հրապարակումը ի չիք կդարձներ կնքված գործարքը եւ Վեհաժողովում կարող էր արմատապես փոխել իրավիճակը։

Գործարքի իրական գինը եւ կողմնակի հետեւանքները

Եթե կնքված գործարքը պատկերացնենք միայն այն տեսքով, ինչպիսին նկարագրեցինք վերեւում, կամ ինչպես այն ներկայացվել է Վեհաժողովում, ապա ստացվում է, որ վարչախումբը մի քանի անգամ ավելի ստացել է, քան տվել։ Բայց դա անհնար է Եւրոպայի հետ հարաբերություններում։ Այնպես որ՝ նկարագրվածն ու ներկայացվածը գործարքի միայն երեւացող մասն է։ Վարչախումբն իրականում վճարել է շատ ավելին։ Իսկ նման դեպքերում, այն է՝ սեփական իշխանության պահպանման, լեգիտիմության դեֆիցիտը մեղմելու, գործած հանցանքները պարտակելու, հակաժողովրդավար էությունը պարտակելու դիմաց վարչախումբը վաղուց օգտվում է մեկ վճարամիջոցից, մեկ դրամագլխից, եւ դա արդեն 10 տարի շարունակ։ Դա Լեռնային Ղարաբաղի հարցն է, դրանում նոր զիջումների գնալը։ Եւ վարչախումբն այս անգամ եւս անվարան վճարել է այդ գինը՝ քաղբանտարկյալներին օր ավելի անազատության մեջ պահելու, երկրում հակաժողովրդավարական իրավիճակը եւ իր իշխանությունը օր ավելի երկարաձգելու համար։
Եթե Եւրոպայի վերաբերմունքը համարենք հանցագործին կամ օրինազանցին իբր ուղղելուն միտված՝ սիրաշահման-ընդառաջման քաղաքականություն, ապա այն, որպես կանոն, հանգեցնում է հակառակ արդյունքների։ Հայաստանի բռնապետական վարչախմբի նկատմամբ Եւրոպայի որդեգրած այս վարվելակերպը երկարաձգում է քաղբանտարկյալների անազատությունն ու տանջանքները, օբյեկտիվորեն խրախուսում է իշխանություններին ավելի վստահ ու անպատիժ կերպով ոտնահարել ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները, շարունակել անգթորեն կեղեքել սեփական ժողովրդին։ Օգնելով ռեժիմին՝ Եւրոպան փաստորեն ծանր հարված է հասցնում Ղարաբաղի հարցի արդարացի լուծմանը։ Օգնելով ռեժիմին՝ Եւրոպան ծանր հարված է հասցնում Հայաստանի ժողովրդավարացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը՝ երկարաձգելով միլիոնավոր մարդկանց տառապանքները։ Օգնելով ռեժիմին՝ Եւրոպան ծանր հարված է հասցնում սեփական վարկին։ Մինչդեռ նրա կոչումը, իսկ ԵԽ-ի նաեւ ուղղակի պարտականությունը ճիշտ հակառակն է։

Մեր անելիքը
Եւրոպան՝ Եւրոպա։ Խնդիրները որ ծառացած են մեր առջեւ՝ քաղբանտարկյալների ազատումից մինչեւ ժողովրդավարութուն, տնտեսական ճգնաժամից մինչեւ լեգիտիմ իշխանություն ու սահմանադրական կարգի վերականգնում, մեր՝ Հայաստանի ժողովրդի խնդիրներն են։ Աշխարհը մեզ օգնելու է այնքանով, որքանով մենք շահագրգռություն, ուժ ու հաստատակամություն կդրսեւորենք մեր խնդիրների լուծման գործում։ Եւ այդ օգնությունը լավագույն դեպքում չի գերազանցելու 5%-ը։ Մնացածը մենք ենք անելու։ Չլիներ Համաժողովրդական շարժումը, չէր լինի միջազգային այն օգնությունը, որ ստացել ենք մասնավորապես ԵԽԽՎ երեք բանաձեւերի տեսքով։ Դրանք, այնուամենայնիվ, հույժ կարեւոր փաստաթղթեր են։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ «Հայկական ժամանակ
 05.02.2009թ.


Wednesday, January 21, 2009

ՀԻՄԱ Է՞Լ ԽԱԲՎԵՆՔ...



ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գործունեությունը, չնայած մամուլում արդեն իսկ եղած ոչ սակավաթիվ անդրադարձների, ավելի լուրջ ուշադրության է արժանի։ Ոչ թե այն պատճառով, որ նա սկսել է ավելի լավ կամ ավելի վատ աշխատել, այլ որովհետեւ ի դեմս նրա բացահայտվում է հայաստանյան հասարակությանը քաջծանոթ վտանգավոր երեւույթի մի նոր օրինակ-առարկայացում։

Բայց ամեն ինչ հերթով
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի վերջին ավելի քան մեկ տարվա գործունեությունը պետք է գնահատել նույն այդ շրջանում մարդու հանրահայտ իրավունքների խախտումների, ազատությունների կոպտագույն ոտնահարումների ամենօրյա հարյուրավոր փաստերի հիմքի վրա։ Ահա դրանց համառոտ ցանկը.
Տասնյակ հազարավոր մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի կոպիտ սահմանափակումներ,
Ընտրողի ազատ կամարտահայտման վրա զանգվածային ու համատարած բռնացումներ, ուժի գործադրում,
Վստահված անձանց ու դիտորդների զանգվածային ահաբեկումներ, ծեծ, սպառնալիքներ, ընտրատեղամասերից վտարում եւ այլն,
Խաղաղ, բացառիկ կարգապահությամբ ընթացող շուրջօրյա հանրահավաքների բարբարոսական ցրում, անմեղ մարդկաց նկատմամբ վանդալիզմ ու ջարդ մարտի 1-ի վաղ առավոտյան,
Նույն օրը երեկոյան խաղաղ քաղաքացիների արյունոտ սպանդ,
Ապօրինաբար մտցված արտակարգ դրություն, ազատ խոսքի եւ այլ իրավունքների լիակատար սահմանափակում,
Քաղաքական ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչների ու ղեկավարների անհիմն ձերբակալություններ, տասնյակ հազարավորների հետապնդումներ ու հալածանքներ,
Հեռախոսների ապօրինի գաղտնալսումներ,
Ամբողջ ընթացքում տեղեկատվության տարածման ու տեղեկություն ստանալու իրավունքի անսեթեւեթ խախտումներ,
Ընդիմության՝ հավաքներ անցկացնելու շուրջ 100 հայտերի ապօրինի մերժում, ինչով ըստ էության 100 անգամ մերժվել է 100.000 քաղաքացու (հանրահավաքի մասնակիցների միջին թիվը) ազատ հավաքների իրավունքը,
Ավելի քան հարյուր քաղբանտարկյալների գոյությունը, նրանց դեմ շինծու քրեական մեղադրանքների հարուցումն ու պատվիրված քաղաքական դատավարությունները,
Սեփականության եւ աշխատելու իրավունքի դեմ հազարավոր ոտնձգություններ,
“Հյուսիսային պողոտայում” զբոսնող մարդկանց հարյուրավոր ձերբակալություններ,
Լրագրողների նկատմամբ տասնյակ բռնություններ եւ այլն։
Այս ամենը որպես անսակարկելի փաստեր եղել են բոլորի աչքի առջեւ, արձանագրված են կարեւոր փաստաթղթերում՝ այդ թվում նաեւ ընտրություններին հետեւած միջազգային դիտորդների զեկույցներում, Մարդու իրավունքների հետ կապված՝ միջազգային ամենածանրակշիռ կազմակերպությունների փաստաթղթերում ու որոշումներում, այլ երկրների կառավարությունների ու բարձր պաշտոնյաների հայտարարություններում։ Այս ամենի ֆոնին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը այլ գնահատական չի կարող ունենալ, քան՝ խայտառակ անբավարար։

Խոտոր ելակետ
Սակայն, իրերի բերումով Ա. Հարությունյանի աշխատանքի հասարակական գնահատականը ձեւավորվել է ոչ այս՝ օբյեկտիվ ելակետից։ Իսկ այդ “իրերը” երկուսն են.
ա) Ա. Հարությունյանի պաշտոնեական անցյալը ու դրանցով հայտնի նրա զուտ մարդկային հայտնի որակները։ Նրա չափազանց տխուր դերը 2003 եւ 2005 թվականներին ՀՀ Սահմանադրության եղծման գործում։ 2003-ին բացահայտ, որպես Ռ. Քոչարյանի պաշտոնական ներկայացուցիչ, 2005-ին՝ ստվերում, նա դարձավ ՀՀ Սահմանադրության պղծման, ժողովրդի ու պետականության դեմ իրականացված այդ դավադրության առանցքային դեմքը։ Այսինքն՝ նա պատրաստակամորեն կատարել է ավազակապետական վարչախմբի պատվեր-հանձնարարություն՝ չխորշելով ոտնահարել որեւէ սրբություն ու մասնագիտական սկզբունք։ Այսպիսի մարդուց ի սկզբանե դժվար էր որեւէ սպասելիք ունենալ, ինչ պաշտոնում էլ որ նա լիներ։
բ) Ավազակապետական բռնատիրության հայաստանյան պայմաններում բոլոր նրանք, ում վրա անմիջական ներգործության լծակներ ուներ վարչախումբը պետք է անմնացորդ ծառայեր այդ վարչախմբի պահպանմանը։ Խույս տվողները, առավել եւս ընդդիմադիր դարձածները դաժանորեն պատժվել են անխտիր։ Ա. Հարությունյանի առջեւ նման պահանջ չդրվեց, նրան թույլ տրվեց կատարել իր պարտականությունների չնչին մի մասը՝ նրա համար “ընդդիմադիր” պաշտոնյայի իմիջ ստեղծելով։ Դրա շնորհիվ նա հասարակության աչքում երեւութապես գերազանցեց ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանից, այլ իրենից՝ կամակատար Ա. Հարությունյանից սպասելիքի չափը։

“Լակմուսի թուղթը”
ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի 2008թ. դեկտեմբերի 17-ին հայտնի որոշմամբ “մարտի 1-ի գործով” ազատազրկվածները միջազգայնորեն ճանաչվեցին որպես քաղբանտարկյալներ ու պահանջվեց նրանց անհապաղ ազատ արձակել։ Այս որոշումը դարձավ այն լակմուսի թուղթը, որը բացահայտեց նաեւ Ա. Հարությունյանի իրական դեմքն ու դերը։ Այն փաստերն ու իրողությունները, որոնց հիման վրա Մոնիտորինգի կոմիտեն հիշյալ գործով ազատազրկվածներին քաղբանտարկյալներ ճանաչեց, առնվազն տասն անգամ ավելի շատ ու ավելի շուտ եւ տասն անգամ ավելի մատչելի են եղել  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, նա այդ ամենի ամենօրյա ակնատեսն է եղել։ Քաղաքացիական քաջություն եւ պաշտոնեական արժանապատվություն ունենալու դեպքում նա առաջինը եւ շատ վաղուց պետք է հայտարարեր ձերբակալվածների ու դատվածների քաղբանտարկյալ լինելու մասին։
Եւրոպայում եւ աշխարհում շատ մեծ կարեւորություն են տալիս տվյալ երկրի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը, դրա ղեկավարի կարծիքին ու գնահատականներին, այսինքն՝ նա ապակողմնորոշել է նաեւ միջազգային հանրությանը։ Ժամանակին չկատարելով իր պաշտոնական պարտականությունները՝ Ա. Հարությունյանը անձամբ պատասխանատու է այսօրվա իրավիճակի առաջացման համար։ Նա առաջինը եւ շատ վաղուց պետք է հայտարարեր իշխանության սանձազերծած հալածանքների քաղաքական բնույթի, քաղբանտարկյալների առկայության մասին։ Նա պարտավոր էր արձագանքել ընդդիմադիր գործիչների ձերբակալման յուրաքանչյուր դեպքի, ամեն ինչ աներ կանխելու նրանց նկատմամբ շինծու դատավարությնները։ Նրանց անազատության մեջ գտնվելու թիվ 1 պատասխանատուն Մարդու իրավուքների պաշտպան Ա. Հարությունյանն է։
Սակայն նա, ինչպես սովոր էր, այս դեպքում էլ կատարել ու շարունակում է կատարել վարչախմբի պատվերը։ Մոնիտորինգի կոմիտեի որոշումից հետո, թվում էր, թե նա այլեւս փախչելու տեղ չունի։ Եթե մինչ այդ վախեցել է առաջինը լինելուց, ապա դրա համար այլեւս մեծ քաջություն պետք չէր։ Եթե մինչ այդ չէր արել, հիմա նա պարտավոր էր անձամբ թույլ չտալ սկսել հերթական դատական ֆարսը այսպես կոչված “7-ի գործով։ Անձամբ պետք է կանգներ դատարանի դռան առջեւ ու թույլ չտար դատավորին ներս մտնել։ Մինչդեռ Ա. Հարությունյանը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է “մոնիտորինգի” ենթարկել “7-ի գործով” դատավարությունը, եւ դրա ավարտից հետո միայն կարող է հայտնել իր կարծիքը։ Նա կրկնեց իրավական, քաղաքական ու պարզ տրամաբանական առումով անհեթեթ, վարչախմբի անգրագետ ներկայացուցիչների այն միտքը, թե մեղադրյալի քաղբանտարկյալ լինելը կարող է որոշվել միայն դատարանում, դատավարության ավարտից հետո։ Դրանով նա ոտնահարեց իրավաբան գիտնականի, բանական մարդու ու քաղաքացու որակները ճիշտ նույն կերպ, ինչպես դա արել էր 2003-ին եւ 2005-ին՝ կատարելով Սահմանադրության եղծման խոհարարի դերը։ Բացի այդ, նրա ասածը նաեւ բացահայտ ցինիզմ է, անպարկեշտ վերաբերմունք լսարանի, ժողովրդի նկատմամբ. մինչ այժմ, 10 ամիս շարունակ, նրա քթի տակ ընթացել են շուրջ ինը տասնյակ նմանօրինակ դատավարություններ, թող “մոնիտորինգ աներ” դրանցից յուրաքանչյուրը եւ ամիսներ առաջ գար համապատասխան հետեւության։ Կամ, հենց հիմա թող պահանջի այդ դատավարությունների 1-2-ի փաստաթղթերն ու ուսումնասիրի։ Ինչո՞ւ չի արել, ինչո՞ւ հենց հիմա որոշեց։ Շատ պարզ պատճառով. այդպիսին է նրան իջեցված իշխանական պատվերը, ինչի համար ավելի քան մեկ տարի նրան խնամքով “հասունացրել” են։

Ա. Հարությունյանը հերթական “պրոյեկտ” Է
Հայտնի է, որ իշխանությունն ամեն կերպ պահելու համար ավազակապետական վարչախմբի ամենակարեւոր զենքը եղել է կեղծ ընդդիմությունը։ 2008թ. նախագահական ընտրություններում, հայտնվելով աննախադեպ ծանր իրավիճակում, վարչախումբն ստիպված էր այս զենքից կրակել իր բոլոր փամփուշտները, բացահայտել իր բոլոր “ընդդիմություն” պրոյեկտները՝ նախագահի 7 թեկնածուների ու մի շարք կուսակցությունների տեսքով։ Ինքնապահպանման զենքի այս շատ կարեւոր զինանոցը համալրելուն ուղղված նրա բոլոր ջանքերն անցած մեկ տարում, մասնավորաբար “երրորդ բեւեռ” ստաղծելու գործում, ապարդյուն անցան։ Սակայն նմանօրինկ մի պրոյեկտ, ահա, ի դեմս Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի, կարծես թե ստացվել է։ Ավելի ակնառու դարձնելու համար թվարկենք այդ “պրոյեկտի” բաղկացուցիչները կամ հասունացման էտապները.
ա) Ա. Հարությունյանին, ի տարբերություն պետական որեւէ այլ պաշտոնյայի, թույլ տրվեց երբեմն կեսճշմարտություններ ասել, կատարել իր պարտականությունների փոքր, անվտանգ մի մասը։ Մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայի զբոսնողները, թռուցիկներ բաժանողները, երթերի մասնակիցները եւ այլն, պարբերաբար բերման էին ենթակվում ոստիկանություն, ապա իսկույն ազատ էին թողնվում Պաշտպանի “բարձր” միջնորդությամբ։
բ) Ռ. Քոչարյանը, իբր դժգոհ նրա “ընդդիմադիր” աշխատանքից, ինչ որ պահի հայտարարեց, թե Ա. Հարությունյանն իր միակ անհաջող նշանակումն է։ Նման գնահատականից հետո վերջինիս հեղինակությունն ու համարումը կտրուկ աճ ունեցավ։
գ) Երկու-երեք ամիս առաջ Ա. Հարությունյանը դիմեց իշխանությանը՝ իր անվտանգությունը ապահովելու համար թիկնապահներ խնդրելով։ Իշխանությունը մերժեց։ Այս մասին կարող էր նաեւ որեւէ մեկը չիմանալ, սակայն այն տեւական մի շրջան մամուլում քննարկման նյութ էր։ Նպատակը՝ մի կողմից տպավորություն ստեղծել, թե “ընդդիմադիր” գործելակերպի պատճառով իր անձնական ապահովությունը վտանգված է, մյուս կողմից՝ որ իշխանությունն իրեն, որպես “չուժոյի”,  մերժում է։
Եւ ահա, եկել է հերթական այս պրոյեկտի “աստեղային ժամը”։ Նա պետք է նպաստի, որ վարչախումբը կարողանա լուծել երկու խնդիր՝ ե՛ւ ԵԽԽՎ-ում չզրկվի ձայնի իրավունքից, ե՛ւ ազատ չարձակի քաղբանտարկյալներին։ Ինչպես ասվեց, տվյալ երկրի Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմանը մեծ կարեւորություն է տրվում Եւրոպայում։ Եթե վարչախումբը կարողանա խույս տալ ձայնի իրավունքից զրկվելու վտանգից ու դրանով իսկ համարի, որ քաղբանտարկյալներին եւս 3 ամիս կարող է անպատիժ անազատության մեջ պահել, ապա դրանում էական կլինի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի դերը։

Հ. Գ.-1. 2008 թ. փետրվարի վերջին օրերին անգամ դեռ բոլորը չէ, որ համոզված էին “ընդդիմադիրների” իշխանական պրոյեկտ լինելու մեջ։ Երբ տեղի ունեցավ նրանց վերջնական միավորումը Ս. Սարգսյանի շուրջ, հաջորդ իսկ օրը տեղի ունեցավ Մարտի 1-ը։ Այն հաստատ տեղի չէր ունենա, եթե ժամանակին իրերը կոչվեին եւ ընդունվեին իրենց անուններով ու արժանանային համապատասխան վերաբերմունքի։
Հ.Գ.-2 Համաձայն չեմ Ն. Փաշինյանի վերջերս տված գնահատականին, թե Ա. Հարությունյանը “կզել է”։ Նա միշտ էլ կուզ է եղել, իսկ կուզին...

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայկական ժամանակ”, 21.01.09