Մարդկանց
ազգային-հայրենասիրական զգացմունքների վրա խաղալն ու ազգայնականության բորբոքումը
հասարակական դիրքի, իշխանության հասնելու ու իշխանություն պահելու մի գործիք է, որ
օգտագործվում է բոլոր ժողովուրդների մեջ։ Իրականում լինելով քաղաքական
ավանտյուրիզմի դրսեւորում՝ այն, սովորաբար, ծանր հատեւանքներ է ունենում տվյալ
ժողովրդի համար։ Եւ ոչ մի նշանակություն չունի՝ ազգային ու հայրենասիրական
զգացումների շահարկման այդ գործիքից օգտվելը իրական զգացումների, բայց քաղաքական
մտքի խակության ու տգիտությա՞ն արդյունք է, թե՞ պարզապես գիտակցաբար ընտրված՝
ազգակիցների արյան ու տառապանքների վրա հասարակական դիրքի եւ իշխանության
ապահովման հանցավոր ու անբարոյական մի բիզնես-մեթոդ։ Երկու դեպքում էլ, իր
նույնական արդյունքներով, այն չի դադարում քաղաքական ավանտյուրիզմ լինելուց։
Քաղաքական
ավանտյուրիզմը հայ իրականության մեջ
Հայ
իրականության մեջ վերջին մոտ մեկուկես դարում քաղաքական ավանտյուրիզմի այդ
երեւույթը հատուկ անուն ունի՝հայդատականություն։ Պայմանական այդ
անվանումը ծագում է 1878 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո միջազգային ասպարեզում
գոյացած Հայկական հարցի (Հայ դատ) բառակապակցությունից՝ վերաիմաստավորված որպես
պահանջատիրություն։ Ինչպես նախնական, այնպես էլ վերաիմաստավորումից հետո Հայ Դատի
քաղաքական բովանդակությունը երրորդ ուժի միջոցով ազգային
խնդիրների լուծումն է՝ անկախ այն բանից, թե ինչպես են ձեւակերպվում այդ խնդիրները։
Ըստ հայ հասարակական կյանքում հայդատականության ունեցած ներկայության ու խաղացած
դերի՝ նույն մեկուկես դարի ընթացքում եղել են հետեւյալ շրջանները.
1. 1878-1920 թթ. – հայդատականության
լիակատար ներկայության ու քաղաքական պատասխանատվության շրջան՝
հիմնականում հայ քաղաքական կյանքում հայտնի հեղափոխական կուսակցությունների
գաղափարների ու գործունեության տեսքով։ Շուրջ 40 տարվա արդյունքներն այսպիսին են.
1895-96թթ. հայկական ջարդեր 300.000 զոհերով՝ իրականացված Օսմանյան
կայսրությունում սուլթան Աբդուլ Համիդի կողմից, Ադանայի ջարդերը 1909թ.՝ 30.000
զոհերով, 1915 թ.՝ երիտթուրքերի իրականացրած Ցեղասպանություն՝ մեկուկես միլիոն զոհ
եւ ողջ Արեւմտյան Հայաստանի կորուստ, 1920 թ.՝ Արեւելյան Հայաստանի կեսի կորուստ։
2. 1921-1988 թթ. - հայդատականության
դուրսմղում մեկ այլ (կոմունիստական) գաղափարախոսության կողմից։
Շուրջ 70 տարվա արդյունքներն այսպիսին են. հայ ժողովուրդը խորհրդային կայսրության
մյուս ժողովուրդների հետ հավասար կրել է հայտնի դժվարությունները, ունեցել նույն
կորուստները եւ ապրել նույն զարգացումը՝ արդյունքում պահպանելով ժառանգած տարածքը
եւ հնգապատկելով երկրի բնակչությունը։
3. 1988-1998 թթ. – Հայդատականության
հետեւողական մերժում Ղարաբաղյան համաժողովրդական շարժումը ղեկավարող
քաղաքական ուժի՝ Ղարաբաղ կոմիտեի, Հայոց համազգային շարժման, ապա նույն ուժի
հաստատած ժողովրդավար իշխանության կողմից։ Երրորդ ուժի բացառման, միայն սեփական
ուժերին ապավինելու եւ իրատեսական քաղաքականության հիմքի վրա մոտ 10 տարվա
արդյունքներն այսպիսին են. անկախության ձեռքբերում, ռազմական հաղթանակներ՝
ռեսուրսներով մի քանի անգամ հզոր հակառակորդի նկատմամբ, զոհի բարդույթի
հաղթահարում, Լեռնային Ղարաբաղի փաստական անկախության ձեռքբերում ու նրա շուրջ
ապահով անվտանգության գոտու ստեղծում, տնտեսական տոտալ շրջափակման, մի քանի
հարյուր հազար փախստականության, երկրի մեկ երրորդն ավերած երկրաշարժի
ավերածությունների մարտահրավերների հաղթահարում, արմատական բարենորոգումներ,
միջազգային ասպարեզում ժողովրդավարական երկրի վարկանիշի ձեռքբերում։
4. 1998-ից – մասնակի վերադարձ հայդատականությանը՝
Ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքականության հիմնահարց հայտարարելով։ 18
տարում արդյունքներն այսպիսին են. Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության լիիրավ
կողմի միջազգային մանդատի կորուստ, Ղարաբաղի դուրսմղում կարգավորման գործընթացից,
եւ ինքնորոշման հարցի վերածում տարածքային վեճի առարկայի, Հայոց ցեղասպանության
իրողությունը կասկածի տակ դնող պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթի
ընդունում, սոցիալական իրավիճակի վատթարացում, խաղաղ պայմաններում շուրջ կես
միլիոն արտագաղթ։
Սրանք չոր
արձանագրումներ են, առանց գնահատականների, անվիճարկելի փաստեր։ Իսկ գնահատականներ
տվել են նշանավոր լրջմիտ պատմաբաններ, սթափության պահերին քաղաքական
ավանտյուրաների բերած արհավիրքների խոստովանություններ արել են նույնիսկ տասնյակ
հայտնի հայդատական գործիչներ։
***
Հայդատականության
քաղաքական արդյունքների, դասերի այս ֆոնին Սերժ Սարգսյանի ղեկավարած՝ Հայոց
ցեղասպանության 100-ամյա տարելիցի պետական հանձնաժողովի կողմից հրապարակված
«Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը» ամենամեծ վտանգն էր պարունակում։
Վտանգն այն էր, որ դրանով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում էր
դրվում հայդատականությունը, ինչպես ասում են՝ իր ամբողջ ծավալով ու
բովանդակությամբ՝ պահանջատիրության տեսքով։ Եւ քանի որ որպես քաղաքական խնդիր
դրա լուծումը շա՜տ հեռու է Հայաստանի հնարավորություններից, ուստիեւ, ինչպես 150
եւ100 տարի առաջ՝ հույսն ամբողջությամբ դրվում է երրորդ ուժի՝ միջազգային
հանրության վրա։ Եւ ինչպես 150 եւ 100 տարի առաջ՝ սա մի ավանտյուրա էր՝ նոր
արհավիրքներ վաստակելու հեռանկարով։
Երկրի ու
ժողովրդի ճակատագրի համար վտանգի այս ահռելիության գիտակցումով էր, որ Հայաստանի
Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմեց իր համար աննախադեպ
քայլի՝ այդ պահին մի կողմ դնելով ապօրինի վարչախմբի դեմ ավելի քան յոթնամյա անհաշտ
քաղաքական պայքարը։ Նա բաց նամակով դիմեց Ս. Սարգսյանին՝ համագործակցաբար մի այլ
փաստաթուղթ ստեղծել՝ զերծ հայդատական խայտառակություններից, իրավական
անհեթեթություններից, միջազգային հանրության համար հասկանալի լեզվով,
պետականություն ունեցող ժողովրդին եւ Ցեղասպանության 100-ամյակին պատշաճող։
Ընդհանուր հաշվով՝ նա այս խնդրին անդրադարձավ չորս հրապարակային ելույթներով՝ այդ
թվում ներկայացնելով նաեւ Ցեղասպանության 100-ամյակի առիթով միջազգային
հանրությանը Հայաստանի անունից հղելիք իր պատկերացրած Ուղերձի նախագիծը։
Սերժ Սարգսյանը նոր
փաստաթուղթ կազմելու առաջարկին պատասխանեց կտրուկ մերժմամբ՝ հայտարարելով, թե իր
գլխավորած հանձնաժողովի կողմից հրապարակված փաստաթուղթը «Անկախությունից ի
վեր ընդունված առաջին փաստաթուղթն է, որը հեղինակվել է հայությունը ներկայացնող
գրեթե բոլոր կառույցների և համայնքների ներկայացուցիչների կողմից՝ իսկապես
դառնալով ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ, այլև որ դրա մշակման
գործընթացի մասնակիցների թվում բազմաթիվ են փաստաթղթում խաչվող ոլորտների
լրջագույն մասնագետներ աշխարհի բոլոր ծայրերից, մարդիկ, որոնց պրոֆեսիոնալիզմին ես
վստահում եմ»։
Այլ խոսքով՝ Ս.
Սարգսյանը կտրուկ մերժմամբ պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում
հայդատական ավանտյուրիզմը չդնելու ու դրանով իսկ ինչպես ողջ ժողովրդի, այնպես էլ
Ցեղասպանության ճանաչման խնդրի համար նոր վտանգներ չստեղծելու՝ Առաջին նախագահի
առաջարկին։
***
Արդ՝ ովքե՞ր են Ս.
Սարգսյանի կողմից անթերի համարված «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրում»
«խաչվող ոլորտների լրջագույն մասնագետները», որոնք ապահովել են ազգային
միասնականության բացառիկ այս հատանմուշը։
Փաստաթուղթն ստեղծել է
14 հոգուց բաղկացած հետեւյալ խմբագրական մարմինը.
Գագիկ Հարությունյան
Հայկ Դեմոյան
Էդուարդ Նալբանդյան
Հրանուշ Հակոբյան
Բագրատ եպիսկոպոս
Գալստյան
Կիրո Մանոյան
Հակոբ Ավետիքյան
Հակոբ Տիգրանյան
Գեւորգ Տեր-Ղազարյան
Արմինա Դարբինյան
Գուրգեն Սարգսյան
Հարութ Սասունյան
Հովիկ Եորդեկյան
Շահե եպիսկոպոս
Փանոսյան
Տվյալ դեպքում «խաչվող
ոլորտները» երկուսն են՝ գիտություն եւ քաղաքականություն։ Այս ցուցակում չկան
Ցեղասպանության հայտնի մասնագետ գիտնականներ։ Երկու-երեք հոգու կարելի է համարել
Ցեղասպանության հարցի եռանդուն պրոպագանդիստներ, բայց ոչ երբեք
գիտնական-մասնագետներ։ Եւ կան գործնական քաղաքականության հետ առնչված ընդամենը
երկու հոգի՝ Գ. Հարությունյան եւ Է. Նալբանդյան։ Առավել եւս՝ չկան խաչվող
ոլորտների, այն է՝ միաժամանակ գիտնական ու քաղաքական գործիչ մասնագետներ։ Իսկ
գիտնականների ու քաղաքական գործիչների համադրությունն անհրաժեշտ էր՝ փաստաթղթում
ապահովելու համար Ցեղասպանություն երեւույթի քաղաքական իմաստավորումն ընդհանրապես՝
թե՛ անցյալի եւ թե՛ հատկապես ներկայի ենթատեքստում՝ ելակետ ունենալով հայ ժողովրդի
պետական ազգի կարգավիճակը։
Նույնն է պատկերը նաեւ
Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի դեպքում, որի անունից պաշտոնապես
տարածվեց սույն փաստաթուղթը, եւ որի շուրջ 40 անդամները դրանում ընդգրկված են
միայն պաշտոնի բերմամբ։
Բայց սա ամբողջը չէ։
Խմբագրական այդ մարմինը շուրջ մեկ տարի առաջ նախագահականից (ձեւականորեն՝ պետական
հանձնաժողովի անունից) ստացել է այն քաղաքական հիմնադրույթները, որոնք
պարտադիր պիտի կազմեին պահանջվող փաստաթղթի հենքը։ Եւ ընդհանրապես, հիշյալ
փաստաթղթի ստեղծմանը մասնակից բոլոր օղակների աշխատանքները համակարգել է
նախագահականի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ ունենալով Ս. Սարգսյանի հստակ
ցուցումները։ Այսինքն՝ խոսել այս փաստաթղթի մասին՝ որպես «ազգային միասնականության
յուրօրինակ խորհրդանիշ», ավելի քան հեռու է իրականությունից։ Իրականությունն այն
է, որ դա Ս. Սարգսյանի հերթական մի պրոյեկտն է՝ ազգային միասնականության
մի պատրանք ստեղծելով՝ իր վրայից գցել պետական քաղաքականության կտրուկ
փոփոխություն ենթադրող փաստաթղթի պատասխանատվությունը, հնարավորինս
մաքրվել Ցեղասպանությունն ուրացողի իր խայտառակ համարումից, կեղծ հայրենասիրական
հիստերիայի բորբոքմամբ եւ շահագործելով մարդկանց ազգային զգացումները՝ հերոս
ձեւանալ, բարելավել իր հասարակական դիրքը։ Դա խիստ անհրաժեշտ է՝ լուծելու համար իր
հիմնական ու կենսական՝ սահմանադրության փոփոխման միջոցով սեփական իշխանության
հավերժացման խնդիրը։ Իսկ թե ինչ կտա հերթական հայդատական այս ավանտյուրիզմը հայ
ժողովրդին ու Հայաստանին, նրա համար երրորդական հարց է։
***
Սերժ Սարգսյանը
չկարողացավ հասնել իր առջեւ դրած նպատակին։ Եւ հենց դրանով պետք է բացատրել այն անթաքույց
նյարդայնությունը, որ երեւում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին գրած նրա պատասխանի տողերի
տակ։
Արդեն կարելի է
արձանագրել հետեւյալ ակնհայտ իրողությունները եւ փաստերը.
1) Լեւոն
Տեր-Պետրոսյանը, հիմնավոր ու փաստարկված քննադատության ենթարկելով «Ցեղասպանության
100-րդ տարելիցի հռչակագիրը», մեղմ ասած՝ ոչնչացրեց այն թե՛ իրավական, թե՛
քաղաքական տեսանկետից։ Միայն դրա համար օգտագործած որակումներն ի մի հավաքած՝
ավելի քան խոսուն են. «հայ ժողովրդին նվաստացուցիչ վիճակի մեջ դնող գավառամտության
արտահայտություն», «արտառոց ու անլուրջ», «անհեթեթություն», «անպտուղ փաստաթուղթ»,
«խայտառակ փաստաթուղթ», «անհաշվենկատ փաստաթուղթ», «արկածախնդրություն»,
«ավանտյուրա», «Հայաստանի պետական շահերին հակասող», «հայության հայրենասիրական
զգացումների շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ ստանալու ճղճիմ նպատակ հետապնդող»՝
արձանագրելով, որ այն ոչ միայն չի պատշաճում Ցեղասպանության 100-ամյակին, այլեւ
հակասում է «Հայաստանի անկախության մասին հռչակագրին» ու Հայաստանի Հանրապետության
Սահմանադրությանը։
Հասկանալի է, որ
ստեղծված՝ «թուրքից հող չուզողը դավաճան է» մթնոլորտում Լեւոն
Տեր-Պետրոսյանի հնչեցրած ահազանգը հրապարակավ պաշտպանողների թիվը մեծ չէր կարող
լինել։ Եւ այս դեպքում դա չէ, որ պետք է լինի նրա ելույթների ու ասելիքի
հասարակական ընկալման ու համաձայնության չափորոշիչը։ Չափորոշիչը հետեւյալն է։
Հռչակագրի պաշտոնական հեղինակ ու պատասխանատու համարվող Պետական հանձնաժողովի եւ
խմբագրական մարմնի՝ միասին վերցրած շուրջ 50 անդամներից ոչ մեկը նրան որեւէ
հարցում հրապարակավ չառարկեց։ (Ճշգրիտ լինելու համար ասենք, որ արձագանքեցին երկու
հոգի. դաշնակցական լինելու բերումով՝ Կիրո Մանոյանը, որ, միեւնույն է՝ պիտի
արձագանքեր, եթե անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը չխոսեր, եւ Վազգեն Մանուկյանը, որը,
սակայն, իր արձագանքում չժխտեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնական այն թեզը, որ դրանով
Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրվում է
հայդատականություն-պահանջատիրությունը)։ Այս 50 թվին ավելացնենք նաեւ Ս. Սարգսյանի
նշած՝ «Սփյուռքում գործող տարածաշրջանային ենթահանձնաժողովների»՝ ենթադրաբար
առնվազն նույնքան անդամների։ Եւ ստացվում է, որ իրենց սույն դարակազմիկ
փաստաթղթի արարող, հեղինակ հայր եւ պատասխանատու համարելու իրավունք ունեցող ավելի
քան 100 հոգուց ոչ մեկը ծպտուն չհանեց, երբ «ազգային միասնականության
յուրօրինակ խորհրդանիշ» իրենց հոգեզավակ փաստաթուղթը ամենախիստ գնահատականներով
հողին հավասարեցվեց։ Այդ լռությունը երկու բան կարող էր նշանակել. կա՛մ՝ որ
իրականում նրանց այդ փաստաթուղթը պարտադրվել էր նույն՝ «թուրքից հող չուզողը դավաճան
է» մթնոլորտում, կա՛մ՝ որ նրանք ներքուստ համաձայն են Լեւոն Տեր-Պետրոսյանի
հետ, ու հասկանալի պատճառով այդ կերպ չէին կարող արտահայտվել։ Կամ՝ երկուսը
միասին։
2) Սերժ
Սարգսյանին չհաջողվեց հասնել իր նպատակին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա
տարելիցը ծառայեցնել սեփական իշխանության ամրապնդման ու վերարտադրության նպաստելու
գործին։ Հայ հասարակության իրական քաղաքական ընտրանին, որ 99%-ով չի համընկնում
իշխող վարչախմբին եւ ներկա պետական պաշտոնեությանը, շատ լավ ընկալեց Լեւոն
Տեր-Պետրոսյանի խոսքն ու ուղերձները։ Մյուս կողմից՝ 100-ամյա տարելիցի հետ կապված
միջոցառումներում իշխանության չտեսությունների դրսեւորումները, երբեմն դրանք
խեղկատակության վերածելը, հաստատված սիմվոլիկան անամոթ բիզնեսի առարկա դարձնելը,
անգրագիտության ու տգիտության ցուցադրումները ոչ թե ինչ-որ չափով ապաքինեցին Սերժ
Սարգսյանի խաթարված վարկանիշը, այլ առավել խորացրին նրա նկատմամբ հասարակական
արգահատանքն ու ատելությունը։
3) Ս. Սարգսյանը
չկարողացավ պահանջատիրությունը արտաքին քաղաքականության հիմքում դնելու իր
ավանտյուրիզմը միջազգային ասպարեզում ներկայացնել որպես «աննախադեպ ազգային
միասնության», «հայ ժողովրդի միասնական կամքի» ծննունդ։ Լեւոն
Տեր-Պետրոսյանի հետեւողական ջանքերի ու դրա հասարակական լայն ընկալման շնորհիվ Հայաստանը
միջազգային հանրությանը ներկայանում է ոչ միայն հայդատական ավանտյուրիստ
խեղկատակի, այլ նաեւ միջազգային չափորոշիչներին համապատասխանող քաղաքական ընկալում
ու մտածողություն ունեցող արժանապատիվ հանրության դեմքով։
4) Եւ վերջապես, արդեն
Հայոց ցեղասպանության տարելիցի օրերին Ս. Սարգսյանը հրապարակավ, դպրոցականի մի
մանիպուլյացիայով, հրաժարվեց իր իսկ պաշտպանած, «աննախադեպ ազգային միասնության»
փաստաթուղթ-Հռչակագրի առանցքագաղափարից՝ հայտարարելով, թե Հայաստանը հողային
պահանջներ չունի Թուրքիայից։
Այն, որ այս ամենով Ս.
Սարգսյանը հայտնվեց զավեշտալի ու խայտառակ վիճակում, իր համար նորություն չէր.
առաջին անգամ չէ, որ նա մի գիշերում որոշում է ընդունում՝ տրամագծորեն հակառակ
մինչ այդ իր հռչակած ու «շուխուրով» հետապնդած հիմնական քաղաքական ուղեգծին։ Վատն
այն է, որ առայժմ, ի դեմս նրա, հերթական անգամ նույն ամոթալի վիճակում են
հայտնվում Հայաստանը, հայ ժողովուրդը, մենք բոլորս։
Հ. Գ. Էլեկտրոնային
ԶԼՄ-ներից մեկում մի քանի օր առաջ տեղեկատվություն հայտնվեց, թե պահանջատիրական
Հռչակագիրը հրապարակելուց մեկ օր առաջ թե հետո Ս. Սարգսյանը բանագնաց է ուղարկել
Անկարա՝ հավաստիացնելու համար Թուրքիայի իշխանությանը, որ դա արվում է միայն Սփյուռքին
սիրաշահելու համար, հանկարծ լուրջ չընդունեն։ Դժվար է պատկերացնել... Բայց առայժմ,
կարծես թե, չկա սրա պաշտոնական հերքումը։
http://www.ilur.am/news/view/44285.html
No comments:
Post a Comment