Հայտնի հոգեբանական հնարք է՝ մեղք կամ հանցանք
գործած մարդը որքան ներքին անհանգստության ու խուճապի մեջ է, այնքան փորձում է արտաքուստ
հանգիստ ու վստահ երեւալ, որքան վախեցած ու տագնապած է՝ այնքան քաջ, համարձակ ու ցինիկ։
Եւ դա՝ ոչ միայն դրսի, ուրիշների համար, այլեւ ինքն իրեն հաղթահարելու համար։
Մշտապես «գող՝ սիրտը դող» վիճակում գտնվող քոչարյանասերժական
վարչախումբը հսկայկան ճիգեր է գործադրում ինքնավստահության արտաքին այդ էֆեկտներն ապահովելու
համար։ Ս. Սարգսյանը ժապավեններ է կտրում, շքանշաններ, պարգեւներ ու պատվոգրեր հանձնում՝
հիմա էլ նաեւ ուսանողներին ու աշակերտներին։ Չունեցած գիտելիքներով «դիմակայում» է
մեր պատմությունը խեղաթյուրող ադրբեջանական հարձակումներին՝ ամեն կերպ աշխատելով դեմքին
անխռով ու վստահ արտահայտություն տալ։ Իշխանական մամուլն ու հեռուստաալիքները ժամանակից
դեռ շատ շուտ սկսել են ակտիվորեն քննարկել «հերթական ընտրությունների» թեման՝ փորձելով
դրանով մարդկանց ենթագիտակցության մեջ ամրացնել այն պատկերացումը, թե այս իշխանությունը
ձգելու է մինչեւ հաջորդ ընտրություններ։ Իշխանական կուսակցություններն իրենց հերթին
նախընտրական բնույթի ինչ-որ կեղծ շարժեր են անում եւ այլն։
Սակայն փորձառու աչքն իսկույն նկատում է, որ
վարչախմբի վարքագծի բազմաթիվ դրսեւորումներ մատնում են նրա ե՛ւ անհանգստությունը, ե՛ւ
խուճապը, ե՛ւ վախն ու տագնապը։ Ընդ որում՝ դրանք շատ ավելի նկատելի են դառնում այն
փաստերի ֆոնին, որոնք, հատկապես վերջին շրջանում, տեղատարափի նման թափվում են նրանց
գլխին։ Նկատի ունենք վարչախմբի «էլիտար» անդամների գործած հանցանքների, հանցավոր կապերի
ու հանցավոր գործունեության միջազգայնացումը։ Հենց այդպիսին էր «Պզոյի» գործը՝ ԱՄՆ-ում,
Լուժկովի հետաքննվող գործի հետ հայաստանյան 32 (այժմ արդեն 34) իշխանավորների կապը,
Ավստրալիայից ու Մալազիայից եկած տեղեկատվությունը՝ Հայաստանով իրականացվող մաքսանենգ
փոխադրումների մասին եւ այլն։ Ու այս ամենի մեջ ներառվում են այնպիսի հանցագործություններ,
ինչպես՝ նարկոբիզնեսը, փողերի լվացումը, զենքի ու հարստացված ուրանի ապօրինի առեւտուրը՝
կապված միջազգային ահաբեկչական կենտրոնների հետ եւ այլն։ Իշխանության ներսից եկած տեղեկատվությունը
հուշում է, որ այստեղ իրականում ժամ առ ժամ ավելանում են խուճապի հիմքերը, քայլ առ
քայլ խամրում է հերթական ընտրությունների հեռանկարը։ Հանցավոր կապերի ու գործունեության
մեջ հայտնված իշխանավոր-օլիգարխների մոտ սկսել է սասանվել հավատը Սերժ Սարգսյանի՝ որպես
ապահով «տանիքի» նկատմամբ, որը չի կարողանում այլեւս նրանց համար երաշխավորի դեր խաղալ
մասնավորապես ԱՄՆ-ում ու Ռուսաստանում։ Նրա նկատմամբ վստահությունը սասանվել է նաեւ
քաղաքական հարցերում. նա այլեւս ոչ միայն չի կարողանում կանխել եւրոպական կառույցներում
ու երկրներում վարչախմբի համար աննպաստ փաստաթղթերի ընդունումը, այլ ստիպված է նրանց
ճնշման տակ ետ քայլեր կատարել։ Տեսնում են, որ Ս. Սարգսյանը չկարողացավ լուծել քաղաքական
ընդդիմության պառակտման հարցը, քաղբանտարկյալների խաղաթուղթը ոչ միայն չկարողացավ օգտագործել
Հայ Ազգային Կոնգրեսին խեղճացնելու ու վնասազերծելու համար, այլ այն նաեւ միջազգային
ասպարեզում դարձրեց վարչախմբի Աքիլլեսյան գարշապարը։ Եւ վերջապես, շատ լավ տեսնում
են, որ, այս ամենի հետ միասեին շուտով նրա գլխին պայթելու է նաեւ ղարաբաղյան հարցը։
Ներիշխանական աղբյուրներից տեղեկություններ են այն մասին, որ որոշ օլիգարխները իրենց
իրենց դժգոհությունն ու հիսթափությունն են արտահայտում Ս. Սարգսյանից, ոչ թե անկյուններում,
այլ՝ երես առ երես։ Հասկանալի եւ արժանահավատ են դառնում նաեւ այն տեղեկությունները,
թե վերջին շրջանում նկատվում է ոչ թե վերահսկելի բանկային փոխանցումներով, այլ ճամպրուկներով
կանխիկ փողի հսկայական արտահոսք է տեղի ունենում դեպի «ապահով» երկրներ։ Այնպես որ,
այսօր Հայաստանում ինչ կատարվում է, կատարվում է առաջին հերթին անխուսափելի դարձած
արտահերթ նախագահական ընտրությունների տրամաբանության շրջանակներում։
Աշոտ Սարգսյան
«Հայ Ազգային Կոնգրես»,
04.11.2011