Wednesday, July 30, 2008

Հարցազրույց

“Հայք”, 30.7.2008

Մամուլում վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ Ռ. Քոչարյանը դեռ չի կորցրել իր հույսերը իշխանության վերադառնալու հարցում։ Ձեր կարծիքով հնարավո՞ր է, որ նա նման հույսեր է փայփայում։
Եթե վերանանք անձից ու դրդապատճառներից, նման ծրագրի մեջ դատապարտելի որեւէ բան չկա, եթե խոսքը իրական քաղաքական գործչի մասին է։ Բայց հատկապես այս դեպքում անձից վերանալն անհնարին է, եւ խոսքն էլ քաղաքական գործչի մասին չէ։ Իսկ խոսակցություններն էլ միայն վերջին շրջանում չէ, որ տարածվում են։ Այն հիմնական նպատակը, ինչի համար Քոչարյանն օգտագործերց իր իշխանությունը, եւ այն մեթոդները, որոնցով նա իշխանության հասավ ու կառավարեց ուղղված էին բացառապես սեփական անձի հիվանդագին ամբիցիաները բավարարելուն։ Ու քանի որ այդ ամբիցիաները հիվանդագին դրսեւորումներ ունեն, դրանց բավարարումը գործնականում անհնար է։ Սա այն հոգեբանական հիմքն է, որը տվյալ անձին պետք է ստիպի մշտապես ու ամեն գնով ձգտել գերագույն իշխանության։ Բայց սա միակ հիմքը չէ։ Հոգեբանականից բացի գոյություն ունի նաեւ առարկայական հիմք։ Իր գործունեության ընթացքում Քոչարյանի անվան հետ են կապվել բազմաթիվ հանցագործություններ, օրենքների ու Սահմանադրության խախտումներ։ Դրանց մի մասը ակնհայտ են այնքան, եւ անգամ դատական քննության ու ապացուցման կարիք չունեն, մյուս մասը՝ հասարակության պատկերացումներում ամուր նստած են ու որեւէ նորմալ իշխանության պայմաններում անպայման դատական քննության առարկա պետք է դառնան։ Այս հեռանկարից խուսափելու միակ ճանապարհը իշխանության լծակները բաց չթողնելը, կրկին իշխանության գալն է։ Հակառակ դեպքում ամեն ինչ կործանվում է, գուցեւ շատ վատ վերջաբանով։

Ինչպես կմեկնաբանեք Քոչարյանի հայտարարությունը, որ եթե ինքը լիներ Նախագահ, ապա “Տեր-Պետրոսյանին նստեցրած կլիներ եւ այդպես կուղղեր իր 1998 թ. սխալը”։
Կմեկնաբանեմ որպես դատարկ, ճարահատ, ծիծաղելի հոխորտանք։ Իրականությունն այն է, որ իր լիակատար իշխանավարության ողջ ընթացքում Քոչարյանի թիվ մեկ խնդիրը (առանց չափազանցնելու) եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ որեւէ բան գտնելը։ Ու չի գտել։ Առաջին նախագահը այս բանը շատ լավ գիտեր, եւ այդ մասին ասել է հանրահավաքային իր ելույթներից մեկում։ Բայց, վստահ եմ, Քոչարյանը իր այս խոսքում նկատի չունի օրենքն ու օրինախախտումը, նկատի չունի, թե դրա համար եղել են հիմքեր ու ափսոսում է, որ ժամանակին այդ հիմքերը չի օգտագործել։ Նա նկատի ունի, որ եթե ինքը Նախագահ է, ուրեմն ամեն ինչ կարող է անել, կարող է հրամայել այսինչին նստեցնել ու վերջ։ Կարող է հրահանգել Պողոս Պողոսյանին սպանել եւ վերջ, դա իր իրավունքն է։ Ճիշտ այդպես՝ կարող էր հրամայել մարտի 1-ին կրակել, հարյուրավոր մարդկանց ձերբակալել, հազարարվորների հալածել... Քոչարյանը դրանով պարզապես ապացուցում է, որ իր ստեղծած ռեժիմին տրված ավազակապետական ու մոնղոլ-թաթարական բնորոշումները ճշգրին են ու գիտականորեն հիմնավորված։

Վերջին օրերին կրկին խոսվում է երրորդ ուժ ձեւավորելու մասին։ Որքանո՞վ է իրատեսական երրորդ ուժը։
Ներկա վարչախմբի զինանոցն իրականում սարսափելի աղքատ է։ Այդ զինանոցի ամենաարդյունավետ, գուցե եւ միակ արդյունավետ զենքը, միջոցը, կեղծ ընդդիմության գործիքն էր։ Եւ իրոք, այն 10 տարի շարունակ լավ աշխատեց։ Էությունը հետեւյալն էր. պետք է ոչ միայն վարձու ներբողագիրներ ունենալ, այլ նաեւ վարձու հայհոյողներ։ Վերջիններս շատ ավելի կարեւոր են, քանզի ապակողմնորոշում են հասարակության դժգոհ մասին ու նաեւ կառավարելի են։ Սակայն վերջին ընտրությունների ժամանակ, Համաժողովրդական շարժման շնորհիվ այն ջարդուփշուր եղավ։ Բարոյապես մեռան, ոչնչացան այն գործիչներն ու քաղաքական ուժերը, ովքեր համաձայնեցին վճարի դիմաց խաղալ այդ ամոթալի դերը։ Հիմա իր այս թանկարժեք գործիքը կորցրած վարչախումբը, բնականաբար, պետք է մտմտա դրանից նորը պատրաստել։ Կգտնվե՞ն մարդիկ կամ ուժեր, որոնք կհամաձայնեն անցնել նման ամոթալի ծառայության, թեկուզ՝ մեծ վճարի դիմաց։ Չգիտեմ։ Յուրաքանչյուրը բարոյականության մասին ունի իր պատկերացումները եւ սահմանումը։ Իմ կարծիքով նոր քաղաքական ու բարոյական ինքնասպեններ չեն գտնվի։ Իմ այս խոսքը երրորդ մի ուժի առաջացման հնարավորության մասին, անշուշտ, վերաբարում է տվյալ պահին, տվյալ քաղաքական իրավիճակին, երբ պայքարը ձեւով քաղաքական է, բովանդակությամբ՝ ազգային- ազատագրական։ Ազգային-ազատագրական պայքարի ժամանակ, որպես կանոն, երրորդ ուժ չի լինում։

Սերժ Սարգսյանն իր ասուլիսի ժամանակ հերքեց այն լուրերը, թե այսօր երկիրն իրականում ոչ թե ինքն է ղեկավարում, այլ՝ Քոչարյանը։ Մինչդեռ ընդդիմադիր տարբեր գործիչներ պնդում են հակառակի մասին։
Իրողությունն այնքան ակնհայտ է, որ պետք չէ գործիչ, կամ ընդդիմադիր գործիչ լինել դա նկատելու համար։ Դա նկատում են բոլորը։ Ընդ որում՝ զուգահեռ տարածվող այն խոսակցությունները, թե այս երկուսի հարաբերություններում նաեւ խնդիրներ կան, ամենեւին դրա դեմ չի խոսում։ Դա պարզապես նշանակում է, որ Քոչարյանը դեռեւս շարունակում է պարտադրել, թելադրել, ու նրա թելադրանքն անցնում է։ Իսկ թե ինչու է անցնում, դա յլ հարց է։ Եւ այդ ենթադրությունը միայն իրողություններից ու ակնհայտ փաստերից չէ, որ կարելի է արտածել։ Տեղի է ունենում ինֆորմացիայի հսկայական արտահոսք. իրողություններին ամեն օր մասնակից, ականատաս ու ականջալուր են լինում բարձրաստիճան ու միջին մակարդակի հարյուրավոր պաշտոնյաներ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ հիացած չեն այս վարչախմբով։ Ու հենց նրանց միջոցով այդ տեղեկությունները շատ արագ դառնում են շատերի սեփականությունը։ Ըստ այդմ՝ կառավարությունում Արմեն Գեւորգյանի դեմքով նստած է Ռ. Քոչարյանը, եւ բոլորի միաբերան վկայությամբ օժտված է անսահմանափակ լիազորություններով եւ Տիգրան Սարգսյանի նկատմամբ լիակատար վերահսկողությամբ։ Հստակ քոչարյանական “պրոյեկտ” է նաեւ Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ դարձնելու գործընթացը։ Խնդիրն այն է, որ հրաժարականի կամ այլ անակնկալ հանգամանքով Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, արտահերթ ընտրությունների շրջանում որպես Նախագահի պաշտոնակատար անվստահելի է “հին հանրապետական” Տ. Թորոսյանը։ Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը, որ “Քոչարյանի մարդն է”, գաղափարական ու բարոյական “բզիկներ” չունի, ամեն ինչի ընդունակ է, ուստիեւ՝ շատ ավելի վստահելի։

Պաշտոնավարման 100 օրվա առթիվ իր ասուլիսում Սերժ Սարգսյանը թեեւ հայտարարեց, որ ինքը թեեւ ուզում է երկխոսել ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ ժողովրդի հետ։ Եւ հիմնավորեց այսպես. “Ինչի՞ մասին մենք պետք է երկխոսենք։ Եթե մարդկանց պահանջը, նպատակը նոր ընտրությունների անցկացնելն է, ինչի՞ մասին մենք պետք է երկխոսենք. թե ե՞րբ անցկացնենք այդ ընտրությունները... Ես արդեն հոգնել եմ ընտրություններից”։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա ասածները։

Բնական է, որ Սերժ Սարգսյանը չի ընկալում կամ չի ուզում ընկալել, որ խոսքը ոչ թե կենցաղային իմաստով “երկխոսության” մասին է, այլ քաղաքական։ Ինչ վերաբերում է ժողովրդի կամ հասարակության հետ նրա երկխոսությանը, ապա դա, իրոք կայանում է. նա հեռուստացույցով խոսում է, հեռուստադիտողը ի պատասխան՝ նրան հայհոյում է։ Երկուսն էլ խոսում են, ուրեմն եւ ստացվեց երկխոսություն։ Յուրաքանչյուրն իր տանը նստած ինչքան ուզում է թող հայհոյի, դա նրան ձեռք է տալիս։ Միայն թե փողոց դուրս չգան։ Ինչ վերաբերում է նոր ընտրություններ անցկացնելուն։ Սերժ Սարգսյանը չի տարբերակում միջոցն ու նպատակը։ Նպատակը օրինական, չկեղծված ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումն է, իսկ նոր ընտրությունները ընդամենը միջոց է դրան հասնելու համար։ Նա, մեղմ ասած, գողացել է Սահմանադրությամբ ժողովրդին պատկանող իշխանությունը։ Ոչ թե գողացել, այլ հափշտակել է, օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ։ Հայաստանում չկա մեկը, ինքը՝ Սերժ Սարգսյանը ներառյալ, որ այլ կերպ է մտածում։ Պարզապես հասրակության մի փոքր մասը (ներառյալ ինքը՝ Ս. Սարգսյանը) ասում է՝ “կարողացել է՝ լավ է արել”, մի փոքր մասը անտարբեր է, իսկ մեծագույն մասը չի ուզում դա հանդուրժում ու չի հանդուրժելու։ Եւ ստեղծվել է բնական քաղաքական ճգնաժամ, որից ելքը՝ իրոք երկխոսությունը, բանակցությունն է իր՝ Ս. Սարգսյանի եւ հասարակության այդ մեծագույն մասի ներկայացուցչի միջեւ։

Ներկա փուլում ինչպե՞ս կգնահատեք Համաժողովրդական շարժման պայքարի ընթացքը։
Գերազանց։ Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, քաղաքական ուժերի պարզ մրցակցություն չէ իշխանության համար։ Դա իրոք ազգային-ազատագրական պայքար, եթե կուզեք՝ պատերազմ է։ Ընդունված է, որ ազգային-ազատագրական պայքարն ուղղված պետք է լինի օտարազգի տիրապետության դեմ։ Բնական է, քանզի օտարի լուծն է, որ հատկապես դաժան է լինում ու ստորացուցիչ։ Եթե իշխանությունը իրեն պահում է ճիշտ օտարի նման եւ ավելի վատ, նրա դեմ պայքարը ինքնաբերաբար դառնում է բնույթով ազգային-ազատագրական։ Եւ այստեղ ազգանվան վերջավորությունը ոչ մի դեր չի խաղում։ Մենք համոզված ենք, որ այս դեպքում արդյունքի հասնելու ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը պայքարի քաղաքական ու քաղաքակիրթ ձեւն է, ուժի բացառումը, օրենքների դաշտում մնալը։ Պատերազմում միշտ չէ որ հարձակվում ես կամ պաշտպանվում։ Եւ միշտ չէ, որ հաղթանակը հաձակումից է ծնդում։ Լինում է նաեւ դիրքային պայքարի շրջան կամ անհրաժեշտություն։ Գրագետ դիրքային պայքարը, որքան էլ ձանձրալի, հաճախ ավելի կարեւոր դեր է խաղում վերջնական հաղթանակի հասնելու համար։ Հիմա դիրքային պայքարի փուլ է, որտեղ ամենակարեւոր զենքը համբերությունն է։

«Հայք՞», 30.7.2008


Wednesday, July 9, 2008

ՍԻՆՅՈՐ ՌՈԲԻՆԶՈՆԸ, ՈՒՐԲԱԹԸ ԵՒ ԵԽԽՎ-Ը


Համաժողովրդական շարժման գնահատականը ԵԽԽՎ-ի 1620 բանաձեւին երկակի էին. մասամբ՝ դրական, մասամբ՝ բացասական։ Չարդարացա՞ն մեր սպասելիքները եւրոպական “արդարադատությունից”։
Ինչպես այդ, այնպես էլ նախորդ բանաձեւը կարող էին նաեւ չլինել, եթե չլիներ Շարժման անկոտրում պայքարը։ Մենք իրավացիորեն համարում էինք, որ Եւրոպայի Խորհուրդը, որպես օրբիտր, պետք է ելնի իր հռչակած սկզբունքներից, իր ստանձնած պարտավորություններից, լինի անաչառ իր գնահատականներում ու գործողություններում։ Ըստ էության մենք բախվեցինք երկու Եւրոպայի հետ։ Որքանով  մենք հանդիպեցինք Եւրոպային որպես քաղաքակրթության, համամարդկային արժեքների կրողի, այդքանով մեր բարձրացրած խնդիրները այստեղ համապատասխան արձագանք ու արդյունք ունեցան։ Որքանով այդ Եւրոպան կամ նրա կառույցները նաեւ բյուրոկրատացված են, ընդհուպ՝ կոռումպացված, կամ՝ հռչակված արժեքների քողի տակ իրականում հետապնդվում են նաեւ որոշ երկրների քաղաքական շահեր, այդքանով դեռ խնդիրներ ունենք։
Անհեթեթ չէ՞ր՝ “անբավարար” գնահետելով իրենց նախորդ 1609 բանաձեւի պահանջների կատարումը, նոր ժամանակ տալ Հայաստանի վարչախմբին եւ պատժամիջոցներ չկիրառել։
  Նման տրամաբանություն ես հիշում եմ “Սինյոր Ռոբինզոնը” կատակերգական ֆիլմից։ Ռոբինզոնը “Ուրբաթի” վայրի ցեղի ցեղապետից խնդրում է նրա ձեռքը։ Ցեղապետը որոշում կայացնելու համար մրցություններ է կազմակերպում Ռոբինզոնի եւ “Ուրբաթի” հետ ամուսնանալ հավակնող իր ցեղակից մի այլ տղամարդու հետ՝ որոշելու համար հաղթողին։ Ոչ մեկը չի կասկածում, որ մրցությունը նրա համար է, որ հաղթողը տիրանա “Ուրբաթին”։ Սինյոր Ռոբինզոնը բոլոր դեպքերում պարտվում է՝ “անբավարար” է ստանում։ Բայց վերջում “վոժդը” հայտարարում է իր խիստ “տրաբանական” վճիռը. քանի որ Ռոբինզոնը որպես տղամարդ կամքի, քաջության, ճարպկության եւ այլ ասպարազներում թույլ է եւ կարիք ունի հոգատարության ու խրախուսանքի, ուրեմն հենց նրան պետք է ամուսնանա “Ուրբաթի” հետ, որպեսզի խրախուսվի եւ վերջինիս օգնությամբ այդ պակասները կարողանա լրացնել։ Ճիշտ նույնպիսին էր ԵԽԽՎ-ի տրամաբանությունը. քանի որ Հայաստանի վարչախումբը քաղաքական կամքի, ժողովրդավարության ապահովման եւ այլ ասպարեզներում թուլության խնդիրներ ունի, ուրեմն նրան պետք է ոչ թե պատժել, այլ խրախուսել՝ նոր ժամկետներ եւ իշխելու հնարավորություն տալով, որ կարողանա հաղթահարել իր թուլությունները։ Այնպես որ՝ եթե քարե դանակից մինչեւ գերժամանակակից համակարգիչ մարդկությունը հսկայական ճանապարհ է անցել, ապա տրամաբանության հարցում կարծես թե այդ ճանապարհն այնքան էլ մեծ չէ։
Այսինքն՝ հավասարապես սխալ է Եւրոպան ե՛ւ անվերապահ իդեալականացնելը, ե՛ւ անվերապահ փնովելը։ Եթե հատկապես այստեղ է կուտակված համամարդակային դրականը, ապա հաճախ այստեղ է կուտակվում նաեւ բացասականը։ 1988-90 թթ. Հայկական ժողովրդավարական շարժումը դարձավ այն հիմնական գործոններից մեկը, որն իր պայքարով ոչ միայն ցուցադրեց Խորհրդային համակարգի փտածությունը, այլեւ ակտիվորեն նպաստեց դրա կազմաքանդմանը։ Հայաստանի այսօրվա, երկրորդ ժողովրդավարական շարժումը կարող է նույն դերը կատարել Եւրոպայի համար ու նպաստել նրա որոշ կառույցների ապաբյուրոկրատացմանն ու արմատական բարեփոխմանը։

Մի այլ խնդրի մասին. Շարժումը խիստ քննադատության ենթարկեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Ցեղասպանության խնդրի հետ կապված հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին։ ժամանակից շուտ չէ՞ր այդքան խիստ քննադատությունը։ Չէ՞ որ սա ընդամենը մի հայտարարություն է, որին կարող է, Թուրքիան, օրինակ, չարձագանքել եւ ամեն ինչ մնա նույնությամբ։
Ամենեւին ոչ։ Այն հայտարարվելու պահից արդեն իսկ սկսել է գործել՝ անկախ Թուրքիայի պատասխանից։ Թուրքական լոբբին հիմա արդեն այն որպես իր երազած լավագույն փաստարկ կարող է ծառայեցնել այն կառավավարությունների վրա ազդելու համար, որոնք կարող էին լինել Հայոց ցեղասպանության հերթական ճանաչողներ։ Տրամաբանությունը շատ պարզ է. Հայաստանի ղեկավարը ասում է՝ բացեք ճանապարհները եւ մենք դրա փոխարեն կհամաձայնենք ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով պատմական փաստերն ուսումնասիրելու եւ իրողությունը պարզելու համար։ Այսինքն՝ առեւտուր է արվում, եւ այն էլ ամենեւին ոչ քաղաքական առեւտուր։ Եւ Թուրքիան կասի՝ տեսեք, հայերն ընդամենը առեւտուր են անում. ճանապահրները բացելու դիմաց պատրաստ են հանձնաժողով ստեղծել պատմական փաստերն ստուգելու ու պարզելու համար։ Ուրեմն այն ինչ իրենք պատմական իրողություն են հայտարարում, իրենք էլ գիտեն, որ դա այդպես չէ, ընդամենն ուզում են դրանից օգուտ քաղել, իսկ դուք դա ուզում եք ճանաչել որպես անսակարկելի իրողություն։
Կամ՝ եթե Թուրքիան մի քիչ ավելին առաջարկի, քան ճանապարհների բացելը, կարելի՞ է դրա դիմաց, ասենք, պատմաբանների մի հանձնաժողով էլ ստեղծել պարզելու համար Արեւմտյան Հայաստանում հայերն են բնիկներ եղել, թե թուրքերը, կամ՝ այնտեղ գտնվող մեր մշակույթի հուշարձանները հայկական են, թե՞ “քրիստոնեացած թուրքերն” են կառուցել։ Չէ՞ որ հայերի բնիկ լինելն ու հուշարձանների հայկական լինելը եւ այլն նույնպիսի պատմական իրողություններ են, ինչպես Ցեղասպանությունը։ Եւ չէ՞ որ այս ամենն անբարոյականություն է։ Իսկ քաղաքականությունն, այնուամենայնիվ, անբարոյականություն չէ, եթե, իհարկե, դրանով այդպիսի մարդիկ չեն զբաղվում։
Ոմանք համարում են, թե այդպիսի մի հանձնաժողովից մենք մտավախություն չունենք։ Չէ՞ որ որեւէ փաստաթղթով անհնար կլինի հակառակն ապացուցել։
Պատկերացրեք՝ մարդուն ասում են, թե նա ոչ թե մարդ է, այլ ուղտ։ Մարդը ոչ մի կերպ չի համաձայնում, հետո նրան ասում են՝ արի կենդանաբանների համատեղ հանձնաժողով կազմենք, թող հանձնաժողովը ուսումնասիրի ու որոշի։ Եւ նա համաձայնում է։ Համաձայնելու պահից նա արդեն, իրոք, ոչ թե մարդ է, այլ, ըստ էության, ուղտ։
Կարելի է՞ ասել, որ Ռ. Քոչարյանն ավելի հեռատես է եղել, որ Էրդողանի՝ երեք տարի առաջ արած այս առաջարկը չի ընդունել։
Ո՛չ, չի կարելի։ Ես չեմ կարծում, թե նրանցից որեւէ մեկի համար արժե այդ բառն օգտագործել, քանզի բոլորովին այլ են նրանց ելակետերը։ Իսկ այս ասպարեզում Ռ. Քոչարյանն էլ է իր ծանրակշիռ “նպաստը” ժամանակին բերել։ Նա էլ թուրք լրագրողին տված իր մի հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանը Թուրքիայից հողային պահանջ չունի։ Իր ժամանակ դա մեծ աղմուկ հանեց։ Եւ այդ աղմուկ հանողը կրկին “ապազգային” ուժերն էին, իսկ իսկ խիստ ազգային դաշնակցական գաղափարախոսները նետվեցին պաշտպանելու Քոչարյանին։ Հիմա էլ նրանք ծպտուն չեն հանում։ Իսկ հիշո՞ւմ եք ինչ համաշխարհային աղմուկ էին հանում, երբ Լեւոն Տեր-պետրոսյանն էր ժամանակին խոսում առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ Համաձայն էին Հայաստանը պատերազմական տարիներին սովի մատնել՝ համարելով, թե Թուրքիայի ճանապարհներով հաց բերելը կվնասի “Հայ դատին”։ Հիմա Քոչարյանը հայտարարել է, թ հայաստանը հողային պահանջներ չունի Թուրքիայից, Սերժ Սարգսյանն էլ իր այս հայտարարությամբ ըստ էության կասկածի տակ դրեց Ցեղասպանության իրողությունը։ Դրանով “Հայ դատը” պրծավ, իսկ նրա հարյուրամյան “արթուն պահապանները” ինչ-որ քնած են։
Եւ ինչո՞ւ այդ հայտարարությունը Սերժ Սարգսյանը արեց հատկապես Ռուսաստան կատարած այցի ժամանակ։
Ճիշտ կլինի այդ հարցն իրեն տալ։ Չնայած, հարցն արդեն իսկ հռետորական է. չի բացառվում, որ դա եղել է Ռուսաստանի պահանջով։ Գուցե նաեւ հենց այդ հայտարարությունն է եղել այն պայմաններից մեկը, առանց որի տվյալ պաշտոնական այցը տեղի չէր ունենա։ Համենայնդեպս հիշենք, որ Ս. Պետերբուրգում Մեդվեդեւը նրան Ռուսաստան այցելելու հեռու ու անորոշ ժամանակ մատնանշող հրավեր էր արել՝ “մոտակա ամիսներին”, մինչդեռ հայկական կողմը նախապես հայտարարել եւ ամեն ինչ անում էր, որ նման այց, որպես Սերժ Սարգսյանի “լեգիտիմությունն ամրացնող” միջոցառում, կայանա օր առաջ։ Երեւի շատ են խնդրել, նրանք էլ պայման են դրել։ Իսկ թե ինչու կարող էին նման պայման դնել, այլ խնդիր է։ Համենայնդեպս, կարելի է չկասկածել, որ պետականության դարավոր ավանդույթ եւ դիվանագիտության փորձ ունեցող Ռուսաստանը շատ լավ է հասկանում սեփական շահերը։ Մեր խնդիրը մեր իշխանության վարքագիծն է, որ տվյալ դեպքում խնդիրներ ունի արդեն ոչ թե բարոյականության, այլ նաեւ Քրեական օրենսգրքի հետ։

«ժԱՄԱՆԱԿ ԵՐԵՒԱՆ», 09.07.08