Tuesday, September 20, 2016

Անշրջանցելի ու անխոցելի մեր անկախությունը


Այն, որ բոլոր ժողովուրդներն են իրենց պատմության ընթացքում ձգտել անկախ պետականության, նշանակում է, թե դա է ազգի գոյատեւման, զարգացման ու բարգավաճման, ազատության ապահովման ամենակարեւոր երաշխիքը։ Որպես այդպիսին՝ անկախ պետականությունը ցանկալի է ազգի, հասարակության բոլոր խավերին։ Ուստիեւ հասկանալի է, թե ինչու անկախության համար պայքարները, որպես կանոն, համազգային բնույթ եւ ընդգրկում են ձեռք բերում։
Առավել հայտնի պատմության ընթացքում ութ անգամ է եղել, որ Հայաստանն անկախություն է ձեռք բերել, պետականություն ստեղծել (առաջինի շուրջ գիտության մեջ բանավեճեր կան)։
Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով հիշենք Հայոց պատմության, Հայաստանի ու հայ ժողովրդի գոյության այդ ութ սյուները.
Մ.թ.ա. 860 թ. Բիայնիլի- Նաիրի- Ուրարտու-Արարատյան պետություն։ Հիմնադիր արքա՝ Արամե։ Պետականության տեւողությունը՝ մոտ 270 տարի։
Մ.թ.ա. 570 թ. Երվանդունիների Հայկական պետություն, հիմնադիր տոհմ՝ Երվանդունիներ, հիմնադիր արքա՝ Երվանդ Սակավակյաց։ Տեւողությունը՝ մոտ 400 տարի։
Մ.թ.ա. 189 թ. Արտաշիսյան Հայկական պետություն, հիմնադիր՝ Արտաշիսյան արքայատոհմ, հիմնադիր արքա՝ Արտաշես Առաջին։ Տեւողությունը՝ մոտ 190 տարի։
Մ.թ. 66 թ. Արշակունյաց Հայկական պետություն, հիմնադիր տոհմ՝ Պարթեւներ, հիմնադիր արքա՝ Տրդատ Առաջին։ Տեւողությունը՝ 362 տարի։
885 թ. Բագրատունյաց Հայկական պետություն, հիմնադիր տոհմ՝ Բագրատունիներ, հիմնադիր արքա՝ Աշոտ Առաջին։ Տեւողությունը՝ 160 տարի։
1198 թ. Կիլիկյան Հայկական պետություն, հիմնադիր տոհմ՝ Ռուբինյաններ, հիմնադիր արքա՝ Լեւոն Երկրորդ։ Տեւողությունը՝ մոտ 180 տարի։
1918 թ. Հայաստանի Հանրապետություն, հիմնադիր քաղաքական ուժ՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, առաջին վարչապետ ՝ Հովհաննես Քաջազնունի։ Տեւողությունը՝ 2,5  տարի։
1991 թ. Հայաստանի Հանրապետություն, հիմնադիր քաղաքական ուժ՝ Հայոց համազգային շարժում, հիմնադիր նախագահ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան։ Տեւողությունը՝ արդեն 25 տարի։
Հայոց երեքհազարամյա պատմության ընթացքում՝ ընդամենը ութ սերունդ, որոնք բախտ են ունեցել անկախություն կերտելու, եւ ութ պետական-քաղաքական գործիչ, որ անկախ պետականության հիմնադիրներ են։
Ընդհանուր հաշվով՝ մոտ 1600 տարվա անկախ հայկական պետականություն՝ մոտ երեք հազարամյակի ընթացքում։ Չհաշված` տարբեր ժամանակներում տասնամյակներով, երբեմն՝ դարերով ձգվող փաստական անկախության շրջանները, ինչպես, օրինակ՝ Մարզպանական շրջանը (5-7-րդ դարեր), Իշխանական շրջանը (7-9-րդ դարեր) Զաքարյանների շրջանը (12-13-րդ դարեր), Խորհրդային Հայաստանը եւ այլն։ Կասկածից վեր է, որ պետականության այս ահռելի պաշարն ու ավանդույթն է, որ ապահովել է հայ ժողովրդի գոյատեւումը՝ եզակիներից մեկը իր հասակակից ժողովուրդների մեջ։
Պետականությունն այնքան ավելի ամուր ու հարատեւ է, որքան հիմնված է առողջ քաղաքական մտքի, պետականության կենսունակ հիմնադրույթների վրա։ Ներքին այս գործոնն է առաջնայինը։ Արտաքին գործոնները կարող են բարենպաստ դեր խաղալ անկախության ձեռքբերման ու պահպանման գործում, եթե ապահովված է ներքին գործոնը։ Այլապես՝ պատմության ընձեռած բարեպատեհ առիթները կարող են չիրացվել։ Արտաքին գործոնները կարող են պետականության կորստյան պատճառ դառնալ, եթե վտանգված է ներքին գործոնը՝ տկարացած է քաղաքական միտքը, եւ խեղաթյուրված են պետականության հիմնադրույթները։ Այսինքն՝ երբ անկախությունը չի կատարում ազգի (նրա բոլոր խավերը ներառյալ) գոյատեւման, զարգացման, բարգավաճման, ազատության ապահովման իր բուն գործառույթը։ Իսկ դա տեղի է ունենում, երբ պետական իշխանությունը օրինակարգության կորստի կամ այլ պատճառով այլասերվում, աղճատվում է։
Ասել է թե՝ անկախության, որպես ազգի, նրա յուրաքանչյուր անդամի լավագույն կյանքի ապահովման պայմանի եւ ազատության երաշխիքի ձեռքբերումն ու կայացումը ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին խոչընդոտների հաղթահարման խնդիր է։ Հաճախ՝ ավելի շատ ներքին։ Եւ այս վերջինն ավելի կարեւոր է, քան առաջինը։ Օտար տիրապետությունը համախմբում է ազգը, պահում նրա կենսունակությունը՝ անկախության եւ ազատության հասնելու հեռանկարով։ Անկախության պայմաններում սեփական իշխանության ոչ օրինակարգությունը, այլասերվածությունը, օտարաբնույթ էությունը բարոյալքում են ազգը, մատնում հուսահատության ու կազմալուծման։ Մարդկանց ընկալումներում անկախությունը նույնանում է չարորակ իշխանության հետ, աղավաղվում են անկախության մասին հասարակական պատկերացումները՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով պետականության կորստի համար։
Անկախությունը ծանրագույն մարտահրավեր, պատասխանատու քննություն է բոլոր դեպքերում։ «Անկախության պատրաստ լինել» չարչրկված արտահայտության տակ ոչ մի այլ բան չպետք է փնտրել, բացի հասարակությանն առաջնորդող ուժի քաղաքական մտքի որակից, պետականության, իշխանության մասին նրանց պատկերացումներից։ 1991 թ. անկախության մարտահրավերը մեզ համար ծանրագույններից էր բոլոր պարամետրերով։ Ծանրագույնն էր՝ համեմատած նաեւ մեկուկես տասնյակ նորանկախ երկրների մարտահրավերների համեմատ։ Դրան նախորդած՝ Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման շնորհիվ Հայաստանը քաղաքական իմաստով ամենապատրաստն էր անկախությանը։ Հայ քաղաքական միտքը, ի դեմս Հայոց համազգային շարժման ծրագրի, որդեգրած պետականության հիմնադրույթների եւ իրատեսական քաղաքական գործելակերպի՝ կարողացավ պատվով հանձնել այդ քննությունը, դիմագրավել բոլոր մարտահրավերները՝ հաղթահարելով անկախության ճանապարհի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին բոլոր խոչընդոտները։ 1991 թ. սեպտեմբերի 21-ին համաժողովրդական կամքով վավերացված անկախությունն ապացուցեց, որ երկրի հզորության հիմքում, տարածքային, մարդկային, տնտեսական ռեսուրսներից զատ՝ նույնքան, գուցե ավելի կարեւոր է հենց քաղաքական ռեսուրսը՝ ի դեմս առողջ քաղաքական մտքի, պետականության կենսունակ հիմնադրույթների, իրատես քաղաքական գործելակերպի։ Հենց այդ հիմքի վրա է, որ հնարավոր եղավ նվազագույն ռեսուրսներով ապահովել առավելագույն քաղաքական արդյունք՝ աներեւակայելի անգամ 1991-ին։
Հայոց համազգային շարժման քաղաքական մտածելակերպի, հեռատեսության առարկայացման բարձրակետերից էր անկախության հռչակումը համաժողովրդական հանրաքվեով՝ հաղթահարելով, մի կողմից՝ հակաանկախական ուժերի դիմադրությունը, մյուս կողմից՝ մանկամիտ արմատականությունը։ Նախկին խորհրդային հանրապետություններից Հայաստանը միակն է, որ ժամանակին գործող ԽՍՀՄ օրենքի տառի պահպանմամբ, համաժողովրդական հանրաքվեով հռչակեց իր անկախությունը՝ այն անշրջանցելի ու անխոցելի դարձնելով արտաքին ցանկացած վտանգի դեմ, բոլոր ժամանակներում։

Հայաստանի անկախությունը նրա յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունն է, իր կյանքն ապահով, արժանապատիվ ու երջանիկ դարձնելու միջոցը։ Բայց այն նաեւ մնում է որպես պատասխանատու քննություն յուրաքանչյուրի համար։ Հանձնել այդ քննությունը՝ նշանակում է չծախել ձայնը, կարողանալ զանազանել քաղաքական գործունեությունը քաղաքական խեղկատակությունից ու քաղաքականության վրա արվող բիզնեսից։
Հայաստանի այս անկախությունը պետք է լինի վերջինը։
 Արտաքին որեւէ գործոն, որեւէ հարեւան կամ գերտերություն չի կարող վտանգ ներկայացնել դրան։ Միակ վտանգը կարող է լինել ներքին գործոնը՝ քաղաքական մտքի տկարացումը, հասարակության կողմից ոչ օրինակարգ եւ այլասերված իշխանության հանդուրժումը։
Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ՝
Շնորհավորանքներ անկախության սերնդին՝ բոլոր նրանց, ովքեր 1991 թ. սեպտեմբերի 21-ին մասնակցել են անկախության հանրաքվեին, նաեւ նրանց, ովքեր տարիքի ու այլ հանգամանքների բերումով դա չեն կարողացել անել։
Շնորհավորանքներ Հայաստանի անկախությունը ձեռք բերած ու պետականությունը կայացրած քաղաքական ուժին, նրա ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։
Շնորհավորանքներ նրանց, ովքեր պայքարել ու պայքարում են ընդդեմ անկախ պետականությանն սպառնացող միակ՝ ներքին վտանգի՝ իշխանության այլասերման, եւ հանուն անկախությանը վայել օրինակարգ եւ օրինավոր իշխանության վերականգնման։

http://www.ilur.am/news/view/55751.html

Friday, September 16, 2016

Գիրք՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ


Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ Հայ ազգային կոնգրեսի եւ «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության ջանքերով լույս է ընծայվել փաստաթղթերի մի ժողովածու։ Գրքում ամփոփված փաստաթղթերը Հայաստանի անկախության ձեռքբերման պատմության ողնաշարը կազմող հիմնական վավերագրերն են (1988-1991 թթ.)։ Ստորեւ ներկայացնում ենք գիրքը պատրաստողների՝ Բաբկեն Արարքցյանի եւ Աշոտ Սարգսյանի ներածական «ԵՐԿՈՒ ԽՈՍՔԸ»
Անկախության օրը բոլոր ազգերի տոնացույցերում առաջինն է, ամենակարեւորը։
Հայաստանի անկախության օրը սեպտեմբերի 21-ն է. 25 տարի առաջ, 1991 թվականին այդ օրն է տեղի ունեցել Հայաստանի անկախության հանրաքվեն՝ արձանագրելով, փաստորեն, միաձայն դրական արդյունք։
Անկախության ձեռքբերումը ակտ չէր՝ արձանագրված սեպտեմբերի 21-ի հանրաքվեով ։ Այն շատ լուրջ ու պատասխանատու քաղաքական մի գործընթացի արդյունք էր՝ 1988 թվականից ծայր առած համաժողովրդական պայքարի՝ Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման օրակարգի գլխավոր հարցի լուծում։ Սեպտեմբերի 21-ը հանուն անկախության պայքարի այդ ընթացքի քաղաքական բարձրակետն էր։
Սույն ժողովածուի ամփոփած փաստաթղթերը Հայաստանի անկախության ձեռքբերման պատմության ողնաշարը կազմող հիմնական վավերագրերն են։
Անկախության հարցը Ղարաբաղյան շարժման առանցքագաղափար դարձավ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի համար պայքարի առաջին 3-4 ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ ԽՍՀՄ պայմաններում խնդիրը դատապարտված է փակուղի մտնելու։ Շարժման՝ մայիսի վերջին ձեւավորված նոր ղեկավար մարմինը՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն («Ղարաբաղ» կոմիտե), հարցի հետապնդման շարունակականության ապահովման ելքը տեսավ Ղարաբաղի խնդիրը ընդհանուր ժողովրդավարական խնդիրների վրա խարսխելու մեջ՝ ըստ էության, անկախության ձեռքբերման մեջ տեսնելով այդ ու ցանկացած այլ ազգային հարցի լուծման բանալին։
Հենց քաղաքական եզրահանգման այս հիմքի վրա է կառուցված Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի հեղինակած եւ 1988 թվականի օգոստոսի 19-ին հրապարակած «Հայոց համազգային շարժման ծրագիր» փաստաթուղթը, ինչը, որպես քաղաքական ծրագիր, աննախադեպ էր ոչ միայն խորհրդային տոտալիտար համակարգի պայմաններում, այլեւ հայ քաղաքական մտքի պատմության մեջ։ Դրանով միաժամանակ հռչակվեց Ղարաբաղյան համաժողովրդական շարժման քաղաքական կառույցի՝ Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) կազմավորումը։
Շարժման ու նրա ղեկավարության համար անկախության գաղափարը զանգվածների վրա ազդելու դեկլարատիվ գործիք չէր, այլ լրջագույն ու պատասխանատու խնդիր, որը չէր կարելի վտանգել ո՛չ շտապողականությամբ, ո՛չ էլ դանդաղելով։ ՀՀՇ վերոհիշյալ ծրագրում չի օգտագործվում «անկախություն» բառը։ Մյուս կողմից, սակայն, Ծրագիրը «գաղափարական սկզբունքների» տեսքով պարունակում էր անկախ պետականության բոլոր հիմնադրույթները։
Դեռ կոմունիստական իշխանության պայմաններում Շարժման ճնշման տակ Հայաստանի Գերագույն խորհուրդը ստիպված եղավ ընդունել տասնյակ որոշումներ, որոնք բխում էին ՀՀՇ ծրագրում արձանագրված խնդիրներից եւ անկախության տանող քայլեր էին ըստ էության։ Սույն ժողովածուում ընդգրկված են դրանցից մի քանիսը։
Խորհրդային Միությունում ծավալված ժողովրդավարական շարժումների մեջ Ղարաբաղյան շարժումը ոչ միայն առաջինն էր ժամանակագրորեն, այլեւ առաջամարտիկը, եւ այդպիսին մնաց (վերջին մեկուկես տարում արդեն որպես իշխանություն) ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ վախճանը 1991 թվականի դեկտեմբերին։
Քառամյա այս պայքարում Հայաստանի անկախության խնդիրը հետապնդող եւ անկախությունը կայացրած քաղաքական ուժը՝ Հայոց համազգային շարժումը, մերժեց հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումները, երբեք չտրվեց ժողովրդահաճության գայթակղությանը, առաջնորդվելով իրատես քաղաքականությամբ։ Դրա շնորհիվ անկախության ճանապարհին կատարված քայլերն ու ընդունված որոշումները մի կողմից՝ ճշգրիտ հաշվարկի ու քաղաքական հետեւողականության, մյուս կողմից՝ երկրի ու ժողովրդի անվտանգության ու ապահովության մտահոգության հստակ դրսեւորումներ են։
Հրապարակվող փաստաթղթերը նաեւ այս պնդման ապացույցներն են։
Շուրջ երկու տարի Հայոց համազգային շարժումը հետեւողականորեն ու անմնացորդ ժողովրդավարական պայքարի շնորհիվ ոչ միայն միջազգային բարձր հեղինակություն էր վաստակել, այլեւ ամբողջությամբ փոխել էր հանրապետության հասարակական մթնոլորտը։ Դրա շնորհիվ է, որ 1990 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում այս քաղաքական ուժն անվիճելի հաղթանակի հասավ՝ վերջ դնելով կոմունիստական 70-ամյա իշխանությանը։
Հայոց համազգային շարժման իշխանության գալուց անմիջապես հետո, հաղթահարելով կենտրոնական իշխանության ճնշումներն ու սադրանքները, Հայաստանը գործում էր որպես փաստական անկախ պետություն՝ նաեւ օրենսդրորեն ամրապնդելով իր այդ կարգավիճակը։ 1990  թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը, որով հայտարարվում էր «անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։ Դրան հաջորդեցին օրենքներն ու սահմանադրությունը Հռչակագրին համապատասխանեցնելու օրենքներ եւ որոշումներ։
Մինչեւ սեպտեմբերի 21-ի հանրաքվեի իրականացումը Հայաստանի նոր՝ ժողովրդավար իշխանությունը սառնասրտորեն ու ճշգրիտ հաշվարկներով կարողացավ հաջողությամբ հաղթահարել կամ շրջանցել արտաքին՝ խորհրդային կենտրոնի հարուցած մանր ու մեծ խոչընդոտները։ Նույն կերպ հնարավոր եղավ չեզոքացնել նաեւ ոչ պակաս վտանգավոր ներքին՝ կեղծ ազգայնականության, քաղաքական պոպուլիզմի վրա հենված ընդդիմացումներն ու խարդավանքները։
Հայաստանը ԽՍՀՄ հանրապետություններից միակն է, որ իր անկախությանը հասավ ԽՍՀՄ գործող օրենքներին եւ միջազգային չափանիշներին լրիվ համապատասխան, դրանով իսկ իրավական առումով անխոցելի դարձնելով այն։
Ժամանակագրական կարգով հրապարակվող փաստաթղթերը ցույց են տալիս այդ ճանապարհը, ինչպես նաեւ ցուցադրում են անկախության այդ գործընթացի բարձր քաղաքական որակն ու հարգը։
 «Հայաստանի անկախության մասին հռչակագրի» ընդունումը, դրանով պաշտոնապես «անկախության գործընթացի սկիզբը» հայտարարելուց 558 օր հետո, 1992 թվականի մարտի 2-ին Հայաստանը, որպես անկախ պետություն, դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ, եւ նրա Եռագույն դրոշը ծածանվեց միջազգային այդ կազմակերպության շենքի վրա։

http://www.ilur.am/news/view/55714.html

Monday, September 5, 2016

Ինչպես տապալել Ղարաբաղի հարցը կամ օգնել Ադրբեջանին


Մի քանի օր առաջ «Մոդուս վիվենդի» կետրոնի ղեկավար եւ քաղաքագետ ներկայացող Արա Պապյանը Ղարաբաղի հիմնախնդրի առիթով հետեւյալ նորագույն մտքերն է հայտնել.
  1. Լեռնային Ղարաբաղի հարցում «արմատապես անհրաժեշտ է փոխել բանակցային գործընթացի և՛ հիմքը, և՛ սկզբունքները»։ Նա համարում է, որ բանակացություններում պետք է դադարել հենվել ինքնորոշման սկզբունքի վրա։
  2. «... պետք է վերադառնանք այնպիսի միջազգային իրավունքի սկզբունքի, որը մեզ հնարավորություն է տալիս ամբողջ վերահսկվող տարածքը դիտարկել որպես Հայաստանի տարածք: Այդպիսի իրավական սկզբունքներից է Վիլսոնի «Իրավարար վճիռներ»-ը, որի մեջ ներառված է Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի առաջարկ-զեկույցը, որտեղ հստակորեն նշված է, որ ԼՂՀ-ն հանդիսանում է Հայաստանի մաս»:
Հեղափոխական այս մտքերի առիթով անենք մի քանի արձանագրումներ։
Ընթերցողին կողմնորոշեու համար հենց սկզբից ասենք, որ «Վիլսոնի իրավարար վճիռները» միջազգային իրավունքի սկզբունք կոչելը մոլորեցնող հնարք է, թե, իբր, միջազգային մի սկզբունքը ընդամենը փոխարինվում է միջազգային հավասարազոր մի այլ սկզբունքով։ Վիլսոնի վճիռները վաղուց, ցավոք, ոչ մի կապ չունեն ժամանակակից, գործող միջազգային իրավունքի ու նրա սկզբունքների հետ։ Դրանք կարող են վերաբերել պատմական իրավունքի բնագավառին, եւ խոսքն էլ հենց դրա մասին է, ուստիեւ այդ հասկացությունն էլ կօգտագործենք մեր դիտարկումներում։
Լեռնային Ղարաբաղի՝ միջազգային հարաբերություններում այսօր գոյություն ունեցող խնդիրն սկիզբ է առել 1988 թվականի փետրվարի 20-ի՝ ԼՂԻՄ մարզխորհրդի հայտնի որոշմամբ։ Քանի դեռ կար ԽՍՀՄ-ը, այն իր լուծման մեխանիզմներով ներխորհրդային հարց էր, ԽՍՀՄ-ից հետո դարձավ միջազգային հարց։
Արդ, սկսած փետրվարի 20-ի հիշյալ որոշումից առ այսօր,Ղարաբաղի խնդրի հետ կապված՝ ԼՂԻՄ-ի, Հայաստանում Ղարաբաղյան շարժման, Հայաստանի բոլոր պաշտոնական փաստաթղթերը, որպես խնդրի լուծման ելակետ ու հիմք՝ անվերապահորեն ունեցել են եւ ունեն ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ (այն ամրագրված էր նաեւ ԽՍՀՄ սահմանադրությամբ)։
Ո՛չ Ղարաբաղում, ո՛չ Հայաստանում չի եղել որեւէ իշխանություն, իրավասու որեւէ պաշտոնյա, որը փորձի շեղվել այս գծից։ Եւ դա՝ ի հեճուկս հայ հասարակության, թերեւս, առավել մեծ, բայց միջազգային իրավունքին ու քաղաքական նրբություններին քիչ ծանոթ մասի, որի համար, բնականաբար, պատմական իրավունքի վկայակոչումը շատ ավելի հաճելի, դյուրամարս ու ականջ շոյող կլիներ, քան՝ արդի աշխարհում միջազգային իրավունքի նրբությունները։ Ո՛չ Ղարաբաղյան շարժումը, ո՛չ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի որեւէ իշխանություն չի տրվել այս հարցում ժողովրդահաճ երեւալու՝ որպես լուծման հիմք՝ պատմական իրավունքը վկայակոչելու գայթակղությանը։
Մյուս կողմից, այդ ամբողջ ընթացքում ադրբեջանական կողմն ամեն կերպ եւ հետեւողականորեն աշխատել է Ղարաբաղի հարցը ներկայացնել որպես Հայաստանի կողմից պատմական իրավունքի հիման վրա հողային պահանջատիրության դրսեւորում ու փորձել դրանում համոզել միջազգային հանրությանը։
Ինչո՞ւ են այդչափ հետեւողական եղել երկու կողմերը՝ յուրաքանչյուրն իր գծում։
Շատ պարզ պատճառով։ Միջազգային հարաբերությունների հարց դարձած Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բնականաբար, պետք է լուծվի այսօր գործող միջազգային իրավունքի շրջանակներում։ Վերջինս ընդունում է ազգերի ինքնորոշման սկզբունքը՝ որպես նմանօրինակ հարցերի լուծման պլատֆորմ։ Նույն միջազգային իրավունքը կտրականապես մերժում է պատմական իրավունքը, դրա վրա հենված հողային որեւէ պահանջատիրություն։ Եթե 1988 թվականից առ այսօր Ղարաբաղի կամ Հայաստանի որեւէ իշխանություն տեղափոխեր խնդիրը պատմական իրավունքի հարթություն, հաջորդ պահից Ղարաբաղի խնդիրը կարելի էր համարել փակված՝ հօգուտ Ադրբեջանի։
Հիմա՝ տեսական երկու հարցադրում:
Ենթադրենք՝ Հայաստանի հատուկ ծառայությունները խնդիր են դնում ադրբեջանական հասարակության մեջ տարածել այնպիսի պատկերացումներ, որոնք կնպաստեին Ղարաբաղի խնդրի՝ մեր ուզած ձեւով լուծմանը, եւ Ադրբեջանում գտնում են նման հանձնարարություն ստանձնող մարդիկ։ Ի՞նչ պետք է հանձնարարվեր նման մարդկանց։ Բնականաբար՝ ո՛չ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը հիմնավորելն ու քարոզելը։ Դա անհնար ու անհեթեթ կլիներ։ Ընդհակառակը՝ նրանց պետք է հանձնարարվեր հանդես գալ կոշտ ազգայնական դիրքերից՝ որ Լեռնային Ղարաբաղի խնդիր ընդհանրապես գոյություն չունի, որ հայերին այսքան ժամանակ հանդուրժել են «Ադրբեջանի բնիկ տարածք» Ղարաբաղում, հիմա նրանց պետք է ոչնչացնել կամ պարզապես վռնդել այնտեղից։ Դա, անշուշտ, կշոյեր ադրբեջանական հասարակության ականջը։ Բայց դա նաեւ միջազգային ասպարեզում կաշխատեր հօգուտ Ղարաբաղի՝ ակնհայտ դարձնելով, որ Ղարաբաղը որեւէ կարգավիճակով չի կարող մնալ ու գոյատեւել Ադրբեջանի կազմում։ Եւ այսօր էլ հայկական կողմի՝ հօգուտ Ղարաբաղի անկախության հիմնավորումների մեջ անշրջանցելի են այսպիսի փաստարկերը, որ Ադրբեջանը առատորեն տվել է Սումգայիթից սկսած։
Հիմա ենթադրենք, թե Ադրբեջանի հատուկ ծառայություններն են  խնդիր դնում հայկական հասարակության մեջ տարածել այնպիսի պատկերացումներ, որոնք կնպաստեին Ղարաբաղի խնդրի՝ իրենց ուզած ձեւով լուծմանը, եւ Հայաստանում գտնում են նման հանձնարարություն կատարելու պատրաստ մարդիկ։ Ի՞նչ պետք է հանձնարարվեր նման մարդկանց։ Բնականաբար՝ ո՛չ Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին քարոզելը։ Դա եւս անհնար ու անհեթեթ կլիներ։ Նրանց պետք է հանձնարարվեր տարածել այնպիսի համոզմունքներ, որոնք, հայ հասարակության համար ականջահաճո լինելով, կտրականապես մերժվում են միջազգային հանրության կողմից։ Եւ դա այլ բան չէ, քան՝ հարցի լուծումը պատմական իրավունքի հարթություն տեղափոխելը, ինչը եւ անում է Արա Պապյանը։
Հիմա՝ երկու առարկայական արձանագրում։
1. Նախ ասենք, որ, անկախ այն բանից, թե Ղարաբաղի մասին ի՞նչ գրված կլիներ Վիլսոնի իրավարար վճռում, այսօր դա անօգտագործելի է։
Բայց կարծես թե հիշյալ փաստաթղթում ոչինչ չի գրված Ղարաբաղի մասին։ Համացանցում մեր գտած երկու փաստաթղթերում՝ Վիլսոնի «Իրավարար վճռի» եւ Դաշնակից պետությունների Գերագույն խորհրդին  ուղղված՝ նրա պաշտոնական նամակում չհաջողվեց գտնել Ղարաբաղ բառը։ Վիլսոնի Պաշտոնական նամակն սկսվում է հետեւյալ տողով. «Գերագույն խորհրդի սույն թվականի ապրիլի 26-ի որոշմամբ ինձ փոխանցվեց պաշտոնական առաջարկ` որոշելու Թուրքիայիև Հայաստանի նորաստեղծ պետության միջև սահմանների խնդիրը»: Այսինքն՝ Վիլսոնը պետք է լուծեր միայն Հայաստան-Թուրքիա սահմանի խնդիրը։ Ու նրա վճիռն արտացոլող համապատասխան քարտեզն էլ հենց այդ սահմանն է ցուցադրում։ Վիլսոնի խնդիրը չէր որոշել Հայաստանի սահմանները նաեւ հարեւան մյուս երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի հետ։ Այդ փաստաթղթերում չգտանք նաեւ որեւէ հիշատակություն «Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի առաջարկ-զեկույցի» մասին, որում պիտի արձանագրված լիներ Ղարաբաղի՝ Հայաստանի մաս լինելը, եւ որը նույնությամբ պետք է զետեղված լիներ Վիլսոնի Վճռում (որտեղ երկու փաստաթղթերն էլ ներկայացված են որպես ամբողջական)։

2. Արա Պապյանի կենսագրականում  «Դիվանագիտական կարիերա» վերնագրի տակ

 կարդում ենք. «Երկար տարիներ աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում եղել է ԱԳՆ բազմաթիվ վարչությունների քարտուղար և պետ։ Աշխատել է որպես քարտուղար Թեհրանում և Բուխարեստում: Հետագայում նշանակվել է որպես Հասարակության հետ կապերի վարչության պետ։ 2000-2006 թվականներին եղել է Կանադայում Հայաստանի արտակարգ և լիզոր դեսպան»։
Հետաքրքիր է՝ իր դիվանագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում Պապյանը երբեւէ պաշտոնապես Հայաստանի իշխանությանն առաջարկե՞լ է կամ հրապարակավ արտահայտվե՞լ է այն մասին, որ Ղարաբաղի հարցը ինքնորոշման իրավունքի հարթության վրա հետապնդելը սխալ է, եւ պետք է այն տեղափոխել պատմական իրավունքի հարթություն՝ ապավինելով Վիլսոնի իրավարար վճռին։ Թե՞ նրա «դիվանագիտական կարիերան» ավարտվել է հենց այն պահին, երբ այդպիսի մի զեկույց է ներկայացրել վերադասին։

http://www.ilur.am/news/view/55572.html