Thursday, September 17, 2015

Պետական հեղաշրջման ճանապարհին


Սերժ Սարգսյանը սկսել է հերթական պետական հեղաշրջումը՝ իշխանության յուրացման հստակ ծրագրով։ Որպես այդպիսին՝ այն ծանրագույն հանցագործություն է՝ արձանագրված նաեւ Սահմանադրությամբ։
Դա գերնպատակ է նրա համար, իդեա-ֆիքս, յուրատեսակ կենաց ու մահու խնդիր։ Նման դեպքերում մարդու հոգեբանության մեջ որակական փոփոխություններ են տեղի ունենում. տեղի է տալիս քաղաքական բանականությունը եւ արժանապատվության զգացումը։ Այս դեպքում ոչ մի նշանակություն չունի, թե ինչ կարժենա դրված նպատակի իրագործումը։ Քաղաքական բանականությունը եւ արժանապատվությունը կորցրած մարդը գերնպատակին կարող է զոհաբերել ամեն ինչ՝ սեփական արժանապատվությունից սկսած մինչեւ ողջ երկիրն ու ժողովրդին։ Եւ սա՝ առանց դույզն չափազանցության։
Եւ պետական այս հեղաշրջման դեպքում խնդիրն ամենեւին էլ Ս. Սարգսյանի իշխանության ցմահ հավերժացումը չէ, ոչ էլ Հայաստանում կուսակցապետության ստեղծումը։ Ուրիշ երկրներ դրանից կարող են վնասվել, կորցնել, բայց ինչ-որ պահի, վերականգնելով օրինակարգ իշխանությունը, շատ բան կարող են ետ բերել, շարունակել ապրել ու զարգանալ։ Ռեսուրսների հարց է։ Հայաստանի ռեսուրսները չափազանց սակավ են նման մի փորձության հաղթահարման համար։ Հայաստանը պարզապես կարող է դադարել գոյություն ունենալ որպես հայկական պետություն, որպես հայ ժողովրդի ազգային գոյատեւման եւ զարգացման միակ հիմք։ Միայն ժողովրդագրական աղետը, ինչի հետեւանքներին ու ահագնացող տեմպերին ականատես ենք, արդեն դրա անհերքելի ապացույցն է։ Հեղաշրջման հաջողության դեպքում այդ տեմպերն ավելի են մեծանալու։ Այսօր արդեն Հայաստանում կրկնակի պակաս է այն կրիտիկական զանգվածը, որի պայմաններում ազգային գրականությունն ու մշակույթը կարող են սպառող ունենալ։ Սպառող չունենալով՝ հայ ազգային գրականությունն ու մշակույթը մարելու-վերանալու են։ Սփյուռքն այս դեպքում միայն կործանարար գործընթացներն արագացնողի դեր է խաղալու։ Այսպես շարունակվելու դեպքում հայերեն ուսուցումն ու հայկական կրթությունն է զրկվելու հեռանկարից ու պահանջարկից։ Պետական գաղտնիքի կրող ու դրանց համար պատասխանատու չլինելով անգամ՝ շատ բաների մասին չես ուզում գրել այնպես, ինչպես դրանք կան։
Քաղաքական բանականության կորուստը չի խանգարում, որ Սերժ Սարգսյանը տեսնի, գիտակցի, հասկանա այս ամենը։ Բայց քաղաքական բանականության եւ արժանապատվության կորուստ՝ նշանակում է, թե Հայաստանի ու հայ ժողովրդի որեւէ, ամենասահմռկեցուցիչ հեռանկար անգամ չի կարող մարդուն ետ պահել այն քայլից, որ նա անում է սեփական անձի համար։
2000 թվականից (1997 թ. Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո) ձեւավորված ռեժիմի հիմնական քաղաքական արդյունքը շատերն են արդեն բնորոշել որպես սեփական ժողովրդի նկատմամբ իրականացվող ազգասպանություն, ցեղասպանություն։ Եւ մեկ անգամ չէ, որ նույն այդ ժողովուրդն ընդվզել է ռեժիմի դեմ։ Փաստ է, որ ի սկզբանե եւ առ այսօր այս ռեժիմը երբեւէ ժողովրդի քվեն չի ստացել իշխանություն դառնալու համար։
Ս. Սարգսյանը սա էլ շատ լավ գիտի։
Շատ լավ հասկանալով այս ամենը՝ նա գիտակցում է նաեւ իր այս քայլի ծայրահեղ  հանցավորությունը։ Եւ ի սկզբանե աշխատել է չափազանց զգույշ լինել։ Առնվազն երկու փաստ մեր այս պնդման հիմնավորումն են։
Առաջին անգամ խորհրդարանական համակարգի անցնելու մասին խոսելիս նա շատ հստակ ասաց, որ ինքն անձամբ գործող «նախագահականի» կողմնակից է, բայց կարող է մեծահոգություն դրսեւորել նրանց նկատմամբ, ովքեր ուզում են... Ճիշտ է՝ այդպես էլ անհայտ մնաց, թե ովքեր են ուզում, եւ ում նկատմամբ է մեծահոգություն դրսեւորում Սերժ Սարգսյանը։ Քիչ անց, եւ մի ամբողջ տարի, հիմնական քաղաքական ուժերի կոնսենսուսը ձեւավորվեց հենց Սահմանադրության մեջ որեւէ փոփոխության դեմ, այսինքն՝ հօգուտ գործող «նախագահական» Սահմանադրության։ Մի ամբողջ տարի հիմնական քաղաքական ուժերը միաձայն հաստատում էին, որ «բարեփոխում» հռչակված այդ կեղծիքի իրական նպատակը Ս. Սարգսյանի վերարտադրությունն է։ Եւ Ս. Սարգսյանին այլ բան չէր մնում, քան բռնի ուժով ջախջախել հօգուտ նախագահական համակարգի ձեւավորված այդ կոնսենսուսը, որի... «համոզված կողմնակիցն» էր նաեւ ինքը։
Հետո՞ ինչ, որ դրանով ինքը ծիծաղելի վիճակում է հայտնվում, հետո՞ ինչ, որ դա սեփական մարդկային, էլ չասենք՝ քաղաքական, երկրի ղեկավարի արժանապատվության հետ որեւէ աղերս չունի։ Ինչպես ասացինք, տվյալ հոգեվիճակում իր գերնպատակին հասնելու համար Ս. Սարգսյանը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ նաեւ սեփական արժանապատվության զոհաբերման։
  Իր նախաձեռնության հանցավորության գիտակցման երկրորդ ապացույցը կամ փաստը հետեւյալն է։
Քաղաքական դաշտում մանիպուլյացիաների՝ Սերժ Սարգսյանի ձեռագիրը վաղուց հայտնի է. կեղծ ընդդիմադիր ուժերի սնուցում-նախապատրաստում, որպես «ական»՝ դրանց ներդրում ընդդիմադիր դաշտում՝ վճռական պահին ընդդիմադիր ճակատը «պայթեցնելու» համար։
Այս դեպքում նա վարվում է ճիշտ հակառակ կերպ։ Այս անգամ նա «էս գլխից» մեկ առ մեկ, ի տես հասարակության եւ աշխարհի, իր մոտ է կանչում բոլորին։ Սերժ Սարգսյանը դրանով ոմանց նկատմամբ յուրատեսակ լյուստրացիա է իրականացնում, ոմանց «էս գլխից» տալիս այն, ինչ պիտի տար, եթե ընթացքում նրանց ծառայության կարիքն ունենար, ոմանց՝ պարզապես, ոչ քաղաքական, բայց հասկանալի լեզվով ասած՝ ուժով բերում է «կզարան»։ Նրան անհանգստացնում է ոչ միայն նախապատրաստվող հանրաքվեի արդյունքը։ Նրան ավելի շատ անհանգստացնում է ծանրագույն այս հանցագործության համար որպես պատասխանատու միայնակ մնալը։ Որքան շատ լինեն մեղսակիցները, այնքան փոքր կլինի պատասխանատվության իր բաժինը։
Եւ նրա մտավախությունը հիմքեր ունի։ Երբ գործնականում ողջ ժողովուրդն է համոզված, թե ինչի համար է Ս. Սարգսյանը փոխում Սահմանադրությունը, անկանխատեսելի է, թե քարոզարշավի շրջանում կամ մինչ այդ հասարակական հակազդեցության ինչպիսի ալիք կարող էր գոյանալ։ Իսկ ալիքի դեպքում շատերը, որ գնացել են, չէին գնա Ս. Սարգսյանի կանչին։
Միակ ուժը, որին նա կարող էր վստահել՝ ՀՅԴ-ն է։ Ոչ թե՝ որովհետեւ նա վստահելի է բնույթով, այլ որովհետեւ ՀՅԴ-ն շատ լավ գիտի, որ ինքը նախագահական համակարգում երբեւէ չի կարող իշխանության հույս ունենալ։ Այս կուսակցության անունը երբ առարկայանում է որեւէ անհատի տեսքով, միայն վանում է։ 1991 թվականին, իր վարկանիշի ամենաբարձր շրջանում, գումարած հայտնի ու սիրված դերասան Սոս Սարգսյանի վարկանիշը (որ այս կուսակցության թեկնածուն էր նախագահական ընտրություններում), ՀՅԴ-ն չկարողացավ անգամ 5 տոկոս ձայն ստանալ։ Կա նաեւ մի երկրորդ հանգամանք։ Նժդեհականության հետ ոչ մի կապ չունի ավազակապետական այն համակարգը, որ ստեղծվում է 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո եւ առ այսօր։ Իրականում դրա հիմքում հայդատականությունն է, ավելի ճիշտ՝ հայդատականության խրտվիլակը, այսինքն՝ հենց այն, ինչի վրա կառուցված է նաեւ ՀՅԴ-ն։ Եւ պատահական չէ, որ այն, ինչ պատրաստվում է անել Ս. Սարգսյանը, ոչ թե նույնիսկ հանրապետականները, այլ հենց դաշնակցականներն են, որ հայտարարում են, թե դա, առաջին հերթին՝ իրենց հաղթանակն է։
Սերժին ներկայացած մյուս ուժերը կամ նման ամբիցիաներ չունեն, կամ նման խնդիր չունեն։ Նրանք բոլորը նույն հաջողությամբ կարող էին հայտնվել «Ոչ»-ի ճամբարում։ Եւ քարոզարշավի անկանխատեսելի շրջանում համաժողովրդական ընդվզումը կարող էր փողոց բերել բոլոր նրանց, ում Ս. Սարգսյան այսօր ստիպում է շարք կանգնած ներկայանալ իրեն՝ վաստակելով «հաճախորդի» պիտակը։ Նա հույս ունի, որ դրանից հետո նրանք այլեւս հրապարակ չեն գնա, կամ նրանց այնտեղ չեն ընդունի։ Այսինքն՝ բոլորին ստիպում է այսօր իր ետեւից «անցնել Ռուբիկոնը», կիսել ազգասպանության հանցանքի պատասխանատվությունը։
Այս ամենը արտաքուստ տպավորիչ, սակայն, ըստ էության, «վա բանկ» գնացող խաղացողի հուսահատ քայլեր են։ Շատ դժվար է ասել՝ դրանից սահմանադրական հանրաքվեի տեսքով նախապատրաստվող պետական հեղաշրջման դեմ հասարակության պայքարը դժվարանալո՞ւ, թե՞ հեշտանալու է։ Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ դրանում «ականներ» չեն լինելու կամ համարյա չեն լինելու։ «Սեւի ու սպիտակի» այն բաժանումը, որ պիտի հստակվեր վերջում, այսօր, Ս. Սարգսյանի իրականացրած «լյուստրացիայով» արդեն իսկ առկա է։ Եւ վերջապես՝ ոչ մի երաշխիք չկա, որ նրա «դուռը գնացածների» մի մասը, ում համար դա եղել է մարդկային եւ քաղաքական արժանապատվությանն ուղղված վիրավորանք, հետո որտեղ կհայտնվի։ «Ճակատը» լավ բան է, բայց մի թերություն ունի՝ վճռական պահին կարող է պայթել կամ պառակտվել։ Եւ դա վերաբերում է ոչ միայն ընդդիմության, այլեւ իշխանական «ճակատին»։

http://www.ilur.am/news/view/48910.html