Մարտի 1-ի խորհրդարանական լսումներին պաթոսով եւ հուզաթաթավ մի ելույթ ունեցավ նաեւ ժամանակին այս հարցով կազմված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ս. Նիկոյանը։ Խոսեց խղճից ու զգացմունքներից ու... կրկնեց նույն ստերը, ու շատ ավելին, ինչպիսի ստերով ու կեղծիքներով ժամանակին կազմել էր տխրահռչակ 150 էջանոց զեկույցը։ Հիշեցնենք՝ վերջինս այլ բան չէր, քան ստով, կեղծիքով ու ամենաանհեթեթ, ծիծաղելի բացատրություններով մեղքը ընդդիմության վրա բարդելը։
Տեսնելով, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային ասպարեզում լիակատար իշխող է դառնում հակառակ՝ իրականությանը համապատասխանող տեսակետը՝ խայտառակ այս փաստաթուղթը հանվեց ԱԺ կայքից (ո՞ր օրենքի ո՞ր կետի համաձայն), ինչի շուրջ մամուլում աղմուկ բարձրացավ։ Հիմա ասում է՝ գնացեք կարդացեք զեկույցը։
Բայց դա մի կողմ։
Ասում է՝ այն ժամանակ ԱԺ հանձնաժողովը Ռ. Քոչարյանին, իբր, հրապարակային այսպիսի հարց է տվել. «Ասում ենք՝ դուք արտակարգ ռեժիմ հայտարարելը հիմնավորեցիք, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետեւից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետեւը: Բոլոր վիրավոր ոստիկաններից պարզվեց, նրանց փաստաթղթերը նայեցինք դատաբժշկական փորձաքննության, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան ձեզ, որի հիման վրա դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող է եւ ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»:
Այսինքն՝ այս ամենը բացահայտվել է մինչեւ զեկույցը գրելը։
Իսկ, ահա, իր զեկույցում Նիկոյանը հիմնավորել է արտակարգ դրություն մտցնելը՝ որպես հիմնական փաստարկ, ըստ էության, կրկնելով Քոչարյանին.
«Նկատի ունենալով, որ... ցուցարարները հարձակումներ են գործել ոստիկանության զորքերի ծառայողների եւ ոստիկանության աշխատակիցների վրա, ապա արտակարգ դրություն մտցնելը անհրաժեշտություն էր»։
Ի՞նչ է ստացվում ըստ Նիկոյանի։
Ստացվում է, որ 2008թ. մարտի 1-ին Ռ. Քոչարյանը այդ ցուցարարների՝ ոստիկանության վրա հարձակումների, հատկապես՝ «ավտոբուսների հետեւից ավտոմատներով ոստիկանների վրա կրակելու» հիմնավորմամբ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիր է ներկայացրել ԱԺ։ Այստեղ հավատալով նրան՝ հաստատել են այդ հրամանագիրը։ Հետո Նիկոյանի հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրություններով պարզել է, որ նման բան չի եղել եւ, անգամ, հրապարակային ամոթանք է տվել Ռ. Քոչարյանին՝ նրան մեղադրելով ստախոսության մեջ։ Բայց իրողությունը պարզելուց ու տված ամոթանքից հետո էլ իր ներկայացրած զեկույցում նույն Նիկոյանը նույն հիմնավորմամբ արդարացրել է Քոչարյանի կողմից արտակարգ դրություն մտցնելու մասին նույն հրամանագրի օրինականությունն ու անհրաժեշտությունը։
Դժվար է պատկերացնել... Սա ստախոսություն չէ, շատ ավելին է։ Թող ընթերցողը բառ ընտրի։
Հ. Գ. Պարզապես՝ Նիկոյանը «առողջ բնազդով» վախենում է. հիշյալ ելույթում ասում է, թե՝ զեկույցը «թողել ենք պատմությանը, ով երբ ուզենա ուսումնասիրել, թող ուսումնասիրի»։
Շատերն են երազում եւ շտապում, որ Մարտի 1-ը դառնա պատմություն։ Մարտի 1-ը ներկա է, հրատապ ներկա, պետականության առաջնային օրակարգային հարց։ Այն պատմություն կդառնա, երբ լիարժեք կբացահայտվեն դրա երեք կարգի հանցագործները՝ ապօրինի հրաման տվողները, այդ հրամանները կատարողները եւ հանցագործությունը պարտակողները։ Նիկոյանը գիտակցում է, որ ինքը այս վերջին կատեգորիայի մեջ առաջիններից մեկն է։ Ահա եւ նրա ելույթի «պաթոսի» ու չքմեղանալու հիմքը։
Աշոտ Սարգսյան
No comments:
Post a Comment