Կենսագրություն


Սարգսյանը Աշոտ Բագրատի, ծնվել է 1951 թ. հունվարի 16-ին Հայկական ԽՍՀ Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղում։

Հայագետ-պատմաբան, քաղաքական գործիչ։ Պատմական գիտությունների թեկնածու (1984թ.)։ Մատենադարանի (Հայ հին ձեռագրերի ուսումնասիրության գիտահետազոտական ինստիտուտ) ավագ գիտաշխատող (1984-ից)։ Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի (1990-1995թթ.) եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (1995-1999թթ.) պատգամավոր։ Հայոց Համազգային Շարժում (2013թ-ից՝ վերանվանված Հայ Ազգային Կոնգրես) կուսակցության հիմնադիր անդամ, 1995-ից ի վեր անընդմեջ նույն կուսակցության ղեկավար մարմնի՝ Վարչության անդամ։ Աշխատել է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արխիվում, Հայաստանի Կառավարման ակադեմիայում դասավանդել է «Հայ քաղաքական մտքի պատմություն» առարկան։

1973 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1973-1976 թթ. զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդել է միջնակարգ դպրոցներում։ 1976 թ. ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրա եւ աշխատանքի անցել Մատենադարանում։ 1984 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը «Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմությունը» եւ Մովսես Խորենացին» վերնագրով։


ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Գիտական ուսումնասիրության հիմնական ուղղությունը եղել է Հայոց պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմության» (5-րդ դար) բնագրի հետ կապված հարցերը։
Մասնավորապես խնդիր է դրվել վերականգնել Խորենացու բնագրի նախնական վիճակը՝ հետագա պատմիչների մոտ նրանից կատարած քաղվածքների եւ այլ հետքերի համադիր քննությամբ։ Այդ թեմային են վերաբերում մի քանի գիտական հոդվածներ, որոնք ընդգրկվել են նաեւ «Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմությունը» եւ Մովսես Խորենացին»  (Երեւան, 1991թ) գրքում։ Ընդհանուր առմամբ Խորենացու բնագրում առաջարկվել է շուրջ 16 եւ Դրասխանակերտցու բնագրում 13 բնագրական շտկումներ ու վերականգնումներ։
Երկրորդ աշխատանքը եղել է Խորենացու «Հայոց պատմության»՝ դեռ 1913 թվականին կազմված քննական բնագրի վերահրատարակումը՝ լրացված նորահայտ 10 ձեռագրերի եւ 10 պատառիկների տարընթերցումներով (Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, Քննական բնագիրը Մանուկ Աբեղյանի եւ Սեթ Հարությունյանի, լրացումները՝ Ա.Բ. Սարգսյանի, Երեւան, 1991թ.)։
Այս երկու գրքերն էլ տպագրվել են նույն՝ 1991 թվականին՝ Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» 1500- ամյա հոբելյանական հրատարակությունների շրջանակներում։  Գիտական զեկուցումներ է կարդացել Մատենադարանի ամենամյա, միջազգային (Սանկտ Պետերբուրգ, Նյու-Յորք, Միչիգան) գիտաժողովներում։ Զուգահեռ զբաղվել է հայ քաղաքական մտքի պատմության հարցերով։


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Համալսարանում ուսանելու տարիներին մսնակցել է ազգային հարցերով զբաղվող՝ «Հայ մշակույթի ակումբ» ուսանողական կիսալեգալ խմբակի գործունեությանը։
1987թ. աշնանից ակտիվորեն մասնակցել է բնապահպանական, իսկ 1988թ. փետրվարից Ղարաբաղյան համաժողովրդական շարժմանը։ Մի խումբ այլ ակտիվիստների հետ մասնակցել է նույն թվականի մարտին Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած՝ պատգամավորների ստորագրահավաքին՝ ՀԽՍՀ ԳԽ արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջով ։ Կազմակերպել է Մատենադարանի աշխատակիցների մասնակցությունը համաժողովրդական շարժմանը, կազմել է հայտարարությունների Մոսկվա եւ այլուր ուղղված նամակներ, հեռագրեր, թռուցիկներ տեքստեր եւ այլն։ 1989թ. օգոստոսին ՀԽՍՀ ԳԽ մասնակի ընտրություններում եղել է պատգամավորության թեկնածու առաջադրված Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը։ Շարժման քաղաքական կառույցի՝ Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) հիմնադիր անդամներից է, որպես պատվիրակ մասնակցել է 1989թ. նոյեմբերի 4-6 կայացած առաջին եւ հաջորդ բոլոր համագումարներին։ 1995 թվականից առ այսօր անընդմեջ ընտրվել է այդ կուսակցության ղեկավար մարմնում։
 1990 թվականի մայիսին Հայոց Համազգային Շարժման կողմից մասնակցել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններին եւ ընտրվել պատգամավոր։ Երկրորդ անգամ ԱԺ պատգամավոր է ընտրվել 1995 թվականին։ Օրենսդիր մամնում աշխատել է Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման (1990-1995թթ.) ապա՝ Պետա-իրավական հարցերի (1995-1999թթ.) մշտական հանձնաժողովներում։ Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի կազմում մասնակցել է ՀՀ առաջին Սահմանադրության (ընդունվել է 1995թ.) մշակման աշխատանքներին։
2007 թվականի աշնանը, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց եւ ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվելու հայտ ներկայացնելուց հետո, նրա կողմից նշանակվել է իր նախընտրական շտաբի անդամ։ Ավելի ուշ նշանակվել է Համաժողովրդական շարժման քաղաքական կառույցի՝ Հայ Ազգային Կոնգրես դաշինքի (2008 թվականի օգոստոսի 1) ղեկավար մամնի՝ Կենտրոնական գրասենյակի անդամ։ 2013 թվականի ապրիլի 13-ից Հայոց Համազգային Շարժում կուսակցության վերանվանման ու Հայ Ազգային Կոնգրես դաշինքի անհատ անդամների միավորման հիման վրա ստեղծված Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ է։
Գործունեության հիմնական ոլորտը եղել է գաղափարախոսության ոլորտը եւ քարոզչությունը։ Հեղինակել կամ ակտիվորեն մասնակցել է կուսակցության քաղաքական փաստաթղթերի (հայտարարություններ, համագումարների բանաձեւեր, նախընտրական ծրագրեր եւ այլն) ստեղծմանը։
1990 թվականից ի վեր մամուլում հեղինակել է 500-ից ավելի քաղաքական- վերլուծական, հրապարակախոսական հոդվածներ։ Հիմնական թիրախները եղել են հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումները, քաղաքական ավանտյուրիզմը, իշխանական ապօրինությունները եւ այլն։ Մի քանի տասնյակ հոդվածներ վերաբերում են Հայաստանի անկախության շրջանի քաղաքական պատմությանը, մասնավորապես հայտնի իրողությունների նենգափոխմանն ու կեղծմանը։

***
Գիտական հոդվածներ եւ գրքեր
  • ՍԱՐԳՍՅԱՆ Ա. Բ. Հովհաննես Դրասխանակերտցու «քերթողական արվեստի» շուրջ։ - ՊԲՀ 1981, հ. 2. Էջ 164-177։
  • ՍԱՐԳՍՅԱՆ Ա. Բ. Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը եւ աղբյուրների հիշատակման Հովհաննես Դրասխանակերտցու սկզբունքը։ - Լրաբեր, ՀՍՍՀ ԳԱ (հասարակական գիտություններ), 1982, հ. 5, էջ 72-81։
  • ՍԱՐԳՍՅԱՆ Ա. Բ. Հայոց հին պատմության արտացոլումը Հովհաննես Դրասխանակերտցու երկում։ - Երիտասարտ արեւելագետների 9-րդ գիտական նստաշրջանի զեկուցման թեզիսներ, Երեւան, 1983, էջ 19։
  • ՍԱՐԳՍՅԱՆ Ա. Բ. Մովսես Խորենացի եւ Հովհաննես Դրասխանակերտցի )աղբյուրի վերարտադրման սկզբունքների մասին)։ - ՊԲՀ, 1983, հ. 2-3, էջ 160-166։
  • ՍԱՐԳՍՅԱՆ Ա. Բ. Հովհաննես Դրասխանակերտցու ստեղծագործության մի առանձնահատկության շուրջ։ - Հայ միջնադարյան գրականության միջազգային գիտաժողով. Երեւան, 18-19 սեպտեմբերի, 1986։ Զեկուցումների դրույթներ, Երեւան 1986, էջ 187-188։
  • ՍԱՐԳՍՅԱՆ Ա. Բ. գրախոսական, Կ. Մուրադյան, Բարսեղ Կեսարացու «Վեօրեան» հայ մատենագրության մեջ, Եր. 1986,  ՊԲՀ, 1986, հ. 2, էջ 225-227։
  • ՍԱՐԳՍՅԱՆ Ա. Բ. Մովսես Խորենացի։ - Պիոներ, ամսագիր, 1986, հ.11, էջ 20-23։
  • ՍԱՐԳՍՅԱՆ Ա. Բ. Խորենացու Պատմության մի հատվածի վերականգնման փորձ։ - ՊԲՀ, 1989, հ. 4, էջ 117-130։
  • ՍԱՐԳՍՅԱՆ Ա. Բ. Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմությունը» եւ Մովսես Խորենացին, Երեւան, ՀՀ ԳԱԱ հրատ. 1991, 329 էջ։
  • ՍԱՐԳՍՅԱՆ Ա. Բ. Լրացում. Նոր համեմատված ձեռագրեր եւ պատառիկներ։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, 1913թ. քննական բնագիր, (նմանահանություն), Երեւան, 1991, էջ 399- 485)։
  • ՍԱՐԳՍՅԱՆ Ա. Բ. Մովսես Խորենացու «հայոց Պատմությունը Հայ պատմագրության մեջ պրոբլեմը  (Ժ դար) – Մովսես Խորենացին եւ միջնադարյան հայ պատմագրությունը. Միջազգային գիտաժողով, Նյու Յորք, 1992, մայիս, 22-23, Նյու Յորք, 1992, էջ 13։
  • ՍԱՐԳՍՅԱՆ Ա. Բ. Հայաստանի անկախությունը ՀՀՇ-ն նվաճեց համառ պայքարում, «Առավոտ»,  21.09.2001-ից հետագա չորս համարում շարունակաբար։
  • ՍԱՐԳՍՅԱՆ Ա. Բ. Դաշնակցությունը պատմության դատաստանի առջեւ, «Հայկական ժամանակ, 24 ապրիլի, 2002։ Առանձին գրքով՝ «Շեմ» մատենաշար, 2002թ.։ https://septemberi21.blogspot.am/2007/12/blog-post_06.html,։ «Չորրորդ իշխանություն», 23-24 ապրիլի, 2009թ.։ http://www.maratoug.com/archives/8231 եւ այլն։
  • ՍԱՐԳՍՅԱՆ Ա. Բ. Հայրենասիրության ընկալումը հայ իրականության մեջ, ilur.am 24.11.2012, http://www.ilur.am/news/view/4060.html։
  • ՍԱՐԳՍՅԱՆ Ա. Բ. Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը (1988-1998թթ.), Երեւան, 2015։

Կազմած, խմբագրած գրքեր
  • ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, Ընտրանի (ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ)։ Կազմող եւ խմբագիր Ա.Բ. Սարգսյան։ Առաջաբանը (էջ 7-14) եւ Վերջաբանը (էջ 665-709) Ա. Բ.Սարգսյանի, Երեւան, 2006։
  • ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՄՅԱՆ, Դեպրքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920թթ.), պատմական ակնարկ։ Տեքստը ձեռագրից հրատարակության պատրաստումը, խմբագրումը եւ Առաջաբանը (էջ 7-31) Աշոտ Սարգսյանի, Երեւան, Անտարես, 2008։
  • ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, Վերադարձ (ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ), կազմող՝ Ա.Ռ. Բանուչյան, խմբագիր Ա. Է. Ավագյան, Առաջաբան (էջ 5-15)՝ Ա.Բ. Սարգսյանի, Երեւան 2009 ։
  • ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, Հայ-թուրքական հարաբերություններ, կազմող՝ Ա.Ռ. Բանուչյան, խմբագիր Ա. Է. Ավագյան, Առաջաբան (էջ 5-11)՝ Ա.Բ. Սարգսյանի, Երեւան 2009 ։
  • ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, Հայոց ցեղասպանությունը (հայացք պետականության դիտակետից, կազմող՝ Ավետիս Ավագյան, խմբագիր՝ Ա. Բ. Սարգսյան (խմբագրի Առաջաբան էջ 5-22), Երեւան, Անտարես, 2015։
  • Լեւոն Տեր-Պետրոսյանի 70-ամյա հոբելյանը, կազմեցին՝ Աշոտ Սարգսյան, Ավետիս Ավագյան, ՊԲՀ, 2015թ., N 1, էջ 246-283։
  • Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակ, փաստաթղթերի ժողովածու , կազմողներ՝ Բաբկեն Արարքցյան, Աշոտ Սարգսյան, աջակցությամբ՝ Գոհար Խնչատրյանի, Նախաբան (էջ 3-7)՝ Բ. Արարքցյան եւ Ա. Սարգսյան, Երեւան, Անտարես, 2016։
  • ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ, Արդարադատության եւ քաղաքականության խառնարանում, կազմող, խմբագիր եւ նախաբանի (էջ 7-23) հեղինակ՝ Աշոտ Սարգսյան, Երեւան, Անտարես, 2016։
  • ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ, Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն, խմբագիր՝ Աշոտ Սարգսյան, կազմող՝ Ավետիս Ավագյան, «Երկու խոսք» (էջ 5) եւ «Վերջաբան»՝ Աշոտ Սարգսյանի, Երեւան, Անտարես, 1996։
  • Արցախյան հիմնահարց (արձագանքներ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2016թ. դեկտեմբերի 17-ի ելույթի վերաբարյալ), խմբագիր՝ Աշոտ Սարգսյան, կազմողներ՝ Արման Մուսինյան, Ավետիս Ավագյան, «Խմբագրի կողմից» (էջ 5-6) եւ «Վերջաբան» (էջ 313-332)՝ Աշոտ Սարգսանի, Երեւան, Անտարես, 2017։