Համաժողովրդական շարժման - Հայ Ազգային Կոնգրեսի վերջին հանրահավաքը ինչ-որ յուրահատկություն
ուներ։ Ո՞րն էր այդ յուրահատկությունը։
Հոկտեմբերի 17-ի հանրահավաքից առաջ արված հայտարարությունները
Համաժողովրդական շարժման-Հայ Ազգային Կոնգրեսի պայքարի ռազմավարության վերանայման մասին
ամենեւին այն տեղեկատվությունը չէր, որ պետք է նպաստեր հանրահավաքի բազմամարդ լինելուն։
Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով հանրահավաքին մասնակցելու հորդորը պարունակող թռուցիկը՝
“...ես տակտիկական գաղտնիքներ չեմ բացահայտի, բայց ազնվաբար, անկեղծորեն ձեզ կներկայացնեմ
մեր հետագա պայքարի ստրատեգիան՝ ոչինչ չթաքցնելով ձեզանից” այդ նպատակին չէր ծառայում։
Քանզի բոլորն զգում էին, որ խոսքը ամենեւին չի վերաբերելու բոլորի սպասած “վճռական”
գործողությունների անցնելուն։ Եւ այդուամենայնիվ, հոկտեմբերի 17-ի հանրահավաքը մարտի
1-ից հետո հրավիրվածների մեջ բարձրակետ էր, ամենաբազմամարդը։ Եւ դա այն դեպքում, երբ
վարչախումբը հանրահավաքի դեմ գործի էր դրել ոչ միայն իրավապահ մարմինների ողջ պոտենցիալը,
այլեւ ողջ պետական պաշտոնեությունը՝ ընդհուպ յուրաքանչյուր գյուղապետ հրահանգ էր ստացել
այդ օրը գյուղից ոչ մեկին դուրս չթողնել։
Սա նշանակում է. առաջին՝ փետրվարի 19-ից հետո
ծավալված ներքաղաքական իրադարձությունները պարզ ետընտրական զանգվածային դժգոհություն,
անձրեւից հետո մի հեղեղ չէ, որ, որքան էլ հուժկու, բայց ժամանակի մեջ դատապարտված է
մարելու։ Այն, իրոք, շատ լուրջ ու կայուն քաղաքական հիմքով համաժողովրդական շարժում
է, որը, մշտական ակունքից սնվող գետի նման, գտնելու է իր հունը՝ ինչպիսի պատնեշ էլ
նրա առջեւ դրվի, քանի դեռ չի հասել իր վերջնակետին։ Երկրորդ՝ դա ցուցադրեց մի կողմից՝
Համաժողովրդական շարժման ղեկավարության ու նրա առաջնորդի, մյուս կողմից՝ Շարժման բազմահազար
մասնակիցների նախանձելի փոխադարձ վստահությունն ու փոխըմբռնումը։ Եւ երրորդ, որ ամենակարեւորն
է, չնայած իր հիմքերում ունեցած այնպիսի պայթունավտանգ լիցքերի, ինչպիսիք փետրվարի
19-ի խայտառակությունն է, մարտի 1-ի սպանդը, ավելի քան յոթ տասնյակ քաղբանտարկյալների
գոյությունը եւ այլն, բազմահազարանոց Շարժումը չի կորցնում քաղաքական ինքնատիրապետումը։
Այն անհրաժեշտության դեպքում, անգամ իր վերելքի մեջ, ունակ է ամենակտրուկ շրջադարձերի՝
միաժամանակ կարողանալով հաղթահարել սեփական իներցիան, սանձել շրջադարձի պահին անխուսափելի
առաջացող կենտրոնախույս ուժը եւ ոչինչ չկորցնելով իր պոտենցիալից։
Եւ, այնուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը չուղեկցվեց սովորական օվացիաներով
ու վանկարկումներով։
Հեշտ չէր բոլորովին այլ տրամադրվածությամբ,
ավելի քան վեց ամիս “վճռական գործողությունների” սպասումով հանրահավաքի եկած տասնյակ
հազարավոր մարդկանց համար ոտքի վրա, միայն լսելով ընկալել Լեւոն Տեր-Պետրոսյանի բազմաշերտ,
կարեւորագույն կետերում ամենեւին ոչ դյուրամարս, մտքի լարում պահանջող, հանրահավաքի
մասնակիցներից բացի բազմաթիվ այլ հասցեատերեր ունեցող, էլ չասենք՝ շատ դեպքերում անակնկալ
ու նաեւ ռիսկային ելույթը։ Դասական իմաստով այն, իրոք, հանրահավաքային ելույթ չէր։
Այն ռիսկային կարելի էր համարել անգամ քաղաքական գործիչների ընտրովի, նախապատրաստված
փակ լսարանում։ Ճիշտ է, որ առաջին անգամը լինելով, նրա ելույթը չընդմիջվեց հաճախակի
ծափահարություններով ու վանկարկումներով, բայց նաեւ մինչեւ վերջին նախադասությունը
լսվեց քար լռությամբ ու բացառիկ ուշադրությամբ։ Պատահական չէ, որ, դարձյալ առաջին անգամը
լինելով, հռետորը վերջում, այնուամենայնիվ, խնդրեց չբավարարվել լսելով, եւ, եզրահանգումներ
անելուց առաջ անպայման ուշադիր ընթերցել ելույթի գրավոր տեքստը։ Սակայն հանրահավաքի
ավարտը, առավել եւս աննախադեպ հզոր երթը ցույց տվեցին, որ Հայաստանի Հանրապետության
Հիմնադիր-նախագահը՝ Շարժման առաջնորդը, չէր սխալվել, եւ Շարժմանը վստահելու նրա ռիսկն
արդարացված էր։ Մի նրբերանգ. երթին մասնակցեցին բոլորը, սակայն երթը “տաքացավ”, վանկարկումներն
սկսվեցին ու իր սովորական ոգեւորությունը հասավ ճանապարհի կեսից. այդ ընթացքում շատերը
լսածը մտքում կամ խոսակցի հետ քննարկում, մարսում, համոզվում էր։ Վերջին հաշվով, կարելի
է ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի չափազանց կարեւոր ու բարդ այս ելույթը, գեթ իր հիմնական
դրույթներում, ընկալվեց հարյուր հազար մարդու կողմից հենց “առաջին ընթերցմամբ”։ Իսկ
առաջիկայում այդ ընկալումը անպայման խորանալու է։ Ասել է թե՝ համաժողովրդական պայքարի
ընդամենը մեկտարյա քաղաքական բաց, ավելի ճիշտ՝ բացօթյա համալսարանն անցած հարյուրհազարավոր
մասնակիցներն են հենց, որ արժանի են լինել վերեւում հիշատակածս քաղաքական ընտրանու փակ լսարանում։ Այլ խոսքով՝
հենց Համաժողովրդական շարժման այս կորիզն է այսօրվա Հայաստանի իրական քաղաքական ընտրանին,
քաղաքական էլիտան։
Սա կարեւոր արձանագրում է եւ չափազանց կարեւոր
ռեսուրս։ Ցանկացած իշխանություն, որի դեմ զանգվածային, հրապարակային պայքար է ընթանում,
երկու մտավախություն ունի։ Առաջին՝ որ փողոց դուրս եկած մարդկային զանգվածը չվերածվի
անկառավարելի ամբոխի, որը կարող է, թեկուզ զոհերի գնով, բայց քշել-տանել ատելի դարձած
իշխանությանը։ Երկրորդ մտավախությունը՝ որ փողոց դուրս եկած մարդկային զանգվածը չկազմակերպվի
որպես քաղաքական ուժ եւ օրինական ճանապարհով իշխանության հասնի։ Թվում է, թե այս երկու
մտավախությունները հիմքում միմյանց բացառում են, եւ, որ, այնուամենայնիվ, պետք է գերադասելի
լինի կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։ Եւ իրոք, եթե ընտրությունը այս երկուսի մեջ է՝ առաջինը
գերդասելի է իշխանության համար։ Գերադասելի է մի պարզ պատճառով. օրինականության դաշտից
դուրս եկած մարդկային զանգվածի (անկախ նրա պահանջների արդարացիությունից) ամբոխավար,
ֆորմալ առումվ ոչ օրինական գործողությունների դեմ կարելի է բռնություն կիրառել, եւ
դա իշխանության համար փրկվելու շանս է։ Երկրորդ դեպքում իշխանության ձեռքերն ավելի
կապված են, եւ փրկվելու հնարավորությունը ձգտում է նվազագույնի, այս մեր դեպքում՝ զրոյի։
Ապացույց՝ խնդրեմ. ո՞րն է եղել այս մեկ տարում վարչախմբի հիմնական ձգտումը. տասնյակ
սադրանքների գնով Շարժումը դուրս հանել քաղաքական պայքարի հունից, մղել ամբոխացման,
դրդել նրան անել գործողություններ, որոնք ֆորմալ առումով իշխանությանը առիթ, հիմք կտային
ուժի, բռնությունների դիմելու։
Բայց նաեւ մաքուր, օրինական քաղաքական պայքարի դեպքում իշխանությունը կարող է բռնություն
գործադրել, մարտի 1-ը դրա վկայությունը չէ՞ արդյոք։
Որքան էլ զարմանալի, բայց իրականում ճիշտ հակառակն
է։ Ինչպես այդ օրը վաղ առավոտյան Ազատության հրապարակի նստացույցի վայրագաբար ցրելը,
այնպես էլ նույն օրը երեկոյան իրագործած սպանդը, ոչ թե պետության, այլ գողի, վախկոտի
վարքագիծ էր, գողավարի արարք։ Ի՞նչ են մինչեւ հիմա փորձում ապացուցել. ա) որ մարտի
1-ին առավոտյան օրենքով սահմանված կարգով նախապես զգուշացրել են նստացույցի մասնակիցներին
եւ պահանջել ցրվել։ բ) Ուզում էին ապացուցել, որ դա ոչ թե նստացույցը ցրելու, այլ ընդամենը
խուզարկության գործողություն է եղել։ գ) Ուզում էին ապացուցել, որ գործողությունն սկսել
են ժամը 7-ից (օրենքով ժամը 7-ից հետո միայն կարելի է խուզարկություն անցկացնել)։ դ)
Փորձեցին ապացուցել, թե ցուցարարները զինված են եղել եւ երեկոյան նրանք են կրակել։
Այս պնդումներից եւ ոչ մեկը չկարողացան եւ չեն կարող ապացուցել, քանզի բոլորը սուտ
են, եւ բնության մեջ դրանք հաստատող ո՛չ նյութական, ո՛չ էլ այլ ապացույց չի կարող գոյություն
ունենալ, մինչդեռ հակառակը՝ ինչքան ուզեք։ Այդ օրն անգամ վախեցել են ցուցարարների վրա
կրակել, այլ սպանել են հարակից փողոցներում հանդիպած պատահական մարդկանց՝ միայն թե
արտակարգ դրություն հասատելու առիթ ձեռք բերեն։ Այսինքն՝ այն, ինչ արել են մարտի
1-ին, ոչ թե իշխանության ուժի ցուցադրում է եղել, այլ վախկոտի գողություն, բորենու
վարքագիծ, ժողովրդական խոսքով՝ “թուրքավարի արարք”։ Եւ ամենակարեւորը՝ ի՞նչ են շահել։
Եթե տեղի ունեցած չլիներ Մարտի 1-ը, այսօր վարչախումբը կունենար մեկ “Աքիլասյան գարշապար”՝
փետրվարի 19-ի կեղծված ընտրությունները, որի համար երբեւէ կկրեր քաղաքական պատասխանատվություն։
Հիմա նա ունի նաեւ երկրորդ, ավելի խոցելի “գարշապարը”՝ Մարտի 1-ը, որի համար անխուսափելիորեն
կրելու է քրեական պատասխանատվություն։
Սակայն, կրկնապատկելով հանդերձ իր “աքիլլեսյան գարշապարները”՝ վարչախումբն առ այսօր
շարունակում է պահել իշխանությունը, ու թվում է՝ օրեցօր ամրանում է։
Թվում է։ Իսկ իրականությունը բոլորովին այլ
է։ Ուժեղացող, ինքնավստահ իշխանությունը վեց ամսվա ընթացքում 90 անգամ հանրահավաքի
հայտ չէր մերժի, հանրահավաքների ավանդական վայրը՝ Ազատության հրապարակը չէր կալանավորի,
իսկ ապա չէր քանդի, Հյուսիային պողոտայում երեկոյան “քաղաքական զբոսանքի” մի քանի հարյուր
մարդուն ամեն օր չէր հսկի նույնքան “սպեցնազով”, չէր վախենա հանրահավաքի մասին տեղեկատվության
տարածումից, հանրահավաքի օրերին չէր դադարեցնի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը,
ողջ պաշտոնեությանը չէր մոբիլիզացնի՝ ահաբեկելուց սկսած մինչեւ կաշառքով մարդկանց մասնակցությունը
հանրահավաքներին կանխելու համար։ Այս ամենը ուժի ու վստահության վկայություն է, թե՞
սարսափի ու անվստահության։ Ամրանալու, ուժի, թե՞ վախի ու սարսափի վկայություն է յոթ
տասնյակից ավելի քաղբանտարկյալներին կալանավայում պահելը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք,
Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում ու դրանից հետո, ամեն աստծո ուրբաթ Ազատության
հրապարակում հանրահավաք էր տեղի ունենում ու երթ՝ դեպի Նախագահի նստավայր՝ առանց որեւէ
խոչընդոտի։ Դա էր իշխանության ուժի ու ինքնավստահության վկայությունը։ Պատկերացնո՞ւմ
եք հիմա թեկուզ 300 մարդու երթ դեպի Բաղրամյան փողոց։ Ուժի ու ինքնավստահության, նաեւ
պետական մտածողության վկայությունը Համաժողովրդական շարժման քայլն էր, երբ հետաձգեց
սեպտեմբերի 5-ի հանրահավաքը՝ չխոչընդոտելու համար երկրի համար կարեւոր միջոցառումը։
Ուժի եւ ինքնավստահության, նաեւ բացառիկ պետական մտածողության վկայությունը վերջին
հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն էր, Շարժման հերթական կուլմինացիայի վրա
հանուն պետական շահի առաջարկված “պաուզայի” ռազմավարությունը եւ բազմահազարանոց հանրահավաքի
կողմից դրա ըմբռնումը։ Այնպես որ՝ իրականությունն այն է, որ այս ամբողջ մեկ տարվա ընթացքում,
իսկ հիմա ավելի շատ, վարչախումբն իրեն պահում է ուրիշի տուն մտած գողի հոգեբանությամբ,
Շարժումը՝ սրտացավ ու վստահ տանտիրոջ։
Եւ այնուամենայնիվ, Շարժման ռազմավարոթյան փոփոխության, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի
հետ կապված մի շարք հարցեր են մնում...
Այդ մասին վաղը։
«Ժամանակ Երեւան», 22.10.08