10.08.2010
Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծումից անցել է երկու
տարի։ Նրա գործունեության ամփոփումն ու գնահատումը պատմության համար չէ։ Այն կարեւոր
է այսօրվա խիստ գործնականության առումով։
Ծնունդը
2008 թ. նախագահական ընտրությունների առիթով
ՀՀ Հիմնադիր-նախագահի նախընտրական արշավը շատ արագ վերածվեց Համաժողովրդական շարժման։
Դա նաեւ իշխող ռեժիմի դեմ հասարակության տեւական, չմարող ընդդիմացման ու չհամակերպման
մի վկայություն էր։ Հայ Ազգային Կոնգրեսի ձեւավորումը Համաժողովրդական նույն այդ շարժման
յուրատեսակ մի քննությունն էր, որ տեւեց ուղիղ 5 ամնս՝ 2008-ի մարտի 1-ից մինչեւ օգոստոսի
1-ը։ Եթե, որպես քաղաքական երեւույթ, տարբերակում դնենք Շարժման ու ժողովրդական ճակատի
մեջ, ապա առաջինին բնորոշ է նպատակին հասնելու գրոհային մարտավարությունը, երկրորդին՝
ավելի շատ դիրքային պայքար։ Հնում էլ էր այդպես. բերդերը, քաղաքները, երկրները գրավում
էին ոչ միայն գրոհով, այլեւ տեւական պաշարմամբ։ Երկուսն էլ ճիշտ են։ Նայած իրավիճակի։
Նույնն էր 1988-ին. փետրվարյան Շարժմամբ՝ գրոհով, հարցը չլուծվեց։ Լուծվեց նույն թվականի
ամռանը ձեւավորված ժողովրդական ճակատի տեւական դիրքային պայքարով։ Ընդ որում՝ միշտ
չէ եւ ամենեւին պարտադիր չէ, որ համաժողովրդական շարժումները վերածվեն կամ վերաճեն
ժողովրդական ճակատների։ Հանգամանքների մեջ չխորանանք, դրանք ինչպես օբյեկտիվ են, այնպես
էլ սուբյեկտիվ։ Արձանագրենք սակայն, որ այս դեպքում էլ, ինչպես 1988-ին, օբյեկտիվ եւ
սուբյեկտիվ անհրաժեշտ պայմանները ներդաշնակվեցին։ Ուստիեւ՝ հիշյալ 5 ամիսները Շարժման
համար դարձան ոչ թե մարող ցնցումների, այլ կազդուրման, ժողովրդական ճակատի երկունքի
շրջան, ինչը եւ օգոստոսի 1-ին մկրտվեց Հայ Ազգային Կոնգրես անունով։ Եւ դժվար է այդ
երկունքի մեջ գերագնահատել երեք կարեւոր բաղադրիչներից որեւէ մեկի դերը. ա) կուսակցությունների,
որոնք ապացուցեցին քաղաքական ուժի իրենց հատկանիշը, բ) Շարժման ղեկավարության եւ առաջնորդի,
որոնք կարողացել էին ճշգրիտ ու հստակ բանաձեւել հասարակական դժգոհությունն ու դրա առարկան,
գ) քաղաքացիական ակտիվության եկած բազմահազար անհատների հաստատակամության։ Մարտի
1-ի սպանդը եւ զանգվածային բռնությունները չդարձան Շարժման ավարտը, ինչպես ծրագրված
էր։ Հաջորդած 5 ամիսները ոչ մի կերպ չի կարելի գնահատել տեղատվություն կամ նահանջ։
Դրանք ամենացավագին, սակայն նաեւ ամենաակտիվ, ամենահերոսական պայքարի ամիսներն էին։
Օգոստոսի 1-ը՝ Հայ Ազգային Կոնգրես-ժողովրդական ճակատի ստեղծումն, ըստ էության, վարչախմբի
պարտությունն էր ամենավճռական ճակատամարտում ու նրա դատապարտվածության գրավականը։
Ռեսուրսների պայքարը
Հետագա պայքարը, բնականաբար, չպիտի կրեր գրոհային
բնույթ, այլ՝ դիրքային։ Դրա հաջողության ու
արդյունավետության չափանիշը չի կարող լինել դրված հիմնական նպատակին՝ ավազակապետական
վարչախմբի տապալմանը ու սահմանադրական կարգի վերականգնմանը հասած լինել-չլինելու հանգամանքը,
այլ՝ ուժերի հարաբերակցության որակական փոփոխության դինամիկան։ Ճիշտ այնպես, ինչպես,
օրինակ, 1989-ի վերջին կամ 90-ի սկզբին չէր կարելի խոսել դրված հիմնական խնդրի՝ անկախության
ձեռքբերման ու Ղարաբաղի խնդրի լուծման ձախողման մասին։ Եւ Դա երկու կողմերի ռեսուրսների
պայքար էր, եւ արդյունքները պետք է գնահատել երկու կողմերի ռեսուրսների հաշվեկռի դինամիկայի
դիտանկյունով։ Հակառակ դեպքում՝ անհիմն կլինեն գնահատականները, իսկ անհիմն ու սխալ
գնահատականները կարող են ազդել նույն այդ պայքարի ամենակարեւոր ռեսուրսի՝ հասարակության
հույսի, վստահության, ակտիվության վրա։ Եւ պատահական չէ ամենեւին, որ իշխանական քարոզչամեքենան
(ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա) իր անունից, կամ դրածոների բերանով, հետեւողականորեն
հենց «նոր ընդդիմության», «երրորդ ուժի» ստեղծման, «նոր առաջնորդի» անհրաժեշտության
մեռելածին գաղափարներ է հրապարակ նետում կամ դիմում ի սկզբանե դատապարտված նախաձեռնությունների։
Սա ռեսուրսների պայքար է, եւ, ինչպես
1989-90-ին, իշխանությունը մեծ հաշվով տանուլ է տալիս այդ պայքարում.
- Վարչախումբը տանուլ տվեց՝ փորձելով քաղբանտարկյալներին
դարձնել Կոնգրեսի Աքիլլեսյան գարշապարը. վերջիններս իրենց քաղաքական ու բարոյական հաստատակամությամբ
փառավոր էջ գրեցին Շարժման պատմության մեջ՝ դառնալով ու մնալով նրա կենսունակության
ու հզորացման կարեւոր հիմքերից մեկը։
- Վարչախումբը տանուլ տվեց բռնությունների եւ
ուժի կիրառման ասպարեզում. պայքարողների առաջին շարքերում գտնվողներից որեւէ մեկը չընկերկեց
ոստիկանական ապօրինությունների առջեւ, եւ, ըստ էության, ամենաիսկական ճակատամարտերում
պահպանեց ամենօրյա «քաղաքական զբոսանքների», ամենշաբաթյա եւ ըստ առիթի ակցիաների իր
իրավունքը։
- Վարչախումբը չհաջողեց բազմահազարանոց հանրահավաքները
եւ երթերը կանխելու կամ «մարելու» իր մարտավարության մեջ. դրանք կայանում են ըստ անհրաժեշտության,
անկախ «արտոնումից», պատկառելի թվաքանակով, ամեն անգամ ուժերի հաշվեկշիռը փոխելով հօգուտ
Կոնգրեսի՝ ապահովելով քաղաքական գործոնի նրա կշռի մեծացումը ներքին քաղաքական կյանքում
ու արտաքին ասպարեզում։
- Իր անվերապահ հսկողության տակ ունենալով բոլոր
հեռուստաընկերությունները՝ վարչախումբը տանուլ տվեց քարոզչական պայքարում. հասարակական
պատկերացումներում ավելի խորացել եւ արմատավորվել է նրա՝ չարիք լինելու պատկերացումը,
այդ չարիքից ազատվելու, սահմանադրական կարգը վերականգնելու անհրաժեշտության ու անխուսափելիության
համոզումը։
- Վերջապես, վարչախումբը տանուլ տվեց Կոնգրեսը
պառակտելու, խարխլելու իր ծրագրերում. Կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերից եւ ոչ
մեկը չտրվեց գայթակղության, չդարձավ բիզնես-պրոյեկտ՝ ապացուցելով որպես քաղաքական ուժ
իր անվերադարձ կայացած լինելու հանգամանքը։
Շարքը կարել ի շարունակել եւ մանրամասնել։ Բայց
այս ու այսքանն էլ բավարար է տեսնելու համար, որ ժողովրդական ճակատ-Հայ Ազգային Կոնգրեսի
ռեսուրսներն անընդհատ ավելացել եւ ավելանում են, վարչախմբի ռեսուրսները՝ նվազում, սպառվում։
Եւ խոսքը վերաբերում է այդ ռեսուրսների ոչ միայն ֆիզիկական ծավալներին, այլ նաեւ որակական
հատկանիշներին։ Վերջին ճակատամարտից առաջ, կարելի է ասել, որ Հայ Ազգային Կոնգրեսը
տիրապետում է հսկայական քաղաքական կապիտալի, ինչի դեմ վարչախումը կարող է դնել իր վերջին
հույս ֆինանսական կապիտալը։
Ձեռքբերումները
Տարեդարձի առիթով սովորաբար նման ամփոփում են
կատարում։ Այս դեպքում՝ ոչ հավուր պատշաճի։ Եւ ձեռբերումների շարքում սովորաբար թվարկվում
է այն, ինչ եղել է։ Մինչդեռ այս դեպքում կարեւոր նաեւ այն, ինչը կանխվել ու չի եղել։
Որքան էլ վերջինս առաջինի նման առարկայական չթվա, սակայն շատ կարեւոր է, մանավանդ՝
հաճախ եղածն ու կանխվածը միաձուլվում են։ Եւ այսպես, Հայ Ազգային Կոնգրեսի երկամյա
պայքարի շնորհիվ՝
ա) Վերջնականապես քողազերծվեց ու ոչնչացվեց
ավազակապետական վարչախմբի վերարտադրման ամենահզոր զենքը՝ կեղծ ընդդիմության ինստիտուտը։
Հասարակությանը մոլորեցնելու, դրսի աշխարհի աչքերին թոզ փչելու այս գործիքի ոչնչացման
հետ ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել վարչախումբը, սակայն ապարդյուն են մնում «նոր
ընդդիմության», «երրորդ ուժի», «նոր առաջնորդի» տեսքով դրա վերականգնման ջանքերը։
բ) Կանխվեց Մարտի 1-ի մասին իշխանական վարկածի
քաղաքացիություն ստանալը։ Քաղաքացիություն ստացավ Կոնգրեսի տեսակետը։ Ապացույցը ԵԽԽՎ
4 բանաձեւերն են, տասնյակ միջազգային այլ փաստաթղթեր, իսկ այժմ՝ նաեւ ԵԽԽՎ-ում պաշտոնապես
շրջանառվող՝ վարչախմբի կողմից բանակի ներգրավմամբ իրականացված, մարդկային զոհերով ուղեկցված
պետական հեղաշրջման՝ ծանրագույն հանցագործության մասին փաստաթուղթը։
գ) Կանխվեց նույն այդ պետական հեղաշրջման ու
կազմակերպած սպանդի գլխավոր ճարտարապետներից մեկի՝ Ռ. Քոչարյանի վարչապետ դառնալու
հեռանկարը. ավելին՝ Կոնգրեսի նախաձեռնությամբ, հարյուր հազարավոր քաղաքացիների ստորագրություններով,
նրա դեմ հայցը այլեւս Հաագայի դատարանում է։
դ) 2008-ի նախագահական ընտրությունների եւ Մարտի
1-ից հետո բոլոր ձերբակալվածները միջազգային ամենահեղինակավոր կառույցների ու պետությունների
փաստաթղթերում ճանաչվեցին քաղբանտարկյալներ՝ հօդս ցնդեցնելով նրանց դեմ հարուցված
«քրեական» մեղադրանքները։
ե) Կանխվեց մարտի 1-ից հետո հարյուրավոր նոր
մարդկանց պլանավորված ձերբակալությունները։ Ներքին եւ արտաքին կազմակերպված ճնշումների
հետեւանքով կարճ ժամանակում ազատ արձակվեցին քաղբանտարկյալների մեծ մասը։
զ) Կոնգրեսը ձեռք է բերել միջազգային ճանաչում,
նրա հետ հարաբերվում են, ըստ էության, որպես երկրորդ մի իշխանության։
է) Կոնգրեսի շուրջ ձեւավորվել է քաղաքացիական
հասարակություն՝ անընդհատ լայնացող շրջանակներով. սա հասարակության այն կրիտիկական
զանգվածն է, որն անվերադարձ պայքարելու է ազատության, արժանապատվության, արդարության
եւ օրինականության հաստատման համար։
Այստեղ եւս թվերկումը կարելի եւ շարունակել
եւ մանրամասնել։ Սակայն ավելի կարեոր է մեր այս նյութի շրջանակներում առանձին անդրադառնալ
եւս երկու խնդրի։
Երկու վախը՝ մի մահ
Շատ է խոսվել է հասարակության մեջ վարչախմբի
կողմից սերմանված վախի մասին։ 2007-ի աշնանը դա համատարած էր։ Այսօր դա շատ հեռու է
համատարած լինելուց։ Եւ որակն է փոխվել. այսպես ասենք, «անխառն վախից» այն վերածվե է ատելության ու զզվանքի հետ միախառնված
պայթյունավտանգ մի զգացում։ Մինչդեռ նույն այդ վախը, սարսափը բոլորովին անխառն է վարչախմբի
դեպքում՝ արդեն բնազդականի հասնող դատապարտվածության վախը։ Իշխանության համար այլ են
վախի ու թուլության արձանագրման հայտանիշները։ Ուժեղ եւ ինքնավստահ իշխանությունը հանրահավաքների
համար ծիծաղելի ու մեղկ խոչընդոտներ չի հարուցի՝ ընդհուպ հրապարակը երեխաներով ու կարուսելներով
լցնելով։ Ամեն հանրահավաքի օր լայնամասշտաբ համահանրապետական միջոցառում չի ձեռնարկի՝
ոչ միայն մարդկանց մուտքը Երեւան, այլեւ ելքը իրենց բնակավայրերից, անգամ սեփական տան
դարպասներից թույլ չտալու համար։ Սա դուրս է իրավունքի, օրենքի խախտումից։ Սա ուժի
վկայություն չէ, ոչ էլ լկտիություն ։ Սա դատապարտվածի վախ է։ Ճիշտ նույն կերպ՝ առատաձեռնության
ու շռայլության վկայություն չէ, երբ, ըստ տեղեկությունների, Կոնգրեսի քաղաքական կապիտալը
չեզոքացնելու իր չհաջողված ծրարգրից մեկի տակ վարչախումբը նախատեսած է եղել ընդհուպ
75 մլն. դոլար։ Սա հոգեկան հիվանդության մի տարատեսակի վերաճած կենդանական վախի վկայությունն
է։ Իսկ, ինչպես հայտնի է, երկու վախը մի մահ է։
Կոնգրեսը
կանխում է պատերազմը
Որոշ վերլուծաբաններ, իրավացիորեն, անհնար են
համարում Ղարաբաղյան խնդրում ստատուս-քվոյի պահպանումը։ Բայց նաեւ չեն պատկերացնում
հայտնի պայմաններով վերջնական պայմանագրի ստորագրումը՝ համարելով դա կլինի Ս. Սարգսյանի
իշխանության վերջը։ Ուստիեւ, նկատի ունենալով վարչախմբի հանցավոր եւ անբարո էությունը,
հնարավոր են համարում երրորդ՝ «պայմանավորված պատերազմի» միջոցով խնդիրը լուծելով չքմեղանալու
տարբերակը։ Հասկանալի է, որ սա ամենահանցավոր տարբերակը կլինի. ե՛ւ Ղարաբաղը կորցնել,
ե՛ւ հազարավոր զոհեր, ե՛ւ հսկայական զոհողություններ։ Այս կերպ, այլ պայմաններում,
հնարավոր կլիներ պահել իշխանությունը. «կռվեցինք, ամեն ինչ արեցինք, պարտվեցինք, բայց
մենք դեռ...» Սրան կգումարվեին կեղծ հայրենասիրական հիսթերիան, հակառակորդի նենգության,
օտարների դավաճանության մասին լեգենդներ... Սրան էլ կգումարվեր «ներքին թշնամի»...
նոր բռնաճնշումներ։ Հայ Ազգային Կոնգրեսի, նրա շուրջ եւ ազդեցությամբ ձեւավորված քաղաքացիական
հասարակության գոյությունն ու հզորացումն այսօր նմանօրինակ արյունոտ ու ազգադավ հանցագործության
դեմ միակ պատնեշն է։ Եւ, այնքան հզոր կլինի այդ պատնեշը, որքան հզոր լինեն Հայ Ազգային
Կոնգրեսի հանրահավաքները։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ»
10.08.2010
(Տպագրված տեքստում
կատարվել են մանր խմբագրական փոփոխություններ)