Saturday, May 29, 2010

Հարցազրույց «Ժամանակին»

29.05.2010

Մեր կորուստները, ինչպես 1918-20-ին, այնպես էլ հիմա ուղիղ համեմատական են լինելու մեր երկրի իշխանության քաղաքական որակին ու խոցելիության աստիճանին։


Ե՛ւ 1918-ին, ե՛ւ 1991-ին Հայաստանը պատմական փաստի առաջ կանգնեց։ Որքանո՞վ էին նման այդ իրավիճակները, եւ երկու դեպքում էլ օրվա իշխանությունները որքանո՞վ ունակ եղան ստանձնել երկրի պատասխանատվությունը։
1918-ի եւ 1991-ի իրավիճակները արմատապես տարբեր են։ Անդրկովկասում երեք միավորներից Հայաստանը՝ իր քաղաքական պատասխանատուներով միակն էր, որի համար անկախության հեռանկարը ամենաանցանկալին էր։ Սակայն այն բանից հետո, երբ այլ քայլն արեցին Վրաստանը եւ Ադրբեջանը, այլեւս այլ բան չէր մնում անելու։ Ընդ որում, եթե առաջին երկուսը անկախություն հռչակեցին, ապա Թիֆլիսի Հայ ազգային խորհրդի ընդունած փաստաթղթում «անկախություն» բառն անգամ օգտագործված չէ։ Իմիջայլոց այդ փաստաթղթի ընդունման իրական օրն էլ ոչ թե մայիսի 28-ն է, այլ մայիսի 30-ը։ Ավելին՝ Թիֆլիսում ստեղծված կառավարությունը չէր էլ պատրաստվում Երեւան տեղափոխվել, քանի որ Երեւանում չկար այն քաղաքային «ույուտը», որ այդ ժամանակ կար Թիֆլիսում։ Միայն մեկուկես երկու ամիս հետո, վրացական իշխանությունների անթաքույց ակնարկներին տեղի տալով, այն դժկամությամբ տեղափոխվեց Երեւան։ Այս պայմաններում, բնականաբար, դժվար է խոսել պետականության, անկախության ձեռքբերման հետ կապված ինչ-որ ոգեւորության մասին ժողովրդի մեջ, եթե այդ ոգեւորությանն նշույլն անգամ չկար նրա քաղաքական պատասխանատուների մեջ։ Անկեղծացած ժամանակակիցներին կարդալով, կարելի է նույնիսկ մտածել, թե անկախությունը Հայաստանի քաղաքական պատասխանատուներից շատերն ընդունեցին որպես մի հոգս ու պատուհաս։ Անշուշտ, կարող են տրվել, եւ եղել են ինչ-որ բացատրություններ, սակայն սա է եղել իրական փաստական վիճակն ու մթնոլորտը։
Բոլորովին այլ էր 1991թ. անկախության խնդիրը։ Դա 1988-ից ծայր առած համաժողովրդական ժողովրդավարական Շարժման արդյունք էր։ Ասել, թե մենք նաեւ 1991-ին կանգնեցինք «պատմական փաստի» առաջ, ճիշտ չէ։ Մենք հասունացրեցինք պատմական այդ փաստը՝ հետեւողականորեն, գիտակցված, ծրագրված։ Անշուշտ, դա հնարավոր եղավ նաեւ մյուս հանրապատություններում, այդ թվում նաեւ Ռուսաստանում, ժողովրդավարական շարժումների շնորհիվ։ Սակայն անսակարկելի է մի բան. ժողովրդավարական այդ շարժումների առաջնեկը հայկական շարժումն էր, որը ամբողջ 6 ամիս միայնակ էր պայքարում 70-ամյա խորհրդային համակարգի դեմ։ Որպես այդպիսին, այն, բնականաբար, շատ մեծ ազդեցություն ունեցավ մյուս ժողովուրդների նմանօրինակ շարժումների առաջացման համար։ Ու հետո էլ, ընդհուպ մինչեւ 1991թ. վերջը, հայկական ժողովրդավարական շարժումը, նախ որպես այդպիսին, իսկ 1990-ի ամռանից սկսած արդեն նաեւ որպես ժողովրդավարական պետություն, մնաց այն առանցքային ուժերից մեկը, որոնց պայքարի ու գործունեության արդյունքը եղավ ԽՍՀՄ կազմալուծումը եւ նրա կազմի մեջ մտնող հանրապետությունների անկախացումը։ Կարծեմ դեռ ոչ մեկը չի մոռացել համաժողովրդական ցնծությունը 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված «Անկախության հռչակագրի» առիթով, այն տասնապատկված ցնծությունը եւ ոգեւորությունը, որով ողջ ժողովուրդը գնաց եւ «Այո՛» ասաց անկախության հանրաքվեին 1991-ի սեպտեմբերի 21-ին։ Ավելի լավ հիշողություն ունեցողները եւ ժամանակի իրադարձություններին ավելի մոտիկից կամ ուշադիր հետեւողները չեն կարող չհիշել անկախության դեմ հարուցված այն խոչընդոտները, որոնք հաղթահարվեցին ժամանակի քաղաքական իշխանության կողմից։ Հիշենք թեկուզ 1991-ի սկզբին ԽՍՀՄ կենտրոնական իշխանության պարտադրած հանրաքվեն, որ մերժվեց Հայաստանում եւ այլն։ Այլ խոսքով՝ ե՛ւ այն ուժերն ու գործիչները, ե՛ւ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը այդ անկախությունը ոչ թե ստացան, այլ ձեռք բերեցին, ձեռք բերեցին 4 տարվա համառ ու ամենօրյա պայքարում։

Առաջին Հանրապետությունը միանգամից երեք պատերազմ էր վարում։ Տարածաշրջանային ի՞նչ դասավորության հետեւանք էր դա եւ առավելապես Հայաստանն ուն՞ր ընդգծված կողմնորոշում Ռուսաստանի, Արեւմուտքի կամ Թուրքիայի միջեւ։ Ժամանակ առ ժամանակ այդ փոփոխության կողմնորոշումն ինչի՞ էր հանգեցնում։
Առաջին հանրապետության գործիչները մի շատ կարեւոր բաց ունեին։ Դրանք մարդիկ էին, որոնք նախորդ տասնամյակների, ինչպես ասում են, «Ֆիդայական կռիվների», «հեղափոխական շարժումների» մասնակիցներ էին՝ երբեւէ չառնչված իրական քաղաքական գործունեության։ Այդ շրջանում ձեւավորված «գաղափարախոսական», «ազգային», «քաղաքական» ինչ-ինչ կարգախոսներ նրանց համար դժվար հաղթահարելի արգելքներ էին՝ իրատես քաղաքականության սկզբունքները յուրացնելու ու դրանցով առաջնորդվելու համար։ Եթե ոմանք էլ, հանրապետության հռչակումից հետո, գործնական քաղաքականությամբ զբաղվելու բերումով, ինչ-որ հետեւությունների եկան, ապա ընդհանուր մթնոլորտն այնքան ճնշող էր, որ նրանց համար դժվար էր իրացնել իրենց նոր պատկերացումները։ Իրատեսական քաղաքական մտքի չգոյությունը, քաղաքականության մասին կեղծ պատկերացումները եւ հասարակական տարածված պատկերացումներին ընդդիմանալու անկարողությունը նաեւ ծնեցին այդ երեք պատերազմները։ Մեր պատմագրությունը ժամանակի ընթացքում «հայրենասիրական մղումներից» ելնելով, դրանց համար բացատրություններ ու արդարացումներ է գտել։ Սակայն, երբ կարդում ես ժամանակիկիցներին ու հատկապես նրանց, ովքեր եղել են իրադարձությունների կենտրոնում, համոզվում ես, որ դրանցում բավականին մեծ է արկածախնդրության, սխալ հաշվարկի, քաղաքական անպատասխանատվության տարրը։
Ինչ վերաբերում է կողմնորոշումների խնդրին, ապա դա, որքան ավանդական ու տարածված հայ քաղաքական մտքում, նույնքան իրական քաղաքականության համար հակացուցված մի բան է։ Եթե ժողովրդական բանահյուսությունը իր էպոսն է ստեղծում՝ իր փրկությունը, ազատությունն ու ապագան կապելով իր իսկ հորինած մի հերոսի հետ, ապա «քաղաքական կողմնորոշում» կոչվածը ազգի մտավորականության կամ գործիչների էպոսն է՝ երկրի ու ժողովրդի փրկությունը, ազատությունը կապելով օտար այս կամ երկրի հետ։ Ու եթե առաջինը քաղաքական իմաստով ոչ մի վտանգ չի ներկայացիում, նույնիսկ ինչ-որ տեղ դրանում կարել է տեսնել սեփական ուժերին ապավինելու միակ առողջ քաղաքական սկզբունքի բանահյուսական մարմնավորում, ապա երկրորդը, հատկապես գործնական քաղաքականության մեջ ներդրվելով, չափազանց վտանգավոր է։ Դրա վնասաբեր, ընդհուպ կործանարար օրինակները բազմաթիվ են։ 1918-ին այդ սկզբունքը գործում էր ամբողջ թափով։ 1988-ին առաջին անգամ, ոչ թե անհատներ, այլ մի հզոր քաղաքական ուժ հրապարակավ հանդես եկավ դրա դեմ, որդեգրեց իր առջեւ դրված խնդիրները լուծումը միայն սեփական ուժերով պայմանավորելու սկզբունքը։ Անշուշտ, նաեւ 1988-ին դա արվեց ի հեճուկս դեռեւս լայն տարածում ունեցող «կողմնորոշման» սկզբունքի ամրորեն գոյություն ունեցող պատկերացումների։ Ընդհանրապես քաղաքական հաջողությունները երբեմն ավելի շատ պայմանավորված են ոչ այնքան արտաքին մարտահրավերները հաղթահարելով, որքան սեփական հասարակության պատկարացումներին դեմ գնալու ունակությամբ։

1918-20-ին ի՞նչ պայմանագրեր ստորագրվեցին Հայաստանի կողմից եւ ի՞նչ նշանակություն ունեցան դրանք մեզ համար։
Տվյալ դեպքում կարող եմ ասել միայն հետեւյալը. Այն հետեւանքները որ ունեցանք հետագայում, դրանց հիմքը 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրն է։ Այլ բովանդակություն ունենար այն, դրան համապատասխան էլ այլ բովանդակություն կունենային հետագա՝ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը։ Իսկ Ալեքսանդրապոլի պայմանգրի ողջ պատասխանատվությունն ընկնում է Առաջին հանրապետության իշխանության վրա, ամբողջությամբ հետեւանք է նրա երկամյա գործունեության ու արկածախնդրական քաղաքականության։

Ի՞նչ նմանություն եք տեսնում այն ժամանակ ռուս-թուրքական դաշինքի եւ ներկա ռուս թուրքական ջերմացման միջեւ, հատկապես, որ այսօր էլ խոսվում է, որ առանց հայկական կողմի կորուստների ռուս թուրքական հարաբերությունների ջերմացում։ Որո՞նք են լինելու մեր կորուստներն այս անգամ։
Նմանությունն այն է, որ այդ պետությունները, նրանց ղեկավարները, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, առաջնորդվում են քաղաքականության մեջ վաղուց այբուբենական համարվող իրատես քաղաքականության, սեփական ուժերի հաշվառման ու դրան ապավինելու ու դրա համեմատ խնդիրներ դնելու սկզբունքով։ Ու եթե նրանց հարաբերություններում հանդիպում է մի երրորդը, որի իշխանությունը այլ սկզբունքներով է առաջնորդվում, ապա, իհարկե, այդ երրորդի հաշվին են լուծելու իրենց խնդիրները։ Մեր կորուստները, ինչպես 1918-20-ին, այնպես էլ հիմա ուղիղ համեմատական են լինելու մեր երկրի իշխանության քաղաքական որակին ու խոցելիության աստիճանին։

«Ժամանակ», 29.05.2010

Հարցազրույցը Արթուր Խեմչյանի

Wednesday, May 5, 2010

ՀԱՐՑԵՐ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ


05.05.2010


ա) Որո՞նք են հայ-թուրքական արձանագրությունների անընդունելի դրույթները, ո՞րն է դրանց էությունը։

Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը կարեւոր է եղել Հայաստանի համար։ Թուրքական դիվանագիտությունն էլ, նույն ընթացքում, դրա հետ կապված երկու խնդիր է ունեցել.
Առաջին. սահմանների բացման դիմաց հիմքեր ստանալ` կանխելու աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ ազատվելու համար ցեղասպան երկրի ամոթալի խարանից դրա իրավական եւ այլ պատասխանատվությունից։ Որպես այս խնդիրը լուծելու հիմք նա ստացավ պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթը։
Երկրորդ. վճռական դերակատարություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման մեջ։ Դրա համար էլ որպես լծակ ստացավ փաստաթղթերի՝ խորհրդարաններում լրացուցիդ վավերացնելու դրույթի տեսքով։
Հենց այդ երկու դրույթներն են ու դրանցից ածանցված մի քանի այլ ձեւակերպումներ, որոնք կազմում են այս փաստաթղթի առանձնահատկությունը Հայաստանի կողմից մինչ այսօր 140 այլ երկրների հետ կնքված նմանօրինակ պայմանագրերի համեմատությամբ։

բ) Որքանո՞վ էին անակնկալ այդ դրույթները։ Վերջին հաշվով, կան, թե՞ չկան նախապայմաններ։

Երբ Ս. Սարգսյանը հայտարարեց, թե ինքը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար ընդունել հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու՝ 4 տարի առաջ արված առաջարկը, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ. հոկտեմբերի 17-ի իր ելույթում արեց երկու նախազգուշացում.
ա) Դրա հետեւանքը կլինի այն, որ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը կհայտնվեն մեկ փաթեթում, Թուրքիան սահմանների բացումը կպայմանավորի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ եւ դրանով իսկ կարեւոր դերկատարություն կստանա այդ հարցում։
 բ) Նույն այդ փաթեթում կլինի նաեւ Հայոց Ցեղասպանության ուրացում նշանակող՝ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի հարցը։
Այդ կանխատեսումները մեկ տարի հետո նույնությամբ իրականացան։
Մերկապարանոց սուտ են վարչախմբի հայտարարությունները, թե Ցեղասպանության ուրացում չկա։ Սերժ Սարգսյանի այցերի ընթացքում Սփյուռքի միահամուռ եւ սուր հակազդեցությունը, նրան տրված ուրացող եւ դավաճան որակումները դրա ապացույցն են։
Մերկապարանոց սուտ են նաեւ վարչախմբի ներկայացուցիչների հայտարարությունները, թե Ղարաբաղի խնդիրը եւ սահմանների բացումը միմյանց հետ կապ չունեն, քանզի Թուրքիան ամեն օր հայտարարում է, որ որեւէ սահման չի բացվի, քանի դեռ չեն վերադարձվել Ադրբեջանի «օկուպացված տարածքները»՝ ընդ որում՝ հղելով ստորագրված նույն Արձանագրությունները։
Այսինքն՝ հենց Արձանագրությունների տեքստում են Թուրքիայի կողմից դրված առնավազն երկու նախապայման՝ Ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցերով։ Նման տեքստերում դրանք բառացի չեն գրվում։

գ) Իսկ ի՞նչ ստացավ Հայաստանը։

Հայաստանն ստացավ ընդամենը սահմանը բացելու խոստում, որ չիրականացավ։
Բայց, եթե անգամ Ցեղասպանության ուսումնասիրման հարցով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու համաձայնության հետեւանքով հայ-թուրքական սահմանը բացվեր եւ դա ոչ մի կապ էլ չունենար Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, միեւնույն է՝ դա պիտի համարվեր վերին աստիճանի անընդունելի ու անբարոյական մի գործարք։ Անբարոյական՝ քանզի դա ոչ թե պարզապես հայ ժողովրդի պատմության ողբերգական ու կարեւոր մի դրվագի խեղաթյուրմանն ուղղված քայլ է, այլեւ մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակի պղծում, ողջ մի ժողովրդի ազգային զգացումների ու արժանապատվության ցինիկ ոտնակոխում։ Խնդիրն այն է, եւ դա բնական է, որ ուրիշ ոչ մի զգացում այնքան խորը չի նստած ամեն մի հայի մեջ, որքան Ցեղասպանության հետ կապված զգացումը։ Դա անխտիր բոլորի համար մի տեսակ դարձել է ազգային ինքնության կարեւոր ու համախմբող մի առանցք, շատ ավելի կարեւոր ու ընդհանրական, քան նույնիսկ լեզուն, հավատը, մշակույթը, ավանդույթները։ Կարեւոր չէ, թե որքանով է դա լավ կամ վատ, այսօր դա փաստ է, որի հետ չի կարելի հաշվի չնստել։

դ) Արձանագրությունների ստորագրումը բնորոշվեց որպես գործարք. բայց չէ՞ որ գործարքի դեպքում ենթադրվում է, թե երկու կողմերն էլ, մեկը գուցե մի քիչ շատ, մյուսը մի քիչ պակաս, սակայն շահում են, սովորաբար՝ երրորդ մի կողմի հաշվին։ Ո՞րն էր, ուրեմն, Հայաստանի շահը։

Խնդիրը հենց այն է, թե ովքե՞ր են այս գործարքի իրական կողմերը եւ ո՞վ է երրորդ կողմը։
Քաջ գիտակցելով, որ ներքին ռեսուրսներով չի կարող հաղթանակի հասնել Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ գործարքի է գնացել Արեւմուտքի հետ. իրեն օգնում են դառնալ նախագահ, իսկ ինքը Արեւմուտքի առաջարկած պայմաններով լուծում է ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի խնդիրները։ Արեւմուտքն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունը. նա չտեսնելու տվեց այն ճչացող օրինախախտումները, որ կատարվեցին 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում, կուլ տվեց փետրվարի 19-ի ավելի քան խայտառակ ընտրությունները, հանդուրժեց Մարտի 1-ի սպանդը, դրան հաջորդած զանգվածային ապօրինի հետապնդումները, հարյուրավոր քաղբանտարկյալների փաստը եւ այլն։ Ս. Սարգսյանն, Արեւմուտքի օբյեկտիվ դիրքորոշման դեպքում, չէր կարող նստել ու մնալ Նախագահի աթոռին։ Այսինքն, Արեւմուտքը տեր է կանգնել իր խոսքին, եւ ահա, հերթը Սերժ Սարգսյանինն է. այս ամենի դիմաց նա հատուցում է Ցեղասպանության ուրացմամբ եւ Լեռնային Ղարաբաղով։
Այնպես որ՝ խնդրո առարկա ստորագրված արձանագրությունների կամ գործարքի իրական կողմերը Հայաստանն ու Թուրքիան չեն։ Գործարքի մի կողմն անձամբ Ս. Սարգսյանն է, մյուս կողմը՝ Թուրքիան է Արեւմուտքի հետ միասին։ Ուստիեւ՝ այն պետք է կոչվի ոչ թե «Հայաստան-Թուրքիա»  այլ «Սերժ Սարգսյան - Թուրքիա» արձանագրություններ։ Այս գործարքից Թուրքիան (+Արեւմուտքը) շահում են իրենց հուզող խնդիրների լուծումը, Ս. Սարգսյանը (+վարչախումբը) արդեն իսկ 2008-ին շահել են ապօրինի իշխանություն եւ հիմա պարզապես վճարում են իրենց ստացածի գինը։
Վճարում են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, ողջ հայ ժողովրդի հաշվին։ Ահա եւ ձեզ երրորդ կողմը, ում հաշվին եւ ում թիկունքում դա արվել է։


Եթե Թուրքիան ի սկզբանե նպատակ ուներ Հայաստանի հետ հարաբերությունները կարգագորելու, սահմանը բացելու դիմաց ազատվել Ցեղասպանության խնդրից եւ օգնել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, հնարավ՞որ էր այլ լուծում՝ շրջանցելով այդ հանգամանքները։

Հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը խանգարող հանգամանքը հետեւյալն էր։ Հայ հասարակությունը համոզված է, որ 1915թ. հայերի ցեղասպանություն է եղել Թուքիայում, եւ հարաբերությունների հաստատումը պատկերացնում էր միայն այն դեպքում, եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայի հասարակությունն իր հեթին համոզված էր, որ նման բան չի եղել եւ հարաբերությունների հաստատումը պատկերացնում էր միայն այն դեպքում, եթե Հայաստանը պաշտոնապես հրաժարվեր դրանից ու ճանաչեր առկա սահմանները։ Դեռ 1990թ., արձանագրելով այս իրավիճակը, Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ գտնել մի բանաձեւ. Հայաստանն իր արտաքին քաղաքականության օրակարգում չի դնում Ցեղասպանության ճանաչման խնդիրը, իսկ Թուրքիան գոյություն ունեցող սահմանների ճանաչման կամ այլ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում Հայաստանին հարաբերություններ հաստատելու համար։ Սա էր առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման բանաձեւը։ Այն կասկածի չէր ենթարկում Ցեղասպանության փաստը ու չէր խոչընդոտում դրա հետագա ճանաչմանը տարբեր երկրների կողմից (մի պրոցես՝ որ սկսվել էր 1970-ական թվականների կեսերից եւ հաջողությամբ շարունակվեց նաեւ 1991-98 թվականներին)։ Թուրքիան, ըստ էության, որեւէ առարկություն չուներ (չէր կարող ունենալ) այս բանաձեւի դեմ. ամենածանր շրջանում նա տրամադրեց իր ճանապարհները Հայաստան հաց բերելու համար։ Սահմանները փակվեցին այլ առիթով՝ Քելբաջարի գրավումից հետո։
Քոչարյանասերժական վարչախումբը վարվեց ճիշտ հակառակը. Երբ Ցեղասպանության խնդիրը դրվեց արտաքին քաղաքականության օրակարգում, Թուրքիան, բնականաբար, արձագանքեց. Էրդողանը մի նամակ գրեց Ռ. Քոչարյանին. «Եթե համարում եք, որ պատմության հետ կապված նման խնդիր կա, ինչում մենք համոզված չենք՝ եկեք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, թող պարզեն»։ Չլիներ այդ հանգամանքը, բնականաբար, անհեթեթ կլիներ նման բովանդակությամբ նամակ-առաջարկը։

Մի՞թե մենք կասկածում ենք, որ այդ հանձնաժողովն այլ եզրահանգման կարող է գալ։

Խնդիրը դա չէ։ Կոպիտ համեմատություն անենք. որեւէ մեկը պնդում է, թե դու ոչ թե մարդ, այլ ուղտ ես, հետո առաջարկում է կենսաբանների հանձնաժողով ստեղծել այդ հարցը պարզելու համար։ Եթե դու համաձայնում ես, այդ պահից կասկածի տակ ես դնում քո ով լինելը, կամ բացահայտ իրողությունը, ինչը, ամեն ինչից զատ, արդեն իսկ վիրավորական է։ Ցեղասպանության խնդիրը դրանով դարձավ սակարկության, առեւտրի առարկա։ Եւ ահա, երբ եկավ պահը, Սերժ Սարգսյանն այն վաճառեց։ Նա համաձայնեց Ցեղասպանության լինել-չլինելու հարցով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկին՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով, ուրանալով Ցեղասպանությունը։ Դրանով կարեւոր առարկայական փաստարկ տրվեց Թուրքիային. «Եթե պատմաբանները պետք է ուսումնասիրեն, ուրեմն հարցը դեռ վիճելի է, եկեք սպասենք»։ ԱՄՆ Նախագահ Օբաման հենց այդպես էլ վարվեց՝ ասելով, թե ինքը չի կատարում «Ցեղասպանություն» բառն արտասանելու իր խոստումը, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի մեջ նման գործընթաց է սկսվել։

Բայց իշխանությունը պնդում է, որ Արձանագրություններում խոսք չկա Ցեղասպանության խնդիրը քննարկող հանձնաժողովի մասին։

Դրա համար պետք է հիշել, թե ինչպես այն առաջացավ։ Ինչպես ասացինք՝ 2004թ. Էրդողանի՝ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին նամակ Քոչարյանին վերաբերում էր միայնումիայն Ցեղասպանության խնդրին։ Երբ 2008-ի ամռանը Ս. Սարգսյանը հայտարարեց իր համաձայնության մասին, նկատի ուներ հենց այդ առաջարկը, ինչից հետո Թուրքիայի նախագահ Գյուլին հրավիրեց Ֆուտբոլի։ Հակառակ դեպքում անիմաստ կլներ նման հրավերը, ոչ էլ այն կընդունվեր Թուրքիայի նախագահի կողմից։ Եւ հենց այդ նույն գաղափարն է, որ մտել է Արձանագրությունների մեջ՝ պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի տեսքով։ Հակառակ դեպքում Թուրքիան այն չէր էլ ստորագրի։ Հանե՛ք պատմաբանների այս հանձնաժողովի օրակարգից Ցեղասպանության խնդիրը, եւ նման հանձնաժողովի ոչ մի անհրաժեշտություն չի լինի, ինչպես որ դա չի եղել մյուս երկրների հետ հարաբերություններ հաստատելիս։

Վերջին իր ուղերձով Ս. Սարգսյանը փորձում է ուղղե՞լ իր սխալը։

Ամենեւին ոչ։ Նա այդ բանը չի կարող անել։ Նախ՝ որովհետեւ բոլորովին այլ են նրա մտահոգությունները։ Երկրորդ՝ դա կնշանակի հակադրվել այն միջազգային հանրությանը, որին ինքը պարտք է ունեցած իշխանությամբ։ Դա կարող է անել այն նախագահը, որը միջազգային ճնշումներին որպես հակաշիռ կունենա բացարձակ լեգիտիմություն, այլ խոսքով՝ սեփական ժողովրդին որպես ապահով թիկունք, եւ, անշուշտ, ոչ թե անձնական, այլ երկրի շահերից բխող քաղաքական շարժառիթներ։
Սերժ Սարգսյանը եղել եւ մնում է քոչարյանական ավազակապետական իշխանության սկզբունքների ու որակների կրողն ու շարունակողը։ Առ այսօր նա դեռ ոչ մի անգամ չի խոսել այդ ուղղուց շեղվելու մասին ու ոչ էլ դա ցույց է տվել իր գործունեությամբ։ Լինի Լեռնային Ղարաբաղի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, արտաքին կամ ներքին քաղաքական ցանկացած այլ հարց, դրանք բոլորը ծառայել ու ծառայում են միմիայն մեկ՝ իշխանության պահպանման, ունեցվածքի բազմապատկման, իշխանական հանցախմբի եւ կոռուպցիոն համակարգի կատարելագործման ու ամրապնդման նպատակին։ Հենց այս նպատակին էր ծառայում նաեւ Ս. Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Հիշենք, որ ժամանակին, ճիշտ նույն կերպ, Ռ. Քոչարյանը իր «կառուցողականությունը» միջազգային հանրությանը ցուցադրելու համար բանակցությունների սեղանին դրեց Մեղրին Լաչինի հետ փոխանակելու մի այլ ցնորական ու մոռացված առաջարկ։ Կարծես թե բոլոր քաղաքական վերլուծաբանները ընդունում են, որ Ս. Սարգսյանի վարած «ֆուտբոլային» քաղաքականությունը, որ սկսվեց տխրահռչակ պատմաբանների հանձնաժողովի մասին թուրքական մոռացված առաջարկին համաձայնություն տալու գնով, տեւական մի շրջան միջազգային գուրգուրանք ապահովեց նրա նկատմամբ։ Իսկ դա շատ կարեւոր էր երկրի ներսում ունեցած լեգիտիմության պակասը դրսում լրացնելու ու իշխանական բուրգին վստահություն ներշնչելու համար։ Քամե՞ց Ս. Սարգսյանը այս հարցից իր պատկերացրած առավելագույնը։ Դժվար է ասել։ Սակայն մի բան հստակ է, որ շատ բան կորցրեց Հայաստանը եւ ողջ հայ ժողովուրդը՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ բարոյական իմաստով։

Աշոտ Սարգսյան
"Հայ Ազգային Կոնգրես" թռուցիկ, մայիս 05.05.2010

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ


05.05.2010

Վաղուց արդեն աշխարհում ամենաամոթալի ու անթույլատրելի բանը համարվում է քաղբանտարկյալների գոյությունը։ Այն վկայություն է տվյալ երկրում ժողովրդավարության իսպառ բացակայության եւ իշխանության ոչ թե ուժի, այլ թուլության եւ բռնատիրական էության մասին։
Հայաստանում 2008 թ. նախագահական ընտրությունների եւ , այդ շրջանակում Մարտի 1-ի սպանդից հետո քաղբանտարկյալներ կան։ Նրանց թիվը սկզբում 100-ից շատ ավելի էր, այսօր դեռ 14 հոգի այդ կարգավիճակում են։
Վարչախումբն այդ քայլին դիմեց՝ սարսափած Համաժողովրդական շարժման թափից։ Մարտի 1-ի ջարդն ու սպանդը, հայտարարված ապօրինի արտակարգ դրությունը նրան բավարար չթվաց Շարժումը քաղաքական իմաստով իր համար անվտանգ դարձնելու համար, ու նա դիմեց նաեւ ընդդիմության ճանաչված ղեկավարներից սկսած մինչեւ պարզ համակիրների նկատմամբ զանգվածային ու համատարած բռնաճնշումների ու հալածանքների։ Լայնամասշտաբ կեղծիքների ու բռնությունների, բանակի մասնակցությամբ պետական հեղաշրջում իրականացրած վարչախումբը բռնազավթած իշխանությունն այլ կերպ չէր կարող պահել։ Այդ «միջոցառումներից» մեկն էլ Շարժման ղեկավարների ու ակտիվիստների ստվար մի խմբի մեկուսացումն էր։
Նպատակը հստակ էր՝ դրանով թուլացնել Շարժման պոտենցիալը, նրան կաշկանդել զգալի ռեսուրսներ ծախսելու անշրջանցելի անհրաժեշտությամբ, խորացնել հոգեբանական ճնշման ու վախի մթնոլորտը։ Սկզբի ինչ-որ մի շրջանի համար քաղբանտարկյալների գոյությունը, իրոք, ծառայեց իշխանության նպատակին։ Սակայն նրա ամբողջական ծրագիրը տապալվեց մի կողմից՝ քաղբանտարկյալների անկոտրում կամքի, արժանապատիվ պահվածքի, մյուս կողմից՝ ծանր հարվածից Շարժման շատ արագ ապաքինման ու պայքարը հաստատակամորեն շարունակելու շնորհիվ։
Միջազգային հանրության կամ Արեւմուտքի վերաբերմունքն ի սկզբանե երկակի է եղել այս հարցում։ Դեռ 2008-ի Մարտի 1-ից անմիջապես հետո եւ առ այսօր հրապարակվել են հեղինակավոր միջազգային կառույցների տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնցում հորդորել կամ պահանջել են ազատել կալանավորվածներին։ Նրանց գնահատականներն ու պահանջները այնքան ավելի խստացել են, որքան մեծացել է Հայ Ազգային Կոնգրեսի պայքարի թափն ու հզորությունը։ Մյուս կողմից՝ միջազգային հիշյալ փաստաթղթերի հեղինակները հնարավորինս խուսափել են «քաղբանտարկյալ» տերմինի բացահայտ օգտագործելուց, թեեւ բազմաթիվ անգամ օգտագործել են դրա սահմանում-նկարագրությունը՝ «քաղաքական հայացների համար դատապարտվածներ», նրանց նկատմամբ իրականացվածը կոչել «քաղաքական վենդետա» եւ այլն։ Այժմ, անգամ այդ սահմանագիծն էլ է հաղթահարված։ Ապրիլի 6-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի երեւանյան համաժողովում աշխարհի տարբեր ծայրերց հավաքված ավելի քան 300 պատվիրակներ նրանց բազմիցս հենց քաղբանտարկյալ անվանեցին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել։ Իսկ վերս նրանց հենց այդպես՝ «քաղբանտարկյալ» բառով է բնորոշել ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ժոաո Սուարեշը՝ մարտի 30-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին հղած իր նամակում՝ խոստանալով նաեւ ամեն ինչ անել նրանց ազատ արձակման համար։
Այո՛, ինչ որ ժամանակ քաղբանտարկյալաների գոյությունը Հայ Ազգային Կոնգրեսի համար զսպաշապիկի դեր խաղաց։ Սակայն ոչ տեւական այդ շրջանից հետո այն զսպաշապիկից վերածվեց Շարժման վերականգնման ու հզորացման խթանի, իսկ այժմ, միջազգային ճանաչում ստանալով, պարզապես դարձել է վարչախմբի կոկորդում խրված սուր մի ոսկոր, որից կա՛մ պետք է ազատվել, կա՛մ դրանով կնքել սեփական մահկանացուն։

Աշոտ Սարգսյան
«Հայ Ազգային Կոնգրես»-ի թռուցիկ թիվ 3, խմբագրական
05.05.2010