Tuesday, April 29, 2014

Մտորումներ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից վերադառնալիս


Հերթական անգամ Ապրիլի 24-ի ամբողջ օրը չդադարեց մարդկային հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշարձան։
Հերթական անգամ ամեն մեկը համարեց, որ այդ այցելությամբ կատարեց իր ազգային պարտքը՝ անկախ այն բանից, թե ինչ մտորումներով ու զգացումներով անցավ այդ ճանապարհը։
Եւ հերթական անգամ ամեն մեկը մտքում որպես մխիթարանք արձանագրեց, թե դեռ ահագին մարդ կա Հայաստանում։ Մի քիչ «փորձագիտական» հայացքով նայողներն էլ հերթական անգամ արձանագրեցին, որ տարեցտարի, այնուամենայնիվ, նվազում է մարդկային հոսքը, շատ ավելի դյուրին և արագ է դառնում Կիևյան կամրջից մինչև հուշահամալիր հասնելը։
***
1877-78թթ. Ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Թուրքիան զգալի տարածքներ կորցրեց, այդ թվում՝ մի փոքր մաս էլ պատմական Հայաստանից։ Այդ փաստը և դրան գումարած՝ «Հայկական հարցի» հարուցումը, նշանակում էր, թե պատերազմական մի այլ առիթով նա կարող է կորցնել հսկայական մի տարածք՝ Արևմտյան Հայաստանի՝ հայ բնակչության հարաբերական մեծամասնություն ունեցող շրջանները։ Նման հեռանկարը կանխելու համար Թուրքիան իր համար ձևակերպեց այդ շրջաններից հայկական տարրի դուրս մղման քաղաքական ծրագիր։ Խնդիր էր դրված հայ բնակչության քանակը նվազեցնել այնքան, որ այն դադարի քաղաքական գործոն լինել ու քաղաքական վտանգ ներկայացնել։ Կամայականությունները, իրավական ու տնտեսական Ճնշումների խստացումները, մանր ու մեծ պարբերական կոտորածներն այդ նպատակն էին հետապնդում։ Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը, մեծ հաշվով, սկիզբ առավ 1878 –ից՝ որպես զանազան մեթոդներով իր երկրից հայության դուրս մղման քաղաքականություն։ Այն իր վերջնական լուծմանը հասավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ մնացածների ֆիզիկական բնաջնջմամբ ու բռնագաղթով։ Հրեշավոր, ինչպես այն ժամանակվա, առավել ևս՝ այսօրվա միջազգային իրավունքի առումով դատապարտելի ու անթույլատրելի մեթոդներով Թուրքիան այդ կերպ իր համար լուծեց հսկայական մի տարածք կորցնելու քաղաքական վտանգի չեզոքացման խնդիրը։
***
Արդեն քանի տարի է, ինչ հանրաճանաչ մարդկանց հրապարակային խոսքերում, զանազան վերլուծություններում, լրագրողական նյութերում, սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումներում նույն «ցեղասպանություն» կամ դրա համարժեք՝ «ազգասպանություն», «սպիտակ եղեռն», «ներքին ցեղասպանություն» և այլ որակումներ ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում Հայաստանի այսօրվա իրականության համար։
Խոստովանենք, հայ մարդու համար դժվար է «ցեղասպանություն» բառն օգտագործել այլ կոնտեքստում, այլ  իրադարձությունների համար։ Դա բոլորի գիտակցության մեջ ի սկզբանե վերաբերում է 1915-ի մեկուկես միլիոն զոհերին, մի տեսակ՝ դարձել է դրա հատուկ անունը, թվում է, թե նույն բառն այլ առիթով օգտագործելը սրբապղծության նման մի բան է ու նսեմացնում է 1915-ի «արժեքը»։ Նույնիսկ 1895-96 թթ 300.000 կոտորածների համար այս բառը չի օգտագործվում։
Հիմա դա ազատ օգտագործվում է Հայաստանի այսօրվա իրողությունների համար։ Որովհետև այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ իր կործանարար հետևանքներով, արդեն համեմատելի, իսկ որոշ դեպքերում՝ համարժեք է Հայոց ցեղասպանության հետևանքներին։
Դրա տակ, առաջին հերթին, նկատի է ունեցվում իշխող ռեժիմի քաղաքականության հետևանքով Հայաստանը քամող, ազգային աղետի վերածված արտագաղթը։ Իսկ արտագաղթը միայն թվեր, միայն մարդկանց քանակ չէ, ասենք՝ վերջին 6 տարում 300.000, տարեկան, միջին հաշվով՝ 50.000 մարդ։  Այդ թվի տակ երկրի բնակչության՝ հայաստանյան չափանիշներով 50%-ից ավելիի, իսկ միջազգային չափանիշներով՝ 90%-ից ավելիի դառն աղքատությունն է ու անլուր տառապանքը։ Այդ թվի տակ տգետ ու ագահ իշխանավորներից, չինովնիկական կամայականություններից, արհամարհանքից ու նվաստացումներից վիրավորված, կողոպուտից, իրավազրկությունից, ապօրինություններից տուժող՝ գործնականում ողջ բնակչությունն է՝ խեղված ճակատագրով։ Այդ թվի տակ մարդկանց ձեռներեցության ու ձեռնարկատիրության կաշկանդումն է։ Այդ թվի տակ անհեռանկարայնության անընդհատ թանձրացող մթնոլորտում բնակչության՝ ազգային մտածողության կորուստը և Հայաստանը լքելու ծրագիրը կամ երազանքն է։
Շրջեք գյուղերը, փոքր քաղաքները, ավանները՝ մարդազուրկ գյուղամեջեր, դատարկ փողոցներ, անժպիտ, ուրվական դարձած մարդիկ, ակնհայտորեն սակավ երիտասարդություն, կրկնակի, եռակի փոքրացած դպրոցներ։ Նայեք արտագաղթի թեկուզ պաշտոնական՝ իրականից կրկնակի փոքրացված, բայց արդեն ահասարսուռ թվերը։ Յուրաքանչյուրդ վիճակագրություն արեք ձեր շրջապատում՝ քանիսն են գնացել, քանիսն են պատրաստվում գնալ և քանիսն են երազում այդ մասին։
***
Հայաստանից արտագաղթը նույնպես քաղաքական ծրագիր է և քաղաքական նպատակ է հետապնդում։ Այդ ծրագիրը մտահղացվեց այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ ավազակապետական ռեժիմի համար Հայաստանի բնակիչը, որպես «հեղափոխական»՝ վտանգ է ներկայացնում։ Սա դաժան, անսակարկելի ու հանրահայտ իրողություն է, եթե անգամ այդ փաստն արձանագրած չլիներ նախկին վարչապետ Տ. Սարգսյանը արտագաղթի մասին իր հայտնի ցինիկ խոսքում։ Այդ ծրագրով խնդիր դրվեց երկրի բնակչությունը սակավացնել այն աստիճան, որ այն այլևս քաղաքական վտանգ չներկայացնի ռեժիմի համար։ Ճիշտ այնպես, ինչպես 19-րդ դարի վերջում՝ Թուրքիայում։ Այս համեմատության մեջ, սակայն կան էական տարբերություններ.
Ա) Թուրքիայում ոճրագործ այդ ծրագիրը բխում էր երկրի ազգային շահերից և ազգային անվտանգության խնդիր էր։ Հայաստանում դրա նպատակը իշխանական շատ փոքրաթիվ մի խմբակի իշխանության պահպանումն  ու վերարտադրությունն է։
Բ) Շատ բան է գրվել Թուրքիայում ամբողջ 40 տարի հայության տարհանման ծրագիրն իրականացնող առաջին դեմքերի մասին, ծանրագույն մեղադրանքներ հարուցվել, սակայն, կարծես թե, այդ մեղադրանքների մեջ չի հիշվում, թե նրանք այդ ընթացքում անձնական շահ են հետապնդել ու անձնական աստղաբաշխական հարստություն կուտակել։ Նույնը չես ասի Հայաստանի կառավարիչների մասին։
Գ) Եթե 1878-ից ի վեր Աբդուլ Համիդը, ապա՝ երիտթուրքերը, մինչև 1915թ. կարողանային այնպիսի ինտենսիվությամբ հայությանը արտագաղթի մատնել իր հայրենիքից, ինչպես իր իշխանավարման 6 տարիների ընթացքում դա արեց Ս. Սարգսյանը, ապա 1915-ին Հայաստանում էլ հայ չէր մնա, և ֆիզիկական բնաջնջման տեսքով ցեղասպանության կարիք չէր լինի։ Եւ սա ընդդիմադիրի պատկերավոր ու չափազանցված քաղաքական խոսք չէ։ Սա թվաբանական փաստագրում է. տարեկան միջին հաշվով  50.000 արտագաղթի դեպքում Արևմտյան Հայաստանի 2 միլիոնից պակաս բնակչությունը 35 տարվա ընթացքում (1878-1914 թթ.) վաղուց սպառված կլիներ։ Այնպես որ՝ Ս. Սարգսյանի ռեժիմը, երկիրը դատարկելու, հայությանն արտագաղթի մատնելու իր ծրագրի գործադրման արդյունավետությամբ (մի կողմ դրած 1915թ.) գերազանցում է Աբդուլ Համիդի և երիտթուրքերի ռեժիմին։
***
Հիմա Ս. Սարգսյանը Հայաստանում դեռ ամենաբարձր պաշտոնն է զբաղեցնում։ Հրամանագրեր է ստորագրում, կառավարություն է կազմում, վարչապետ ու նախարարներ է նշանակում։ Ոմանք էլ դեռ լուրջ-լուրջ քննարկում են նրա նշանակումներն ու քայլերը։

http://www.ilur.am/news/view/28690.html

Tuesday, April 8, 2014

ՊԱՀԸ կորցնելը երկիրը կմատնի նորանոր կորուստների


Ինչպես մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական պայքարում կան միատեսակ օրինաչափություններ։ Որևէ գործողություն իրականացնելիս նախապես պետք է հաշվել դրա համար անհրաժեշտ ռեսուրսները, հաջողության հասնելու հնարավորության աստիճանը և ընտրել ճիշտ ՊԱՀԸ։ Միշտ չէ, որ հաջողության հնարավորությունը 100%-անոց է լինում, հաճախ գնում ես նաև ռիսկի։ Ուստի հնարավոր է նաև, որ այդ դրվագում չհաջողես, չհաղթես, տեղի տաս, նահանջես։ Բայց դրանից հետո չես կորցնի վերականգնվելու, ոտքի կանգնելու, հզորանալու, պայքարը շարունակելու ու հաղթանակի հասնելու հնարավորությունը։
Ինչպես մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական պայքարում շատ ավելի վտանգավոր է, երբ չես նկատում ու չես օգտագործում օբյեկտիվորեն քեզ տրված, էլ չասենք՝ հենց քո ձեռք բերած շանսը, հնարավորությունը, կորցնում ես ՊԱՀԸ։ Առավել ևս՝ երբ խոսքը վերաբերում է ոչ թե դրվագային, այլ վերջնական ու լիակատար հաղթնակի հասնելու իրական հնարավորության բարենպաստ պահին։ Պահը պահ է, երկար չի ձգվում, ու հապաղելով՝ կարող ես այն անվերադարձ կորցնել։ Այս դեպքում արդեն քեզ չեն ներում, այս դեպքում, նվազագույնը՝ դու վերանում ես որպես տվյալ գործի համար պայքարող մարտիկ, միավոր, որպես գործոն։ Կարող ես նաև ծանր մեղադրանքների ու նվաստացուցիչ պիտակների արժանանալ։
* * *
Ներքին և արտաքին քաղաքականության առարկայացած հրեշավոր արդյունքներով՝ ժողովրդի վայրենի թալանից ու կողոպուտից մինչև ազգակործան արտագաղթ, Ցեղասպանության ուրացումից մինչև երկրի անկախության ատրիբուտների ոչնչացում, զարգացման խոչընդոտի վերածված ռեժիմն իր դեմ հասարակության հարաճուն դժգոհությունը վաղուց արդեն հասցրել է համատարած ատելության։ Բնականաբար, չուզենալով կիսել ռեժիմի հանցավորության պատասխանատվությունը, ընդդիմադիր դաշտ անցան նաև նրա հետ նախկինում որևէ կերպ համագործակցող քաղաքական ուժերը։ Վերջին տարիներին ստեղծվել է մի վիճակ, երբ ռեժիմի հեռացումը համընդհանուր ցանկություն ու պահանջ է հասարակության անխտիր բոլոր խավերի համար։
Բարենպաստ հասարակական այս մթնոլորտում ձևավորվեց խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունների համագործակցությունը, նախ՝ առանձին խնդիրների շուրջ, ապա նաև՝ ընդհանրական՝ ամբողջական իշխանափոխության հարցում։ Ամբողջական իշխանափոխությունը ռեժիմի հեռացումն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ու նրա հիմնած արատավոր համակարգի  լիակատար կազմաքանդումը։ Նկատի ունենալով մարտավարության հարցում քաղաքական չորս ուժերի պատկերացումների տարբերությունը՝ գտնվեց ընդհանուր հայտարար՝ամբողջական իշխանափոխության հասնել փուլային տարբերակով։ Դա նշանակում էր, նախ, միասնաբար Ազգային ժողովում բարձրացնել կառավարության հրաժարականի հարցը, ապա, այդ կերպ հասնելով ուժերի հարաբերակցության փոփոխության, անցնել նաև Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջին։
Ինչպիսի՞ն էր երկու կողմերի ռեսուրսների և հնարավորությունների հետ կապված պատկերացումը։
Պատկերացումն այնպիսին էր, որ միայն խորհրդարանական գործունեությամբ, համապատասխան քանակի ստորագրություններով կառավարության հրաժարականի խնդիրը ԱԺ օրակարգ մտցնելը ու քննարկելը բավարար չի լինի դրան հասնելու համար։ Ուստիև քառյակը հարցը ԱԺ մտցնելու օրը՝ ապրիլի 28-30-ին, նշանակեց նաև չորս ուժերի միասնական, շուրջօրյա հանրահավաք։ Նկատի ունենալով նախորդ (մարտի 1-ի) միայն Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի բազմամարդությունը, չորս ուժերի միավորման շնորհիվ հասարակական մթնոլորտի շիկացումը, ակնհայտ էր, որ հրապարակը կարող էր եռապատկվել-քառապատկվել, ու ճնշումը իշխանության վրա կարող էր լինել աննախադեպ։ Եւ այնուամենայնիվ, շարունակվում էր քննարկվել երկու հնարավոր տարբերակ. ա) այդ ամենի հետևանքով հնարավոր է լինում հասնել կառավարության հրաժարականին, բ) իշխանությունն, այնուամենայնիվ, չի նահանջում, կառավարությունը մնում է։
Դեռ քառյակը նոր հայտարարեց նշանակված հանրահավաքի կազմակերպման հետ կապված քարոզչական և այլ նախապատրաստությունները սկսելու մասին, և ապրիլի 3-ին Տ. Սարգսյանը հապշտապ հրաժարական տվեց։ Տեղի ունեցավ այն, ինչի հնարավորությունը դեռևս 50% էր գնահատվում ապրիլի վերջի համար։ Այսինքն՝ այն, ինչը պիտի լիներ քառյակի համատեղ խորհրդարանական գործողության և հասարակական ճնշման արդյունքում, տեղի ունեցավ լոկ դրա սպառնալիքի տակ, այն էլ՝ դեռ մեկամսյա հեռավորությամբ։
Անմիջապես արձանագրվեց, որ Տ. Սարգսյանի «վաղաժամ» հրաժարականով կատարվեց շատ կարևոր մի բացահայտում. պարզվեց, որ վարչախմբի ուժն ու ռեսուրսները, ինչը նա կարող էր հակադրել իր դեմ ծառացած քաղաքական ու հասարակական ճնշմանը, բազմապատիկ ավելի սակավ են, քան կարելի էր ենթադրել (http://www.ilur.am/news/view/27560.html)։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն իշխանության ամրության ներքին ռեսուրսին, որ համեմատաբար ավելի հեշտ տեսանելի ու հաշվարկելի է։ Դրանով բացահայտվեց նաև ռեժիմի համար շատ կարևոր՝ արտաքին օժանդակության ռեսուրսը, ինչին նա ապավինել է տարիներ շարունակ։ Ընդ որում՝ պաշտոնական ու ոչ պաշտոնական տեղեկատվական հոսքում արդեն իսկ կարելի էր նկատել արտաքին այդ օժանդակության նվազման հստակ նշանները, սակայն անհայտ էր մնում դրա աստիճանը։ Պարզվեց, որ իշխանության արտաքին օժանդակության ռեսուրսը, ըստ էության, զրոյական է։
«Փուլային տարբերակով» նախատեսվում էր, հօգուտ ընդդմության ուժերի հարաբերակցության փոփոխությամբ՝ նախ հասնել որակապես նոր իրավիճակի ստեղծման՝ ամբողջական իշխանափոխության երկրորդ փուլին՝ Ս. Սարգսյանի հրաժարականին անցնելու համար։ Մինչդեռ պարզվեց, որ ուժերի հարաբերակցությունն այս պահին ավելի քան հօգուտ ընդդիմության է։ Պարզվեց, որ  «որակապես նոր իրավիճակը», որ պիտի ստեղծվեր ամիսներ անց, արդեն իսկ առկա է։ Ուստիև կառավարության հրաժարականի պահից գործում է երկրորդ փուլի համար անհրաժեշտ «որակապես նոր իրավիճակի» ռեժիմը, առաջնահերթ է դառնում այդ պայմաններում գործելու, չհապաղելու խնդիրը։
Ավելի քան երբեք՝ հասարակությունը ոգևորված է, մթնոլորտն էլեկտրականացված է ամբողջական իշխանափոխության հեռանկարով։ Դա տևական պայքարի և աշխատանքի արդյունք է։ Այս պահին ռեժիմը գոյատևման ոչ մի ռեսուրս չունի։ Նրա փրկության միակ տարբերակը կարող է դառնալ ընդդիմության կողմից ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՀԸ կորցնելը, անմիջապես ամբողջական իշխանափոխության երկրորդ փուլին՝ Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջին չանցնելը։ Ս. Սարգսյանի միակ հույսը ընդդիմության հապաղումն է։ Մինչդեռ՝ անգամ ժողովրդական իմաստությունն է նման դեպքերի համար ասում՝ «Երկաթը տաք-տաք են ծեծում»։
***
Չորս ուժերն էլ օգտագործում են համակարգային փոփոխություններ տերմինը։ Եւ իրոք՝ խնդիրը արատավոր, հանցավոր կոռուպցիոն համակարգն է։ Իր էությամբ այն չի կարող ներսից բարենորոգման տրվել, այն պետք է կազմաքանդել։ Համակարգի հիմքը ոչ օրինակարգ իշխանությունն է։ Ուստիև՝ համակարգային փոփոխության գործիքը, օրինակարգ իշխանության հաստատումից բացի՝ այլ բան լինել չի կարող։ Հակառակ դեպքում՝ կոռուպցիոն համակարգը կարող է կուլ տալ ցանկացած անարատ վարչապետի, կառավարության ու նախագահի՝ իրենց փայլուն ծրագրերով հանդերձ։ Ըստ այսմ՝ Ս.Սարգսյանի հեռացումը անձի հարց չէ, այլ համաժողովրդական հիմքով օրինակարգ իշխանության հաստատման, որը միայն ի վիճակի կլինի իրականացնել համակարգային փոփոխությունն ըստ էության՝ եղածը կազմաքանդելով ու նորը՝ օրինականը, սահմանադրականը, պատասխանատուն ստեղծելով։
Ոչ մեկը չի կասկածում, որ Ս. Սարգսյանի հրաժարականի օրակարգով շուրջօրյա միասնական հանրահավաքը, արդեն իսկ ողջ հանրապետությունում էլեկտրականացած մթնոլորտում, շատ ավելի բազմամարդ, վճռական ու անկասելի կլինի, քան որ նախատեսված էր ապրիլի 28-ին։ Իսկ ամենահավանականն այն է, որ այն կարող է բերել նույն արդյունքին՝ Ս. Սարգսյանի հրաժարականին մինչև հանրահավաքի կայացումը։ Եւ անգամ այդ դեպքում պիտի արձանագրվի, որ Հայաստանում տեղի ունեցավ բուրժուադեմոկրատական կոչվող այն հեղափոխությունը, որ բերում է ժողովրդավարություն, օրինականություն, արդարություն, գործարարություն, ազատում կապանքներից, իրավական պետություն, յուրաքանչյուրի համար արժանապատիվ կյանքի հնարավորություն։ Եւ այդ հեղափոխությունն, իր դերակատարներով հանդերձ, կմտնի պատմության ու քաղաքագիտության դասագրքեր՝ որպես քաղաքական արվեստի օրինակելի մի նմուշ, որպես աշխարհում եղած հարյուրավոր նման հեղափոխությունների մեջ ամենաթավշյան, ամենազանգվածայինը, ամենաախաղաղն ու ամենաանցնցումը։
Մինչդեռ ՊԱՀ-ը կորցնելը երկիրը կմատնի նորանոր կորուստների և չի ներվի ո՛չ ներկայի, ո՛չ ապագայի, ո՛չ պատմության կողմից։

 http://www.ilur.am/news/view/27672.html

Tuesday, April 1, 2014

Երբ հաղթահարվում է «հարցի քաղաքականացման» տաբուն


Խորհրդային տարիներին ամենավտանգավոր բառը «քաղաքականն» էր։ «Քաղաքականությամբ զբաղվելը» ծանր հանցագործության մեջ մեղադրանքի պես մի բան էր, իսկ որոշ տասնամյակներում՝ մահացու պիտակ, Սիբիր աքսորվելու ուղեգիր։ Որևէ ամենասովորական հարց քննարկելիս էլ պետք էր շատ զգույշ լինել, որպեսզի չմեղադրվեիր հարցին «քաղաքական աստառ» տալու մեջ։ Արտասահման գնալը որևէ մեկի համար անհնար բան էր, եթե նրա բնութագրում չլիներ «քաղաքականապես կայուն է» հավաստիացումը։ Միակ բանը «քաղաքական» բնորոշմամբ, որ 1960-ականների կեսերից, այն էլ՝ քչփչոցի մակարդակով, հնարավոր դարձավ, քաղաքական անեկդոտներն էին։ Բայց դրանք պատմողներն էլ անպայման հայտնվում էին ԿԳԲ-ի տեսադաշտում։
Խորհրդային տարիների համար այս ամենը հասկանալի էր կամ, ասենք՝ բացատրելի. այդ համակարգում սահմանադրորեն ամրագրված էր մեկ քաղաքական ուժի անսակարկելի իշխանություն, ուստիև որևէ կերպ «քաղաքականությամբ զբաղվելը», անգամ որևէ հարցի «քաղաքական աստառ» տալը համարվում էր ոտնձգություն սահմանադրորեն ամրագրված իշխանության դեմ։
(Մոտ 10 տարի առաջ իրականացվող մի ծրագրի շրջանակներում առնչվել եմ նախկին պաշտոնյաներից վերցված հարցազրույցների շարքի, որտեղից հիշում եմ «քաղաքական» բառից մնացած վախի հետևանքի շատ տիպիկ մի օրինակ։ Խորհրդային Հայաստանի կառավարության՝ Մինիստրների խորհրդի նախկին նախագահին հարցնում են. «Դուք, անշուշտ, մասնակցում էիք հանրապետությանը վերաբերող քաղաքական որոշումների ընդունմանը...»։ Նախկին պաշտոնյան, ընդհատելով հարցը՝ պատասխանում է. «Չէ, ի՞նչ եք ասում, ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, ես այդքան տարի կառավարությունը ղեկավարեցի, անգամ մեր Սահմանադրությունը չէի կարդացել, ժամանակ չկար...»)։
1990թ. ժողովրդավարական ուժերի հաղթանակից հետո, ինչպես առաջին գումարման Գերագույն խորհուրդը, այնպես էլ առաջին գումարման Ազգային ժողովը պետք է կոտրեին ու կոտրեցին մտածողության այս իներցիան, կարծրատիպը։ Այդ ժամանակ հենց իշխող ուժն էր պնդում, որ խորհրդարանում քննարկվող բոլոր հարցերը քաղաքական են, որ քաղաքական են ոչ միայն Անկախության հռչակագիրը, սահմանադրության մեջ փոփոխությունները, Ղարաբաղի ու Ցեղասպանության հարցերը, այլև՝ լեզվի մասին, հողի մասին, ջրի մասին, սեփականաշնորհման մասին ու ընդհանրապես՝ բոլոր օրենքներն ու որոշումները, որոնք քննարկվում և ընդունվում են խորհրդարանում։ Մտածողության ու պատկերացումների իներցիան ծանր էր ու դժվար էր հաղթահարվում։
***
Հիմա ճիշտ հակառակն է։ Արդեն շատ երկար ժամանակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, հաճախ՝ ամենաբարձր մակարդակով, բողոքում են... հարցերի քաղաքականացումից։ Որքան հիշում եմ՝ խորհրդարանում շատ թե քիչ նորմալ բանավեճով ընթացող որևէ քննարկում առաջացնում է «խնդիրը քաղաքականացնելու»՝ ՀՀԿ խմբակցության ու հատկապես նրա ղեկավարի բողոքը։ Ընդ որում՝ այդ բողոքները հնչում են ընդհուպ «դասական քաղաքական» հարցերի քննարկման դեպքում, օրինակ՝ «մի քաղաքականացրեք Սահմանադրության հարցը» տեսքով։ Ու ամեն անգամ մարդ դժվարանում է հասկանալ՝ խորհրդարանում քննարկվող հարցերի առիթով «քաղաքականացման» դեմ բողոքները ցինիզմի՞, լսարանի հանդեպ արհամարհանքի՞, թե՞ իրենց մտավոր սահմանափակության արդյունք են։ Ճիշտն ասած՝ երկար ժամանակ համոզված էի, թե առաջին տարբերակն է, այսինքն՝ գործ ունենք լսարանի նկատմամբ արհամարհանքի, ցինիզմի հետ։ Վերջերս, սակայն, ֆինանսների նախարարի նմանատիպ մի անկեղծ բողոքը, թե՝ «Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը այլևս ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական քննարկումների դաշտում է», խոսում է հօգուտ երկրորդ տարբերակի։ Ի՞նչ է նշանակում օրենքը մասնագիտական դաշտից տեղափոխել քաղաքական դաշտ։ Ցանկացած օրենք՝ սկսած նախագծից մինչև վերջնական ընդունումը, քաղաքական փաստաթուղթ է։ Հակառակ դեպքում տնտեսական օրենքների ստեղծումն ու ընդունումն, օրինակ, կարելի էր հանձնարարել ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտին, գյուղատնտեությանը վերաբերող օրենքների ընդունումը՝ Գյուղակադեմիային, լեզվի օրենքը՝ Լեզվի ինստիտուտին և այլն, ըստ «մասնագիտական դաշտի»։
Հասարակությանը կամ նրա որևէ խավին հուզող ցանկացած հարց քաղաքական է, եթե այն ենթակա է օրենսդրական կարգավորման։ Չքաղաքականացման կոչն աշխատում է հօգուտ իշխանության։ Հենց դա է պատճառը, որ ՀՀԿ-ի իշխանության շրջանում հետևողականորեն փորձ է արվում հասարակության մեջ վերականգնել խորհրդային պատկերացումը։ Եւ ցավով պետք է խոստովանել, որ այն հաճախ շատ արդյունավետ աշխատել է։ Կարելի է հիշել տասնյակի չափ դեպքեր, երբ իշխանական ապօրինությունների ու կամայականությունների թիրախ դարձած սոցիալական տարբեր խմբեր ընդվզել են։ Օրինակ՝ Բուզանդի ու հարակից փողոցների բնակիչները, ոսկերիչները, տաքսիստները, տոնավաճառների առևտրականները, կրպակատերերը, բացօթյա առևտուր անողները, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարողները, Մաշտոցի պուրակի և բնապահպանական մյուս շարժումները և այլն։ Անխտիր բոլոր դեպքերում պայքարող այս խմբերում հնչել, քննարկվել է «չքաղաքականացնելու» հարցը։ Եւ դա մի բան է նշանակել. հեռու մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ գործ ունենալուց, նրանց օժանդակությունից, օգնությունից։ Ի՞նչն է դրան նպաստել։ Նախ՝ տարիների իշխանական քարոզչությունը շատերի մեջ, թերևս, վերականգնել է «քաղաքականացման»՝ խորհրդային տարիների բացասական ընկալումը՝ ստեղծելով նաև այն պատկերացումը, թե դրանով հարցը կարող է մատնվել չլուծման։ Երկրորդ՝ յուրաքանչյուր դեպքում իշխանական ու նրա կողմից ուղղորդվող «անկախ» մամուլի քարոզչությունը, թե՝ տեսեք, ընդդիմությունն ուզում է ձեզ օգտագործել իր «նեղ քաղաքական» նպատակների համար։ Եւ երրորդ՝ վարչախումբն ինչպես որ քաղաքական դաշտում պահում է կեղծ ընդդիմադիր ուժեր, նույնպիսի մեթոդների կարող էր դիմել նաև բողոքի հասարակական ընդվզումներն իր համար անվտանգ դարձնելու («քաղաքականացումից» հեռու պահելու) համար։ Համենայնդեպս, ակնհայտ է, որ վերոհիշյալ տասնյակ սոցիալական այդ բողոքներից, ընդվզումներից որևէ մեկն «առանց քաղաքականացման»՝ շատ թե քիչ առարկայական արդյունք չի արձանագրել (հասարակական տրանսպորտի գնի բարձրացումն ընդամենն առկախվել է, որոշումը չի վերացվել)։
Պարտադիր կուտակայինի խնդիրը, վերևում թվարկվածների համեմատությամբ՝ ունի մի քանի առանձնահատկություն։ Առաջին՝ դրանով վարչախմբի կողոպուտի թիրախ դարձավ հասարակական շատ մեծ շերտ՝ ավելի քան 250 հազար մարդ։ Երկրորդ՝ այս դեպքում կողոպուտը ոչ թե միջնորդավորված՝ ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման, հարկերի ավելացման տեսքով է, այլ ուղղակի գրպանահատության՝ էական պահում ստացվող աշխատավարձից։ Եւ երրորդ առանձնահատկությունն այն է, որ այս  դեպքում հասարակական ընդդիմացումը կարողացավ հաղթահարել «հարցի քաղաքականացման» տաբուն։ Ընդդիմադիր խորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը, ի թիվս այլ գործոնների, կարևոր նշանակություն ունեցավ պարտադիր կուտակայինի խնդրով հարցի հասարակական ամենաբարձր հնչեղության ու համախմբման ապահովման համար։ Եւ, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի որոշում կընդունի Սահմանադրական դատարանը, այդ համագործակցությունը պիտի մնա հարցի երբևէ լուծման միակ երաշխիքը։ 

http://www.ilur.am/news/view/27343.html