08.04.2011
«Հայ Ազգային Կոնգրեսը գործող իշխանությունների հետ շատ ավելի սերտ ընդհանրություններ ունի` չնայած հայհոյանքներին,
իրար ինչ ասես ասելուն:
Բայց կան քաղաքական ասպարեզներ,
որտեղ նրանց մոտիկ լինելը ցայտուն նկատվում է, ինչպես օրինակ`
Ղարաբաղի հարց, հայ-թուրքական հարաբերությունների հարց: Նրանք այստեղ համագործակցելու շատ ավելի մեծ դաշտ ունեն, քան, ասենք, Դաշնակցության,
«Նոր ժամանակների»,
«Ժառանգության»`
այն կուսակցությունների հետ, որոնք միավորվել էին «ոչ»-ի շարժման մեջ»,- ասել է դաշնակցականը:
(Մեկնաբանությունը
տրվել է epress.am-ին) դրվել է «իտալիկը»
հանած (07.04.2011)
Դաշնակցության
համար բնութագրական է՝ հակառակորդին մեղադրել հենց այն հանցանքներում կամ սխալներում,
ինչ ինքն է գործել կամ գործում։ Ընտրված երկու հարցերում Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության
դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են։ Եւ դա ավելի քան 10 տարի։ 1998թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի
եւ «հայտնի ուժերի» հակադրության հիմքում ընկած էր հենց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման
տրամագծորեն հակառակ փիլիսոփայությունը։ Առաջին նախագահը առաջնորդվում էր «ռեալպոլիտիկով»,
որ ենթադրում է քաղաքական հեռահար հաշվարկ ու քաղաքականությունը ընդունելորպես հնարավորի
արվեստ, նրան ընդդիմացողները առաջնորդվում էին, ըստ էության, «հայդատականության» գաղափարախոսությամբ։
Այս վերջինը ավելի հստակեցվեց 2000 թվականից՝ Ռ. Քոչարյանի մենիշխանության հաստատմամբ։
Ինքնորոշման իրավունքի հիման վրա Ղարաբաղի խնդրի լուծումը կնշանակեր հողմացրիվ անել
հայդատականությունը։ Քանզի վերջինս իր հողային պահանջատիրության հիմքով ենթադրում է,
որ պետք է լինի ՄԵԿ ՍՈՒԲՅԵԿՏ, որը պետք
է պահանջի եւ ստանա։ Ինքնորոշվող սուբյեկտի առկայությունը դրա հերն անիծում է։ Հայդատականությունն
էլ, իր հենց այսօրինակ ընկալմամբ դաշնակցության գաղափարախոսական հիմքն է։ Եւ հենց հայդատական
այս փիլիսոփայությամբ թե գաղափարախոսությամբ առաջնորդվելով է, որ Ռ. Քոչարյանը ոչնչացրեց
Ղարաբաղի ինքնորոշվող սուբյեկտ լինելու կարգավիճակը՝ նրան որպես հակամարտող կողմ դուրս
մղելով բանակցություններից։ Հենց նույն հայդատական սկզբունքով առաջնորդվելով է, որ
ՄԱԿ-ի ամբիոնից անհետեւանք հայդատական ելույթ ունեցավ։ Հենց այդ ելույթով առիթ ու հիմք
տվեց Էրդողանին՝ գրելու իր հայտնի նամակը «պատմաբանների հանձնաժողով» կազմելու մասին։
Հենց այս նամակն էլ հիմք հանդիսացավ այն արձանագրությունների, որոնց դեմ սկսեց «պայքարել»
դաշնակցությունը։
Այսինքն՝ դաշնակցությունը պայքարել եւ պայքարում
է այն հետեւանքների դեմ, որոնք առաջացել են իրենց իսկ գաղափարախոսության ու սկզբունքների
կիրառումից, գործադրումից։ Զավեշտ է։ Եւ սա նրանց համար նորություն չէ, այսպես է այդ
կուսակցությունն ապրել 130 տարի։
Ինչո՞ւ այս ամենը չպատահեց Լեւոն Տեր-Պետրոսյանի
իշխանության տարիներին։ Որովհետեւ թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների
հարցում նրա քաղաքականությունը դրա համար ոչ միայն հիմքեր չէր տալիս, այլեւ ուրիշների
(Թուրքիայի, Ադրբեջանի եւ այլն) համար բացառում էր նման հիմքեր ստեղծելը։ Ինչո՞ւ դա
հնարավոր եղավ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի իշխանության շրջանում, որի անբաժանելի
մասն են կազմել (եւ այսօր էլ կազմում են(!) դաշնակները)։ Որովհետեւ դրանք միմյանց օրգանական
շարունակությունն են, եւ վորոնշյալ հանգամանքներով Լեւոն Տեր-Պետրոսյանի դավանած եւ
իրականացրած քաղաքական գծի հակապատկերը։
Հիշենք, որ այս խնդիրներում Լեւոն Տեր-Պետրոսյանը չի վերանայել իր քաղաքական գիծը։
Հիշենք նաեւ, որ Ս. Սարգսյանը երբեւէ չի հայտարարել, թե մի միլիմետր շեղվում է Ռ. Քոչարյանի
գծից։
Այդ ինչպե՞ս է, որ «իշխանության հետ շատ ավելի
սերտ ընդհանրություններ ունեցող» Կոնգրեսը ավելի քան երեք տարի նրա հրաժարականն է պահանջում,
իսկ նրան «նոր ընդդմություն» դարձած դաշնակները՝ բավարարվեցին մի քան օր նրա արտգործնախարարի
հրաժարականը պահանջելով (խեղճը ի՞նչ կապ ուներ…)։
Ինչպես միշտ, այս դեպքում էլ դաշնակները խոսում
են՝ հույսը դրած մարդկանց քիչ տեղեկացված զանգվածի կամ կարճ հիշողության վրա։
Այնպես
որ, դաշնակցությունը այս իշխանության հետ ո՛չ ընդհանրությունների չափ պարզելու, ոչ
էլ համագործակցելու հարց չեն կարող ունենալ. քանզի նրանք նույնական են, եւ այս վարչախումբը,
սկզբից եւեթ, ըստ էության, առաջնորդվում հենց այն գաղափարախոսությամբ, ինչը, դաշնակցության
հավաստմամբ, իր սրբության սրբոցն է։
epress.am-ից նույնությամբ «ՉԻ»-ն 08.04.2011
Ամբողջությամբ՝ «ՀԺ» 08.04.2011
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ