ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի
տարեկան զեկույցը բազմապատիկ խորացրեց այն, մեղմ ասած, հիասթափությունը, որ նա արժանավորապես
վաստակել էր վերջին տարվա ընթացքում։
2008 թվականը
Տարիներ կան, որ պատմության մեջ արձանագրվում
են տեղի ունեցած ամենաբնորոշ դրական կամ բացասական դեպքով, իրադարձությամբ, երեւույթով,
օրինակ՝ երկրաշարժի տարի, մորեխի տարի, երաշտի տարի, կարկուտի տարի եւ այլն։ Մեր ժամանակներում՝
1988-ը մնալու է որպես Ղարաբաղյան համաժողովրդական շարժման տարի, 1991-ը՝ անկախության
տարի, 1999-ը՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարի, 2005-ը սահմանադրապղծության տարի։
2008-ի համար մի քանի բնորոշումներ կարող են մրցակցել. դրականով՝ համաժողովրդական քաղաքական
զարթոնքի, քաղաքացիական հասարակության ձեւավորման տարի, բացասականով՝ մարտի 1-ի սպանդի
տարի։ Եւ դրանց հետ հավասարապես կարող է մրցակցել “Մարդու իրավունքների զանգվածային
խախտումների տարի” բնորոշումը։ Եւ սա ամենեւին չափազանցություն չէ. Վարչախմբի կողմից՝
քանի՞ հարյուր հազար ձայն է կեղծվել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում,
քանիսի՞ կամքի ազատ արտահայտման վրա է բռնություն կիրառվել, քանիսի՞ն են կաշառել՝ խախտելով
ազատ ընտրությունների միջոցով իշխանությունը ձեւավորելու քաղաքացու իրավունքը։ Քանի՞
տասնյակ անգամ է հանրահավաքների օրերին ոստիկանական եւ այլ ուժերով փակվել բնակավայրերից
դուրս եկող եւ Երեւան մտնող ճանապարհները՝ խախտելով տասնյակ հազարավոր մարդկանց ազատ
տեղաշարժվելու իրավունքը։ Քանի՞ տասնյակ հազար մարդ է ապօրինի կանչվել ոստիկանություն,
դատախազություն, ԱԱԾ ու ահաբեկվել։ Ընդդիմության՝ հրապարակային կամ դահլիճային հավաքներ
անցկացնելու 100-ից ավելի դիմումներ է մերժվել 1 տարում՝ ամեն անգամ խախտելով հարյուր
հազարավոր մարդկանց խաղաղ հավաքների սահմանադրական իրավունքը։ Հանրային եւ մյուս բոլոր
հեռուստատեսությունները լիակատար փակ են եղել ընդդիմության առջեւ՝ վերջինիս զրկելով
տեղեկատվություն տարածելու, իսկ Հայաստանի ողջ բնակչությանը՝ տեղեկատվություն ստանալու
սահմանադրական իրավունքից։ Նույն 2008 թվականին չէ՞, որ Ազատության հրապարակում, գիշերային
մթի պայմաններում տեղի ունեցավ շուրջ 3000 խաղաղ, վրաններում քնած ցուցարարների անմարդկային,
“թուրքավարի” ջարդը, ինչին հետեւեց ժամեր շարունակ նրանց մարդորսը քաղաքով մեկ։ Ապա
նույն օրը երեկոյան նույն իշխանության կողմից կազմակերպած արյունոտ սպանդը՝ 10 մարդու
զոհվելը եւ հարյուրավորների վիրավորվելը, ապօրինի արտակարգ դրությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանի
հազարավոր վստահված անձանց ու կողմնակիցների դեմ սանձազերծված՝ 1937 թվականին բնորոշ
տեռորը՝ խուզարկություններ, ձերբակալություններ, աշխատանքից հեռացումներ, սեփականազրկում
եւ այլն։ Հայաստանում չէ՞, որ շուրջ 150 մարդ՝ քաղաքական գործիչներ, կեղծ մեղադրանքներով
հայտնվեցին անազատության մեջ, դատապարտվեցին բացահայտ շինծու մեղադրանքներով։ Հայաստանում
չէ՞, որ նրանցից դեռեւս 56 հոգի քաղբանտարկյալներ են։
Ո՞վ է մեղավոր
Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը
իր 275 էջով ոչ մի կերպ չպիտի բավարարեր այս “առատ հունձքը” ամփոփելու, այս ամենը պատշաճ
կերպով, թեկուզ ընտրովի ու համառոտ ներկայացնելու ու գնահատելու համար։ Բայց անգամ
այդ 275 էջում միայն մի քանի, միմյանց հետ չկապված անէական փշրանքներ են թվարկված վերոհիշյալ
իրողություններից։ Ա. Հարությունյանի զեկույցը մեկ նպատակ է ունեցել՝ ոչ թե ներկայացնել
Մարդու իրավունքների խախտումների իրավիճակը 2008-ին, այլ առավելագույնս սքողել, ծածկել
այն։ Եւ այնքան անթաքույց է նա տրվել այս նպատակի իրականացմանը ու այնքան անշնորք է
արել, որ դա կարող է տեսնել ցանկացած ոք։ Իսկ ինչպե՞ս է նա լուծել այս խնդիրը։
Չգիտես ում վրա տպավորություն թողնելու համար,
զեկույցի շուրջ 1/3-ը ցածրորակ կիսափիլիսոփայական, կիսահրապարակախոսական, կիսաիրավագիտական,
կիսաքաղաքագիտական, Պաշտպանի գործի ու առաքելության հետ ոչ մի կապ չունեցող անիմաստ
ու անհեթեթ աշակերտական մակարդակի շարադրություններ են։
Ինչ վերաբերում է մարդու իրավունքների բնագավառում
արձանագրված խախտումներին, ապա դա, ըստ Պաշտպանի, ունի երկու պատճառ։ Առաջինը՝ Հայաստանի
օրենսդրությունն է։ Ուստիեւ՝ զեկույցի հաջորդ 1/3-ը Ա. Հարությունյանը նվիրել է ՀՀ
օրենսդրության նկարագրությանն ու “քննադատությանը”՝ ապացուցելու համար, որ Հայաստանում
մարդու իրավունքների խախտումների համար մեղավորը ո՛չ թե վարչախումբն է, ո՛չ թե առանձին
պաշտոնյաներ, այլ... օրենսդրության անկատարությունը։ Օրինակ՝ ընտրական օրենսգիրքն է
“մեղավոր”՝ ամեն տեսակ ընտրախախտումների, վստահված անձանց ծեծելու ու տեղամասերից դուրս
քշելու, հալածելու, բռնանալու, ահաբեկչության տարաբնույթ դրսեւորումների համար։ Այլ
օրենքների “բացերի” պատճառով է, որ խախտվում են մարդու մյուս իրավունքները, ընդհուպ՝
խաղաղ ցուցարարների գազանային ջարդն ու գնդակահարությունները։ Այ, երբ այդ օրենսդրությունը
կատարելագործվի, այն ժամանակ միայն կարելի է իշխանությանն ու իշխանավորին մեղադրել,
այլապես նրանք անպարտ են՝ ֆիզիկական ու բարոյական բռնությունների, օրինախախտումների,
ողջ ժողովրդի դեմ սանձազերծված համատարած տեռորի համար։
Կա նաեւ երկրորդ մեղավորը, որ բացահայտում է
ՄԻ պաշտպանը։ Դա կոմունիստական շրջանից եկած եւ “նախորդ” երկու իշխանությունների օրոք
ոչնչով չփոխված բռնապետական համակարգն է՝ իր բացասական երեւույթներով ու մտածելակերպով,
որոնք չեն լքել ո՛չ հասարակությանը, ո՛չ պաշտոնյաներին։ Եւ ահա, հնից եկած ու դեռեւս
գոյատեւող արատավոր ու չհաղթահարված բռնապետական այդ համակարգի բաղադրիչներն էլ՝ ոստիկանություն,
դատախազություն, ԿԳԲ, քննիչներ, ԿԸՀ, Հանրային հեռուստատեսություն եւ այլն գործել են
“ժառանգված” եւ օբյեկտիվորեն գոյություն ունեցող բռնապետական այդ համակարգի ու մտածողության
ներքին տրամաբանության թելադրանքով՝ իջնելով ընդհուպ դրա ժամանակային խորքերը՝ մինչեւ
1937 թվական։ Գործել են՝ ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ վարչախմբի այլ պաշտոնյաների
կամքից անկախ, օբյեկտիվորեն, որպես բնական երեւույթ՝ անձրեւ, կարկուտ։ Հասկացա՞ք։
Չէ, ապուշ, անմեղսունակ, նույնիսկ անգրագետ
չէ ՄԻՊ Ա. Հարությունյանը։ Պարզապես բացառիկ մի շնականությամբ (ցինիզմով) նա իր այս
զեկույցով ապուշի, անմեղսունակի, անգրագետի տեղ է դնում մեզ բոլորիս, մի ամբողջ ժողովրդի։
Այս տեսակի ծագումը
Իսկ մարդու իրավունքների խախտումների փաստեր,
այնուամենայնիվ, եղե՞լ են 2008-ին Հայաստանում, եւ դրանց ինչպե՞ս է արձագանքել Պաշտպան
Ա. Հարությունյանը։ Իհարկե եղել են ու ամենացայտուն օրինկներով ներկայացված են նրա
զեկույցում՝ կազմելով դրա ծավալի երրորդ 1/3 մասը։ Այսպես. Պաշտպանի “բարձր միջնորդությամբ”
քաղաքացի Ա.Գ.-ն հետ է ստացել տուգանային հրապարակ տարած իր ավտոմեքենան, նույն “բարձր
միջնորդությամբ” քաղաքացի Է.Մ.-ն գրանցվել է իր սեփական տանը, քաղաքացի Գ.Հ.-ի անձնագրում
խփվել է ելքի կնիք։ Նրա օգնությամբ մի այլ քաղաքացի իր խախտված ցանկապատն է մի մետր
առաջ տեղափոխել, մյուսի՝ կորած կովն է գտնվել, հայտնաբերվել են Ռեւազի կորած ոչխարները
եւ հայտնի հարբեցողի կնոջ գողացված մատանին։
Իսկ հանրահահավաք արգելե՞լ, ճանապարհներ փակե՞լ,
բան... Արդար լինենք. զբաղվել է. օրինակ՝ 2008թ. հոկտեմբերի 27-ին Պաշտպանը ահազանգ
է ստացել մի զարմանահրաշ երեւույթի մասին, որ Աբովյան-Երեւան երթուղով աշխատող մարդատար
տրանսպորտը միայն Երեւանից Աբովյան ուղղությամբ է մարդկանց տեղափոխում, իսկ հակառակ
ուղղությամբ երթեւեկում է դատարկ։ Պաշտպանը, հաշվի առնելով, որ “դրանով խախտվում է
մարդկանց ազատ տեղաշրժվելու իրավունքը”, բացառիկ մի խիզախությամբ՝ “կոչ է արել լիազորված
պետական մարմիններին՝ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել հասարակական տրանսպորտի անխափան
աշխատանքն ապահովելու համար”։ Սրանից մեծ հերոսությո՞ւն. մարդը կոչ արել է, փաստ է։
Ի՞նչ է՝ ուզում էիք, որ “սովետից” ու “նախորդ իշխանություններից” ժառանգված բռնապետական
համակարգի պայմաններում նաեւ նշեր ուղեւորների միակողմանի տեղափոխման շարժառի՞թը, այն
է՝ նույն օրը Երեւանում ընդդիմության հանրահավաքին մարդկանց մասնակցությունը կանխելու
նպատակը։ Հո միամիտ չի՞։
Դարվինը կենդանի լիներ՝ անպայման կարձանագրեր,
որ մարտնչող քաղքենու ու տափուկ կարիերիստի հիբրիդ այս տեսակը ծագել է հենց նույն
“սովետական բռնատիրության” պայմաններում, ինչի ցայտուն ու բարգավաճող հատանմուշներից
մեկն այսօր մեր աչքի առաջ է՝ Մարդու իրավունքների պաշտպանի դերում։
Ամենաթանկարժեք տղան
Քաղբանտարկյալնե՞ր։ Արմեն Հարությունյանը խոստացել
է սկզբունքորեն չարտասանել այդ բառը։ Չարտասանել՝ մինչեւ դատարանները նույն Սերժ Սարգսյանի
ցուցումով վճիռ կկայացնեն այն մասին, որ... տվյալ մարդը քաղբանտարկյալ է։ Էդ սովետական
անցյալ չունեցող երկրներում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի թիվ 1 խնդիրը քաղաքական
հայացքների համար հալածանքների հարցն է։ Ինքը այլ երկրում է աշխատում, եւ վերադասից
ուրիշ ցուցում ունի. գրել “համապարփակ”, 275 էջանոց զեկույց, եւ չօգտագործել քաղբանտարկյալ
բառը։ Իր չգրելը արդեն նշանակում է, որ այդպիսիք չկան։ Հենց դա է նշանակում, քանզի
ամբողջ աշխարհում տվյալ երկրի Մարդու իրավունքների պաշտպանն առաջինն է այդ մասին ահազանգում։
Ինքը չի գրել՝ ուրեմն չկան։ Հետո՞ ինչ, որ նույն 2008 թվականի մասին, մասնավորապես
մարդու իրավունքների ու քաղաքական հալածանքների գծով բոլորովին այլ բան են գրում Եւրոմիությունը,
ԵԽԽՎ-ը, վերջինիս Մարդու իրավունքների հանձնակատարը, Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը,
այլ հեղինակավոր միջազգային կառույցներ։ Նրանք հեռվում ինչի՞ց են խաբար, ինքն է ապրում
Հայաստանում, Երեւանում եւ ինչ որ եղել է՝ իր աչքի առաջ է եղել, ի՞նչ կեղծված ընտրություններ,
ի՞նչ մարտի 1-ի սպանդ, ի՞նչ քաղաքական հալածանքներ, ի՞նչ քաղբանտարկյալներ, ի՞նչ բան...
Ավազակապետության վերնախավում շարունակվում
է պայքարը. ո՞վ է ամենամեծ նպաստը բերում Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանության պահպանմանը.
ոստիկանապե՞տը՝ տասնյակ հազարավոր մարդկանց ահաբեկելով, գլխավոր դատախա՞զը՝ հարյուրավոր
մարդկանց վրա շինծու քրեական գործեր թխելով, Ազգային անվտանգության շե՞ֆը՝ երեւացող
ու չերեւացող իր ծառայություններով, դատավորնե՞րը՝ բացահայտ անհիմն ու ապօրինի դատավճիռներով,
օլիգարխնե՞րը՝ իրենց ներդրած հարյուրավոր միլիոններով։ Սրանց բոլորին պետք է հիասթափեցնենք.
սրանցից ոչ մեկը, ոչ նույնիսկ բոլորը միասին, իրենց բերած նպաստով չեն կարող չափվել
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն զբաղեցնող Ա. Հարությունյանի հետ։ Նա է այսօր
Սերժ Սարգսյանի համար ամենաթանկարժեք տղան՝ ապօրինի իշխանությունը պահելու խնդրում։
Սա չափազանցություն չէ։ Դրա լավագույն ապացույցը Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան
զեկույցն է։ Դա շատ լավ գիտի ինքը՝ Սերժ Սարգսյանը։ Մնում է, որ այդ մասին իմանանք
մենք բոլորս։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայկական Ժամանակ”
21.03.2009