Մաս՝ 1
2. Հայ դատ եւ հայդատականություն
Հայ իրականության մեջ իր բնութագրիչներով յուրատեսակ կրոն դարձած, տոտալիտար գաղափարախոսության վերածված երեւույթ է, այսպես կոչված՝ «հայդատականությունը»: Քանի որ մենք հաճախ ենք օգտագործելու Հայ դատ, հայդատականություն տերմինները, անհրաժեշտ է համառոտակի ներկայացնել դրանց ծագումը, էությունը եւ ընկալումը:
«Հայկական հարցը» (արեւմտահայերենում՝ «Հայ դատ»), որ առաջացավ 1877-78թթ. Ռուս-թուրքական պատերազմի հետեւանքով, դրված էր որպես քաղաքական խնդիր: Այն նախատեսում էր իրականացնել որոշակի միջոցառումներ, բարեփոխումներ՝ արեւմտահայ գյուղացիության վիճակը թեթեւացնելու համար: Համեստ այդ բարենորոգումները կատարելուց հետո կարելի կլիներ արձանագրել խնդրի լուծված, սպառված լինելը: Ճիշտ է՝ հաշվարկների մեջ սխալ կար կատարված. գերագնահատված էին ռեսուրսները, մասնավորապես՝ եվրոպական պետությունների եւ Ռուսաստանի աջակցությունը: Երբ դա պարզվեց, պետք է կանգառի կամ անկորուստ նահանջով ելման դիրքերը վերադառնալու խնդիր դրվեր: Սակայն շարունակությունը բոլորովին այլ եղավ: Այստեղ չենք ծանրանա այն ընթացքին ու հանգամանքներին, որոնց շնորհիվ քաղաքական խնդիրն ընդամենը մեկ-մեկուկես տասնամյակի ընթացքում առարկայական քաղաքական հարցից վերածվեց ինքնին գաղափարի եւ հայկական նորաստեղծ «հեղափոխական» կազմակերպությունների կողմից որպես կանխադրույթ՝ հարմարեցվեց ռուսական հեղափոխական նարոդնիկական գաղափարախոսությունների կաղապարին:
Արդեն 1890-ական թվականներին որեւէ մեկի կողմից չէին ընկալվում այն խնդրների հստակությունը եւ սահմանները, ինչի համար պայքարում էին: Թուրքիայի Արեւելյան հայաբնակ նահանգներում բարենորոգումների համեստ ու նույնիսկ այդ չափով չլուծվող խնդիրը վերաձեւվեց արեւմտահայության «ազատագրության» մեծադղորդ, որեւէ հաշվարկով ու ռեսուրսով չապահովված կարգախոսի ու գաղափարի: Խոսքը ճնշված որեւէ ժողովրդի ազատագրության սրբազան իրավունքի ու նպատակի մասին չէ. այդ իրավունքն ունեին Օսմանյան կայսրության բոլոր ճնշված ժողովուրդները, այդ թվում, առաջին հերթին՝ նաեւ հայերը: Խոսքն այդ իրավունքն ու նպատակը որպես քաղաքական խնդիր ձեւակերպելու ու հետապնդելո՞ւ, թե՞ գաղափախոսական կանխադրույթ դարձնելու մասին է: Առաջին դեպքում գերագույն արժեք-օբյեկտը արեւմտահայությունն էր, հանուն որի պետք է մղվեր պայքարը՝ ունեցած իրական ռեսուրսների ու հնարավորությունների սահմաններում: Երկրորդ դեպքում գերագույն արժեքը դարձավ ազատության ինքնին գաղափարը, իսկ ավելի ճիշտ՝ ինքնին «հեղափոխական պայքարը», դրանով զբաղվելը դարձավ մասնագիտություն՝ փեշակ, իսկ արեւմտահայությունը դարձավ այն միջոցը, որի ոչ միայն նյութական միջոցներով, այլեւ կյանքով ու սպառմամբ պետք է կենդանի պահվեր գերագույն արժեք - գաղափարը:
«Հեղափոխական» գործունեության յուրաքանչյուր չնչին ու անպտուղ դրվագ առիթ էր դառնում հազարավոր խաղաղ ու անմեղ մարդկանց կոտորածի, տասնյակ հայկական բնակավայրերի ավերումի: Դա էր բազմաթիվ «հեղափոխական ակտերի» միակ արդյունքը, որ, սակայն, ներկայացվում էր որպես բարձրագույն նվաճում: Չարձանագրվեց որեւէ դեպք, երբ կանգառի կամ նահանջի քաղաքական վճիռ կայացվեր, ա՛յլ ճանապարհ փնտրվեր՝ ո՛չ մի քանի հազար, ո՛չ մի քանի հարյուր հազար կյանքեր խլած կոտորածներից, տասնյակ ու հարյուրավոր հայկական բնակավայրերի ավերումից հետո: Մինչեւ որ, հանուն Արեւմտահայաստանի ու արեւմտահայության ազատագրության գաղափարի՝ բնաջնջվեց նույն այդ գաղափարի առարկան՝ արեւմտահայությունը, եւ կորսվեց Արեւմտահայաստանը:
Բայց կենդանի մնաց ու բարգավաճեց ամենակարեւորը, գաղափարը՝ նույն «Հայ դատ» անվանմամբ: Այսօր, բնականաբար, դրա տակ ոչ թե Արեւմտահայաստանում ինչ-որ խղճուկ ռեֆորմներ են հասկացվում (այնտեղ այլեւս հայեր վաղուց չկան), այլ 1915 թվականին իրողություն դարձած ցեղասպանության ճանաչման, բարոյական, նյութական փոխհատուցման, պատմական հողերի վերադարձի եւ այլ հարցեր: Իհարկե, ինչպես հատուկ է գաղափարախոսական կանխադրույթներին՝ առանց որեւէ դեպքում ճշտված չափերի ու սահմանների: Ավելին՝ որպես գաղափարախոսություն, Հայ դատն ընդարձակվել եւ հողային պահանջներ է ենթադրում ոչ միայն Թուրքիայից, այլ նաեւ Հայաստանի մյուս հարեւաններից: Բնականաբար՝ դա արվել է ոչ թե նկատի ունենալով այդպիսի մի խնդրի լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների ավելացումը, այլ կրոնի վերածված գաղափարախոսության գոյության ու հարատեւության համար կենսական՝ խնդրի անլուծելիության հատկանիշը առավելագույնս ամրապնդելու նպատակով: Կարգախոսը, որ վերջերս դուրս պրծավ մի հայդատական գործչի բերանից, բնութագրական է. «Մենք չունենք չորս հարեւան, այլ՝ երեք ճակատ եւ մեկ հարեւան» (նկատի ունենալով Իրանը): Շատերին կարող է թվալ, թե սա դաշնակցական մի անհատի անձնական տեսակետ էր. բայց իրականում այդ հայտարարությունը լիովին համապատասխանում է դաշնակցության՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ծրագրին, որտեղ որպես նպատակ արձանագրված է Արեւմտահայաստանի, Ղարաբաղի, Նախիջեւանի, Ջավախքի «ազատագրումը»: Ի՞նչ կա որ. խիստ հայրենասիրակա՞ն է: Իսկ ինչո՞ւ չլինել ավելի հայրենասեր եւ հռչակել, որ չունենք ոչ մի հարեւան, ունենք չորս ճակատ. չէ՞ որ պատմական հայկական հողեր կան նաեւ Իրանում: Թե՞ այդ մեկ հարեւանն էլ պետք է, երեւի, վտանգի պահին երկիրն ու ժողովուրդը լքելու ու փախուստի ճանապարհ ունենալու համար, ինչպես դա արվեց 1920թ.:
Այս դեպքում եւս, բնականաբար, մեր խոսքը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, փոխհատուցման, պատմության արդարության ու իրավունքի հետ կապված հարցերի մասին չէ: Դրանք նորմալ ու անհրաժեշտ հարցեր են, մի մասը՝ նույնիսկ լուծելի, եթե քաղաքական հարթության վրա են, ձեւակերպված են որպես քաղաքական խնդիրներ, հետապնդվում են բնույթով քաղաքական ուժերի իշխանության կողմից եւ քաղաքական մեթոդներով: Նույն եւ նմանօրինակ այլ հարցերը կրոնի վերածված տոտալիտար «ազգային» գաղափարախոսական հարթություն տեղափոխելը, գաղափարախոսական կանխադրույթի վերածելը եւ դրանք գաղափարախոսական խնդրի հատկանիշներով օժտելն է, որ հանդես է գալիս «Հայ դատ», հայդատականություն անվամբ: Այսինքն՝ ինչպես ամեն մի կրոնացված տոտալիտար գաղափարախոսություն՝ այն հենված է մարդկանց հոգեւոր պահանջների շահարկման եւ ազգային ու մարդկային զգացումների շահագործման վրա: Այս հարթության վրա դրվելով է, որ խնդիրներն ստանում են գաղափարախոսական կանխադրույթի՝ վերը թվարկված մյուս բոլոր հատկանիշները եւ յուրահատկությունները։
Այսօրվա հասարակական ըմբռնումներում, նաեւ քաղաքական շրջանակներում, հայդատականությունը հաճախ նույնացվում է ՀՅԴ-ի հետ:
Դա սխալ պատկերացում է: Վերջինս ընդամենը այս գաղափարախոսության առավել ագրեսիվ ջոկատն է, որն այս բնագավառում մենաշնորհի է ձգտում: Պետական ամենօրյա եւ տոտալ քարոզչությամբ նրա գաղափարները ներկայացվում են որպես բարձրագույն հայրենասիրության չափանիշ: Երբեմն նույնիսկ յուրատեսակ մրցույթ է ծավալվում՝ ով ավելի շատ ուզի, նա ավելի հայրենասեր է: Ըստ էության, ավելի կամ պակաս չափով, նույն պլատֆորմի վրա է այսօրվա ողջ իշխանական կոալիցիան, նաեւ խորհրդարանում առկա «պաշտոնական» ընդդիմությունը եւ խորհրդարանից դուրս գործող կուսակցությունների մեծ մասը. չուզենալով հայրենասիրության պակասի մեջ մեղադրվելու խնդիր ունենալ՝ նրանք կամ նույն գույնն են հագնում, կամ, առնվազն, այդ գույնի կարկատան կրում
:
:
No comments:
Post a Comment