Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը քոչարյանասերժական
ռեժիմն անվանեց “մոնղոլ-թաթարական” տիպի խանական համակարգ, անմիջապես էլ զգուշացրեց,
որ դա էթնիկական բնութագրում չէ, այլ գիտական։
Գուցեւ մոնղոլ-թաթարական բռնապետական ռեժիմը աշխարհում չի եղել նաեւ ամենադաժանը,
բայց դատելով այդ ռեժիմի այսօրվա հայաստանյան տարբերակից, իր ինքնապահպանման մեխանիզմներով
այն հաստատ ամենաանբարոյականն է եղել համաշխարհային պատմության մեջ։
Քոչարյանա-սերժական խանական համակարգի այդ մեխանիզմները
մինչեւ մեկ տարի առաջ ընդհանուր գծերով էին տեսանելի եւ՝ ոչ բոլորին։ Իշխանությունց
զրկվելու վտանգի վերջին մոտ մեկ տարում վարչախումբն ստիպված է դրանք առավել բացահայտ
աշխատեցնել՝ սպառել իր ողջ զինանոցը, միաժամանակ ցուցադրելով դրա եղկելի մանրամասները։
Դա հոգեվարքի վկայություն է, երբ մեռնող օրգինիզմն սպառում է իր վերջին ռեսուրսները։
Խաբեությունը
Հասարակությանը խաբելու, ապակողմնորոշելու համար
ստեղծվել էր կեղծ ընդդիմադիրների ծախսատար ինստիտուտը։ Դրա արդյունավետությունն այնքան
մեծ կարող էր լինել, որքան հասարակությունը թույլ է տեղեկացված եւ հեռու պահվում քաղաքականությունից։
Իսկ որպեսզի հասարակությունը լինի հենց այդպիսին, առաջին հերթին անհրաժեշտ էր վարչախմբի
լիակատար հսկողության տակ վերցնել հեռուստաալիքները, ինչը եւ արվեց ի սկզբանե (Ա-1+-ին
համառորեն եթեր չտրամադրելը այս հանգամանքին տրված կարեւորության փայլուն ապացույցն
է)։ Եւ խոստովանենք, որ կեղծ ու վճարովի “ընդդիմադիրների” այս ինստիտուտը հաջողությամբ
գործեց 1998-ից ի վեր՝ որպես վարչախմբի վերարտադրման կարեւորագույն գործիք։ Այն, խոստովանենք,
գործեց նաեւ վերջին նախագահական ընտրություններում։ Գործեց, բայց, ի տարբերություն
նախորդ դեպքերի, այս անգամ մինչեւ վերջին թելը բացահայտվեց ու ջարդուփշուր եղավ Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի, Վազգեն
Մանուկյանի, Վահան Հովհաննիսյանի եւ այլոց դեմքով՝ առաջացնելով ողջ հասարակության ոչ
թե հիասթափությունը, այլ խոր արգահատանքը։ Սակայն այնքան մեծ է դրա կարեւորություն
վարչախմբի համար, որ վերջինս, այլ ելք չտեսնելով, համառ ջանքեր է գործադրում այդ գործիքը
կրկին վերանորոգելու համար։ Մասնավորաբար, վերջերս խոսվում է ինչ որ նոր “երրորդ բեւեռ”
կազմավորելու մասին։
Վախ սերմանելը
Համընդհանուր վախի ու սարսափի մթնոլորտի ստեղծման
նպատակին են ծառայել առաջին հերթին բազմաթիվ սպանությունների իրականացումը եւ դրանց
չբացահայտված ու անպատիժ մնալը։ Ամեն մարդու ենթագիտակցության մեջ պետք է արմատավորվեր,
որ ինքն անպաշտպան է՝ լինի ամենաբարձր պաշտոնյա, ունեւոր մարդ, թե սովորական քաղաքացի։
Ուշադիր նայենք ներկա վարչախմբի օրոք իրականացված չորս տասնյակից ավելի աղմկահարույց
ու չբացահայտված սպանությունների շարքը։ Դրանցից յուրաքանչյուրը, բացի կոնկրետ խնդիրներ
լուծելուց, ծառայեցվել է առաջին հերթին վախի մթնոլորտի ձեւավորմանը։ Եթե հոկտեմբերի
27-ի ոճրագործությամբ ու մարտի 1-ի սպանդով նաեւ իշխանության պահպանման հարց լուծվեց,
ապա Պողոս Պողոսյանի սպնությունը միայնումիայն հասարակության ահաբեկման նպատակին էր
ուղղված։ Յուրաքանչյուրը պետք է համակերպվեր ու բնական համարեր, որ իր հետ ինչ ուզի
կարող են անել բարձրագույն իշխանության կրողը, նրա շրջապատը, իրենից ուժեղը։ Յուրաքանչյուրը
պետք է համակերպվեր ու բնական համարեր նաեւ իր կիսաճորտական վիճակը։ Իսկ որոշ ժամանակ
անց այդ կիսաճորտական վիճակը նա պետք է համարեր նաեւ իր յուրատեսակ ապահովության երաշխիք։
Չհամակերպվողները կարող էին ծախել ունեցած-չունեցածը ու բռնել գաղթի ճանապարհը։ Եւ
խաղաղության վերջին 10 տարում Հայաստանից արտագաղթեց շուրջ կես միլիոն մարդ։ Ոմանց
կարող է անհավատալի թվալ, սակայն բնակչության՝ իր ազատության ու արժանապատվության կորստի
հետ չհամակերպվող ակտիվ մասի արտագաղթը նմանօրինակ վարչախմբին ոչ միայն չի անհանգստացնում,
այլեւ դա հենց նրա նպատակներից մեկն է։ Եւ, այդուամենայնիվ, այսօր համատարած վախը վաղուց
նահանջել է, կամ վերափոխվել համատարած ատելության, իսկ ազատության ու մարդկային արժանապատվության
կորստի հետ չհամակերպվող հարյուր հազարավոր մարդիկ հաստատակամ պայքարի մեջ են։
Կրիմինալ “քաղաքական էլիտա”
Ավազակապետական վարչախումբը պետք է ստեղծեր
իր “քաղաքական էլիտան”։ Այն պետք էր հավաքագրել առաջին հերթին արժեքային համակարգի
հետ խնդիրներ ունեցող, հանցավորության հակված մարդկանցից։ Սրա համար աղբյուր կարող
էր լինել առաջին հերթին հանցավոր աշխարհը եւ քաղքենիությունը։ Հենց դրանցից էլ կազմավորվել
է ավազակապետության կրիմինալ “քաղաքական էլիտան”։ Իշխանությունը պետք է ինչ-որ բանով
սոսնձվի։ Եթե այդ սոսինձը գաղափար կամ գաղափարախոսություն չէ, այդպիսի հուսալի կապ
կարող է լինել հանցավորությունը եւ հանցակցությունը։ Այստեղ բոլորը պետք է ունենան
մի ընդհանրական համոզում, այն է՝ որեւէ այլ իշխանության պայմաններում իրենք կորցնում
են ամեն ինչ, կամ համարյա ամեն ինչ։ Այս գիտակցումով նրանք դառնում են արյունակից եղբայրներ։
Եթե որեւէ մեկն այդպիսին չէ, կամ չի ուզում դառնալ, համակարգը նրան չի ընդունում, դուրս
է շպրտում։ Վերհիշենք վերին մակարդակներում
“կադրային տեղաշարժերի” ընթացքը, հատկապես հոկտեմբերի 27-ից եւ Ռ. Քոչարյանի միահեծան
իշխանության հաստատումից հետո առ այսօր, եւ դրանում դժվար չի լինի համոզվել։ Այս գործընթացը
դեռ չէր ավարտվել եւ Համաժողովրդական շարժման շնորհիվ արդեն փետրվարին սկսվեց մի այլ
գործընթաց, որ սպառնում էր հիմնովին քանդել այս կառույցը։ Մարտի 1-ի սպանդով եւ վարչախմբի
երեւութական հաղթանակով դա կասեցվել, ոչ թե կանգնեցվել է։
Կրիմինալ սոցիալական բազա
Այսօրինակ խանական համակարգ պահելու համար սակայն
միայն վախն ու սարսափը եւ կրիմինալ “էլիտայի” ձեւավորումը շատ քիչ է։ Անհրաժեշտ է նաեւ որոշակի սոցիալական
բազա։ Անհնար է միանգամից նույնպիսի կրիմինալ հակումներով մարդկանցով վերից վար լրացնել
պետական պաշտոնյաների ու ծառայողների ողջ համակարգը, տնտեսությունն ամբողջությամբ հանձնել
նրանց ձեռքը։ Շատ ավելի կարեւոր է ստիպել, որ ստեղծված կոռուպցիոն համակարգի մեջ ընդգրկվեն
ուրիշները, ինչքան հնարավոր է շատ մարդիկ՝ գայթակղելով կամ ստիպելով նրանց ոտնահարել սեփական մարդկային ու բարոյական
սկզբունքները։ Դրա համար տասնյակ հազարավոր մարդիկ դրվեցին երկընտրանքի առջեւ. կա՛մ
կորցնել աշխանտանքը, ունեցվածքը, զրկվել կենսապայմաններից, կա՛մ ակամա դառնալ հանցավոր կոռուպցիոն բուրգի հիմքը։
Տաս տարվա ընթացքում ոմանք դրան համակերպվել են ատամները կրճտանցնելով, ոմանք՝ “մի
թեթեւ” վերանայելով իրենց սկզբունքները, ոմանք տրվել են “ընտանիք պահելու” կենսափիլիսոփայությամբ,
ոմանք իրենց անզոր են համարել դեմ գնալ “դրված կարգին” եւ այլն։ Նման պայմաններում
հասարակության մեջ միաժամանակ սկսվում ու խորանում էր բարոյազրկման, արժեքների վերանայման
սողացող մի գործընթաց, որ “հաղթականորեն” առաջ էր գնում դեռ մեկ տարի առաջ։ Այդ հիմքը,
սովորական պայմաններում բավականաչափ ամուր է այն հանգամանքով, որ եթե մարդը որոշում
է տուրք տալ սեփական սկզբունքներին ու լքել համակարգը, ապա ոչ միայն վտանգում է աշխատանքը
եւ ունեցվածքը, կորցնում “ընտանիք պահելու”
հնարավորությունը, այլ նաեւ կարող է պատժվել ստիպողաբար կատարած իր հանցանքի
համար։ Ոչ սովորական, էքստրեմալ, քաղաքական ակտիվության պայմաններում, սակայն այս հիմքը
դառնում է չափազանց խախուտ։ Քանզի առաջանում է մի հնարավորություն, երբ նույն այդ շատերի
համար, որ զզվում են սեփական անարժանապատիվ վիճակից, ի հայտ է գալիս միաժամանակ ե՛ւ
արժանապատիվ ու ապահով ապրելու, ե՛ւ աշխատանքն ու ունեցվածքը չկորցնելու հնարավորություն։
Համաժողովրդական շարժումն ստեղծել է այդ հնարավորությունը եւ այսօր դա գիտակցում են
բոլորը։
Հանուն ռեժիմի մահապարտներ
Ավազակապետական համակարգը փլուզման պայմաններում
ամեն ինչ անում է առավել շատ թվով մարդկանց կապերն իր հետ ամրացնելու, նրանց երկրորդ
ճանապարհ, այլընտրանք չթողնելու համար։ Դա կարող է արտահայտվել տնտեսական չարաշահումների
համար թողտվության շրջանակների ընդլայնմամբ, գույքի ապօրինի ձեռքբերման նոր հնարավորությունների
ընձեռմամբ, պաշտոնական դիրքի չարաշահումների մակարդակի բարձրացմամբ, պաշտոնյաներին
նորանոր ծանր հանցաքների մղելով եւ այլն։ Այսօր այս երեւույթն ավելի ակնառու է երեւում
իրավապահ մարմինների օրինակի վրա։ Ոստիկանին ստիպում են ապօրինի հրահանգներ կատարել՝
ծեծ, սուտ մատնություն, մարդասպանություն, քննիչին ստիպում են չթույլատրված միջոցներով
ցուցմունքներ կորզել, դատախազին՝ ակնհայտ կեղծ քրեական գործեր հարուցել, դատավորին՝
ակնհայտ անհիմն վճիռներ կայացնել, Ազգային անվտանգության աշխատակցին ստիպում են զբաղվել
իր լիազորություններից դուրս քաղաքական հետապնդումների անպատվաբեր գործերով եւ այլն։
Շատերն այդ համակարգերում դա չեն հանդուրժում, բայց առայժմ դա արտահայտում են պասիվ՝
աշխատանքից դուրս գալու քայլով։
Դժվար չէ նկատել, որ մարտի 1-ի սպանդից հետո
աննախադեպ քաղաքական հետապնդումները միայն ընդդիմությանը ծնկի բերելուն չի ուղղված։
Դրա կարեւոր, գուցե եւ առաջնային նպատակը հենց ավելի շատ ոստիկանների, դատախազների,
քննիչնների, դատավորների առավելագույնս “փչացնելն” է, օրինախախտ ու հանցագործ դարձնելը։
Դրանով նրանց դնում են այնպիսի մի իրավիճակում, որ այս ռեժիմից դուրս իրենց ապագան
տեսնեն միայն ճաղերի ետեւում կամ, առնվազն, տվյալ հասարակությունում արհամարվածի,
“իզգոյի” կարգավիճակում։ Այլ խոսքով՝ առավել շատ թվով մարդկանց ստիպեն այրել բոլոր
հնարավոր կամուրջները ցանկացած այլ իշխանության հետ, ակամա դառնալ գործող ռեժիմի պահպանման
համար ատամներով պայքարող մահապարտներ՝ դրա կործանման մեջ տեսնելով նաեւ սեփական կործանումը։
Այսօր իշխանությունն ամեն ինչ անում է մարդկանց հենց այս կատեգորիան շեշտակի ավելացնելու
համար։ Սա, ըստ էության մարդկանց զոհաբերություն է, ամենաանբարոյական արաքը, որ մերժվել
է հազարավոր տարիներ առաջ։ Եւ եթե հազարավոր տարիներ առաջ մարդկային զոհաբերություններն
արվում էին աստվածներին՝ հանուն ընդհանուրի բարօրության, ապա այսօր այդ մարդիկ զոհաբերվում
են ընդամենը հանուն երկու մարդու զավթած ունեցվածքի ու իշխանության պահպանման։ Եւ դա
եւս հոգեվարքի, ձեռքը փրփուրներից գցելու ապացույց է։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական Ժամանակ»,
30.08.08