Ձեր թերթի դեկտեմբերի 17-ի 1-ին եւ 3-րդ էջերից
իր պատահականորեն հաջողված լուսանկարից ընթերցողին է ժպտում է ԱԺ նախկին նախագահ Տիգրան
Թորոսյանը։ Նա ընդարձակ հարցազրույց է տվել ԵԽԽՎ-ի հայտնի բանաձեւերի եւ դրանց հետ
կապված առաջիկա քնարկումների մասին։ Հարցերը ձեւակերպված են շատ կոռեկտ, ու եթե դրանց
տակ ենթատեքստ փնտրենք, ապա կարելի է գտնել միայն հարգալից, եթե ոչ ակնածական վերաբերմունք՝
հարցազրույց տվողի անձի, գիտելիքների ու անաչառության նկատմամբ։
Տիգրան Թորոսյանը մինչեւ 2-3 ամիս առաջ ԱԺ նախագահն
էր։ Երկար տարիներ նա մաս է կազմել ավազակապետական այն համակարգի, որի դեմ արդեն մեկ
տարուց ավելի համաժողովրդական պայքար է մղվում։ Նա հանրապետության երկրորդ դեմքն էր
վերջին նախագահական ընտրությունների ընթացքում, որպես այդպիսին առաջիններից մեկը անձնական
մասնակցություն ու պատասխանատվություն ունի այն բոլոր բռնությունների, ապօրինությունների,
վայրագությունների համար, որ տեղի են ունեցել նախընտրական շրջանում, ընտրության օրը
եւ դրանից հետո։ Նա առաջիններից մեկը անձնական մասնակցություն ու պատասխանատվություն
ունի մարտի 1-ի սպանդի, դրան հաջորդած աննախադեպ բռնությունների, հազարավոր մարդկանց
դեմ իրականացված քաղաքական հալածանքների, շուրջ 150 քաղբանտարկյալների (67-ը դեռ բանտում)
համար։ Նա, արդեն ոչ թե առաջիններից մեկը, այլ, որպես ԱԺ նախագահ, առաջին պատասխանատուն
է մարտի 1-ին հանրապետությունում ապօրինի արտակարգ իրավիճակ հայտարարելու համար, առանց
որի անհնարին կլինեին հետագա բռնությունները, գուցե եւ սպանությունները։ Նրա ղեկավարած
ԱԺ-ն առանց քննարկման, ու իր իսկ հորդորով, մի քանի րոպեում, առանից քննարկման, իր
համաձայնությունը տվեց Համաժողովրդական շարժման կողմն անցած չորս պատգամավորների ձերբակալելությանը։
Նա ու նրա ղեկավարած ԱԺ-ն ոչ մի ձայն չհանեց, երբ շուրջ 100 անգամ մերժվեցին հավաքներ
անելու իր սահմանադրական իրավունքն իրականացնել ցանկացող քաղաքական ընդդիմության հայտերը։
Մինչեւ վերջին պահը նա անմնացորդ ծառայեց ավազակապետությանը։
Իսկ վերջին պահն այն էր, երբ ավազակապետական սխոդկայում որոշեցին, որ ըստ իր “վաստակի”
հատուցելու համար Հովիկ Աբրահամյանին պետք է համապատասխան պաշտոն տալ։Որոշեցին որ այդ
համապատասխան պաշտոնը ԱԺ նախագահի աթոռն է, եւ առանց այլեւայլության, ոհմակի օրենքով,
զոհաբերեցին իրենց թիմակցին։
Պատասխանելով
վերջին հարցին՝ մասնակցելո՞ւ է նա արդյոք “յոթի գործով” դատավարությանը՝ “հատկապես,
որ Ձեր չորս գործընկերներից երեքը ներգրավված են այդ գործում”, Տ. Թորոսյանը բացառիկ
ցինիզմով իմիջիայլոց ասում է. “Ինչ վերաբերում է իմ գործընկերներին, վաղուց ժամանակն
էր եւ ճիշտ կլիներ, որ խորհրդարանում եւս մեկ անգամ քննարկում լիներ, եւս մեկ անգամ
ներկայացվեին այդ հիմքերը, որոնցով պատգամավորները շարունակում են մնալ կալանքի տակ։
Եթե կային իսկապես ճիշտ հիմքեր, լավ հիմքեր, ապա ճիշտ էր, որ դրանք ներկայացվեին խորհրդարանին
եւ հասարակությանը”։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է. առաջին՝ Տիգրան Թորոսյանը
խոստովանում է, որ 10 ամիս առաջ իր գլխավորած ԱԺ-ը առանց որեւէ հիմքի է իր համաձայնությունը
տվել չորս պատգամավորներին ձերբակալելու ու կալանավորելու համար։ Իսկ դա, բնականաբար,
տեղի է ունեցել իր գործուն մասնակցությամբ ու հորդորով։ Բայց դրա համար նա չի ափսոսում
ու ներողություն չի խնդրում։ Երկրորդ՝ ասում է վաղուց ժամանակն է, որ այդ հիմքերը եւս
մեկ անգամ քննարկվեր խորհրդարանում. այսինքն ընդունում է, որ նախ կարելի է պատգամավոր
գործընկերներին ձերբակալելու թույլտվություն տալ եւ ամիսներ հետո նայել՝ հիմքեր կայեին
դրա համար թե ոչ։ Երրորդ՝ այդ երբվանի՞ց է “վաղուց ժամանակը”։ Իր պաշտոնավարման վերջին
ամսում այդ ժամանակը դեռ չէ՞ր հասունացել։ Այդ ժամանկը եկավ, երբ իրեն դուրս շպրտեցին
իր պաշտոնից։ Կամ՝ եթե վաղուց ժամանակն է, որպես պատգամավոր ինչո՞ւ մինչեւ հիմա նման
հարց չի բարձրացնել։
Մեզ համար զարմանալի չէ այս ամենը, որ հատում
է անգամ անբարոյականության սահմանները։ Դա ամբողջությամբ տեղավորվում է այն մեղկ ու
ցածրորակ կերպարում, որը Տ. Թորոսյանը, որպես պետական պաշտոնյա, իր համար հետեւողականորեն
ձեւավորց իր գործունեության տարիների ընթացքում։ Մեզ համար զարմանալի չէ, որ ավազակապետության
հանցագործ պարագլուխներից մեկը, ներքին վերաբաշխումների պատճառով աթոռազուրկ՝ հաջորդ
իսկ օրվանից ամեն կերպ փորձում է ներկայանալ նոր, այլ, “ընդդիմադիր” կերպարով, սպիտակ
ձեռնոցներով, զարմանալի է այն, որ ընդդիմադիր “Ժամանակ Երեւանը” ակամա նպաստում է դրան։
Խոսքն այն մասին չէ, որ մենք էլ իշխանական լրատվամիջոցների գործելակերպը որդեգրենք՝
դուք մեզ չեք տալիս ձեր եթերն ու թերթերի էջերը, մենք էլ չենք տալիս մերը։ Ամենեւին։
Մինչեւ այդպիսի շնորհի արժանանալը Տ. Թորոսյանը առնվազն պետք է մաքրվի մարտի 1-ի արյան
բծերից։ Խոսքն այն մասին է, որ թերթի խիստ որոշակի ընթերցողը կարող է մեծ հիասթափություն
ապրել։ Ու որպեսզի դա տեղի չունենա, խնդրպում եմ չհրապարակել նրա հարցազրույցի խոստացված
շարունակությունը։
Հարգանքներով՝ ԱՇՈՏ
ՍԱՐԳՍՅԱՆ
«Ժամանակ Երեւան», 17՞.12.2008
No comments:
Post a Comment