Հանրահավաքային վերջին ելույթում (20 ապրիլ,
2012թ.) ՀՀ Հիմնադիր-նախգահ Լևոն Տեր-Պետրոսյանն, ի թիվս այսօր շրջանառվող բազմաթիվ
հարցերի, մանրակրկիտ ներկայացրեց նաև «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի «Ո՛չ մի ձայն հանցավոր
ռեժիմին» կարգախոսը՝ որպես այսօրվա իրողություններին համարժեք կոչ։ Նկատի ունենալով,
որ ելույթը բանավոր էր, ինչպես նաև ծանոթ լինելով կարգախոսի ստեղծման ընթացքին, հարկ
ենք համարում, հենվելով նույն ելույթի հիմնական դրույթների վրա, ևս մեկ անգամ ներկայացնել
կարեւոր այս խնդիրը։
Խոհանոցային մի մանրամասն. «Հայ Ազգային Կոնգրես»
դաշինքի քարոզչական խումբը սույն կարգախոսը ձեւակերպելիս «ռեժիմը» բնորոշելու համար
քննարկել է մի քանի տարբերակ. «ոճրագործ»,
«ազգադավ», «ազգասպան», «ցեղասպան», «հանցավոր»։ Ընտրվել է վերջինը ոչ թե նրա համար,
որ այն արտաքուստ ավելի մեղմ է, այլ որովհետեւ ավելի ընդհանրական նշանակություն ունի
ու իր մեջ կարող է ամփոփել մյուսները։ Ստորեւ, սակայն, պիտի ցույց տանք, որ առաջարկված
բառ-որակումները լիակատար իրավունք ունեին լինել «ռեժիմ»-ի բնորոշիչները ու դրանցից
որեւէ մեկում չափազանցություն չկա։ Խնդիրը կարեւոր ենք համարում, քանզի խոսքը վերաբերում
է իրողությունների, որոնց իմացությամբ ու գիտակցմամբ քաղաքացին պետք է մտնի ընտրատեղամաս
ու իշխանության հարց լուծի։
Ոճրագործ ռեժիմ
Այսօրվա ռեժիմի հիմնադիրը Ռ. Քոչարյանն է։ Քոչարյանը
դա չէր կարող անել, եթե չլիներ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Այս երկու
պնդումը հավասարազոր են փաստերի, և դա չի կարող չարձանագրել իրեն շատ թե քիչ հարգող
որեւէ քաղաքագետ, վերլուծաբան, ապագայում՝ որեւէ պատմաբան։ Խնդրի խոհանոցին մոտիկից
տեղյակ բազմաթիվ մարդկանց համար կա փաստի հավասարազոր մի ենթադրություն էլ. եթե չլիներ
Հոկտեմբերի 27-ը, ապա Քոչարյանն ընդհանրապես քիչ անց կարող էր կոցնել պաշտոնը (1999-ին,
իր իսկ խոստովանությամբ, նա ոչ թե իշխանության կրող, այլ «դիտորդ» պաշտոնյա էր)։
Ոճրագործությունց ծնված ռեժիմն ինքնապահպանման
համար պետք է նոր ոճրագործությունների դիմեր։ Այդ բանը նա արեց 2004-ին՝ խաղաղ ցույցը
դաժանաբար ջարդելով։ Ցույցն ընդամենը պահանջում էր կատարել Սահմանադրական դատարանի
որոշումը։ Հերթական ոճրագործության նա դիմեց 2008-ի մարտի 1-ին՝ այս անգամ խաղաղ ցուցարարների
դեմ բանակ հանելով, կրակելով ու 10 մարդու սպանելով։ Մասնավորապես ԱՄՆ դեսպանատան գաղտնի
փաստաթղթերի հրապարակումից հետո, իրեն շատ թե քիչ հարգով ո՛չ մի քաղաքագետ, ո՛չ մի
վերլուծաբան, ապագայում՝ ո՛չ մի պատմաբան չի կարող որպես փաստ չարձանագրել, որ Ս. Սարգսյանը
չէր կարող զբաղեցնել Հանրապետության նախագահի աթոռը, եթե չիրականացվեր Մարտի 1-ի ոճրագործությունը։
Սա էլ այլեւս ոչ թե ենթադրություն, այլ փաստի հավասարազոր պնդում է։ Այսինքն՝ ռեժիմը
ծնունդով ու գոյությամբ ոճրագործությունների արդյունք է։
Ազգադավ ռեժիմ
Կա երկու խնդիր, որոնք կարեւոր ու հնչեղ են
ոչ միայն հայաստանյան մասշտաբներով, այլեւ համահայկական, համազգային իմաստով. Լեռնային Ղարաբաղ և Հայոց ցեղասպանություն։
Առաջինը կապված է Ադրբեջանի հետ և իր հերթին հանդիսանում է այս երկրի արտաքին քաղաքականության
հիմնական խնդիրը. Լեռնային Ղարաբաղը պահել իր տարածքային ամբողջականության շրջանակներում։
Երկրորդը կապված է Թուրքիայի հետ և իր հերթին հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքական
հիմնական խնդիրը. հասնել նրան, որ պատնեշ դրվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման
դեմ։
1990-ական թվականներին իր ռեսուրսներով 2-3
անգամ ավելի թույլ հայկական կողմը կարողացավ ազատագրել Ղարաբաղը։ Ռազմական հաղթանակներին
համարժեք հաղթանակ արձանագրեց հայկական դիվանագիտությունը. հաղթահարելով Ադրբեջանի
կատաղի նաև միջազգային հանրության դիմադրությունը, հաջողվեց Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն
ճանաչել տալ որպես հակամարտության և բանակցային հավասարազոր կողմ։ Այս կարգավիճակով
Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը որեւէ լուծման դեպքում դառնում էր անշրջանցելի։
Ռ. Քոչարյանը արեց ճիշտ հակառակը. վերցրեց ու
Լեռնային Ղարաբաղը զրկեց բանակցային կողմ լինելու միջազգային մանդատից։ Դա Ադրբեջանի
մեծագույն երազանքն էր։ Դրանից հետո, ինչպես և սպասելի էր, կարգավորման հարցով ընդունված
բոլոր փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի «ինքնորոշումը» պիտի դնեին Ադրբեջանի տարածքային
ամբողջականության շրջանակներում։ Սերժ Սարգսյանը ո՛չ այն ժամանակ ընդդիմացավ, ո՛չ էլ
իր իշխանության շրջանում հրաժարվեց այս գծից։ Ի՞նչ է սա. գավառամտության հետեւանք,
թե՞ գիտակցված դավաճանական քայլ՝ միեւնույն է. Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը Ադրբեջանի
համար լուծել են նրա արատաքի քաղաքական թիվ 1 խնդիրը, որը (միջազգային հանրության զորակցությամբ
հանդերձ) ի զորու չէին լուծել նրա արտաքին քաղաքկան գերատեսչությունը և հատուկ ծառայությունները
միասին վերցրած։
Սիամական այս զույգը նույն կերպ է վարվել Հայոց
ցեղասպանության խնդրի հետ։ Ռ. Քոչարյանը Ցեղասպանության
ճանաչման խնդիրը հռչակեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնադրույթ և ՄԱԿ-ի ամբիոնից
ճառեց այդ մասին՝ առանց համապատասխան փաստաթղթով այն քննարկման ներկայացնելու։ Շարունակությունը
թուրքական դիվանագիտության համար տեխնիկայի խնդիր էր՝ ի պատասխան դրա, շրջանառության
մեջ դնել «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու առաջարկը։ Այս դեպքում էլ՝ ինչ ցանել
էր Ռ. Քոչարյանը, անմռունչ հնձեց Ս. Սարգսյանը։ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական
արձանագրություններ մտավ մի կետ «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու մասին, որը պետք
է քննի Ցեղասպանության լինել-չլինելու հարցը։ Բոլորը և առաջին հերթին սփյուռքահայությունը,
արդարացիորեն սա համարեցին որպես Ցեղասպանության ուրացում։ Անկախ այդ փաստաթղթերի հետագա
ճակատագրից, այդ արձանագրումը բավարար էր Ցեղասպանության ճանաչման հարցը աշխարհով մեկ
կասեցնելու համար։ Գավառամտության արդյո՞ւնք էր սա, թե՞ գիտակցված դավաճանական քայլ՝
միեւնույն է. Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը Թուրքիայի համար լուծել են նրա արտաքին քաղաքական
թիվ 1 խնդիրը, որը (միջազգային հանրության զորակցությամբ հանդերձ) տասնամյակներ շարունակ
չէին կարողանում լուծել նրա արտաքին քաղաքական գերատեսչությունը և հատուկ ծառայությունները
միասին վերցրած։
Որպես փոխհատուցում ի՞նչ ստացան նրանք այս երկու
դավաճանական քայլերի համար։ Ստացան Հայաստանում ապօրինաբար իշխելու և երկիրն ուզած
ձեւով թալանելու արտոնություն։
Ազգասպան ռեժիմ
Այս ձեւակերպման տակ նկատի ունենանք անհատին
մարդկային եւ ազգային արժանապատվությունից զրկելը։ Դա անում է օտար նվաճողը՝ ապահովելու
համար նվաճված ժողովրդի հնազանդությունը։ Քանզի ցանկացած ազգային-ազատագրական պայքար
հենվում է տվյալ հանրության մաս կազմող անհատների մարդկային և ազգային արժանապատվության
պահանջմունքը բավարարելու վրա։ Եթե այդ զգացումները մեռած են, ազգը անընդունակ է այլեւս
երբեւէ վերանվաճելու իր ազատությունը և դատապարտված է ոչնչացման։ Նվաճողի համար այս
խնդրի լուծման հիմնական գործիքը վախի սերմանումն է։ Քոչարյանասերժական ռեժիմի համար
նույնպես վախի սերմանումը եղել ու մնում է որպես հիմնական միջոց։ Դրա համար օգտագործվում
են իշխանավորների ու օլիգարխների բանդաներից սկսած մինչև պետական ուժային կառույցները։
Աշխատանքը կորցնելու վտանգի տակ պարտադրաբար հանրապետական դարձած դպրոցի տնօրենը, գյուղապետը,
ուսուցիչը, բժիշկը և այլն այլեւս իրենց ազատ ու արժանապատիվ մարդ չեն կարող զգալ։ Ապօրինի
հրաման կամ հրահանգ կատարող ոստկանը, անվտանգության աշխատակիցը, բանակի սպան այլեւս
մարդկային արժանապատվության զգացում չեն կարող ունենալ։ Ծայրահեղ աղքատության հասած,
օրվա սնունդը անպատիվ ճանապարհով վաստակող կամ կիսաքաղց մնացած մարդը աստիճանաբար կորցնում
է ամեն մի մարդկային ու ազգային արժանապատվություն։ Այս ամենը ռեժիմի քաղաքականությունն
ու ծրագիրն է տասը տարուց ավելի։ Դա ազգասպանություն է։
Նորանկախ պետությունները առաջին շրջանում կայացման
ծանր ու պատասխանատու շրջան են ապրում, որից հետո նրա քաղաքացին պետք է զգա անկախության,
ազգային պետականության ու ազատության համն ու հոտը։ Այս ռեժիմի ամենածանր հանցաիքներից
մեկն այն է, որ նա հետեւողականորեն լուծում է ճիշտ հակառակ խնդիրը։ Մարդու համար ոստիկանը
ոչ թե ապահովության գրավական է, այլ վտանգի աղբյուր, դատարանը ոչ թե իրավունքի երաշխավոր
է, այլ պատժիչ հիմնարկ, պետական պաշտոնյան ոչ թե սպասարկող է, այլ կաշառք վերցնող։
Բայց այս ամենը նաև անկախության, պետականության ատրիբուտներ են, որոնց դեմ յուրաքանչյուրի
մեջ անվստահություն, արհամարհանք ու ատելություն է սերմանվում։ Դա ազգասպանություն
է, քանզի անկախ պետականությունը ազգի գոյության հիմքն է։
Ցեղասպան ռեժիմ
Հոգեբանորեն դժվար է սեփական իշխանության համար
օգտագործել այս բնորոշումը, մանավանդ, որ քո ժողովուրդն ապրել է նման մի աղետ։
2011թ. հոկտեմբերի 1-ին, արտագաղթին վերաբերող իր ընդարձակ ելույթում էլ Լևոն Տեր-Պետրոսյանը
դժվարությամբ արտասանեց այդ բառը. «Ես չեմ ուզում ձեզ սարսափեցնել, բայց մեր ժողովուրդն,
իսկապես, ազգային աղետի առջեւ է կանգնած... Սա նույնիսկ ոճիր չէ. չեմ ուզում ցեղասպանություն բառն օգտագործել,
բայց ուրիշ բառ դժվար է գտնել»։ Նրանից անկախ, քիչ անց, իշխող ռեժիմի քաղաքականությունը
սեփական ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գնահատեց Շառլ Ազնավուրը. «Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի
ունենում»։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է արտագաղթին։
Քոչարյանասերժական ռեժիմի ընթացքում արտագաղթի
պաշտոնական թիվն անգամ, ավելի քան 300.000 սարսափազդու է։ Սակայն արտագաղթի թիվը շատ
ավելի մեծ է։ Կա մի անշրջանցելի փաստ. դպրոցականների թիվը, որը իշխանությունը չի կարող
կեղծել, քանի որ դա դպրոցների ֆինանսավորման հիմքն է։ Այս ռեժիմի օրոք դպրոցականների
600.000 թիվը կիսվել է։ Բնականաբար՝ հիմնականում արտագաղթի պատճառով։ Այսինքն՝ իրական
արտագաղթի թիվը 1999-ից ի վեր, առանց պատերազմի ու բնական աղետի երկրում հատել է 1
միլիոնի սահմանը։
Այս դեպքում սխալ է նաև արտագաղթ բառն օգտագործելը։
Սա բռնագաղթ է. մարդիկ գնում են ոչ թե
կամավոր, այլ ստիպված՝ խույս տալով անապահովությունից, կողոպտվելուց, անօրինությունից,
սոցիալական ծանր պայմաններից, բանակում երախա կորցնելու կամ խեղելու վտանգից։ Սա բռնագաղթ է, վարչախմբի կողմից երկիրը դատարկելու
հստակ ծրագիր, որը խոստովանեց անգամ ռեժիմի վարչապետը։ Հայաստանը հայերից դատարկելու
նման մի ծրագիր է իրականացվել Օսմանյան Թուրքիայում սուլթան Համիդի և երիտթուրքերի
շրջանում։ Եւ ո՛չ մի նշանակություն չունի՝ մարդը երկիրը լքում է յաթաղանից, թե՞ այլ
վտանգներից խույս տալով։ Այլ խոսքով՝ Ռ. Քոչարյանը
և Ս. Սարգսյանն իրենց անունները գրեցին սուլթան Համիդի ու երիտթուրքերի պարագլուխների
անունների կողքին։ Համենայնդեպս, բացի սրանց իշխանության շրջանից, Հայոց ողջ պատմության
մեջ չի եղել որեւէ այլ տասնամյակ, երբ հայ ժողովուրդն ավելի մեծ աղետների է ենթարկված
ու ավելի ծանր վտանգների առջեւ կանգնած լինի։
Այս ամենից հետո ի՜նչ աստիճանի ցինիզմ պիտի
ունենա մարդ՝ իր նկատմամբ «հավատ» ակնկալելու
համար։
Այս ամենից հետո որքա՜ն պետք է մարդ զրկված
լինի բանականությունից ու պայմանական ռեֆլեքսից անգամ՝ նրանց հավատալու համար։
100 տարի առաջ կատարված ցեղասպանության ճանաչումը
օտարներից պահանջելուց առաջ մենք պարտավոր ենք ճանաչել այսօր, այս պահին մեզ հետ կատարվող
ոճրագործությունը, ազգադավությունը, ազգասպանությունը, ցեղասպանությունը։ Իսկ ճանաչման օրը նշանակված է. մայիսի 6-ին։ Միակ
բանը, որին պետք է հավատալ ու ապավինել՝ «Ո՛չ մի ձայն հանցավոր ռեժիմին» գործելակերպն
է։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հայկական ժամանակ»
26.04.2012