Tuesday, September 10, 2013

Քաղաքական որակ և արժանապատվություն ունեցող գործիչը պետք է հրաժարական տար


Լևոն Տեր-Պետրոսյանը ամենաշատն է հրապարակային ելույթներ ունեցել, գուցե ավելի շատ, քան ելույթների քանակով իրենից հետո հաջորդ 10 տեղն զբաղեցնող քաղաքական գործիչները՝ միասին վերցրած։ Եւ դա՝ «տասնամյա լռությամբ» հանդերձ։
Լևոն Տեր-Պետրոսյանին ամենաշատն են ծափահարել։
ՀՀ Հիմնադիր-նախագահը միակն է հայ իրականության մեջ, որ 25-ամյա իր քաղաքական գործունեության ընթացքում քաղաքական դպրոց («շկոլա») է ստեղծել։ Քաղաքական դպրոց՝ բուն իմաստով (այսօր՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի), որ զբաղվում է ամենօրյա քաղաքականությամբ, նաև քաղաքական դպրոց՝  լայն առումով՝ ի դեմս առնվազն մի քանի տասնյակ հազարանոց կայուն, գրագետ լսարանի, որ ամենօրյա քաղաքականությամբ չի զբաղվում, բայց օժտված է իրական քաղաքական մտածողությամբ և նույն հայացքների, սկզբունքների, արժեքային համակարգի համոզված կրողն է։ Դա կազմում է նրա ստեղծած քաղաքական դպրոցի յուրատեսակ ատմոսֆերան։
Սակայն ծափահարություններ կորզելուն միտված ելույթներով քաղաքական դպրոց չես ստեղծի։ Լևոն Տեր-Պետրոսյանը այն միակ քաղաքական-պետական գործիչն է, ով, սկսած 1988 թվականից, ասել է բաներ և կատարել քայլեր, որոնք, երբեմն կոշտ, հակադրվել են տարածված հասարակական ավանդական պատկերացումների, կեղծ, բայց պատմականորեն սրբագործված արժեքների։ Ընդ որում՝ այդ բանը նա արել է ե՛ւ 1988-ին, ե՛ւ անում է այսօր, ե՛ւ այն ժամանակ, երբ ընդդիմություն է եղել, և այն ժամանակ, երբ իշխանություն է ղեկավարել։
Հասարակության վրա Տեր-Պետրոսյանի այդօրինակ ելութների ներգործության աստիճանը հաճախ ուղիղ համեմատական է եղել դրա ոչ միայն դրական արձագանքին, այլև անհամաձայնությամբ ու քննադատական արձագանքներով  բարձրացված աղմուկի մակարդակին։ Ու ամեն անգամ, ընդդիմանալով հանդերձ, տեղի է ունեցել ավանդական պատկերացումների ու կեղծ արժեքների մի քայլ նահանջ։ Դրանք ռացիոնալ մտածողության, քաղաքական կամ քաղաքականություն վարելու դասեր են, որ կարևոր նորություններ կամ շեշտադրումներ պարունակելով՝ մարսելու համար ևս մեկ անգամ ուշադիր լսելու, կարդալու  կարիք են ունենում անգամ նրա քաղաքական թիմակիցներից և համախոհներից շատերը։ Դա պատահել է տասնյակ անգամներ, դա մարսվել է տասնյակ անգամներ՝ կազմելով խմորման այն պրոցեսը, ինչի արդյունքում քաղաքական դպրոց է ստեղծվում, ինչի հետևանքով քաղաքական դպրոց է ստեղծվել։
Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստում նախագահի վերջին ելույթը, ինչպես և սպասվում էր, պիտի փոթորիկ առաջացներ ամենատարբեր ուղղություններով։ Ստորև՝ մի քանի արձանագրումներ։
Ա) Ընդամենը երկու օրվա ընթացքում տեսանյութի դիտումների քանակը մոտենում է 30 հազարի՝ նմանօրինակ ելույթի համար աննախադեպ մի արդյունք, որ իր կշռով հավասարազոր է հզոր ու մարդաշատ մի հանրահավաքի։ Այս փաստը, ի հեճուկս Կոնգրեսի ու նրա առաջնորդի՝ քաղաքական դաշտում արդեն «չլինելու» մասին իշխանական քարոզչամեքենայի կողմից ամիսներ շարունակ տարածվող «բոթերի», վկայում է Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա գլխավորած քաղաքական ուժի նկատմամբ առկա բարձրագույն հասարակական հետաքրքրության մասին։ Եւ այդ հետաքրքրությունը բարձրանում է այնքան, որքան հասարակական մտածողության մեջ խորանում է իշխող ռեժիմից ազատվելու կենսական անհրաժեշտությունը։
Բ) Ելույթի առանցքային միտքը, ինչի վրա նախագահը հատուկ հրավիրեց ունկնդիրների ուշադրությունը, հետևյալն էր. «Մենք պետք է գիտակցենք, որ ոչ թե մարգինալ, անպատասխանատու տարր ենք, այլ իշխանության այլընտրանք հանդիսացող ինստիտուցիոնալ քաղաքական ուժ, որը արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում պետք է գործի պետական պատասխանատվության գիտակցությամբ, այսինքն՝ այնպես, ինչպես եթե իշխանություն լինեինք»։ Սա նշանակում է, որ Հայ ազգային կոնգրեսը վերահաստատում է իշխող վարչախմբին անհաշտ ընդդիմության և իշխանության հավակնորդի իր կարգավիճակը և ցուցադրում իր բարձր քաղաքական հարգը։ Այս արձանագրումն ակնհայտորեն հասարակական ոգևորություն պիտի առաջացներ, ինչը ակնբախ է անգամ սոցիալական ցանցերի տիրույթում։
Գ) Ելույթի առիթը Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու անակնկալ, միանձնյա որոշումն էր, իսկ հիմնական նյութը՝ այդ առիթով ծավալուն մի դաս՝ միջազգային հարաբերություններում կողմնորոշվելու և արտաքին քաղաքականություն վարելու պարզ ու վայելուչ մեթոդների ու սկզբունքների մասին։ Առաջին նախագահի ներկայացրած առարկայական ու փաստարկված վերլուծությունն ու պատկերը սպանիչ են։ Արդեն իսկ հենց Ս. Սարգսյանի մատուցած անակնկալից շփոթի ենթարկված իշխանությունն ու նրա քարոզչամեքենան, փորձելով հակադարձել Լևոն Տեր-Պետրոսյանին, ստիպված են դիմել նրա պարզ խոսքի խեղաթյուրումների, ընդհուպ իրենց «չհասկացողի» տեղ դնելու ամոթալի մեթոդների՝ դրանով իսկ ավելի խորացնելով սեփական աննախանձելի վիճակն ու խայտառակությունը։
Դ) Ելույթում եվրոասոցացման-մաքսային միության հարցի լուծման օրինակի վրա ակնառու ցույց է տրվում Սերժ Սարգսյանի անտեղյակությունը միջազգային հարաբերություններում կողմնորոշվելու և արտաքին քաղաքականություն վարելու այբուբենին։ Ներկայացված ակնհայտ փաստերի հանդիման՝ եթե որևէ մեկը սա անհավանական է համարում ու չի ընդունում այդ գնահատականը, ուրեմն քաղաքացիություն է տալիս երկրորդ հնարավոր բացատրությանը, այն է՝ Ս.Սարգսյանն այդ ամենը գիտի, սակայն նրա վարած արտաքին քաղաքակության ելակետը եղել է ոչ թե պետության և երկրի շահը, այլ ցանկացած գնով (այդ թվում՝ նաև նույն այդ ազգային շահը գիտակցված զոհաբերելու միջոցով) իշխանությունը պահելը։ Բայց ազգային շահի գիտակցված զոհաբերումը հանուն անձնականի՝ այլ բան չէ, քան պետական դավաճանություն։ Բոլոր դեպքերում շատ դժվար է ասել՝ արդյո՞ք նույնպիսի բովանդակություն, ընթացք և արդյունք կունենային, օրինակ, վերջին նախագահական ընտրությունները, եթե Ս. Սարգսյանը, տարիներ շարունակ քափ ու քրտինք մտած՝ չզբաղվեր «ասոցացման պայմանագրի» մշակմամբ, և Եվրոպան կասկած չունենար դրա «բնականոն» ելքի մասին։
Ե) Ս. Սարգսյանը շտապեց անմիջապես տեղեկացնել Եվրոպային, թե իր վրա ճնշում, սպառնալիք է եղել Ղարաբաղի հարցում (համենայն դեպս՝ այդպես ներկայացրին եվրոպացիները, և ոչ մեկը դա չհերքեց)։ Դեռ մի կողմ թողնենք, որ ոչ միայն միջազգային հարաբերությունների և քաղաքական էթիկայի, այլև նույնիսկ կենցաղային հարաբերությունների հարթության վրա՝ ծեծված խեղճի վիճակով այս «խաբարբզիկությունը», բողոք-արդարացումը խայտառակություն է։ Ինչ հանգամանքների պայմաններում էլ նա կայացրած լիներ որոշումը, իրոք, պետության ղեկավարի արժանապատվությամբ պիտի ասեր, որ դա իր ընտրությունն է։ Ու եթե Եվրոպան ինքնուրույն մեկնաբաներ դա որպես Ռուսաստանի ճնշում, Ս. Սարգսյանը պիտի հրապարակավ հերքեր։ Մինչդեռ այն դարձվել է իշխանական և իշխանանպաստ քարոզչության հիմնական ելակետը։ Բանն այն է, որ պատվազրկված ու խայտառակ այդ վիճակում հայտնվել է ոչ միայն Ս. Սարգսյանն անձամբ, այլև Հայաստանը և մենք բոլորս՝ որպես նրա քաղաքացիներ։ Ու պատահական չէ, որ այս առիթով ուկրաինացի քաղաքական վերլուծաբաններից մեկն իր հոդվածում ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Հայաստանն է կոչում «ոչխար-պրովոկատոր»:
Զ) Կարո՞ղ է Հայաստանը դիմակայել աշխարհի հզորների ճնշումներին կամ նրանց հարաբերությունների լաբիրինթոսում առաջ տանել իր շահերը։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ներկայացնում է այդ անելու դեղատոմսը, մեխանիզմը՝ դրա ամենահզոր գործիքը համարելով միջպետական հարաբերություններում անկեղծությունը, ազնվությունը, վստահության ձեռքբերումը, վստահելի գործընկեր լինելը։ Նա բերում է իր փորձից այդ մեխանզմի գործադրման մի քանի օրինակ։ Այո, Հայաստանը դա կարողացել է անել ու հենց նաև դրա շնորհիվ հաղթանակների հասնել տնտեսապես իր ամենաթույլ տարիներին։ Անգամ մրջյունների շարժին տեղյակ նույն այդ հզորները ղարաբաղյան պատերազմի համար արձանագրեցին, օրինակ, որ հակամարտությունը ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի, այլ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի «տեղական կազմավորումների» միջև է, և վերջիններս են գրավել շրջակա տարածքները։ Վերջին հաշվով՝ ոչ թե նրանց «ֆռռցնելու», այլ հենց վստահության ձեռքբերման արդյունքում էր, որ պատերազմն ունեցավ այն ելքը, ինչ ունեցավ։
Երկրի ղեկավարի վրա կարող են լինել ճնշումներ, ինչպես ներսում, այնպես էլ դրսում։  Նա պետք է կարողանա հաղթահարել դրանք։ Եթե նա համոզված է երկրի համար իր ընտրած ճանապարհի ճշմարտացիության մեջ, իսկ ճնշումները գործնականում անհաղթահարելի են, և ընդդիմացումը հղի է երկրի համար վտանգավոր հետևանքներով, նրան մնում է արժանապատվորեն անել վերջին քայլը՝ հրաժարական տալ։ Խոսքն, իհարկե, քաղաքական իշխանության և քաղաքական որակ ունեցող գործչի մասին է։