Tuesday, November 12, 2013

Բոլոր հարցերը տանում են դեպի Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարական


Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտության գաղափարն արագորեն համակում է ողջ հասարակությանը՝ ներառյալ իշխանական շրջանակներին։ Այն առարկայանում ու հիմնավորվում է արտաքին քաղաքական խոշոր հարցերում վերջնական աղետալի ձախողումներից սկսած՝ մինչև ներքաղաքական «մանր», կենցաղային թվացող խնդիրներով։
Նրա իշխանության օրոք աղքատության մակարդակի՝ ըստ պաշտոնական տվյալների՝ կրկնակի, իսկ իրականում՝ եռակի բարձրացումը, միջին կենսամակարդակի կայուն անկումը, սոցիալական բևեռացման խորացումը և այլն՝ արդյունք են կողոպտիչ այն մեքենայի աշխատանքի, որի ղեկին Սերժ Սարգսյանն է։ Այսինքն՝ անկախ այն բանից, թե յուրաքանչյուր դեպքում անձնապես ում՝ ո՛ր օլիգարխի, պաշտոնյայի, չինովնիկի, գործարարի կողմից է կողոպտվում քաղաքացին, իրականում նա կողոպտվում է անձամբ Ս. Սարգսյանի կողմից։
Մի ժամանակ կողոպտիչ այդ մեքենայի թիրախը, առաջին հերթին, երկրի բնական հարստություններն էին, հողը, անշարժ գույքը։ Բայց դա սպառվեց, և Սերժ Սարգսյանն իր ձեռքն ավելի խորն է մտցնում քաղաքացու, մեզնից յուրաքանչյուրի գրպանը՝ չխորշելով այդտեղից տանել վերջին 50 դրամը։
Այստեղ պիտի անդրադառնանք այդ կողոպուտի մի քանի «մանր» դրսևորումների, որոնք կապված են ավտոտրանսպորտի հետ, մասնավորապես՝ արագաչափեր, տեսախցիկներ, մայթեզրերի կարմիր գծանշումներով վճարովի ավտոկանգառներ, ուղևորատար տրանսպորտի գների բարձրացում։
Մեզ կարող են ասել. բայց չէ՞ որ այս միջոցառումները կապված են երթևեկության անվտանգության ապահովման հետ։
Կապ պիտի՛ ունենային, բայց արի ու տես, որ պաշտոնական վիճակագրությունն անգամ հակառակ պատկերն է ներկայացնում։ Դրանց ներդրմամբ պատահարների և զոհերի քանակը ոչ միայն նույն մակարդակի վրա չի մնացել, այլև տարեցտարի հետևողականորեն և կայուն աճել է։
2010թ. արձանագրվել է 1974 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 293 մարդ։
2011թ. արձանագրվել է 2319 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 327 մարդ։
2012թ. արձանագրվել է 2731 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 311 մարդ:
2013թ. առաջին վեց ամիսներին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 1218 պատահար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14,3 տոկոսով, զոհվել է 141 մարդ։
Հիմնական պատճառն այն է, որ այս ամենը մտահղացվել ու ներդրվել են ոչ թե որպես երթևեկության անվտանգությունն ապահովելու, այլ, առաջին հերթին՝ որպես ժողովրդին լրացուցիչ կողոպտելու մեխանիզմներ։ Այդ են վկայում երեք փաստ։ Առաջին՝ տուգանքներից գոյացած գումարի 70%-ը բաժին է հասնում մասնավոր ընկերություններին, և 30%-ն է մտնում բյուջե։ Երկրորդ՝ չափազանց բարձր են տուգանքները։ Երրորդ՝ հիշյալ ընկերությունների տերերը, ըստ մամուլում տարածված ու չհերքված լուրերի, Սերժ Սարգսյանի մերձավորներն են, որ միևնույն է, թե անձամբ ինքն է։
Այստեղ էլ, հնարավոր է՝ առարկեն, թե զարգացած երկրներում, օրինակ, նույն խախտումների համար ավելի բարձր տուգանքներ են սահմանված։ Կարող են հակաճառել նաև տրանսպորտի ուղեվարձի հարցում՝ մատնացույց անելով ինչպես «զարգացած» երկրների օրինակներ, այնպես էլ ինչ-որ թվաբանական հաշվարկներ։
Պարզաբանենք։
Ըստ կենսական նշանակության՝ անձնական կամ ընտանեկան բյուջեն ունի ծախսերի պարտադրված առաջնահերթություններ։ Պայմանականորեն՝ դրանք բաժանենք երկու խմբի. առաջնային՝ սնունդ, հագուստ, առողջապահական, ուսումնական, և երկրորդ խումբ՝ հոգևոր պահանջմունքներ, որոշ «ճոխություններ» և այլն։ Եթե «զարգացած» երկրներում ամսական աշխատավարձը, օրինակ, 3000 դոլար է, ապա դրա առաջին կեսով արդեն կարելի է հոգալ առաջնային կենսական ծախսերը, և երկրորդ կեսի հաշվին է, որ վճարվում են փոխադրավարձը, տուգանքները և այլն։ Հայաստանում բնակչության մեծագույն մասի տասնապատիկ ցածր ամսական եկամուտը չի բավարարում անգամ նվազագույն անհրաժեշտ սննդի, հագուստի և առողջության պահպանման ծախսերը հոգալու համար։ Այս դեպքում, ահա, տրանսպորտի գնի բարձրացումը, զանազան տուգանքները և այլն, նրա սննդի և առողջության հաշվին են։ Այսինքն՝ դրանով վատթարացվում է մարդու ապրելու հնարավորությունը՝ բառիս ոչ թե հասարակական, այլ կենսաբանական իմաստով ։ Պատերազմական պայմաններում, ժամանակավորապես, դա «թիկունքի» հասկանալի ինքնազոհողություն կարող է դիտվել՝ հանուն հաղթանակի և ազատության։ Խաղաղ պայմաններում դա մարդասպանություն է՝ հանուն ինչի՞, Ս. Սարգսյանի ու նրա ավազակախմբի գրպանները լցնելո՞ւ։
Մի երկրում, որտեղ հասարակության կեսը աղքատության, չքավորության ճիրաններում է, հասարակական տրանսպորտի գինը չի կարող հաշվարկվել այն թվաբանական մեթոդով, ինչն այսօր փորձում են հրամցնել որպես տնտեսական հիմնավորում։ Նույն կերպ՝ զանազան տուգանքները չեն կարող լինել այնպիսի թվերով, որոնք աստղաբաշխական են գործող աշխատավարձերի և առկա կենսամակարդակի համեմատությամբ։ Էլ չենք խոսում մայթեզրերին կարմիր գծանշումներով վճարովի կանգառների մասին, որ ժողովրդի նկատմամբ շնականության՝ ցինիզմի բացառիկ մի դրսևորում է։ Հայաստանի նման երկրներում բոլոր այս կարգի հաշվարկների հիմքում պետք է դրվի հասարակության մեծագույն մասի սոցիալական վիճակը և կենսամակարդակը։
Իսկ որտեղի՞ց գտնել պակասող միջոցները, եթե, դիցուք, հասարակական տրանսպորտի ծախսերն իրոք գերազանցում են 100 դրամը։ Ասենք, թե որտեղից. այն միլիոններից, որ ոչ միայն «աշխատել», այլև նույնիսկ հայտարարագրել է Տարոն Մարգարյանը։ Կամ՝ կոռուպցիոն բուրգի կողոպտած այն միլիարդներից, որ, ըստ միջազգային փորձագիտական գնահատականների՝ կրկնակի գերազանցում են Հայաստանի պետական բյուջեն։ Չլիներ այդ կողոպուտը, հասարակությունն այսօր կունենար առնվազն 5 անգամ բարձր կենսամակարդակ։ Այդ դեպքում  նա տրանսպորտի գնի 50 դրամ բարձրացումը կամ 5000 դրամ տուգանքը կվճարեր ոչ թե հացի ու դեղի, այլ մի անգամ պակաս թատրոն կամ սրճարան գնալու հաշվին։
Իսկ կոռուպցիոն, կողոպտիչ այդ բուրգի գլխին Սերժ Սարգսյանն է։ Այնպես որ, բոլոր հարցերը՝ մեծից մինչև ամենափոքր, տանում են դեպի Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։

No comments:

Post a Comment