անտիպ
Այսօր ուրախ օր է։ Գրքի ծնունդը երեխայի ծնունդի նման մի բան է։ Մեր ընկեր Անդրանիկ
Հովակիմյանն այսօր գիրք-երեխա է ունեցել, եւ մենք հավաքվել ենք շնորհավորանքի։ Եւ այդ
շնորհավարանքն ի դեմս տիկին Սեդայի եւ գիրքը կազմող մեր սիրելի Լիանայի, ուղղում ենք
մեր ընկերոջը։
Անդրանիկ Հովակիմյանը կարճ, բայց նախանձելի իմաստալից կյանք ապրեց։ Եւ եկեք ընդունենք,
որ կյանքի տեւողությունը օրացուցային տարիներով չեն չափում, այլ ապրած օրերի բովանդակության
հարստությամբ, ու մխիթարվենք դրանով։ Այդ իմաստավոր կյանքի վկայությունը կդառնա այս
գիրքը։
Հրապարակված գիրքն էլ ոչ թե մի հուշարձան է հեղինակի համար, ինչպես հաճախ ընդունված
է ասել, այլ, ըստ էության, հեղինակի կյանքի յուրատեսակ մի կենդանի շարունակություն
է։ Այսինքն, եկեք ընդունենք, որ այս գրքով մեր սիրելի Անդրանիկը մեզ հետ շարունակելու
է ապրել եւ, իհարկե, պայքարել։
Անդրանիկին ճանաչողներից ամեն մեկը կարող է շատ երկար բնութագրել նրան։ Այդ բնութագրերը
անպայման կլինեն օբյեկտիվ ու անկեղծ, ու դրա պատճառը ինքը բնութագրվողը կլինի, քանզի
նա իր հարաբերություններում, ում հետ էլ որ լիներ, անկեղծ էր եւ օբեկտիվ։
Ինչպես բոլորս, Անդրանիկը եւս իր նկատմամբ կարող էր ունենալ տարբեր վերաբերմունք,
նրան կարող էին սիրել կամ չսիրել, բայց նրան հարգում էին բոլորը, եւ այդ հարգանքն ինքն
էր հարուցում իր վարվելակերպով, կենսակերպով ու պահվածքով։ Նույն այդ հարգանքը նրա
նկատմամբ առաջանալու է նաեւ այս գրքի՝ նրան չճանաչող ընթերցողների մոտ, քանզի, ինչպես
ասացի, դրանով շարունակվելու է նրա կենդանի գոյություն ու շփումը մարդկանց հետ։
Գրքի հրատարակության առիթով ես շնորհավորում եմ Անդրանիկի մայրիկին՝ տիկին Սեդային։
Ընդունված է, որ ինչ-որ բանի համար պայքարող ծնողի գործը խոստանում ու շարունակում
է որդին։ Հասկանալի պատճառով հազվադեպ է պատահում հակառակը։ Տիկին Սեդան այդ հազվադեպներից
է։ Արժանապատվորեն ու զուսպ կրելով իր մեծ վիշտը, նա առանց չափազանցնելու, բառիս ամբողջական
իմաստով, փոխարինեց իր որդուն՝ նրա պայքարն ու գործ մինչեւ վերջ հասցնելու պատկառազդու
հաստատակամությամբ։ Այսօրվանից այդ պայքարին միանում է նաեւ Անդրանիկի հրապարակված
գիրքը։
Շնորհավորում եմ նաեւ Լիանա Երվանդյանին, որը, չունենալով հանդերձ այդ գործի համար
անհրաժեշտ փորձը, միայն անմնացորդ սիրով ու տեւական աշխատանքով կարողացավ հասնել իր
առջեւ դրած գեղեցիկ նպատակի իրականացմանը։
Շնորհավորում եմ բոլորիս։
Աշոտ Սարգսյան
No comments:
Post a Comment