Վերջին շրջանի բուռն, շատերի
համար անակնկալ իրադարձություններն առանձին-առանձին դիտարկալիս՝ մեկ, միասին դիտարկելիս՝
բոլորովին այլ քաղաքական իմաստավորում են ստանում եւ այլ իրողություններ
մատնանշում։ Ոչ միայն լրագրության, այլեւ շատ «վերլուծաբանների» համար գայթակղիչն
առաջին դիտանկյունն էր՝ որպես «սենսացիաների» շարք, բնականաբար՝ սխալ
եզրահանգումներով։ Այլ են եզրահանգումներն ու իրողությունները, երբ այդ ամենին
նայում ենք երկրորդ՝ լայն ժամանակային կոնտեքստում համադիր քննությամբ։
***
2014 թ. մարտին արդեն
համագործակցող հիմնական քաղաքական ուժերի՝ Քառյակի ջանքերով հասարակական
համախմբումը հասել էր մի աստիճանի, երբ նրա հռչակած, ներքաղաքական օրակարգի թիվ
մեկ՝ ամբողջական իշխանափոխության խնդիրը լուծելն այլեւս տեխնիկայի հարց
էր։ Սակայն այդ պահին Քառյակի ներսում հնարավոր եղավ քաղաքական կոնսենսուսի հասնել
ավելի համեստ՝ վարչապետի հրաժարականի հարցում (որպես «առաջին քայլ»՝ ամբողջական
իշխանափոխության ճանապարհին ձեւակերպմամբ)։ Հայ ազգային կոնգրեսը, առարկելով
հանդերձ «նշաձողի իջեցմանը», հանուն քաղաքական պրոցեսի պահպանման, համաձայնեց այդ
մարտավարությանը։
Այդ օրակարգով ապրիլի 28-ին
նշանակված հանրահավաքը դեռ նոր իրազեկված՝ Ս. Սարգսյանը հապշտապ ազատվեց
վարչապետից՝ փաստ, որը մատնում էր այդ պահին իշխանության անզորությունը եւ
հաստատում, որ նշանակված հանրահավաքը կայանալու դեպքում կարող է սկիզբ դառնալ
ամբողջական իշխանափոխության հիմնական հարցի լուծման։ Քառյակի ներսում, սակայն
հնարավոր հաջորդ կոնսենսուսը դարձավ «նոր կառավարությանը» 12 կետով պահանջներ
ներկայացնելը։ Հայ ազգային կոնգրեսը, պնդելով ապրիլի 28-ի հանրահավաքի վրա (արդեն
Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջով), երկրորդ անգամ, հանուն կոնսենսուսի եւ
քաղաքական գործընթացի պահպանման, համաձայնեց նաեւ այս մարտավարությանը։
Ներկայացված 12 պահանջները,
բնականաբար, չկատարվեցին, եւ ամռան վերջին սկսվեցին մարզային հանրահավաքները,
նույն՝ ամբողջական իշխանափոխության համար անհրաժեշտ հասարակական համախմբման նոր
բարձրակետի հասնելու ուղենիշով։ Հոկտեմբերի 10-ին եւ 24-ին կայացած համապետական
հանրահավաքները երրորդ անգամ գրանցեցին ամբողջական իշխանափոխության հասնելու
հնարավորության այդ բարձրակետը՝ ոչ միայն համաժողովրդական ոգեւորության ու
ակտիվության, հասարակական մթնոլորտի շիկացման, այլեւ իշխանության՝ Համաժողովրդական
շարժմանը հակազդելու հնարավորության բացակայության ապացույցներով։ Սակայն
եզրափակիչ քայլը կրկին չարվեց։
Մոտ մեկ տարի առկա էր
բռնապետական վարչախմբից ազատվելու, այլ խոսքով՝ բուրժուադեմոկրատական
հեղափոխության իրականացման ամենաիրական հնարավորություն` պատմական շանս։ Այդ ընթացքում
երեք անգամ այդ հնարավորությունը հասցվեց իրականացման բարձրակետի, ու չարվեց
եզրափակիչ քայլը։ Ս. Սարգսյանը շուրջ մեկ տարի ոչ մի կերպ չէր
կարողանում գտնել անհրաժեշտ ռեսուրսները եւ
նպաստավոր պահը՝ չեզոքացնելու
համար իր իշխանությանն սպառնացող ամենաիրական վտանգը։ Եւ ահա, նա վստահորեն դրա
մեկնարկը տվեց 2015 թ. փետրվարի 12-ին՝ ԲՀԿ-ի դեմ երկրի ղեկավարին անհարիր
ահաբեկչական խայտառակ ելույթով, ապա նաեւ նույնպիսի գործողություններով։
Շուրջ մեկ տարին, այսպիսով, ըստ
էության, լավագույն մի «ժամանակային ընծա» էր Ս. Սարգսյանի համար։ Այդ ընթացքում
նա լուծեց երկու խնդիր։ Առաջին՝ գործի դնելով ինտրիգների, խառնակչության ու
խարդավանքների իր հարուստ զինանոցը՝ նա կարողացավ որոշ հենման կետեր գտնել
Համաժողովրդական շարժման մեջ, մասնավորապես՝ «իրենով անել» Քառյակի ուժերից մեկին։
Երկրորդ՝ այդ ընթացքում նա կարողացավ լրացնել ու ամբողջացնել այն տարատասակ
ռեսուրսներն ու գործիքները (այդ թվում՝ կրիմինալ), ինչով պիտի վճռական հարված
հասցներ ԲՀԿ-ին։ Նույն ընթացքում Ս. Սարգսյանի համար, արդեն՝ ինքնաբերաբար,
առաջացավ եւս երկու բարենպաստ գործոն։ Մեկ տարվա ընթացքում երեք անգամ
իշխանափոխության իրականացման համար անհրաժեշտ շիկացման բարձրակետի հասնելով՝
եզրափակիչ քայլը չկատարելը, բնականաբար, հասարակության տարբեր շերտերում որոշակի
հուսախաբության ու անվստահության առիթ էր տվել։ Եւ երկրորդ, ամենակարեւորը՝ հասարակական
մթնոլորտում փետրվարից արդեն գերակա էր համազգային բացառիկ կարեւորություն եւ
հնչեղություն ունեցող՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի
միջոցառումների փուլը՝ ամենաանհարմար շրջանը որեւէ այլ խնդիր հարուցելու համար։
Փետրվարի սկզբին սա այլեւս ակնհայտ իրողություն էր։ Մինչդեռ Ս. Սարգսյանը,
բնականաբար, բարոյական եւ այլ կարգի որեւէ արգելք չպիտի ունենար Ցեղասպանության
խնդրի էժանագին շահարկմամբ հարմար այս պահից օգտվելու հարցում, ինչը եւ նա արեց։
***
Հայ ժողովրդի շահերի ելակետից՝
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը լավագույն պատեհությունը պիտի լիներ՝ ձեռք
բերելու հնարավոր առավելագույնը՝ ինչպես Հայաստանի պետական, այնպես էլ համազգային
շահերի իմաստով։ Ճիշտ կազմակերպվելու, արժանապատիվ կեցվածքով եւ միջազգային
չափորոշիչներին համապատասխանող լեզվով մատուցվելու դեպքում այն էական դրական դեր
կարող էր խաղալ, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբեղյան
հակամարտության կարգավորման բնագավառում եւ նպաստել հենց Ցեղասպանության ճանաչման
գործին։
Մինչդեռ հունվարի 29-ին
հրապարակված համապատասխան փաստաթուղթը՝ «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի
հռչակագիրը», ցույց տվեց, որ ամեն ինչ ծրագրված է բոլորովին այլ ելակետից, եւ
բոլորովին այլ պիտի լինեն դրա արդյունքները։ Խնդիրն այն չէր, որ Ս. Սարգսյանն այն
ծառայեցնելու էր երկրի ձախող կառավարմամբ եւ հենց Ցեղասպանության հրապարակային
ուրացմամբ խաթարված իր հեղինակությունն ինչ-որ կերպ վերականգնելու գործին։ Դա
չարյաց փոքրագույնը կարող էր լինել։ Խնդիրն այն էր, որ միջազգային հանրությանն
ուղղված, բայց վերջինիս համար անհասկանալի լեզվով գրված այս փաստաթուղթն իր մեջ
ահռելի վտանգներ է պարունակում Հայաստանի, հայ ժողովրդի եւ հենց Ցեղասպանության
հարցի համար։
Հրապարակված Հռչակագիրը, որպես
իրավաբանական փաստաթուղթ, ըստ էության, Հայաստանի արտաքին քաղաքական
ուղղության կտրուկ փոփոխություն է՝ այն ամբողջությամբ դնելով, այսպես կոչված,
հայդատական-պահանջատիրական ռելսերի վրա։ Արդեն մեկ անգամ նման մի
շրջադարձ դեպի հայդատականություն կատարվել էր 1998 թվականին, երբ Ռ. Քոչարյանը,
նույն՝ անձնական վարկանիշի բարձրացման շարժառիթով, տուրք տալով հայդատականությանը,
ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ էր ունեցել Ցեղասպանության ճանաչման թեմայով եւ այդ խնդիրը
հռչակել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց։ Այդ պահին,
իհարկե, նա ծափահարություններ ստացավ հայդատական շրջանակներից։ Իսկ
Հայաստանը դրա դիմաց ստացավ հայ-թուրքական հարաբերությունների վատթարացում,
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքերի թուլացում, ի դեմս
տխրահռչակ «պատմաբանների հանձնաժողովի» գաղափարի՝ քաղաքացիություն ստանալուն՝
Ցեղասպանության ճանաչման համար հիմնական խոչընդոտի հարուցում։
Եւ ահա, Ցեղասպանության
100-ամյակի հիշյալ հռչակագրով արդեն նաեւ
պահանջատիրությունը հռչակելով որպես Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց՝
Ս. Սարգսյանն անվերապահորեն է ընկնում հայդատականության գիրկը։
ՀՀ հիմնադիր-նախագահ Լեւոն
Տեր-Պետրոսյանը լավագույնս է պատկերացնում դրա վտանգավորության աստիճանը։ Նա
հայդատականությանն առնչվել է իր ողջ քաղաքական կենսագրության ընթացքում՝ դրա
վտանգի դեմ առաջին ելույթն ունենալով դեռ 1989 թ հունիսի 24-ին Խորհրդային
Հայաստանի Գերագույն խորհրդի ամբիոնից։ Իր իշխանության տարիներին նա անզիջում
գաղափարական պայքար է մղել դրա դեմ, պետական կյանքն ամեն կերպ հեռու պահել
քաղաքական այդ արկածախնդրությունից։ Դրա շնորհիվ է, ըստ էության, որ հնարավոր են
դարձել ԽՍՀՄ փլուզման շրջանում անկախության հնարավորինս անկորուստ ձեռքբերումը,
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության եւ անվտանգության ապահովումը, պատերազմական հաղթանակները,
ահռելի մարտահրավերների հաղթահարումը, արդյունավետ դիվանագիտությունը,
պետությունների միջազգային ընտանիքում Հայաստանի արժանապատիվ դիրքն ու համարումը։
Մյուս կողմից՝ նա իր հետագա ելույթներում բազմիցս անդրադարձել է նաեւ 1998-ից
հայդատականության ուղղությամբ արտաքին քաղաքականության փոխելու՝ Ցեղասպանության
ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարց հռչակելու արդյունք
հանդիսացող ցավալի կորուստներին ու ձախողումներին։
Այսինքն՝ իր հրապարակման
օրից «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագիրը»՝ որպես իրավաբանական
փաստաթուղթ, իր վտանգավորությամբ ավելին է, քան այսօր Հայաստանի ու հայ ժողովրդի
առջեւ ծառացած որեւէ մարտահրավեր՝ ներառյալ, թերեւս, իշխող վարչախմբի
իշխանությունը։ Որպես այդպիսին այն «կտրում է» մյուս բոլորը խնդիրները եւ դառնում
Հայաստանի թիվ 1 քաղաքական հարցը։
Ուստիեւ՝ Լեւոն
Տեր-Պետրոսյանը չէր կարող դրան չարձագանքել եւ չանել իրենից կախված ամեն ինչ՝ այդ
վտանգի առաջն առնելու համար։
Նրա առաջին արձագանքը «Խոհեր
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հրապարակման
առթիվ» հոդվածն էր
փետրվարի 11-ին, որտեղ մանրակրկիտ վերլուծվում էր փաստաթուղթը՝ նշելով դրանում
ամրագրված դրույթների վտանգավորությունն ու, որոշ դեպքերում՝ նաեւ
անհեթեթությունը։ Իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 12-ի կեսօրին, նա «Բաց նամակ Սերժ
Սարգսյանին» վերնագրով մի նյութ ուղարկեց՝ մամուլում («Չորրորդ իշխանություն»
օրաթերթ եւ «Իլուր» կայք)՝ փետրվարի 13-ին հրապարակելու համար։ Այս
հաջորդականությունը ակնհայտ է դարձնում, որ հոդվածը եւ «Բաց նամակը» մտահղացված
էին որպես մեկ միասնական քայլ՝ ուղղված վերոհիշյալ վտանգը կանխելուն։ Դրանում նա
կոչ էր անում խորհրդակցական մի հանձնաժողով կազմել՝ կարեւոր այդ փաստաթուղթը
Ցեղասպանության 100-ամյակին պատշաճող դարձնելու եւ միջազգային
չափորոշիչներին համապատասխանեցնելու համար։ Հարցին տված բացառիկ կարեւորության
աստիճանը արտահայտված է նամակի վերջում. «Որպես գաղափարի մտահղացող, ես պատրաստ եմ
նաեւ անձամբ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, փույթ չէ, թե «ոխերիմ
բարեկամներս» ինչպես կմեկնաբանեն իմ անսպասելի քայլը։ Կարեւորն այս պատասխանատու խնդրում
պետական եւ համազգային մակարդակով սխալ թույլ չտալն է։ Մնացած ամեն ինչ չնչին է ու
երկրորդական։ Մեկ էլ, հնարավոր է, Ձեզ այսպիսի անակնկալ մատուցեմ Ղարաբաղյան
կարգավորման խնդրում բարդություններ առաջանալու պարագայում։ Երբ վտանգվում է իմ
ազգի եւ պետության ապագան, ես ձեռքերս ծալած չեմ կարող նստել եւ ցանկացած դուռ
կբախեմ »։
Սակայն այս «Բաց նամակին»
վիճակված չէր հրապարակվել՝ որպես այդպիսին եւ նախատեսված ժամկետում։ Նույն օրը,
փետրվարի 12-ի երեկոյան, Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ-ի դեմ ահաբեկչական հայտնի ելույթից
հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը «Բաց նամակը» ետ կանչեց խմբագրություններից՝ «քանի
որ ստեղծված նոր իրավիճակում դրա հրապարակումը բոլորովին այլ կերպ կընկալվեր»։
Այն հրապարակվեց մի քանի օր անց՝
արդեն «Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման բացթողնված մի
պատեհություն» վերնագրով եւ հետեւյալ
ծանուցմամբ. «Երկար ծանրութեթեւ անելուց հետո, սակայն,
ես եկա այն եզրակացության, որ, անկախ ներքաղաքական զարգացումներից, իրավունք
չունեմ հասարակությունից թաքցնել մի կարեւորագույն խնդիր, որն առնչվում է ողջ
հայության եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կենսական շահերին»։
Իսկ պատեհությունը կորսված էր համարվում ԲՀԿ-ի դեմ Ս. Սարգսյանի սկսած տեռորի
պատճառով։ Արված առաջարկն ընդունելու դեպքում Ս.
Սարգսյանը, բնականաբար, նախ պետք է անմիջապես դադարեցներ ԲՀԿ-ի նկատմամբ սկսած
բռնաճնշումները։
Հայաստանն ու հայ ժողովրդին
հայդատականության նոր արկածախնդրությունից զերծ պահելու առաջարկը չընդունվեց։
Լեւոն Տեր-Պետրոսյանը (որ ասել էր, թե այս վտանգը կանխելու համար պատրաստ է «բախել
ցանկացած դուռ»), խնդրին երրորդ անգամ ընդարձակ անդրադարձավ մարտի
1-ի հանրահավաքում՝ ահազանգ հնչեցնելով ամբողջ ժողովրդին։ Ակնկալվող շրջանակներից՝
մտավորականություն, քաղաքական շրջանակներ եւ այլն, բանական որեւէ արձգանք չեղավ։
Չհաշված կանխատեսված՝ «աջից ու ձախից բարձրացված վայնասունը»։ Ուստիեւ՝
կարեւորագույն այս հարցին նրա չորրորդ անդրադարձը մարտի 20-ին արդեն կրում էր «Ձայն բարբառո յանապատի» արձանագրային, նաեւ մեղադրական
խոսուն վերնագիրը։
Վտանգի ահռելիության գիտակցմամբ,
այն որեւէ կերպ կանխելու բոլոր միջոցներն օգտագործելու մղումից է, որ ծնվեց Լեւոն
Տեր-Պետրոսյանի հեղինակած հաջորդ՝ հինգերորոդ փաստաթուղթը. «Հայոց ցեղասպանության
100-րդ տարելիցիառթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծ» վերնագրով։ Սա այն փաստաթուղթն
է, որն ապահովում է դրա հեղինակ երկրի, պետության ու ժողովրդի արժանապատիվ
կեցվածքը։ Սա այն փաստաթուղթն է, որը կազմված է արդի միջազգային չափորոշիչների
հիման վրա ու հասկանալի է հասցեատիրոջ՝ միջազգային հանրության համար։ Եւ վերջապես,
սա այն փաստաթուղթն է, որը մեծապես կարող է նպաստել Հայաստանի եւ Լեռնային
Ղարաբաղի գոյատեւման, զարգացման ու հզորացման համար առկա խոչընդոտների ու
մարտահրավերների հաղթահարմանը։
Ավելացնենք, որ Հայաստանին ու
հայ ժողովրդին սպառնացող քաղաքական արկածախնդրության այս նոր վտանգի դեմ «ամեն
դուռ բախելու» պատրաստ լինելու՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի համառ հետեւողականությունն
արդեն իսկ հարցը դարձրել է ներքաղաքական թիվ 1 օրակարգը։ Դրանով առարկայական,
ցայտուն օրինակի վրա մատուցվել է քաղաքականի ու հակաքաղաքականի, պետականի
ու հակապետականի սթափեցնող
տարբերությունը: Դրանով նաեւ Ս. Սարգսյանին զրկել է Հայոց ցեղասպանության 100-ամյա
տարելիցի շահարկմամբ ու էժանագին հայդատական շոուներով սեփական հեղինակության
բարձրացման, իշխանության ամրապնդման ու հավերժացման՝ խնամքով կազմված ու փայփայած
ծրագրի իրականացման հնարավորությունից։