Դեռեւս մեկ տարին
չանցած՝ հերթական անգամ շրջանառության մեջ է դրվել հոսանքի թանկացման հարցը, ընդ
որում՝ ավելի քան 40%-ով՝ ամբողջ 17 դրամով։
Հիմա
ՀՀ-ում էլեկտրաէներգիայի գործող տարիֆը բնակչության համար 41.85 դրամ է։ Հայտ է ներկայացվել նոր տարիֆի՝ 58 դրամ։ Իհարկե, ինչպես միշտ, գնի ավելացում
պահանջողները ներկայացնում են թվեր, հիմնավորումներ, գումարում, բազմապատկում,
անում են «մասնագիտական» հաշվարկներ։
Թվեր ու հիմնավորում
են բերում նաեւ հակառակ կողմից։ Օրինակ՝ որ մեր տիպի երկրներում (Ուկրաինա,
Ռուսաստան, Վրաստան) հոսանքի գինը միջին հաշվով 20 դրամի շրջանակներում է, ավելի
պակաս։ Եւ դա՝ այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը (ինչի
հետ անմիջական կապի մեջ է 1 կվ.ժամի ինքնարժեքը) այդ երկրներում կամ նույնն է, ինչ
Հայաստանում, կամ՝ նույնիսկ ավելի ծախսատար է։ Այսինքն՝ Հայաստանում անգամ
այսօրվա սակագինը երկու անգամ գերազանցում է հիշյալ՝ էլեկտրաէներգիայի
արտադրության նույնպիսի կառուցվածք (եւ ինքնարժեք) ունեցող նույնատիպ
երկրներից։
Ինչո՞ւ։
Այս «ինչու»-ին դեռ
չպատասխանած՝ հիմա էլ ուզում են այդ տարբերությունը դարձնել եռակի՝ սակագինը
բարձրացնելով այնքանով, որքան վերոհիշյալ երկրներում հոսանքի հենց ամբողջ գինն է։
Այս փաստերը, կարծես թե, արդեն բավարար են՝ համոզվելու համար, որ անիմաստ է հարցի
պատասխանը փնտրել արտադրական, թվաբանական, հաշվապահական, տնտեսագիտական
հաշվարկների հարթություններում։ Ճիշտ է՝ մասնագիտական պրպտումները չարաշահումների,
«վատ» կառավարման, անհասկանալի գործարքների կամ «սխալ» աշխատանքի օրինակներ են
բացահայտել. դրսից անհասկանալի բարձր գնով հոսանքի գնում, կորուստների անհասկանալի
բարձր տոկոս, շքեղաշուք մեքենաների անիմաստ վարձակալություն անիմաստ գներով եւ
այլն։ Կարող են բացահայտվել այսօրինակ եւս տասնյակ փաստեր։ Բայց, նախ՝ այդ փաստերի
առիթով պետք է դատական հայցեր հարուցվեն, ոչ թե դրանից գոյացած վնասը դրվի
բարեխիղճ սպառողի վրա։ Երկրորդ՝ նմանօրինակ թեկուզ տասնյակ փաստերով անհնար է
ստանալ 200 միլիոն դոլարի այն «վնասը», որն, իբր, գոյացել է համակարգում։
Վերոհիշյալ «ինչու»-ի
պատասխանը եթե շարունակենք փնտրել համակարգի շրջանակներում՝ արտադրական,
տնտեսական, թվերի ու հաշվարկների ոլորտներում, ինչպես ցույց է տվել բազմակի փորձը,
հոսանքը թանկանալու է (կարեւոր չէ՝ քանի դրամով՝ որքան կարողանան), եւ մեկ տարին
դեռ չբոլորած՝ հերթական անգամ էլի հերթական թանկացման հայտն է ներկայացվելու։
***
Նույնն էր գազի
դեպքում։ Ինչպե՞ս է, որ սահմանի վրա գազը ստացվում է ամենացածր գներից մեկով,
մինչդեռ բնակչությանն այն վաճառվում է այնպիսի գնով, ինչպիսի գնով վաճառում են
սահմանի վրա մեզնից կրկնակի թանկ գնով գազ ստացող երկրները։ Ինչո՞ւ։ Դարձյալ
հաշվարկներ, բաց ու փակ լսումներ, հանձնաժողովներ, թվեր, գումարում- բազմապատկում,
տնտեսագիտություն, հաշվապահություն, ու կրկին՝ տարրական ու բանական հարցը մնում է
անպատասխան։ Ու քանի որ այն անպատասխան է մնում, դրա համար էլ մի տարի հետո
թանկացման հերթական «կամպանիան» է սկսվում։
***
Երկու տարի առաջ
հասարակությունը վրդովվեց հայտնի «կարմիր գծերի»՝ փողոցներում վճարովի կանգառների,
արագաչափերի, տեսախցիկների, տուգանքների՝ մեր կենսամակարդակի համեմատ
աստղաբաշխական թվերի առիթով։ Այստեղ էլ իշխանությունը «աշխարհի» փորձն էր
մատնանշում։ Բայց երբ նույն այդ «աշխարհի» կենտրոնից մի ներկայացուցիչ՝ Գլենդելի
հայազգի քաղաքապետը Երեւան եկավ, հայտարարեց, որ «կարմիր գծերն», օրինակ, իրենց
մոտ բոլորովին այլ բանի համար են, արագաչափերն ու տեսախցիկներն էլ, գործառնական
առումով, ոչ թե լավ մտածված ծուղակներ են՝ փող կորզելու համար, այլ, իրոք,
երթեւեկության անվտանգությանը նպաստող միջոցներ։ Երեքն էլ՝ մեզ մոտ ձեւով նույնը,
ֆունկցիոնալ առումով բոլորովին տարբեր են «աշխարհից»։ Ինչո՞ւ։
Կարելի է շարունակել՝
նույն «ինչու»-ները հնչեցնելով համայնքների միավորման, բացահայտ
հանցագործությունների չբացահայտման, արտագնա աշխատանքի հարկման, «պարտադիր
կուտակայինի» եւ տասնյակ այլ հարցերով։
***
Իսկ «ինչու»-ների
պատասխանը երբեք չենք ստանալու եւ այսօրինակ երեւույթներից ոչ մեկը չենք կանխելու,
որեւէ խնդիր չենք լուծելու, քանի դեռ այս ամենը չենք հավաքել մեկ
«ինչու»-ի մեջ։ Հոսանքը թանկացնելու են, գազը թանկացնելու են, կողոպտիչ
մեքենան կատարելագործելու են, «բեսպրեդելը» խորանալու է, կյանքը վերածվելու է
դժոխքի, եւ ամեն մեկը, բնականաբար, առաջին հերթին մտածելու է, թե ինչ կերպ թողնի
ու հեռանա....
Ահա տեղ հասանք....՝
թողնի հեռանա։
Այս ընթացքը անընդհատ
արագացող շարժմամբ շարունակվելու է, վերոհիշյալ «ինչու»-ների պատասխանը
չենք գտնելու, քանի դեռ, կրկնենք, դրանք չենք միավորել ու չենք դրել քաղաքական
հարթության վրա՝ մեկ «ինչու»-ի տեսքով։
Եւ ինչպիսի՞ն կլինի
քաղաքական պատասխանն այդ դեպքում։ Այն կարող էր լինել այսպիսին. իշխանությունը
կոռումպացված է, ընչաքաղց, իշխանավորները, ագահությունից ելնելով՝
անհագ կողոպտում են երկիրն ու ժողովրդին՝ ինչքան կարող են եւ ինչպես կարող են։
Կարող էր լինել, բայց մեր դեպքում նաեւ սա չէ հարցի պատասխանը։ Որովհետեւ անգամ
այդիսի դեպքերում որեւէ իշխանության գողությունն ու կողոպուտն էլ տեղավորվում է
ինչ-որ բանականության ու տրամաբանության մեջ, այդ դեպքում էլ գոյություն
ունեն ինչ-որ սահմաններ։ Նման սահմաններ են ունեցել անգամ օտար նվաճողները
միջնադարում։ Եւ դրանք կապված են ոչ թե թալանողների ու կողոպտողների բարոյական
ընկալումների, այլ արտադրողին չկորցնելու մտահոգության, սեփական ապահովության,
թեկուզ՝ ինքնապաշտպանական բնազդի հետ։ Հայաստանում դա չկա։ Ուրեմն՝ սա չէ հարցի
պատասխանը։
Քաղաքական հարթության
վրա՝ հարցի պատասխանը կամ երեւույթի բացատրությունը մեր դեպքում սահմռկեցուցիչ է
ու դրանով իսկ՝ շատերի համար անհավատալի, չափազանցված։ Այդ պատասխանը հետեւյալն է. այս
վարչախումբը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետությունում
իրականացնում է իր թիվ 1 հետեւյալ քաղաքական ծրագիրը. սեփական քաղաքացիներին
արտագաղթի մղելով՝ երկրում բնակչության թվի ու կազմի առումով հասնել
ժողովրդագրական այնպիսի փոփոխության, որն անվտանգ լինի իր իշխանության համար։
Եւ մեղավոր չեն
չհավատացողները։ Որովհետեւ դա ոչ մի կերպ չի տեղավորվում մարդկային բանականության
ու տրամաբանության սահմաններում։ Ասում են՝ բայց դա բացահայտ դավաճանություն է։
Ասում են՝ բայց մեզ հետ 100 տարի առաջ այդպես թուրքերն են վարվել։ Ասում են՝ բայց
ինչքան շատ մարդ լինի երկրում, այնքան, անգամ թալանչի իշխանության համար, ավելի
լավ։ Չեն հավատում։ Չեն հավատում անգամ այն բանից հետո, երբ այդ մասին, լեզվի
սայթաքմամբ թե բացառիկ ցինիզմի դրսեւորմամբ, խոսեց տխրահռչակ նախորդ վարչապետը։ Եւ
դա՝ անգամ այն դեպքում, երբ յուրաքանչյուրն ամեն վայրկյան լսում է հանցավոր այդ
ծրագրի իրականցման մեխանիզմի աշխատանքը, զգում սեփական մաշկի վրա, իր շուրջ
տեսնում դրա սարսափազդու հետեւանքները։ Հենց այս չհավատալուց էլ օգտվում է
վարչախումբը։
Այսպիսի մի նորաստեղծ
բառ կա՝ «հայաթափում»։ Նորաստեղծ՝ որովհետեւ մեր ողջ պատմության ընթացքում ոչ մի
օտար նվաճող, ներառյալ Թուրքիան մինչեւ 19-րդ դարի 80-ական թվականները, հայ
ժողովրդի հանդեպ նման՝ արտագաղթի մղելու ծրագիր չի ունեցել։ Ընդհակառակը՝ կռիվ է
եղել հայկական տարրի համար. Իրանը Թուրքիայից է հայկական բնակչություն գաղթեցրել
տարել՝ իր երկիրը շենացնելու համար, Ռուսաստանը, նույն նպատակով՝ Իրանից ու
Թուրքիայից։ Սուլթանական եւ հանրապետական Թուրքիայից հետո սա երկրորդ դեպք է, երբ
իշխանությունը, իր ապահովության համար, Հայաստանը հայաթափելու, կտրուկ
ժողովրդագրական փոփոխությունների հասնելու ծրագիր է իրականցնում։ Եւ արդեն քանիցս
դրա համար ընդհուպ «ցեղասպանություն», «ազգասպանություն» որակումներն են
օգտագործել ոչ միայն վարչախմբի քաղաքական «անհաշտ» հակառակորդ ընդդիմադիրները,
այլ, ասենք, նույն իշխանության ներկայացուցիչ (որպես դեսպան) Շառլ Ազնավուրը եւ
ուրիշներ։ Դա պատկերավոր խոսք-չափազանցություն չէ։
***
Վերադառնանք հոսանքի
թանկացման առաջին հարցին։
Բողոքի գեղարվեստական
ձեւերը՝ մի քանի ժամ, թեկուզ՝ մի քանի օր, ողջ հանրապետությունով մեկ լույսերը
հանգցնելը, «դեմ ենք հոսանքի թանկացմանը» անհասկանալիության չափ անատամ կարգախոսը
(կարող է եւ որեւէ մեկը դրան կո՞ղմ լիներ ինչ-որ պարագայում), այլ սենտիմենտները,
նաեւ թվաբանական ու տնտեսագիտական թեկուզ համոզիչ հաշվարկները, ոլորտում
չարաշահումների, սխալների ցայտուն օրինակներ գտնելը եւ այլն՝ հիմնական խնդրի
տեսանկյունից անիմաստ են։ Անգամ՝ շեղող։ Անիմաստ է նաեւ մեղավորներ փնտրել Սերժ
Սարգսյանից ներքեւ։ Անիմաստ է մեղավորներ փնտրել էներգետիկ համակարգում, առավել
եւս՝ Հայաստանից դուրս։ Հոսանքի թանկացման հայտը, ըստ էության, Սերժ Սարգսյանն է
ներկայացրել։ Կարեւոր չէ՝ ում դեմքով, ինչպիսի միջնորդավորմամբ։ Կարեւոր չէ այդ
համակարգի իրավական կարգավիճակը։ Նա դա արել է ոչ թե ագահությունից դրդված, այլ
որպես իշխանության պահպանման ծրագրի իրականացման գործիքներից մեկի օգտագործման
հերթական քայլ։ Հոսանքի պերմանենտ թանկացումը քաղաքական խնդիր է նրա
համար՝ որպես արտագաղթի խթանիչ։ Ուստիեւ՝ այն քաղաքական խնդիր պետք է լինի նաեւ
ժողովրդի համար, այլապես նա (ժողովուրդը) այս անգամ էլ տանուլ կտա,
ինչպես տասնյակ անգամներ տանուլ է տվել մինչեւ հիմա։ Տանուլ կտա ե՛ւ լոկալ այս
խնդրում, ե՛ւ գլոբալ։ Նույնը՝ գազի, կարմիր գծերի ու արագաչափերի, նույնը՝
համայնքների բռնի խոշորացման ու արտագնա աշխատանքի հարկման, նույնը՝ պարտադիր
կենսաթոշակայինի, նույնը... ամեն տեղ։ Քանի դեռ այսօրինակ հարցերն իրենց
քաղաքական պատասխանը չեն ստանում եւ քաղաքական ընկալումը չունեն ժողովրդի կողմից,
Ս. Սարգսյանը վաղը «կդնի» ու կփոխի Սահմանադրությունը՝ իր համար ցմահ դարձնելով
իշխանությունը։ Ցանկացած բոց կայծից է բռնկվում։ Հոսանքի խնդիրը կարող է նման կայծ
լինել։
Վտանգավոր եւ
ապակողմնորոշիչ է նման բաները վարչախմբի ու նրա ղեկավարի ագահությամբ ու թալանի
մոլուցքով բացատրելը։ Դա նույնն է, ինչ ասել, թե Հայոց ցեղասպանությունը ժամանակին
մտահղացվել է հայության նյութական ունեցվածքը թալանելու համար։ Դա երկրորդական,
երրորդական, ուղեկցող մի հանգամանք էր։ Խնդիրը քաղաքական էր՝ Արեւմտյան Հայաստանը
մաքրել հայությունից՝ ապագայում երբեւէ չունենալու համար «Հայկական հարց»։ Այստեղ
էլ խնդիրը քաղաքական է՝ ունենալ թվով ու որակով այնպիսի հասարակություն, որը վտանգ
չներկայացնի այս ռեժիմի համար։ Մնացած ամեն ինչ այս խնդրի լուծման քաղաքական
գործիքներն են՝ հոսանքի գինը, գազի գինը, կարմիր գծերը,
արագաչափերը, տեսախցիկները, արտագնա աշխատանքի հարկումը, պարտադիր կուտակայինը,
համայնքների բռնակցումը....
***
Ցեղասպանության
100-ամյա տարելիցի առիթով իշխանությունը հայդատական մտքի երկունքով երկու
«բարձրակետ նվաճեց»՝ քաղաքական ու պատկերագրական ։ Քաղաքականը «....Հռչակագիր»
կոչվող ամոթալի խայտառակությունն էր։ Պատկերագրականը՝ Երկրով մեկ տարածված այն
ունիկալ պլակատը, որում 1915-ի թվերը «կառուցված» են հրացանի, կախաղանի պարանի,
սրերի, յաթաղանի, կացնի պատկերներով (հայրենասիրության ինչպիսի՜ թռիչք)։ Այս
պլակատը ստորագրված անուն ունի՝ «ոճրագործիքներ», այսինքն թե՝ այս
«գործիքներով» է 1915 թվականին իրականացվել Ցեղասպանությունը։ Դրա նմանությամբ,
հարյուր տարի անց, 2015-ի թվերը պետք է կառուցել այսօրվա «ոճրագործիքներով»,
որոնցից մեկն էլ, ահա, էլեկտրական հոսանքի թանկացումն է։
http://www.ilur.am/news/view/45246.html