Thursday, January 17, 2008

Քոչարյանասերժական անիրականանալի ծրագիրը


Ձայն տալով Սերժ Սարգսյանին՝ ձայն եք տալու Ռ. Քոչարյանին։ Խաբկանք ու խաբեություն է այն, թե Քոչարյանն արդեն գնում է։ Եթե նույնիսկ ինքն էլ հայտարարի այդ մասին (ինչը դեռ չի էլ արել), միեւնույնն է, դա սուտ է լինելու եւ կեղծ։ Հիշեք, որ 1998թ. Հանրապետության Առաջին նախագահի հրաժարականից հետո նա հայտարարեց, թե ինքը չի առաջադրվի Նախագահի թեկնածու, ասաց՝ “պրոբլեմներ կան Սահմանադրության հետ”, այսինքն՝ Սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Եթե այն ժամանակ նա թքեց Սահմանադրության եւ իր խոսքի վրա, առավել եւս հիմա, նրան ոչինչ չի խանգարի դա անել։ Ակնհայտ է, որ այսօր նա ձգտում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Հենց դրա համար 2005թ. կեղծելով Սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ այնպիսի փոփոխություններ մտցրեց դրա մեջ, որոնք մեծացնում են վարչապետի լիազորությունները։ Ամիսներ առաջ էլ հայտարարեց, որ չի պատրաստվում “ամենաերիտասարդ թոշակառուն դառնալ”։ Սակայն կարեւոր էլ չի, նա կդառնա վարչապետ, թե ոչ։ Քոչարյանն է ձեւավորել եւ այսօր նա է վերահսկում ղարաբաղյան կլանը, իրեն է հասել 10 տարվա թալանի ամենամեծ բաժինը, ինքն է կոռուպցիոն բուրգի գագաթը։ Կլանի ներսում իշխանափոխություն չի կատարվելու, դրա հիմքերն ու նշանները չեն երեւում։ Եւ այդ կլանի ներսում ում էլ որ անցնի իշխանությունը, հանցաշխարհի օրենքներով այդ կլանի փաստական տերը՝ Քոչարյանն է մնալու դրա փաստական գագաթը։ Այնպես որ՝ Սերժ Սարգսյանի ո՛չ սեթեւեթանքները, ո՛չ խոստումները, ո՛չ էլ նրա՝ հայաստանյան “Հանրապետական” կուսակցության ղեկավար լինելու հանգամանքը տվյալ դեպքում ոչինչ չարժեն։ Սերժ Սարգսյանն ընդամենը “նախագահ” է աշխատելու Քոչարյանի մոտ։ Ուստի՝ ձայն տալով Սերժ Սարգսյանին՝ դուք ձայն եք տալու Ռ. Քոչարյանին, եւ Հայաստանում ոչինչ չի փոխվելու։ Իսկ եթե փոխվելու է, ապա փոխվելու է այն չափով, որ չափով այս ընթացքում վիրավորվելու են քոչարյանասերժական զույգի խանական ամբիցիաները եւ ավելանալու է նրանց թույնն ու մաղձը Հայաստանի ժողովրդի նկատմամբ։

Ս.Ա.

Hajq 15-17.01.08


No comments:

Post a Comment