ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի
գործունեությունը, չնայած մամուլում արդեն իսկ եղած ոչ սակավաթիվ անդրադարձների, ավելի
լուրջ ուշադրության է արժանի։ Ոչ թե այն պատճառով, որ նա սկսել է ավելի լավ կամ ավելի
վատ աշխատել, այլ որովհետեւ ի դեմս նրա բացահայտվում է հայաստանյան հասարակությանը
քաջծանոթ վտանգավոր երեւույթի մի նոր օրինակ-առարկայացում։
Բայց ամեն ինչ հերթով
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի
վերջին ավելի քան մեկ տարվա գործունեությունը պետք է գնահատել նույն այդ շրջանում մարդու
հանրահայտ իրավունքների խախտումների, ազատությունների կոպտագույն ոտնահարումների ամենօրյա
հարյուրավոր փաստերի հիմքի վրա։ Ահա դրանց համառոտ ցանկը.
Տասնյակ հազարավոր մարդկանց ազատ տեղաշարժի
իրավունքի կոպիտ սահմանափակումներ,
Ընտրողի ազատ կամարտահայտման վրա զանգվածային
ու համատարած բռնացումներ, ուժի գործադրում,
Վստահված անձանց ու դիտորդների զանգվածային
ահաբեկումներ, ծեծ, սպառնալիքներ, ընտրատեղամասերից վտարում եւ այլն,
Խաղաղ, բացառիկ կարգապահությամբ ընթացող շուրջօրյա
հանրահավաքների բարբարոսական ցրում, անմեղ մարդկաց նկատմամբ վանդալիզմ ու ջարդ մարտի
1-ի վաղ առավոտյան,
Նույն օրը երեկոյան խաղաղ քաղաքացիների արյունոտ
սպանդ,
Ապօրինաբար մտցված արտակարգ դրություն, ազատ
խոսքի եւ այլ իրավունքների լիակատար սահմանափակում,
Քաղաքական ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչների
ու ղեկավարների անհիմն ձերբակալություններ, տասնյակ հազարավորների հետապնդումներ ու
հալածանքներ,
Հեռախոսների ապօրինի գաղտնալսումներ,
Ամբողջ ընթացքում տեղեկատվության տարածման ու
տեղեկություն ստանալու իրավունքի անսեթեւեթ խախտումներ,
Ընդիմության՝ հավաքներ անցկացնելու շուրջ
100 հայտերի ապօրինի մերժում, ինչով ըստ էության 100 անգամ մերժվել է 100.000 քաղաքացու
(հանրահավաքի մասնակիցների միջին թիվը) ազատ հավաքների իրավունքը,
Ավելի քան հարյուր քաղբանտարկյալների գոյությունը,
նրանց դեմ շինծու քրեական մեղադրանքների հարուցումն ու պատվիրված քաղաքական դատավարությունները,
Սեփականության եւ աշխատելու իրավունքի դեմ հազարավոր
ոտնձգություններ,
“Հյուսիսային պողոտայում” զբոսնող մարդկանց
հարյուրավոր ձերբակալություններ,
Լրագրողների նկատմամբ տասնյակ բռնություններ
եւ այլն։
Այս ամենը որպես անսակարկելի փաստեր եղել են
բոլորի աչքի առջեւ, արձանագրված են կարեւոր փաստաթղթերում՝ այդ թվում նաեւ ընտրություններին
հետեւած միջազգային դիտորդների զեկույցներում, Մարդու իրավունքների հետ կապված՝ միջազգային
ամենածանրակշիռ կազմակերպությունների փաստաթղթերում ու որոշումներում, այլ երկրների
կառավարությունների ու բարձր պաշտոնյաների հայտարարություններում։ Այս ամենի ֆոնին,
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը այլ գնահատական չի կարող ունենալ, քան՝ խայտառակ
անբավարար։
Խոտոր ելակետ
Սակայն, իրերի բերումով Ա. Հարությունյանի աշխատանքի
հասարակական գնահատականը ձեւավորվել է ոչ այս՝ օբյեկտիվ ելակետից։ Իսկ այդ “իրերը”
երկուսն են.
ա) Ա. Հարությունյանի պաշտոնեական անցյալը ու
դրանցով հայտնի նրա զուտ մարդկային հայտնի որակները։ Նրա չափազանց տխուր դերը 2003
եւ 2005 թվականներին ՀՀ Սահմանադրության եղծման գործում։ 2003-ին բացահայտ, որպես Ռ.
Քոչարյանի պաշտոնական ներկայացուցիչ, 2005-ին՝ ստվերում, նա դարձավ ՀՀ Սահմանադրության
պղծման, ժողովրդի ու պետականության դեմ իրականացված այդ դավադրության առանցքային դեմքը։
Այսինքն՝ նա պատրաստակամորեն կատարել է ավազակապետական վարչախմբի պատվեր-հանձնարարություն՝
չխորշելով ոտնահարել որեւէ սրբություն ու մասնագիտական սկզբունք։ Այսպիսի մարդուց ի
սկզբանե դժվար էր որեւէ սպասելիք ունենալ, ինչ պաշտոնում էլ որ նա լիներ։
բ) Ավազակապետական բռնատիրության հայաստանյան
պայմաններում բոլոր նրանք, ում վրա անմիջական ներգործության լծակներ ուներ վարչախումբը
պետք է անմնացորդ ծառայեր այդ վարչախմբի պահպանմանը։ Խույս տվողները, առավել եւս ընդդիմադիր
դարձածները դաժանորեն պատժվել են անխտիր։ Ա. Հարությունյանի առջեւ նման պահանջ չդրվեց,
նրան թույլ տրվեց կատարել իր պարտականությունների չնչին մի մասը՝ նրա համար “ընդդիմադիր”
պաշտոնյայի իմիջ ստեղծելով։ Դրա շնորհիվ նա հասարակության աչքում երեւութապես գերազանցեց
ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանից, այլ իրենից՝ կամակատար Ա. Հարությունյանից սպասելիքի
չափը։
“Լակմուսի թուղթը”
ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի 2008թ. դեկտեմբերի
17-ին հայտնի որոշմամբ “մարտի 1-ի գործով” ազատազրկվածները միջազգայնորեն ճանաչվեցին
որպես քաղբանտարկյալներ ու պահանջվեց նրանց անհապաղ ազատ արձակել։ Այս որոշումը դարձավ
այն լակմուսի թուղթը, որը բացահայտեց նաեւ Ա. Հարությունյանի իրական դեմքն ու դերը։
Այն փաստերն ու իրողությունները, որոնց հիման վրա Մոնիտորինգի կոմիտեն հիշյալ գործով
ազատազրկվածներին քաղբանտարկյալներ ճանաչեց, առնվազն տասն անգամ ավելի շատ ու ավելի
շուտ եւ տասն անգամ ավելի մատչելի են եղել
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, նա այդ ամենի ամենօրյա ակնատեսն է եղել։
Քաղաքացիական քաջություն եւ պաշտոնեական արժանապատվություն ունենալու դեպքում նա առաջինը
եւ շատ վաղուց պետք է հայտարարեր ձերբակալվածների ու դատվածների քաղբանտարկյալ լինելու
մասին։
Եւրոպայում եւ աշխարհում շատ մեծ կարեւորություն
են տալիս տվյալ երկրի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը, դրա ղեկավարի կարծիքին
ու գնահատականներին, այսինքն՝ նա ապակողմնորոշել է նաեւ միջազգային հանրությանը։ Ժամանակին
չկատարելով իր պաշտոնական պարտականությունները՝ Ա. Հարությունյանը անձամբ պատասխանատու
է այսօրվա իրավիճակի առաջացման համար։ Նա առաջինը եւ շատ վաղուց պետք է հայտարարեր
իշխանության սանձազերծած հալածանքների քաղաքական բնույթի, քաղբանտարկյալների առկայության
մասին։ Նա պարտավոր էր արձագանքել ընդդիմադիր գործիչների ձերբակալման յուրաքանչյուր
դեպքի, ամեն ինչ աներ կանխելու նրանց նկատմամբ շինծու դատավարությնները։ Նրանց անազատության
մեջ գտնվելու թիվ 1 պատասխանատուն Մարդու իրավուքների պաշտպան Ա. Հարությունյանն է։
Սակայն նա, ինչպես սովոր էր, այս դեպքում էլ
կատարել ու շարունակում է կատարել վարչախմբի պատվերը։ Մոնիտորինգի կոմիտեի որոշումից
հետո, թվում էր, թե նա այլեւս փախչելու տեղ չունի։ Եթե մինչ այդ վախեցել է առաջինը
լինելուց, ապա դրա համար այլեւս մեծ քաջություն պետք չէր։ Եթե մինչ այդ չէր արել, հիմա
նա պարտավոր էր անձամբ թույլ չտալ սկսել հերթական դատական ֆարսը այսպես կոչված “7-ի
գործով։ Անձամբ պետք է կանգներ դատարանի դռան առջեւ ու թույլ չտար դատավորին ներս մտնել։
Մինչդեռ Ա. Հարությունյանը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է “մոնիտորինգի” ենթարկել
“7-ի գործով” դատավարությունը, եւ դրա ավարտից հետո միայն կարող է հայտնել իր կարծիքը։
Նա կրկնեց իրավական, քաղաքական ու պարզ տրամաբանական առումով անհեթեթ, վարչախմբի անգրագետ
ներկայացուցիչների այն միտքը, թե մեղադրյալի քաղբանտարկյալ լինելը կարող է որոշվել
միայն դատարանում, դատավարության ավարտից հետո։ Դրանով նա ոտնահարեց իրավաբան գիտնականի,
բանական մարդու ու քաղաքացու որակները ճիշտ նույն կերպ, ինչպես դա արել էր 2003-ին
եւ 2005-ին՝ կատարելով Սահմանադրության եղծման խոհարարի դերը։ Բացի այդ, նրա ասածը
նաեւ բացահայտ ցինիզմ է, անպարկեշտ վերաբերմունք լսարանի, ժողովրդի նկատմամբ. մինչ
այժմ, 10 ամիս շարունակ, նրա քթի տակ ընթացել են շուրջ ինը տասնյակ նմանօրինակ դատավարություններ,
թող “մոնիտորինգ աներ” դրանցից յուրաքանչյուրը եւ ամիսներ առաջ գար համապատասխան հետեւության։
Կամ, հենց հիմա թող պահանջի այդ դատավարությունների 1-2-ի փաստաթղթերն ու ուսումնասիրի։
Ինչո՞ւ չի արել, ինչո՞ւ հենց հիմա որոշեց։ Շատ պարզ պատճառով. այդպիսին է նրան իջեցված
իշխանական պատվերը, ինչի համար ավելի քան մեկ տարի նրան խնամքով “հասունացրել” են։
Ա. Հարությունյանը հերթական “պրոյեկտ” Է
Հայտնի է, որ իշխանությունն ամեն կերպ պահելու
համար ավազակապետական վարչախմբի ամենակարեւոր զենքը եղել է կեղծ ընդդիմությունը։
2008թ. նախագահական ընտրություններում, հայտնվելով աննախադեպ ծանր իրավիճակում, վարչախումբն
ստիպված էր այս զենքից կրակել իր բոլոր փամփուշտները, բացահայտել իր բոլոր “ընդդիմություն”
պրոյեկտները՝ նախագահի 7 թեկնածուների ու մի շարք կուսակցությունների տեսքով։ Ինքնապահպանման
զենքի այս շատ կարեւոր զինանոցը համալրելուն ուղղված նրա բոլոր ջանքերն անցած մեկ տարում,
մասնավորաբար “երրորդ բեւեռ” ստաղծելու գործում, ապարդյուն անցան։ Սակայն նմանօրինկ
մի պրոյեկտ, ահա, ի դեմս Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի, կարծես թե
ստացվել է։ Ավելի ակնառու դարձնելու համար թվարկենք այդ “պրոյեկտի” բաղկացուցիչները
կամ հասունացման էտապները.
ա) Ա. Հարությունյանին, ի տարբերություն պետական
որեւէ այլ պաշտոնյայի, թույլ տրվեց երբեմն կեսճշմարտություններ ասել, կատարել իր պարտականությունների
փոքր, անվտանգ մի մասը։ Մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայի զբոսնողները, թռուցիկներ
բաժանողները, երթերի մասնակիցները եւ այլն, պարբերաբար բերման էին ենթակվում ոստիկանություն,
ապա իսկույն ազատ էին թողնվում Պաշտպանի “բարձր” միջնորդությամբ։
բ) Ռ. Քոչարյանը, իբր դժգոհ նրա “ընդդիմադիր”
աշխատանքից, ինչ որ պահի հայտարարեց, թե Ա. Հարությունյանն իր միակ անհաջող նշանակումն
է։ Նման գնահատականից հետո վերջինիս հեղինակությունն ու համարումը կտրուկ աճ ունեցավ։
գ) Երկու-երեք ամիս առաջ Ա. Հարությունյանը
դիմեց իշխանությանը՝ իր անվտանգությունը ապահովելու համար թիկնապահներ խնդրելով։ Իշխանությունը
մերժեց։ Այս մասին կարող էր նաեւ որեւէ մեկը չիմանալ, սակայն այն տեւական մի շրջան
մամուլում քննարկման նյութ էր։ Նպատակը՝ մի կողմից տպավորություն ստեղծել, թե “ընդդիմադիր”
գործելակերպի պատճառով իր անձնական ապահովությունը վտանգված է, մյուս կողմից՝ որ իշխանությունն
իրեն, որպես “չուժոյի”, մերժում է։
Եւ ահա, եկել է հերթական այս պրոյեկտի “աստեղային
ժամը”։ Նա պետք է նպաստի, որ վարչախումբը կարողանա լուծել երկու խնդիր՝ ե՛ւ ԵԽԽՎ-ում
չզրկվի ձայնի իրավունքից, ե՛ւ ազատ չարձակի քաղբանտարկյալներին։ Ինչպես ասվեց, տվյալ
երկրի Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմանը մեծ կարեւորություն է տրվում Եւրոպայում։
Եթե վարչախումբը կարողանա խույս տալ ձայնի իրավունքից զրկվելու վտանգից ու դրանով իսկ
համարի, որ քաղբանտարկյալներին եւս 3 ամիս կարող է անպատիժ անազատության մեջ պահել,
ապա դրանում էական կլինի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի դերը։
Հ. Գ.-1. 2008 թ. փետրվարի
վերջին օրերին անգամ դեռ բոլորը չէ, որ համոզված էին “ընդդիմադիրների” իշխանական պրոյեկտ
լինելու մեջ։ Երբ տեղի ունեցավ նրանց վերջնական միավորումը Ս. Սարգսյանի շուրջ, հաջորդ
իսկ օրը տեղի ունեցավ Մարտի 1-ը։ Այն հաստատ տեղի չէր ունենա, եթե ժամանակին իրերը
կոչվեին եւ ընդունվեին իրենց անուններով ու արժանանային համապատասխան վերաբերմունքի։
Հ.Գ.-2 Համաձայն չեմ Ն. Փաշինյանի
վերջերս տված գնահատականին, թե Ա. Հարությունյանը “կզել է”։ Նա միշտ էլ կուզ է եղել,
իսկ կուզին...
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայկական ժամանակ”, 21.01.09
No comments:
Post a Comment