Tuesday, June 9, 2009

ՊԱՇՏՊԱՆԸ՝ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԳՈՐԾԻՔ


Առաջին անգամ չէ “ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան” հնչեղ անունով պաշտոնն զբազեցնող Ա. Հարությունյանն ապացուցում, որ ինքն իրականում ապօրինի վարչախմբի իշխանության պահպանման սովորական գործիքներից մեկն է՝ նախատեսված նվաստացուցիչ ու անպատվաբեր գործառույթներ իրականացնելու համար։
Այդ բանն անելու համար նա ոչ կարեւոր հարցերում կամ իշխանության համար ոչ վտանգավոր շրջանակներում պարբերաբար մանր-մունր քայլեր ու հայտարարություններ է անում՝ իր համար չեզոք կողմի իմիջ ստեղծելու նպատակով։ Բայց այս ամենը՝ որպես գրիմ, որպես դիմակ՝ հնարավորինս թաքցնելու համար անպատվաբեր գործիք լինելու իր նսեմ էությունը։ Իսկ երբ իշխանության գոյության համար ճակատագրական խնդիր է առաջանում, ահա այդ պահին նա դեն է նետում ամեն մի գրիմ ու դիմակ եւ կատարում այն սեւ գործը, որ ուրիշ որեւէ մեկը չի կարող անել։ Ա. Հարությունյանը մեկ անգամ չէ, որ փրկել է վարչախմբին ծանր իրավիճակներում։ Վերջին նման “գործը” կապված է Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի սպանության հանգամանքների ուսումնասիրության համար ստեղծված Փաստահավաք խմբի հետ։
Մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների, խաղաղ քաղաքացիների սպանդի գործը պարտակելու համար վարչախումբը դիմեց երկու միջոցի, եւ, ահա, երկուսում էլ Ա. Հարությունյանը առանցքային դերակատարում ունի։

Առաջին. Մարտի 1-ին ու դրանից հետո կատարվեցին զանգվածային ձերբակալություններ, հալածանքներ, իշխանության յուրացման մեղադրանքով տասնյակ գործերի հարուցում, կեղծ դատավարություններ եւ այլն, եւ այդ ամենը՝ մարդու իրավունքների հարյուրավոր ու հազարավոր ճչացող խախտումներով։ Հարյուրավոր այդ դատավարություններից ամեն մեկը բավարար է մի ամբողջ պետություն խայտառակելու համար։ Տասնյակ մարդիկ ապօրինաբար դատվեցին։ Եւ այնուամենայնիվ Համաժողովրդական շարժման քաղաքական պայքարի ու բարձրորակ պաշտպանության կազմակերպման շնորհիվ, իշխանության յուրացման կամ պետական հեղաշրջման հիմնական մեղադրանքը փլվեց։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ունեցավ շուրջ 150 քաղբանտարկյալ, որոնցից 50-ը այսօր էլ անազատության մեջ են։ Նրանք բոլորը դատվել են ապօրինի ու կեղծ հիմքերի վրա, իրականում դատվել են իրենց քաղաքական հայացքների համար։ Այդ մասին առաջին իսկ օրից եւ մինչեւ այժմ արձանագրել են եւրոպական եւ միջազգային այլ կառույցներ, տարբեր երկրների բարձր պաշտոնյաներ եւ այլն։ Մարդու իրավունքների պաշտպան կոչվածը, որի առաջին գործն այս ամենը գնահատելն ու դրանց դեմ պայքարելն էր, այդպես էլ համառորեն չարտասանեց քաղբանտարկյալ բառը։ Նրա այդ վարքագիծն ամենակարեւոր հիմքն ու փաստարկն էր վարչախմբի համար՝ եւրոպական կառույցներում մանյովրելու, ավելի խիստ գնահատականներից ու պատժից խուսափելու համար։ Դա ամենակարեւոր հիմքն էր նաեւ շինծու գործերի հիման վրա դատավարությունները շարունակելու ու քաղբանտարկյալներին անազատության մեջ պահելու համար։ Այսինքն՝ քաղաքական հալածանքների դեմ ու քաղբանտարկյալների ազատության համար պայքարելու իր պարտականության կատարման փոխարեն, Ա. Հարությունյանը դարձել է նրանց անազատության առաջին պատասխանատուներից մեկը։ Եթե այս ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ունենար իր պարտականություններից բխող, իրականությանը շատ թե քիչ համարժեք դիրքորոշում ու գնահատականներ, վաղուց Հայաստանում ոչ մի քաղբանտարկյալ չէր լինի։

Երկրորդ. Չդադարող համաժողովրդական շարժման պայմաններում եւրոպական կառույցները պահանջում էին Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման հատուկ հանձնաժողով ստեղծել։ Վարչախումբը նման մի հանձնաժողով ստեղծեց խորհրդարանում (Նիկոյանի հանձնաժողով), սակայն վերջինս, կազմված ամբողջությամբ իշխանական ուժերի ներկայացուցիչներից, ոչ մի վստահություն չէր ներշիչում, մանվանդ երբ շատ արագ պարզ դարձավ, որ այն աշխատելու է միմիայն իշխանության կատարած հանցանքները պարտակելու ուղղությամբ։ Շարժմանը՝ Հայ Ազգային Կոնգրեսին հաջողվեց հասնել այն բանին, որ նույն եւրոպական կառույցների ճնշմամբ, մասնավորապես ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համմարբերգի ջանքերի շնորհիվ, Սերժ Սարգսյանն ստիպված եղավ կարգադրություն ստորագրել՝ Մարտի 1-ի իրադարձությունների փաստերի ուսումնասիրման փորձագիտական մի խումբ ստեղծելու մասին՝ ընդդիմության եւ իշխանության հավասար (2-ական) եւ Մարդու իրավունքների պաշտպանի մեկ ներկայացուցչի մասնակցությամբ (ընդամենը 5 հոգի)։ Փաստահավաք խումբը մոտ վեց ամիս աշխատեց, եւ որպես իր աշխատանքի առաջին արդյունք, Նիկոյանի հանձնաժողովին ներկայացրեց առաջին զեկույցը՝ մարտի 1-ի զոհերից սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների մասին։ Պարզվեց, որ չնայած վարչախմբի հարուցած խոչընդոտներին, փորձագետների Փաստահավաք խմբին, այնուամենայնիվ, հաջողվում է վերականգնել իրականությունը։ Հիշյալ զեկույցում ամփոփված փաստերի չոր շարադրանքը հակադրվում էր իշխանության ի սկզբանե հայտարարած վարկածին։ Իսկ դա իր հերթին նշանակում էր, որ աշախատանքները շարունակելու դեպքում վարչախումբը կանգնելու է շատ տխուր փաստի առջեւ. բացահայտվելու է նրա մեղքը եւ այն ժամանակվա ու ներկա ամենաբարձրաստիճան պաշտոնյաների պատասխանատվության հարց է առաջանալու։ Անհրաժեշտ էր որեւէ կերպ խոչընդոտել, կասեցնել Փաստահավաք խմբի հետագա գործունեությունը։ Եւ հանցավոր այդ դերն իր վրա վերցրեց ՄԻՊ Ա. Հարությունյանը։ Նրա ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը (որ նաեւ Փաստահավաք խմբի ղեկավար է) վերոհիշյալ զեկույցի հրապարակումից անմիջապես հետո “արձակուրդ” գնաց, իսկ նրան հետեւեցին իշխանության մյուս երկու ներկայացուցիչները։ Ընդդիմության երկու ներկայցուցիչներին արգելվեց աշխատավայր մտնել։ Իսկ երբ “արձակուրդ” գնացածները վերադարձան, Պաշտպանի նույն ներկայացուցիչը հայտարարեց, թե չի շարունակելու աշխատել, որովհետեւ Փաստահավաք խմբում մթնոլորտը “քաղաքականացված” է։ Նրան հետեւեցին իշխանության մյուս երկու ներկայացուցիչները։ Բնականաբար, նրանք այս քայլը արեցին իրենց տերերի (նշանակողների) հրահանգով։
Հիշեցնենք, որ մինչեւ առաջին զեկույցի ներկայացումը ո՛չ Փաստահավաք խմբից, ո՛չ էլ նրանց ուղարկողներից որեւէ մեկը, որեւէ բողոք չի ունեցել “Փաստահավաք խմբում տիրող մթնոլորտի” մասին։
Բնական է, որ Փաստահավաք խմբի աշխատանքը կազմալուծելու ու խաթարելու ակնհայտ հեղինակը պետք է նաեւ հակահարձակման անցներ՝ մեղադրելով ընդդիմության ներկայացուցիչներին։ Ու քանի որ այդպիսի հակահարձակման համար շատ թե քիչ բանական հիմք գոյություն չունի, ուստի Ա. Հարությունյանը, թքելով իր ե՛ւ հնչեղ ու պարտավորեցնող անունով պաշտոնի, ե՛ւ իրավավագիտության դոկտորի գիտական աստիճանի վրա, սկսեց խոսել Փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչների “քաղաքական շահարկումների” մասին՝ հույսը դնելով այն բանի վրա, որ իր այս “հիմնավորումը” կարող է ազդել հանրության ամենաքիչ տեղեկացված ու իմացությունների ամենահամեստ մակարդակ ունեցող շերտի վրա։ Գուցե եւ կարող է ազդել։ Բայց ոչ մեկը թույլ չի տվել Ա. Հարությունյանին թքել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի վրա, դա պետական կառույց է, ոչ թե իր սեփականությունը։ Ոչ էլ որեւէ մեկը նրան թույլ է տվել թքել իրավագիտության դոկտորի կոչումի վրա, դա էլ վիրավորական է ոչ միայն այս բնագավառում գիտնականների, այլ նույնիսկ ուսանողների համար։
Այսպիսով, Մարտի 1-ի սպանդի զոհերի մահվան հանգամանքները պարզելու ու իրական հանցագործներին ու պատասխանատուներին հայտնաբերելու այն միակ ռացիոնալ աշխատանքը, որ կատարում էր Փաստահավաք խումբը, ըստ էության կասեցվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի ձեռքով։ Դրանով նա առնվազն դառնում կատարված ոճիրի պարտակման մեղսակից, ինչի համար երբեւէ պատասխան է տալու։

Հ. Գ. Հոդվածը ուղարկում էի տպագրության, երբ իմացա, որ Սերժ Սարգսյանը ուժը կորցրած է համարել Փաստահավաք խումբ ստեղծելու մասին իր կարգադրությունը։ Թող ոչ մեկը դափնիների չհավակնի, դա առաջին հերթին ՄԻՊ Ա. Հարությույանի վաստակն է։ Եւ դրանով նա մտավ Մարտի 1-ի զոհերի արյան տակ։
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
“Չորրորդ Իշխանություն”, 09.06.09


No comments:

Post a Comment