“Կոնգրեսի ուժն ու վստահությունը դինամիկ աճում է”
- Պարոն Սարգսյան, ո՞րն է Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական
օրակարգը, որով նախապատրաստվում է ակտիվացման, բողոքի նոր ալիք բարձրացնելու փուլը
հանրապետությունում: Արդյո՞ք աշնանը ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների
կարգավորման գործընթացներում ինչ-ինչ զարգացումներն են այն հիմնական դրդապատճառները,
որոնք էլ առանցքային կլինեն Կոնգրեսի ակտիացման համար:
Հայ Ազգային Կոնգրես
- համաժողովրդական շարժումն ի սկզբանե՝ 2007 թ. աշնանից ունի իր հաստատուն քաղաքական
օրակարգը՝ օրինական իշխանափոխության միջոցով Հայաստանում լեգիտիմ իշխանության եւ սահմանադրական
կարգի վերականգնումը։ Մնացած ամեն ինչ ածանցված են դրանից։ Այդ թվում նաեւ Լեռնային
Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը։ Ինչպես այս, այնպես էլ մնացած
այլ հարցերի այս կամ այն կերպ լուծումը բխելու է հիշատակված “մայր” խնդրից։ Դրանք,
որպես ենթախնդիրնիրներ, առաջին պլան գալով, այս կամ այն կերպ ազդում են Կոնգրեսի մարտավարության,
շեշտադրումների տեղափոխման վրա, օրակարգում դառնալ առաջինը, բայց ոչ մի կերպ չեն կարող
փոխարինել “մայր” խնդրին։ Չեն կարող մի պարզ պատճառով. ե՛ւ Լեռնային Ղարաբաղի, ե՛ւ
հայ-թուրքական հարաբերությունների խնդրի, դրան գումարած՝ երկիրը կեղեքող կոռուպցիայի,
ապօրինությունների խորացման, տնտեսության փլուզման, արտագաղթի, մարդու իրավունքների,
ժողովրդավարության եւ այլ, ըստ էության ոչ պակաս կարեւոր հարցերի այս կամ այն կերպ
լուծումը պայմանավորված է հիշատակածս թիվ 1 խնդրով։ Կունենա՞ Հայաստանը օրինական, ժողովրդի
վստահությունը վայելող իշխանություն՝ առավել բարեհաջող պայմաններով կկարգավորվի ղարաբաղյան
հակամարտությունը, արժանապատիվ հիմքերի վրա կհաստատվեն հայ-թուրքական հարաբերությունները։
Լեռնային Ղարաբաղը կամ հայ-թուրքական հարաբերությունները ածանցյալներ, ենթախնդիրներ
համարելով, ես ամենեւին չեմ նսեմացնում դրանց կարեւորությունը, այլ ընդամենը ուզում
եմ, որ դրանք դիտարկվեն պատճառահետեւանքային կապի մեջ։ Որքան թուլ, ոչ լեգիտիմ, խոցելի,
անմակարդակ, քաղաքականապես տգետ ու կարճատես, պետական մտածողությունից հեռու լինի Հայաստանի
իշխանությունը (պատճառ), այնքան աննպաստ լուծում կունենա ղարաբաղյան եւ մյուս խնդիրները
(հետեւանք)։ Լուրջ քաղաքական ուժը պետք է պայքարի ոչ թե (առնվազն ոչ միայն) հետեւանքների
դեմ, այլ, առաջին հերթին, դրանք ծնող պատճառների վերացման համար։ Ըստ այդմ էլ՝ Կոնգրեսի,
ինչպես սեպտեմբերի 18-ի, այնպես էլ հետագա հանրահավաքները եւ պայքարն ընդհանրապես հաշվարկված
չեն միայն այդ հարցերում սպասվող զարգացումների վրա։
- Սեպտեմբերի 18-ին նշանակված համապետական հանրահավաքով
նոր փուլի մեկնա՞րկ է տրվելու, թե՞ Կոնգրեսը
դեռ հետեւելու է իշխանությունների գործողություններին արտաքին ճակատում եւ առավել նպաստավոր
շրջանում նոր պահանջներ կներկայացնի եւ կոնկրետ գործողությունների կդիմի:
Ճիշտ չէ նախապես
նոր փուլ ծրագրելը։ Սովորաբար պայքարը փուլերի է բաժանվում իրադարձություններից հետո։
Գուցե կարելի է խոսել դրա նախապայմանների մասին։ Համենայնդեպս մենք չենք սպասում, եւ
երբեք չենք սպասել, որ, հատկապես արտաքին քաղաքականության մեջ, ինչ-որ ձախողում լինի,
որպեսզի դա դարձենք համաժողովրդական ընդվզման նոր փուլի առիթ։ Ընդհակառակը, կանխատեսելով
նմանօրինակ զարգացումները՝ ամեն ինչ արել ենք հնարավոր ձախողումը կանխելու համար։ Լեւոն
Տեր-Պետրոսյանի ելույթներում եւ Կոնգրեսի հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի
խնդրի հետեւողական արծարծումը դրա լավագույն ապացույցն է։ Ավելին, մեկ անգամ չէ, որ
Կոնգրեսը սեփական վարկանիշը վտանգելու քաղաքական ռիսկի է դիմել, երբ տեսել է, որ տվյալ
պահին իր գործողությունների ակտիվացմամբ ակամա կարող է նպաստել արտաքին խնդիրներում
Հայաստանի դիրքերի թուլացմանը։ Նման դեպքերում մեզ համար առաջնայինը եղել է երկրի ու
պետության շահը, ոչ թե հարմար պահից օգտվելը։ Եւ դա ոչ միայն պետական մտածողության,
այլեւ սեփական ուժերի գիտակցման եւ ինքնավստահության ապացույց է։ Ինչ վերաբերում է
բազմանշանակ “կոնկրետ գործողություններին”, ապա դրա համար անհրաժեշտ հիմքերի միատեղումը
աշնանը, դատելով ոչ միայն արտաքին, այլեւ ներքին գործընթացներից, այսօր խիստ հավանական
է։ Պարզապես, ինչպես միշտ, որեւէ գործողություն չպետք է անմիջականորեն կամ միջնորդավորվորված
վնասի երկրի պետական շահերին, չի կարող դուրս լինել օրինականության շրջանակներից, պետք
է հեռու լինի արկածախնդրությունից։ Սրա մեջ է մեր Շարժման, Կոնգրեսի ուժն ու քաղաքական
հմայքը։
- Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը
հայտարարեց, որ աշնանը իրավիճակի փոփոխությունը կլինի: Դա որքանո՞վ է կապված աշնանը
բողոքի նոր ալիք բարձրացնելու Կոնգրեսի մտադրության հետ. այժմ Հայաստանյան գործող իշխանությունների
դիրքերն ե՞ն առավել թուլացել, թե՞ Կոնգրեսն այսօր ավելի մեծ վստահություն ունի սեփական
ուժերի նկատմամբ՝ մոտ ապագայում հասարակության մոբիլիզացիան գագաթնակետի հասցնելու
հարցում:
Հասարակության
իներտ մասի մեջ ընթանում է իրողությունների գիտակցման դանդաղ, բայց հաստատուն գործընթաց։
Այդ գործընթացն արագանում է, երբ առարկայանում են այս կամ այն բնագավառում վարչախմբի
խոսքի եւ գործի տարբերությունը։ Այդ գործընթացն արագանում է, երբ որոշակիանում են համեմատության
եզրերը։ Հայ-թուրքական հարաբերություններում չարաբաստիկ “պատմաբանների հանձնաժողովի”
ստաղծմանը Ս. Սարգսյանի համաձայնությունը հասարակության վրա էլեկտրահարման ազդեցություն
ունացավ։ Լեռնային Ղարաբաղի խնդրով նրա “հաղթողական” բանակցություններից, ինչպես երեւում
է, ոչ թե ժամնակին խոստացած 8000 քառ. կմ տարածքով անկախ Ղարաբաղ, այլ մի մուկ անգամ
չի ծնվելու։ Նույնիսկ Լեռնային Ղարաբաղում մարդիկ սկսել են կասկածել 10-12 տարի շարունակ
իրենց քարոզված՝ “հայաստանցին կտա, ղարաբաղցին չի տա” բանաձեւին։ Տնտեսական ճգնաժամը
շարունակում է խորանալ։ Ստացված բազմամիլոն վարկերը շարունակում են խժռել։ Անարխիան
շարունակում է խորանալ։ Այս եւ բազմաթիվ այլ օբյեկտիվ հանգամանքներ իրավիճակի փոփոխության
նախապայմաններ են։
Կոնգրեսի ուժն
ու վստահությունը դինամիկ աճում է։ Եւ դրա չափանիշը միայն հանրահավաքների մասնակիցների
քանակը եւ հաստատակամությունը չէ։ Ամեն մի հերթական հանրահավաքի առիթով վարչախումբը
նորանոր ու ամենաբռի մեթոդներով խոչընդոտում է մարդկանց տեղաշարժը, հանրահավաքի ամեն
մի հնարավոր մասնակցի հետ անհատական աշխատանք է տարվում՝ համոզելուց մինչեւ ահաբեկումը։
Ուժեղ կամ իր վրա վստահ իշխանությունը նման մեթոդների չէր դիմի՝ դրա համար մոբիլիզացնելով
ողջ իրավապահ համաակարգը, ուժային կառույցները եւ իշխանական բոլոր լծակները։ Դրանով
նա օրվա խնդիր է լուծում, մինչդեռ ամեն օր իր իր դեմ է հանում չեզոք, անտարբեր, նույնիսկ
իր նկատմամբ ինչ որ ժամանակ համակրանքով տրամադրված մարդկանց։ Իսկ դա հսկայական թիվ
է եւ աճում է օրեցօր։ Վստահ կարելի է ասել, որ դա այսօր շատ ավելին է, քան 2008 թ.
փետրվարի 26-ին Ազատության հրապարակում հավաքվածների քանակը։ Դա Կոնգրեսի պոտենցիալն
է։ Նույնիսկ իշխանական ճամբարում, միջին եւ վերին օղակներում շատերն սկսել են մտածել,
թե որքանով է նպատակահարմար իրենց անունն ու կարիերան կապել մի մարդու հետ, որ արդեն
իսկ Ցեղասպանությունը ուրացողի խարան ունի, եւ, մինչեւ կոկորդը խրվաած ղարաբաղյան խնդրի
մեջ, ոչ մի կերպ չի կարողանալու “չոր” դուրս գալ։
-Ինչպե՞ս են ընթանում Կոնգրեսի շփումներն արտաքին հարաբերություններում:
Կոնգրեսի հետագա գործունեությունը որքանո՞վ են պայմանավորված հայաստանյան գործող իշխանությունների
նկատմամբ միջազգային հանրություն վստահության աստիճանի նվազմամբ:
Եթե դատելու լինենք
արտաքին հարաբերություններում Հայ Ազգային Կոնգրեսին տված իրական կարեւորությունից,
ապա կարելի է ասել, որ արտաքին աշխարհը Հայաստանն ընկալում է որպես երկու իշխանություն
ունեցող երկիր։ Իսկ եթե նկատի ունենաք, թե ինչպիսի մակարդակով կարող են ընթանալ հանդիպումներն
ու արտաքին շփումները Լեւոն Տեր-Պետրոսյանի, Կոնգրեսի այլ ներկայացուցիչների եւ իշխանության
ներկայացուցիչների հետ, ապա դժար չէ պատկերացնել տպավորությունների տարբերությունը։
Ճիշտ է, իրողությունն այն է, որ “արտաքին աշխարհը” իր քաղաքական խնդիրները լուծելու
համար գերադասում է գործ ունենալ թույլ ու խոցելի իշխանության հետ։ Բայց նաեւ չի կարող
անտեսել օբյեկտիվորեն գոյութուն ունեցող շատ ավելի հզոր ու հեռանկարային մյուս ուժը։
Մանավանդ, երբ այդ ուժը ակտիվ պայքարի մեջ է։
Արտաքին հարաբերություններում
Կոնգրեսի աշխատանքն ամենօրյա է։ Դրա արդյունքն էր ԵԽԽՎ բանաձեւերով վարչախմբի վրա դրված
պարտավորությունները, Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման փորձագետների Փաստահավաք
խմբի ստեղծումը, քաղբանտարկյալների մեծ մասի ազատ արձակումը եւ այլն։ Եվրոպական համապատասխան
կառույցները, դեսպանատները եւ այլն Կոնգրեսից պարբերաբար ստանում են կարեւոր փաստաթղթեր
եւ այլն։ Ճիշտ չէ խոսել գործող իշխանության նկատմամբ արտաքին աշխարհի ինչ-որ վստահության
մասին։ Գործող իշխանությանը նրանք ընդամենն դիտում են որպես գտնված մի գործիք, որով
կարող են լուծել իրենց քաղաքական հարցերը։ Բայց դա ամենեւին չի նշանակում, թե նրան
կշարունակեն սատարել ցանկացած պայմաններում ու հանդուրժել նրանց ցանկացած վարքագիծ։
Այս դեպքում էլ ինչ-որ սահմանագիծ կա, որից նրանք չեն անցնի։ Իսկ այդ սահմանագիծը պայմանավորված
է Կոնգրեսի գոզությամբ ու պայքարով։ Հիմա նրանք մոտեցել են այդ սահմանագծին։
- Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման
գործընթացում հայկանան կողմի դիրքերը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման
գործընթացում ի՞նչ կարող է փոխել Սերժ Սարգսյանի կայացնելիք որոշումը՝ Թուրքիա մեկնելը
կամ չմեկնելը:
Ղարաբաղյան հակամարտության
կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքերը ամենավատն են 1994-ի հրադադարից ի
վեր։ Մեկը մյուսի հետեւից Ռ. Քոչարյանը, ապա Ս. Սարգսյանը կորցրել են հայկական կողմի
շուրջ մեկ տասնյակ կարեոր հաղթաթղթեր։
Հայ-թուրքական
հարաբերությունների խնդիրը Սերժ Սարգսյանի համար սպառված է։ Նա ինքնակամ դիմեց այնպիսի
մի քայլի, որը նրա ու նրա ղեկավարած վարչախմբի ճակատին հավերժորեն մնալու է որպես ամոթալի
խարան։ Եթե անգամ Ցեղասպանության ուրացման նրա հայտարարությունից հետո հաջորդ օրը Թուրքիան
լայնորեն բացեր ճանապարհները, միեւնույն է՝ ոչինչ չէր փոխվի։ Բայց Թուրքիան ոչ միայն
դա չարեց, այլեւ հիմա էլ դա պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի խնդրով։ Եւ չի բացառվում,
որ դրանից հետո էլ նա մի նոր նախապայման դնի։ Եւ իզուր են այսօր բոլոր հեռուստաալիքները,
մանր ու մեծ “քաղաքագետներն” ու “մասնագետները” դատապարտում Թուրքիային։ Մեղավորը ոչ
թե նա է, որ կարողացավ լուծելով իր երկրի համար ամենակենսական մի խնդիր, այլ նա, ով
մանկաբար խաբվեց՝ կորցնելով շատ կարեւոր մի հաղթաթուղթ։ Այս պայմաններում նրա Թուրքիա
գնալ - չգնալը ոչինչ չարժե։
“Ժամանակ Երեւան”, 18.08.2009
No comments:
Post a Comment