Հայաստան- Թուրքիա միջպետական հարաբերությունների
կարգավորման խնդիրը դարձել է հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական թեման՝ երկրորդ
պլան մղելով անգամ Ղարաբաղյան հիմնահարցը։ Իշխանությունն աշխատում է այն ներկայացնել
որպես կարեւոր ձեռքբերում՝ ողջ հզորությամբ գործի դնելով իր կողմից ամբողջովին վերահսկվող
հեռուստաալիքները եւ մոբիլիզացնելով նյութապես, բարոյապես, հանցակցությամբ կամ այլ
կերպ իրեն պարտապան կամ կապված ուժերի, գործիչների, մտավորականների եւ այլն։
Հսկայական ծավալ է կազմում նաեւ քննդատությունը,
ինչը կարող է էական դեր խաղալ ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլեւ վերջինիս
հետ այլեւս շաղկապված՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ընթացքի վրա։ Արտաքուստ թվում
է, թե քննադատությունները նույնական են, քանզի հիմնականում վերաբերում են փաստաթղթի
նույն կետերին։ Հենց այս հիմքի վրա ոմանք նույնական են համարում, օրինակ, Դաշնակցության
եւ Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումները։ Մինչդեռ դրանք տրամագծորեն տարբեր են ոչ
միայն իրենց քաղաքական հիմքերով, այլեւ շարժառիթներով ու նպատակներով։ Ուրեմնեւ՝ հասարակությանը
ճիշտ կողմնորոշելու համար կարեւոր է հնչող քննադատությունների հիմքերի, քաղաքական էության
տարբերակումն ու ճանաչումը։
ա) Հայդատական կամ գաղափարախոսական հիմքով քննադատությունները
Հայդատական կամ գաղափարախոսական հիմքով քննադատությունների
հեղինակների մեջ բնորոշ է Դաշնակցության օրինակը։ Դյուրընկալ լինելու համար անհրաժեշտ
է կարճ մի նախապատմություն-ներկայացում։ Այս կուսակցությունն է հայդատականության կնքահայրը
եւ հիմնական կազմակերպված ուժը։ Ըստ Հայ դատի գաղափարախոսության՝ Հայաստանը հողային
պահանջներ ունի իր չորս հարեւաններից առնվազն երեքից (հիշենք՝ “Մենք ունենք երեք ճակատ,
մեկ հարեւան”)։ Ամենամեծ պահանջը Թուրքիայից է, ինչը հիմնավորվում է ոչ միայն պատմական
իրավունքով, այլեւ այդ երկրում 1915-ին իրականացված Ցեղասպանության իրողության հիմքով։
Դա է համարվել Դաշնակցության հավատամքը, կրոնը, աստվածը։ Գերագույն այդ արժեքի դեմ
երկրորդական է համարվել ամեն ինչ, ցանկացած այլ գաղափար ու արժեք՝ լինի անկախություն,
ազատություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն եւ այլն։ Կրոնի վերածված այս
գաղափարախոսության թելադրանքով է, որ 1988-1990թթ. այս կուսակցությունը պայքարում էր
Ղարաբաղյան ժողովրդավարական շարժման դեմ՝ սերտորեն համագործակցած ԽՍՀՄ հատուկ ծառայությունների
հետ։ Նույն հիմքի վրա է, որ 1990-1991-ին նա պայքարում էր Հայաստանի անկախության դեմ։
Պայքարում էր, քանզի ըստ իր “մշակած” ու սրբագործած հայդատական “ծրագրի”, Թուրքիայի
նկատմամբ դրված պահանջները կարելի էր իրականացնել միմիայն հզոր մի երկրի ուժերով, եւ
որպես այդպիսին ընտրվել էր Խորհրդային Միությունը։
Սակայն ԽՍՀՄ-ը փլուզվեց։ Նորանկախ Հայաստանի
առաջին ժողովրդավար իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հայտարարեց
բոլոր հարեւանների, այդ թվում նաեւ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ
հաստատելու մասին՝ առանց երկուստեք նախապայմանների։ Հայդատականությունը ծառս եղավ՝ առաջ
քաշելով մասնավորապես հետեւյալ պահանջները.
ա) Հայաստանը պարտավոր է Ցեղասպանության ճանաչման
հարցը դնել իր արտաքին քաղաքականության հիմքում եւ պաշտոնապես հետապնդել այն։
բ) Թուրքիայի հետ որեւէ հարաբերություն հաստատելու
համար Հայաստանը պետք է հանդես գա պահանջատիրական դիրքերից ու նախապայման դնի. Թուրքիան
կընդունի Ցեղասպանության փաստը, կհատուցի, որից հետո միայն կարող է հարաբերություններ
հաստատելու հարց քննարկվել։
1998թ. հեղաշրջմամբ եւ 1999-ի հոկտեմբերի
27-ի շնորհիվ Ռ. Քոչարյանի մենիշխանության հաստատումից հետո Դաշնակցությունը դարձավ
իշխանության կարեւր բաղադրիչը։ Ավելին՝ այն արմատական փոփոխությունները, որ կատարվեցին
արտաքին քաղաքականության հայեցակարգում, այլ բան չէին, քան Դաշնակցության եւ հայդատական
այլ ուժերի գաղափարախոսական պլատֆորմի որդեգրում։ Մասնավորապես՝ Ցեղասպանության ճանաչումը
հռչակվեց որպես Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիր։ Աստիճանաբար փոխվեց
նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման փիլիսոփայությունը՝ ինքնորոշման հարթությունից
տեղափոխվելով հայդատական-պահանջատիրական գաղափարախոսության, պատմական իրավունքի հարթություն։
Ինքնորոշում բառը ձեւականորեն պահելով հանդերձ շրջանառության մեջ՝ Ռ. Քոչարյանի, Վ. Օսկանյանի եւ Ա. Ղուկասյանի նախաձեռնությամբ
ու ջանքերով Լեռնային Ղարաբաղը զրկվեց հակամարտության կողմ լինելու միջազգայնորեն ճանաչված
կարգավիճակից։ Դա էր պահանջում հայդատական գաղափարախոսության պահանջատիրության տրամաբանությունը։
Այս հիմքի վրա վարած տասնամյա արտաքին քաղաքականության
արդյունքն այսօր հետեւյալն է.
ա) Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը
պայմանավորվում է Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող, դրա հետագա ճանաչումը արգելափակող
հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմամբ, ինչը ներառված է նախաստորագրված
արձանագրության մեջ։
բ) Լեռնային Ղարաբաղի հարցը կախման մեջ է դրված
հայ-թուրքական հարաբերությունների հաստատումից՝ նրա հետ կազմելով մեկ փաթեթ, ինչը հզոր
լծակ է հայկական կողմից նորանոր զիջումներ կորզելու համար։
Ի դեմս հայ թուրքական արձանագրության հայդատական
ուժերը բողոքում, քննադատում են այն արդյունքները, որոնք ստացվել են հենց իրենց իսկ
դավանած գաղափարախոսության դրույթների գործադրումից։ Երկրորդի դեմ էլ նույն էնտուզիազմով
կբողոքեն պոստ-ֆակտում, երբ արդեն ուշ կլինի։ Գիտակցո՞ւմ են նրանք դա, թե՞ ոչ։ Երկու
դեպքում էլ որեւէ տարբերություն չկա։ Քանզի նրանց՝ իռացիոնալ, անտիքաղաքական, աղանդավորական
մտածելակերպի համար գերագույն արժեքը վերացական կրոն-գաղափարախոսությունն է։ Մնացած
ամեն ինչ՝ այսօր պատմաբանների հանձնաժողովի տեսքով Ցեղասպանության փաստական ուրացում
եւ նրա հետագա ճանաչման հնարավորության արգելափակում, վաղը՝ Լեռնային Ղարաբաղի կորուստ,
այլ բան չեն, քան “գերագույն աստծուն” մատուցված զոհեր։ Իրենց բողոքն էլ յուրատեսակ
կրոնական ծես է. որքան մեծ է զոհը, այնքան տպավորիչ պետք է դարձնել ծեսը՝ որ այսօր
արտահայտվում է իշխանության համար անվտանգ նստացույցերի, 24-ժամյա էստաֆետային “հացադուլների”,
անիմաստ ստորագրահավաքի տեսքով։ Հայդատականության շարքայինների համար դա ապահովում
է խաբուսիկ ինքնահաստատում, ինքնության պահպանում, քրմերը՝ փրկում են իրենց դեմքը։
Քաղաքական հիմքով քննադատությունները
Քննադատության երկրորդ հիմքը քաղաքական է։ Այն,
ի տարբերություն՝ գաղափարախոսականի՝ ստիպում է որեւէ գործողություն ձեռնարկել միմիայն
հաջողության հասնելու համար անհրաժեշտ ու բավարար ռեսուրսների առկայությամբ, այլապես
թե՛ տանուլ կտաս խնդիրը, թե՛ կվատնես, կկորցնես անգամ եղած ռեսուրսները։ Այսինքն՝ այս
դեպքում կարեւորը ոչ թե գաղափարն է, այլ գաղափարի առարկան։
Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ցեղասպանության ճանաչման
խնդիրը չէր դնում, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, հանդես չէր գալիս պահանջատիրության
դիրքերից, դա անում էր շատ պարզ հաշվարկով. եթե ունեցածդ ռեսուրսներն այսօր բավարար
չեն օրակարգում դրված խնդիրը հօգուտ քեզ լուծելու համար, այն լուծելու է հակառակորդդ
հօգուտ իրեն։ Դու կարող ես հերոսանալ, անձնական փառք վաստակել, բայց տանուլ տալ խնդիրը։
Ճիշտ նույն կերպ, այսօր էլ Հայ Ազգային Կոնգրեսի
եւ նրա առաջնորդի քննադատությունները քաղաքական հիմքի, քաղաքական հաշվարկների վրա են։
Այսինքն՝ նպատակ ունեն ժամանակին կանխատեսել ու կանխել հենց առարկայական կորուստները,
փրկել այն, ինչը դեռ վերջնականապես կորած չէ։ Սերժ Սարգսյանի “ֆուտբոլային դիվանագիտության”
մեկնարկից անմիջապես հետո, 2008թ. սեպտեմբերի 15-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացրեց
դրա այն հետեւանքների մասին, որոնք այսօր նույնությամբ արձանագրված են հայ-թուրքական
քննադատվող արձանագրությունում։ Այն ժամանակ ոչ մեկը նրան չարձագանքեց։ Հնարավոր կորուստներից
խույս տալու նպատակով է, որ դեռ 2007թ. աշնանը Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց Ռ. Քոչարյանին
եւ Ս. Սարգսյանին հեռանալ քաղաքական թատերաբեմից, չշարունակել իրենց կործանարար ընթացքը,
հնարավորություն տալ օրինական, ժողովրդավարական իշխանություն կազմել եւ փրկել այն,
ինչը դեռեւս հնարավոր է փրկել։ Նրանք չանսացին այդ հորդորին։ Անսային՝ այսօր չէինք
ունենա հիշյալ քննադատվող արձանագրությունը։ Անգամ 2008թ. խայտառակ ընտրություններից
եւ Մարտի 1-ից հետո նա կոչ արեց Ս. Սարգսյանին սահմանազատվել անցյալից, արմատապես փոխել
ներքին եւ արտաքին քաղաքականությունը, առաջնորդվել ժողովրդի շահերվ եւ, գեթ այդ կերպ
լրացնելով իր չունեցած լեգիտիմությունը՝ ձեռք բերել հասարակական վստահություն եւ խուսափել
անդառնալի կորուստներից։ Չօգնեց։ Աներ՝ այսօր այդքան խոցելի չէր լինի, ստիպված չէր
լինի գնալ այդօրինակ զիջումների։ Հորդորեց ազատել քաղբանտարկյալներին, երկխոսության
գնալ ընդդիմության հետ եւ հասարակական միասնության հասնել սպասվող արտաքին մարտահրավերների
դեմ։ Չլսեց։ Եւ վերջապես՝ սեպտեմբերի 18-ի հանրահավաքում, կործանարար գործընթացները
կանխելու նպատակով, որպես վերջին միջոց՝ հայտարարեց, որ եթե հասարկության բոլոր խավերը,
բոլոր քաղաքական ուժերը, մտավորականությունը եւ այլն համախմբվեն եւ հասնեն Սերժ Սարգսյանի
հրաժարականին (ինչը արդեն միակ շանսն է առարկայացող կորուստներից խույս տալու համար)
ապա ինքը չի դնի իր թեկնածությունը (բացառությամբ այն դեպքի, եթե առաջադրվի Ռ. Քոչարյանը)։
* * *
Այսինքն գաղափարախոսական հիմքի վրա քննադատողները
պատրաստ են ամեն ինչի՝ ընդհուպ զոհաբերելու բուն խնդիրը, միայն թե փրկեն գաղափարախոսությունը
եւ իրենց դեմքը։ Քաղաքական հիմքի վրա քննադատություն հնչեցնողները պատրաստ են հրաժարվել
ամեն ինչից, նաեւ իշխանության հավակնությունից, եթե այդ կերպ հնարավոր կլինի փրկել
բուն խնդիրը, կանխել աննպաստ լուծումը։ Երկու տարբեր հիմքերի վրա քննադատությունների
տրամագծային տարբերությունը շատ լավ է հասկանում նաեւ իշխանությունը, եւ նրանց վերաբերմունքը
լակմուսի թղթի նման բացահայտում է իրողությունը։ Գաղափարախոսականը նրա համար ոչ միայն
վտանգավոր չէ, այլեւ կարող է մեծապես օգտակար լինել իրեն, ուստիեւ դաշնակների “բողոքի”
ակցիաները ազատորեն անց են կացվում Հանրապետության հրապարակում, իսկ նրա մասնակիցները
գիշերը պատսպարվում են ԱԳՆ շենքում, որի ղեկավարի հրաժարականը նրանք պահանջում են։
Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը չնայած թույլատրվում է, բայց ամբողջ պետական մեքենան
մոբիլիզացվում է, հանրապետությունով մեկ տրանսպորտի աշխատանքը կազմալուծվում՝ թույլ
չտալու համար մարդկանց մասնակցությունը հանրահավաքին։ Հեռուստատեսությամբ օրը մի քանի
անգամ գովազդվում է Հանրապետության հրապարակի նստացույցն ու “հացադուլը”, Կոնգրեսի
հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդները հետապնդվում են ու ծեծի ենթարկվում։ Մեկնաբանություններն,
ինչպես ասում են, ավելորդ են։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
“Հայկական ժամանակ”,
30.09.09