- Պարոն Սարգսյան, հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հրապարակված արձանագրությունների առնչությամբ
Հայ Ազգային Կոնգրեսը՝ սեպտեմբերի 1-ին տարածած հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների
առիթ հանդիսացավ: Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը քննարկե՞լ է կուսակցությունների
հետ հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումները եւ ի՞նչ գնահատականներ,
կարծիքներ են գերիշխում:
Հայաստանում ըստ էության գոյություն ունի
երկու քաղաքական գործոն. ժողովրդին պարտադրված ոչ լեգիտիմ փաստական իշխանությունը եւ
Հայ Ազգային Կոնգրես-համաժողովրդական շարժումը՝ երկուսն էլ որպես այդպիսին ճանաչված
միջազգայինորեն։ Սա Կոնգրեսի առաջին յուրահատկությունն է՝ իշխանությունից ձեւականորեն
կամ ոչ ձեւականորեն դուրս գտնվող այլ ուժերի համեմատությամբ։ Կոնգրեսն ունի նաւ երկրորդ
մի մի յուրահատկություն. այն մոտ երկու տասնյակ քաղաքական ուժեր եւ տասնյակ հազարավոր
անհատներ ներգրավող քաղաքական միավոր է։ Թե ինչպիսին պետք է լիներ իշխանական ուժերի
արձագանքն այդ փաստաթղթերին, կանխատեսելի էր եւ որեւէ մեկի մոտ կասկած չէր առաջացնում։
Եւ բոլորն սպասում էին Կոնգրեսի արձագանքին։ Ելնելով վերոհիշյալ յուրահատկություններից,
Կոնգրեսի արձագանքը չէր կարող արդարացնել բոլորի սպասելիքները հավասարապես։ Ի տարբերություն
առանձին քաղաքական ուժերի, որոնց գնահատականներն այս հարցում ունեն մեկ հասցեատեր,
կամ նույնիսկ հենց իրենք են իրենց հայտարարության հեղինակն ու հասցեատերը, Կոնգրեսի
հայտարարությունն ունի մի շարք հասցեատերեր եւ մեկից ավելի հեղինակներ։ Եթե ուրիշների
համար այս կամ այն կերպ արձագանքելը բխում է դեմքը փրկելու անհրաժեշտությունից կամ
իրեն ցուցադրելու, ինքնահաստատվելու խնդիր է լուծում, ապա Կոնգրեսի համար դա իր հիմնական
խնդրի, այն է՝ իր հռչակած քաղաքական սկզբունքներին հավատարիմ մնալու քննություն է,
իսկ դրանից առաջ՝ իր հիմնական խնդրին՝ Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանությունից ազատվելու
եւ սահմանադրական կարգը վերականգնելու պայքարի շարունակության ապահովում։ Ի տարբերություն
ուրիշների՝ այն առարկայական պատասխանատվություն է ենթադրում։ Այնպես որ, մեր հայտարարությունը,
մանավանդ այսպիսի մի հարցում, բոլորին չէ, որ հավասարապես պիտի բավարարեր։
Ինչ վերաբերում է Կոնգրեսի մեջ ընդգրկված կուսակցություններին, ապա, ինչպես դա
գրված է Հայ Ազգային Կոնգրեսի հռչակագրում, նրանք պահպանում են իրենց լիակատար անկախությունը՝
ընդհուպ մինչեւ առանձին ընտրություններին մասնակցելու ազատությունը։ Այնպես որ՝ նրանցից
յուրաքանչյուրն ազատ է առանձին արձագանքելու։
- Կոնգրեսը հրապարակած հայտարարության
մեջ անընդունելի է համարել հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի
ստեղծման մասին դրույթը եւ մտագոհություն է հայտնել խորհրդարաններում փաստաթղթերի վավերացման
անհրաժեշտությունը: Բացի այս դրույթներից այլ վտանգներ կա՞ն:
Անշուշտ, այդ փաստաթղթերը կարող էին կազմվել այնպես, որ լրացուցիչ մտահոգություններ
չառաջացնեին։ Բայց դա հնարավոր էր երկու պայմանի առկայությամբ. եթե Հայաստանն ունենար
լեգիտիմ, ոչ խոցելի իշխանության եւ գրագետ, ձեռնհաս դիվանագիտություն։ Երկուսն էլ բացակայում
են։ Այս պայմաններում Հայաստանը հավասարազոր վիճակում չի գտնվել մյուս կողմի նկատմամբ,
ուստիեւ ուժեղ կողմը կարողացել է թելադրել դրույթներ եւ ձեւակերպումներ, որոնք ամենեւին
պարտադիր չեն նման մի փաստաթղթի համար։ Այդ դրույթների ու ձեւակերպումների ենթատեքստում
մասնավորապես անուղակիորեն մատնանշվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ
Թուրքիայի պետական սահմանների ճանաչումը, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ առաջին
դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, անկախացման հեռանկարի, երկրորդ դեպքում՝ հողային
պահանջներ ներկայացնելու հնարավորության համար։ Այս խնդիրներով չեմ ուզում ծավալվել։
Ոչ թե նրա համար, որ կարեւոր չեն, այլ որովհետեւ այդ եւ այդօրինակ հնարավոր այլ խնդիրները
ածանցյալ են այն երկուսից, որոնք, որպես կարեւորագույն, առանձնացված են Կոնգրեսի հայտարարության
մեջ։ Նկատի ունեմ հայ եւ թուրք պատմաբանների (ենթա)հանձնաժողովին տրված անընդունելի
գնահատականը (այն արգելապատնեշ է Ցեղասպանության հետագա ճանաչումների ճանապարհին) եւ
փաստաթղթերի՝ խորհրդարաններում հաստատվելու մասին կետը, որ գնահատված է որպես մտահոգիչ
(դրանով հայ-թուրքական սահմանի բացումը կախման մեջ է դրվում Ղարաբաղի խնդրից)։
Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ գնահատական են հնչեցնում,
թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի եւ Լեւոն
Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության մեջ տարբերություն չկա կամ Կոնգրեսի եւ իշխանությունների
դիրքորոշումները նույնն են... Կցանկանայի համեմատեիք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի
իշխանության տարիներին Երեւան-Անկարա շփումների եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների
կարգավորման փիլիսոփայության եւ գործող իշխանությունների վարած քաղաքականության միջեւ:
Դա ձեռքը փրփուրներին գցելու նման մի բան է, այն վերջին կեղծ փրկօղակը, որից ուզում
են կառչել։ Մի քանի ամիս առաջ էլ այդ միտքը հնչեց։ Դրան ի պատասխան հրապարակվեց Լեւոն
Տեր-Պետրոսյանի “Հայ թուրքական հարաբերությունները” գիրքը, որտեղ ամփոփոփված էր
1989թ. հունիսից առ այսօր այդ թեմայով Առաջին նախագահի բոլոր ելույթները։ Այն հստակ
ցույց է տալիս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ս. Սարգսյանի դիրքորոշումները եւ վարած
քաղաքականությունները ոչ միայն նույնը չեն, այլեւ տրամագծորեն տարբեր են։ Այդ մասին
բազմիցս գրվել է, մեկ անգամ էլ ասենք, որ ինչպես այլ կարեւոր հարցերի, այնպես էլ Հայ-թուրքական
հարաբերությունների հետ կապված սկզբունքային մոտեցումները ՀՀ Հիմնադիր-նախագահի
20 տարվա գործունեության ընթացքում փոփոխություն չեն կրել եւ արտահայտվել են հետեւյալ
դրույթներում.
ա) Պետության ապահովության ու տնտեսական զարգացման
ամենակարեւոր երաշխիքներից մեկը հարաբերություններն են անմիջական հարեւանների,
այդ թվում Թուրքիայի հետ։
բ) Ըստ այդմ, առանց որեւէ քաղաքական զիջման, պետք է
հարաբերություններ հաստատել նաեւ Թուրքիայի հետ։
գ) Այդ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց
երկուստեք նախապայմանների։
դ) Թուրքիան չպետք է հարաբերությունների հաստատումը
եւ սահմանի բացումը պայմանավորի երրորդ երկրի՝ Ադրբեջանի հետ կապված հանգամանքներով,
այն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդրով։
ե) Հայաստանը
չպետք է արտաքին քաղաքականության օրակարգում դնի Ցեղասպանության հարցը, քանզի
տվյալ պայմաններում միանգամից անհեռանկարայնության կմատնի այդ
հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։
զ) Որպեսզի Ցեղասպանության եւ այլ խնդիրների մասին
երկու երկրների տրամագծորեն հակադիր համոզմունքները դրան չխանգարեն, պետք է գործադրել
“համաձայնություն տարաձայնության” մասին բանաձեւը եւ կարգավորել դրանից դուրս
մնացող մյուս խնդիրները։
1998 թվականից խնդրի լուծման այս փիլիսոփայությունը փոխվեց 180 աստիճանով՝ ամփոփվելով
հետեւյալ դրույթներում.
ա) Ցեղասպանության հարցը պետք է
դնել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, դարձնել քաղաքական օրակարգի
խնդիր։
բ) Դրանով կսիրաշահենք Սփյուռքին եւ նա ավելի առատաձեռն կգտնվի Հայաստանի
հանդեպ։
գ) Այդ դեպքում Թուրքիան տեղի
կտա եւ անմիջապես կբացի հայ-թուրքական սահմանը։
դ) Ցեղասպանության ճանաչման,
հողերի վերադարձի, Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահանջների ճնշման տակ
Թուրքիան նաեւ անկողմնակալ դիրք կգրավի Լեռնային Ղարաբաղի խնդրում եւ ջերմեռանդ չի
պաշտպանի Ադրբեջանին։
Եթե այս երկու մոտեցումների մեջ ընդհանուր մի բան կա, ապա դա միայն այն է, որ խոսքը
վերաբերում է նույն երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին։ Ակահայտ
է նաեւ, որ խնդրո առարկա փաստաթղթերը չէին ծնվի, եթե Ս. Սարգսյանը նախապես ընդունած
չլիներ Ցեղասպանության հետ կապված Թուրքիայի նախապայմանը (պատմաբանների հանձնաժողով)։
Սերժ Սարգսյանը նաեւ երբեք չի հայտարարել, թե այս խնդրում փոխում է արտաքին քաղաքական
ուղղությունը՝ սխալ համարելով նախորդը՝ քոչարյանականը։
Իսկ թե ինչու են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ “նույնականության” անհեթեթ միտքն արտասանողները
հայտնի երկարականջ կենդանու համառությամբ ու անտարբերությամբ շարունակում կրկնել նույնը,
հասկանալի է. եթե մի քանի հարյուր, կամ թեկուզ մի քանի տասնյակ անտեղյակ մարդ էլ գտնվի,
որ հավատա, “էլի քյար է”։ Իմիջայլոց ճիշտ նույնպիսի համառությամբ նաեւ Վարդան Օսկանյանն
է կրկնում, թե Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ բանակցություններից դուրս
է մնացել ոչ թե Ռ. Քոչարյանի օրոք եւ նախաձեռնությամբ (ինչի մասին մի քանի անգամ հայտարարել
են նաեւ համանախագահողները), այլ 1997-ի մարտին՝ Տեր-Պետրոսյանի օրոք։ Ինչքա՞ն կարելի
է ստել, կախվել փրփուրներից՝ ոտնահարելով սեփական արժանապատվության վերջին մնացորդները։
- Պարոն Սարգսյան, իրականում
հայ-թուրքական հարաբերությունները որքանո՞վ կարող են բխել Հայաստանի շահերից ընդհանրապես,
եւ ի՞նչ ուղղությամբ կարելի է շարժվել այդ հարաբերություններն ի շահ Հայաստանի Հանրապետության
ծառայեցնելու համար:
Երկու հարեւան երկրների հարաբերությունների
կարգավորումը միշտ էլ երկուստեք շահավետ են։ Խոսքը վերաբերում է այդ կարգավորման համար
տված վճարին։ Այն, ինչ վճարում է Ս. Սարգսյանը, կարելի էր չտալ այլ՝ լեգիտիմ նախագահի,
լեգիտիմ իշխանության պայմաններում։ Նա ըստ էության անընդունելի այդ վճարը տալիս է ոչ
թե հարաբերությունների կարգավորման, այլ սեփական ոչ լեգիտիմության դիմաց։ Այնպես որ՝
այս դեպքում որեւէ “ուղղության” մասին խոսելն անիմաստ է։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ամենայն
հավանականությամբ նաեւ՝ ՌԴ-ի միջեւ կարծես համաձայնություն կա: Այսինքն՝ կան ակնկալիքներ
հայաստանյան իշխանություններից, հետեւաբար այս երկրները գործող իշխանություններին համենայնդեպս
ինչ-որ ժամանակ աջակցելու, սատարելու են: Թեեւ Կոնգրեսը երբեւէ չի պայմանավորել իր
ռազմավարությունը արտաքին ազդակներով, ամեն դեպքում հնարավո՞ր եք համարում առանց արտաքին
ազդակների Հայաստանում ներքաղաքական լուրջ փոփոխություններ, ո՞րն է լինելու Կոնգրեսի
հիմնական ռազմավարությունը մոտ ապագայում: Որքան էլ քննարկվում է ընդդիմադիր կուսակցությունների
միավորման գաղափարը, ամեն դեպքում, կարծես նման միավորում չի ստացվում, եւ փաստորեն
Կոնգրեսը միայնակ է շարունակելու պայքարել: Որո՞նք են լինելու Կոնգրեսի գործողությունները
մոտ ապագայում հասարակական անհրաժեշտ մոբիլիզացիա ապահովելու համար:
Արտաքին ազդակների նշանակությունն ինչ որ սահմանագծից
այն կողմ չի անցնում եւ չափազանցվում է։ Կոնգրեսի ռազմավարությունը լինելու է հասարակությանը
իրականության մատուցմամբ մեծացնել համաժողովրդական շարժման ծավալումը եւ հասնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական
ընտրությունների միջոցով Սահմանադրական կարգի վերականգնմանը։ Այն, ինչին շատերը չէին
հավատում կամ չէին ուզում հավատալ, երբ այսօր դառնում է շոշափելի իրողություն, այլեւս
չեն կարող չհավատալ։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցությունների ի մի հավաքվելուն,
ապա դա վաղուց ըստ էության տեղի է ունեցել՝ ի դեմս Հայ Ազգային Կոնգրես – համաժողովրդական
շարժման։ Ընդդիմադիր լինելը հայտարարություն չէ, այլ կեցվածք եւ գործելակերպ։ Տվյալ
դեպքում՝ այդ կեցվածքը եւ գործելակերպը չի կարող այլ կերպ արտահայտվել, քան բոլոր չարիքների
մայր ոչ լեգիտիմ իշխանության հրաժարականի պահանջով։ Այդպիսիք բոլորը Կոնգրեսի մեջ են։
Կոնգրեսը ինքն արդեն “միայնակ” բառի բացառումն է։ Ինչ վերաբերում է հասարկական անհրաժեշտ
մոբիլիզացիա ապահովելուն ուղղված գործողություններին, ապա քաղաքական պայքարի Կոնգրեսի
զինանոցը արդեն երկու տարի է բոլորի աչքի առջեւ է։
“Ժամանակ Երեւան”,
11.09.2009
No comments:
Post a Comment