Tuesday, October 20, 2009

Բանական բոլոր ճանապարհները տանում են դեպի Ս. Սարգսյանի հրաժարականը

Հարցազրույց «Ժամանակ Երեւան» թերթին

Պարոն Սարգսյան, հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արաձանագրությունները: Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ըստ էության հարաբերությունների կարգավորման ֆունդամենտը դրված է. 2, 5, 10 տարի հետո կհաստատվե՞ն լիակատար հարաբերություններ, կամ՝ ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը՝ էական չէ: Հայաստանը կարո՞ղ է հաշտվել այս իրականության հետ, հնարավո՞ր եք համարում ֆորսմաժորային իրավիճակների ստեղծում, երբ հասարակությունը պահանջի փոխել արձանագրությունների ինչ-ինչ դրույթներ, կամ առհասարակ՝ համարվի, որ այդ արձանագրությունները չեն արտացոլում ՀՀ-ի շահերը: Այս տեսանկյունից՝ Կոնգրեսըը այս արձանագրությունները դիտարկու՞մ է որպես երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման հիմք, թե՞ հայտնի դրույթները անընդունելի համարելով՝ Կոնգրեսը-ը չի դիտարկում ստորագրված արձանագրությունները որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմք:

Համաձայն չեմ, թե սահմանի երբ բացվելը էական չէ, ցավոք սրտի՝ դա չափազանց էական է։ Օր առաջ սահմանի բացումը կարեւոր է եղել եւ կարեւոր է մնում Հայաստանի համար։ Ի սկզբանե դա Հայաստանի համար կենսական խնդիր է։ Այլ հարց է, թե դրա համար ինչ գին ես վճարում։ Այդ գինը կարող է պայմանավորված լինել նաեւ այն հանգամանքով, թե կողմերից յուրաքանչյուրին դա ինչ է տալիս։ Ի սկզբանե գտնված է եղել նաեւ այն, ինչպես ասում են, “ռեալ” գինը, որ կարելի էր դրա համար վճարել, ընդ որում երկու կողմն էլ վճարում էր հավասարապես՝ ելնելով իր երկրում առկա իրողություննից։ Նկատի ունեմ Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն բանաձեւը, որով կարելի էր հասնել հարեւան այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Դա հետեւյալն էր. Հայաստանի հասարակությունը համոզված է, որ 1915-ին Թուրքիայում հայերի ցեղասպանություն է իրականացվել, Թուրքիայի հասարակությունը համոզված է, որ նման բան տեղի չի ունեցել։ Ելնելով այդ հարցում ընդհանուր հայտարարի գալու օբյեկտիվ անհնարինությունից, երկուստեք մի կողմ են դնում այդ ու դրանից ածանցվող մյուս խնդիրները։ Այսինքն՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականության օրակարգում պաշտոնապես չի ներառում Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, Թուրքիան, այդ հարցում իր հակառակ համոզմունքներից ելնելով, այդ խնդրից արտածվող լրացուցիչ պահանջներ չի դնում ու լրացուցիչ հավաստիացումներ չի պահանջում Հայաստանից, մասնավորապես փաստացի գոյություն ունեցող սահմանների հետ կապված։ Այսպես շրջանցվում էր երկու երկրների հարաբերությունների կարգավորման ճանապարհի օբյեկտիվորեն գոյություն ունեցող խոչընդոտը։ Այս մոտեցումը գուցե փոքր ինչ սրտնեղություն էր առաջացնում մասնավորապես ազգայնական շրջանակներում, սակայն փաստ է, որ այն գործնականում ամենեւին չպիտի խոչընդոտեր եւ չխոչընդոտեց տարբեր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Եւ այդ բանաձեւի դեմ Թուրքիան որեւէ բանական առարկություն չէր կարող ներկայացնել։ Սա էր, որ կոչվում էր հարաբերությունների հաստատում առանց նախապայմաների։ Այն ժամանակ շատերը, եւ մասնավորապես Դաշնակցությունը, կոկորդ էին պատռում, թե չի կարելի Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, Հայաստանը պետք է Ցեղասպանության ճանաչման նախապայման դնի, անվավեր ճանաչի Կարսի պայմանագիրը եւ այլն։ Վերջին 10 տարում վարվեց հենց դաշնակների երազած քաղաքականությունը։ եւ ահա դրա հետեւանքով, ինչպես նաեւ իր ոչ լեգիտիմ իշխանությունը պահելու համար որպես վճար, երբ Սերժ Սարգսյանը ուրանում է Ցեղասպանությունը, նույն դաշնակներն են արդեն դարձել “առանց նախապայմանների” հարաբերություններ հաստատելու ջատագով։
Իսկ առկա իրականության հետ հաշտվելու կամ չհաշտվելու, այդ արձանագրությունները կարգավորման հիմք համարել-չհամարելու հարցի հետ կապված, կարող եմ ասել հետեւյալը։ Այս ամենին պետք է նայել ոչ թե որպես անարդար վճռի, ոչ թե Հայաստանի նկատմամբ խտրականության, միջազգային դավադրության այլ՝ որ երկրի առաջին դեմքը վճարում է սեփական ոչ լեգիտիմության եւ բազմակողմ խոցելիության գինը՝ պահպանելու համար բռնազավթած իշխանությունը։ Ստիպված է տալ՝ տալիս է։ Տալիս է՝ վերցնում են։ Քանի դեռ առկա է այս հանգամանքը, այլ բնույթի կարգավորում մենք չենք ստանալու։ Քաղաքականությունը արդարադատություն չէ, որի անարդար վճռի դեմ պետք է ծառանալ։ Ուստիեւ՝ ընթացող գործընթացը կանխելու խնդիր չէ, որ պետք է դրվի, ոչ էլ դրա հետ հաշտվել չհաշտվելու հարց։ Դրանում ներգրավված միջազգային ուժերը, նրանց շահագրգռություններն ու վճռականությունը հաշվի առնելով, ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ դրա հետ այլեւս կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում իրավիճակի շտկման միակ հնարավոր ելքը համաժողովրդական ընդվզմամբ Սերժ Սարգսյանի հրաժարականն է։ Ինչքան շուտ՝ այնքան լավ, ինչքան շուտ՝ այնքան ավելի շատ բան կկարողանա շտկել կամ փրկել հաջորդ օրինական, ոչ խոցելի եւ արժանապատիվ իշխանությունը։ Թե չէ՝ պայքարել այս գործընթացների կոնկրետ հետեւանքների դեմ՝ մոռանալով դրանք ծնող պատճառը, կնշանակի նպաստել հերթական աննպաստ արդյունքների գոյացմանը։

Վերջին շաբաթներին հասարակությանը հատկապես հետաքրքում է Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը, ավելին՝ շատերը նույնիսկ հանրահավաքների անցկացման անհրաժեշտություն են տեսնում: Ինչո՞վ է պայմանավորված Կոնգրեսի պասիվությունը պետության համար այս բախտորոշ օրերին՝ որ արտաքին աշխարհի առջեւ Կոնգրեսը չընկալվի՞ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընդդիմախոս, թե՞ պարզապես Կոնգրեսը սպասելու է ավելի հարմար պահի ավելի ակտիվ գործողությունների անցնելու համար:

Ես կասեի հակառակը. Լեւոն Տեր-Պետրոսյանի շատ հանգամնալից ու ընդարձակ խոսքը, որ հնչել է ընդամենը սեպտեմբերի 18-ի հանրահավաքում, դեռ մարսվում եւ աշխատում է։ Եւ որքան լավ մարսվի, այնքան ավելի շուտ բարենպաստ հուն կտեղափոխվեն քաղաքական գործընթացները։ Որակական որեւէ նոր բան, անակնկալ, ըստ էության, չի եղել։ Այն ինչ եղել է, դրա մասին մանրամասն խոսվել ու գնահատվել է հիշածս ելույթում, էլ չասեմ, որ կանխատեսվել ու զգուշացվել է մի ամբողջ տարի շարունակ։ Պարզապես շատերը դրան չէին հավատում, այսօր, փաստի առաջ, ստիպված են հավատալ, մտածել, զգաստանալ, վերակողմնորոշվել։ Ես սա կհամարեի նոր իրավիճակ, որ հաջողությամբ զարգանում է։
Ինչ վերաբերում է “բախտորոշ այս օրերին Կոնգրեսի պասիվությանը”. ոմանք, իրոք, օրը գալուց հետո են զգում դրա բախտորոշութունը։ Համաժողովրդական շարժում -Հայ Ազգային Կոնգրեսը Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ դա կանխատեսել ու ամենաանզիջում ու անձնուրաց պայքար է մղում շուրջ երկու տարի՝ այդ թվում նաեւ տասնյակ հանրահավաքներով։ Հանրահավաքները Կոնգրեսի համար երբեք ինքնանպատակ չեն եղել։ Պասիվ չլինել՝ չի նշանակում հանրահավաքներ անել՝ կանխելու համար արձանագրությունների ստորագրումը, ստորագրումից հետո հանրահավաքներ անել՝ կանխելու համար դրանց վավերացումը, վավերացումից հետո հանրահավաքներ անել՝ կանխելու համար դրանց գործադրումը, գործադրումից հետո հանրահավաքներ անել՝ վերացնելու կամ ողբալու համար գործադրման հետեւանքները։ Այդ գործը միշտ արել եւ հիմա էլ հաջողությմբ անում է “հարատեւ կռվի” մասնագետ Դաշնակցությունը։ Իսկ դա այսօր ընդամենը նշանակում է մի բան. ազգայնական հիսթերիայի ֆոն ստեղծելով՝ ապակողմնորոշել հասարակությանը, պայքարի ուղղություն շեղել կեղծ թիրախների վրա, միջազգային հանրության աչքում հերոսացնել Սերժ Սարգսյանին, փրկել սեփական դեմքը, լցնել սեփական քաղաքական պարապությունը։ Հայ ազգային Կոնգրեսը նման խնդիրներ երբեւէ չի ունեցել եւ հիմա էլ չունի։ Մենք միայն չենք հետեւում գործընթացներին, մենք նաեւ ձեւավորում են գործընթացները, որոնցից գլխավորը Ս. Սարգսյանի հրաժարականի համատարած հասարակական մթնոլորտի ստեղծումն է՝ չունենալու համար նոր “ճակատագրական օրեր”։
Կոնգրեսը նաեւ “արտաքին աշխարհի առջեւ” սեթեւեթելու խնդիր չունի. Արեւմուտքի հասցեին ամենակոշտ քննադատությունները հնչել են հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներում։ Կոնգրեսի որեւէ գործողություն ու դիրքորոշում պայմանավորված է մեկ հանգամանքով. որքանով է դա անմիջապես կամ միջնորդավորված առարկայորեն նպաստելու Հայաստանի ու նրա քաղաքացիների իրական շահերին, եթե նույնիսկ այդ քայլը կամ դիրքորոշումը ինչ-որ չափով հակադրվում է հասարակական պատկերացումներին եւ շատերի կողմից տվյալ պահին կարող է նաեւ ճիշտ չհասկացվել։ Ո՛չ պոպուլիզմը, ո՛չ երեւութական հերոսացումը, առավել եւս ո՛չ որեւէ մեկին դուր գալ-չգալու խնդիրը երբեք մեր քաղաքական զինանոցում չեն եղել։

Պարոն Սարգսյան, միջազգային հանրությունը կարողացավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արդյունքներ ստանալ: Հնարավո՞ր եք համարում, որ մոտ ապագայում՝ Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին հաջողվի արդյունքներ արձանագրել նաեւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում եւ ասենք՝ նախաստորագրված մի հայտարություն էլ ԼՂ-ի խնդրի շուրջ հրապարակվի:

Այդ հնարավորության մասին մեկ անգամ չէ, որ ահազանգվել է, եւ խոսվում է արդեն ավելի քան մեկ տարի։ Եւ դա այն պահից, երբ Ս. Սարգսյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ՝ ինքը պատրաստ է ընդունել Ցեղասպանության հարցը ուսումնասիրելու համար հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մոռացված առաջարկը։ Դրանից անմիջապես հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ. իր ելույթում եւ Հայ Ազգային Կոնգրեսն իր հայտարարություններում զգուշացրել է, որ դա նշանակում է, թե այդ երկու հարցերը լուծվելու են փաթեթով։

Այս շաբաթ Կոնգրեսը քաղխորհրդի նիստ է անցկացրել, ի՞նչ որոշում է կայացվել, երկիրի ներսում քաղաքական նոր իրավիճակ է կարծես ձեւավորվել, ո՞րն է Կոնգրեսի դիրքորոշումը, Կոնգրեսի առաջիկա անելիքները հայտնի՞ են:

Կոնգրեսի քաղաքական խորհուրդը որոշումներ չի կայացնում։ Այն խորհրդակցական մարմին է, որտեղ կայացած քննարկումների արդյունքները հաշվի են առնվում եւ մեծապես օգնում են Կոնգրեսի կենտրոնական գրասենյակին որոշումներ կայացնելու համար։
Երկրի ներսում քաղաքական նոր իրավիճակ, փոքր ինչ դանդաղ, բայց հետեւողականորեն շարունակում է ձեւավորվել. նկատի ունեմ, որ ինչպես հասարակության մեջ նորանոր մարդիկ անհատապես, այնպես էլ Կոնգրեսից դուրս մի քանի քաղաքական ուժեր, հանգում են Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջին։ Առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում հետաքրքրվում են մեր քարոզչանյութերով, մասնավորապես մեծ հետաքրքրություն է առաջացել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի նկատմամբ։ Իսկ Կոնգրեսի առաջիկա անելիքները պայմանավորված են այդ գործընթացներն արագացնելով ու դրանց արդյունավետությունը բարձրացնելով։ Այդ ուղղությամբ մեր աշխատանքն ամենօրյա է։ Բանական բոլոր ճանապարհները տանում են դեպի Ս. Սարգսյանի հրաժարականը։

(Հարցազրույցը՝ Է. Գաբրիելյանին)
“Ժամանակ Երեւան” 20.10.2009


Thursday, October 8, 2009

ՀԱՐԱՓՈՓՈԽ ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՒ ՇԱՀԵՐ կամ ձրի տրագիկոմեդիա


Անարդարացի, խիստ անարդարացի ենք մենք, երբ քննադատում ենք մեր երեւելի ազգային ու քաղաքական գործիչներին, “հայրենասիրությամբ զբաղվող” մտավորականներին՝ իրենց սկզբունքներն ու տեսակետներն օրումեջ փոփոխելու համար։ Իրոք որ՝ ազգ չենք... Ինչպե՞ս կարելի է չնկատել, որ առանց այդպիսի փոփոխության նրանց համար պարզապես անհնար է մնալ ազգային կամ քաղաքական գործիչ, նույնիսկ՝ մտավորական։ Ինչպե՞ս կարելի է չնկատել, որ իրական մեղավորն ազգային շահերն ու ազգային խնդիրներն են, որ փոփոխվում են օրումեջ ու պատվարժան այս մարդկանց էլ դնում անհարմար վիճակում։

Րաֆֆի Հովհաննիսյան
Ամենաթարմ օրինակն, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Երկու շաբաթ առաջ նա հրաժարվեց մանդատից։ Եւ քանի որ այդ պահին եւ հաջորդ բոլոր օրերին ԻՆՔՆ “անհասանելի” էր կամ “ռադիոծածկույթից դուրս”, նրա հրաժարականից մի ցիտատով տեղեկացրեցին, որ դա պայմանավորված է “ազգային կարեւորագույն հարցերի վերաբերյալ անձնական սկզբունքային մոտեցմամբ” եւ նետվեցին մանրամասն հիմնավորելու իրենց առաջնորդի դարակազմիկ իմաստուն քայլը։ Երկու շաբաթ հետո նա, նույն “ազգային խնդիրներին” հետամուտ, ետ վերցրեց իր հրաժարականը, ու դարձյալ նույն կուսակիցները նույն ջերմեռանդությամբ սկսեցին հիմնավորել նրա նույնքան դարակազմիկ այս հակառակ քայլը։ Երկու շաբաթում՝ երկու դարակազմիկ իմաստուն քայլ։ Մեղավորը հարափոփոխ “ազգային խնդիրներն” են՝ երկու շաբաթ առաջ դրանք պահանջում էին, որ նա վայր դնի պատգամավորական մանդատը, իսկ այսօր պահանջում են, որ նա հետ վերցնի այն։
Չէ, պետք չէր Չարինցին հանճար լինել գրելու համար “Երկիր Նաիրին”, ոչ էլ Հակոբ Պարոնյանին՝ կերտելու համար իր հայտնի փուչ կերպարները։ Պետք էր ընդամենը բարեխիղճ սղագրող լինել՝ անփոփոխ թղթին հանձնելու համար այն, ինչը տեսել ու լսել ես։
Բայց սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմն էլ այն հանճարեղ հայտարարությունն է, որով Ր. Հովհաննիսյանն ավետում է իր հրաժարականից հրաժարվելու մասին (ափսոս, որ չունենք առաջին դիմումը)։ Դժվար է ասել՝ այդ տեքստը հայոց լեզվի ճկունության ու ճոխության ցուցադրման մի գլուխգործոց է, թե՝ հայերենի քերկանությանը նետված ծանր մի մարտահրավեր։ Այնպես՝ որ լսողը կամ կարդացողը ոչինչ չհասկանա, ու սեփական “տգիտությունը” թաքցնելու համար ասի՝ “ինչ գրագետ է...”։ Ակամա հիշեցի մի դեպք, ինչի ականատեսն եմ եղել պատահաբար։ Մի քանի տարի առաջ Մատենադարանի մոտ հանրահավաքում մեր հերոսն էր ելույթ ունենում։ Ներքեւում լսողներից մեկը ուշադիր լսելուց հետո, կողքինին հարցրեց,- “Ո՞վ է”։ Կողքինիը պատասխանեց.- “Րաֆֆի Հովհաննիսյանը”։ “Սրանից լավ կաթողիկոս կլինի”,- վստահ եզրակացրեց առաջինը։ Մարդը նկատի ուներ, որ կաթողիկոսներն են, որ իրենց խոսքը համեմում են գրաբար կամ գրաբարաշունչ բառերով, որ թեեւ շատերին անհասկանալի է մնում, բայց տպավորություն է թողնում։ Գուցե իսկապես Ր. Հովհաննիսյանը, հանուն ազգային խնդիրների, հրաժարվի նախագահական աթոռին տիրելու ամբիցիաներից եւ մտածի կաթողիկոսական գահի մասին։ Մանավանդ՝ որ առաջինն ընդամենը աթոռ է եւ ժամանակավոր, երկրորդը՝ գահ է եւ՝ ցմահ։
  
Դաշնակցություն
“Ազգային շահերի” հարափոփոխության մյուս զոհը, ահա ավելի քան 120 տարի, պատեպատ խփվող խեղճ Դաշնակցությունն է։ Ժամանակին, 120 տարի առաջ նա ստեղծվեց՝ բավարարելու համար արեւմտահայ գյուղացիության՝ սոցիալիստական գաղափարախոսության նկատմամբ ունեցած հարաճուն “ազգային” պահանջմունքը։ Ձեռքի հետ էլ հետապնդում էր նույն արեւմտահայ գյուղացիության համար հարուցված “Հայ դատը”՝ համոզված, որ որքան շատ հայի արյուն թափվի, այնքան Եւրոպան շուտ ստիպված կլինի լուծել այդ հարցը։ Արյունը թափվեց մինչեւ վերջ։ “Ազգային շահերի” թելադրանքով եղբայրացավ երիտթուրքերի հետ՝ նրանց հետ եղբայրաբար կիսելով օսմանյան խորհրդարանի մանդատները։ Ապա հրամայեց Օսմանյան կառավարությանը հանձնել 20 տարվա ընթացքում իր իսկ հայթայթած մի քանի հարյուր հրացանը։ Նույն “ազգային շահի” մղումով նկատելու չտվեց Ադանայի ջարդերը եւ, իհարկե, չհրաժարվեց արյան գնով ձեռք բերած մանդատներից (քանի որ օսմանյան օրենքով չէր կարելի հրաժարվել, ապա երկու շաբաթից փոշմանել)։ Հենց ինքը քրիստոնյաներին զորակոչելու օրինագիծ մտցրեց խորհրդարան՝ դրանով իսկ ապահովելով, որ պատերազմի նախօրյակին ողջ հայ երիտասարդությունը՝ 200.000 տղամարդ զորակոչվի թուրքական բանակ ու ոչնչացվի՝ բնակչությանը զրկելով ինքնապաշտպանության հնարավորությունից։ Երբ սկսվեցին ջարդերը, նույն “ազգային շահերի” թելադրանքով առաջինն ինքը ճողոպրեց դժոխքի վերածված երկրից։ Իրերի բերմամբ անկախացած Արեւելյան Հայաստանի ղեկն ստանձնելով՝ չբավարարվեց սկուտեղի  վրա իրենց մատուցված 60.000 քառակուսի կիլոմետր տարածքով եւ “ծովից-ծովի” տեսլականով իր տխրահռչակ իշխանությունը եզրափակեց Ալեքսանդրապոլում թուրքերի հետ կնքած խայտառակ պայմանագիր-գործարքով։ Մեկուկես միլիոն հայերի քառսունքը դեռ չլացած, հենց “ազգային շահերի” թելադրանքով է, որ միացավ “Պրոմեթեւյան ուխտին”՝ Խորհրդային Հայաստանի դեմ պայքարելու եւ այն նույն Թուրքիայի տիրապետության տակ առնելու դիվային ծրագրով։ Երկրորդ համաշխարհային պատերազմում ծառայեց ֆաշիստական Գերմանիային՝ կործանելու համար այն երկիրը, որի կազմի մեջ իր մնացած մի կտոր հողի վրա էր ծվարել հայության փրկված բեկորը։ “Ազգային շահին” ծառայելու մարմաջից քուն ու դադար կորցրած՝ 1950-ականներին պառակտեց ազգային եկեղեցին՝ վերք, որ չի բուժվել մինչ այսօր։ Ուրիշ էլ հանուն ինչի՞ եթե ոչ “ազգային շահի”՝ պայքարեց Ղարաբաղյան շարժման եւ Հայաստանի անկախացման դեմ։ 1991-92-ին “ազգային շահի” դիրքերից պահանջում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը սահմանը բացելու համար Թուրքիայի առջեւ Ցեղասպանությունը ճանաչելու նախապայման դնի, այսօր առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման կողմնակից է։ Ուրիշ էլ հանուն ինչի՞, եթե ոչ “ազգային շահի”՝ Նախագահի հրաժարականի պահանջով հանրահավաքներ էր անում պատերազմող երկրում՝ նրան մեղադրելով Ցեղասպանության խնդիրը պետականորեն չհետապնդելու մեջ, նրա դեմ մահափորձի ու զինված հեղաշրջման ծրագրեր որոճում եւ փորձում իրականացնել, իսկ այսօր՝ “հանուն ներքաղաքական կայունության” ոչ մի կերպ  չի հանգում նույն այդ Ցեղասպանությունն արդեն ուրացած Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջին։ Աշխարհով մեկ խոչընդոտում էր “Հայաստան” հիմնադրամի դրամահավաքը՝ սովի ու ցրտի մատնելով Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչությանը, կազմալուծում ռազմաճակատը։ “Ազգին ծառայելու” նույն մղումով է, որ տաս տարի շարունակ մաս կազմեց ռոբա-սերժական եկամտաբեր ավազակապետության՝ Ցեղասպանության հարցը հասցնելով ուրացման, Ղարաբաղյան խնդիրը՝ կորստյան եզրին։  Եւ վերջապես՝ ուրիշ էլ ի՞նչ կերպ է բացատրելի Հանրապետության հրապարակում Դաշնակցության նստացույցն ու հովհարային “հացադուլը”. նույն “ազգային շահը” պահանջում է, որպեսզի Ս. Սարգսյանը երկրի ներսում ճղճղան, բայց սահմանափակ ու կառավարելի “ընդդիմացում” ունենա հայ-թուրքականի խնդրում՝ առանց իր հրաժարականի վտանգավոր պահանջի։ Պատասխանատու այդ դերն էլ ահա ստանձնել է Դաշնակցությունը, եւ, սխալ ընթացքի համար կառապանին փոխելու փոխարեն կառքը փոխելու պահանջ է դնում։ Իսկ Սերժ Սարգսյանին “զանգվածային ընդդիմացման” իմիտացիան կենսականորեն պետք է, որպեսզի այն վկայակոչելով՝ իր հետագա անվտանգությունն ու անձեռնմխելիությունը մինչեւ վերջ ապահովելու երաշխիք պոկի միջազգային հանրությունից՝ Նոբելյան մրցանակի կամ դրա նման մի բանի տեսքով։ Հիշենք նաեւ այս կուսակցության համար աքսիոմատիկ այն մեկդարյա ներքին համոզմում-կարգախոսը, որ Դաշնակցությունը հավասար  կամ ավելի է, քան հայ ազգը։ Ուրեմնեւ՝ փրկել Սերժ Սարգսյանին՝ բարձրագոչ, բայց անվնաս բողոքի շոուներով՝ ցանկապատելով նրան իրական վտանգներից, այլ բան չէ, քան հենց բարձրագույն “ազգային շահից” բխող ամենահրատապ խնդիր։ Մանավանդ՝ գաղտնիք չէ, որ օրինական ձեւավորված որեւէ իշխանության մաս Դաշնակցությունը ոչ միայն չի կարող կազմել, այլեւ, ի դեմս նրա որոշ պարագլուխների, կանգնելու է դատարանի առջեւ։

Վարդան Օսկանյանը
Այս մարդը 1997-ի վերջին եւ ընդհուպ մինչեւ Առաջին նախագահի հրաժարականի օրը, ամենամոլեռանդ պաշտպանն էր Ղարաբաղյան խնդրի փուլային լուծման՝ եռանդով բացատրելով ուրիշներին, որ հենց այդպիսի լուծումն է բխում մեր ազգային շահերից։ Իշխանության փոխվելու հետ միաժամանակ փոխվեց նաեւ “ազգային շահը”, եւ նա նույնպիսի ջերմեռանդությամբ սկսեց պաշտպանել հակառակ մոտեցումը՝ որպես պարգեւ ստանալով արտգործնախարարի պորտֆելը։ Այսօր, արդեն զրկված այդ պորտֆելից, խստորեն քննադատում է հենց այն արդյունքը, որն իր իսկ ղեկավարած գերատեսչության տասնամյա աշխատանքի անխուսափելի արդյունքն է։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի ոգեւորությամբ, ժեստկուլացիոն ողջ ապարատի լիակատար օգտագործմամբ Վ. Օսկանյանը հեռուստացույցի էկրաններից կպաշտպաներ հայտնի արձանագրությունները՝ դրա մեջ “ոեւէ վտանգ” չտեսնելով, եթե... ինքը շարունակեր մնալ արտգործնախարար։ Քննադատում է, իսկ իր ղեկավարած “Սիվիլիթասը” չաղլիկ գրանտներով միջոցառումներ է կազմակերպում նույն արձանագրությունների ստորագրման նպատակահարմարության հստակ կոնտեքստով։

Ռ. Քոչարյանը
Եթե այս երկրում ինչ-որ մեկը մենակ մնալիս քահ-քահ ծիծաղում է, դա հաստատ Ռ. Քոչարյանն է։ Ճիշտ է, նա անվերադարձ կորցրել է վարչապետության ու այդ կերպ նաեւ նախագահ դառնալու շանսերը, ինչը պետի շարունակեր ծառայեցնել “ազգային շահերին”, սակայն տանզանիաներում որսի գնալիս, թե մենակ մնալիս չի կարող չծիծաղել՝ տեսնելով թե ինչպես է իր ոխերիմ սիամական զույգ Ս. Սարգսյանը միայնակ ուտում այն ապուրը, որ եփել են միասին, ինչպես է մենակ “խրթում” միասին “բրդածը”։

Վազգեն Մանուկյանը
Մանկուց իրեն համաշխարհային ազգի առաջնորդ, կամ առնվազն Հայաստանի նախագահ պատկերացնող այս մարդը 1996-ին պատրաստ էր հանուն “ազգային շահերի” Ադրբեջանին պատերազմի հրահրել Ղարաբաղի ու Հայաստանի դեմ՝ իրականացնելու համար նախագահ դառնալու իր երազանքը։ Այսօր “ներքին կայունության” ջերմ ջատագով է։ Մի երեք տարի առաջ “իդիոտ” էր կոչում “ազգային շահերին” դեմ գնացող Սերժ Սարգսյանին, այսօր նրա գարշապարն է լիզում, ափսոսում, որ երեկվա “իդիոտը” իր ներկայությամբ ու ելույթներով ամեն անգամ չի իմաստավորում իր ղեկավարած Հանրային խորհրդի նիստերը։ Ուրիշ էլ ի՞նչը կարող էր նման դեֆորմացիայի ենթարկել սեփական անձն ու հանճարը ազգի հարստությունը համարելու համոզմունքում “անկոտրում” Վ. Մանուկյանին, եթե ոչ նույն հարափոփոխ “ազգային շահը”։

Չէ, չի փոխվել Երկիր Նաիրին, անցյալում չեն ոչ Մազութի Համոն, ո՛չ Պարոնյանի հերոսները, ո՛չ էլ ընկեր Փանջունին։

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ
“Հայկական ժամանակ” 08.10.09