Անարդարացի, խիստ անարդարացի ենք մենք, երբ
քննադատում ենք մեր երեւելի ազգային ու քաղաքական գործիչներին, “հայրենասիրությամբ
զբաղվող” մտավորականներին՝ իրենց սկզբունքներն ու տեսակետներն օրումեջ փոփոխելու համար։
Իրոք որ՝ ազգ չենք... Ինչպե՞ս կարելի է չնկատել, որ առանց այդպիսի
փոփոխության նրանց համար պարզապես անհնար է մնալ ազգային կամ քաղաքական գործիչ, նույնիսկ՝
մտավորական։ Ինչպե՞ս կարելի է չնկատել, որ իրական մեղավորն ազգային շահերն ու ազգային
խնդիրներն են, որ փոփոխվում են օրումեջ ու պատվարժան այս մարդկանց էլ դնում անհարմար
վիճակում։
Րաֆֆի Հովհաննիսյան
Ամենաթարմ օրինակն, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանն
է։ Երկու շաբաթ առաջ նա հրաժարվեց մանդատից։ Եւ քանի որ այդ պահին եւ հաջորդ բոլոր
օրերին ԻՆՔՆ “անհասանելի” էր կամ “ռադիոծածկույթից դուրս”, նրա հրաժարականից մի ցիտատով
տեղեկացրեցին, որ դա պայմանավորված է “ազգային կարեւորագույն հարցերի վերաբերյալ անձնական
սկզբունքային մոտեցմամբ” եւ նետվեցին մանրամասն հիմնավորելու իրենց առաջնորդի դարակազմիկ
իմաստուն քայլը։ Երկու շաբաթ հետո նա, նույն “ազգային խնդիրներին” հետամուտ, ետ վերցրեց
իր հրաժարականը, ու դարձյալ նույն կուսակիցները նույն ջերմեռանդությամբ սկսեցին հիմնավորել
նրա նույնքան դարակազմիկ այս հակառակ քայլը։ Երկու շաբաթում՝ երկու դարակազմիկ իմաստուն
քայլ։ Մեղավորը հարափոփոխ “ազգային խնդիրներն” են՝ երկու շաբաթ առաջ դրանք պահանջում
էին, որ նա վայր դնի պատգամավորական մանդատը, իսկ այսօր պահանջում են, որ նա հետ վերցնի
այն։
Չէ, պետք չէր Չարինցին հանճար լինել գրելու
համար “Երկիր Նաիրին”, ոչ էլ Հակոբ Պարոնյանին՝ կերտելու համար իր հայտնի փուչ կերպարները։
Պետք էր ընդամենը բարեխիղճ սղագրող լինել՝ անփոփոխ թղթին հանձնելու համար այն, ինչը
տեսել ու լսել ես։
Բայց սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմն էլ այն
հանճարեղ հայտարարությունն է, որով Ր. Հովհաննիսյանն ավետում է իր հրաժարականից հրաժարվելու
մասին (ափսոս, որ չունենք առաջին դիմումը)։ Դժվար է ասել՝ այդ տեքստը հայոց լեզվի ճկունության
ու ճոխության ցուցադրման մի գլուխգործոց է, թե՝ հայերենի քերկանությանը նետված ծանր
մի մարտահրավեր։ Այնպես՝ որ լսողը կամ կարդացողը ոչինչ չհասկանա, ու սեփական “տգիտությունը”
թաքցնելու համար ասի՝ “ինչ գրագետ է...”։ Ակամա հիշեցի մի դեպք, ինչի ականատեսն եմ
եղել պատահաբար։ Մի քանի տարի առաջ Մատենադարանի մոտ հանրահավաքում մեր հերոսն էր ելույթ
ունենում։ Ներքեւում լսողներից մեկը ուշադիր լսելուց հետո, կողքինին հարցրեց,- “Ո՞վ
է”։ Կողքինիը պատասխանեց.- “Րաֆֆի Հովհաննիսյանը”։ “Սրանից լավ կաթողիկոս կլինի”,-
վստահ եզրակացրեց առաջինը։ Մարդը նկատի ուներ, որ կաթողիկոսներն են, որ իրենց խոսքը
համեմում են գրաբար կամ գրաբարաշունչ բառերով, որ թեեւ շատերին անհասկանալի է մնում,
բայց տպավորություն է թողնում։ Գուցե իսկապես Ր. Հովհաննիսյանը, հանուն ազգային խնդիրների,
հրաժարվի նախագահական աթոռին տիրելու ամբիցիաներից եւ մտածի կաթողիկոսական գահի մասին։
Մանավանդ՝ որ առաջինն ընդամենը աթոռ է եւ ժամանակավոր, երկրորդը՝ գահ է եւ՝ ցմահ։
Դաշնակցություն
“Ազգային շահերի” հարափոփոխության մյուս զոհը, ահա ավելի քան 120 տարի, պատեպատ
խփվող խեղճ Դաշնակցությունն է։ Ժամանակին, 120 տարի առաջ նա ստեղծվեց՝ բավարարելու
համար արեւմտահայ գյուղացիության՝ սոցիալիստական գաղափարախոսության նկատմամբ ունեցած
հարաճուն “ազգային” պահանջմունքը։ Ձեռքի հետ էլ հետապնդում էր նույն արեւմտահայ գյուղացիության
համար հարուցված “Հայ դատը”՝ համոզված, որ որքան շատ հայի արյուն թափվի, այնքան Եւրոպան
շուտ ստիպված կլինի լուծել այդ հարցը։ Արյունը թափվեց մինչեւ վերջ։ “Ազգային շահերի”
թելադրանքով եղբայրացավ երիտթուրքերի հետ՝ նրանց հետ եղբայրաբար կիսելով օսմանյան խորհրդարանի
մանդատները։ Ապա հրամայեց Օսմանյան կառավարությանը հանձնել 20 տարվա ընթացքում իր իսկ
հայթայթած մի քանի հարյուր հրացանը։ Նույն “ազգային շահի” մղումով նկատելու չտվեց Ադանայի
ջարդերը եւ, իհարկե, չհրաժարվեց արյան գնով ձեռք բերած մանդատներից (քանի որ օսմանյան
օրենքով չէր կարելի հրաժարվել, ապա երկու շաբաթից փոշմանել)։ Հենց ինքը քրիստոնյաներին
զորակոչելու օրինագիծ մտցրեց խորհրդարան՝ դրանով իսկ ապահովելով, որ պատերազմի նախօրյակին
ողջ հայ երիտասարդությունը՝ 200.000 տղամարդ զորակոչվի թուրքական բանակ ու ոչնչացվի՝
բնակչությանը զրկելով ինքնապաշտպանության հնարավորությունից։ Երբ սկսվեցին ջարդերը,
նույն “ազգային շահերի” թելադրանքով առաջինն ինքը ճողոպրեց դժոխքի վերածված երկրից։
Իրերի բերմամբ անկախացած Արեւելյան Հայաստանի ղեկն ստանձնելով՝ չբավարարվեց սկուտեղի վրա իրենց մատուցված 60.000 քառակուսի կիլոմետր
տարածքով եւ “ծովից-ծովի” տեսլականով իր տխրահռչակ իշխանությունը եզրափակեց Ալեքսանդրապոլում
թուրքերի հետ կնքած խայտառակ պայմանագիր-գործարքով։ Մեկուկես միլիոն հայերի քառսունքը
դեռ չլացած, հենց “ազգային շահերի” թելադրանքով է, որ միացավ “Պրոմեթեւյան ուխտին”՝
Խորհրդային Հայաստանի դեմ պայքարելու եւ այն նույն Թուրքիայի տիրապետության տակ առնելու
դիվային ծրագրով։ Երկրորդ համաշխարհային պատերազմում ծառայեց ֆաշիստական Գերմանիային՝
կործանելու համար այն երկիրը, որի կազմի մեջ իր մնացած մի կտոր հողի վրա էր ծվարել
հայության փրկված բեկորը։ “Ազգային շահին” ծառայելու մարմաջից քուն ու դադար կորցրած՝
1950-ականներին պառակտեց ազգային եկեղեցին՝ վերք, որ չի բուժվել մինչ այսօր։ Ուրիշ
էլ հանուն ինչի՞ եթե ոչ “ազգային շահի”՝ պայքարեց Ղարաբաղյան շարժման եւ Հայաստանի
անկախացման դեմ։ 1991-92-ին “ազգային շահի” դիրքերից պահանջում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը
սահմանը բացելու համար Թուրքիայի առջեւ Ցեղասպանությունը ճանաչելու նախապայման դնի,
այսօր առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման կողմնակից է։ Ուրիշ էլ հանուն
ինչի՞, եթե ոչ “ազգային շահի”՝ Նախագահի հրաժարականի պահանջով հանրահավաքներ էր անում
պատերազմող երկրում՝ նրան մեղադրելով Ցեղասպանության խնդիրը պետականորեն չհետապնդելու
մեջ, նրա դեմ մահափորձի ու զինված հեղաշրջման ծրագրեր որոճում եւ փորձում իրականացնել,
իսկ այսօր՝ “հանուն ներքաղաքական կայունության” ոչ մի կերպ չի հանգում նույն այդ Ցեղասպանությունն արդեն ուրացած
Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջին։ Աշխարհով մեկ խոչընդոտում էր “Հայաստան” հիմնադրամի
դրամահավաքը՝ սովի ու ցրտի մատնելով Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչությանը, կազմալուծում
ռազմաճակատը։ “Ազգին ծառայելու” նույն մղումով է, որ տաս տարի շարունակ մաս կազմեց
ռոբա-սերժական եկամտաբեր ավազակապետության՝ Ցեղասպանության հարցը հասցնելով ուրացման,
Ղարաբաղյան խնդիրը՝ կորստյան եզրին։ Եւ վերջապես՝
ուրիշ էլ ի՞նչ կերպ է բացատրելի Հանրապետության հրապարակում Դաշնակցության նստացույցն
ու հովհարային “հացադուլը”. նույն “ազգային շահը” պահանջում է, որպեսզի Ս. Սարգսյանը
երկրի ներսում ճղճղան, բայց սահմանափակ ու կառավարելի “ընդդիմացում” ունենա հայ-թուրքականի
խնդրում՝ առանց իր հրաժարականի վտանգավոր պահանջի։ Պատասխանատու այդ դերն էլ ահա ստանձնել
է Դաշնակցությունը, եւ, սխալ ընթացքի համար կառապանին փոխելու փոխարեն կառքը փոխելու
պահանջ է դնում։ Իսկ Սերժ Սարգսյանին “զանգվածային ընդդիմացման” իմիտացիան կենսականորեն
պետք է, որպեսզի այն վկայակոչելով՝ իր հետագա անվտանգությունն ու անձեռնմխելիությունը
մինչեւ վերջ ապահովելու երաշխիք պոկի միջազգային հանրությունից՝ Նոբելյան մրցանակի
կամ դրա նման մի բանի տեսքով։ Հիշենք նաեւ այս կուսակցության համար աքսիոմատիկ այն
մեկդարյա ներքին համոզմում-կարգախոսը, որ Դաշնակցությունը հավասար կամ ավելի է, քան հայ ազգը։ Ուրեմնեւ՝ փրկել Սերժ
Սարգսյանին՝ բարձրագոչ, բայց անվնաս բողոքի շոուներով՝ ցանկապատելով նրան իրական վտանգներից,
այլ բան չէ, քան հենց բարձրագույն “ազգային շահից” բխող ամենահրատապ խնդիր։ Մանավանդ՝
գաղտնիք չէ, որ օրինական ձեւավորված որեւէ իշխանության մաս Դաշնակցությունը ոչ միայն
չի կարող կազմել, այլեւ, ի դեմս նրա որոշ պարագլուխների, կանգնելու է դատարանի առջեւ։
Վարդան Օսկանյանը
Այս մարդը 1997-ի վերջին եւ ընդհուպ մինչեւ Առաջին նախագահի հրաժարականի օրը, ամենամոլեռանդ
պաշտպանն էր Ղարաբաղյան խնդրի փուլային լուծման՝ եռանդով բացատրելով ուրիշներին, որ
հենց այդպիսի լուծումն է բխում մեր ազգային շահերից։ Իշխանության փոխվելու հետ միաժամանակ
փոխվեց նաեւ “ազգային շահը”, եւ նա նույնպիսի ջերմեռանդությամբ սկսեց պաշտպանել հակառակ
մոտեցումը՝ որպես պարգեւ ստանալով արտգործնախարարի պորտֆելը։ Այսօր, արդեն զրկված այդ
պորտֆելից, խստորեն քննադատում է հենց այն արդյունքը, որն իր իսկ ղեկավարած գերատեսչության
տասնամյա աշխատանքի անխուսափելի արդյունքն է։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի
ոգեւորությամբ, ժեստկուլացիոն ողջ ապարատի լիակատար օգտագործմամբ Վ. Օսկանյանը հեռուստացույցի
էկրաններից կպաշտպաներ հայտնի արձանագրությունները՝ դրա մեջ “ոեւէ վտանգ” չտեսնելով,
եթե... ինքը շարունակեր մնալ արտգործնախարար։ Քննադատում է, իսկ իր ղեկավարած “Սիվիլիթասը”
չաղլիկ գրանտներով միջոցառումներ է կազմակերպում նույն արձանագրությունների ստորագրման
նպատակահարմարության հստակ կոնտեքստով։
Ռ. Քոչարյանը
Եթե այս երկրում ինչ-որ մեկը մենակ մնալիս քահ-քահ ծիծաղում է, դա հաստատ Ռ. Քոչարյանն
է։ Ճիշտ է, նա անվերադարձ կորցրել է վարչապետության ու այդ կերպ նաեւ նախագահ դառնալու
շանսերը, ինչը պետի շարունակեր ծառայեցնել “ազգային շահերին”, սակայն տանզանիաներում
որսի գնալիս, թե մենակ մնալիս չի կարող չծիծաղել՝ տեսնելով թե ինչպես է իր ոխերիմ սիամական
զույգ Ս. Սարգսյանը միայնակ ուտում այն ապուրը, որ եփել են միասին, ինչպես է մենակ
“խրթում” միասին “բրդածը”։
Վազգեն Մանուկյանը
Մանկուց իրեն համաշխարհային ազգի առաջնորդ, կամ առնվազն Հայաստանի նախագահ պատկերացնող
այս մարդը 1996-ին պատրաստ էր հանուն “ազգային շահերի” Ադրբեջանին պատերազմի հրահրել
Ղարաբաղի ու Հայաստանի դեմ՝ իրականացնելու համար նախագահ դառնալու իր երազանքը։ Այսօր
“ներքին կայունության” ջերմ ջատագով է։ Մի երեք տարի առաջ “իդիոտ” էր կոչում “ազգային
շահերին” դեմ գնացող Սերժ Սարգսյանին, այսօր նրա գարշապարն է լիզում, ափսոսում, որ
երեկվա “իդիոտը” իր ներկայությամբ ու ելույթներով ամեն անգամ չի իմաստավորում իր ղեկավարած
Հանրային խորհրդի նիստերը։ Ուրիշ էլ ի՞նչը կարող էր նման դեֆորմացիայի ենթարկել սեփական
անձն ու հանճարը ազգի հարստությունը համարելու համոզմունքում “անկոտրում” Վ. Մանուկյանին,
եթե ոչ նույն հարափոփոխ “ազգային շահը”։
Չէ, չի փոխվել Երկիր Նաիրին, անցյալում չեն ոչ Մազութի Համոն, ո՛չ Պարոնյանի հերոսները,
ո՛չ էլ ընկեր Փանջունին։
Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ
“Հայկական ժամանակ”
08.10.09
No comments:
Post a Comment