Thursday, August 19, 2010

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «168 ԺԱՄԻՆ»


19.08.2010


Հայտնի արձանագրությամբ նախատեսվում է կրկնակի երկարաձգել Հայաստանում ռուսական ռազմակայանի ժամկետը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում երկարաձգման այդ փաստը։ Ուժեր եւ անհատներ եղան, որոնք իրար հակասող գնահատականներ տվեցին։ Ինչո՞ւ Կոնգրեսը կարծիք չարտահայտեց։
Ռուսաստանի շահերի տեսակետից դա, անշուշտ, հաջողություն է։ Նա ձգտում է հնարավորինս վերականգնել իր նախկին ազդեցության ոլորտները, խորացնել ու առավել հարատեւ դարձնել այդ ազդեցությունը։ Սա բնական ձգտում է գերտերության համար։ Նույնքան բնական է, որ ազդեցության նախկին այդ ոլորտները, առաջին հերթին նախկին ԽՍՀՄ կազմում հայտնված, այսօր անկախ պետություններն իրենց հերթին աշխատում են հնարավորիս զերծ մնալ այդ ազդեցությունից, մեծացնել սեփական ինքնիշխանությունը։ Սակայն միմյանց հետ հարաբերվող երկու պետություններից մեկի լիակատար ազդեցություն ունենալը, մյուսի՝ այդ ազդեցությունից լիակատար դուրս լինելը նույն ուղղի հակառակ ծայրակետերն են։ Նման դեպքերում միայն տեսականորեն դրանք երկուսն էլ կարող են նաեւ ռեալություն լինել։ Իրականում օպտիմալ լուծումները գտնվում են այդ երկու ծայրակետերի միջեւ. կենտրոնո՞ւմ, դեպի աջ, թե՞ դեպի ձախ՝ կախված է բազմաթիվ հանգամանքներից։ Եւ այդ միջակայքում է, որ կարող է երկու երկրների հարաբերությունները կարգավորող պայմանագրերի համար օգտագործվել «փոխադարձաբար շահավետ» արտահայտությունը։ Իսկ թե ո՞ր կետում է տվյալ պահին «փոխադարձաբար շահավետը», դա էլ կախված է հարաբերվող երկրների ուժից, հզորությունից, նրանց ունեցած ներքին եւ արտաքին խնդիրներից, իշխանության որակից եւ այլն։ Նման օպտիմալ մի կետ հայ-ռուսական հարաբերությունները կարգավորող միջպետական փաստաթղթերում ժամանակին գտնվել էր, եւ որեւէ մեկը երբեւէ չի վիճարկել դրա, իրոք, փոխադարձաբար շահավետ լինելը։ Այդ պայմանգրերում վերջին 10 տարում էլի են եղել լրացումներ կամ փոփոխություններ, եւ ընդհանուր միտումը, տեղաշարժը ռուսական պետության ազդեցության մեծացման ուղղությամբ է գնացել։ Ռազմաբազայի ժամկետի այս երկարաձգումը հերթական մի քայլն է նույն ուղղությամբ։ Բայց այստեղ խնդիրը ամեն մի նման քայլի կամ փաստի առիթով հերթական «քաղաքական շոուն» սարքելը չէ՝ այն գերագնահատելով կամ թերագնահատելով, ոչ էլ նույնիսկ հիշատակածս միտումն արձանագրելը։ Խնդիրը դրա հիմքը, պատճառը բացահայտելն է։ Վերը թվարկածս հանգամանքներից տվյալ տեղաշարժում միայն մեկն է դեր խաղացել ու խաղում - դա իշխանության որակն է՝ ոչ լեգիտիմ, կոռումպացված, հանցավոր, ու դրանով իսկ՝ խոցելի ու թույլ։ Այդ որակով միջպետական հարաբերություններում նա վաղուց դադարել է հավասարազոր սուբյեկտ լինելուց. Նրան կա՛մ թելադրում են, կա՛մ նրանից խլում, կա՛մ ընդունում նրա «փեշքեշը»՝ իշխանական «յառլիկը» երկարաձգելու համար։
Ինչ վերաբերում է Կոնգրեսի դիրքորոշմանը. նոր միայն ամբողջությամբ հրապարակված փաստաթղթերն ուսումնասիրվում են, եւ պաշտոնական դիրքորոշում, կարծում եմ, կլինի։
Համաձա՞յն եք այն կարծիքին, որ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգի տակ է դրվում կրկնապատկելով այդ ժամկետը։
Հայաստանի ինքնիշխանությունը վտանգի տակ է դրված առաջին հերթին իր ոչ լեգիտիմ, հանցավոր իշխանությամբ։ Վերջին հաշվով, չկա որեւէ արտաքին հանգամանք, որն այնքան վտանգավոր լինի երկրի ու ժողովրդի համար, որքան ներքինը։ Լեգիտիմ, անխոցելի իշխանությունը երկիրն ու արտաքին խնդիրները չէր հասցնի այնպիսի հանգրվանի, որ ինքը ստիպված լիներ նման մտահղացում ունենալ կամ Ռուսաստանին նման մտահղացման հիմք տալ։ Լեգիտիմ, անխոցելի իշխանությունը այս ընթացքում առնվազն կկարողանար «փոխադարձաբար շահավետ» միջպետական հիմնական փաստաթղթերը պահել նույն կետի վրա, եթե ոչ դրանք տեղաշարժել դեպի սեփական ինքնիշխանության մեծացում։ Այնպես որ, իրոք, հետեւանքների դեմ կռիվն ու աղմուկը միայն օգնում է մոռանալ դրանց հիմքի, պատճառի մասին։ Այս վարչախմբի համար բացի սեփական իշխանության պահպանումից եւ ունեցվածքի բազմապատկումից ուրիշ խնդիր գոյություն չունի, նրանց ամեն մի օրը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ գոյությունն իսկ։ Այնպես որ՝ ռազմաբազայի ժամկետի երկարաձգման հիշյալ խնդիրը ո՛չ դրանցից ամենակարեւորն է, ո՛չ էլ միակը։ Զանգվածային արտագաղթը, ժողովրդի ունեզրկումը, տնտեսության մոնոպոլիզացիայի աստիճանի խորացումը, արժեքային համակարգի այլասերումը, հասարակության մեջ երկիրը լքելու միտումի մեծացումը շատ ավելի մեծ ու անդարձելի վտանգներ են իրականում։
Կոնգրեսը միշտ հայտարարել է, որ անկախ այն բանից, թե երբ է նշանակված հերթական  հանրահավաքը, Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում արտահերթ հանրահավաք կանի։ Չկա՞ հիմա նման վտանգ այս փաստով։
Կոնգրեսը հանրահավաք է պլանավորել սեպտեմբերի 17-ին եւ այլ որոշում չունի։ Եւ ինչպես նախորդ բոլոր հանրահավաքները, սա եւս ուղղված է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն սպառնացող թիվ 1 վտանգի՝ իշխող վարչախմբի դեմ։ Կարող եմ կրկնել. չարիքը պետք է արմատախիլ անել, ոչ թե կռվել նրա հետեւանքների դեմ։
 Հիշյալ փաստաթղթում ասվում է նաեւ, որ ռուսական ռազմաբազան «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»։ Ինչ է տալիս դա Հայաստանին։
Ռազմական բազայի առկայությունը որեւէ երկրում արդեն իսկ նման պարտավորություն ենթադրում է։ Չեմ կարծում, թե դրանով Ռուսաստանը լրացուցիչ պարտավորություն է ստանձնել։ Իսկ լավագույնը կլիներ այն, որ Հայաստանը ո՛չ սուր խնդիրներ ունենար հարեւանների հետ, ո՛չ էլ սեփական անվտանգությունն ապահովելուն ուղղված նման «անմիջական» օգնության կարիք։ 
«168 ԺԱՄ» 19.08.2010
Ներկածը կրճատված է տպագրում


No comments:

Post a Comment