Ամենահանրահայտ գրական ստեղծագործությունը հաստատ
“Քաջ նազարն” է։ “Քաջ նազարի” ամենահանրահայտ տող էլ հաստատ հետեւյալն է. “Տղամարդ
եմ, խոսքիս տերն եմ, թախտի տակից դուրս չեմ գա”։
Թե ինչու էր Քաջ Նազարն այդքան շատ խոսում տղամարդկությունից,
հայտնի է, որովհետեւ ինքը դրա հակապտկերն էր, չափից դուրս վախկոտ։
Քաջ նազարը գրական ստեղծագործության, հեքիաթի
հերոս է։ Հանրահայտ է նաեւ, թե ով է հայ իրականության մեջ շատ խոսել տղամարդկության
մասին։ Իհարկե՝ Ռ. Քոչարյանը, որ եկավ ու ասաց, թե ինքն է Հայաստանում միակ տղամարդը,
եթե ուրիշը կա՝ թող ձեն տա։ Ու ամբողջ 10 տարի դա էր փորձում ապացուցել։
Հայտնի է, որ օրենք գոյություն ունի, որը կարգավորում
է նախկին դարձած նախագահի անվտանգության, ապահովության եւ այլ խնդիրներ։ Այդ օրենքով
մասնավորապես նախատեսվում է, որ նախկին նախագահին բնակության համար բնակելի տարածք
է տրամադրվում եւ պետական պահպանություն՝ թիկնազորի տեսքով։ Գոյություն ունի նաեւ մի
կարգ, որը սահմանում է, թե պետական որ գործող պաշտոնյաներն են իրենց պաշտոնավարման
շրջանում ապրում Հրազդանի ափին գտնվող կառավարական ամառանոցում։ Բնականաբար, դրանում
չի նախատեսված, թե նախկին պաշտոնյաներից որեւէ մեկը կարող է շարունակել ապրել կառավարական
ամառանոցում։ Այսինքն՝ Ռ. Քոչարյանն առավելագույնը ապրիլի 9-ից հետո պետք է տեղափոխվեր
այդտեղից։ Նույնիսկ քննարկումներ են եղել, թե որ շենքը պետք է հատկացվի նրան որպես
սեփականություն՝ Կառավարության ընդունելությունների տո՞ւնը (Մատենադարանի մոտ), Գրողների
միության շե՞նքը եւ այլն։ Սակայն...
Իր պաշտոնավարման ավարտից ընդամենը չորս օր
առաջ Քոչարյանը մի շատ հետաքրքիր հրամանագիր է ստորագրել, որով գործող նախագահին ըստ
էության պարտադրել է իրեն թույլ տալ ապրել նույն կառավարական ամառանոցում։ Մի կողմ
թողնենք անմիջապես ծագող իրավական ու տրամաբանական հարցերը։ Պարզից-պարզ է չէ՞, որ
այս հրամանագիրը նշանակում էր՝ Սերժ, դու պետք է կարգադրություն ստորագրես, որ ես շարունակեմ
ապրել կառավարական ամառանոցում։ Ի՞նչ է սա նշանակում.
ա) Տարրական կոռեկտությունը պահանջում էր, որ
այդ հրամանագիրն ստորագրեր նոր նախագահը, եթե նախկին նախագահներից մեկին կառավարական
ամառանոցում ապրելու անհրաժեշտություն կտեսներ։ Այսինքն՝ Քոչարյանը չի վստահել Սերժ
Սարգսյանի հետ բանավոր պայմանավորվածությանը, եւ ինքն է իր ձեռքով իր հարցերը լուծել
իր պաշտոնաթողության նախօրյակին։
բ) Ռ. Քոչարյանը վախենում է դուրս գալ պետականորեն
ամենալավ պաշտպանված, ամենաապահով այդ տարածքից։ Չեն էլ կարող նրան ավելի մեծաթիվ թիկնազոր
հատկացնել, քանի որ այդ դեպքում ստիպված կլինեին ավելացնել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի
թիկնազորի թվակազմը։
գ) Այդ կերպ Սերժ Սարգսյանը կմնա Քոչարյանի
ամենօրյա հսկողության տակ, ու ամեն երեկո նրան կարելի էր տալ հաջորդ օրվա հանձնարարականները։
Այնպես որ՝ ուրիշ բան չկարծեք, Քոչարյանը հերթական
անգամ դրսեւորեց իր տղամարդկությունը. “Տղամարդ եմ, խոսքիս տերն եմ՝ կառավարական ամառանոցից
դուրս չեմ գա”։
Իսկ ոմանք համարում են, որ Քոչարյանը նաեւ գաղտնի
քայլ ունի գրանցած:
26.05.2008
No comments:
Post a Comment