Sunday, November 13, 2011

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՆՈՒՆԴԴ ՎԱՆՈ


Նոյեմբերի 13-ին լրանում է Վանո Սիրադեղյանի 65 տարին։
Վանոն, անշուշտ, առաջին հերթին գրող է։ Տաղանդավոր, հաճախ՝ հանճարեղ։ Եւ յուրահատուկ, հաճախ՝ խիստ յուրահատուկ։ Վանոն դասագրքեր է մտնելու։ Առաջին հերթին՝ հայ գրականության։ Հրանտ Մաթեւոսյանի կողքին։ Նրա պատմվածքները չեն հնանալու, կարդացվելու և հանձնարարվելու են։ Վանոն դրվելու է դասականների կողքին։ Իրական դասականների։ «Ափսոս էր... գրողը»։
Վանոն պետական-քաղաքական գործիչ է։ Նաև հրապարակախոս՝ գրողականի ու քաղաքականի  անկրկնելի սինթեզով։ Այստեղ էլ՝ տաղանդավորի, հաճախ՝ հանճարեղի իր ոչ ստանդարտով։ Վանոն միջավայր էր՝ ինքնատիպ, ձգող, բազմազան։
Վանոն, իհարկե, գրող էր առաջին հերթին։ Եւ մտավորական՝ դրանց առաջ։ Եւ որպես մտավորական՝ Քաղաքացի ամեն ինչից առաջ։ Անթեք, չլռող, անլուռ։ Քաղաքացի-գրող, Քաղաքացի-գործիչ, Քաղաքացի-հրապարակախոս։ Չհանդուրժված։
Արդեն10 տարի Վանոն քաղաքական վտարանդիության մեջ է։
Շնորհավոր ծնունդդ Վանո։Բարի վերադարձ այն Հայաստան, որի տերը Քաղաքացին է լինելու։ Գալիս է Քաղաքացու ժամանակը։ Ափսոս է, առաջին հերթին, գրողը...
Աշոտ Սարգսյան

«ՀԺ» 13.11.2011

Friday, November 4, 2011

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտնի հոգեբանական հնարք է՝ մեղք կամ հանցանք գործած մարդը որքան ներքին անհանգստության ու խուճապի մեջ է, այնքան փորձում է արտաքուստ հանգիստ ու վստահ երեւալ, որքան վախեցած ու տագնապած է՝ այնքան քաջ, համարձակ ու ցինիկ։ Եւ դա՝ ոչ միայն դրսի, ուրիշների համար, այլեւ ինքն իրեն հաղթահարելու համար։
Մշտապես «գող՝ սիրտը դող» վիճակում գտնվող քոչարյանասերժական վարչախումբը հսկայկան ճիգեր է գործադրում ինքնավստահության արտաքին այդ էֆեկտներն ապահովելու համար։ Ս. Սարգսյանը ժապավեններ է կտրում, շքանշաններ, պարգեւներ ու պատվոգրեր հանձնում՝ հիմա էլ նաեւ ուսանողներին ու աշակերտներին։ Չունեցած գիտելիքներով «դիմակայում» է մեր պատմությունը խեղաթյուրող ադրբեջանական հարձակումներին՝ ամեն կերպ աշխատելով դեմքին անխռով ու վստահ արտահայտություն տալ։ Իշխանական մամուլն ու հեռուստաալիքները ժամանակից դեռ շատ շուտ սկսել են ակտիվորեն քննարկել «հերթական ընտրությունների» թեման՝ փորձելով դրանով մարդկանց ենթագիտակցության մեջ ամրացնել այն պատկերացումը, թե այս իշխանությունը ձգելու է մինչեւ հաջորդ ընտրություններ։ Իշխանական կուսակցություններն իրենց հերթին նախընտրական բնույթի ինչ-որ կեղծ շարժեր են անում եւ այլն։
Սակայն փորձառու աչքն իսկույն նկատում է, որ վարչախմբի վարքագծի բազմաթիվ դրսեւորումներ մատնում են նրա ե՛ւ անհանգստությունը, ե՛ւ խուճապը, ե՛ւ վախն ու տագնապը։ Ընդ որում՝ դրանք շատ ավելի նկատելի են դառնում այն փաստերի ֆոնին, որոնք, հատկապես վերջին շրջանում, տեղատարափի նման թափվում են նրանց գլխին։ Նկատի ունենք վարչախմբի «էլիտար» անդամների գործած հանցանքների, հանցավոր կապերի ու հանցավոր գործունեության միջազգայնացումը։ Հենց այդպիսին էր «Պզոյի» գործը՝ ԱՄՆ-ում, Լուժկովի հետաքննվող գործի հետ հայաստանյան 32 (այժմ արդեն 34) իշխանավորների կապը, Ավստրալիայից ու Մալազիայից եկած տեղեկատվությունը՝ Հայաստանով իրականացվող մաքսանենգ փոխադրումների մասին եւ այլն։ Ու այս ամենի մեջ ներառվում են այնպիսի հանցագործություններ, ինչպես՝ նարկոբիզնեսը, փողերի լվացումը, զենքի ու հարստացված ուրանի ապօրինի առեւտուրը՝ կապված միջազգային ահաբեկչական կենտրոնների հետ եւ այլն։ Իշխանության ներսից եկած տեղեկատվությունը հուշում է, որ այստեղ իրականում ժամ առ ժամ ավելանում են խուճապի հիմքերը, քայլ առ քայլ խամրում է հերթական ընտրությունների հեռանկարը։ Հանցավոր կապերի ու գործունեության մեջ հայտնված իշխանավոր-օլիգարխների մոտ սկսել է սասանվել հավատը Սերժ Սարգսյանի՝ որպես ապահով «տանիքի» նկատմամբ, որը չի կարողանում այլեւս նրանց համար երաշխավորի դեր խաղալ մասնավորապես ԱՄՆ-ում ու Ռուսաստանում։ Նրա նկատմամբ վստահությունը սասանվել է նաեւ քաղաքական հարցերում. նա այլեւս ոչ միայն չի կարողանում կանխել եւրոպական կառույցներում ու երկրներում վարչախմբի համար աննպաստ փաստաթղթերի ընդունումը, այլ ստիպված է նրանց ճնշման տակ ետ քայլեր կատարել։ Տեսնում են, որ Ս. Սարգսյանը չկարողացավ լուծել քաղաքական ընդդիմության պառակտման հարցը, քաղբանտարկյալների խաղաթուղթը ոչ միայն չկարողացավ օգտագործել Հայ Ազգային Կոնգրեսին խեղճացնելու ու վնասազերծելու համար, այլ այն նաեւ միջազգային ասպարեզում դարձրեց վարչախմբի Աքիլլեսյան գարշապարը։ Եւ վերջապես, շատ լավ տեսնում են, որ, այս ամենի հետ միասեին շուտով նրա գլխին պայթելու է նաեւ ղարաբաղյան հարցը։ Ներիշխանական աղբյուրներից տեղեկություններ են այն մասին, որ որոշ օլիգարխները իրենց իրենց դժգոհությունն ու հիսթափությունն են արտահայտում Ս. Սարգսյանից, ոչ թե անկյուններում, այլ՝ երես առ երես։ Հասկանալի եւ արժանահավատ են դառնում նաեւ այն տեղեկությունները, թե վերջին շրջանում նկատվում է ոչ թե վերահսկելի բանկային փոխանցումներով, այլ ճամպրուկներով կանխիկ փողի հսկայական արտահոսք է տեղի ունենում դեպի «ապահով» երկրներ։ Այնպես որ, այսօր Հայաստանում ինչ կատարվում է, կատարվում է առաջին հերթին անխուսափելի դարձած արտահերթ նախագահական ընտրությունների տրամաբանության շրջանակներում։
Աշոտ Սարգսյան

«Հայ Ազգային Կոնգրես», 04.11.2011

Saturday, September 24, 2011

ԵՐԿՈՒ ՀԱՅԱՑՔ` ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ (1)

Հայաստանի անկախության 20-ամյակին ընդառաջ

Ղեկավարի կարգավիճակի հասած անհատի հայացքն ու վերաբերմունքն իր ժողովրդի նկատմամբ, որպես ժողովրդի ինքնապատկերացումը եւ դրա վրա հենվող քաղաքական համակարգը ձեւավորող գործոն, էական նշանակություն ունի տվյալ ժողովրդի ճակատագրում։ Այն առանցքային դեր է ունեցել նաեւ մեր անկախության 20-ամյա պատմության ընթացքում։
Ինքնապատկերացումը որպես քաղաքական գործոն
Ինքնապատկերացումը, ինքնության գիտակցումը, ինքնագնահատականը շատ կարեւոր դեր են խաղում ինչպես անհատի, այնպես էլ ազգի կեցվածքում՝ որպես այդպիսին պայմանավորելով նրա վարքագիծը եւ գործողությունների արդյունավետությունը։ Ըստ այդմ են ձեւավորվում նաեւ նրա արժեհամակարգը, պատկերացումներն ազատության, արժանապատվության մասին, նրա ձգտումները, հավակնությունները, նկրտումները։ Անհատի դեպքում դա պայմանավորում է նրա հասարակական-քաղաքական վարքագիծը տվյալ հասարակության մեջ, ժողովրդի դեպքում՝ նրա ներկայացրած պետության վարքագիծը միջազգային հարաբերություններում եւ միջազգային հանրության մեջ։ Ժողովուրդների դեպքում դա նաեւ ծառայում է որպես հիմք, ելակետ-գործոն՝ քաղաքական համակարգեր ստեղծելու եւ պահելու համար։
Կարող է լինել երեք տարբերակ
1. Եթե մարդուն կամ ազգին ներշնչում-համոզում են, որ նա բոլորի մեջ միակն է ու բացառիկը, նա, մեծամոլական ախտով վարակված, իրականության զգացումը կորցրած՝ մի օր քթով կոշտ բախվում է նույն այդ՝ իր թերագնահատած իրականությանը։ Թե՛ անհատի, թե ժողովրդի դեպքում այդ ներշնչումն ապահովում են յուրայինները՝ «բարի կամեցողները»։ Անհատի դեպքում յուրաքանչյուրս ինքնագերագնահատման հետեւանքների ցայտուն օրինակներ կարող է գտնել սեփական շրջապատում։ Ժողովուրդների դեպքում սա նշանակում է բացառիկության ուսմունքով հասարակությանը պարտադրված մեկ գաղափարախոսություն, ինչի անխուսափելի քաղաքական հետեւանքը գաղափարախոսական տվյալ հիմքով բռնապետության ստեղծումն է։ Պայմանականորեն սա կոչենք «ներքին բռնապետություն»։ Բացառիկության մեծամոլական ախտը կործանեց Հին Հռոմեական եւ Բյուզանդական կայսրությունները։ Մեր ժամանակներում դրա լավագույն օրինակները ֆաշիզմ վերապրած երկրներն ու ժողովուրդներն են։ Եւ նույն ճակատագրին կարժանանան նրանք, ովքեր կունենան նույն գայթակղությունը, եթե անգամ դա բերի ժամանակավոր, թվացյալ հաջողությունների։ Այսինքն՝ ինքնագերագնահատումը կենցաղում՝ անհատի, իսկ քաղաքական գործոնի վերածվելով՝ ժողովրդի համար կորստաբեր պատկերացում է։
2. Եթե մարդուն եւ ազգին ներշնչում են, որ նա ուրիշներից ցածր է, ոչ լիարժեք, նրա մեջ անլիարժեքության, թերարժեքության բարդույթ է առաջանում, եւ մեռնում է առաջընթացի որեւէ ձգտում։ Թե՛ անհատի, թե՛ ժողովրդի դեպքում դա անում են օտարները։ Անհատների օրինակները կրկին թողնենք ընթերցողին։ Ժողովրդի ինքնաթերագնահատման բարդույթի ելքի օրինակները պատմության ասպարեզից վերացած պետություններն ու մեռած ժողովուրդներն են։ Նրանք վերացել են, երբ թերարժեքության բարդույթը դարձել է համընդհանուր, դարձել յուրօրինակ գաղափարախոսություն եւ ոչնչացրել ազգի իմունային համակարգը։ Ինքնագերագնահատմանը հակադիր ինքնաթերագնահատման երեւույթը նույնպես բռնապետությունների ստեղծման ու պահպանման հիմք է։ Նվաճված ժողովրդի հետ, որպես կանոն, այդպես է վարվել օտար նվաճողը (անգամ օրենքով դա ամրագրելով)՝ որպես նրա վրա իր իշխանությունն ապահովելու, դյուրացնելու մի միջոց։ Սա էլ պայմանականորեն անվանենք «օտարի բռնապետություն»։ Ըստ էության՝ հենց բռնապետության այս տեսակի հետ է համընկնում նաեւ սեփական ոչ օրինակարգ իշխանությունը։ Դրանց երկուսի մեջ էլ հավասարապես մահացու վտանգ տեսնելով՝ կենսունակ ժողովուրդներն իրենց ողջ պատմության ընթացքում նույն կերպ պայքարել են թե՛ օտարի, թե՛ սեփական ոչ օրինակարգ իշխանության դեմ։ Այսինքն՝ ինքնաթերագնահատումը նույնպես, կենցաղում՝ անհատի, իսկ քաղաքական գործոնի վերածվելով՝ ժողովրդի համար նույնքան կորստաբեր պատկերացում է։
3. Եթե անհատը կամ ժողովուրդը համարում է, որ ինքը ոչ մեկից ո՛չ ավել, ո՛չ էլ պակաս է, նրա մտածողությունը դառնում է ռացիոնալ, վարքագիծն ու գործողությունները՝ իրականությանը համարժեք, իր ուժերի համեմատ եւ, դրանով իսկ՝ առավելագույնս արդյունավետ։ Եւ դա ապահովում է նրա հաջողություններն ու կենսունակությունը, հավասարակշռությունը, համաչափ զարգացումը, զերծ պահում ծայրահեղություններից ու վտանգներից։ Անհատների դեպքում օրինակներ բոլորս կգտնենք մեր շրջապատում։ Ազգերի դեպքում՝ դրանք այսօր ծաղկող երկրներն են, որոնք այդպիսի պատկերացման հիմքի վրա ստեղծել են ժամանակակից ժողովրդավարական համակարգեր՝ որպես գերնպատակ ունենալով սեփական քաղաքացու ազատության եւ արժանապատիվ կյանքի ապահովումը։ Այսինքն՝ սա այն միակ նախահիմքն է, որի վրա կարող է կառուցվել անհատի, իսկ քաղաքական գործոնի վերածվելով՝ ազգի լավագույն ներկան եւ ապագան, դառնալ նրա կայուն զարգացման երաշխիքը։
***
Հայ քաղաքական միտքը դեռ 1500 տարի առաջ այս խնդիրը լուծել է հօգուտ երրորդ տարբերակի։ Պատմահայր Մովսես Խորենացու հանրահայտ խոսքն այդ լուծման լավագույն բանաձեւն է. «Մենք թվով փոքր ենք եղել, զորությամբ տկար եւ բազմաթիվ անգամ նվաճված այլ թագավորությունների կողմից, սակայն մեր երկրում էլ են եղել քաջության եւ արիության գործեր, որոնք արժանի են գրով հիշատակվելու»։ Այս խոսքի առաջին մասն ուղղված է ազգային բացառիկության պատկերացման վտանգի դեմ, երկրորդ մասը՝ թերարժեքության հնարավոր բարդույթի ձեւավորում թույլ չտալու նպատակ ունի։ Ավելին՝ Պատմահայրը սեփական ոչ օրինակարգ իշխանության դեմ պայքարը ներկայացվում է նույնքան անհրաժեշտ ու կենսական, որքան օտար նվաճողի դեմ։
***
Մեր խնդրո առարկան պայմանականորեն կոչենք պետականության գաղափարական ելակետ-գործոն եւ տեսնենք, թե ինչքանով է այն մեր անկախ պետականության 20 տարիների ընթացքում պայմանավորված եղել առաջին դեմքերի՝ ժողովրդի նկատմամբ հայացքով ու վերաբերմունքով։ Ըստ այդմ՝ ունենք տրամագծորեն հակադիր պատկերացումների ու դրանց հետեւանքով ձեւավորված տրամագծորեն տարբեր քաղաքական իրողությունների երկու շրջան։
Ինքնագերագնահատման  վտանգը ու դրա չեզոքացումը
ՀՀ Հիմնադիր-նախագահը միշտ եղել է երրորդ ելակետի գաղափարախոսը, համոզված ջատագովը եւ գործադրողը։ Նա իր քաղաքական կենսագրության ողջ ընթացքում պայքարել է առաջին երկուսի դեմ՝ քաջ գիտակցելով դրանց անխուսափելի կորստաբեր հետեւանքները։ Իր իշխանության տարիներին նա բախվեց դրանցից առաջինին՝ հայ ժողովրդի ազգային բացառիկության, առանձնահատուկ լինելու դրույթի քարոզչությանը։ Հրապարակավ կտրուկ հակադրվեց հայ ժողովրդի բացառիկության, «ազգի առաքելության», «համաշխարհային ազգի», «ազգային գաղափարախոսության» քարոզչությանը՝ դրա մեջ մեծ վտանգներ տեսնելով։ Նրա հակադրությունը կոշտ էր եւ անզիջում. «Հայ ժողովրդին վերագրում են գրեթե փրկչական նախասահմանում։ Իսկ ես օրգանապես չեմ ընդունում փրկչական ամբիցիաները՝ այն համարելով ֆաշիզմի հետ սահմանակցող՝ քաղաքականության ամենավտանգավոր գաղափարախոսականացում» (Հարցազրույց «Օբշչայա գազետա» թերթին, 24.12.1993, «Ընտրանի», էջ 400)։ Եւ հայտնեց իր համոզմունքը. «Հայ ժո­ղո­վուր­դը սո­վո­րա­կան ժո­ղո­վուրդ է (ընդգծումն իմն է – Ա.Ս.), ոչ լավ եւ ոչ էլ վատ մյուս­նե­րից, դրա հա­մար էլ նա ար­ժա­նի է ունե­նալ այն ամե­նը, ինչն ունեն այլ ժո­ղո­վուրդ­ներ...» (նույն տեղում)։
Նույն՝ «ֆաշիզմի հետ սահմանակցող» վտանգի չեզոքացման կոնտեքստում եւ իրական ժողովրդավարության դիրքերից նա հակադրվեց նաեւ «ազգային գաղափարախոսության» եւ «ազգային միասնության» գաղափարներին՝ դրանք հայտարարելով կեղծ քաղաքական  կատեգորիաներ, որոնց գործադրումը անհարիր է ժողովրդավարությանը. «Ազգային գաղափարախոսության ջատագովներն ակամա նրան տալիս են խորհրդավոր, համարյա կրոնական բովանդակություն, որը պարարտ հող է ստեղծում ամբոխավարության եւ քաղաքական շահարկումների համար» (Ելույթ ԳԽ նիստում, 25.04.1994, «Ընտրանի», էջ 404), «Գաղափարախոսական մենատիրությունը հնարավոր է միայն բռնապետության կամ ամբողջատիրության պայմաններում» (նույն տեղում), «Եթե ազգին պարտադրվում է ազգային գաղափարախոսություն, դրանով խաչ է քաշվում ժողովրդավարության վրա։ Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը» (Մամուլի ասուլիս, 26.09.1997, «Ընտրանի», էջ 596)։ Անկախության առաջին տարիներին, ինչ-որ պահի, մարդկանց ազգային զգացումներն ու հավակնությունները բորբոքող այդ քարոզչությունը, որպես ժողովրդավարությանն սպառնացող վտանգ, կարող էր Հայաստանում իրական դառնալ. «Հայաստանը տեսել է թագավորություն, տեսել է օտարի լուծ, տեսել է Առաջին հանրապետություն, տեսել է խորհրդային վարչակարգ, տեսել է ժողովրդավարական իշխանություն, չի տեսել միայն ֆաշիզմ, որի ուրվականը, սակայն, այսօր թակում է մեր դուռը» (Նախընտրական ելույթ, 20.09.1996, «Ընտրանի», էջ 535)։
Ոմանց համար այն ժամանակ անհասկանալի էր, թե ինչու է ներքին եւ արտաքին ծանրագույն խնդիրների ու մարտահրավերների տակ կքած հանրապետության նախագահը սեփական նախաձեռնությամբ եւ այն էլ՝ ամենապատասխանատու նախընտրական շրջանում, մտնում տեսական թվացող մի բանավեճի մեջ։ Բանավեճ, որտեղ հանդես գալով ամենեւին ոչ ամբոխահաճ դիրքերից, շատերի պատկերացումներին հակառակ՝ անձամբ իր համար խնդիրներ ստեղծում, վարկանիշ կորցնում թեկուզ իր լսարանի մի մասում։ Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահ էր ոչ միայն վտանգի իրական լինելուն, այլեւ ժողովրդի ինտելեկտին եւ ընկալման կարողությանը։
Քաղաքական պոպուլիզմն ու կեղծ ազգայնականությունը հսկայական վայնասուն բարձրացրին՝ նրան ապազգայինի պիտակ կպցնելով։ Մինչդեռ ապազգային հռչակված, «սովորական ազգի» գաղափարախոս եւ այդ ելակետը գործադրող Նախագահը լուծեց ազգային ու ազգայնական, անգամ «հայդատական» խնդիրներ, որոնք տասնյակ ու հարյուրավոր տարիներ չէին էլ երազել հենց նույն հայրենասեր-ազգայնական-«հայդատականները», ազգի բացառիկության տեսաբանները։ Լուծեց, որովհետեւ կարողացավ հասարակությանը զերծ պահել ազգային բացառիկության բարդույթի վտանգավոր ծուղակից՝ ապավինելով ժողովրդավարությանը եւ ռացիոնալիզմի սկզբունքին։ Լուծեց՝ ապացուցելով, որ ազգի, ժողովրդի պոտենցիալը առավելագույնս հնարավոր է համախմբել եւ ամենաարդյունավետ ձեւով գործադրել, քաղաքական արդյունք ստանալ հենց այդ՝ ժողովրդավարության հիմքի վրա։ Իսկ ժողովրդավարությունն էլ, բացառելով որեւէ «ազգային գաղափարախոսություն», իր հերթին կարող է հենվել միմիայն «մենք սովորական ազգ ենք» պատկերացման վրա։ Բայց վայնասունը չդադարեց։ Չդադարեց, որովհետեւ առանց կեղծ ազգայնական աղմուկի, ժողովրդավարության հիմքի վրա խնդիրներ լուծելը ցուցադրում էր «ազգային գաղափարախոսությունների» ու «հայդատական» պատկերացումների քաղաքական սնանկությունը՝ դրանց քրմերին «զրկելով հացից»։
Ավանտյուրիզմի տանող այսօրինակ գաղափարները աստիճանաբար կորցրին իրենց ոտքի տակի հողը՝ քաղաքական իմաստով ոչ միայն դառնալով լուսանցային, այլեւ վերածվելով աղբակույտի։ Այդ աղբակույտի առաջին խորհրդանիշն այսօր «համաշխարհային ազգի» երբեմնի տեսաբան Վազգեն Մանուկյանն է՝ քաղաքական կյանքում զրոյացած, հասարակության մեջ մինուսացած իր վարկանիշով։ Երկրորդ խորհրդանիշը 1991թվականից մինչեւ 1996թ. նախագահական ընտրությունները ներառյալ՝ նույն Վ. Մանուկյանին փայփայած ՀՅԴ-ն է, որ այլեւս ոտքի վրա մնալ չէր կարող առանց իշխանական բացահայտ կամ քողարկված հենակների (սա համոզվելով իր առաջին ֆավորիտի անհեռանկարայնության մեջ, իրեն հատուկ «սուր հոտառությամբ» 1997-ից մի այլ ֆավորիտ ընտրեց՝ ի դեմս Ռ. Քոչարյանի եւ, այլընտրանք չունենալով, նրան հավատարիմ է առայժմ)։ Այսօր եթե գաղափարական այդ ելակետից հարձակումներ են լինում Առաջին նախագահի դեմ (հիշենք հատկապես 2008-ի նախընտրական շրջանը), ապա՝ խիստ քողարկված, անանուն, քանզի ելակետն ինքն այլեւս, որպես պետականության գաղափարական ելակետ-գործոն, արժեզրկված է հայաստանյան հասարակության մեջ։
«Չորրորդ ինքնիշխանություն» 20.09.2011

ԵՐԿՈՒ ՀԱՅԱՑՔ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ (2)
Ինքնապատկերացման պարտադրված տրասֆորմացիա
Ազգային բացառիկության գաղափարը ժողովրդի մեջ կարող է սերմանվել միմիայն հրապարակային քարոզով։ Դրան հակառակ՝ ազգային թերարժեքության զգացումը, պատկերացումը, բնականաբար, չի կարող այդ կերպ ներարկվել, սերմանվել եւ բարդույթի աստիճանի հասցվել։ Դրան կարելի էր հասնել կոնկրետ եւ հետեւողական գործողություններով ու ներգործությամբ, որոնց արդյունքում յուրաքանչյուր անհատ ինքն իր համար պետք է նման եզրահանգման գա, եւ այդ եզրահանգումն աստիճանաբար, նորանոր հիմքերով հաստատվելով, դառնա համընդհանուր ու վերածվի ազգային բարդույթի։ Դրա ճանապարհը մարդուն, ժողովրդին ահաբեկելն է, վախի մթնոլորտ ստեղծելը, արհամարհելը, հարստահարելով թալանելը, ունեզրկելը, նրա նկատմամբ ցինիզմը եւ, իհարկե, այդ ամենը մարսել կարողանալը։ Որպես կանոն՝ նվաճված ժողովրդի հետ այդպես են վարվում օտար նվաճողները։ Դրա ճանապարհը նաեւ օրենքներն անպատիժ խախտելով՝ դրանց ձեւականության ցուցադրումն է, ընդունված արժեհամակարգը գլխիվայր շուռ տալը, կրթական մակարդակի իջեցումը, տգիտության սերմանումը, մարդկային ստոր բնազդների խրախուսումը, մարդկանց թեւաթափ անելը, անելանելի վիճակի մատնելը։ Իսկ դա, իր հերթին, հնարավոր է ոչ միայն իշխանական լծակների տիրապետմամբ, այլեւ, որպես գործիք, մի ամբողջ համակարգի ստեղծմամբ, որտեղ որքան հնարավոր է՝ շատերի համար, անձնական պարզ շահագրգռվածությունից բացի, բուն համակարգի պահպանումը դառնա անձնական կենաց ու մահու հարց։ Այս խնդիրն իր առջեւ դրեց ու փորձեց իրականացնել Ռ. Քոչարյանը։
Առաջին նախագահի հրաժարականի հայտարարության մեջ քաղաքական ասելիքի ծանրության կենտրոնը, բանալի-միտքը հետեւյալն է. «Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության եւ պատերազմի այլընտրանքի հետ»։ Դրանով նա, ըստ էության, շեշտում է իրեն հրաժարականի պահանջ ներկայացրած մարդկանց՝ պետականության մասին ունեցած պատկերացումների (պետականության հիմնադրույթներ) արմատական տարբերությունն իր ունեցածի համեմատությամբ։ Արդյո՞ք, նա նկատի ունե՞ր նաեւ այն խնդիրը, որ մեր քննության առարկան է, այսինքն՝ նրանց տրամագծորեն տարբեր հայացքը, պատկերացումը սեփական ժողովրդի մասին եւ տրամագծորեն այլ վերաբերմունքը նրա նկատմամբ։ Այս դեպքում՝ արդեն ոչ թե ազգին բացառիկություն եւ առաքելություն վերագրելու իմաստով, այլ ընդհակառակը։
ՀՀ նախագահի պաշտոնում Ռ. Քոչարյանի առաջադրման փաստն արդեն 1998-ին (դեռ մի կողմ թողած ընտրությունների բնույթը) ժողովրդի նկատմամբ այդ «այլ վերաբերմունքի» փայլուն վկայությունն էր։ Սահմանադրությամբ պահանջված 10 տարվա մշտական բնակության եւ 10 տարվա քաղաքացիության «ցենզը» չունենալով՝ ողջ ժողովրդի աչքի առաջ նա դիմեց բացահայտ կեղծիքի՝ ներկայացնելով նման փաստաթղթեր։ Դա, ամեն ինչից զատ, ծաղր ու արհամարհանք էր նույն այդ ժողովրդի նկատմամբ, ցինիզմի բացառիկ դրսեւորում։ Հանդուրժելով դա՝ ժողովուրդը կուլ տվեց թերարժեքության բարդույթի տանող առաջին դառը դեղահաբը։ Առաջին հայացքից պարզ օրինազանցություն թվացող այս քայլը տեւական ներգործության մեծ ներուժ ուներ հասարակության յուրաքանչյուր անդամի հոգեբանության, ենթագիտակցության վրա։ Այս իմաստով դրա քաղաքական հետեւանքները համեմատելի են հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ։ Այնուհանդերձ, ժողովրդի թերարժեքության բարդույթի խորացման ուղղությամբ համակարգված ջանքերն ու գործողություններն սկսվեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո։ Ռ. Քոչարյանը, ազատվելով «անգլիական թագուհու», կամ իր բառերով ասած՝ «դիտորդի» կարգավիճակից, անմիջապես սկսեց կառուցել բռնապետության այն տեսակը, որ քաղաքական գիտության մեջ հայտնի է «կլեպտոկրատիա», հայերեն՝ ավազակապետություն եզրույթով։
Բռնին ազատի հականիշն է, բռնապետությունը՝ ժողովրդավարության (որ այսօրվա չափորոշիչներով իր մեջ նաեւ յուրաքանչյուր անհատի ազատությունն է ներառում)։ Ազատության սովոր, թերաժեքության բարդույթներ չունեցող հասարակության պայմաններում չի կարող ձեւավորվել եւ գոյատեւել բռնապետություն։ Հոկտեմբերի 27-ով ու դրա դատավարության ծաղրուծանակով դրվեց հաջորդ, ամենակարեւոր՝ համատարած վախի մթնոլորտի  ձեւավորման սկիզբը։ Մթնոլորտ, որ քոչարյանական իշխանության հետագա տարիներին թանձրացավ տասնյակ աղմկոտ, չբացահայտված ու անպատիժ մնացած սպանություններով։ Իր ցինիզմով դրանց գագաթն, իհարկե, «Առագաստ» սրճարանում, 200 հոգու աչքի առաջ Պողոս Պողոսյանի սպանությունն էր Քոչարյանի թիկնապահի կողմից ու դրա համար անպատիժ մնալը։
Զուգահեռաբար սկսվեցին ու թափ առան Սահմնադրության եւ օրենքների նորանոր խախտումները, կամայականությունները, թալանը, պետական ռեկետը, կոռուպցիան, պաշտոնապես բիզնեսով չզբաղվելով՝ պետական պաշտոնյաների կողմից հսկայական անձնական հարստության կուտակումը, կրթական եւ այլ համակարգերի այլասերումն ու քայքայումը, ավելի ու ավելի մեծ ցինիզմով կեղծվող ընտրությունները, ամեն ինչ։ Դրանք, առաջին հերթին, ավազակապետական համակարգի «կառուցմանն» ուղղված գործնական քայլեր էին։ Ընդ որում՝ շատ մեծ տեղ էր տրվում բացահայտ միտումնավոր ցուցադրականությունը։ Ցուցադրական անպատժելիությունից սկսած՝ մինչեւ իշխանավորների եւ օլիգարխների՝ հարմարավետության եւ բանականության բոլոր սահմաններն անցած թագավորական պալատների կառուցումը։ Դրանց կողքով անցնողը պարզապես պետք է թեւաթափ լիներ անզորությունից։ Այդ ամենը կարող է բացատրվել միայն մի բանով՝ ուղղակի կամ միջնորդավորված խորացնել ժողովրդի անզորության զգացումը, այն թերարժեքության կայուն բարդույթի վերծելու նպատակով։ Իսկ եթե պակաս բան կար, դա էլ լրացնում էր Ռ. Քոչարյանի՝ անբացատրելիության աստիճանի հասնող ցուցադրական արհամարհանքն ու ատելությունը Հայաստանի ժողովրդի նկատմամբ։ 1988-ից ի վեր իսպառ մոռացված «մենք ազգ չե՜նք» հռետորական հոգոց-գանգատը սկսեց ավելի ու ավելի շատ հնչել մարդկանց բերանից, մի կողմից՝ որպես այդ պարտադրված թերարժեքության զգացումի դրսեւորում, մյուս կողմից՝  որպես սեփական անձի անճարակ ինքնարդարացում։
Ինչո՞ւ Ռ. Քոչարյանը չգնաց «ազգային բռնապետության» հաստատման ավելի հեշտ ու գայթակղիչ՝ ժողովրդին փրկչական նախասահմանում վերագրելով՝ նրան սիրաշահելու, «ազգային գաղափարախոսություն» պարգեւելու ճանապարհով։ Մանավանդ՝ դրանով շատ լայն հարթակ կստանար Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ քարոզչության համար, ինչը նրա ողջ պաշտոնավարման շրջանում եղել է թիվ 1 քաղաքական խնդիրը։ Հարցին այսօր շատ հեշտ է պատասխանել։ Նկատի ունենալով Ռ. Քոչարյանի՝ արդեն միանգամայն հայտնի էությունն ու կերպարը՝ նրան ավելի հարիր էր երկրորդ՝ «օտարի բռնապետության» տարատեսակը, քանզի ինքն էլ հենց այդ՝ օտարի դիրքից էր նայում Հայաստանի ժողովրդին։
Դրսի արձագանքը` պատկերներով
Աշխարհի ժողովրդավարական երկրների ակումբը, ինչպես ամեն մի «էլիտար» ակումբ, դժվարությամբ է ընդունում նորեկներին։ Հաճելի է, երբ հիերարխիկ ինչ-որ սանդղակում քեզնից ներեքեւում շատերն են, որոնց դու վերեւից ես նայում։ Հաճելի է, երբ կան «ներքեւում» գտնվողներ, եւ դու նրանց նկատմամբ, կոմունիստների տերմինաբանությամբ ասած՝ «շեֆություն» ես վերցնում, հռչակում նրանց «վերեւ բարձրացնելու» քո առաքելությունը։ Բայց խնդիրը միայն հաճույքը չէ։ Խնդիրն այն է, որ նման երկրից դու կարողանում ես կորզել քո առավելագույն քաղաքական շահը։ Ասել է թե՝ աշխարհի ժողովրդավարական երկրների ակումբի համար, որին պայմանականորեն «Արեւմուտք» ենք կոչում, անկախ իրենց հռչակած սկզբունքներից ու առաքելություններից, օբյեկտիվորեն ձեռնտու է ոչ ժողովրդավարական, բռնապետական ռեժիմների գոյությունը, անշուշտ, մինչեւ մի սահման՝ քանի դեռ դա չի սպառնում իրենց անվտանգությանը կամ, առնվազն, գլխացավանք չի դառնում իրենց համար։ Օրինակները բազմաթիվ են՝ վերջերս պայթած, կամ դեռ չպայթած բռնապետական ռեժիմների տեսքով։
Եթե երկրի ներքին ռեսուրսները բավարար չեն բռնապետության պահպանման համար, ներսում օրինակարգություն չունեցող իշխանության համար կենսական է դառնում գեթ արտաքին օրինակարգությունը։ Ավելի հասկանալի լինելու համար խոսենք պատկերներով։ Ինչպես մեռնող տնտեսության համար կենսական է դառնում արտաքին ֆինանսական վարկը, նույն կերպ՝ արտաքին քաղաքական այդ վարկը ստանալով է, որ գոյատեւում է ներսում օրինակարգություն չունեցող իշխանությունը։ Արտաքին քաղաքական այդ վարկը միայն ներսում մարդկանց բերանը փակելու համար չէ։ Այն շատ կարեւոր է հասկացնելու համար յուրաքանչյուրին, որ ինքը չէ իշխանություն հարցը որոշողը, դա լուծվում է դրսում, իսկ քաղաքացին անզոր է դրա դեմ։ Վարկատուն հաճույքով է տալիս այդ վարկը, քանզի դրա դիմաց ինքն է դառնում իշխանության աղբյուր՝ քո ժողովրդի փոխարեն։ Բայց նաեւ տալիս է ամենաբարձր տոկոսներով, իսկ այդ տոկոսները ոչ այլ ինչ են, քան քաղաքական զիջումներ՝ ի հաշիվ սեփական պետական շահերի։ Ահա սա է քաղաքական այն գործարքը, ինչը, բնականաբար, ուղիղ ձեւով չի կարող փաստաթղթավորվել։ Վարկառուն կամավոր հանդես է գալիս որպես ի ծնե մտավոր արատ ունեցող, հետամնաց, վատ սովորող, խնդրահարույց աշակերտ, վարկատուն՝ որպես հմուտ մանկավարժ։ Նկատի ունենալով այդ «օբյեկտիվ ռեալությունը»՝ հմուտ մանկավարժը, աչք փակելով ամեն ինչի վրա, փորձում է ինչ-որ արդյունք ստանալ «դեբիլոտ» աշակերտից, իբր, խրախուսելով՝ նրա ետ քայլը «մի քայլ առաջ» համարելով, չսերտած դասի համար դրական գնահատելով, «չարաճճիությունները»՝ ներելով եւ «հույս հայտնելով»՝ միայն թե աշակերտն «ավելի վատ շրջապատ» չընկնի։ Աշակերտին դուր է գալիս «դեբիլոտի» այս կարգավիճակը՝ դա նրա համար դպրոցից չհեռացվելու (իշխանությունը պահելու) միակ տարբերակն է։ Խնդիրն այն է, սակայն, որ նա այդպես «դեբիլոտ» է ներկայացնում նաեւ այն ժողովրդին, որին իշխում է, իսկ ուսուցիչը դա եւս հաճույքով ընդունում է։ Ընդունում է, քանզի դա իրեն պետք է ոչ միայն իր քաղաքական շահն ապահովելու, այլեւ իր «մանկավարժությունը» արդարացնելու համար։ Ավելին, նա նույնիսկ իր խղճի առջեւ կարող է արդարանալ. այդպիսի իշխանություն հանդուրժող ժողովուրդը հենց այդպիսին էլ կա։
Նույնը՝ քաղաքական լեզվով
1998-ից ի վեր Սահմանադրության անթաքույց ու անամոթ խախտումները, ընտրությունների արդյունքների բացահայտ ու զանգվածային կեղծումները, բռնապետության հաստատումը եւ այլն՝ ժողովդրի կամքի ամենակոպիտ ոտնահարումն էին եւ արհամարանքը նրա նկատմամբ։ Արեւմուտքն իսկույն արձանագրեց դա։ Արձանագրեց հաճույքով։ Քանզի նախկին առաջադիմող, իրենց իսկ կողմից «տարածաշրջանում ժողովրդավարության կղզի» համարվող, ըստ այդմ էլ՝ իրենց հետ հավասարը հավասարի հետ խոսող, ըստ այդմ էլ՝ սեփական շահերի պաշտպանության համար ԵԱՀԿ-ի որոշումների վրա վստահորեն «վետո» դնելու համարձակություն իրեն թույլ տվող Հայաստանի փոխարեն նրանք ստացան բոլորովին այլ մի «գործընկեր»։ Ենթագիտակցական մակարդակում ռասիզմի դրսեւորումներից մինչեւ վերջ չազատված Արեւմուտքը հաճույքով ընդունեց կամավոր այդ ինքնանվաստացումը, անլիարժեքությունը որպես իրեն քաղաքականապես ձեռնտու փաստ՝ վարչախմբի մատուցմամբ այն տարածելով ողջ ժողովրդի վրա։ Նա ստացավ ոչ օրինակարգ, դրանով իսկ՝ թույլ, սահմանադրախախտ ու օրինախախտ, դրանով իսկ՝ խոցելի,  կողոպտող ու թալանող, դրանով իսկ՝ հանցավոր ու ձենը կտրած, ամեն զիջման պատրաստ մի իշխանություն։ Եւ վերջապես՝ ստացավ սեփական ժողովրդի «ազգային մենթալիթետը» (այս դեպքում՝ արեւմտյան ժողովուրդների նկատմամբ «երկրորդ սորտ» լինելը) որպես փաստարկ բերող, դրոշ դարձրած ու դրան համապատասխան վերաբերմունք ակնկալող մի իշխանություն։ Ստացավ ամենահարմար գործընկերը՝ իր քաղաքական խնդիրները ամենաէժան ճանապարհով նրա հետ լուծելու համար։
«Չորրորդ ինքնիշխանություն» 22.09.2011

ԵՐԿՈՒ ՀԱՅԱՑՔ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ (3)
Արեւմուտքի ելակետը
2008թ. նախագահական ընտրություններում Արեւմուտքի խնդիրը նույնն էր՝ իրեն քաղաքականապես ձեռնտու որակի՝ թույլ ու խոցելի իշխանության պահպանումը։ Ելակետը  10 տարուց ի վեր մատուցված էր. գործ ունենք երկրորդ սորտի ժողովրդի հետ։ Մնացածը տեխնիկայի հարց էր։ Այդ ելակետի կիրառմամբ Հայաստանի առիթով ստեղծված արեւմտյան փաստաթղթերն ու պաշտոնական արձագանքներն ունեն ներքին տրամաբանության սուր դեֆիցիտ։ Եւ դա ոչ թե նրանց հեղինակների մտավոր ունակությունների սակավության արգասիքն է, այլ «վերեւից նայելու», երկակի ստանդարտների կիրառման, հայ ժողովրդի նկատմամբ ցինիզմ թույլ տալու, ընդհուպ ռասիզմի դրսեւորման արդյունքը։
Բերենք միայն երկու խոսուն օրինակ։ Եւրոպական դիտորդները, ընտրական տեղամասերը հազիվ փակված, կարդացին նախապես հանձնարարված տեքստը՝ ընտրությունները «հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին»։ Մի քանի ամիս անց՝ մայիսի վերջին, հրապարակեցին Վերջնական զեկույցը։ Հասարակության հետընտրական զանգվածային ընդդիմացումն ու ընդվզումը, Համաժողովրդական շարժման բացահայտած ու հրապարակած անհերքելի փաստերը, դրանց ստացած աննախադեպ հնչեղությունն ստիպեցին էականորեն նահանջել եւ զեկույցում արձանագրել խախտումների ու ապօրինությունների թեկուզ մի մասը՝ շուրջ 20 էջ։ Ստացվեց արտառոց մի բան. փաստաթղթի սկզբում դրված՝ «ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին» մտքի տակ դրված, նույն այդ միտքը բացառող 20 էջանոց այնպիսի փաստեր, որ տասնապատիկ բավարար է ցանկացած ընտրություն անվավեր ճանաչելու համար։ Այս փաստաթուղթը մնաց որպես ամոթ Արեւմուտքի անաչառության, որպես ծաղր՝ տարրական տրամաբանության եւ որպես քամահրանք ու արհամարհանք՝ մի ամբողջ ժողովրդի նկատմամբ։
Նույնն է նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման դեպքում։ Այդ առիթով Արեւմուտքը ոչ թե եւս մեկ անգամ դատապարտեց  Ս. Սարգսյանին՝ երեք տարի շարունակ քաղբանտարկյալներ պահելու համար, այլ ջերմորեն ողջունեց նրա «հումանիզմը»։ Կարծես՝ վերջինս դրա հետ ոչ մի կապ չէր ունեցել, եւ քաղբանտարկյալները հետեւանք էին բնական աղետի կամ երկնքից էին ընկել։ Սա եւս «վերեւից», բարձր ռասայի վերաբերմունքի մի արտահայտություն էր ցածրակարգի նկատմամբ։ Ճիշտ նույն կերպ՝ քաղաքակրթված եւրոպացիները մի քանի հարյուր տարի առաջ, երեւի, նախ հանդիմանել են նորահայտ վայրի ցեղերին՝ ծիսական արարողություններում մարդ սպանելու ու նրա միսն ուտելու համար, իսկ երբ վերջիններս, շարունակելով սպանել, դադարել են սպանվածի միսն ուտել՝ նրանց ողջունել են հումանիզմի համար։
Վարչախմբի վերջին փրկօղակը
Ժողովրդին թերարժեքության զգացում պարտադրելը եւ այդ «փաստը» որպես փաստարկ, որպես ռեժիմի գործողությունների եւ գոյության արդարացում Արեւմուտքին ներկայացնելը սկսվել է Ռ. Քոչարյանից։ Նա շատ լավ հասկացել է, որ իր ստեղծած ավազակապետական համակարգը կարող է գոյատեւել միայն այդ որակի ու այդ մտածողության ժողովուրդ ունենալու դեպքում։ Վերջինիս շրջանին, սակայն, այստեղ չենք անդրադառնա՝ առանց այդ էլ ընդարձակ նյութը չծանրացնելու համար։ Մեր նպատակն է ցույց տալ, որ նրա ժառանգած համակարգը, ի դեմս ներկա վարչախմբի եւ Ս. Սարգսյանի, շարունակում է առաջնորդվել նույն սկզբունքներով եւ տրամաբանությամբ՝ որպես վերջին փրկօղակ կառչած մնալով համակարգի համար կենսական՝ ինքնանվաստացման, ժողովրդին թերարժեքության բարդույթ պարտադրելու այդ յուրատեսակ գաղափարախոսական նախահիմքը պահպանելու միջոցին։ Վկայակոչումներ չենք անի նաեւ վարչախմբի տարաբնույթ «գաղափարախոսների» ու խոսնակների անալի դատողություններից այն մասին, թե «ժողովրդավարությունը միանգամից չի տրվում», թե՝ ուրիշները տասնյակ ու հարյուրավոր տարիների ընթացքում են հասել դրան, թե՝ մենք ազգային առանձնահատկություններ, «մենթալիթետ» ունենք, ընդհուպ՝ ժողովդավարության հակադրելը «ազգային խնդիրներին» եւ այլն։ «Մեղմացուցիչ դեպ հանցանաց» ակնկալող այսօրինակ մտքերը նույն նպատակն ունեն. ժողովրդին համոզել, թե մենք դեռ իրավունք չունենք «ոտք մեկնել» եւրոպական ազգերի հետ (այսինքն՝ նրանց համեմատ ստորակա ենք), որ մենք դեռ առնվազն տասնամյակների ճանապարհ ունենք անցնելու լիարժեք ժողովուրդ դառնալու, արդի ժողովրդավարության համար, ուստիեւ՝ իրենց իշխանությունն էլ այդ անխուսափելի ճանապարհի բնական, անհրաժեշտ, տեւական մի հատվածն է։ Եւ նույնը ներկայացնում են նաեւ եւրոպացիներին։
Մեր թեզի հիմնավորման համար չենք անդրադառնա նաեւ Սերժ Սարգսյանի՝ այս տարիների բոլոր ելույթներին, քանզի նրա միայն վերջին խոսքը ԵԽԽՎ հունիսի 22-ի նիստում լիուլի բավարար է օտարների առաջ ինքնանվաստացման (իր եւ ազգի) այդ երեւույթը ամբողջ մերկությամբ ցուցադրելու համար. «Մենք սովորում ենք:  Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը: Սովորում և մեզանում քայլ առ քայլ արմատավորում ենք, որ իշխանությունն ու ընդդիմությունը թշնամիներ չեն, և պարտադիր չէ, որ ուժեղն իր ուժը ցույց տալու համար անպայման տրորի դիմացինին:  Մենք հանդուժողականություն ենք սովորում և երկխոսության մշակույթ ձևավորում: Սովորում ենք վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել ու կարևորագույն հարցերի շուրջ շատերի կարծիքը հարցնել: Սովորում ենք մեծարել ու գնահատել նախկին առաջնորդների վաստակը և չենք ամաչում առողջ քննադատությանն ականջալուր լինելով փոխել մեր իսկ կայացրած որոշումները: Մենք սովորում ենք ապրել այլ կանոններով: Ո՛ղջ հասարակությամբ ենք սովորում»:
«Մենքը» ոչ միայն իշխանությանն է վերաբերում, այլեւ առաջին հերթին՝ ժողովրդին։ Այսինքն թե՝ դուք, որ բարձր եք մեզնից, խեղճուկրակներիս ու հետամնացներիս մի համեմատեք ձեզ հետ, նույն արշինով մի չափեք ու նույն պահանջները մի ներկայացրեք։ Մենք դեռ նոր սկսում ենք «սովորել» այն, ինչ դուք վաղուց գիտեք։ Հաջորդ միտքը հենց այս ինքնանվաստացումն ու քծնանքն է՝ ձեւակերպած բառացի. «Այս դահլիճում` խորը ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրների ներկայացուցիչներիդ համար իմ այս խոսքերը գուցե ինքնին հասկանալի մի բան թվան, բայց, վստահեցնում եմ ձեզ, որ սա իրականում շատ և շատ կարևոր գործընթաց է, որի միջով մենք պարտավոր ենք անցնել և որը մեծ ջանք ու հետևողականություն է պահանջում: Եւ մենք պատրաստ ենք դրան, ու չենք զլանում ցանկացած առիթ օգտագործել այդ ուղղությամբ քայլ անելու կամ խոսք հնչեցնելու համար»: Եւ վերջապես, եւս մի միտք նրա նույն ելույթում, որ արդեն ենթագիտակցության թելադրանք է (չնայած ենթագիտակցականը գրավոր խոսքում հազվադեպ է արտահայտվում). «Իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարության կայացման գործում մենք չենք փնտրում կարճ ճանապարհներ»: Այսինքն թե՝ ձեր ուզածն էլ երկար ժամանակ է պահանջում, իսկ այդ ընթացքում ցածրակարգ ժողովուրդը օբյեկտիվորեն հենց այսպիսի իշխանություն կարող է ունենալ։ Սերժ Սարգսյանի խոսքն այլ բան չէ, քան աղերսանք Եւրոպային՝ հայ ժողովրդին շարունակել դիտել որպես իրենց համեմատ անլիարժեք, ցածր ռասա, եւ որպես այդպիսին հանդուրժել այն որակի իշխանությունը, որը գլխավորում է ինքը։ Ազգային եւ անձնական արժանապատվության ավելի կոպիտ ոտնահարում, ինքնանվաստացման ավելի խոսուն օրինակ դժվար է պատկերացնել։
Այլ բան է, երբ նա նույն թեմայով խոսում է իր ժողովրդի հետ, խոսում է ագրեսիվ ու անթաքույց սպառնալիքով. «Ազատ արտահայտվող ու երկրի զարգացման խնդիրների շուրջ մտահոգություններ հնչեցնող եւ սուր քննադատող ընդդիմությունը մեր երկրի ու մեր ժողովրդավարության ձեռքբերումն է, որը բոլորին չէ, որ տրված է...Եթե երբեւէ Ադրբաջանում թույլ տան նորմալ ընդդիմության գոյություն, կամ, գոնե, մանավանդ, թույլատրեն ազատ արտահայտել իրենց կարծիքները...»։ Թարգմանաբար կստացվի. ի՞նչ եք ուզում, համեմատեք Ադրբեջանի հետ, գոհ եղեք, որ ազատ արտահայտվելու եւ մեզ քննադատելու իրավունք ենք տվել, այ, Ադրբեջանում, օրինակ, դա էլ չկա։ Կամ՝ տեսեք, նրանք ոչ միայն մարդ են սպանում, այլ նաեւ սպանվածին ուտում են, այնինչ մենք միայն սպանում ենք։ Իսկ համեմատվել եւրոպական երկրների ու ժողովուրդների հետ չենք կարող, քանի որ մենք, որպես ժողովուրդ, նրանցից շատ ցածր ենք։
Ազգային թերարժեքության հաղթահարման խնդիրը
2007թ. աշնանը ակտիվ քաղաքական կյանք վերադառնալով՝ ՀՀ Հիմնադիր-նախագահը ստիպված էր ծանր պայքար սկսել ավազակապետության տեսքով Հայաստանում հաստատված «ներքին բռնապետության» դեմ՝ դրա գաղափարական հենքը՝ ժողովրդի մեջ սերմանված թերարժեքության բարդույթը հաղթահարելու համար։ Նա իր պաշտոնավարման ընթացքում երբեւէ չի արձանագրել, թե Արեւմուտքը մեզ «վերեւից է նայում», նրան չի մեղադրել ռասիզմի մեջ։ Շատ պարզ պատճառով. քանի որ այն ժամանակ նման բան չկար։ Նման բան չկար, քանի որ նման հիմք եւ առիթ Արեւմուտքին չէր տրվել։ Նման առիթ չէր տրվել, քանի որ Առաջին նախագահը հարգանքով, ակնածանքով ու վստահությամբ էր վերաբերվում սեփական ժողովրդին՝ նրան ուրիշներից ոչնչով պակաս չհամարելով։ Այդ հարգանքը, ակնածանքն ու վստահությունը արտահայտվում էր մասնավորապես ժողովրդի նկատմամբ անկեղծության, անտեղի չսիրաշահելու, անիրականանալի խոստումներ չտալու մեջ, ինչի համար ժամանակին անգամ քննադատվել է ե՛ւ յուրայինների, ե՛ւ ընդդիմադիրների կողմից։ Այդ սկզբունքին անդավաճան մնալը 1998-ին նրան արժեցավ հրաժարականի պարտադրանք։ Եւ այդուամենայնիվ 2007-ին նա քաղաքական ասպարեզ մտավ նույն հավատամքով. «Մեծագույն հարգանք տածելով մեր ժողովրդի նկատմամբ, ես միշտ ապավինել եմ ոչ թե նրա զգացմունքներին, այլ բանականությանը։ Երբեք չեմ թաքցրել ճշմարտությունը նրանից, որքան էլ այն դառը լինի։ Երբեք սուտ խոստումներ չեմ տվել ու չեմ զբաղվել ամբոխավարությամբ կամ ամբոխահաճությամբ՝ դեմագոգիայով ու պոպուլիզմով։ Եւ այսուհետեւ էլ չեմ պատրաստվում դավաճանել այդ սկզբունքներին։ Թող դա դիտվի ոչ շահավետ քաղաքական վարքագիծ։ Թող դա ազդի իմ վարկանիշի վրա։ Ես այն եմ ինչ կամ ու լինելու եմ» (Ելույթ հանրահավաքում, 26.10.2007, «Վերադարձ», էջ 39-40)։ Իսկ երբ ժողովրդի անլիարժեքության մասին ակնարկվել է ներսում, նա դրան հակադարձել է խստորեն. «Ես չեմ ընդունում, ավելին՝ կտրականապես մերժում եմ այն առարկությունը, թե իբր, ժողովուրդն ի վիճակի չէ կողմնորոշվելու Սահմանադրության հարցում։ Մերժում եմ, քանի որ նախ՝ հայ ժողովուրդը ոչնչով պակաս չէ այն ժողովուրդներից, որոնք իրանց սահմանադրություններն ընդունել են հանրաքվեի միջոցով (նորից ազգային ստորակայության չարաբաստիկ բարդույթը)...»(Ելույթ ԳԽ-ում, 25.04.1994, «Ընտրանի», էջ 406)։ Ժողովրդի բանականությանը ապավինելու, նրան վստահելու դժվար գործադրելի, բայց ապահով այս սկզբունքին անդավաճան մնալու շնորհիվ նա հասավ դրա փոխադարձությանը, ինչը եւ համազգային երկրորդ ժողովրդավարական շարժման հիմքն է։ Դրան այսօր կարող է նախանձել եւրոպական ցանկացած ժողովուրդ ու քաղաքական գործիչ։
 Միակ խնդիրը, որի դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր իշխանության շրջանում Արեւմուտքի վերաբերմունքը «վերեւից նայելու» կտրվածքով է մեկնաբանել, կապված էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հետ. «Թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը ցանկանում են, որ ղարաբաղցին լինի անվտանգ, ազատ, որ ունենա նորմալ կենսագործունեության հնարավորություն, որ օգտվի մարդու այն բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում է ցանկացած եւրոպական ազգ, որովհետեւ ղարաբաղցին ոչնչով պակաս չէ գերմանացուց, ֆրանսիացուց, որպեսզի նրա ազատությունը սահմանափակվի» (Մամուլի ասուլիս, 26.09.1997, «Ընտրանի», էջ 616)։
Այժմ, ի հակադրություն 90-ական թվականների, ավազակապետական իշխանության փոխանցմամբ ու հորդորով Արեւմուտքը բացահայտ քամահրական, ընդհուպ ռասիստական վերաբերմունքն է դրսեւորում Հայաստանի ու նրա ժողովրդի նկատմամբ։ Վերաբերմունք, որը քաղաքական գործոնի վերածվելով, դառնում է վարչախմբի պաշտպանության ելակետ։ Ուստիեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կռիվն ազգային արժանապատվության ելակետից առաջին հերթին Արեւմուտքի դեմ էր։
«Չորրորդ ինքնիշխանություն» 23.09.2011

ԵՐԿՈՒ ՀԱՅԱՑՔ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ (- 4)
Կռիվը թերարժեքության բարդույթի դեմ
 «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսում հենց առաջինն է ինձ ներկայանում որպես նպատակ, իսկ երկրորդը՝ որպես արժանի հասարակության կառուցման պարտադիր միջոց» (Հարցազրույց «Օբշչայա գազետա» թերթին, 24.12.1993, «Ընտրանի», էջ 400),- այսպես է ներկայանում Առաջին նախագահի քաղաքական արժեհամակարգը՝ ամենավերեւում ունենալով ժողովրդի ազատության գաղափարը։
Հրապարակային քաղաքական կյանք վերադառնալուց ի վեր, իշխող վարչախմբից հետո, ինչպես ասացինք, Առաջին նախագահի անխնա քննադատության թիրախը դարձավ Արեւմուտքը։ Վերջինիս մեծապետական վերաբերմունք խորացնում էր ժողովրդին տասը տարի շարունակ ներարկված ազգային թերարժեքության բարդույթը եւ ավազակապետության գոյության համար ապահով միջավայր էր ստեղծում։ Ավազակապետական այդ համակարգն էր, որ Հայաստանը գլորել էր այնպիսի մի վիճակի, որի մասին նա ցավով արձանագրում է. «Վիրավորականը, եթե չասենք զավեշտալին, այն է, որ մինչդեռ նախկինում Հայաստանին էին խորհուրդ տալիս չհամեմատվել Ադրբեջանի հետ, այժմ արդեն Ադրբեջանին են հորդորում օրինակ չվերցնել Հայաստանից։ Ահա, թե ինչ վիճակի է հասել երբեմնի ժողովրդավարության կղզյակ համարվող մեր երկիրը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տխրահռչակ իշխանության օրոք» (Ելույթ հանրահավաքում, 01.03.2009, «Վերադարձ», էջ 338)։ Հավելենք, որ ավելի վիրավորականն ու զավեշտալին այն է, որ (Ս. Սարգսյանի վերոհիշյալ ելույթի առիթով) արդեն իրեն նման բան է թույլ տալիս նաեւ ադրբեջանական միջին մի պաշտոնյա՝ մատնանշելով, սակայն, օբյեկտիվ եւ իրական փաստեր. «Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում քաղաքական ընդդիմությունը չի գնդակահարվել խորհրդարանում, չի գնդակահարվել միանգամից 10 մարդ, ովքեր այլ կերպ են մտածում ու դուրս են եկել միտինգի։ Նմանատիպ իրադարձություններով հարուստ Հայաստանի պաշտոնատար անձինք իրենց չպետք է համեմատեն Ադրբեջանի հետ»։ («Ժամանակ», 22.07.11.)։
 Եւ տվյալ դեպքում ազգային արժանապատվության ընկալման՝ տարբեր անհատներին բնորոշող տարբերությունը չէ, որ առաջնային է, այլ այն, որ գործնական քաղաքականության մեջ դա կարեւոր հետեւանքներ է ունենում։ Ղարաբաղյան ողջ հակամարտության ընթացքում հայկական կողմի ռազմական եւ դիվանագիտական հաջողությունների ամենակարեւոր հիմքերի, երաշխիքների թվում է եղել Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդավարական համարումը Ադրբեջանի նկատմամբ։ Դա՛ է եղել Ղարաբաղը որեւէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելու անթույլատրելիության հայկական կողմի ամենահզոր փաստարկը, որի դեմ դժվար է եղել առարկել։ Ազգային արժանապատվության վրա հենված կարեւորագույն այդ փաստարկն է, որ ավազակապետական իշխանությունը վաճառեց, զոհաբերեց եւրոպական մեծապետականության զոհասեղանին։ Իսկ նրանք դա հաճույքով ընդունեցին՝ ի հեճուկս իրենց հռչակած արժեքների եւ հօգուտ սեփական քաղաքական շահերի։ Այդ մասին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է. «Սե­փա­կան ար­ժեք­նե­րը ման­րադ­րա­մի վե­րա­ծե­լու Ա­րեւ­մուտ­քի այս վար­քա­գի­ծը, ան­բա­րոյա­կան լի­նե­լուց առա­վել, Հայաս­տա­նի ու Ղա­րա­բա­ղի դեմ նյութ­վող դա­վադ­րու­թյան տա­րր է պա­րու­նա­կում» (Ելույթ հանրահավաքում, 17.10.2008, «Վերադարձ», էջ 294)։ Բայց դա հնարավոր էր դարձել առաջին հերթին վարչախմբի կողմից կամավոր ինքնանվաստացման, ազգային արժանապատվության վաճառքի հետեւանքով։
Առաջին նախագահն Արեւմուտքին քննադատել է հատկապես այն երկակի ստանդարտների առիթով, որոնք դրսեւորվեցին՝ որպես փորձաքար ունենալով 2008թ. նախագահական ընտրությունները եւ դրան հաջորդած իրադարձությունները. «Երբ նրանց հարցնում ես, թե ինչպես կարող են այդ աղաղակող փաստերը չազդել ընտրությունների արդյունքների վրա, եւ եթե չեն ազդել, ապա ինչ իմաստ ուներ դրանք արձանագրելը, նրանք լռում են։ Երբ հարցնում ես՝ եւրոպական որեւէ երկրում իրենք կհանդուրժեի՞ն, արդյոք, նման խախտումներով ուղեկցված ընտրություններ, նույնիսկ վիրավորվում են, ակամա մատնելով երկակի ստանդարտներով առաջնորդվելու իրենց դիրքորոշումը» (Ելույթ Համաժ. Շարժ. 2-րդ կոնգրեսում, 02.05.2008, «Վերադարձ», էջ 238-239)։ Եւրոպացիները վիրավորվում են, որ մեզ համեմատում ենք իրենց հետ։ Եւ դրա իրավունքն ու հիմքն ունեն, որովհետեւ այսօրվա իշխանությա ամենաբարձր պաշտոնատար անձը ԵԽԽՎ ամբիոնից նրանց այդ մասին խնդրում է. կներեք, մենք «նոր ենք սովորում» եւ դեռ ձեզ հետ համեմատելի չենք։ Եւ այդ խնդրանքը նրանց ուղղվել է ամբողջ տասը տարի։
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելակետը տրամագծորեն հակառակն է։ Եւրոպական կառույցների ներկայացուցիչների հետ իր բազմաթիվ հանդիպումներն ամփոփելով՝ նա արձանագրում է որ սրանք, թերանալով իրենց պարտավորությունների մեջ, փորձում են արդարանալ մտացածին, բռնազբոսիկ պատճառաբանություններով՝ դրանց հիմքում դնելով հենց հայ ժողովրդի անլիարժեքության գաղափարը։ Այսպես.
Ա) Արդարացնելով վարչախմբի մեղանչումները ժողովրդավարության դեմ եւ երկակի ստանդարտներով առաջնորդվելու իրենց վարքագիծը՝ նրանք ասում են. «Ժողովրդավարության կայացումը երկարատեւ գործընթաց է, եւ չի կարելի այդ բնագավառում միանգամից իդեալական վիճակ ակնկալել։ Արեւմտյան ժողովրդավարությունը, որն ավելի քան 200 տարվա զարգացման պատմություն ունի, նույնպես զերծ չէ արատներից ու թերություններից» (Ելույթ հանրահավաքում, 9.11.2010)։ Այս բացատրության առիթով Առաջին նախագահը հեգնում է. «Խոստովանում եմ, հեշտ չէ հակաճառել այս անխոցելի ճշմարտաբանությանը, որը՝ սակայն, ոչ այլ ինչ է, եթե ոչ կոնկրետ հարցադրումից խուսափելու էժանագին հնարք։ Բայցեւայնպես, պետք է շնորհակալ լինենք այդ խորաթափանց միտքն արտահայտողներին, քանի որ եթե նրանք մեզ նման բան չասեին, մենք այդպես էլ պետք է խարխափեինք խավարի մեջ» (նույն տեղում)։
Բ) Եւրոչինովնիկների հաջորդ՝ արտաքուստ՝ մխիթարանքի, իրականում՝ հայ ժողովրդի հասցեին վիրավորանք պարունակող ու իշխող ռեժիմի պաշտպանությանը միտված փաստարկը, Առաջին նախագահի ձեւակերպմամբ հնչել է այսպես. «Ժողովրդավարության տեսակետից Հայաստանն ավելի բարվոք վիճակում է, քան, ասենք, Աֆղանստանը, Սոմալին, Զիմբաբվեն եւ այլն» (նույն տեղում)։ Այս փաստարկին նա կրկին հեգնանքով է արձագանքում. «Համաձայն եմ՝ այդ երկրներում ոչ մի անկախ թերթ չկա, իսկ Հայաստանում, համենայն դեպս, մեկ-երկուսը կան։ Այդ երկրներում ընտրությունների ժամանակ հարյուրավոր մարդիկ են սպանվում, իսկ Հայաստանում՝ ընդամենը տասը» (նույն տեղում)։ Բայց այս դեպքում հեգնանքն էլ քիչ համարելով՝ նա նաեւ շատ կոշտ գնահատական է տալիս. «Նման փաստարկ բերողների պարագայում մենք գործ ունենք ենթագիտակցական ռասիզմի դրսեւորման հետ (ընդգծումն իմն է-Ա.Ս.), որի էությունն է. «Դուք մեզ հետ, այսինքն զարգացած ժողովրդավարությունների հետ չափվելու արժանի չեք, չափվեք ձեզանից ավելի հետամնաց երկրների ու ժողովուրդների հետ եւ մխիթարվեք, որ նրանց վիճակը վատթար է ձեր վիճակից» (նույն տեղում)։ Այսինքն՝ կրկին հենց այն, ինչ նրանց 10 տարուց ավելի եւ այսօր խնդրում են իշխող վարչախմբի պարագլուխները։
Գ) Երրորդ փաստարկը, որ բերել են եւրոկառույցների ներկայացուցիչները արդարացնելու համար իրենց անգործությունը, այսպիսին է եղել. «Անարդյունավետ ու վնասակար է ավտորիտար ռեժիմներին վանելու, նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությունը։ Ընդհակառակը, նրանց պետք է սիրաշահել ու աստիճանաբար ներքաշել բարեփոխումների դաշտ։ Պատժամիջոցների կիրառման, առավել եւս օրինախախտ երկրներին միջազգային կազմակերպությունների անդամակցությունից զրկելու պարագայում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակը նրանցում ավելի կվատանա» (նույն տեղում)։ Այս դեպքի համար էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի դրած հարցը մնում է անպատասխան. «...անհասկանալի է մնում, թե ինչի համար են այդ պարագայում Եւրոխորհրդի կանոնադրությամբ պատժամիջոցներ նախատեսված» (նույն տեղում)։ Հասկանալի է, որ հիշյալ կանոնադրությունը վերաբերում է հավասարապես բոլոր անդամ երկրներին, նրանց մեջ տարբերակում չի դրված, ուստի եւ չպիտի լինի։
Իսկ այժմ պետք է խնդրենք ընթերցողին հիշել հոդվածի նախորդ բաժնում մեջբերված՝ «սովորում ենք» բառի բազմակի գործածմամբ Ս. Սարգսյանի խոսքը ԵԽԽՎ-ում՝, հիշել եւ համադրել այս ամենի հետ։ Տրամագծորեն հակառակ պատկերն ակնառու է. Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի ազգային արժանապատվության դիրքերից բողոքում ու պայքարում է Արեւմուտքի նվաստացուցիչ, ռասիզմի տարրեր պարունակող վերաբերմունքի դեմ՝ համարելով, որ Հայաստանի ժողովուրդը ոչնչով պակաս չէ եւրոպական ժողովուրդներից։ Ս. Սարգսյանը, ընդհակառակը՝ համարում է, որ հայ ժողովուրդը դեռ շատ հեռու է եւրոպական ազգերից եւ նրանցից հայցում է հենց այդպիսի՝ նվաստացուցիչ, ցածր ռասայի նկատմամբ վերաբերմունք։ Երկու դեպքում էլ գործ ունենք ոչ թե զուտ անհատների ճաշակի, տեսակետի, այլ քաղաքական նպատակադրման հետ։ Առաջին դեպքում պետականության գաղափարական ելակետ-գործոնը հարգանքն է ու վստահությունը ժողովրդի նկատմամբ՝ հիմք, որի վրա միայն կարելի է ունենալ ազատ ժողովրդավարական երկիր։ Երկրորդ դեպքում պետականության գաղափարական ելակետ-գործոնը արհամարհանքն է ժողովրդի նկատմամբ՝ հիմք, որի վրա միայն կարելի էր ստեղծել եւ պահպանել այն բռնապետական, ավազակապետական համակարգը, որը հիմնել է Ռ. Քոչարյանը եւ այսօր գլխավորում է Ս. Սարգսյանը։
Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստովանում է, որ պատրանք չի ունեցել, թե Արեւմուտքին քննադատելով՝ կարող է վերջինիս վարքագծում ինչ-որ փոփոխության հասնել. «Մեկ տարուց ավելի անդադար խոսելով Արեւմուտքի մասին, ես իմ առջեւ ոչ թե նրան դատապարտելու կամ խրատելու, այլ բոլորովին այլ խնդիրներ էի դրել» (Ելույթ հանրահավաքում, 12.06.2009)։ Եւ նա թվարկում է իր հետապնդած երեք գործնական խնդիրները.
1. «Որ հայ ժողովուրդը վերջնականապես թոթափի Արեւմուտքի «արդարամտու­թյան» հետ կապված սին պատրանքները», -այսինքն՝ սեփական երկրում ժողովրդավարություն հաստատելու գործում եւս ապավինի միմիայն սեփական ուժերին։
2. «Որ Արեւմուտքը հայ ժողովրդին ցածր ռասայի կամ ապուշի տեղ չդնի, ու իմանա, որ մենք ամեն ինչ հասկանում ենք»,- կյանքը ցույց է տալիս, որ տարբեր ժողովուրդների (արաբական երկրներ) այսօրինակ կեցվածքը ստիպում է Արեւմուտքին փոքրացնել իր իսկ հռչականծ սկզբունքների եւ վարած քաղաքականության տարբերությունը։

3. «Որ Արեւմուտքի հանդեպ թերահավատությունը չտարածվի արեւմտյան կամ համամարդկային արժեքների վրա, որոնց նկատմամբ հայ ժողովուրդը հավաստել է իր անսասան հավատարմությունը»,- այսինքն՝ շարունակի պայքարը ազատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության համար որպես ինքնին արժեքների։

ՀՀ Հիմնադիր-նախագահն՝ իր առաջին իշխանության շրջանում թույլ չտվեց բռնապետության տանող ազգային բացառիկության, ինքնագերգնահատման գաղափարի տարածումը։ Իր ժողովրդի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ունենալով եւ նույնը օտարներից պահանջելով՝ նա վերջին չորս տարվա իր ընդդիմադիր պայքարով կոտրել է Հայաստանի ժողովրդի մեջ տասը տարի շարունակ սերմանված ու նրան պարտադրված, դարձյալ բռնապետության հիմք հանդիսացող ազգային թերարժեքության հոգեբանական բարդույթը, այն բարդույթը, որն արմատավորվելով՝ վերացնում է ազգի իմունային համակարգը եւ նրան դուրս մղում պատմական ասպարեզից։ Նա, ի տարբերություն վարչախմբի պարագլուխների, այլ որակի մի ժողովուրդ է մատուցել նույն Արեւմուտքին, եւ, ի դեմս ակնհայտ այս իրողության՝ վերջինս այլեւս չի կարող նույն կերպ վերաբերվել Հայաստանի ժողովրդին, ինչպես 2008-ի նախագահական ընտրություններում։ Կոտրել է այդ յուրատեսակ գաղափարական ելակետ-գործոնը, որի վրա ձեւավորվել էր եւ կարող էր հարատեւել ժողովրդի համար իր կորստաբերությամբ «օտարի բռնապետությունից» ավելի վտանգավոր՝ ոչ օրինակարգ սեփական իշխանությունը։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն» 24.09.2011

Thursday, August 25, 2011

ՀՅԴ-Ն ՓԱՍՏԻ ԱՌՋԵՒ


Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի կազմակերպության կենտրոնական կոմիտեի 18.08.2011 թվակիր կոշտ հայատարաությունը՝ անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի պատվին նախատեսվող տոնական ճաշկերույթը բոյկոտելու ու, այդ առիթով նրա իշխանությանը տված գնահատականներն անսպասելի էին շատերի համար։ Դա դեմ էր Հայաստանում գործող ՀՅԴ բյուրոյի գծին, ուստիեւ վերջինիս կողմից հրապարակային հակազդեցություն ստացավ։  Ակնհայտ է, որ գործ ունենք այս կուսակցության ներսում սուր խնդիրների ու հակասությունների հետ։ Սակայն սա առանձին մի դրվագ չէ, այլ հերթական դրսեւորումն է մի երեւույթի, որը ելեւէջներով դրսեւորվում է 1988 թվականից ի վեր։
Դաշնակցության ներկուսակցական սուր խնդիրները սկսեցին գոյանալ ու բազմապատկվել այն բանից հետո, երբ հայ իրականության մեջ, երկար ընդմիջումից հետո, քաղաքական մտքը հենվեց ռացիոնալիզմի վրա՝ վանելով իռացիոնալ մտածողությունը եւ, ի տարբերություն վերջինի՝ առարկայական դրական արդյունքներ գրանցեել։ Դաշնակցության ներսում առաջին խնդիրները ծայր առան այն բանից հետո, երբ 1988 թվականի սեպտեմբերի 29-ին սփյուռքյան երեք կուսակցությունները համատեղ հայտարարություն տարածեցին Ղարաբաղյան շարժման դեմ եւ ի պաշտպանություն խորհրդային իշխանության։ Դրան հետեւեց «Ղարաբաղ» կոմիտեի բանտարկության շրջանում Դաշնակցության պասիվ կեցվածքը, այն դեպքում, երբ ողջ աշխարն էր պահանջում նրանց ազատ արձակումը։ Ապա՝ Դաշնակցության բուռն քարոզչական պայքարը՝ նախ անկախության գաղափարի, ապա այդ ուղղությամբ ձեռնարկված գործնական քայլերի դեմ՝ ընդհուպ մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն։ Ապա՝ հրաժարվելը Հայաստանի առաջին ժողովրդավար իշխանության կողմից նրանց առաջարկված նախարարական պորտֆելներից։ Ապա՝ պատերազմող երկի նախագահին ոչ միայն սուր ընդդիմություն դառնալը, այլեւ պատերազմական պայմաններում ներքին կայունության խաթարման ջանքերը եւ եւ հանցավոր գործողությունները։ Ի տես այս ամենի՝ Դաշնակցական կուսակցությունից սկսվեց նրա մտավորական մասի արտահոսք։ Շատեր իրենք լքեցին կուսակցությունը, ուրիշներին, ովքեր հանդես եկան Հայաստանի նոր իշխանության պաշտպանությամբ, վտարեցին կուսակցությունից։ Այս ընթացքում Դաշնակցությունը մի քանի անգամ արտակարգ միջոցների է դիմել կուսակցության երկփեղկվելը կանխելու համար։
Ահա այս ետնախորքում պետք է նայել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կազմակերպության ԿԿ-ի  վերջին հայտարարությունն ու դիրքորոշումը։ Ինչպես ցույց է տվել փորձը, նման բաներ դրսեւորվում են հենց այն շրջանում, երբ այս կուսակցության ղեկավար կազմի դրսեւորած վարքագիծը շատերի համար անհասկանալի է մնում հռչակած սկզբունքների, նպատակների եւ տվյալ պահի իրողությունների ենթատեքստում։ Դաշնակցության ղեկավարությունը, ինչպես միշտ ունեցել է այն ելակետը, թե կուսակցության բոլոր անդամները, ինչպես 100 տարի առաջ, կառաջնորդվեն «Ռոստոմը հալբաթ մի բան գիտի» գեղջկական տրամաբանությամբ ու իրենց ցակացած խոսք ու վարքագիծ հալած յուղի տեղ կընդունեն։ Մինչդեռ եղել են բաներ, որոնք պարզապես դժվար, անհնար է եղել «Ռոստոմը հալբաթ մի բան գիտի»-ով բացատրել։ Օրինակ՝
1.      Ինչպե՞ս եղավ, որ Դաշնակցությունը 2008թ. նախագահական ընտրություններից հետո հայտարարեց, որ դրանք կեղծվել են հօգուտ Ս. Սարգսյանի, եւ որպես բողոքի նշան նրանց թեկնածուն թողեց ԱԺ փոխնախագահի բարձր պաշտոնը, սակայն մի քանի օր անց նույն կուսակցությունը միացավ Ս. Սարգսյանին եւ մաս կազմեց իշխող կոալիցիայի։
2.      Ինչպե՞ս եղավ, որ դաշնակցական խորհրդարանական ֆրակցիան ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ կողմ արտահայտվեց խաղաղարար ուժերի կազմում Իրաք հայկական զորամիավորում ուղարկելուն, իսկ հաջորդ օրը միաձայն դեմ քվեարկեց այդ որոշմանը։ Ո՞ւմ հրահանգը կատարեց, եթե դա, հաստատ, Հայաստանի իշխանությանը չէր։
3.      Ինչպե՞ս եղավ, որ սոցիալիստական գաղափարախոսություն կրող կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները, իշխանության հանգամանքով դարձան օլիգարխներ։
4.      Ինչպե՞ս եղավ, որ կոալիցիայից դուրս գալով եւ իրեն ընդդիմադիր հռչակելուց հետո օլիգարխացած ոչ մի դաշնակցական ոչ մի չոփ չկորցրեց, այն դեպքում, երբ քաղաքական ընդդիմությանը համակրող ոչ միայն ունեւոր մարդիկ շատ ծանր հատուցեցին, այլեւ օրվա ապրուստը մի կերպ հոգացող հազարավոր մարդիկ այդ հիմքի վրա զրկվեցին աշխատանքից ու զբաղմունքից։
Խիստ է անձամբ Սերժ Սարգսյանին տված գնահատականը. «Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը... ստվեր է նետում անկախության գաղափարի վրա ու նսեմացնում մեր ժողովրդի՝ արդարության վերականգնման համար մղած պայքարը»։ Այդ գնահատականը հիմնավորված է հայաստանյան իրականության նկարագրությամբ։  Թվում է՝ վերջինս համառոտումն է Հայ Ազգային Կոնգրեսի՝ «Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման անհրաժեշտության հիմնավորում» 85 էջանոց փաստաթղթից։ Բնականաբար, դրանց մեջ որեւէ կապ չկա։ Կապը ուրիշ տեղ է. լինի հեռավոր Ամերիկայից, թե Երեւանի կենտրոնից, երբ իրողություններին նայում ես քիչ թե շատ չնախապաշարված եւ օբյեկտիվ, ապա տեսնում ես նույն բանը, եւ գնահատականները կարող են համընկնել ընդհուպ 100%-ով, անգամ բառացի։ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կազմակերպության հայտարաության մեջ Ս. Սարգսյանի եւ նրա իշխանության համար չի օգտագործված միայն «ոչ օրինակարգ» (ոչ լեգիտիմ) բառը։ Սակայն այն, ինչ ներկայացված է, հենց ոչ օրինակարգ իշխանության նկարագրությունն է։
ՀՅԴ բյուրոն իրավունքը չուներ հակադարձելու Արեւմտյան Ամերիկայի ԿԿ-ին։ Դրանով նա խախտել է Դաշնակցության կանոնադրության ամենակարեւոր՝ կուսակցության ապակենտրոն լինելու սկզբունքը, ըստ որի կուսակցության կոմիտեները գործում են լիակատար ինքնուրույն, տվյալ երկրի պայմաններին համապատասխան։ Որքան էլ Բյուրոյի արձագանքում աշխատել են սքողել զայրույթը, այնուամենայնիվ այն առկա է, ընդհուպ վիրավորանքի աստիճանի. «Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում անձնավորված հարաբերություններով եւ հուզական քայլերով առաջնորդվելու»։ Այսինքն՝ թե Կոմիտեի այդ քայլը բխում է միմիայն Ս. Սարգսյանի նկատմամբ վերաբերմունքից։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, թե կենտրոնական կոմիտեն ի վիճակի չէ երեւույթներին քաղաքական գնահատականներ տալ, եւ որ այն ամենը, ինչը վերաբերում է երկրի ներքին եւ արտաքին քաղաքական վիճակին, չի համապատասխանում իրականությանը եւ հորինվել է միմիայն Ս. Սարգսյանի նկատմամբ «անձնական հարաբերությունների» ու հույզերի հիմքի վրա։
ՀՅԴ բյուրոյի եւ Ամերիկայի կազմակերպության հակասությունները, բնականաբար, նոր չեն։ Այն, ինչ ասվել է այս հայտարարության մեջ, ըստ երեւույթին, ասվել է նաեւ հունիսին տեղի ունեցած ՀՅԴ ընդհանուր ժողովում։ Տասնյակ տարիներ, արդեն որպես չգրված օրենք ՀՀԴ բյուրոյի կազմում Ամերիկայից եւ Կանադայից երկու ներկայացուցիչ էր ընտրվում բյուրոյում։ Նախորդ բյուրոյում ընտրված երկու ներկայացուցիչներն այս անգամ դուրս մնացին։ Բյուրոն մնաց միաբեւեռ՝ «իրանական թեւի» հստակ գերիշխանությամբ։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
«ՀԺ», 25.08.2011


Այդ խստությունը պայմանավորված է նրանով, որ Ս. Սարգսյան օրոք՝
-        «Հայաստանն ամեն օր ավելի ու ավելի է թաղվում փտախտի տիղմի մեջ»,
-        «ժողովրդավարությունն ու ժողովրդավարկան արժեքները շարունակվում են ոտնահարվել, որպեսզի հնարավոր լինի շարունակել հանցավոր վարչակարգին վերարտադրությունը»,
-         «Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներ»,
-        «քաղաքացիական հասարակության զարգացման արգելակում»,
-        «դատական համակարգում արդարության եւ անկախության բացակայության»,
-        «բարոյահոգեբանական այնպիսի անառողջ մթնոլորտի ստեղծում, որը հայ մարդու մեջ խատում է հավատը պետության ու պետականության նկատմամբ»,
-        «մենաշնորհների վրա հաստատված տնտեսական համակարգի շնորհիվ երկրի հարստությունը յուրացրած եւ Ազգային ժողովի ու կառավարության լծակներն իրենց ձեռքում կենտրոնացրած օլիգարխներ,
-        «նախագահի հովանավորությամբ անխղճորեն շարունակում են կեղեքել հայրենի ժողովրդին»,
-        «երկրում համատարած սոցիալական անարդարություն եւ աղքատություն»,
-        «հայ մարդը... դիմում է արտագաղթի՝ հայաթափելով անկախ հայրենիքը, ծանրագույն հարված հասցնելով երկրի անվտանգությանը»։



Հակասությունները շատ ավելի լուրջ են եւ հին, ինչի պատճառով Բյուրոյում այդ կառույցը չարտահայտգեց, նրանից երկու անդամները դուրս մնացին։

Friday, April 8, 2011

Մեկնաբանությունը տրվել է epress.am-ին

08.04.2011
«Հայ Ազգային Կոնգրեսը գործող իշխանությունների հետ շատ ավելի սերտ ընդհանրություններ ունի` չնայած հայհոյանքներին, իրար ինչ ասես ասելուն: Բայց կան քաղաքական ասպարեզներ, որտեղ նրանց մոտիկ լինելը ցայտուն նկատվում է, ինչպես օրինակ` Ղարաբաղի հարց, հայ-թուրքական հարաբերությունների հարց: Նրանք այստեղ համագործակցելու շատ ավելի մեծ դաշտ ունեն, քան, ասենք, Դաշնակցության, «Նոր ժամանակների», «Ժառանգության»` այն կուսակցությունների հետ, որոնք միավորվել էին «ոչ»-ի շարժման մեջ»,- ասել է դաշնակցականը:

(Մեկնաբանությունը տրվել է epress.am-ին) դրվել է «իտալիկը» հանած (07.04.2011)
Դաշնակցության համար բնութագրական է՝ հակառակորդին մեղադրել հենց այն հանցանքներում կամ սխալներում, ինչ ինքն է գործել կամ գործում։ Ընտրված երկու հարցերում Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են։ Եւ դա ավելի քան 10 տարի։ 1998թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «հայտնի ուժերի» հակադրության հիմքում ընկած էր հենց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման տրամագծորեն հակառակ փիլիսոփայությունը։ Առաջին նախագահը առաջնորդվում էր «ռեալպոլիտիկով», որ ենթադրում է քաղաքական հեռահար հաշվարկ ու քաղաքականությունը ընդունելորպես հնարավորի արվեստ, նրան ընդդիմացողները առաջնորդվում էին, ըստ էության, «հայդատականության» գաղափարախոսությամբ։ Այս վերջինը ավելի հստակեցվեց 2000 թվականից՝ Ռ. Քոչարյանի մենիշխանության հաստատմամբ։ Ինքնորոշման իրավունքի հիման վրա Ղարաբաղի խնդրի լուծումը կնշանակեր հողմացրիվ անել հայդատականությունը։ Քանզի վերջինս իր հողային պահանջատիրության հիմքով ենթադրում է, որ պետք է լինի ՄԵԿ ՍՈՒԲՅԵԿՏ, որը պետք է պահանջի եւ ստանա։ Ինքնորոշվող սուբյեկտի առկայությունը դրա հերն անիծում է։ Հայդատականությունն էլ, իր հենց այսօրինակ ընկալմամբ դաշնակցության գաղափարախոսական հիմքն է։ Եւ հենց հայդատական այս փիլիսոփայությամբ թե գաղափարախոսությամբ առաջնորդվելով է, որ Ռ. Քոչարյանը ոչնչացրեց Ղարաբաղի ինքնորոշվող սուբյեկտ լինելու կարգավիճակը՝ նրան որպես հակամարտող կողմ դուրս մղելով բանակցություններից։ Հենց նույն հայդատական սկզբունքով առաջնորդվելով է, որ ՄԱԿ-ի ամբիոնից անհետեւանք հայդատական ելույթ ունեցավ։ Հենց այդ ելույթով առիթ ու հիմք տվեց Էրդողանին՝ գրելու իր հայտնի նամակը «պատմաբանների հանձնաժողով» կազմելու մասին։ Հենց այս նամակն էլ հիմք հանդիսացավ այն արձանագրությունների, որոնց դեմ սկսեց «պայքարել» դաշնակցությունը։
Այսինքն՝ դաշնակցությունը պայքարել եւ պայքարում է այն հետեւանքների դեմ, որոնք առաջացել են իրենց իսկ գաղափարախոսության ու սկզբունքների կիրառումից, գործադրումից։ Զավեշտ է։ Եւ սա նրանց համար նորություն չէ, այսպես է այդ կուսակցությունն ապրել 130 տարի։
Ինչո՞ւ այս ամենը չպատահեց Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին։ Որովհետեւ թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների հարցում նրա քաղաքականությունը դրա համար ոչ միայն հիմքեր չէր տալիս, այլեւ ուրիշների (Թուրքիայի, Ադրբեջանի եւ այլն) համար բացառում էր նման հիմքեր ստեղծելը։ Ինչո՞ւ դա հնարավոր եղավ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի իշխանության շրջանում, որի անբաժանելի մասն են կազմել (եւ այսօր էլ կազմում են(!) դաշնակները)։ Որովհետեւ դրանք միմյանց օրգանական շարունակությունն են, եւ վորոնշյալ հանգամանքներով Լեւոն Տեր-Պետրոսյանի դավանած եւ իրականացրած քաղաքական գծի հակապատկերը։ Հիշենք, որ այս խնդիրներում Լեւոն Տեր-Պետրոսյանը չի վերանայել իր քաղաքական գիծը։ Հիշենք նաեւ, որ Ս. Սարգսյանը երբեւէ չի հայտարարել, թե մի միլիմետր շեղվում է Ռ. Քոչարյանի գծից։
Այդ ինչպե՞ս է, որ «իշխանության հետ շատ ավելի սերտ ընդհանրություններ ունեցող» Կոնգրեսը ավելի քան երեք տարի նրա հրաժարականն է պահանջում, իսկ նրան «նոր ընդդմություն» դարձած դաշնակները՝ բավարարվեցին մի քան օր նրա արտգործնախարարի հրաժարականը պահանջելով (խեղճը ի՞նչ կապ ուներ…)։
Ինչպես միշտ, այս դեպքում էլ դաշնակները խոսում են՝ հույսը դրած մարդկանց քիչ տեղեկացված զանգվածի կամ կարճ հիշողության վրա։
Այնպես որ, դաշնակցությունը այս իշխանության հետ ո՛չ ընդհանրությունների չափ պարզելու, ոչ էլ համագործակցելու հարց չեն կարող ունենալ. քանզի նրանք նույնական են, եւ այս վարչախումբը, սկզբից եւեթ, ըստ էության, առաջնորդվում հենց այն գաղափարախոսությամբ, ինչը, դաշնակցության հավաստմամբ, իր սրբության սրբոցն է։

epress.am-ից նույնությամբ «ՉԻ»-ն 08.04.2011
Ամբողջությամբ՝ «ՀԺ» 08.04.2011

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ